ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2017 թ. |
թիվ 143-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի թիվ 294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի «Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթերի մուտքագրման և անվերադարձելիության պահի սահմանման մասին» թիվ 294-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթերի մուտքագրման և անվերադարձելիության պահի սահմանման մասին» կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կիրառման նպատակով վճարահաշվարկային համակարգ մուտքագրված վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահ է համարվում վճարահաշվարկային փաստաթղթի՝ վճարահաշվարկային համակարգ մուտքագրվելու պահը:»:
2. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Վճարահաշվարկային համակարգի կանոններով վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահ սահմանված լինելու դեպքում այդ կանոններին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համաձայնություն կարող է տրվել, եթե դրանցում նշվում է, որ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կիրառման նպատակով վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահ է համարվում վճարահաշվարկային փաստաթղթի՝ համակարգ մուտքագրվելու պահը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. հուլիսի 12 Երևան |