ԻՌԻԲԱՌԵՆ ՊԻՆԻԼՈՍՆ ԸՆԴԴԵՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2009թ. հունվարի 8-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7) Դիմողը ծնվել է 1973 թվականին և բնակվում է Պամպելունում:
A) Գործի հանգամանքները
8) 1991թ. դեկտեմբերի 15-ին` երեկոյան հին Պամպելուն թաղամասում տեղի էին ունենում ծանր և դաժան բախումներ: Ցուցարարները փողոցներում բարիկադներ էին պատրաստում և կրակներ վառում: Ոստիկանությունը ցույցի առաջխաղացումը կանխելու նպատակով մի քանի ժամ օգտագործել է արցունքաբեր և ծխատար նռնակներ:
9) Առավոտյան ժամը 2-ին մոտ, 19-ամյա դիմողը, ով մասնակցում էր այդ բախումներին, շատ մոտ տարածությունից ոստիկանի նետած ծխատար նռնակի պատճառով ծանր վիրավորվել է: Երբ կարմիր խաչի ծառայությունը ժամանել է դեպքի վայր` դիմողը մահամերձ էր, դեմքի մի մասի վրա կային այտուցներ, իսկ դեմքի ձախ կողմը կաթվածահար վիճակում էր: Շտապօգնության միջոցով նրան տեղափոխել են Նավառի հիվանդանոցի վերակենդանացման բաժին, որտեղ նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել:
1) Վարույթը քրեական դատարաններում
10) Նույն օրը դիմողին պատճառված ծանր մարմնական վնասվածքների փաստի առիթով Պամպելունի թիվ 3 քննիչ դատավորը հարուցել է քրեական գործ:
11) 1992թ. փետրվարի 12-ին թիվ 3 քննիչ դատավորն ընդունում է մի խումբ քաղաքացիների բողոքը, ովքեր սույն գործով հանդես են եկել որպես ժողովրդական մեղադրող կողմ:
12) 1994թ) փետրվարի 21-ի որոշմամբ քննիչ դատավորը կարճել է վարույթը՝ հաշվի առնելով, որ դիմողին դեռ 459 օր անհրաժեշտ է ստացած վնասվածքները բուժելու համար: Մյուս կողմից` նա նշել է, որ դիմողը մասնակցել է բախումներին, քանի որ վզկապ (ֆուլյար) է կրել, որը ցուցարարների կողմից օգտագործվել է որպես իրենց դեմքը թաքցնելու միջոց: Նրանց հագուստի վրա հայտնաբերվել են քիմիական նյութեր, որոնք օգտագործվել են պայթուցիկ նյութերի և պիրոտեխնիկայի արտադրության համար: Դիմողի ներկայացրած բողոքի մերժման վերաբերյալ որոշումը բողոքարկվել է դիմողի և ժողովրդական մեղադրողների կողմից:
13)1994թ. հոկտեմբերի 11-ի որոշմամբ Նավառի մարզային դատարանը բեկանել է վիճարկվող որոշումը և կարգադրել է ներկայացնել նոր ապացույցներ վարույթի որոշակի տեսակետներ ընդլայնելու և դրանց վերաբերյալ տեղեկությունները խորացնելու համար:
14) 1995թ) ապրիլի 6-ի որոշմամբ Պամպելունի թիվ 3 քննիչ դատավորը նորից կարճել է գործը, այս դեպքում ո՜չ քննության առարկա դեպքերին մասնակցած անձանց ինքնությունը, ո՜չ էլ այն հանգամանքները, որոնց ընթացքում վերքերը առաջացել են, ապացուցված չեն եղել: Իր բողոքի մերժումից հետո դիմողը կրկին բողոք է ներկայացրել՝ հիմնվելով այն փաստի վրա, որ դատարանի առջև ցուցմունք տված ոստիկանության աշխատակիցը եղել է ծխատար նռնակը նետողը, որի հետևանքով էլ նա վիրավորվել է: Պաշտոնատար մյուս անձանց ինքնությունները չեն բացահայտվել: Նա միջնորդել է, որպեսզի իր բողոքն ըստ էության քննության առնվի:
15) 1995թ) հունիսի 8-ին դիմողը ճանաչվել է հաշմանդամ:
16) 1995թ) սեպտեմբերի 29-ի որոշմամբ Նավառի մարզային դատարանը մասամբ բեկանել է վիճարկվող որոշումները` գտնելով, որ իրավապահ ուժերի կողմից անօրինական կրակահերթ արձակելը և վնաս պատճառելը պատշաճ ձևով հիմնավորված է համարում՝ միաժամանակ փաստելով, որ նռնակը նետողի անձը հնարավոր չէ պարզել:
17) 1997թ) մայիսի 6-ին Նավառի իշխանությունները ճանաչել են դիմողի 37 տոկոս մշտական անաշխատունակությունը, և նրան տրամադրվել է թոշակ:
2) Պետության գույքային պատասխանատվության հետ կապված վարույթը
a) Վարչական մարմիններին ուղղված բողոք
18) 1996թ) հունիսի 27-ին դիմողի պահանջով իրականացված բժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ դիմողը կրել է ծանր մարմնական վնասվածքներ, մասնավորապես, գլխի նյարդային համակարգի վնասվածք, ուղեղի վնասվածքներ, թմբիր (կոմա), աչքերի և դեմքի աջ կողմում երրորդ աստիճանի վնասվածքներ, ինչպես նաև նյարդային վնասվածքներ, նյարդահոգեբանական, աչքերի հիվանդություն և գլխի, պարանոցի, դեմքի վրա առկա էին սպիներ: Հաստատվել է նռնակի ազդեցության և վերոշարադրյալ վնասվածքների առաջացման միջև պատճառահետևանքային կապը և գնահատվել է պահանջվելիք փոխհատուցման գումարը:
19) 1996թ) օգոստոսի 2-ին դիմողը բողոք է ներկայացրել Ներքին գործերի նախարարություն՝ վերոնշյալ փաստերի հիման վրա պահանջելով իր կրած վնասների և բաց թողնված օգուտների փոխհատուցում: Նա պահանջել է 31 831 618 պեսո (191 311, 88 եվրո) ստացած վնասվածքների համար, 1 500 000 պեսո (9 0145,17 եվրո)` 1992-1996թթ. ընթացքում բաց թողնված եկամուտների համար, 10 000 000 պեսո (60 101,21 եվրո)՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, 2 000 000 պեսո (12 020,24 եվրո)՝ մշտական մասնակի անաշխատունակություն առաջացրած վնասվածքների համար, 903 000 պեսո (5 427,14 եվրո)` 129 օր հիվանդանոցում մնալու համար և 990 000 պեսո (5 950,02 եվրո)` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 330 օր անաշխատունակության համար: Ընդհանուր առմամբ՝ 47 224 816 պեսո (283 826,86 եվրո):
20) 1996թ. սեպտեմբերի 25-ին հանրային ծառայության աշխատակցի կողմից հասցված վնասների առնչությամբ վարչական վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ վարչակազմի գույքային պատասխանատվությունը կարգավորող նորմերը կիրառելի են վիճելի փաստերի նկատմամբ:
Նա առաջարկել է դիմողի բողոքը բավարարել մասնակիորեն և դիմողին տրամադրել 14 644 842 պեսո (88 017, 27 եվրո)՝ որպես կրած վնասների և բաց թողնված օգուտների փոխհատուցում: Այս գումարի չափը որոշելիս գործը քննող դատավորը հաշվի է առել այն փաստը, որ դիմողը մասնակցել է 1991թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, և այդ առումով նա պատասխանատու է եղել:
21) Դիմողը ներկայացրել է իր առարկությունները՝ հիմնվելով իր կողմից պահանջված գումարի չափի վրա:
22) Հաշվի առնելով դիմողի առարկությունները՝ գործը քննող դատավորը 1996թ. հոկտեմբերի 29-ին հանդես է եկել նոր առաջարկությամբ` բարձրացնելով կրած վնասների և բաց թողնված օգուտների գումարի չափը մինչև 16 811 261 պեսո (101 037, 71 եվրո), որը համապատասխանում էր այն գումարի կեսին, ինչ կտրամադրվեր դիմողին, եթե նա մասնակցած չլիներ անվտանգության ուժերի հետ բախմանը:
23) 1997թ. մայիսի 7-ին Ներքին գործերի նախարարությանն առընթեր պետության իրավական ծառայությունն իր զեկույցի մեջ ընդունել է դատավորի առաջարկությունները:
24) Պետական խորհուրդը, որին գործը փոխանցվել էր դիրքորոշում հայտնելու համար, իր զեկույցը կազմել է 1997թ. սեպտեմբերի 11-ին: Նա առաջարկել է մերժել դիմողի կողմից ներկայացված պահանջը: Արդյունքում` իր որոշմամբ նա հաստատել է, որ մարզային դատարանի կողմից չի բացահայտվել դիմողին վնաս պատճառած այն անձի ինքնությունը, ով նետել էր նռնակը, և գտել է, որ ապացուցված է, որ դիմողը մասնակցել է դաժան բախումներին, որի ընթացքում էլ նռնակը նետվել է, և դիմողը չի փորձել այլ կերպ հիմնավորել իր ներկայությունն այդ վայրում: Զեկույցը հանգում է այն եզրակացությանը, որ պատճառված վնասները չէին կարող մեղսագրվել վարչակազմին, և չարաշահումների արգելքի ընդհանուր կանոնը բացառում է դիմողի պահանջների բավարարումը:
25) 1997թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ Ներքին գործերի նախարարությունը մերժել է դիմողի պահանջը` հիմք ընդունելով պետական խորհրդի զեկույցի եզրափակիչ մասը, որի համաձայն՝ պատճառված վնասը չի կարող մեղսագրվել վարչակազմին:
b) Վարչական վարույթը
26) 1997թ. դեկտեմբերի 15-ին դիմողը վարչական բողոք է ներկայացրել ներպետական դատարան:
27) 1998թ. հունվարի 1-ի դատավճռով դիմողը, ով իր կրած վնասների համար պահանջել էր 10 000 000 պեսո (60 101, 21 եվրո), մասնակիորեն ստանում է բաց թողնված եկամուտները: Առաջին հերթին դատավճիռը հիշեցնում է իսպանական օրենքով վարչակազմի պատասխանատվության օբյեկտիվ բնույթի մասին, մասնավորապես այն, որ հանրային ծառայության աշխատակցի կողմից պատճառված վնասը, որպես կանոն, ենթակա է փոխհատուցման: Այն ճշտում է, որ քրեական դատարանի կողմից հաստատվել է, որ նռնակը, որով հարվածել են դիմողի գլխին և ծանր վնասվածք հասցրել, նետվել է շատ մոտ տարածությունից, ոստիկանության մի աշխատակցի կողմից, ում անձը հայտնի չէ և ով այդ ժամանակ կատարել է իր ծառայողական պարտականությունները: Ներպետական դատարանը գտել է, որ վարչակազմը պատասխանատու է ոստիկանության աշխատակցի ոչ համաչափ գործողության հետևանքով դիմողին պատճառված վնասի համար, քանի որ առկա է ակնհայտ պատճառահետևանքային կապ տվյալ ոստիկանի արարքների և դիմողի ստացած վնասվածքների միջև: Դիմողի կրած վնասների և բաց թողնված օգուտների համար վճարման ենթակա գումարը որոշելիս ներպետական դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ դիմողը գտնվել է այդ վայրերում և մասնակցել է բռնի գործողություններին ու հասարակական կարգի խախտմանը, որին միջամտել է ոստիկանությունը, ինչպես նաև դիմողի տարիքը, նրա ստացած վնասվածքի ծանրությունը, սահմանափակ աշխատունակություն և հիվանդության պահպանված հետևանքները:
28) Պետության փաստաբանը դատավճիռը բողոքարկել է վճռաբեկության կարգով: Իր վճռաբեկ բողոքում պետության փաստաբանը փաստարկել է, որ վնասը պատճառվել է բացառապես հանրային ծառայողի կողմից` իր սովորական կամ ոչ սովորական պարտականությունների իրականացման ժամանակ` պայմանով, որ որևէ այլ արտաքին ուժ չի միջամտել: Փաստաբանը գտել է, որ սույն գործով չկա անմիջական կամ ուղղակի պատճառահետևանքային կապ դիմողի կրած վնասների և ոստիկանի գործողությունների միջև, չնայած որ հիմնավորված չէ դիմողի ներկայությունը այդ վայրերում և նրա մասնակցությունն այդ բախումներին:
29) 2003թ. հունվարի 31-ի դատավճռով բարձրագույն դատական ատյանը բավարարել է փաստաբանի վճռաբեկ բողոքը և բեկանել բողոքարկվող դատավճիռը: Նա հաստատել է նաև այն հանգամանքը, որ դիմողը մասնակցել է այդ անկարգություններին, ինչպես դա ապացուցվել էր քրեական դատարանի կողմից, բարձրագույն դատական ատյանը նշել է` որ չնայած որ հասարակական կարգը պահպանող ուժերի կողմից դիմողին պատճառվել են վնասվածքներ, դա չի կարող դիտվել անօրինական: Ուստի այն դեպքում, երբ ցուցարարները փողոցում խարույկներ վառելու միջոցով բարիկադներ են կառուցել, ոստիկանությունը ստիպված է եղել մի քանի ժամ օգտագործել ծխատար նռնակներ: Դիմողը ևս աջակցել է վտանգավոր իրավիճակի ստեղծմանը և դարձել դրա զոհ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ բարձրագույն դատական ատյանը գտել է, որ ոստիկանության աշխատակիցների գործողությունները եղել են համաչափ և դիմողին պատճառված վնասվածքների առաջացումը բացատրության կարիք չունի` հաշվի առնելով այն, որ դիմողը նույնպես նպաստել է դրանց առաջացմանը:
30) Դատավճռին կցվել է հատուկ կարծիք: Մագիստրանտները գտել են` չնայած այն հանգամանքին, որ դիմողը մասնակցել է 1991թ. դեկտեմբերի 15-ի բախումներին, նա չպետք է կրեր շատ մոտ տարածությունից նետելն արգելված այդ նռնակի վնասակար ազդեցության ռիսկը` հաշվի առնելով հատկապես այն աղետալի հետևանքները, որոնք կարող էին առաջանալ դրանից: Դատարանը նշել է, որ պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն պետական վարչակազմի սխալ գործունեության դեպքում, այլև այն դեպքերում, երբ այդ գործունեությունը գտնվում է նրանց իրավասության սահմաններում, սակայն վնաս է պատճառում:
31) Դիմողը բողոք է ներկայացրել նաև Սահմանադրական դատարան: Նա հղում է կատարել Սահմանադրության 24-րդ (ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունք), 10-րդ, 18-րդ, 15-րդ (բռնության արգելք, անձի պատվի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք) և 14-րդ (խտրականության արգելքի սկզբունք) հոդվածներին:
32) 2003թ. հոկտեմբերի 21-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը ներկայացված բողոքն անթույլատրելի է ճանաչել:
33) Ինչ վերաբերում է դատավարության ընթացքում պատճառված վնասին, ապա Սահմանադրական դատարանը գտել է, որ վերջինիս սկիզբը 1997թ. դեկտեմբերի 15-ը, այսինքն` այն ժամկետը, երբ առաջին անգամ վարչական բողոք է ներկայացվել, և ոչ թե 1991թ. դեկտեմբերի 15-ը, այսինքն` այն ժամկետը, երբ տվյալ իրադարձությունները տեղի են ունեցել: Չնայած, որ վարչական դատավարությունը տևել է 5 տարուց փոքր-ինչ ավելի, Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ ժամանակը երկար չէ: Նման եզրակացության դատարանը եկել է` հաշվի առնելով նմանատիպ դատավարությունների միջին տևողությունը, իշխանությունների և դիմողի վարքագիծը, այն, որ նրանք չեն նպաստել դատավարական ժամկետների անհիմն երկարացմանը, և չնայած միջադեպը տեղի ունենալու պահի և պետության պատասխանատվությունը բացառող վերջնական դատական ակտի հրապարակման միջև առկա ժամանակահատվածի տևողությանը` մոտավորապես 11 տարի, պատճառված վնասի հատուցման վերաբերյալ դիմողի բողոքը մերժվել է:
34) Ինչ վերաբերում է 10-րդ, 15-րդ և 18-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների խախտմանը, Սահմանադրական դատարանը հիշեցրել է, որ առաջին դրույթը ենթակա չէր բողոքարկման, դատարանի գնահատմամբ` բարձրագույն դատական ատյանի կողմից ոստիկանության պատասխան գործողությունները ցուցարարների նկատմամբ համաչափ գնահատելը չի կարող վնաս պատճառել այդ իրավունքներին:
II) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Իսպանիայի սահմանադրությունը
Հոդված 106, կետ 2
«Քաղաքացիներն իրենց իրավունքներին և գույքին պատճառված վնասի` օրենքով սահմանված փոխհատուցման իրավունք ունեն` պայմանով, որ վնասը հանրային ծառայության գործունեության արդյունք է, բացառություն են կազմում անհաղթահարելի ուժի առկայության դեպքերը»:
2) Հանրային կառավարման իրավական ռեժիմի և վարչական զանցանքների համար նախատեսված ռեժիմի մասին նոյեմբերի 26-ի 1992/30 օրենքը (ուժի մեջ է մտել սույն գործով քննության առարկա իրադարձությունների ժամանակ)
Հոդված 139
«1) Քաղաքացիները հանրային վարչակազմի կողմից իրենց գույքին և իրավունքներին պատճառված վնասների փոխհատուցման իրավունք ունեն` պայմանով, որ վնասը պատճառված լինի հանրային ծառայողի կողմից իր սովորական կամ ոչ սովորական պարտականությունների իրականացման ժամանակ, բացառություն են կազմում անհաղթահարելի ուժի առկայության դեպքերը:
2) Ցանկացած դեպքում, վերոնշյալ վնասը պետք է լինի իրական, տնտեսապես գնահատելի և անհատականացված անձի կամ անձանց խմբի նկատմամբ»:
Հոդված 141, կետ 1
«Փոխհատուցման ենթակա են միայն քաղաքացիներին պատճառված այն վնասները, որոնք օրենքով սահմանված կարգով իրավական հիմքեր չունեն»:
Հոդված 142
«1) Հանրային վարչակազմի գույքային պատասխանատվության վերաբերյալ վարույթ կարող է հարուցվել բարձրագույն մարմնի կողմից կամ շահագրգիռ անձանց հայցապահանջի միջոցով:
(...)
5. (...) այդ իրավունքի վաղեմության ժամկետը մեկ տարի է` սկսած այդ փաստի վրա հասնելու կամ փոխհատուցման ենթակա գործողության կատարման կամ վնասի առաջացման պահից: Անձին ֆիզիկական կամ հոգեկան վնաս պատճառելու դեպքում վաղեմության ժամկետն սկսում է ընթանալ նրանց բուժման կամ վերոնշյալ փաստերի ժամկետները որոշելու պահից:
6) Գույքային պատասխանատվության վերաբերյալ դատավարություններում վարչական որոշումը, անկախ հարաբերության հանրային կամ մասնավոր լինելուց, սահմանափակվում է վարչական միջոցով (...)»:
ՕՐԵՆՔԸ
I) ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
35) Դիմողը փաստարկել է, որ ոստիկանության աշխատակիցների անհամաչափ հակազդեցության հետևանքով վնաս է պատճառվել իր ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությանը, որի արդյունքում իրեն ծանր վնասվածքներ են պատճառվել: Նա գտել է, որ քրեական դատավարության ընթացքում չի իրացվել արդյունավետ դատաքննության իր իրավունքը, դրա շրջանակներում չի բացահայտվել ծխատար նռնակը նետած մեղավոր անձի ինքնությունը, նա պնդել է նաև, որ որևէ լրացուցիչ հետաքննություն վարչական դատական ատյանների կողմից չի իրականացվել: Նրա պնդմամբ` բարձրագույն դատական ատյանը հրաժարվել է պատճառված վնասների համար իրեն փոխհատուցում տրամադրել: Նա նշել է, որ առկա է Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների խախտում:
Մատնանշված դրույթները հետևյալն են.
Հոդված 3
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Հոդված 8, կետ 1
«Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ոչ ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք»:
1) Ընդունելիությունը
36) Ինչ վերաբերում է մատնանշված դրույթներին, ապա Կառավարության առարկությունը վերաբերում է բողոքարկման ներպետական միջոցների լիարժեք չօգտագործմանը, այն դեպքում, երբ դիմողը միայն գույքային պատասխանատվության վերաբերյալ դատավարությունն է բողոքարկել: Ամպարոն ներկայացվել է միայն դիմողի փոխհատուցման պահանջների մերժման և ոչ թե քրեական դատավարության շրջանակներում քննիչ դատավորի կողմից ընդունված և մարզային դատարանի կողմից հաստատված` գործը կարճելու մասին որոշման դեմ:
37) Դիմողը նշել է, որ քրեական դատարանը եզրակացրել է, որ վնասվածքներ պատճառելը հանցագործություն է, սակայն ոստիկանության աշխատակիցը, ով վնասվածքներ է հասցրել, հայտնի չէ: Նրա ինքնությունը հնարավոր չի եղել պարզել, անարդյունավետ է եղել վարույթի ժամանակի երկարացումը 4 տարի ժամկետով, այն դեպքում, երբ մեղավոր անձը հայտնի չի եղել, դիմողը չի կարողացել իրականացնել իր քաղաքացիական իրավունքները քրեական դատավարության ընթացքում (հանցագործության կամ զանցանքի համար պատասխանատու անձը պատասխանատվություն է կրում նաև քաղաքացիական դատավարության կարգով): Ահա թե ինչու դիմողը գույքային պահանջ է ներկայացրել վարչակազմին և այնուհետև` վարչական դատական ատյանին, առաջին ատյանի դատարանին, Սահմանադրական դատարանին: Բողոքարկման ներպետական միջոցների լիարժեք օգտագործման կանոնից որևէ շեղում նա թույլ չի տվել:
38) Դատարանը պարզել է, որ դեպքերի կատարման օրը դիմողին պատճառված ծանր վնասվածքների փաստի առթիվ Պամպելունի թիվ 3 քննիչ դատավորի կողմից քրեական վարույթ է հարուցվել: Այն արձանագրել է, որ քննիչ դատավորի կողմից երկու անգամ վարույթը կարճվել է, Նավառի մարզային դատարանը հիմնավորված է համարել այն հանգամանքը, որ վնասվածքները պատճառվել և համապատասխան հանցագործությունը կատարվել է ուժային կառույցների կողմից, այնուամենայնիվ, վերջինս հաստատել է, որ ծխատար սարքը նետած անձի ինքնությունը հնարավոր չի եղել պարզել, ուստի մարզային դատարանը հաստատել է վարույթը կարճելու մասին բողոքարկված դատական որոշումը:
39) Դատարանի կարծիքով` այս արձանագրությունը բավարար էր, որպեսզի դիմողը կարողանար վարչակազմին պատասխանատվության ենթարկելու մասին վարույթ հարուցել, քանի որ քրեական դատավարությունում հաստատվել էր այն փաստը, որը իրավախախտումը կատարվել է վարչակազմի աշխատակիցներից որևէ մեկի կողմից: Սահմանադրական դատարանին ներկայացված ամպարոն կարող էր հաստատել այս արձանագրությունը, սակայն դիմողը դա չի արել, չի նշել մեղավոր անձին կամ անձանց, քրեական դատավարության ուղղակի կամ կոնկրետ նպատակը: Այո, Սահմանադրական դատարանը կարող էր հանձնարարել դատական ատյաններին ներկայացված ապացույցներով նորից քննել գործը կամ ներկայացնել նոր ապացույցներ, ինչը կերկարացներ առանց այն էլ գրեթե 4 տարի տևած դատավարությունը: Հաշվի առնելով այս հանգամանքը` դիմողը որոշել է վարչակազմի պատասխանատվության վերաբերյալ հայցապահանջ ներկայացնել, պատասխանատվություն, որը հաստատվել է քրեական դատավարության կարգով:
40) Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դիմողին, ով ընտրել էր առավել արդյունավետ վարչական փոխհատուցման ճանապարհը, կարելի էր առաջարկել վնասների վերականգնում և հաջողության հասնելու ողջամիտ տեսակետներ ներկայացնելով` հնարավոր չէր լինի նրան մեղադրել դրանցից բացի այլ միջոցներ օգտագործել փորձ չկատարելու մեջ, քան այն, ինչը հասանելի է եղել, սակայն սույն գործով ներկայացվել էին ավելի նվազ հաջողության հնարավորություններ (տե՜ս, օրինակ, Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի 1999թ.-ի հունվարի 28-ի վճիռը, գանգատ թիվ 25803/94): Ինչ վերաբերում է կատարված խախտումներին, ապա 35-րդ հոդվածի 1-ին պարբերությունը հիմնվում է 13-րդ հոդվածում ամրագրված այն դրույթի վրա, որ ներքին կարգը առաջարկում է արդյունավետ բողոքարկման հնարավորություն: Նշված գանգատները, մյուս կողմից` պետք է լիովին կապված լինեն համապատասխան, կատարված և դատապարտելի խախտումների հետ (տե՜ս, օրինակ Միֆսուդն ընդդեմ Ֆրանսիայի վճիռը, գանգատ թիվ 57220/00):
41) Այս առումով Դատարանն արդեն հայտարարել է, որ եթե ֆիզիկական անձեռնմխելիության կամ կյանքի իրավունքի խախտումը դիտավորյալ չի կատարվել, ապա արդյունավետ դատական համակարգն ամեն դեպքում չի պահանջում քրեական հետապնդման իրականացում, և նման պարտականություն կառաջանա, եթե քաղաքացիական, վարչական և կարգապահական վարույթներ հարուցված լինեին շահագրգիռ անձանց նկատմամբ: Այս տեսանկյունից` 2006թ. նոյեմբերի 28-ի Մուռիլո Սալդիասն ընդդեմ Իսպանիայի վճռում, դատարանը հանգել է այն եզրակացության, որ դիմողի կողմից չեն սպառվել իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, քանի որ նշված գործով դիմողները, ովքեր վկայակոչել էին Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, վարչական դատարաններին չէին ներկայացրել պետությանը պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցապահանջ, մինչդեռ սույն գործով դիմողը դա արել է:
42) Վերոշարադրյալի հիման վրա անհրաժեշտ է վերացնել Կառավարության կողմից մատնանշված բացառությունը:
43) Մյուս կողմից` Դատարանը հաստատում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ բողոքը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:
2) Հանգամանքները
1) Կողմերի փաստարկները
44) Դիմողը գտել է, որ իրեն պատճառված վնասներն անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի արդյունք են և վնաս են պատճառել իր անձնական կյանքին: Նա հիշեցրել է, որ քրեական դատավարությունը թույլ տվեց պարզել, որ ոստիկանության մի աշխատակից պատասխանատու է իր վնասվածքների համար, սակայն քննիչ դատավորից թաքցրել է իր ինքնությունը: Մոտ տարածությունից նետված ծխատար նռնակից տուժածին պատճառված վնասները եղել են «ոչ ցանկալի և պատահական»: Արդյունքում` նրան ծանրագույն վնասվածքներ են պատճառվել, նա ընկել է թմբիրի (կոմայի) մեջ և գրեթե հասել մահվան: Սակայն պետությունն իր մասով ազատվել է բոլոր տեսակի գույքային պատասխանատվություններից, և նա ստիպված է եղել միայնակ կրել պետության աշխատակցի կողմից կատարված իրավախախտման հետևանքները:
45) Դիմողը նշել է, որ ո՜չ ոստիկանական մարմինները, ո՜չ ծխատար նռնակը նետած ոստիկանը դատավարության որևէ փուլում չեն համագործակցել դատական իշխանության մարմինների հետ` բացահայտելու համար այն փաստերն ու հանգամանքները, որոնց պարագայում տեղի են ունեցել այդ իրադարձությունները, և ո՜չ էլ աջակցել են ապացուցելու պատճառված վնասների համար նրա պատասխանատվությունը կամ համատեղ պատասխանատվությունը: Նա նշել է, որ ո՜չ ազգային դատարանը, ո՜չ բարձրագույն դատարանը և ո՜չ էլ Սահմանադրական դատարանը վարչաիրավական դատավարության շրջանակներում բազմակողմանի քննություն չեն իրականացրել:
46) Կառավարությունը նշել է, որ դիմողը մասնակցելով բռնի և անօրինական ցույցին` նույնպես աջակցել է վտանգի առաջացմանը, ինչն անցանկալի հետևանքներ է ունեցել: Տվյալ դեպքում նա չի գտել, որ առկա է դիմողի անձնական կյանքին հասցված վնաս, իսկ ոստիկանների գործողություններն ամբողջովին հիմնավորված են, չնայած որ հասարակական կարգին լուրջ վնաս է հասցվել և ծխատար նռնակի նետումը եղել է պատահականության արդյունք: Կառավարության պնդմամբ` այս իրավիճակում չկա ո՜չ անմարդկային և նվաստացնող վերաբերմունք, ո՜չ անձնական կյանքին հասցված վնաս, իսկ առկա վնասները չեն ենթադրում, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների խախտում:
2) Դատարանի գնահատականը
47) Դատարանը 3-րդ հոդվածի կապակցությամբ հիշեցնում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածը մասնակից պետություններին պարտավորեցնում է իրենց դատական իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովել Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ու ազատությունների իրացումը և հանձնարարում է ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի վերոնշյալ անձինք չենթարկվեն վատ վերաբերմունքի: Այսպիսով, պետությունը կարող է պատասխանատվության ենթարկվել այն ժամանակ, երբ օրենքը չի ապահովում բավարար պաշտպանություն:
48) Դատարանն արդեն հայտարարել է, որ եթե կյանքին և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքին պատճառված վնասը դիտավորյալ չի պատճառվել, ապա բոլոր դեպքերում արդյունավետ դատական համակարգը չի պահանջում պարտադիր կարգով քրեական քննության իրականացում, և նման պարտականություն կարող էր առաջանալ, եթե քաղաքացիական, վարչական, կարգապահական իրավունքի ճանապարհները բաց լինեին շահագրգիռ անձանց համար:
49) Այնուամենայնիվ, սույն գործով քննության առարկա հանդիսացող ոլորտներում կիրառվելիք սկզբունքները, որոնք զարգացվել են Դատարանի կողմից, և որոնք կիրառվում են նման գանգատների դեպքում,ամբողջովին ենթակա են կիրառման նաև այլ բնույթի գործերով: Այս տեսանկյունից կարևոր է հիշեցնել, որ եթե ինքնասպանության դեպքերով 2-րդ հոդվածը պարտավորեցնում է պաշտոնական քննություն իրականացնել, ապա դա արվում է ոչ միայն նրա համար, որ այս վերնագրում ձևակերպված հղումներն են պահանջում քրեական պատասխանատվություն, այլ հատկապես նրա համար, որ պրակտիկայում պատահում է, որ միայն պետական իշխանությունները և իրավասու անձինք են իմանում և կարող են իմանալ իրական հանգամանքները, որոնց պայմաններում մահը վրա է հասել:
50) Այս եզրահանգումները, անկասկած, հաշվի են առնվում նաև այն դեպքերում, երբ պատճառված վնասները հանրային իշխանության պատասխանատվության ներքո առաջացած իրադարձությունների հետևանք են և սահմանվում են Կոնվենցիայի ոչ թե 2-րդ, այլ 3-րդ հոդվածով: Նման դեպքում, իրավասու իշխանությունները պետք է պատշաճ արագություն և ջանասիրություն գործադրեն և համապատասխան մարմիններին հանձնարարեն հետաքննություն իրականացնել պարզելու համար, մի կողմից, այն հանգամանքները, որոնց պարագայում նման վնաս է հասցվել, ինչպես նաև այդ փաստի քննության ընթացքում թույլ տրված բոլոր թերությունները և, մյուս կողմից` հանգամանքների համադրմամբ բացահայտել համապատասխան պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց:
51) Տվյալ դեպքում, կողմերը չեն վիճարկել այն, որ քրեական դատարանի կողմից հաստատվել է, որ շահագրգիռ անձը ոստիկանի կողմից վիրավորվել է անվտանգության ուժերի հետ դաժան բախումների ընթացքում: Մյուս կողմից` չնայած քննությանը, որի ընթացքում չի պարզվել նռնակը նետած ոստիկանի ինքնությունը, նրան մնում է ոչ այլ, ինչ քան 1995թ. սեպտեմբերի 25-ի իր որոշումը, որով Նավառի մարզային դատարանը գտել է, որ անվտանգության ուժերը կատարել են իրավախախտումներ և դրա արդյունքում վնասվածքներ են հասցրել: Այսպիսով, դիմողին պատճառված վնասի համար պետությունը պատասխանատվություն է կրում:
Մնում է պարզել, թե արդյոք դիմողը կարողացել է ստանալ պատճառված վնասներին համապատասխան փոխհատուցում:
52) Դատարանն արդեն հաստատել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայով սահմանված մեկ կամ մի շարք իրավունքների խախտում: Տուժողը պետք է հնարավորություն ունենա պատասխանատվության ենթարկել պետական մարմիններին կամ պաշտոնատար անձանց: Ինչ վերաբերում է վնասների փոխհատուցմանը, ապա այն, որպես կանոն, պետք է հնարավոր լինի և վերականգնման ռեժիմի մասը կազմի: Սա կիրառվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում:
53) Սույն գործով` քրեական վարույթն ավարտվել է մասամբ հայցից հրաժարվելու պատճառով վարույթի կարճմամբ և որևէ որոշում չի կայացվել: Սակայն` դրանից հետո դիմողը Ներքին գործերի նախարարության վարչակազմի դեմ գույքային պահանջ է ներկայացրել` իրեն պատճառված վնասների համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Գործը քննող վարչական դատարաններն իրավասու էին որակել արարքները, որոշել դրանց կատարման համար մեղավոր անձանց և կայացնել կատարողական որոշում: Դիմողի ընտրած վարչական ճանապարհը բավարար էր, որպեսզի նա կարողանար հաստատել իրեն պատճառված նյութական վնասները, և նրան` հոդված 3-ի խախտման համար համապատասխան փոխհատուցում տրամադրելը թույլատրելի էր: Այսպիսով, դիմողն օգտվել է վարչակազմի գործողության հետևանքով փոխհատուցում ստանալու ողջամիտ հեռանկարներից: Մնում է պարզել, թե արդյոք այս բողոքը պրակտիկայում արդյունավետ էր` հաշվի առնելով սույն գործի հանգամանքները:
54) 1997թ. մայիսի 7-ի իր զեկույցում Ներքին գործերի նախարարության պետաիրավական ծառայությունը բավարարել է գործը վարող քննիչի միջնորդությունը, որի համաձայն վերջինս պետք է պատճառված վնասների համար փոխհատուցեր 101 037,71 եվրո, այսինքն` այն գումարի կեսը, որը նրան կտրամադրվեր, եթե նա մասնակցած չլիներ անվտանգության ուժերի հետ բախումներին: Պետական խորհուրդը, սակայն, առաջարկել է չբավարարել դիմողի պահանջը` հիմնվելով այն փաստի վրա, որ դիմողին պատճառված վնասները չեն կարող մեղսագրվել վարչակազմին:
55) Դիմողն այնուհետև հարուցել է վարչաիրավական վարույթ և մասնակի բավարարում է ստացել առաջին ատյանի դատարանում: Այնուամենայնիվ, բարձրագույն դատարանը վճռաբեկության կարգով որոշել է, որ ոստիկանության պատասխան գործողությունները համաչափ չեն եղել և դիմողին պատճառված վնասները պատահականության արդյունք են:
56) Դատարանին նման հիմնավորումը չի բավարարում: Արդյունքում նա, մի կողմից, նշում է, որ քրեական դատարանը չի հաստատել կամ չի փորձել հաստատել դիմողի պատասխանատվությունն իր կրած վնասների հարցում, մյուս կողմից` վարչական դատարանը դատավարության ընթացքում նույնպես չի իրականացրել լրացուցիչ քննություն` դիմողի պատասխանատվության չափը որոշելու համար: Դատարանի համար դիմողը պարտավորված չէր միայնակ կրել ծխատար նռնակի ազդեցության հետևանքը: Նռնակի օգտագործումը և դրա օգտագործման եղանակը իրենցից իրական վտանգ են ներկայացրել ներկա գտնված անձանց կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության համար: Սակայն ներպետական դատական ատյանները մերժելով դիմողի պահանջած փոխհատուցումը` բավարար կերպով չեն որոշել վնասվածքների ծանրությունը և վերջնական որոշում չեն կայացրել այն հարցի վերաբերյալ, թե պետական մարմինների կողմից նման միջոցի կիրառումն անհրաժեշտ և համաչափ էր դրա օրինական նպատակին, այն է` անկարգությունների դադարեցմանը:
57) Դատարանը հաստատում է, որ բարձրագույն դատարանը հաշվի չի առել վարչակազմի պատասխանատվությունն այն փաստերի կապակցությամբ, որոնք հաստատվել են քրեական դատարանի կողմից: Մյուս կողմից` նա պատշաճ ձևով չի ուսումնասիրել դիմողին պատճառված` տնտեսապես գնահատելի և արդյունավետ վնասի առկայությունը, ոչ էլ դեպքի և վնասի միջև սույն գործով առկա պատճառահետևանքային կապը: Այսպիսով, սույն գործով տեղի չի ունեցել որևէ քննություն և որևէ հիմնավորում չի ներկայացվել բացատրելու համար իրավասության շրջանակներից թույլ տրված շեղումը:
58) Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Դատարանը եզրահանգում է, որ խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը:
B) Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
59) Ի տարբերություն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, այս տեսանկյունից կողմերի դիտարկումներն էապես նույնն են:
60) Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ արված եզրահանգման հիման վրա Դատարանը գտնում է, որ որևէ առանձին հարց նշանակալից չէ 8-րդ հոդվածի առումով, և այն որևէ առանձին որոշում այս դրույթի վերաբերյալ չի կայացնում:
II) ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
61) Դիմողը պնդել է ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտման մասին: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որի համաձայն.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
1. Ընդունելիությունը
62) Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:
2) Հանգամանքները
63) Դիմողը նշել է, որ դատավարությունն սկսվել է 1991թ դեկտեմբերի 15-ին և ավարտվել 2003թ. հոկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այսպիսով, այն տևել է 11 տարի 10 ամիս: Նա պնդել է, որ պետության գույքային պատասխանատվության վերաբերյալ իր հայցապահանջը չի բավարարվել, քանի որ քրեական վարույթի ընթացքում հնարավոր չի եղել պարզել ոստիկանական դաժան ագրեսիայի հեղինակին: Այն փաստը, որ քրեական քննությունն իրականացվել է դատարանի որոշմամբ և դեռևս ավարտված չի եղել, խանգարել է դիմողին ներկայացնել վարչաիրավական կամ քաղաքացիական հայց:
64) Կառավարությունը պնդել է, որ ժամկետն սկսել է ընթանալ 1997թ. դեկտեմբերի 15-ից, ինչը հաստատել է Սահմանադրական դատարանը, դա է այն ամսաթիվը, երբ դիմողը բողոք է ներկայացրել իր պահանջած փոխհատուցումը պետության կողմից վճարելուց հրաժարվելու դեմ : Այդ ժամկետը 1991թ. դեկտեմբերի 15-ը չէ, ինչպես նշել է դիմողը: Կառավարության համար դատավարության ընդհանուր ժամկետը 5 տարի և մեկ ամիս է, մինչև բարձրագույն դատարանի 2003թ. հունվարի 31-ի դատավճռի կայացումը: Այս ժամկետը չի կարող համարվել ոչ ողջամիտ: Նա հենվում է գործի բարդության և այն փաստի վրա, որ գործը քննած երկու դատարաններից մեկը բարձրագույն դատարանն էր, ինչը հիմնավորում է տվյալ ժամկետը:
1) Ժամկետը, որը պետք է հաշվի առնվի
65) Ժամկետը, որը պետք է հաշվի առնվի սկսվում է 1991թ. դեկտեմբերի 15-ից: Դա այն ամսաթիվն է, երբ դիմողին պատճառվել է վնասվածքներ և քրեական վարույթ է հարուցվել և ավարտվել է 2003թ. հոկտեմբերի 21-ին` Սահմանադրական դատարանի որոշմամբ: Ժամկետը, որը պետք է ուսումնասիրվի` 11 տարի 10 ամիս է: Այսպիսի եզրահանգման գալու համար Դատարանը հաշվի է առել այն փաստը, որ արագացված քրեական դատավարությունում վնասի պատճառման համար մեղավոր անձանց ինքնությունը պարզելն անհրաժեշտ է եղել պետությանը պատասխանատվության ենթարկելու համար: Մյուս կողմից` Դատարանը գտնում է, որ սույն գործով դատավարական ժամկետը որոշելու համար պետք է հաշվի առնել դիմողի կատարած բոլոր քայլերը, որով նա փորձել է քրեական դատավարության միջոցով պարզել մեղավոր անձի ինքնությունը, իսկ պետական մարմնի աշխատակցի գործողության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալ վարչակազմի պատասխանատվության վերաբերյալ դատավարության միջոցով:
2) Դատավարության ողջամտությունը
66) Դատարանը դատավարության ժամկետը գնահատում է ողջամիտ` հաշվի առնելով գործի հանգամանքները, ընդհանուր չափորոշիչները, մասնավորապես, գործի բարդությունը, իրավասու մարմինների և դիմողի վարքագիծը:
67) Դատարանը գտնում է, որ գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացրել, սակայն դա չէր կարող հիմնավորել գործի այդքան երկարատևությունը: Ինչ վերաբերում է դիմողի վարքագծին, ապա գործի վարույթից չի երևում, որ նա նպաստել է դրա ձգձգմանը` չհաշված այն 10 ամիսը, որը նրան անհրաժեշտ է եղել բաց թողնված օգուտների և վնասների փոխհատուցման նպատակով ներքին գործերի նախարարություն պահանջ ներկայացնելու համար: Այս ժամկետը նախատեսված է օրենքով: Այսպիսով, Դատարանը հաշվի առնելով ողջամիտ ժամկետի կապակցությամբ Կոնվենցիայի մարմինների դատական պրակտիկայի կողմից սահմանված չափանիշները, ինչպես նաև իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, գտել է, որ դատարանում վեճը չի քննվել ողջամիտ ժամկետում:
III) ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
68. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
1) Նյութական վնաս
69) Դիմողը պահանջել է 283 826,86 եվրո՝ որպես իրեն պատճառված նյութական վնասի փոխհատուցում. փոխհատուցման այդ չափը պահանջվել է Իսպանիայի դատական ատյաններից՝ գումարած 141 409,40 եվրո, որը համապատասխանում է 1991թ) դեկտեմբերի 15-ից մինչև դատարանի կողմից դատավճռի կայացման օրը կատարված փոփոխությանը:
70) Կառավարությունը պաշտպանել է այն տեսակետը, որ պատճառված վնասների պատասխանատվությունը դիմողի կողմից ամբողջովին և բացարձակապես չի կարող վերագրվել պատասխանող պետությանը: Համենայնդեպս այն գտել է, որ դիմողի պահանջած գումարները գերազանցում են նմանատիպ վնասների փոխհատուցման համար ներպետական դատարանների կողմից որպես կանոն վճարվող գումարը:
71) Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում իր կողմից հաստատված՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման և շահագրգիռ անձի վկայակոչած նյութական վնասի միջև առկա է բացահայտ պատճառահետևանքային կապ: Հաշվի առնելով այն անորոշությունները, որոնք բնութագրում են դիմողի իրավիճակը, նրա վիճակի ծանրությունը, նրա անաշխատունակությունը՝ Դատարանը գտնում է, որ պետք է փոխհատուցվեն ինչպես անցյալում կրած, այնպես էլ ապագայում սպասվելիք վնասները: Հիմնվելով արդարացի փոխհատուցման պահանջի վրա՝ Դատարանը դիմողին տրամադրում է 100 000 եվրո՝ ներառյալ այն գումարները, որոնք կապված են հարկերի հետ:
2) Բարոյական վնաս
72) Դիմողը պահանջել է 83 000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
73) Կառավարությունն այս առումով որևէ կերպ չի արձագանքել:
74) Դատարանը գտնում է, որ դիմողին բարոյական վնաս է պատճառվել: Հաշվի առնելով գործի հանգամանքները և հիմնվելով Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված իրավական հիմքի վրա՝ Դատարանը որոշում է դիմողին տրամադրել 40 000 եվրո:
B) Ծախսերը և ծախքերը
75) Դիմողը դատական ծախսերի համար պահանջել է 67 918,84 եվրո: Նա նշել է, որ իր փաստաբանի հոնորարի գումարը 67 187,24 եվրոյից կազմել է 10 457,61 եվրո` դատաքննության համար, բարձրագույն դատարանին վճարվել է 720 եվրո՝ որպես դատական ծախս, ինչպես նաև Դատարանին ներկայացված գանգատի համար վճարվել է 111,60 եվրո:
76) Դատարանի պրակտիկայի համաձայն՝ դիմողը դատական ծախսերի համար կարող է ստանալ փոխհատուցում միայն այն դեպքում, երբ այդ գումարները հիմնավորված, անհրաժեշտ և ողջամիտ են եղել: Տվյալ դեպքում, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող նյութերը և վերոնշյալ սկզբունքները` Դատարանը հիմնվելով արդարացի փոխհատուցման պահանջի վրա, դիմողին հատկացնում է 30 000 եվրո:
C. Տուգանային տոկոսները
77. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Միաձայն վճռում է, որ բողոքը ընդունելի է,
2. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,
3. Միաձայն վճռում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածից որևէ առանձին հարց չի բխում,
4. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում,
5. Վճռում է`
a) միաձայն, որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի հետևյալ գումարները՝
100 000 եվրո նյութական վնասի համար,
30 000 եվրո դատական ծախսերի համար,
b) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի հետևյալ գումարը`
40 000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում
c) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին՝ հավելած երեք տոկոս,
6) Միաձայն մերժում է մնացած մասով առկա պահանջները:
Կատարվել է ֆրանսերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել է 2009 թվականի հունվարի 8-ին:
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ մասի հիման վրա դատավորներ Ֆուռա Սանդստռոմի, Գյուլումյանի և Սաիզ Առնաիզի հատուկ կարծիքը կցվում է սույն գործին:
Դատավորներ Ֆուռա Սանդստռոմի, Գյուլումյանի և Սաիզ Առնաիզի հատուկ կարծիքը
Մենք մեծ մասամբ քվեարկել ենք որոշման բոլոր կետերին կողմ, բացառությամբ այն կետերի, որոնք վերաբերում են բարոյական վնասին: Մենք ենթադրում էինք, որ բարոյական վնասի առումով Դատարանն այլ եզրակացության կհանգեր` հետևյալ պատճառով.
Դիմողը պահանջել է 83 000 եվրո, իսկ մեծամասնությունը, հիմնվելով արդարացի փոխհատուցման պահանջի վրա, որոշեց նրան տրամադրել 40 000 եվրո:
Հաշվի առնելով 6-րդ և 13-րդ հոդվածների խախտման համար տրամադրվող բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ դատական պրակտիկան՝ մենք գտնում ենք, որ այդ գումարը չափից ավելի է և ավելի նպատակահարմար կլինեն տրամադրել 30 000 եվրո:
Մենք այստեղ չենք քննարկում դիմողի բողոքները: Նրա կյանքի համար վտանգավոր վերոնշյալ դեպքերը տեղի ունենալու ժամանակ նա երիտասարդ տղամարդ էր: Այլ գործերով, երբ Դատարանը 3-րդ հոդվածի խախտում է արձանագրել, նա գումարներ է տրամադրել ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասի փոխհատուցման համար (տե՜ս Միխեևն ընդդեմ Ռուսաստանի, 2006 թ) հունվարի 26-ի և Իլհանն ընդդեմ Թուրքիայի վճիռները): Այս երկու գործերը, այնուամենայնիվ, տարբերվում են սույն գործից նրանով, որ դիմողների ձերբակալության և հարցաքննության ընթացքում վատ վերաբերմունք էր ցուցաբերվել: Բայց տվյալ դեպքում դիմողը մասնակցել է բողոքի ցույցին՝ կատարելով բռնություններ և, բարձրագույն դատարանի եզրահանգումների համաձայն, նպաստել է այն վտանգավոր իրավիճակի ստեղծմանը, որի զոհն է դարձել հետագայում:
Այս իրավիճակը կարող ենք համեմատել Գյուլեքն ընդդեմ Թուրքիայի գործի հանգամանքների հետ, երբ դիմողի տղան` մահացած վիճակում, հայտնաբերվել էր դաժան ցույցերի ընթացքում, և Դատարանը գտավ, որ առկա է հոդված 2-ի խախտում և որոշեց 50 000 ֆրանսիական ֆրանկ տրամադրել որպես պաշտոնատար անձի կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում պատճառված բարոյական վնասի, ինչպես նաև մահվան փաստի քննության հետ կապված վարույթի բացթողումների փոխհատուցում:
Այո՜, դժվար է գնահատել պահանջը, բայց 41-րդ հոդվածը Դատարանին պարտադրում է իրականացնել այդ պարտականությունը: Որքան գումար էլ որ հատկացված լինի, այն տվյալ գործով երբեք չի կարող համարվել համաչափ փոխհատուցում: Մյուս կողմից` Դատարանը պետք է նաև ապացուցեր փաստերի միջև կապը և խուսափեր այս գործերով տարբեր միջոցներ կիրառելուց: Ահա թե ինչու ենք մենք գտնում, որ ավելի ճիշտ կլիներ որպես բարոյական վնասի փոխհատուցում տրամադրել 30 000 եվրո:
