Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.14/34(837).1 Հոդ.774.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0867/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0867/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան
                                Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Բաբաջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Տիգրան Բաբաջանյանի հայցի ընդդեմ Գայանե Բաբաջանյանի` ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տիգրան Բաբաջանյանը պահանջել է վերադարձնել սեփականության իրավունքով Էջմիածնի Արարատյան փողոցի թիվ 19 բնակելի տան տնամերձ հողամասից Գայանե Բաբաջանյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող 56,0քմ մակերեսով հողամասը:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` «սեփականության իրավունքով հայցվոր Տիգրան Վարազդատի Բաբաջանյանին վերադարձնել Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 19 բնակելի տան տնամերձ հողամասից պատասխանող Գայանե Վալտերի Բաբաջանյանի ապօրինի տիրապետության տակ գտնվող 56,0քմ մակերեսով հողատարածքը, այն է` երկու հողատարածքները միմյանցից տարանջատող մետաղական ցանկապատը 3,12մ տեղափոխել դեպի աջ, համաձայն «Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան փորձագետների 25.08.2010 թվականի թիվ 10441007 եզրակացությանը կից` թիվ 2 հավելվածի»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.12.2010 թվականի որոշմամբ Գայանե Բաբաջանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.09.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Բաբաջանյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները և անտեսել է, որ Էջմիածնի Արարատյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող 0,0372հա տնամերձ հողամասի նկատմամբ Վալտեր Բաբաջանյանի սեփականության իրավունքը գրանցվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 11.01.2000 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով: Վալտեր Բաբաջանյանը 20.07.2000 թվականին նշված հողամասը վաճառել է Գայանե Բաբաջանյանին, իսկ Էջմիածնի Արարատյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող տանը կից 63քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Էջմիածնի քաղաքային համայնքը վաճառել է Գայանե Բաբաջանյանին, որոնցից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման։

Քննվող քաղաքացիական գործում առկա չէ որևէ թույլատրելի ապացույց, որով կարող է հաստատվել, որ Էջմիածնի Արարատյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող 112,98քմ մակերեսով հողամասից 56,0քմ վիճելի հողամասը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 11.01.2000 թվականի վճռով քննության առարկա չի դարձվել:

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման ՀՀ ամբողջ տարածքում, ինչի կապակցությամբ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել Վճռաբեկ դատարանը 13.02.2009 թվականի որոշմամբ:

Բացի այդ, Գայանե Բաբաջանյանը 56,0քմ վիճելի հողամասն ապօրինի չի տիրապետում, այլ տիրապետում է որպես սեփականություն օրենքով սահմանված կարգով գրանցված պայմաններում: Այսինքն` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից սխալ է կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 11.01.2000 թվականի վճռով բավարարվել է Վալտեր Բաբաջանյանի հայցն ընդդեմ Օֆելյա Շահբազյանի և Տիգրան Բաբաջանյանի` ժառանգական հիմունքներով սեփականության իրավունքով տան և տնամերձ հողամասը բաժանելու պահանջի մասին, իսկ հակընդդեմ հայցը` Էջմիածնի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին` մերժվել: Վճռվել է Էջմիածնի Արարատյան փողոցի թիվ 19 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը Վալտեր Սուքիասի Բաբաջանյանի և Տիգրան Վարազդատի Բաբաջանյանի միջև բաժանել հետևյալ կերպ. «թիվ 0-1 նկուղը միջնապատով բաժանել երկու մասի և նշանակել 0-1Ա և 0-1Բ: Տան առաջին հարկից` թիվ 0-1Ա նկուղը, թիվ 0-5 սանհանգույցը, Պ-30,1քմ մակերեսով պատշգամբը, Պ-5,5քմ մակերեսով պատշգամբը, 2,75մ լայնությամբ մուտքը, երկրորդ հարկից` թիվ 1-1 սենյակը 25,1քմ մակերեսով, թիվ 1-2 սենյակը 13,9քմ մակերեսով, թիվ 1-4 սենյակը 13,3քմ մակերեսով, թիվ 1-5 նախասենյակը 15,0քմ մակերեսով, 1,6 մ լայնությամբ միջանցքի մի մասը համաձայն հատակագծի, թիվ 1-10 խոհանոցը 5,2քմ մակերեսով, 8,7 լայնությամբ հողամասը նշված սենյակների ուղղությամբ, թիվ 0-6 ավտոտնակը 19,8քմ մակերեսով, թիվ 1-9 խոհանոցը 5,8քմ մակերեսով սեփականության իրավունքով հատկացնել Վալտեր Սուքիասի Բաբաջանյանին: Տան առաջին հարկից` թիվ 0-1Բ նկուղը, թիվ 0-2 նկուղը, թիվ 0-3 սանհանգույցը 6,9 քմ մակերեսով, թիվ 0-4 5,3 քմ մակերեսով սանհանգույցը, երկրորդ հարկից` թիվ 1-3 15,5քմ մակերեսով սենյակը, թիվ 1-6 8,6քմ մակերեսով սենյակը, թիվ 1-7 21,5քմ մակերեսով սենյակը, թիվ 1-8 13,6քմ մակերեսով սենյակը, 1,6մ լայնությամբ միջանցքի մի մասը համաձայն հատակագծի, նշված սենյակի ուղղությամբ 8,7մ լայնությամբ հողամասը և Կոմունարների փող. կողմից եղած մուտքը սեփականության իրավունքով հատկացնել Տիգրան Վարազդատի Բաբաջանյանին» (հատոր 1-ին, գ.թ.14-18)։

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման 13.11.2009 թվականի թիվ 3153 գրության համաձայն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 11.01.2000 թվականի վճռի հիման վրա` Էջմիածնի Արարատյան փողոցի թիվ 19 բնակելի տան և 0,0372հա տնամերձ հողամասի նկատմամբ 26.06.2000 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է Վալտեր Բաբաջանյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ.36)։

3. Նոտարական կարգով վավերացված 20.07.2000 թվականի անշարժ գույքի օտարման պայմանագրով Վալտեր Բաբաջանյանը Էջմիածնի Արարատյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող բնակելի տունը և 0,0372հա տնամերձ հողամասը վաճառել է Գայանե Վալտերի Բաբաջանյանին (հատոր 1-ին, գ.թ.7)։

4. Նոտարական կարգով վավերացված 11.12.2007 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագրով Էջմիածնի քաղաքային համայնքն Էջմիածնի Արարատյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող տանը կից 63քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով վաճառել է Գայանե Բաբաջանյանին (հատոր 1-ին, գ.թ. 8-10)։

5. 14.12.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2490992 վկայականի համաձայն` Էջմիածնի Արարատյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող 179,3քմ ներքին և 237,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 0,0435հա հողամասի սեփականատերը Գայանե Վալտերի Բաբաջանյանն է, հիմք` նոտարական կարգով վավերացված 20.07.2000 թվականի անշարժ գույքի օտարման պայմանագիրը և նոտարական կարգով վավերացված 11.12.2007 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 37-38)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումը ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին` նշելով որ չվիճարկված և չվերացված վարչական ակտը ենթադրվում է իրավաչափ և պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից (տես` Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա Քարամյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ 26.06.2000 թվականին Վալտեր Բաբաջանյանի սեփականության իրավունքը Էջմիածնի Արարատյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող 0,0372հա տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 11.01.2000 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: Ավելին, Գայանե Բաբաջանյանը նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերել Վալտեր Բաբաջանյանից 20.07.2000 թվականի նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի օտարման պայմանագրով:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն, որ ինչպես տեղատեսությամբ, այնպես էլ կատարված դատական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ պատասխանողի կողմից օգտագործվող հողատարածքի տարբերությունը հայցվորի զբաղեցրած հողատարածքից կազմում է 112,98քմ: Ընդ որում, դատաքննությամբ հաստատվել է նաև, որ նշված 112,98քմ հողատարածքից 56,0քմ վիճելի հողատարածքը չի հանդիսացել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2000 թվականի հունվարի 11-ին հրապարակված դատական ակտով քաղաքացիական գործի քննության առարկա:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առարկա 56,0քմ հողամասի նկատմամբ առկա է գրանցված սեփականության իրավունք, վարչական ակտը` սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ, վիճարկված և վերացված չէ, իսկ սեփականության իրավունքի գրանցման հիմքն օրինական ուժի մեջ մտած դատական ակտն է:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` չի հիմնավորվել Գայանե Բաբաջանյանի կողմից 56,0քմ վիճելի հողամասն ապօրինի տիրապետելու փաստը, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածով սահմանված ապօրինի տիրապետման դեպքն առկա չէ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան