«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 05018017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 դեկտեմբերի 2017 թ. |
թիվ 300-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել գրավատան տարածքում անվտանգության մակարդակը,
հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետում «հայտատուի և համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը,» բառերը փոխարինել «ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը:» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Այն դեպքում, երբ հայտատուն նախատեսում է գրավատնային գործունեություն իրականացնել նաև գիշերային ժամերին (ժամը 22:00-ից մինչև 06:00-ը), ներկայացնում է գիշերային ժամերին գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը, համաձայն որի՝ գիշերային ժամերին գրավատան տարածքը հսկվելու է ոստիկանի կամ պահնորդի կողմից: Եթե գրավատունը նախատեսում է գիշերային ժամերին իրականացնել գրավատնային գործունեություն Կենտրոնական բանկի կողմից գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելուց հետո, ապա գրավատան տարածքում գիշերային ժամերին անվտանգությունն ապահովելու մասին ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը Կենտրոնական բանկ է ներկայացնում գիշերային ժամերին գրավատնային գործունեություն իրականացնելուց 10 աշխատանքային օր առաջ,»:
2. Գրավատնային գործունեության լիցենզիա ստացած այն գրավատները, որոնք գրավատնային գործունեություն են իրականացնում գիշերային ժամերին, սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնեն Կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված գիշերային ժամերին գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 28 Երևան
կենտրոնական բանկի նախագահԱ. Ջավադյան