ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴ1/0015/01/17 |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի |
2020 թվականի հոկտեմբերի 13-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով նոր հանգամանքի հիմքով Արարատ
Արծրունու Բագրատյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), արագացված դատական քննության կարգով, 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճռով, Արարատ Բագրատյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Յու․Միսակյանը։
2. Մեղադրող Ս․Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Հարությունյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 9-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:
4. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճռի համաձայն․ «[Ա․Բագրատյանը], 2016թ. աշնանը, Աղավնատուն գյուղից դեպի Արագած գյուղ տանող ճանապարհի ձախակողմյան դաշտում վայրի ձևով աճած կանեփի բույսից քաղել է տերևներ, ապօրինի չորացրել և պահել է բաճկոնի գրպանում (...):
(...) Այսինքն, Արարատ Արծրունի Բագրատյանն, առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել է խոշոր չափի` 8.52 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց` կատարելով հանցանք, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով»։
6․ Արարատ Բագրատյանը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Արմավիրի մարզային բաժնում հաշվառման է վերցվել 2017 թվականի նոյեմբերի 28-ին1:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.
7. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը սահմանող ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշմանը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, միջնորդել է Ա․Բագրատյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ նշանակված պատժատեսակն ու պատժաչափը թողնելով անփոփոխ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է Արարատ Բագրատյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը վերանայելու համար:
9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:
11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:
12. Նախորդ կետում մեջբերված՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
13. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
(...)
2) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(...)»։
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, խոշոր չափ է սահմանվել 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա․Բագրատյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-ին մասի 2-րդ կետով՝ խոշոր չափի` 8.52 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պահելու համար5:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա․Բագրատյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:
Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի և խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 8․25 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Ուստի` Ա․Բագրատյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին։
Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա․Բագրատյանի կողմից կատարված արարքի վրա:
16. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է Արարատ Բագրատյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
17. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել Ա․Բագրատյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը:
Ա․Բագրատյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքն անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով:
Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Ա․Բագրատյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Նկատի ունենալով, որ Ա․Բագրատյանը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնում հաշվառման է վերցվել 2017 թվականի նոյեմբերի 28-ին6, ուստի նրա փորձաշրջանը պետք է համարել ավարտված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415․1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արարատ Արծրունու Բագրատյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Արարատ Արծրունու Բագրատյանի վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Արարատ Արծրունու Բագրատյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Արարատ Արծրունու Բագրատյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի սկիզբը հաշվելով 2017 թվականի նոյեմբերի 28-ից՝ այն համարել ավարտված:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 66-67:
2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|