ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 860-Ա
«Հ. ԳՅՈՒԼԻՔԵԽՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 103 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 282.210.04560) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
4. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` տնօրենի պաշտոնակատար) նշանակել Սպարտակ Պավլուշի Վարդանյանին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր` AN0779194, տրված՝ 23.12.2013 թ., 019-ի կողմից):
5. Առաջարկել հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների` հիմնադրամին փոխանցման ակտը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հաստատման,
բ. ապահովել փոխանցման ակտի համաձայն դրամական մնացորդները, դեբիտորական և կրեդիտորական պարտքերը հիմնադրամին փոխանցելու՝ հանձնելու-ընդունելու գործընթացը։
7. Սահմանել, որ՝
1) հիմնադրամը «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 8 Երևան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը (այսուհետ` դպրոց) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Դպրոցը «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 282.210.04560) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան): «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հ. Գյուլիքեխվյանի անվան հ. 103 միջնակարգ դպրոց» հիմնարկի (պետական գրանցման համարը` 282.0031) իրավահաջորդն է:
3. Դպրոցն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
4. Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
5. Դպրոցի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամ.
2) հայերեն կրճատ` «ՀՉԲԴ» հիմնադրամ.
3) ռուսերեն լրիվ` Фонд «Школа армяно-китайской дружбы».
4) ռուսերեն կրճատ` Фонд «ШАКД».
5) անգլերեն լրիվ` «Armenian-chinese friendship school» Foundation.
6) անգլերեն կրճատ` «AKFSCH» Foundation։
6. Դպրոցի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0091, Զաքարիա Սարկավագի 14:
II. ԴՊՐՈՑԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
7. Դպրոցն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում պետական գրանցման պահից ու գործում է անժամկետ:
8. Դպրոցը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են դպրոցի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:
9. Դպրոցը որպես սեփականություն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
10. Դպրոցն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
11. Դպրոցի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը, ինչպես նաև ամբողջ գույքը պետք է օգտագործվեն նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:
12. Դպրոցն իր կանոնադրությանը համապատասխան՝
1) օգտագործում է հիմնադրի կողմից դպրոցին տրամադրված գույքը.
2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
13. Դպրոցը կարող է ունենալ իր անվանմամբ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք` հայերենով, ռուսերենով և անգլերենով, դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:
14. Դպրոցի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
15. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում դպրոցի պարտավորությունների համար, իսկ դպրոցը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Դպրոցն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:
III. ԴՊՐՈՑԻ ԳՈՒՅՔՆ ՈՒ ԴՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
16. Դպրոցի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝
1) հիմնադրի ներդրումը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.
3) դրամական մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
4) դրամաշնորհները.
5) դպրոցի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (գիտակրթական, մշակութային, մարզական, ժամանցային և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).
7) օրենքով չարգելված այլ միջոցներ:
17. Դպրոցի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, դպրոցի մարմինների անդամների, ինչպես նաև դպրոցի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և դպրոցի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ դպրոցի մարմինների անդամները, ինչպես նաև դպրոցի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներն են:
18. Դպրոցին՝ որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը դպրոցի սեփականությունն է: Դպրոցն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։
19. Դպրոցի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:
IV. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
20. Դպրոցի գործունեության առարկան երկրորդ և երրորդ աստիճանների հանրակրթական ծրագրերի, այդ թվում՝ չինարենի, այլ առարկաների և դասընթացների հոսքային, խորացված, այլընտրանքային, փորձարարական, հեղինակային ուսումնական ծրագրերի իրականացումն է:
21. Դպրոցի գործունեության նպատակը սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի, այդ թվում՝ դպրոցում իրականացվող չինարենի դասընթացների հոսքային, խորացված, այլընտրանքային, փորձարարական, հեղինակային ուսումնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման, անհատի բազմակողմանի զարգացման, նրա առողջության պահպանման, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման, հայ-չինական բարեկամության և մշակութային կապերի ամրապնդման համար համապատասխան պայմանների ստեղծման ապահովումն է:
22. Դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:
23. Դպրոցը պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, իրականացվող լրացուցիչ, խորացված և այլ ուսումնական ծրագրերի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության, ուսուցման մեթոդների ու ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:
24. Դպրոցի կողմից իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`
1) ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխատանքները.
2) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.
3) սովորողների սննդի կազմակերպումը.
4) սովորողների կազմակերպված տրանսպորտային փոխադրումները.
5) սովորողների երկարօրյա ուսուցման և գիշերակացի կազմակերպումը.
6) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:
25. Դպրոցն անձամբ կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) մասնագիտական գիտելիքների ձեռքբերման դասընթացների (լրացուցիչ հանրակրթական ծրագրերի) իրականացում.
2) համակարգչային դասընթացների, օտար լեզուների դասընթացների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.
3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
4) արտադպրոցական կրթության կազմակերպում:
26. Դպրոցը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
V . ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
27. Դպրոցում ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
28. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարվում են հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
29. Հանրակրթական հիմնական ծրագրերի յուրաքանչյուր աստիճանի (հիմնական, միջնակարգ) ավարտին ստուգվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանությունը՝ իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում:
30. Դպրոցի շրջանավարտին, ըստ հիմնական և միջնակարգ կրթական մակարդակների, տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթուղթ:
31. Դպրոցի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ հոսքային դասարաններում (բացառությամբ արհեստագործական և ընդհանուր հոսքերի), հոսքային առարկաներից տարեկան դրական գնահատական ունեցող սովորողների համար, մանկավարժական խորհրդի որոշմամբ, սահմանվում են փոխադրական քննություններ այդ առարկաներից:
32. Դպրոցի սովորողն այլ հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխվում և ազատվում է նախարարության սահմանած կարգով: Դպրոցում, հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան, ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:
33. Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի՝
1) համաձայն նախարարության սահմանած կարգի.
2) հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` շահույթի հաշվին:
34. Դպրոցում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:
35. Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչով: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է` 34 շաբաթ: Ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է դպրոցի հոգաբարձուների խորհուրդը:
36. Ուսումնական տարվա ընթացքում, հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան, նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ: Արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է նախարարությունը:
37. Դպրոցը կանոնադրությամբ սահմանված կարգով ուսումնական պլանները կազմում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա:
38. Դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը բաշխվում է պետական բաղադրիչով սահմանված կամ դպրոցի կողմից մշակված և նախարարության կողմից երաշխավորված առարկաներին և դասընթացներին:
39. Դպրոցի ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի նախարարության կողմից հաստատված ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:
40. Սովորողների կողմից կրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, փոխադրման և ավարտման կարգը սահմանում է նախարարությունը:
41. Դպրոցից սովորողն այլ ուսումնական հաստատություն տեղափոխվում և (կամ) ազատվում է օրենքով սահմանված կարգով:
42. Ուսումնական տարվա ընթացքում դասերից բացակայած սովորողների հաջորդ դասարան փոխադրվելու կամ դպրոցից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում` մինչև ուսումնական տարվա ավարտը:
43. Դպրոցում ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած, կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած դպրոցի շրջանավարտը սահմանված կարգով ներկայացվում է ուսման գերազանցության մեդալով պարգևատրման: Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է գովասանագրով, իսկ հիմնական դպրոցի շրջանավարտը, նախարարության սահմանած կարգով, գերազանցության վկայականով:
VI. ԴՊՐՈՑԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
44. Դպրոցի շահառուներն են դպրոցի սովորողները և նրանց ծնողները:
VII. ԴՊՐՈՑԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
45. Դպրոցն իր կանոնադրության նպատակներին համապատասխան՝ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.
3) անհրաժեշտ տեղեկություններ ստանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.
4) ստեղծելու մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ.
5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից.
6) օգտագործման իրավունքով իրեն տրամադրված գույքը հանձնելու վարձակալության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները դպրոցի սեփականություն են.
7) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն:
46. Դպրոցը պարտավոր է`
1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև դպրոցի կանոնադրությանը համապատասխան.
2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին.
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
VIII. ԴՊՐՈՑԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
47. Դպրոցն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Դպրոցի մարմիններն են՝
1) դպրոցի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ), որը դպրոցի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինն է.
2) դպրոցի գործադիր տնօրենը (այսուհետ՝ տնօրեն), որը դպրոցի ընթացիկ գործունեությունը ղեկավարող մարմինն է:
48. Խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ներկայացմամբ: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա՝ դրա հաջորդ օրվանից: Երկու ներկայացուցիչ նշանակվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից, բարձրագույն մասնագիտական կրթական համակարգից, մեկական ներկայացուցիչ նշանակվում է չինական կողմից՝ առաջադրված դիվանագիտական խողովակներով, դպրոցի մանկավարժական խորհրդի կազմից և ծնողական խորհրդի կազմից:
49. Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած՝ գործունակ ֆիզիկական անձինք: Խորհրդի անդամները չեն կարող լինել դպրոցի այլ մարմնի անդամ: Խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը սահմանվում է երեք տարի:
50. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:
51. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
52. Խորհրդի անդամն իրավունք ունի`
1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ դպրոցի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում։
53. Խորհրդի անդամը պարտավոր է`
1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2) իր պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով դպրոցի շահերից:
54. Խորհրդի իրավասություններն են`
1) դպրոցի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.
2) դպրոցի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու դպրոցի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
3) դպրոցի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
4) դպրոցի վերակազմակերպման հարցով հիմնադրին դիմելու մասին որոշման ընդունումը.
5) դպրոցի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
6) դպրոցի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
7) դպրոցի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
8) խորհրդի նախագահի, տնօրենի ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
9) սույն կանոնադրությամբ նախատեսված՝ դպրոցի այլ մարմինների ձևավորումը.
10) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխությունը, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.
11) դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
12) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.
13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
14) դպրոցի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
15) դպրոցի կառուցվածքի հաստատումը.
16) դպրոցի հաստիքացուցակի հաստատումը.
17) տնօրենի, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարների աշխատանքային պայմանների և տնօրենի, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարների թեկնածուների նկատմամբ պահանջների սահմանումը.
18) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև դպրոցի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
55. Խորհրդի նախագահին խորհրդի անդամների կազմից ընտրում են խորհրդի անդամները՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
56. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն կանոնադրությամբ նախատեսված՝ դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 52-րդ կետով նախատեսված հարցերի նախնական քննարկման ու դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
2) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը.
4) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.
5) խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ` օրենքով նախատեսված դեպքերում.
6) դպրոցի անունից տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:
57. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:
58. Դպրոցի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է դպրոցի տնօրենը, որի իրավասությանն են պատկանում ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:
59. Դպրոցի տնօրենը`
1) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը և հաշվետու է խորհրդին.
2) տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում դպրոցի անունից.
3) ներկայացնում է դպրոցը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, դպրոցի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.
4) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների՝ գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
5) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
6) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
7) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, այդ թվում՝ առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.
8) կնքում է մինչև 5 մլն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր։ Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման՝ հոգաբարձուների խորհրդի կողմից.
9) բանկերում բացում է դպրոցի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
10) խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և դպրոցի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, դպրոցի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
11) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
12) ապահովում է ներքին կարգապահական կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
13) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.
14) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.
15) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը.
16) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների և խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
60. Դպրոցի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ՝ միայն խորհրդի համաձայնությամբ:
61. Դպրոցի տնօրեն կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ղեկավարման իրավունքի հավաստագիր:
62. Դպրոցի տնօրենն ընտրվում է մրցույթով՝ 5 տարի ժամկետով։ Դպրոցի տնօրեն ընտրվում է խորհրդի նիստում՝ փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
63. Դպրոցի տնօրեն չի կարող ընտրվել այն անձը`
1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
2) ում, օրենքի համաձայն, արգելվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.
3) ով նախընթաց երեք տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը:
64. Դպրոցի տնօրեն ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են խորհրդի որոշմամբ, այդ թվում` նաև հետևյալ դեպքերում, եթե`
1) նա դիմում է դրա մասին.
2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
5) կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով սահմանված լիազորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում.
6) նրա մահվան դեպքում:
65. Դպրոցի տնօրենի տեղակալներին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է դպրոցի տնօրենը` խորհրդի համաձայնությամբ:
IX. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
66. Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:
67. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների թվի ձայների մեծամասնությամբ:
68. Եթե խորհրդի նիստում քննարկվում է դպրոցի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
69. Խորհրդի նախագահի ընտրության և ազատման, դպրոցի տնօրենի ընտրության և ազատման, ինչպես նաև դպրոցի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
70. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:
71. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող խորհրդի բոլոր անդամները:
X. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
72. Դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, ծնողական, աշակերտական խորհուրդներ, ինչպես նաև խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:
73. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական կոլեկտիվի օգոստոսյան առաջին նիստում: Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է դպրոցի տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի անվանական կազմը գրանցվում է մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում:
74. Մանկավարժական խորհուրդն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու:
75. Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
1) դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն ներկայացնել խորհուրդ՝ հաստատման.
2) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` հաշվի առնելով սովորողների հակումներն ու ընդունակությունները, նրանց կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտությունը.
3) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ իրականացվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.
4) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.
5) դպրոցում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.
6) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:
76. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝
1) դպրոցի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության մասին.
2) դպրոցի ավագ դպրոցի հոսքերի ձևավորման մասին.
3) սովորողներին դասարանից դասարան փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.
4) ավագ դպրոցի փոխադրական դասարաններում տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.
5) սովորողներին քննություններին մասնակցել թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.
6) որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու մասին.
7) բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի մասին.
8) սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.
9) դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխման մասին և ներկայացնում է դպրոցի տնօրենին՝ հաստատման.
10) շրջանավարտներին, ըստ կրթական մակարդակների, ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ) տալու, ուսման գերազանցության մեդալով պարգևատրելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում (գովասանագիր կամ շնորհակալագիր) կիրառելու մասին.
11) դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցերի մասին:
77. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է դպրոցի տնօրենը (դպրոցի տնօրենի պաշտոնակատարը), որն ի պաշտոնե մանկավարժական խորհրդի նախագահն է:
78. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է մանկավարժական խորհրդի անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրությունների բարեխիղճ կազմման համար: Մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը կազմվում է եռօրյա ժամկետում, ստորագրվում և վավերացվում է մանկավարժական խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայնագրվել:
79. Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր: Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են:
80. Մանկավարժական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ մանկավարժական խորհրդի ընտրության ժամանակ` առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների թվի ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:
81. Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումն ապահովում է դպրոցի տնօրենը և արդյունքների մասին պարբերաբար զեկուցում է մանկավարժական խորհրդին:
82. Մեթոդական միավորումներն ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում։ Մյուս դեպքերում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ՝ հարակից առարկաների ուսուցիչներից։
83. Առարկայական կրթության մեթոդական միավորումը`
1) հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան՝ քննարկում է ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին տալիս է երաշխավորություններ.
2) ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում գործնական աշխատանքում.
3) նպաստում է ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացմանը.
4) մասնագիտական որակավորման տարակարգ չունեցող ուսուցիչներին նախապատրաստում է ատեստավորման.
5) կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական խորհրդակցություններ, խորհրդատվություններ.
6) ուսուցիչներին հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճումներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ.
7) սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն.
8) մանկավարժական խորհրդում քննարկելուց հետո դպրոցի տնօրենին ներկայացնում է առաջարկություն ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման վերաբերյալ.
9) կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում և առաջարկություն է ներկայացնում դպրոցի տնօրենին.
10) կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ և այլ միջոցառումներ։
84. Մեթոդական միավորումների նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Մեթոդական միավորումների նիստերը սահմանված կարգով արձանագրվում են։
85. Դասարանների ծնողական խորհուրդները (նախագահ և երկուսից չորս անդամ) ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից՝ մեկ ուսումնական տարվա համար:
86. Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:
87. Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ խորհրդի անդամներին պատշաճ կերպով տեղեկացնում է նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ՝ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:
88. Դասարանական և դպրոցի ծնողական խորհուրդների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:
89. Ծնողական դասարանական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցական ծնողական խորհրդի նիստերին` դպրոցի տնօրենը:
90. Դպրոցի գործունեությանը վերաբերող համընդհանուր հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն դպրոցի ուսումնադաստիարակչական պլանի, հրավիրվում են դասարանական ժողովներ` առնվազն չորս անգամ, համադպրոցականը` երկու անգամ: Դպրոցի տնօրենի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ՝ դպրոցի ընդհանուր և դասարանական ծնողական ժողովներ:
91. Դպրոցի ծնողական խորհուրդը՝
1) ծնողական խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան՝ իր կազմից առաջադրում է խորհրդի անդամության թեկնածու: Գրանցված թեկնածուներից ընտրված է համարվում փակ քվեարկությամբ առավել ձայներ հավաքած թեկնածուն.
2) դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների կատարման գործում թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.
3) աջակցում է դպրոցի սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.
4) լսում է դպրոցի տնօրենի հաղորդումը դպրոցի գործունեության, վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.
5) դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում ձևավորում է միասնական պահանջներ.
6) ծնողներին ներգրավում է սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.
7) օգնում է դպրոցի սովորողների կրթությունն իրականացնելու գործընթացում.
8) մասնակցում է սովորողների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.
9) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին նյութական օգնություն ցույց տալու գործին.
10) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.
11) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը հանրակրթական դպրոցում.
12) ծնողներին ապահովում է տեղեկատվությամբ, կազմակերպում է սեմինարներ, խորհրդատվություններ.
13) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և օրենքով սահմանված պատասխանատվությանը:
92. Դպրոցի ծնողական խորհուրդը համագործակցում է մանկավարժական խորհրդի հետ:
93. Ծնողական խորհրդի նիստերի արձանագրությունները կազմում է քարտուղարը:
94. Ծնողական խորհուրդն իր աշխատանքների մասին հաշվետվություն է տալիս ծնողական խորհրդի կազմի վերընտրության ժամանակ:
95. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կարող է կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
96. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
97. Դպրոցի աշակերտական ինքնավարության բարձրագույն մարմինը դպրոցի բարձր դասարանների (6-12-րդ դասարաններ) աշակերտների ընդհանուր ժողովն է:
98. Նոր ուսումնական տարվա առաջին աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է դպրոցի տնօրենի կողմից` սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:
99. Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է՝
1) տարեկան առնվազն երկու անգամ՝ աշակերտական խորհրդի նախագահի կողմից.
2) արտահերթ ժողով կարող է հրավիրվել` աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով.
3) դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ:
100. Սովորողները կարող են ստեղծել ակումբներ, միավորումներ:
101. Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է հոգաբարձուների խորհրդի և մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են սովորողներին անմիջականորեն վերաբերող հարցեր:
102. Դպրոցի տնօրենը, նրա տեղակալները, հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև խորհրդակցական մարմինների անդամները, հանրակրթական դպրոցի անունից հանդես գալիս, պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող դպրոցի:
XI. ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
103. Դպրոցի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես դպրոցի հիմնադիրը, այնպես էլ՝ դպրոցի հոգաբարձուների խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դպրոցի կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել դպրոցի նպատակներին կամ շահառուներին:
XII. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
104. Դպրոցն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:
105. Դպրոցն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:
106. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` դպրոցն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:
XIII. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
107. Դպրոցի կողմից օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմիններ՝ իրենց իրավասություններին, ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:
108. Դպրոցը սույն կանոնադրության 107-րդ կետով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո 30 օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։
109. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ դպրոցը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http:www.azdarar.am) պարտավոր է հրապարակել`
1) սահմանված ձևի հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարվա ընթացքում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացման ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից.
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:
XIV. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
110. Դպրոցը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
111. Դպրոցը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
112. Դպրոցի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
113. Դպրոցի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:
114. Դպրոցը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:
115. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատման պահին դպրոց-վարժարանը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է դպրոցի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |