ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2731/05/13 2017թ. |
Նախագահող դատավոր` Ա. Բաբայան |
|
Դատավորներ` Ա. Աբովյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. ՊետրոսՅԱՆԻ | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցիչ Վարդգես Ծառուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Ուլիխանյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք Լուսիկ Պետրոսյանի, «Բաբայան ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու, իրավունքի խախտումը վերացնելու նպատակով Լուսիկ Պետրոսյանին Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի 38-րդ և 39-րդ բնակարանների ձեղնահարկը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Աշոտ Ուլիխանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվությունը և պարտավորեցնել Լուսիկ Պետրոսյանին Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի 38-րդ և 39-րդ բնակարանների ձեղնահարկը քանդելուն:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 25.01.2016 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ սույն գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.02.2017 թվականի որոշմամբ Աշոտ Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 25.01.2016 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 54-րդ և 96-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Դատարանին սույն վարչական գործի վարույթը կարճելու մասին: Այդ միջնորդության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ հայցվորը վիճարկվող վարչական ակտի մասին իմացել է առնվազն 26.12.2012 թվականին, իսկ առաջին անգամ հայց ներկայացրել է միայն 13.04.2013 թվականին: Այսինքն՝ Աշոտ Ուլիխանյանը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը: Նշված միջնորդությունը ստանալուց հետո Դատարանը հայցվոր կողմին ժամանակ է տրամադրել այդ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով: Ընդ որում, այդ դիրքորոշումը կարող էր արտահայտվել նաև բաց թողնված ժամկետի վերականգնման միջնորդության տեսքով: Սակայն հայցվոր կողմը չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և արտահայտել է այն դիրքորոշումը, որ Աշոտ Ուլիխանյանը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է միայն 19.02.2013 թվականին և դատարան դիմելու ժամկետը բաց չի թողել:
Հետևաբար Դատարանը կատարել է իր մատնանշման պարտականությունը, իսկ սույն վարչական գործի վարույթը ենթակա էր կարճման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.01.2016 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշմանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին Լուսիկ Պետրոսյանին տրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվության համաձայն՝ վերջինիս թույլատրվել է կատարել Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի 38-րդ և 39-րդ բնակարանների ներքին տարածքի վերահատակագծման և ձեղնահարկի վերակառուցման շինարարական աշխատանքներ (հատոր 2-րդ, գ.թ. 16):
2. Աշոտ Ուլիխանյանը Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի 46-րդ բնակարանի սեփականատերն է (հատոր 1-ին, գ.թ. 29-30):
3. 26.12.2012 թվականին Երևանի քաղաքապետին հասցեագրված հարցման համաձայն՝ Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Խուրշուդյանը նշել է, մասնավորապես հետևյալը. «(...) Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության կողմից (...) 06.06.2012 թվականին Լուսիկ Պետրոսյանի անվամբ տրվել է բնակարանի ներքին տարածքի և ձեղնահարկի վերակառուցման թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվությունը (...)» (հատոր 4-րդ, գ.թ. 75):
4. Երևանի քաղաքապետարանի 19.02.2013 թվականի թիվ 18-06/2-62718 գրության համաձայն՝ Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի 38-րդ և 39-րդ բնակարանների վերահատակագծման և ձեղնահարկի վերակառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են, ի թիվս այլնի, նաև 06.06.2012 թվականին Լուսիկ Պետրոսյանին տրված թիվ 01/18-Պ-190-145 շինարարության թույլտվության համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 10):
5. Աշոտ Ուլիխանյանը 13.04.2013 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով (1) ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվության առ ոչինչ լինելը կամ (2) անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվությունը, և (3) պարտավորեցնել Լուսիկ Պետրոսյանին քանդել Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի 38-րդ և 39-րդ բնակարանների ձեղնահարկը (հատոր 1-ին, գ.թ. 4-6):
6. Դատարանի 18.04.2013 թվականի որոշմամբ Աշոտ Ուլիխանյանի հայցադիմումը վերադարձվել է՝ հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկված չլինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 16-17, հատոր 4-րդ, գ.թ. 112-113):
7. Աշոտ Ուլիխանյանը 23.04.2013 թվականին կրկին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով (1) ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվության առ ոչինչ լինելը, և (3) պարտավորեցնել Լուսիկ Պետրոսյանին քանդել Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի 38-րդ և 39-րդ բնակարանների ձեղնահարկը (հատոր 1-ին, գ.թ. 24-27):
8. Դատարանի 29.04.2013 թվականի որոշմամբ Աշոտ Ուլիխանյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 41, հատոր 4-րդ, գ.թ. 114-116):
9. 19.09.2013 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցիչը կատարել է հայցի առարկայի փոփոխություն՝ խնդրելով քննել միայն (2) «անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվությունը» հայցապահանջը՝ հրաժարվելով (1) նույն վարչական ակտի առ ոչինիչ լինելը ճանաչելու հայցապահանջից: Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցիչը միաժամանակ հայտնել է, որ վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետարանի 19.02.2013 թվականի թիվ 18-06/2-62718 գրությունից, իսկ հայցադիմումը ներկայացվել է 13.04.2013 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված դատավարական ժամկետները պահպանվել են: Հայցի առարկայի նշված փոփոխությունը թույլատրվել է Դատարանի 19.09.2013 թվականի արձանագրային որոշմամբ (հատոր 3-րդ, գ.թ. 61-64, 66):
10. Սույն գործով երրորդ անձ Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցչի կողմից 14.12.2015 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացվել վիճարկման հայցով դատարան դիմելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնված լինելու հիմքով սույն վարչական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն: Նշված միջնորդությամբ երրորդ անձ Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցիչն Աշոտ Ուլիխանյանի կողմից վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի բացթողումը հիմնավորել է այն փաստարկով, որ 26.12.2012 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված հարցման բովանդակությունից հետևում է, որ Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցիչը վիճարկվող շինարարության թույլտվության առկայության մասին ոչ թե տեղեկացել է 13.04.2013 թվականին, այլ տեղյակ է եղել դրա գոյության մասին դեռևս 26.12.2012 թվականի դրությամբ (հատոր 4-րդ, գ.թ. 72-74):
11. 14.12.2015 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը որոշել է հետաձգել գործի քննությունը մինչև 24.12.2015 թվականը՝ հայցվորին հնարավորություն տալով դիրքորոշում ներկայացնել երրորդ անձ Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցչի միջնորդության վերաբերյալ: Իսկ 24.12.2015 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը որոշել է մինչև 28.12.2015 թվականը ժամանակ տրամադրել հայցվոր Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցչին՝ գործի վարույթը կարճելու մասին երրորդ անձ Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 79-80, 93-95, 109):
12. 18.01.2016 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայցվոր Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Խուրշուդյանը ներկայացրել է գրավոր դիրքորոշում, որով, մասնավորապես նշել է, որ «(...) վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ (...)» (հատոր 4-րդ, գ.թ. 102-103):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության բացակայության պայմաններում հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով վարչական գործի վարույթը կարճելու իրավաչափության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. կարո՞ղ է արդյոք դատարանը կարճել գործի վարույթը վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով այն պայմաններում, երբ հայցվոր կողմը չի ներկայացրել դատարան դիմելու համար օրենքով սահմանված և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համանման իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու ժամանակահատվածում գործել է 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, իսկ գործի վարույթը կարճվել է 05.12.2013 թվականին ընդունված, 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցը դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից (...):
Նույնաբովանդակ իրավակարգավորումներ են սահմանված նաև 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ, 66-րդ և 72-րդ հոդվածներով:
Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
Մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52): Այնուամենայնիվ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51 և 55):
Օրենսդիրը թե՛ նախկինում, թե՛ ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով սահմանել է, որ վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցն է՝ միաժամանակ ամրագրելով այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Ընդ որում, օրենսդիրը հատուկ նախատեսել է բաց թողնված դատավարական, այդ թվում նաև՝ հայց ներկայացնելու ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, օրինակ, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների համալիր վերլուծությունից բխում է, որ դատավարական ժամկետները բաց թողնելու և վերականգնելու մասին իրավակարգավորումները վերաբերում են ոչ միայն հայցադիմումի ընդունելիության, այլև վարչական դատավարության մյուս փուլերին: Ըստ այդմ, վարչական դատավարության բոլոր փուլերում վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի իրավակարգավորմանը համապատասխան պարտավոր է կատարել մատնանշման իր պարտականությունը, այդ թվում նաև՝ մատնանշելով կողմերին դատավարական ժամկետների բացթողնման դեպքում դրանք վերականգնելու նպատակով միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե դատավարության որոշակի փուլում վարչական դատարանը մատնանշման իր պարտականությունը չի կատարել, ապա նա զրկված չէ իր այդ պարտականությունը կատարելու հնարավորությունից դատավարության հետագա փուլերում՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունների և ներկայացրած նոր ապացույցների հիման վրա, իսկ այդ պարտականության կատարման պարագայում դատավարության մասնակցի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու դեպքում կիրառվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական հետևանքը, այն է՝ դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Աշոտ Ուլիխանյանը Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով դատարան է դիմել 13.04.2013 թվականին, այսինքն՝ բաց է թողել մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը: Սակայն Աշոտ Ուլիխանյանը, գտնելով, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց չի թողնվել, չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն՝ հայտնելով, որ վիճարկվող վարչական ակտի մասին ինքը տեղեկացել է Երևանի քաղաքապետարանի 19.02.2013 թվականի թիվ 18-06/2-62718 գրությունից:
Դատարանը վերադարձրել է Աշոտ Ուլիխանյանի հայցադիմումը՝ հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցների բացակայության հիմքով: Այնուհետև Աշոտ Ուլիխանյանը դատարան է ներկայացրել նոր հայցադիմում՝ պահանջելով ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվության առ ոչինչ լինելը: Իսկ Դատարանի 29.04.2013 թվականի որոշմամբ Աշոտ Ուլիխանյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ:
19.09.2013 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցիչը կատարել է հայցի առարկայի փոփոխություն՝ խնդրելով քննել միայն «անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվությունը» հայցապահանջը՝ հրաժարվելով նույն վարչական ակտի առ ոչինիչ լինելը ճանաչելու հայցապահանջից: Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցիչը միաժամանակ հայտնել է, որ վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետարանի 19.02.2013 թվականի թիվ 18-06/2-62718 գրությունից, իսկ հայցադիմումը ներկայացվել է 13.04.2013 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված դատավարական ժամկետները պահպանվել են: Դատարանը 19.09.2013 թվականի արձանագրային որոշմամբ թույլատրել է հայցի առարկայի նշված փոփոխությունը:
Երրորդ անձ Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցչի կողմից 14.12.2015 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացվել վիճարկման հայցադիմում ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնված լինելու հիմքով սույն վարչական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն: Նշված միջնորդությամբ երրորդ անձ Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցիչն Աշոտ Ուլիխանյանի կողմից վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի բացթողումը հիմնավորել է այն փաստարկով, որ 26.12.2012 թվականին Երևանի քաղաքապետին ուղղված հարցման բովանդակությունից հետևում է, որ Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցիչը վիճարկվող շինարարության թույլտվության առկայության մասին ոչ թե տեղեկացել է 13.04.2013 թվականին, այլ տեղյակ է եղել դրա գոյության մասին դեռևս 26.12.2012 թվականի դրությամբ:
14.12.2015 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը որոշել է հետաձգել գործի քննությունը մինչև 24.12.2015 թվականը՝ հայցվորին հնարավորություն տալով դիրքորոշում ներկայացնել երրորդ անձ Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցչի միջնորդության վերաբերյալ: Իսկ 24.12.2015 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը որոշել է մինչև 28.12.2015 թվականը ժամանակ տրամադրել հայցվոր Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցչին՝ գործի վարույթը կարճելու մասին երրորդ անձ Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար:
18.01.2016 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայցվոր Աշոտ Ուլիխանյանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Խուրշուդյանը ներկայացրել է գրավոր դիրքորոշում, որով, մասնավորապես նշել է, որ «(...) վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ (...)»: Ընդ որում, հայցվոր կողմը սույն գործի քննության ողջ ընթացքում այդպես էլ չի ներկայացրել վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:
Դատարանը կարճել է սույն վարչական գործի վարույթը՝ պատճառաբանելով, որ դեռևս 26.12.2012 թվականի դրությամբ Աշոտ Ուլիխանյանը փաստացի տեղյակ է եղել Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվության մասին և վիճարկման հայցապահանջը ներկայացրել է առաջին անգամ 13.04.2013 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 19.09.2013 թվականին: Հետևաբար Աշոտ Ուլիխանյանը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը և չի ներկայացրել դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Ըստ այդմ՝ Դատարանը եզրահանգել է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը (07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) և բացահայտել է հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք՝ հայցը դատարանում քննության ենթակա չլինելը (07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ և նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Աշոտ Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումն ու գործն ուղարկել է նոր քննության: Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ հայցադիմումի ընդունելիության և հայցի առարկայի փոփոխության հարցերը քննարկելիս Դատարանը պարտավոր էր անդրադառնալ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման հարցին և մատնանշել հայցվորին բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորության մասին, ինչը չի կատարվել: Այնուամենայնիվ Դատարանը հետագայում կարճել է սույն գործի վարույթը հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալու հիմքով: Սակայն, ըստ Վերաքննիչ դատարանի, նախքան այդ հիմքով գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման կայացումը Դատարանը պարտավոր էր մատնանշել հայցվորին բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության մասին և միայն այդ միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնել գործի վարույթը կարճելու մասին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը չի կատարել իր վերոգրյալ պոզիտիվ պարտականությունը, ուստի Դատարանի որոշումը ենթակա է բեկանման:
Ինչ վերաբերում է սույն գործի վարույթը կարճելու երկրորդ հիմքին՝ հայցը դատարանում ենթակա չլինելուն, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված այդ հիմքը տվյալ դեպքում կիրառելի չէ:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի վերոշարադրյալ փաստերից ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվության վիճարկման հայցապահանջն առաջին անգամ դատարան ներկայացնելիս հայցվորի ներկայացուցիչը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկանալու ժամկետ է նշել 19.02.2013 թվականը և նկատի ունենալով, որ հայցը ներկայացրել է դրանից հաշված երկամսյա ժամկետում՝ 13.04.2013 թվականին, ժամկետը վերականգնելու միջնորդություն չի ներկայացրել: Սակայն հետագայում՝ 14.12.2015 թվականին երրորդ անձի ներկայացրած ապացույցից ակնհայտ է դարձել, որ հայցվորի ներկայացուցչի ներկայացրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ 26.12.2012 թվականին Երևանի քաղաքապետին հասցեագրված հարցման բովանդակությունից հետևում է, որ հայցվոր կողմը Երևանի քաղաքապետի կողմից 06.06.2012 թվականին տրամադրված թիվ 01/18-Պ-190-415 շինարարության թույլտվության մասին իմացել է ոչ թե 19.02.2013 թվականին, այլ առնվազն 26.12.2012 թվականին:
Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի վարույթը կարճելու վերաբերյալ երրորդ անձ Լուսիկ Պետրոսյանի ներկայացուցչի կողմից 14.12.2015 թվականին ներկայացված միջնորդությունը ստանալուց հետո Դատարանը որոշակի ողջամիտ ժամկետ է տրամադրել հայցվոր կողմին այդ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար: Սակայն հայցվոր կողմը, այդ ժամկետից հետո ներկայացնելով իր դիրքորոշումը, թե՛ բանավոր, թե՛ գրավոր կերպով պնդել է, որ իր կողմից դատավարական ժամկետի բացթողում տեղի չի ունեցել, և չի ներկայացրել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Փաստորեն հայցվոր կողմը չի օգտվել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու իր դատավարական իրավունքից, իսկ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործի քննության ընթացքում ի հայտ է եկել գործի վարույթի կարճման հիմքը և Դատարանը, ձեռնարկելով համարժեք միջոցներ, սակայն հայցվորի կողմից բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն այդպես էլ չներկայացվելու պայմաններում, նշված հիմքով իրավացիորեն կարճել է գործի վարույթը: Հետևաբար Դատարանը, ըստ էության, կատարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության մասին հայցվորին մատնանշելու իր դատավարական պարտականությունը և թույլ չի տվել սույն գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատավարական իրավունքի նորմերի խախտում:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա էր կարճման 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Ինչ վերաբերում է սույն գործի վարույթը կարճելու համար Դատարանի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավադրույթներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ նորմերով սահմանված գործի վարույթը կարճելու հիմքը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ անկախ Աշոտ Ուլիխանյանի կողմից վիճարկման հայցով դատարան դիմելու ժամկետը բաց թողնված լինելու հանգամանքից վերջինիս ներկայացրած հայցը ենթակա է դատարանում քննության և ընդդատյա է վարչական դատարանին: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավադրույթների՝ Դատարանի կողմից թույլ տրված խախտումը չի ազդել սույն գործի ելքի վրա, քանի որ սույն գործի վարույթն ամեն դեպքում ենթակա էր կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Հետևաբար Դատարանը, կարճելով սույն վարչական գործի վարույթը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը մասնակիորեն սխալ է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ որոշմանը պետք է տրվի օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է (...)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երրորդ անձ Լուսիկ Պետրոսյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լուսիկ Պետրոսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Աշոտ Ուլիխանյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 25.01.2016 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշմանը՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Աշոտ Ուլիխանյանից հօգուտ Լուսիկ Պետրոսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. ՀակոբՅԱՆ | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|