Սույն որոշումն ուժը կկորցնի 01.04.2022 թվականին` համաձայն 01.03.22 N 83-Ն որոշման 3-րդ կետի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 հունիսի 2020 թվականի |
N 221-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37‑րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1118-Ն, N 1122‑Ն որոշումները, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի ապրիլի 1-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ տարեկան՝
ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`
ա. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝
PՋ = 224 * E,
որտեղ`
PՋ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածում վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,
բ. սակագինը` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ սույն կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված սակագնին հավասար, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված բանաձևի համաձայն հաշվարկվող սակագնին հավասար,
3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`
PՎ = 224 * E,
որտեղ`
PՎ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
4) ջերմային էլեկտրակայաններում (այդ թվում՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայաններում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝
ա. սակագինը` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝ 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար`
PՋԷԿ = 255.91 * E,
որտեղ`
PՋԷԿ-ն ջերմային էլեկտրակայաններում (այդ թվում՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայաններում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող՝ յուրաքանչյուր հաշվետու ամսում 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
5) սույն կետի 1-4-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝
ա. սակագինը՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝ 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար`
P = 255.91 * E,
որտեղ`
P-ն սույն կետի 1-4-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող՝ յուրաքանչյուր հաշվետու ամսում 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, իսկ ջերմային էլեկտրակայաններում (այդ թվում՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայաններում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձ հանդիսացող սպառողներին առնչվող հարաբերությունների մասով 2020 թվականի օգոստոսի 1-ից, ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 25-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի N 139-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 19-ից, բացառությամբ 1-ին կետի 4-րդ ենթակետի և 2-րդ կետի՝ ջերմային էլեկտրակայաններում (այդ թվում՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայաններում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձ հանդիսացող սպառողներին առնչվող հարաբերությունների մասով, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի օգոստոսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |