ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2008 թվականի N 1096-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1230-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 17.09.09 N 1135-Ն)
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծրագրերի կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
(2-րդ կետը լրաց., փոփ. 17.09.09 N 1135-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1230-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. հոկտեմբերի 2 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչություն
Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչություն
Գիտելիքի տնտեսության, նորարարության և ձեռներեցության խթանման
վարչություն
Արդյունաբերության վարչություն
Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
Առևտրի և արդյունավետ շուկաների վարչություն
Տեղեկատվական հասարակության ձևավորման և էլեկտրոնային կառավարման վարչություն
Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսաբյուջետային վարչություն
Կազմակերպատնտեսական վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Առաջին բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Մտավոր սեփականության գործակալություն
Ծրագրերի կառավարման գործակալություն
Հավատարմագրման գործակալություն
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն»։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարԴ. Սարգսյան
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ծրագրերի կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող առանձնացված ստորաբաժանում է, որը մատուցում է ծառայություններ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք ծրագրային առաջարկների պատրաստման և հաստատված ծրագրերի իրականացման կազմակերպման ու համակարգման, ինչպես նաև Հայաստանի գործարար միջավայրի բարելավման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը լրաց. 17.09.09 N 1135-Ն)
2. Գործակալությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են Եվրոպական միության ընթացակարգերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների, ինչպես նաև Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրային առաջարկների մշակման և հաստատված ծրագրերի իրականացման աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը:
(7-րդ կետը լրաց. 17.09.09 N 1135-Ն)
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո ծրագրային առաջարկների ու հայտերի մշակման գործում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին օժանդակելը և Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված որակի չափանիշներին` դրանց գծով ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն ստուգելը.
2) Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո իրականացվելիք ծրագրային առաջարկները Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստանալը և Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո իրականացվելիք ծրագրերի տարեկան աշխատանքային ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության հետ համատեղ մշակելը.
3) տեխնիկական առաջադրանքի մշակում` Թվինինգ գործիքի ներքո իրականացվելիք ծրագրի նկարագրի (ֆիշի) պատրաստման համար խորհրդատուների ներգրավման նպատակով.
4) Եվրոպական միության անդամ երկրների ազգային հաղորդակցման կետերին տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության շահառու պետական կառավարման մարմիններին Թվինինգ գործիքի ներքո իրականացվելիք ծրագրի նկարագրի նախագծի պատրաստման գործում աջակցելը.
5) Թվինինգ գործիքի ներքո իրականացվելիք ծրագրի գործընկերներին Թվինինգի պայմանագրի մշակման գործում օժանդակելը.
6) սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության շահառու պետական կառավարման մարմինների հետ` Եվրոպական հանձնաժողովին Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո իրականացվող ծրագրերի դիտանցման գործում օժանդակելը.
7) Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո իրականացվող ծրագրերի բոլոր փաստաթղթերն ստանալը, գրանցելը և ուսումնասիրելը.
8) Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և Եվրոպական միության համապատասխան փորձագետների հետ խորհրդակցությունների, աշխատաժողովների, ինչպես նաև ճանաչողական այցերի կազմակերպման աշխատանքների համակարգում.
9) համապատասխան պետական կառավարման մարմիններին և այլ շահագրգիռ անձանց Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո կազմակերպվող միջոցառումների մասին տեղեկացնելը և այդ միջոցառումներին վերջիններիս մասնակցությանն աջակցելը.
10) Հայաստանի Հանրապետությունում Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ներքո միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցելը.
11) Հայաստանում գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ ծրագրային առաջարկների մշակումը և հաստատված ծրագրերի իրականացման աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը:
(8-րդ կետը լրաց. 17.09.09 N 1135-Ն)
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գործակալության գործունեությանն աջակցելու նպատակով կարող է գործակալությանը կից ստեղծվել խորհրդակցական մարմին` վերջինիս աշխատանքներում ներգրավելով Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության և շահառու պետական կառավարման մարմինների մեկական ներկայացուցիչների: Խորհրդակցական մարմնի անհատական կազմը և գործունեության կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը:
10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքների ներքո իրականացվելիք ծրագրերի առաջարկների պատրաստման և հաստատված ծրագրերի իրականացման կազմակերպման ու համակարգման բնագավառներում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.
11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին գործակալության մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:
16. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարԴ. Սարգսյան
Հավելված N 3 սեպտեմբերի 25-ի N 1096-Ն որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Եվրոպական միության ծրագրերի բաժին
Գործարար միջավայրի բարելավման բաժին
Տեսչական բարեփոխումների բաժին
(հավելվածը լրաց. 17.09.09 N 1135-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.10.2010, N 1461-Ն | 25.11.2010, N 1096-Ն | |
17.09.2009, N 1135-Ն | 15.10.2009, N 1096-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|