ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0033/02/19 2020 թ.
Քաղաքացիական գործ
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան
Դատավորներ՝ |
Ա. Խառատյան |
Ս. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. հակոբյան | ||
|
|
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի հունիսի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ`Բանկ) ընդդեմ ֆինանսական համակարգի հաշտարարի, երրորդ անձ Արամ Բագրատյանի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արամ Բագրատյանի՝ Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը բավարարելու մասին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը ճանաչել չեղյալ:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 25.02.2019 թվականի որոշումը բեկանվել և կայացվել է նոր դատական ակտ` չեղյալ է ճանաչվել Արամ Բագրատյանի` Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը բավարարելու մասին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ, 337-րդ, 338-րդ, 339-րդ հոդվածները, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ինչի արդյունքում հաստատել է սխալ փաստ և այդ փաստով ղեկավարվել է նաև որոշում կայացնելիս: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալ Բանկի տարածքում, սակայն որևէ կերպ տվյալ վանդակի փոքր չափսեր ունենալը չի կարող համարվել կողմերի փոխադարձ կամահայտնությամբ պայմանավորված պայմանագրային դրույթ:
Բացի այդ, Բանկը կարող էր վերաքննիչ բողոք ներկայացնել միայն ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը խախտելու և (կամ) սահմանված 1 տարվա ժամկետի ավարտից հետո հաճախորդի կողմից իրեն բողոք-պահանջ չներկայացնելու հիմքով, քանի որ առաջին ատյանի դատարանում Բանկը Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք է համարել բացառապես նշված հանգամանքները: Մինչդեռ Բանկը, դուրս գալով վերաքննիչ բողոք ներկայացնելու սահմաններից, վերաքննիչ բողոքի հիմքում դրել է այնպիսի հանգամանք, որը քննության առարկա չի եղել առաջին ատյանի դատարանում: Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքում Բանկը նշել է, որ հայցվորը հայցադիմումում որպես պատասխանողի կողմից թույլ տրված խախտում մատնանշել է այն հանգամանքը, որ Հաշտարարը Բանկին չի ուղարկել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, եթե այդպիսին եղել է, ինչն էլ բավարար իրավական հիմք է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու համար:
Բանկի կողմից Դատարանին ներկայացված՝ Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Բանկը Դատարանին չի ներկայացրել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը չծանուցելու հիմքով Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջ, ուստի Դատարանում նշված հարցը քննության առարկա չի դարձվել:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով այդ հանգամանքը, որոշմամբ նշել է, որ Դատարանը, անդրադառնալով պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը Բանկին ուղարկված չլինելու մասին դիմողի պնդումներին, դրանք գտել է անհիմն, հիմքում դնելով այն, որ Հաշտարարը 22.11.2018 թվականի թիվ 01-07/14157 գրությամբ ծանուցել է Բանկին պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել պահանջի քննության սահմաններից՝ անդրադարձել է վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքի և դրա հիմնավորումների, որոնց վերաբերյալ բողոք բերած անձն իր դիրքորոշումը չի հայտնել Դատարանում գործի քննության ժամանակ:
Սույն գործով Դատարանը Հաշտարարի գրասենյակից չի պահանջել այն գործով նյութերը, որով պետք է դատարանը քննություն իրականացնի, ինչպես նաև չի հրավիրել դատական նիստ պարզաբանումներ ստանալու համար: Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա, Վերաքննիչ դատարանի կողմից կատարված քննության արդյունքներով կայացված որոշմամբ արձանագրվել է, որ Հաշտարարը չի ապացուցել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը Բանկին ծանուցած լինելու մասին փաստը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.02.2019 թվականի որոշմանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 2017 թվականի մայիսի 17-ին Բանկի և Արամ Բագրատյանի միջև կնքվել է թիվ TP17/52407 պայմանագիրը մինչև 20.05.2020 թվականը պարտքի տարաժամկետ մարման ժամկետով (հատոր 1-ին գ.թ. 22-26):
2. Պայմանագրի 2.2.2 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսած, պայմանագրի գործողության ընթացքում, երեսնօրյա պարբերականությամբ պարտապանին ներկայացնել պայմանագրից բխող պարտապանի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն:
Պայմանագրի 2.2.3 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է նույն պայմանագրի 2.2.2 ենթակետով սահմանված տեղեկատվությունը Պարտապանին տրամադրել՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով, Բանկի տարածքում առձեռն (հատոր 1-ին գ.թ. 22-26):
3. Պայմանագրի 2.2.4 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 28.07.2009 թվականին ընդունված թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի 15-րդ կետով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը պարտապանին տրամադրել՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստի միջոցով (հատոր 1-ին գ.թ. 22-26):
4. 25.08.2018 թվականին Արամ Բագրատյանը բողոք-պահանջ է ներկայացրել ընդդեմ Բանկի՝ պահանջելով իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար (հատոր 1-ին գ.թ. 28-30):
5. 22.09.2018 թվականին Արամ Բագրատյանը դիմում է ներկայացրել ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին՝ խնդրելով կայացնել որոշում՝ Կազմակերպության կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ: Դիմումը ֆինանսական հաշտարարի գրասենյակ է մուտքագրվել 26.09.2018 թվականին (հատոր 1-ին գ.թ. 32-35):
6. Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը 28.09.2018 թվականին գրություն է ուղարկել Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ, բացատրություններ և կամ առարկություններ (հատոր 1-ին գ.թ. 37):
7. 02.11.2018 թվականին Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին ներկայացրել է գրավոր դիրքորոշում (հատոր 1-ին գ.թ. 38):
8. 22.11.2018 թվականին ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի թիվ 15-4011/18 որոշմամբ երկարաձգվել է պահանջի քննության ժամկետը (հատոր 1-ին գ.թ. 70)
9. Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի 03.12.2018 թվականին կայացված թիվ 15-4229/18 որոշման համաձայն՝ բավարարվել է Արամ Բագրատյանի՝ Բանկի դեմ ուղղված 26.09.2018 թվականի թիվ 07-343/18 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին գ.թ. 12-21):
10. 20.12.2018 թվականին ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը գրությամբ տեղեկացրել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4229/18 որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու վերաբերյալ (հատոր 1-ին գ.թ. 39):
11. Դատարանի 25.02.2019 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում, ի թիվս այլնի, որպես վերաքննիչ բողոքի իրավական հիմք և հիմնավորում Բանկը վկայակոչել է նաև այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգի հաշտարարը Բանկին չի ուղարկել պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, եթե այդպիսին եղել է, ինչը հանդիսանում է ընթացակարգային պահանջների խախտում, ինչն էլ իր հերթին բավարար իրավական հիմք է հաշտարարի վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու համար (հատոր 2-րդ գ.թ. 3-9):
12. Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Բանկի այն փաստարկը, որ վերջինս չի ստացել պահանջի քննության ժամկետը ևս տասնչորսօրյա ժամկետով երկարաձգելու մասին որոշումը, և Հաշտարարի վկայակոչումը՝ Բանկին կայացված որոշման մասին ծանուցելու մասին, մնացել է վիճելի, հետևաբար Հաշտարարը չի ապացուցել այդ մասով ընթացակարգային նորմի խախտում թույլ տված չլինելու հանգամանքը, որպիսի փաստն անտեսվել է Դատարանի կողմից, այդ մասով բողոքաբերի փաստարկները միանգամայն համարել է հիմնավորված և բավարարման ենթակա (հատոր 2-րդ գ.թ. 61-68)
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավասու է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղարկելու վերաբերյալ դիմումում չներառված հիմքը և փաստարկը վերաքննության առարկա դարձնել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի քննության ընդհանուր կարգը և պայմանները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վերադարձվում է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝ պահանջը ենթակա չէ քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ, բացահայտվել են ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:
Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ընթացքում դատարանը իրավասու է միայն պարզել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը և որևէ այլ հանգամանք, որը նախատեսված չէ օրենքի համապատասխան դրույթներով, դատարանը քննության առարկա չի կարող դարձնել:
Մասնավորապես, դատարանը պետք է պարզի միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երեք հիմքերից, այն է՝
- արդյո՞ք պահանջը ենթակա է քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,
- արդյո՞ք ֆինանսական համակարգի հաշտարարը որոշումը կայացրել է նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ,
- արդյո՞ք բացահայտվել են ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:
Նշված հիմքերից որևէ մեկի առկայության ապացուցման պարտականությունը կրում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջ ներկայացրած դիմողը:
Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, արձանագրել է, որ Բանկը չի նշել թե Հաշտարարը ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի որ կանոնն է խախտել: Դատարանն արձանագրել է նաև, որ Հաշտարարը դիմումը քննել է ներկայացված պահանջի սահմաններում, ներկայացված ապացույցների հիման վրա հանգել ճիշտ եզրահանգման և հանգել է այն հետևության, որ հաճախորդի ներկայացրած դիմում-բողոքը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ենթակա է եղել քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով դատական ակտը, նշել է, որ կողմերի միջև կնքված վարկային պայմանագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կողմերը փոխադարձ համաձայնության արդյունքում որոշել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը սպառողին տրամադրելու կարգը, պայմանագրի 2.2.2 ենթակետով ուղղակիորեն սահմանելով, որ պարտադիր տեղեկատվության տրամադրումը պարտապանին կատարվում է Բանկի տարածքում: Մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հաճախորդի` Բանկի տարածք այցելելու և պահանջելու դեպքում իրեն սահմանված կարգով չի հանձնվել սահմանված տեղեկատվությունը (հաշվի քաղվածքը), որպիսի պայմաններում Դատարանի կողմից անդրադարձ չի կատարվել և գնահատման չի արժանացվել դիմումատուի փաստարկն այն մասին, որ կողմերն ամրագրել են քաղվածքները Բանկի տարածքում ստանալու իրավակարգավորումը, իսկ հաճախորդը չի իրացրել իր իրավունքը:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի կողմից անտեսվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի առկայությունը (Իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ), ինչը միանգամայն բավարար է Հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու մասին դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու համար:
Սույն գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով դատարան ներկայացված դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ որպես ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտում նշվել են հաշտարարի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի, ինչպես նաև նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի խախտումները, ըստ որի կազմակերպությունը պարտավոր է քննարկել հաճախորդի բողոք պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում`սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել կամ կարող էր իմանալ իր իրավունքների խախտման մասին:
Որպես ընթացակարգային խախտում` ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը 14 օրով երկարաձգելու որոշման մասին ծանուցված չլինելու վերաբերյալ հիմք, դատարան ներկայացված դիմումում չի նշվել, հետևաբար դրա վերաբերյալ հաշտարարի կողմից դիրքորոշում չի ներկայացվել, և Դատարանը տվյալ հիմքի մասով քննություն չի իրականացրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղարկելու դիմումի քննության սահմանները որոշվում և սահմանափակվում են բացառապես դիմումում բերված հիմքերով և հիմնավորումներով, որի շրջանակներում էլ դատարանն իրականացնում է գործի քննությունը: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով վիճարկվող որոշման հիմքում ընկած նյութերը պահանջելը ևս կոչված է դատարան ներկայացված դիմումի հիմքերի հիմնավորվածությունը պարզելուն: Այդ իսկ պատճառով էլ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը և դրա քննությունը պետք է սահմանափակվեն բացառապես ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումում ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակով:
Հաշտարարի կողմից պահանջի քննության ժամկետը երկարաձգելու մասին ծանուցված չլինելու վերաբերյալ հիմքը քննության առարկա է դարձել Վերաքննիչ դատարանում` վերաքննիչ բողոքի հիմքով: Հետևաբար, Հաշտարարի կողմից դատավարական իրավունքի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում արտահայտած դիրքորոշումը հիմնավոր է:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի` նյութական իրավունքի խախտման հիմքերին, ապա դրանք քննության առարկա չեն դարձվում, քանի որ այն դուրս է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ենթաբաժնի 49-րդ և 50-րդ գլուխներով սահմանված` դիմումի քննության ծավալի շրջանակներից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`[ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 25.02.2019 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Բանկից հօգուտ Հաշտարարի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2019 թվականի որոշմանը։
2. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից հօգուտ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
|