ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9971/02/18 2020 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9971/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Ն. Տավարացյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
20
20 թվականի դեկտեմբերի 17-ինգրավոր ընթացակարգով քննելով «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռուզաննա Գոմցյանի ընդդեմ Ընկերության՝ հարկադիր պարապուրդի գումարը և տուժանքը բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռուզաննա Գոմցյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը 06.12.2017 թվականից մինչև աշխատանքում վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածի համար, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ տուժանքը` սկսած 20.03.2018 թվականից մինչև հարկադիր պարապուրդի գումարը վճարելու օրը, 6.775.947 ՀՀ դրամ՝ որպես տուժանք 15.06.2014-19.03.2018թթ. ընկած ժամանակահատվածի համար, 1.000.000 դրամ` որպես իրավաբանական օգնության ծախս:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան) 12.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.05.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռուզաննա Գոմցյանի ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, սխալ է կիրառել և մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով Ռուզաննա Գոմցյանի` հարկադիր պարապուրդի գումար պահանջելու իրավունքը բխում է թիվ ԵԱՔԴ/3108/02/14 քաղաքացիական գործով 07.06.2017 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռից, իսկ նշված վճռով հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման հստակ սահմանաչափ է նշվել՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 07.06.2017 թվականը, ուստի այդ գումարը երկու փուլով՝ 6.309.413 ՀՀ դրամի և 466.534 ՀՀ դրամի չափով կատարողական վարույթի ընթացքում վճարվել է Ռուզաննա Գոմցյանին: Հետևաբար Ռուզաննա Գոմցյանը, օգտվելով թիվ ԵԱՔԴ/3108/02/14 քաղաքացիական գործով իրեն հասանելիք բոլոր իրավունքներից, սույն գործով արդեն իսկ չարաշահում է դատական համակարգն իր հնարավորություններով։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով տուժանքի պահանջն ածանցյալ պահանջ է և բխում է հիմնական պահանջի գոյությունից, ուստի եթե Ռուզաննա Գոմցյանին վճարվել է հարկադիր պարապուրդի գումարը, չի կարող հիմնական պահանջի բացակայության պարագայում ներկայացվել ածանցյալ պահանջ։ Բացի այդ, կայացված դատական ակտն անհիմն է այնքանով, որքանով որ Դատարանը 0,15 տոկոս տույժ հաշվարկելիս դուրս է եկել վկայակոչված նորմի սահմաններից և նշված տույժը կիրառել է 6.309.413 ՀՀ դրամ գումարի նկատմամբ, մինչդեռ այդ գումարից նախ պետք է նվազեցներ 699.801 ՀՀ դրամ գումարը, որը չվերականգնվելու դիմաց հատուցումն էր, երկրորդ՝ տույժի հաշվարկը պետք է իրականացներ կետանցված յուրաքանչյուր օրվա (երի) համար, այսինքն՝ պետք է հստակ հաշվարկեին կետանցի օրերը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Տվյալ դեպքում ստորադաս դատարանները կայացրել են օբյեկտիվ և հիմնավորված դատական ակտեր, քանի որ սույն գործով բացակայում է նույն հիմքով, նույն առարկայի և նույն անձանց միջև դատական ակտ՝ նկատի ունենալով, որ հայցվորը խնդրել էր գանձել պարապուրդը ամբողջ ժամանակահատվածի համար, սակայն վերաքննիչ դատարանը չէր կայացրել որոշում ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձելու մասով, ինչը հայցվորին հնարավորություն է տալիս կրկին ներկայացնել պահանջը: Ուստի աշխատանքում վերականգնելու մասին դատական ակտի առկայության պարագայում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հարկադիր պարապուրդի գումարը հայցվորին ենթակա է վճարման ողջ ժամանակահատվածի համար մինչև դատական ակտի հիման վրա հայցվորին աշխատանքում վերականգնելու օրը, և աշխատավարձն օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ վճարելու դեպքում դրա նկատմամբ ենթակա է հաշվեգրման տույժ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ըստ հայցի Ռուզաննա Գոմցյանի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵԱՔԴ/3108/02/14 քաղաքացիական գործը, 05.08.2016 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն․ վճռվել է՝ անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 09.06.2014 թվականի թիվ 2418-Կ հրամանը, պարտավորեցնել «ԱրմենՏել» ՓԲԸ-ին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Ռուզաննա Գոմցյանին վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը և Ռուզաննա Գոմցյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարել հատուցում` միջին աշխատավարձի եռապատիկի չափով: Հայցը` աշխատանքում վերականգնելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 16-134):
2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2017 թվականի որոշմամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ռուզաննա Գոմցյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/3108/02/14 վճիռը՝ հայցը մերժելու մասով, բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. «Ռուզաննա Գոմցյանի հայցն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին, բավարարվել է՝ Ռուզաննա Գոմցյանը վերականգնվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ում «В2С վաճառքի աջակցման և ուղեկցման խմբի», «Վաճառքի ուղեկցման մասնագետ»-ի հաստիքում: Մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 136-150):
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2017 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2017 թվականի որոշման դեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 152-155):
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2017 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2017 թվականի որոշման դեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության («Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ):
5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2017 թվականի որոշմամբ թիվ ԵԱՔԴ/3108/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2017 թվականի որոշումը պարզաբանելու մասին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի դիմումը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 157-158):
6) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2017 թվականի որոշմամբ Ռուզաննա Գոմցյանի դիմումը՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/3108/02/14 վճիռը պարզաբանելու մասին, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2017 թվականի որոշմամբ Ռուզաննա Գոմցյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2017 թվականի «Վճիռը պարզաբանելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.02.2018 թվականի որոշմամբ Ռուզաննա Գոմցյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 159-181):
7) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.09.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/3108/02/14 կատարողական թերթերի հիման վրա 25.09.2017 թվականին հարուցված թիվ 03627763 կատարողական վարույթի շրջանակում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Ռ. Առուստամյանի 07.02.2018 թվականի որոշմամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պարտավորեցվել է Ռուզաննա Գոմցյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար թիվ ԵԱՔԴ/3108/02/14 կատարողական թերթով սահմանված և չվճարված ամիսների համար վճարման ենթակա գումարը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը` 07.06.2017 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 188):
8) «ԱրմենՏել» ՓԲԸ-ի 06.12.2017 թվականի թիվ 20549 վճարման հանձնարարականի համաձայն՝ իրականացվել է թիվ ԵԱՔԴ/3108/02/14 քաղաքացիական գործով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցված թիվ 03627763 կատարողական վարույթով Ռուզաննա Գոմցյանի հարկադիր պարապուրդի գումարի փոխանցումը՝ 6.309.413 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 189-191):
9) Ռուզաննա Գոմցյանը ներկայացված հայցադիմումում ընդունել է, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ից՝ որպես հարկադիր պարապուրդի գումար, 06.12.2017 թվականին ստացել է 6.309.413 ՀՀ դրամ, իսկ 19.03.2018 թվականին՝ ևս 466.534 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 5-9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, դրա արդյունքում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում՝
1. իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում անդրադառնալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությանը.
2. դատական ակտով հաստատված հստակ դրամական պարտավորության չկատարման կամ ժամկետների խախտմամբ կատարման դեպքում դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված տոկոսների բռնագանձմանը:
1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:
Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:
Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.
- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,
- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,
- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,
- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,
- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:
Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելելու, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն ․․․ ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս, Լուսինե Խլղաթյանն ընդդեմ Վահան Խլղաթյանի և մյուսների թիվ ԼԴ/0916/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
2. ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատական ակտով հաստատված հստակ դրամական պարտավորության չկատարման դեպքում դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված տոկոսների բռնագանձման հայց ներկայացնելու դեպքերին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել առանձնացնել այն դեպքերը, երբ աշխատողի ներկայացրած հայցի հիման վրա առկա է աշխատավարձի բռնագանձման վճիռ, որը չի կատարվել: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքերում, երբ արդեն իսկ առկա է նման վճիռ, այդ գումարը դադարում է պարզապես չվճարված աշխատավարձ դիտարկվելուց, այն դառնում է աշխատողի օգտին բռնագանձման ենթակա գումար, որը չվճարելու դեպքում գործատուն արդեն խախտում է վճռի պարտադիրության և կատարելիության հատկանիշները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման պայմաններում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, այն է՝ դրամական պարտավորությունը խախտելու համար պատասխանատվությունը, քանի որ նման պայմաններում գործատուն ոչ թե պարզապես աշխատավարձը չի վճարում, այլ խախտում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իր վրա դրված դրամական պարտավորությունը: Նշված մոտեցումը ՀՀ վճռաբեկ դատարանը պայմանավորել է այն հանգամանքով, որ դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված տոկոսների բռնագանձման հայց ներկայացնելիս այլևս չի քննարկվում տվյալ գումարի՝ որպես չկատարված դրամական պարտավորության ծագման հիմքը, այլ քննարկվում է միայն դատական ակտով հաստատված հստակ դրամական պարտավորությունը, որը չի կատարվել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ դատական ակտով բռնագանձման ենթակա, չվճարված աշխատավարձի գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները (տե՛ս, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը, հարկ է համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված տոկոսների բռնագանձման հայց ներկայացնելիս այլևս չի քննարկվում տվյալ գումարի՝ որպես չկատարված դրամական պարտավորության ծագման հիմքը, այլ քննարկվում է միայն դատական ակտով հաստատված հստակ դրամական պարտավորությունը, որը չի կատարվել:
Բացի այդ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասն աշխատանքային վեճն աշխատողի օգտին լուծվելու դեպքում գործատուի համար սահմանել է միայն հարկադիր պարապուրդի գումար վճարելու պարտականություն և որևէ այլ տուժանք վճարելու պարտականություն չի նախատեսել: Այսինքն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը նույն օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ կիրառելի չէ (տե՛ս, Ռադիկ Սարուխանյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով հաստատվել է այն հանգամանքը, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հրամանը՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, անվավեր է:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ Դատարանն իրավամբ է գտել, որ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ից հօգուտ Ռուզաննա Գոմցյանի ենթակա է բռնագանձման հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար սկսած 06.12.2017 թվականից մինչև Ռուզաննա Գոմցյանին թիվ ԵԱՔԴ/3108/02/14 դատական ակտի հիման վրա «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքում վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածի համար, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վճարման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի (աշխատավարձի) նկատմամբ սկսած 20.03.2018 թվականից մինչև հարկադիր պարապուրդի գումարը Ռուզաննա Գոմցյանին վճարելու օրը հաշվարկվելիք տուժանքի և 15.06.2014-19.03.2018թթ. ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված 6․775․947 ՀՀ դրամ տուժանքի գումարները:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների հետևությունները, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ։
Հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար (06.12.2017 թվականից սկսած մինչև Ռուզաննա Գոմցյանին թիվ ԵԱՔԴ/3108/02/14 դատական ակտի հիման վրա «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքում վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածի համար) բռնագանձելու և 20.03.2018 թվականից մինչև հարկադիր պարապուրդի գումարը Ռուզաննա Գոմցյանին վճարելու օրը տուժանքի գումարի բռնագանձման պահանջների մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը, ըստ էության, ներառում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով լուծման օրվանից մինչև աշխատողին աշխատանքի վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածը։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ըստ հայցի Ռուզաննա Գոմցյանի ընդդեմ Ընկերության՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵԱՔԴ/3108/02/14 քաղաքացիական գործը, 05.08.2016 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն․ վճռել է՝ անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 09.06.2014 թվականի թիվ 2418-Կ հրամանը, պարտավորեցնել Ընկերությանը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Ռուզաննա Գոմցյանին վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը և Ռուզաննա Գոմցյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարել հատուցում` միջին աշխատավարձի եռապատիկի չափով: Հայցը` աշխատանքում վերականգնելու պահանջի մասով, մերժվել է։ Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Ռուզաննա Գոմցյանը և Ընկերությունը։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ռուզաննա Գոմցյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/3108/02/14 վճիռը՝ հայցը մերժելու մասով, բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. «Ռուզաննա Գոմցյանի հայցն ընդդեմ Ընկերության՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին, բավարարվել է, Ռուզաննա Գոմցյանը վերականգնվել է Ընկերությունում «В2С վաճառքի աջակցման և ուղեկցման խմբի», «Վաճառքի ուղեկցման մասնագետ»-ի հաստիքում: Մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ»։ Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2017 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2017 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2017 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2017 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.09.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/3108/02/14 կատարողական թերթերի հիման վրա 25.09.2017 թվականին հարուցված թիվ 03627763 կատարողական վարույթի շրջանակում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Ռ. Առուստամյանի 07.02.2018 թվականի որոշմամբ Ընկերությանը պարտավորեցվել է Ռուզաննա Գոմցյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար թիվ ԵԱՔԴ/3108/02/14 կատարողական թերթով սահմանված և չվճարված ամիսների համար վճարման ենթակա գումարը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը` 07.06.2017 թվականը: Ընկերության 06.12.2017 թվականի թիվ 20549 վճարման հանձնարարականի համաձայն՝ իրականացվել է թիվ ԵԱՔԴ/3108/02/14 քաղաքացիական գործով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցված թիվ 03627763 կատարողական վարույթով Ռուզաննա Գոմցյանի հարկադիր պարապուրդի գումարի փոխանցումը՝ 6.309.413 ՀՀ դրամի չափով։ 19.03.2018 թվականին Ռուզաննա Գոմցյանին լրացուցիչ վճարվել է ևս 466.534 ՀՀ դրամ (Ռուզաննա Գոմցյանը հայցադիմումում ընդունել է նշվածը)։
Վերոգրյալ փաստական հանգամանքների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԱՔԴ/3108/02/14 գործի շրջանակներում Ռուզաննա Գոմցյանի կողմից ներկայացված հայցը ներառել է նաև հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձելու պահանջը, որը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/3108/02/14 վճռով բավարարվել է մասնակիորեն և բռնագանձվել է մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/3108/02/14 վճիռն օրինական ուժի մեջ է մտել 07.06.2017 թվականին։ Սույն գործով ներկայացված հայցով Ռուզաննա Գոմցյանը ներկայացրել է հարկադիր պարապուրդի գումարը 06.12.2017 թվականից մինչև աշխատանքում վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածի համար բռնագանձելու պահանջ։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը։ Գործին մասնակցող անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը: Այսինքն՝ բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուզաննա Գոմցյանը, զրկված չլինելով իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/3108/02/14 վճիռը չի բողոքարկել, գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/3108/02/14 վճիռն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է և իրավական որոշակիության սկզբունքից ելնելով` այն վերջնական է և պարտադիր, ուստիև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայում միայն կրկնակի քննություն իրականացնելու նպատակով անհնարին է և հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Հետևաբար, Ռուզաննա Գոմցյանի հայցը՝ հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար (06.12.2017 թվականից սկսած մինչև Ռուզաննա Գոմցյանին թիվ ԵԱՔԴ/3108/02/14 դատական ակտի հիման վրա «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում աշխատանքում վերականգնելու օրն ընկած ժամանակահատվածի համար) բռնագանձելու մասով, ենթակա էր մերժման, ինչն անտեսվել է և Դատարանի, և Վերաքննիչ դատարանի կողմից։ Նման պայմաններում մերժման էր ենթակա նաև 20.03.2018 թվականից մինչև հարկադիր պարապուրդի գումարը Ռուզաննա Գոմցյանին վճարելու օրը տուժանքի բռնագանձման պահանջը, քանի որ այն ածանցյալ պահանջ է և բխում է հիմնական պահանջից։
15.06.2014-19.03.2018 թվականներն ընկած ժամանակահատվածի համար վճռի հիման վրա վճարված հարկադիր պարապուրդի գումարի (աշխատավարձի) նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքի բռնագանձման պահանջի մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Հայցվորը հարկադիր պարապուրդը դիտարկել է աշխատավարձ և գտել է, որ հարկադիր պարապուրդի գումարի (աշխատավարձի) նկատմամբ ենթակա է հաշվարկման տուժանք՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափով։
Սույն դեպքում ըստ էության հայցվորը ներկայացրել է դատական ակտով հաստատված հստակ դրամական պարտավորության՝ հարկադիր պարապուրդի գումարի, սահմանված ժամկետում չկատարելու դեպքում դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված տոկոսների բռնագանձման հայց, որպիսի պարագայում չի քննարկվում տվյալ գումարի՝ որպես չկատարված դրամական պարտավորության ծագման հիմքը, այլ քննարկվում է միայն դատական ակտով հաստատված հստակ դրամական պարտավորությունը, որը չի կատարվել: Ուստի չվճարված հարկադիր պարապուրդի գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքի գումարը ենթակա չէր բռնագանձման, ինչը նույնպես անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռուզաննա Գոմցյանի հայցը՝ 15.06.2014-19.03.2018 թվականներն ընկած ժամանակահատվածի համար վճռի հիման վրա վճարված հարկադիր պարապուրդի գումարի (աշխատավարձի) նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքի բռնագանձման պահանջի մասով, նույնպես ենթակա էր մերժման:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով հայցվորը վերոնշյալ իրավանորմի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով նաև այն, որ օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ ընդհանուր իրավասության դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ն. Տավարացյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: