Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.54
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.10.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
04.10.2018
Дата вступления в силу
04.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/0100/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/0100/05/17
2018թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

 

Գ. Հակոբյանի

 

 

Ռ. Հակոբյանի

Ս. Միքայելյանի

Տ. Պետրոսյանի

 

 

Է. Սեդրակյանի

 

 

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հոկտեմբերի 04-ին

քննարկելով ըստ հայցի Ժաննա Միրզոյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի, երրորդ անձինք Պետիկ Ալթունյանի և Ինգա Ջաղեթյանի՝ Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Ժաննա Միրզոյանի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ժաննա Միրզոյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 15.02.2018 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է մինչև թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.04.2018 թվականի որոշմամբ Ժաննա Միրզոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.02.2018 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժաննա Միրզոյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Ինգա Ջաղեթյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտը և դրանով հաստատվելիք փաստերը չեն կարող որևէ էական նշանակություն ունենալ սույն վարչական գործի քննության համար: Եթե նույնիսկ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով հաստատվի, որ Պետիկ Ալթունյանի կողմից իրականացված գործողություններով Ժաննա Միրզոյանի իրավունքները չեն խախտվում, ապա դա չի նշանակում, որ սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվությունը վերացնելու հիմքերը բացակայում են:

Ավելին՝ Պետիկ Ալթունյանի կողմից իրականացված շինարարական աշխատանքները կատարվել են մինչև սույն գործով վիճարկվող շինարարության թույլտվության տրամադրումը: Հետևաբար մեկ այլ դատական գործով այդ շինարարական աշխատանքների օրինականության հարցի քննարկումն անհնարին չի դարձնում վիճարկվող վարչական ակտի իրավաչափության հարցի քննարկումը սույն գործի շրջանակներում:

Անհիմն կերպով կասեցնելով սույն գործի վարույթը՝ Դատարանը խախտել է Ժաննա Միրզոյանի արդար դատաքննության իրավունքը, ինչը հաշվի չի առնվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Բողոք բերած անձը պահանջել է «կայացնել նոր դատական ակտ՝ վերացնելով Վերաքննիչ դատարանի 16.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Դատարանն իրավաչափորեն է կասեցրել սույն վարչական գործի վարույթը. հակառակ պարագայում սույն գործով հնարավոր չի լինի գնահատել, թե վիճարկվող շինարարության թույլտվությամբ խախտվում են արդյոք Ժաննա Միրզոյանի իրավունքները, թե՝ ոչ: Նշված հարցը կարող է պարզվել միայն թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում Ժաննա Միրզոյանի դեմ հակընդդեմ հայցով ներկայացված՝ լուսամուտի բացվածքը փակելու մասին պահանջը մերժվելու կամ բավարարվելու դեպքում: Փաստորեն, թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով հաստատվելիք փաստերը, մասնավորապես՝ Ժաննա Միրզոյանի տան լուսամուտի բացվածքի իրավաչափության վերաբերյալ, սույն վարչական գործի համար ունեն էական նշանակություն: Հետևաբար սույն վարչական գործի կասեցումը բխում է գործին մասնակցող բոլոր անձանց շահերից և միտված է վերջիններիս արդար դատաքննության իրավունքի ապահովմանը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե իրավաչա՞փ է արդյոք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով սույն վարչական գործի վարույթի կասեցումը մինչև թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթի կասեցումը դատարանի կողմից տվյալ գործով դատավարական գործողությունների ժամանակավոր դադարեցումն է վարույթի հետագա զարգացմանը խոչընդոտող օբյեկտիվ հանգամանքների առկայության հիմքով, որոնք արգելակում են նրա հետագա շարժը, և որոնց ծագման պահին հնարավոր չէ հստակ որոշել, թե դրանք երբ կվերանան: Ըստ այդմ, գործի վարույթի կասեցումը՝ որպես դատավարական ինստիտուտ, անմիջականորեն շաղկապված է արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի հետ: Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը ենթադրում է, որ ցանկացած դատական գործ պետք է քննվի և լուծում ստանա հնարավորինս սեղմ ժամկետում՝ առանց արհեստականորեն ձգձգելու դրա ընթացքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը՝ որպես իրավական երաշխիք, նպատակաուղղված է պաշտպանել դատավարության բոլոր մասնակիցներին ընթացակարգային ավելորդ ձգձգումներից (տե՛ս Stögmüller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը): Նշված իրավական սկզբունքի միջոցով ընդգծվում է արդարադատությունն առանց հետաձգումների իրականացնելու կարևորությունը, քանի որ այդպիսի հետաձգումները կարող են նվազեցնել արդարադատության արդյունավետությունն ու վնաս հասցնել դրա նկատմամբ հանրային վստահությանը (տե՛ս H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այս կամ այն դատական գործով վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի տվյալ գործին բնորոշ առանձնահատուկ հանգամանքների հիման վրա: Այլ կերպ ասած՝ գործի քննության երկարատևությունը կարող է իրավաչափ համարվել միայն առանձնահատուկ հանգամանքների առկայության դեպքում, և հակառակը՝ գործի քննության անհարկի ձգձգումներն այդպիսի հանգամանքների բացակայության դեպքում վկայում են արդար դատաքննության իրավունքի խախտման մասին:

Այսպես, Եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ դատավարության տևողության «ողջամտությունը» պետք է գնահատվի յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո՝ հիմք ընդունելով հետևյալ չափանիշները. (1) գործի բարդությունը, (2) դիմումատուի վարքագիծը, (3) հանրային իշխանության վարքագիծը, (4) տվյալ գործի կարևորությունը դիմումատուի իրավական և փաստական վիճակի համար (տե՛ս Frydlender v. France (30979/96) գործով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, 43-րդ կետ):

Այս կամ այն դատական գործով իրականացվող դատավարության տևողության «ողջամտության» գնահատման վերոգրյալ երրորդ չափանիշը՝ հանրային իշխանության վարքագիծը, առաջին հերթին ենթադրում է, որ պետությունը պատասխանատու է գործի քննության այն հետաձգումների համար, որոնք առաջացել են դատական իշխանության մարմինների գործողությունների պատճառով (տե՛ս Somjee v. The United Kingdom (42116/98) գործով Եվրոպական դատարանի 15.10.2002 թվականի վճիռը, 72-րդ կետ):Եվրոպական դատարանը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտում է արձանագրել, մասնավորապես, այն դեպքում, երբ դատարանը ոչ իրավաչափ կերպով (առանց բավարար հիմքերի) կասեցրել է իր կողմից քննվող գործի վարույթը մինչև մեկ այլ դատական գործով վերջնական դատական կայացումը (տե՛ս König v. Germany (6232/73) գործով Եվրոպական դատարանի 28.06.1978 թվականի վճիռը, 104-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գործի վարույթը մինչև մեկ այլ դատական գործով վերջնական դատական ակտ կայացնելը կասեցնելու հարցին և արձանագրել, որ դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, վերը նշված հիմքով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս Մանուկ Ղազանչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի հարկադիր կատարողի թիվ ՎԴ/0393/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքը ենթադրում է դատարանի կողմից քննվող գործի և սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի այնպիսի փոխկապվածություն, որի առկայության պայմաններում դատարանի վարույթում գտնվող գործի քննությունը հնարավոր չէ մինչև վիճելի իրավահարաբերության ծավալից դուրս գտնվող, սակայն տվյալ գործի համար պարտադիր նշանակություն ունեցող հարցի կարգավորումը սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում: Այլ կերպ ասած՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով սահմանված հիմքով գործի վարույթի կասեցումը կարող է արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի տեսանկյունից իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում կայացվելիք վերջնական դատական ակտով պետք է հաստատվեն այնպիսի իրավաբանական փաստեր, կամ պետք է հանգուցալուծվեն այնպիսի իրավական հարցեր, առանց որոնց դատարանի վարույթում գտնվող գործի լուծումը հնարավոր չէ, իսկ այդ հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ գնահատականներ տալը դուրս է տվյալ գործով վարչական դատարանի իրավասության շրջանակներից:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Դիմելով դատարան` Ժաննա Միրզոյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ. 4-6): Ժաննա Միրզոյանի կողմից ներկայացված այդ վիճարկման հայցի հիման վրա էլ հարուցվել է սույն վարչական գործը:

Մինչև սույն գործով դատարան դիմելը Ժաննա Միրզոյանը դիմել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Պետիկ Ալթունյանի՝ պահանջելով կանխել և վերացնել իր սեփականության իրավունքի խախտումը: Ժաննա Միրզոյանի կողմից ներկայացված այդ նեգատոր հայցի հիման վրա էլ հարուցվել է թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործը (հատոր 2-րդ, գ.թ. 146-147): Նշված քաղաքացիական գործի շրջանակներում Պետիկ Ալթունյանն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Ժաննա Միրզոյանի՝ պահանջելով վերացնել իրեն պատկանող այգեգործական հողամասի և այգետնակի նկատմամբ սեփականության իրավունքի խախտումները (հատոր 1-ին, գ.թ. 39-45):

Դատարանը 15.02.2018 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կասեցրել է սույն վարչական գործի վարույթը մինչև թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանը գտել է, որ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով դատական ակտով հաստատվելիք հանգամանքները կարող են էական նշանակություն ունենալ սույն վեճի լուծման համար, հետևապես սույն գործի քննությունն անհնար է մինչև նշված վարչական գործով դատական ակտ կայացնելը: Դատարանն իր այդ եզրահանգման հիմքում մասնավորապես դրել է այն հանգամանքը, որ «(...) սույն գործով վիճարկվում է 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվությունը, իսկ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով պահանջը վերաբերում է շինարարական աշխատանքների հետևանքով իրավունքների խախտումը վերացնելուն, մասնավորապես՝ լուսամուտը փակելուն պարտավորեցնելուն (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 164-165):

Վերաքննիչ դատարանը, 16.04.2018 թվականի որոշմամբ մերժել է Ժաննա Միրզոյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 15.02.2018 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի վերոհիշյալ դիրքորոշումը և հավելել է, որ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում պարզվելու է հանգամանքն առ այն, թե արդյոք սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիման վրա իրականացվելիք գործողությունները խախտում են Ժաննա Միրզոյանի իրավունքները, թե՝ ոչ: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ «(...) նշված փաստերի հաստատումն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, քանի որ տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում է պարզվելու Ժաննա Միրզոյանի դատավարական շահագրգռվածության հարցը Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին տրված թիվ 14 շինարարության թույլտվության վիճարկման գործում (...)» (հատոր 3-րդ, գ.թ. 94-107):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Նախ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ժաննա Միրզոյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունը: Հետևաբար սույն վարչական գործի շրջանակներում քննության առարկա է նշված վարչական ակտի իրավաչափության հարցը: Այսինքն՝ սույն գործով Դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պարզել Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու համար օրենքով սահմանված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը: Փաստորեն, սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցն այն է, թե արդյոք Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում թույլ են տրվել այնպիսի խախտումներ կամ թերություններ, որոնք հիմք են վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար:

Մյուս կողմից՝ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության առարկա է Ժաննա Միրզոյանի և Պետիկ Ալթունյանի միջև ծագած վեճը, որը սկզբնական հայցի մասով կապված է Պետիկ Ալթունյանի կողմից վերը նշված շինարարության թույլտվության հիման վրա իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում Ժաննա Միրզոյանի սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումների առկայության կամ բացակայության հարցի հետ:

Համադրելով սույն վարչական գործով և թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով վիճելի իրավահարաբերությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական գործերը որոշակիորեն աղերսվում են միմյանց հետ: Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն վարչական գործի և թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործի միջև առկա չէ այնպիսի փոխկապվածություն, որ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով պարզման ենթակա հանգամանքները պարտադիր նշանակություն կարող են ունենալ սույն վարչական գործի քննության և լուծման համար, և սույն գործի քննությունը հնարավոր չէ մինչև թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում որոշակի հարցերի կարգավորումը:

Այսպես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շինարարության թույլտվության՝ որպես վարչական ակտի իրավաչափության հարցը ենթակա է պարզման բացառապես այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումների կամ թերությունների համատեքստում և պայմանավորված չէ այդ վարչական ակտի հիման վրա իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում անձի սեփականության իրավունքի խախտման փաստը մեկ այլ դատական գործով հաստատված լինելու կամ չլինելու հանգամանքով: Այլ կերպ ասած՝ Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության իրավաչափության հարցը պետք է որոշվի սույն գործով՝ անկախ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի կողմից այդ վարչական ակտի հիման վրա իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում Ժաննա Միրզոյանի սեփականության իրավունքի խախտման փաստի հաստատումից: Այսինքն՝ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում Ժաննա Միրզոյանի սեփականության իրավունքի խախտման փաստի հաստատումը որևէ կերպ չի կարող ազդել սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա, քանի որ շինարարության թույլտվության՝ որպես վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է՝ հիմք ընդունելով ոչ թե փաստացի իրականացված շինարարության արդյունքում այլ անձանց սեփականության իրավունքի խախտման փաստը մեկ այլ դատական գործով հաստատված լինելը, այլ այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարույթի ընթացքում այնպիսի խախտումներ կամ թերություններ թույլ տրված լինելը, որոնք հիմք են վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի կողմից Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության հիման վրա իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում Ժաննա Միրզոյանի սեփականության իրավունքի խախտման փաստի հաստատումը որևէ կերպ չի կարող կանխորոշել նաև սույն գործով այդ վարչական ակտը վիճարկելու հայցապահանջով դատարան դիմելու համար Ժաննա Միրզոյանի մոտ իրավական շահագրգռվածության առկայությունը կամ բացակայությունը:

Նախկինում կայացված որոշումներում անդրադառնալով վարչական դատարան դիմելու իրավական շահագրգռվածության հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ, որպես ընդհանուր կանոն, դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե՛ս Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և սույն գործի հանգամանքների համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունը վիճարկելու հայցապահանջով դատարան դիմելու համար Ժաննա Միրզոյանի մոտ իրավական շահագրգռվածության հարցը կարող է որոշվել միայն սույն դատական գործի շրջանակներում: Այդ հարցը չի կարող պայմանավորվել Պետիկ Ալթունյանի կողմից Համայնքի ղեկավարի 13.09.2016 թվականի թիվ 14 շինարարության թույլտվության հիման վրա իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում Ժաննա Միրզոյանի սեփականության իրավունքի խախտման փաստի հաստատմամբ կամ հերքմամբ, ինչը պետք է տեղի ունենա թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով:

Այսպես, սույն գործով Ժաննա Միրզոյանի կողմից ներկայացված հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ վերջինս Պետիկ Ալթունյանին պատկանող հողամասի հարևան հողամասի և դրա վրա գտնվող այգետնակի սեփականատերն է: Ժաննա Միրզոյանը գտնում է, որ Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվությամբ խախտվում է իր սեփականության իրավունքը, քանի որ այդ վարչական ակտով Պետիկ Ալթունյանին թույլատրվել է իրականացնել այնպիսի շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում փակվում է Ժաննա Միրզոյանին պատկանող տան պատուհանը, ինչպես նաև Պետիկ Ալթունյանի կառուցած պատն անմիջապես հպվում է Ժաննա Միրզոյանին պատկանող տան պատին՝ առաջացնելով հակահրդեհային և սեյսմիկ անվտանգության կանոնների խախտում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ժաննա Միրզոյանի հայցադիմումում վկայակոչված վերոգրյալ հանգամանքներն ինքնին վկայում են այն մասին, որ վերջինս սույն գործով հանդիսանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «շահագրգիռ անձ»: Այսինքն՝ Ժաննա Միրզոյանը նշված իրավադրույթի ուժով իրավունք ունի դիմելու վարչական դատարան Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվությունը վիճարկելու պահանջով, քանի որ համարում է և ողջամտորեն ունի բավարար հիմքեր համարելու, որ այդ վարչական ակտով առերևույթ խախտվել է իր սեփականության իրավունքը: Հետևաբար սույն գործով Ժաննա Միրզոյանի «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը չունի լրացուցիչ հաստատման կարիք՝ մեկ այլ դատական գործի շրջանակներում՝ որոշակի հանգամանքների պարզման միջոցով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներին, ապա դրանց կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով Պետիկ Ալթունյանի կողմից Ժաննա Միրզոյանի դեմ ներկայացված հակընդդեմ հայցի մերժման կամ բավարարման հանգամանքը ևս չի կարող որևէ ազդեցություն ունենալ սույն վարչական գործով վիճարկվող շինարարության թույլտվության անվավերության գնահատման հարցում: Ժաննա Միրզոյանին պատկանող տան լուսամուտի բացվածքի օրինական լինելը կամ չլինելը, ինչն ըստ վճռաբեկ բողոքի պատասխան բերած անձի՝ կազմում է նշված քաղաքացիական գործով ներկայացված հակընդդեմ հայցով պարզման ենթակա հարցը, չի առնչվում Համայնքի ղեկավարի կողմից 13.09.2016 թվականին Պետիկ Ալթունյանին տրված թիվ 14 շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի խախտման առկայությանը կամ բացակայությանը, ինչը կազմում է սույն վարչական գործով ներկայացված վիճարկման հայցով պարզման ենթակա հարցը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով չեն կարող հաստատվել այնպիսի իրավաբանական փաստեր, այդ թվում նաև՝ Ժաննա Միրզոյանի իրավական շահագրգռվածության առումով, առանց որոնց սույն վարչական գործի հետագա քննությունն ու վերջնական լուծումը հնարավոր չէ: Տվյալ դեպքում սույն վարչական գործի վարույթը կասեցնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավական և փաստական հիմքերը բացակայում են, քանի որ առկա չէ թիվ ԿԴ1/1762/02/16 քաղաքացիական գործով հաստատման ենթակա և սույն գործի քննության ու լուծման համար էական իրավաբանական նշանակություն ունեցող որևէ իրավաբանական փաստ, որը չի կարող հաստատվել սույն գործի շրջանակներում: Հետևաբար սույն վարչական գործի վարույթի կասեցումն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրիչ հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի տեսանկյունից չի կարող իրավաչափ համարվել: Հետևաբար սույն վարչական գործի վարույթը ենթակա չէր կասեցման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում  է  բավարար` ՀՀ վարչական  դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.04.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 15.02.2018 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

  Գ. Հակոբյան
 

Ռ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

  Ն. Տավարացյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան