Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-39-Ո-Կ-10
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2020
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
27.07.2020
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
27.07.2020
Дата вступления в силу
27.07.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    Ք. Երևան

27 հուլիսի 2020 թ.

ԲԴԽ-39-Ո-Կ-10

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
 

Ռ. Վարդազարյանի,

մասնակցությամբ՝
անդամներ

Գ. Բեքմեզյանի,

Ա. Հայկյանցի,

Հ. Հովհաննիսյանի,

Մ. Մակյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի,

Վ. Քոչարյանի,
 

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

Ռ. Գրիգորյանի,

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ
 

Դ. Գասպարյանի,

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

 

Ն. Մխիթարյանի,

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչ

 

Հ. Ազատյանի,

քարտուղարությամբ՝

Թ. Ղուկասյանի,

 

դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար)՝ «ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի հունիսի 11-ի թիվ N64-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել քաղաքացի Սամվել Ռստակյանի (այսուհետ՝ Հայցվոր) կողմից Նախարարին 01.04.2020թ.-ին հասցեագրված՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Նաիրա Մխիթարյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդումները՝ ուղղված Բարձրագույն դատական խորհրդի նախագահին (այսուհետ՝ Հաղորդումներ):

Նախարարի 30.04.2020թ. թիվ 48-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 11.06.2020թ. թիվ N64-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Դիմողը պնդում է, որ Դատավորի կողմից կիրառած 01.01.1999թ. ուժի մեջ մտած և 09.04.2018թ. ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 131-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից հետևում է, որ գործի քննությունը վերսկսելու հիմքերը սպառիչ են, և դատարանի համար սահմանված է գործի քննությունը վերսկսելու մասին դատական ակտ կայացնելիս դատական ակտում համապատասխան հիմքը նշելու պարտականություն: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը, դատական ակտում, ի թիվս այլ վավերապայմանների, պետք է նշվեն նաև շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ: Թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով Դատարանը 27.11.2019թ. գործի դատաքննությունը վերսկսելու մասին որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասին հղում կատարելուց հետո բավարարվել է միայն դրա բովանդակության կրկին ամրագրմամբ, մինչդեռ, Դատավորը կրում էր պարտականություն ներկայացնելու կոնկրետ գործով հաստատված փաստերից բխող այն շարժառիթները և դրանց վրա կառուցված իր հետևությունները, որոնք ակնառու կդարձնեին վկայակոչված նորմով նախատեսված իրավական հետևանքների կիրառելիության անհրաժեշտությունը: Սույն դեպքում կայացված դատական ակտը չի համապատասխանում պատճառաբանված դատական ակտին ներկայացվող պահանջներին։

Դիմողը գտնում է, որ Դատարանն Օրենսգրքի 145-րդ հոդվածի ուժով պարտավոր էր Որոշումը՝ այն կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում, ուղարկել Հայցվորին, սակայն համաձայն գործի փաստերի՝ 27.11.2019թ. Որոշումը փոստային ծառայության միջոցով Հայցվորին է ուղարկվել միայն 02.03.2020թ.-ին: Միևնույն ժամանակ, Դատավորի կողմից ներկայացված պատճառաբանությունը դատարանի ծանրաբեռնվածության, Դատավորի գործավարի թափուր պաշտոնի, Որոշման մասին տեղեկատվությունը «www.datalex.am» դատական տեղեկատվական կայքում դեռևս 17.01.2020թ.-ին զետեղված լինելու պայմաններում այն Հայցվորին հասանելի լինելու վերաբերյալ չեն կարող Որոշումը գործին մասնակցող անձին սահմանված ժամկետում չուղարկելու հիմնավոր պատճառ հանդիսանալ՝ հաշվի առնելով նաև Դատավորի կողմից անտեսված այն հանգամանքը, որ 27.11.2019թ. դրությամբ Որոշումը կայացված լինելու, իսկ գործավարի պաշտոնը միայն 17.02.2020թ.-ին թափուր մնալու փաստերի միջև բացակայում է պատճառահետևանքային կապը: Ավելին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումներից հետևում է, որ դատավորի գործավարի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է, ուստի դատավորի գործավարի վարքագծի նկատմամբ հսկողության իրականացումը և ծառայողական գործունեության իրականացման ընթացքում թերացումների վերացումը համապատասխան դատավորի պարտականությունն է:

Դիմողը պնդում է, որ Դատարանի կողմից 29.10.2018թ.-ին վարույթ ընդունված գործով 13.02.2019թ., 26.02.2019թ., 17.04.2019թ. (չի կայացել), 03.06.2019թ.-ին, 26.09.2019թ.-ին նախնական դատական նիստեր նշանակելուց, այնուհետև դատաքննության անցնելուց հետո 13.11.2019թ. դատական նիստ անցկացվելու և 27.11.2019թ. վճռի հրապարակման օր նշանակվելու պայմաններում որոշվել է վերսկսել գործի քննությունը, ընդ որում՝ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը և ապացույցների լրացուցիչ հետազոտումը շարունակելու, չպատճառաբանված և անորոշ հիմնավորմամբ: Հաջորդ դատական նիստը նշանակված է միայն 10.07.2020թ.-ին:

27.11.2019թ.-ին վճռի հրապարակման օր նշանակելու արդյունքում դատավարության մասնակիցների մոտ արդեն ձևավորվել է իրավաչափ և ողջամիտ ակնկալիք առ այն, որ նշված օրը քննվող գործով պետք է առկա լինի եզրափակիչ դատական ակտ։ Ինչպես գործի քննությունը վերսկսելու մասին չպատճառաբանված որոշում կայացնելը, որպիսի պարագայում դատավարության մասնակիցների, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի համար պարզ չեն նման որոշում կայացնելու շարժառիթները, այնպես էլ կայացված որոշումը դատավարության մասնակցին սահմանված ժամկետում չուղարկելը վկայում են գործը ողջամիտ ժամկետում քննելու՝ օրենքի պահանջը չպահպանելու մասին։

Դիմողը շեշտում է, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից ակնկալում է ողջամիտ ժամկետում իր գործի քննություն և արդյունքում գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացում: Մինչդեռ, քննարկվող դեպքում Դատավորի գործողությունների արդյունքում չի ապահովվել ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը, խաթարվել է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերության ամբողջական և բնականոն իրագործումը:

Դիմողը գտնում է նաև, որ դատավարական իրավունքի նորմերի վերոնշյալ խախտումներն իրենց հերթին հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Դիմողը եզրահանգելով իր դիրքորոշումը՝ նշում է, որ թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 145-րդ հոդվածի պահանջների խախտման արդյունքում, այն է՝ չպատճառաբանված որոշում կայացնելով և այն օրենքով սահմանված ժամկետում դատավարության կողմին չուղարկելով՝ խախտվել են դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների պահանջները։

Արդյունքում, Դատավորը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտում:

Կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ վարքագծի կանոնների խախտումները Դատավորի կողմից թույլ են տրվել կոպիտ անփութությամբ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Նախարարին և գրավոր պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին:

Նախարարին ներկայացրած գրավոր բացատրության մեջ Դատավորը նշել է, որ գործի քննությունը հայտարարելով ավարտված՝ դատական ակտի հրապարակման օր է նշանակել 27.11.2019թ., սակայն դատական ակտը պատրաստելիս, ելնելով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու և ապացույցները լրացուցիչ հետազոտելու անհրաժեշտությունից, գործի քննությունը վերսկսել է, ինչպես նաև այն, որ գործի քննության վերսկսման նպատակը եղել է անհրաժեշտ հանգամանքները պարզելու ու ապացույց հետազոտելու արդյունքում արդյունավետ արդարադատության և անձանց խախտված իրավունքները ողջամիտ ժամկետում վերականգնելու երաշխիքի ապահովումը: Դատավորը նաև ներկայացրել է փաստարկ՝ կապված դատարանի ծանրաբեռնվածության, Դատավորի գործավարի թափուր պաշտոնի վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանի մեջ Դատավորի ներկայացուցիչը նշել է, որ ոչ վաղ անցյալում Նախարարի միջնորդությամբ նույն նորմերի խախտման համար Դատավորը Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ խիստ նկատողության տեսքով: Սույն միջնորդությամբ նույն խախտման փաստով Նախարարի միջնորդությունը վերաբերում է թիվ ԼԴ/4/0299/02/13 քաղաքացիական գործով դատավորի կողմից թույլ տրված խախտումներին:

Դատավորի ներկայացուցիչն ընդունել է, որ Դատավորի 27.11.2019թ. գործով դատաքննությունը վերսկսելու և 04.03.2020թ.-ին դատական նիստ նշանակելու մասին որոշումը և ծանուցագրերը կողմերին ուղարկվել է ոչ անմիջապես:

Ներկայացուցիչը հայտնել է նաև, որ գտնում է, որ Օրենսգրքի 131-րդ հոդվածը չի պահանջում գործի քննությունը վերսկսելու որոշումը պատճառաբանել: Բացի այդ, օրենքը չի սահմանել ժամկետ այդ որոշումը կողմերին ուղարկելու համար:

Դատավորի ներկայացուցիչը նաև պնդել է, որ Դատավորն ապահովել է ողջամիտ ժամկետում նշված գործի քննությունը, արդարադատություն իրականացնելու իր առաքելությունից ելնելով, օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու դրդապատճառով գործի քննությունը վերսկսել է ու դատական նիստ է հրավիրել, դատական նիստի ժամանակի և վայրի մասին կողմի պատշաճ ծանուցված չլինելու պատճառաբանությամբ, ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը, դատական նիստը հետաձգել է ողջամիտ ժամկետով, իսկ այն հանգամանքը, որ մեկ դատական նիստ տեղի չի ունեցել, պայմանավորված է եղել դատավորի վատառողջ լինելու փաստով, ինչի վերաբերյալ առկա է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: Ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ 04.03.2020թ. նիստի մասին ուշ ծանուցված լինելու հանգամանքը չի նշանակում, որ խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը: Անձի արդար դատաքննության իրավունքը կխախտվեր այն դեպքում, երբ անձը զրկված լիներ ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասի եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով երաշխավորված իր դատավարական իրավունքներն իրացնելու իրական հնարավորությունից, մինչդեռ սույն դեպքում այդպիսի հանգամանք առկա չէ:

Ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի վերաբերյալ Դատավորի ներկայացուցիչը նշել է, որ չկա որևէ չափանիշ «ողջամտությունը» գնահատելու համար և յուրաքանչյուր դեպքում այն ենթակա է առանձին գնահատման:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Դատարանի 18.10.2013թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Սամվել Ռստակյանի հայցն ընդդեմ Լևոն Մկրտչյանի (այսուհետ՝ Պատասխանող)՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ (քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0299/02/13):

2. Դատարանի 14.09.2017թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի:

3. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018թ. որոշմամբ Հայցվորի և Պատասխանողի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն. ամբողջությամբ բեկանվել է Դատարանի 14.09.2017թ. վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

4. Դատարանի դատավոր Տ. Գրիգորյանի 15.03.2018թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, սակայն վերջինիս գործուղման կապակցությամբ քաղաքացիական գործը 24.10.2018թ.-ին մակագրվել է Դատավորին, որի 29.10.2018թ. որոշմամբ այն ընդունվել է վարույթ:

5. Քաղաքացիական գործով նախնական դատական նիստեր նշանակվել են 13.02.2019թ.-ին, 26.02.2019թ.-ին, 17.04.2019թ.-ին (չի կայացել՝ Դատավորի վատառողջ լինելու պատճառով), 03.06.2019թ.-ին, 26.09.2019թ.-ին, գործը դատաքննության է նշանակվել 13.11.2019թ.-ին, վճռի հրապարակման օր է նշանակվել 27.11.2019թ.-ին:

6. Դատարանը 27.11.2019թ. որոշմամբ քաղաքացիական գործի քննությունը վերսկսել է դատական նիստ նշանակելով 04.03.2020թ.-ին ժամը 14:00-ին:

7. Որոշման իրավական հիմքում դրվել է 09.04.2018թ.-ից ուժը կորցրած Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասը:

8. Որոշման պատճառաբանական մասն ունի հետևյալ բովանդակությունը. «Դատարանը, անհրաժեշտ համարելով շարունակել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը և ապացույցների լրացուցիչ հետազոտումը, գտնում է, որ գործի քննությունը պետք է վերսկսել»:

9. 04.03.2020թ.-ին ժամը 14:00-ին նշանակված դատական նիստի մասին Հայցվորը տեղեկացվել է Դատավորի օգնականի 02.03.2020թ. թիվ 12754/20 ծանուցագրով (այսուհետ՝ նաև Ծանուցագիր), որին կից ուղարկվել է նաև Որոշումը:

10. Ծանուցագիրը՝ կից Որոշմամբ Հայցվորի կողմից ստացվել է 06.03.2020թ.-ին:

11. Քաղաքացիական գործով դատական նիստեր են նշանակվել 13.05.2020թ.-ին և 10.07.2020թ.-ին:

12. Դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ՝ խիստ նկատողության տեսքով:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի և վերջինիս ներկայացուցչի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի1 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Նույն օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Էական կարգապահական խախտում է երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում»:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք Դատավորը սույն միջնորդության մեջ ներկայացված ենթադրյալ խախտումների համար արդեն ենթարկվել է կարգապահական պատասխանատվության Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ.

2. արդյո՞ք թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով խախտվել է պատճառաբանված դատական ակտ կայացնելու պահանջը.

3. արդյո՞ք թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով խախտվել է դատական նիստի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու օրենսդրական պահանջը.

4. արդյո՞ք թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով Դատարանի կողմից ապահովվել է գործը ողջամիտ ժամկետում քննելու պարտականությունը.

5. արդյո՞ք թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումները կարող են որակվել որպես ակնհայտ և կոպիտ.

6. արդյո՞ք թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավորի վարքագծի կանոնի/կանոնների խախտում, որը կրում է կոպիտ բնույթ.

7. արդյո՞ք թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված խախտումները հանգեցրել են էական կարգապահական խախտման:

Նախարարի կողմից բերված միջնորդության մեջ ներկայացված ենթադրյալ խախտումների գնահատման հարցին անդրադառնալուց առաջ Բարձրագույն դատական խորհուրդը նախ կարևորում է քննության առարկա դարձնել վերոնշյալ առաջին հարցադրումը: Այս առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսվում է, որ կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում։

Բարձրացված հիմնախնդրի քննության տեսանկյունից Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է «նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար» օրենսդրական ձևակերպման մեկնաբանությունը: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ նշված ձևակերպման առաջին մասը՝ «նույն դատավորի նկատմամբ» սույն գործով չի առաջացնում որևէ խնդիր, քանզի Դատավորը գործել է միանձնյա և տվյալ դեպքում հենց նրան է վերաբերում 02.04.2020թ. ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշումը: Ինչ վերաբերում է «նույն արարքի համար» դրույթին, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ նույն արարքի համար պատասխանատվության չենթարկվելու սկզբունքն ընկած է ողջ իրավական համակարգի հիմքում: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես արտաքուստ նմանատիպ արարքներին, որոնք կատարվել են տարբեր փաստական հանգամանքներում, տարբեր գործերով և տարբեր իրավիճակներում, այլ հենց նույն արարքին՝ լեզվաբանական իմաստով՝ նույն: Տվյալ պարագայում Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում Դատավորի ներկայացուցչի այն պնդումը, որ Դատավորն արդեն նույն խախտումների համար ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, քանի որ սույն գործում և 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ Դատավորը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել թեև նույնատեսակ արարքների համար, սակայն այս երկու գործերով այդ արարքները թույլ են տրվել տարբեր քաղաքացիական գործերով, տարբեր կողմերի մասնակցությամբ և խախտումները թույլ են տրվել տարբեր անձանց նկատմամբ: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ պետք է հստակ տարբերակել «նույնատիպ» և «նույն» արարք ձևակերպումները և մեկ անգամ ևս շեշտում, որ «Հանրապետության Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում օրենսդիրն օգտագործել է «նույն», այլ ոչ թե «նմանատիպ» եզրույթը։

Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի ձևակերպմանը, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ քննարկվող իրավակարգավորումը վերաբերում է արդեն իսկ հարուցված կարգապահական վարույթի հետագա ընթացքին՝ ի տարբերություն 146-րդ հոդվածի վերոնշյալ իրավակարգավորմանը, որը կարգավորում էր մինչև հարուցման պահը ծագած իրավահարաբերությունները։ «Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում» իրավակարգավորումը ենթադրում է, որ կարգապահական վարույթը ենթակա է կարճման, եթե նույն խախտման հիմքով արդեն իսկ կա Բարձրագույն դատական խորհրդի որոշումը, ինչը քննարկվող դեպքում առկա չէ, քանի որ ինչպես նշվեց վերը՝ 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ Դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոց մեկ այլ քաղաքացիական գործով թույլատրված այլ խախտման համար: Սույն և 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 գործի շրջանակներում քննվել են երկու տարբեր գործեր, ուստի և խախտումները չեն կարող նույնանալ։

Դեռ ավելին, Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի ձևակերպումը չպետք է նույնացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածում նշված «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի» հետ, քանզի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը խոսում է «նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու» մասին՝ հստակեցնելով, որ վարույթ հարուցող մարմինը պետք է ուշադրություն դարձնի կոնկրետ խախտման հիմքերին, իսկ 142-րդ հոդվածը կարգավորում է պատասխանատվության ենթարկելու ընդհանուր հիմքերը։

Քննության առնելով Նախարարի կողմից ներկայացված միջնորդության մեջ ներկայացված խախտումները՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.

Քննարկվող քաղաքացիական գործը Դատարանի կողմից քննվել է 01.01.1999թ.-ին ուժի մեջ մտած և 09.04.2018թ.-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով:

Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է որոշում:

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն իր մի շարք որոշումներում (02 ապրիլի 2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 19 մարտի 2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-2, 10 դեկտեմբերի 2019թ. թիվ ԲԴԽ-69-Ո-Կ-17) անդրադարձել է դատական ակտի պատճառաբանվածության պահանջին: Բարձրագույն դատական խորհուրդը շեշտում է, որ դատական ակտի պատճառաբանվածության պահանջը բխում է իրավունքի գերակայության և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու արդար դատաքննության իրավունքից: Ցանկացած դատական ակտ՝ ընդունված դատարանի կողմից կոնկրետ գործով, պետք է բավարարի պատճառաբանվածության չափանիշը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ:

Սահմանադրական դատարանը 05.02.2013թ. թիվ ՍԴՈ-1074 որոշման շրջանակներում անդրադառնալով 01.01.2008թ.-ին ուժի մեջ մտած և 07.01.2014թ.-ին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով գործի քննությունը վերսկսելու վերաբերյալ որոշումներին՝ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ տվյալ դատական ակտը կայացնելու իրավասությունը ենթադրում է իրավունքով սահմանափակված հայեցողություն և պատճառաբանված դատական ակտ կայացնելու պարտականություն:

Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում Դատավորի ներկայացուցչի կողմից հնչեցրած այն մոտեցումը, ըստ որի՝ օրենսդրությամբ չկա նախատեսված պահանջ գործով դատաքննությունը վերսկսելու որոշումը պատճառաբանելու վերաբերյալ: Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում դիմողի այն փաստարկը, ըստ որի՝ «յուրաքանչյուր դեպքում որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է ներկայացնելու կոնկրետ գործով հաստատված փաստերից բխող այն շարժառիթները և դրանց վրա կառուցված իր հետևությունները, որոնք ակնառու կդարձնեին վկայակոչված նորմով նախատեսված իրավական հետևանքների կիրառելիության անհրաժեշտությունը»:

Ուստիև, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով Դատավորի 27.11.2019թ. որոշումը գործի դատաքննությունը վերսկսելու մասին չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանված լինելու օրենսդրական պահանջին:

Դատական նիստերի մասին կողմերին ծանուցելու հարցադրման առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.

Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:

Օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշման մեջ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշման մեջ արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն: Տվյալ դեպքում դատական քննության ընթացքում կողմերի հավասարության սկզբունքի պահպանմանն է ուղղված դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի ընթացակարգի պահպանումը»:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով չեն պահպանվել Օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները: Մասնավորապես, Դատավորն Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի և 145-րդ հոդվածի ուժով պարտավոր էր պատշաճ ծանուցել դատավարության մասնակիցներին 04.03.2020թ. դատական նիստի մասին. Օրենսգիրքը որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի նախատեսում: Մինչդեռ, ըստ գործի նյութերի՝ 27.11.2019թ. որոշմամբ նշանակված 04.03.2020թ. դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը կողմը ստացել է 06.03.2020թ.-ին:

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործով Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննելու պարտականության կատարման հարցին:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ուժով յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է ողջամիտ ժամկետում գործի քննության անհրաժեշտությունը, հաշվի առնելով, որ վերջինիս խախտումը կարող է հանգեցնել անորոշության, խուճապի և հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև մարդու հոգեկան անձեռնմխելիության խախտման: Գործի ողջամիտ ժամկետում քննելու դատարանի պարտականության խախտումը ամբողջությամբ արժեզրկում է դատական պաշտպանության իրավունքը, հանգեցնում այդ իրավունքի էության խախտման, քանզի դատական վեճի առկայության պայմաններում առաջ եկած հիմնախնդրին ողջամիտ ժամկետում լուծում չտալու դեպքում հետագա դատական ակտը կարող է լինել ժամանակավրեպ և ոչ պիտանի: Առանց հիմնավորման գործի վերսկսումը, ծանուցագրերի ժամանակին կողմերին չուղարկելը, որոնք հանգեցրել են դատական նիստերի անհիմն ձգձգման, խախտել են ողջամիտ ժամկետում գործի քննության կողմերի իրավունքը։

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Խախտումները նաև կոպիտ են, քանի որ առանց պատճառաբանության դատական ակտի ընդունումը, դատական նիստի վերաբերյալ ծանուցման օրենսդրական պահանջի չկատարումը և ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի չպահպանումը խախտում են անձի արդար դատաքննության իրավունքը, ինչն իր հերթին հեղինակազրկում է դատական իշխանությունը և նվազեցնում վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը, ի պաշտոնե և մասնագիտության առումով իմանալով իր պարտականությունները, պարտավոր էր հասկանալ և գիտակցել իր գործողությունների բացասական հետևանքները:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են նաև Դատավորի վարքագծի կանոնների խախտման, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վարքագծի կանոնների խախտման: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ վարքագծի կանոնների խախտումները ևս կրում են կոպիտ բնույթ և թույլ են տրվել կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորն ունեցել է կարգապահական տույժ, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ Դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառվել է խիստ նկատողությունը, որպես կարգապահական տույժ, որը սույն գործի քննության պահին մարված չէ:

Բարձրագույն դատական խորհուրդը նաև արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142–րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:

Ունենալով մեկ խիստ նկատողություն՝ կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում Դատավորի կողմից թույլ տրված խախտումը հանդիսանում է որպես էական կարգապահական խախտում, ինչն էլ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով հանգեցնում է էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

_________________

1 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին հղումները կկատարվեն մինչև ԱԺ կողմից ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն օրենքի 02.05.2020թ. ուժի մեջ մտնելու խմբագրությամբ։

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

 

Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Անդամներ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

Առկա է հատուկ կարծիք պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

Ա. հայկյանց

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մ. ՄԱԿՅԱՆ

Լ. Մելիքջանյան

Առկա է հատուկ կարծիք պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

Ա. Մխիթարյան
Ս. Չիչոյան

Վ. Քոչարյան

 

(ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 27․07․2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-39-Ո-Կ-10 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

 

Բարձրագույն դատական խորհուրդը քննության է առել Արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար) միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին (այսուհետ՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ որոշվել է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել, և համապատասխան որոշումը հրապարակվել է 27.07.2020թ.-ին:

Չհամաձայնելով Բարձրագույն դատական խորհրդի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասով՝ ներկայացնում ենք Հատուկ կարծիք:

Համարում ենք, որ սույն գործով կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդի կողմից ենթակա էր մերժման ներքոշարադրյալ հիմնավորումներով:

Հիմնավորումների առանցքն են կազմում հետևյալ հարցադրումները.

1. Արդյո՞ք դատավորը թույլ է տվել կարգապահական խախտում:

2. Եթե առկա է կարգապահական խախտում, Դատավորը ենթակա է արդյո՞ք կարգապահական պատասխանատվության:

Սույն կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել քաղաքացի Սամվել Ռստակյանի կողմից Նախարարին 01.04.2020թ.-ին հասցեագրված հաղորդումները: Նախարարի 30.04.2020թ. թիվ 48-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 11.06.2020թ. թիվ N64-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Նախարարը, մասնավորապես, գտել է, որ թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 145-րդ հոդվածի պահանջների խախտման արդյունքում, այն է՝ չպատճառաբանված որոշում կայացնելով և այն օրենքով սահմանված ժամկետում դատավարության կողմին չուղարկելով, խախտվել են դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների պահանջները։ Արդյունքում՝ Դատավորը թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ վարքագծի կանոնների խախտումները Դատավորի կողմից թույլ են տրվել կոպիտ անփութությամբ:

1. Առաջին հարցադրման հետ կապված` պետք է ասել, որ միջնորդության քննության արդյունքում Դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տրված լինելու հարցում որևէ տարաձայնություն չունենալով Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշման հետ, անվերապահ արձանագրում ենք, որ Դատավորը թույլ է տվել կարգապահական խախտում, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 145-րդ հոդվածի պահանջների խախտման արդյունքում, այն է՝ չպատճառաբանված որոշում կայացնելով և այն օրենքով սահմանված ժամկետում դատավարության կողմին չուղարկելով, խախտել է դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների պահանջները, ինչն իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումների, որոնք Դատավորի կողմից թույլ են տրվել կոպիտ անփութությամբ:

Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Բարձրագույն դատական խորհուրդը նախ՝ քվեարկության է դնում կարգապահական խախտման առկայության, ապա՝ կարգապահական տույժի ընտրության հարցը»:

Բարձրագույն դատական խորհուրդը քվեարկությամբ միաձայն հաստատել է այն իրողությունը, որ Դատավորը թիվ ԼԴ4/0299/02/13 քաղաքացիական գործով թույլ է տվել կարգապահական խախտում:

Նշվածի տրամաբանությունը միանգամայն համահունչ է նույն Դատավորի նկատմամբ բացարձակապես նույնական արարքների համար և Օրենսգրքի իմաստով նույն կարգապահական խախտման հիմքով (թե՛ իրավական և թե՛ փաստական ենթահիմքերով) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020թ. միաձայն ընդունված թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին և գնահատականներին, ինչն ակնհայտորեն երևում է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նախորդ՝ 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 և ներկա՝ 27.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների և գնահատականների պարզ համեմատությունից:

2. Երկրորդ հարցադրման հետ կապված՝ պետք է նշել, որ Օրենսգրքի իրավակարգավորումների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ կարգապահական խախտման փաստի հաստատումը դեռևս դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարելու հիմք չէ, ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք:

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե՝

1) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար առկա է վարույթ հարուցող նույն մարմնի կողմից հարուցված վարույթ.

2) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է նույն մարմնի կարգապահական վարույթ չհարուցելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ որոշում.

3) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշում:

Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե՝

1) առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.

2) վարույթ հարուցած նույն մարմինը նախկինում նույն արարքի համար նույն անձի նկատմամբ չի հարուցել կարգապահական վարույթ կամ կարճել է հարուցված կարգապահական վարույթը.

3) նույն արարքի համար նույն անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նախկինում միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ.

4) առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում.

5) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները:

Վերոգրյալ իրավանորմերի հիման վրա կարող ենք արձանագրել, որ օրենսդիրը հստակ սահմանել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն արգելող (Օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մաս), հարուցված վարույթի շարունակությունը բացառող հիմքերը (Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մաս), ինչպես նաև սահմանել է իմպերատիվ կանոն Բարձրագույն դատական խորհրդի համար՝ այդ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ (Օրենսգրքի 156-րդ հոդված):

Մասնավորապես՝

- Կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար առկա է վարույթ հարուցող նույն մարմնի կողմից հարուցված վարույթ, կարգապահական վարույթ չհարուցելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ կայացված որոշում, նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշում:

- Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, վարույթ հարուցած նույն մարմինը նախկինում նույն արարքի համար նույն անձի նկատմամբ չի հարուցել կարգապահական վարույթ կամ կարճել է հարուցված կարգապահական վարույթը, նույն արարքի համար նույն անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նախկինում միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ, առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում, դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները:

Հատկանշական է, որ եթե մի շարք դեպքերում վերը թվարկված հիմքերի բովանդակության բացահայտման համատեքստում օրենսդիրն օգտագործել է «նույն արարք» բառակապակցությունը, ապա մի դեպքում (Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ ենթակետ) օրենսդիրն օգտագործում է «կարգապահական խախտման հիմք» բառակապակցությունը, ինչի կապակցությամբ ցանկանում ենք անդրադառնալ օրենսդրական այդ կարգավորման տրամաբանության բացահայտմանը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ տառացի մեկնաբանելով Օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի մասնավորապես 3-րդ կետը, այն է՝ «կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշում» և Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը, այն է՝ «վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում», գտնում ենք, որ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում խոսքը վերաբերում է նույն դատավորի կողմից կատարված նույն արարքին, որի համար դատավորը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, իսկ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում խոսքը վերաբերում է այն իրավիճակին, երբ առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, որոնք չորսն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

3) դատավորի կողմից օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունը չկատարելը.

4) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ միջամտության մասին Բարձրագույն դատական խորհրդին չհայտնելը:

Այսինքն, օրենսդիրը սահմանել է, որ Բարձրագույն դատական խորհրդի համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու հիմք է ոչ միայն նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման առկայությունը, այլ նաև նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման առկայությունը, անկախ այն հանգամանքից, թե վարույթ հարուցող մարմնի համար օրենսդիրն այդ հիմքերով ինչպիսի իրավական հետևանքներ է նախատեսել:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի մասնավորապես 1-ին և 2-րդ կետերում օրենսդիրն օգտագործել է գնահատողական բնույթի եզրույթներ, որպիսի պայմաններում դատավորները չեն կարող լիովին կանխատեսելի վարքագիծ դրսևորել և հենց Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն են ուղենիշ հանդիսանում վերջիններիս համար՝ իրենց վարքագծի կանխատեսելիություն ունենալու ուղղությամբ: Այսինքն, երբ Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ անդրադառնում է արարքը կարգապահական խախտում որակելուն, դատավորները հստակ պատկերացնում են արարքի իրավական գնահատականը:

Տվյալ դեպքում, բացառելու համար այն մեկնաբանության հնարավորությունը, որ եթե Բարձրագույն դատական խորհուրդը նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացրել է որոշում, ապա դրանից հետո կատարված արարքի համար այդ դատավորը նույն կարգապահական խախտման հիմքով այլևս չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության (ինչն անտրամաբանական է), ցանկանում ենք խնդիրը մանրամասնել և այն դիտարկել Օրենսգրքի իրավական կարգավորումների տրամաբանության մեջ, հատկապես իրավական որոշակիության, դատավորների անկախության, անփոփոխելիության սկզբունքների և վարքագծի կանխատեսելիությունն ապահովող օրենսդրական մեկնաբանությունների լույսի ներքո:

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկյան հանձնաժողով) իր մի շարք կարծիքներում անդրադարձել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին: Վենետիկի հանձնաժողովը գտել է, որ այն օրենսդրությունը, որը կարգավորում է դատավորի կարգապահական պատասխանատվության և կարգապահական որոշում կայացնող մարմինների հետ կապված իրավահարաբերությունները, պետք է ձևակերպվի հստակ։ Երկրները հաճախ դժվարությունների են հանդիպում, երբ կարգապահական գործողությունների հիմքերը բավարար չափով մանրամասնված չեն: Հստակ սահմանված կանոնների բացակայությունը վտանգավոր է, քանի որ կարգապահական իրավախախտումների դեպքում հնարավոր է սկսվի կամայական հետապնդում դատավորների նկատմամբ: Այդ իսկ պատճառով Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ) դատական համակարգի անկախության մասին իր՝ 2001 թվականի Կարծիք թիվ 1-ի մեջ առաջարկել է սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնք կկանխորոշեն ոչ միայն այն վարքագիծը, որը կարող է հանգեցնել դատավորի պաշտոնից հեռացմանը, այլև՝ բոլոր այն արարքները, որոնք կարող են հանգեցնել կարգապահական տույժի կամ կարգավիճակի փոփոխության (CDL-AD(2007)009, կետ 6-րդ): Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ կանխատեսելիության առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարիների ընթացքում մշակել է չափանիշներ՝ որոշելու, թե արդյո՞ք իրավունքին միջամտելը նախատեսված է օրենքով, և եկել է այն եզրակացության, որ իրավական կարգավորումների առկայությունը բավարար չէ, դրանք պետք է ճշգրիտ լինեն, և դրանց հետևանքները պետք է լինեն կանխատեսելի բոլոր շահագրգիռ կողմերի համար: Այս պահանջները կիրառելի են կարգապահական վարույթի դեպքում, քանի որ այդ վարույթում նույնպես պետք է պարզ լինի, թե ո՛ր գործողություններն են ենթակա կարգապահական պատասխանատվության (CDLAD(2007) 009, կետ 15):

Վենետիկի հանձնաժողովի կողմից Օրենսգրքի փոփոխությունների և որոշ այլ օրենքների վերաբերյալ 2019թ. ընդունված Կարծիք N 963/2019 CDL-AD(2019)024 համաձայն՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ «...Անշուշտ, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշ հիմքեր ձևակերպված են շատ անորոշ. «դատական իշխանությունը հեղինակազրկել» կամ «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնել» ձևակերպումները՝ ամրագրված 69-րդ հոդվածում, դրանց թվին են պատկանում: Այնուհանդերձ, որոշ չափով անխուսափելի է, որ օրենսդիրն օգտագործի անորոշ ձևակերպումներ ապահովելու համար ճկունություն...»:

Այն դեպքում, երբ օրենսդրի կողմից օգտագործվում են նման ձևակերպումներ, շատ կարևոր է, թե կոնկրետ ինչ մարմին է նշանակված այդ ձևակերպումների մեկնաբանման և կիրառման համար: Հայաստանում այդ խնդիրը դրված է Բարձրագույն դատական խորհրդի վրա, որն ունի բավարար ինստիտուցիոնալ անկախություն և առաջարկում է արդար դատաքննության հիմնարար երաշխիքներ (տես՝ Օրենսգրքի 14-րդ գլուխը):

Վերոգրյալի տրամաբանության ներքո գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, յուրաքանչյուր դեպքում արարքը կարգապահական խախտում որակելու և հետևաբար համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար, Օրենսգրքի իմաստով, այդ արարքը պետք է որակի որպես կարգապահական խախտում:

Այսինքն, Բարձրագույն դատական խորհրդին է վերապահված յուրաքանչյուր դեպքում հարցի բոլոր հանգամանքների գնահատման հիման վրա հիմնավոր հետևության հանգելու դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տրված լինել/չլինելու մասին:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Դատավորների անկախության երաշխավորման տարրերից մեկն էլ հանդիսանում է դատավորների անփոփոխելիությունը: Այս կապակցությամբ ԵԴԽԽ Կարծիք թիվ 1-ի 60-րդ կետում սահմանվում է, որ «դատավորների անփոփոխելիությունը պետք է լինի անկախության հստակ սահմանված տարր, որը պետք է սահմանվի ներպետական ամենաբարձր մակարդակում»: Բարձրագույն դատական խորհուրդը, որպես դատավորների անկախության երաշխավոր, դատավորների անկախության տարր համարվող անփոփոխելիությունը պետք է ապահովի ներառյալ՝ Օրենսգրքի այն իրավադրույթների մեկնաբանության միջոցով, որոնց տարընկալումները կարող են վտանգել դատավորների անփոփոխելիությունը, և այդքանով նաև՝ դատավորների անկախությունը:

Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում սահմանելով «Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում»՝ օրենսդիրը հետապնդել է դատավորների անփոփոխելիության բաղադրիչի ներդրման նպատակը՝ այն ողջամիտ ընկալմամբ, որ երբ դատավորը թույլ է տալիս խախտումներ, որոնց հիմքում ընկած է իրավունքի կոնկրետ նորմի ոչ ճիշտ մեկնաբանումը և/կամ սխալ պրակտիկայի արմատավորմանը տանող անհատական որևէ մոտեցում, ապա դա համարվում է մեկ սխալ, քանի դեռ իրավասու մարմնի կողմից կայացված որոշմամբ չի արձանագրվել դատավորի՝ տվյալ մոտեցման սխալ լինելը և նա չի ենթարկվել այդ հիմքով կարգապահական պատասխանատվության: Եվ դատավորի կողմից մինչ այդ դրսևորած նույն վարքագիծը չի կարող գնահատվել որպես կրկին թույլ տրված սխալ, քանի որ դրանք հենված են եղել դատավորի միևնույն իրավագնահատողական վերաբերմունքի վրա՝ հատկապես, երբ խոսքը գնում է գնահատողական տիրույթում իրավասու մարմնի կողմից վարքագծի կանոնին տրված իրավական մեկնաբանության մասին:

Նշվածի տրամաբանությունը համահունչ է նաև Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի, այն է՝ «էական կարգապահական խախտում է երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը» տրամաբանությանը, ինչը նշանակում է, որ որպեսզի դատավորի արարքը գնահատվի Օրենսգրքի իմաստով՝ որպես Էական կարգապահական խախտում, անհրաժեշտ է, որ նա այդ արարքը կատարած լինի երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունենալուց հետո:

Դատավորն իրավունք ունի իրավանորմերը մեկնաբանել և հանգամանքները գնահատել իր իրավական պատկերացումների և ներքին համոզմունքի հիման վրա: Այդ կապակցությամբ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է. «Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ»: Նույն հոդվածի 2-րդ մասում սահմանվում է. «Դատարանը գործը կամ հարցը քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ»:

Երբ դատարանը գործը կամ հարցը Սահմանադրությանը և օրենքին համապատասխան քննելիս և լուծելիս թույլ է տվել այնպիսի դրսևորումներ, որոնք հանգեցրել են կարգապահական պատասխանատվության, ապա կարգապահական պատասխանատվության նպատակը դատավորին օգնել-աջակցելն է՝ դրանից հետո վերանայելու իրավանորմերի մեկնաբանման և իր կողմից ձևավորած պրակտիկայի նկատմամբ անընդունելի մոտեցումները: Երբ ավելի վաղ թույլ տրված խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց հետո դատավորի նկատմամբ նույնանման արարքի համար և միևնույն հիմքով հարուցվում է կարգապահական վարույթ, աներկբա է, որ կասկածի տակ է առնվում նրա կողմից այլևս պատշաճ արդարադատություն իրականացնելու նրա ունակությունը, քանի որ կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց հետո, փաստորեն, դատավորը չի արել անհրաժեշտ հետևություններ: Բայց երբ որևէ հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկվելով դատավորն ունենում է կանխատեսելի վարքագիծ ցուցաբերելու հնարավորություն՝ վերանայելու իրավանորմերի մեկնաբանման և իր ձևավորած անընդունելի պրակտիկայի նկատմամբ մոտեցումները, և շարունակելու իրականացնել պատշաճ արդարադատություն, ապա որևէ այլ տրամաբանությամբ նրան այդպիսի հնարավորությունից զրկելը չի կարող համարվել արդարացված:

Եթե կարգապահական վարույթ է հարուցվում նախորդ կարգապահական վարույթի հիմքում ընկած խախտմանը նույնական՝ ավելի վաղ թույլ տրված խախտման հիմքով, դա նշանակում է՝ այդ կարգապահական վարույթն այլևս որևէ նպատակի չի ծառայելու, այսինքն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելը դառնում է, ըստ էության, ինքնանպատակ:

Եթե մենք չենք շարժվում Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում ամրագրված դրույթն այսկերպ մեկնաբանելու ուղղությամբ, ապա այդքանով չենք ելնում դատավորների անկախությունը երաշխավորելու դիրքերից:

Վերոգրյալից հետևում է, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով ձևավորված իրավական պրակտիկայով է հաղթահարվում կարգապահական վարույթին առնչվող օրենսդրական անորոշ ձևակերպումների հստակեցման արդյունքում դատավորի վարքագծի կանխատեսելիության ապահովումը, տարաբնույթ խախտումների, դրանց և դրանց որակյալ, այսինքն՝ կարգապահական պատասխանատվություն առաջացնող, հատկանիշների թույլատրելի հարաբերակցության սահմանների ամրագրումը:

Գտնում ենք, որ ցանկացած դեպքում, երբ դատավորի համար արարքի կատարման պահի դրությամբ կանխատեսելի չեն եղել արարքը՝ որպես կարգապահական խախտում գնահատելու հիմքի որակյալ հատկանիշների բովանդակային բաղադրիչները, ապա դատավորը նման արարքի համար չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այդ դեպքերը չեն կարող գնահատվել Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի իրավական կարգավորման տրամաբանությունից դուրս և կրկին նույն այդ կարգապահական խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հնարավորություն առաջացնել՝ ընդհուպ մինչև էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման ծայրահեղ ձևով:

Ի զարգացումն մեր դիրքորոշման՝ ցանկանում ենք նշել, որ եթե նույնիսկ Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի և 147–րդ հոդված 6-րդ մասի 4-րդ կետի գործող խմբագրության պայմաններում չի բացառվում այն մեկնաբանությունը, որ հենց միայն նույն կարգապահական խախտման հիմքի առերևույթ առկայությունը բավարար է համապատասխան իրավական հետևանքի վրա հասնելու համար, այդուհանդերձ հարում ենք այն կարծիքին, որ «նույն կարգապահական խախտման հիմք» հասկացությունը պետք է ունենա անհատականացման հնարավորություն, ինչը կարող է ապահովվել հիմքի երկու բաղադրիչների՝ իրավական և փաստական ենթահիմքերի բովանդակային բացահայտման միջոցով, որոնց համակցությունն ուղղակիորեն հնարավորություն է տալու յուրաքանչյուր դեպքում նույնականացնելու կարգապահական խախտման հիմքերը: Իրավական ենթահիմքը դա իրավանորմերն են կամ դրանց համակցությունը, իսկ փաստական ենթահիմքը՝ կատարված արարքներն են կամ դրանց համակցությունը:

Քննարկվող դեպքում Դատավորի նկատմամբ հարուցված ներկա և նախորդ կարգապահական վարույթներով՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կարգապահական խախտման հիմքերը նույնն են իրենց թե՛ իրավական, և թե՛ փաստական ենթահիմքերով:

Երկու պարագայում էլ իրավական ենթահիմքերը նույնն են՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով ամրագրված իրավանորմերը (համակցությամբ՝ Օրենսգրքի 69-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված իրավանորմերի).

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Երկու պարագայում էլ փաստական ենթահիմքերը նույնն են՝ չպատճառաբանված որոշում կայացնելը և այն օրենքով սահմանված ժամկետում դատավարության կողմին չուղարկելը, ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտումը:

Կրկին շեշտադրում ենք, որ ցանկացած այն դեպքում, երբ ձևավորված իրավակիրառական պրակտիկայով կանխատեսելի է դատավորի համար իր դրսևորած վարքագիծը, առիթն ստեղծվելու դեպքում, կարգապահական խախտում գնահատվելու անխուսափելիությունը, ապա որևէ խոսք գնալ չի կարող տվյալ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարուցված միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու համար՝ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի կիրառմամբ, քանզի այդ նորմի՝ սույն Հատուկ կարծիքում բերված վերլուծության տրամաբանությունից դուրս ցանկացած մեկնաբանություն ողջամիտ չէ:

Վերոգրյալից ելնելով՝ գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա պետք է մերժեր Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

Բարձրագույն դատական

խորհրդի անդամներ

 

Արմեն հայկյանց

 

Անի Մխիթարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան