ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 մայիսի 2014 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին և 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված` «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի ապրիլի 29-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը և լսելով նրա պարզաբանումները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ Բանկ) միջև 2013թ. նոյեմբերի 7-ին և 2013թ. նոյեմբերի 18-ին՝ Լյուքսեմբուրգում:
Պայմանագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 60.000.000 եվրո գումարի չափով վարկ` «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորելու նպատակով: Ծրագրով նախատեսվում է բարեկարգել Երևան-Բավրա միջանցքի հյուսիսային մասի մոտ 145 կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ ապահովելով բոլոր տեխնիկական ենթակառուցվածքների արդիականացումը: Այն Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի բարեկարգման և վերակառուցման ընդհանուր ծրագրի բաղադրիչն է:
Պայմանագրի անբաժան մաս են կազմում Դեկլարատիվ դրույթները, Հավելվածը և թվով չորս Առդիրներ:
2. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
2.1. ոչ ուշ, քան վարկի հատկացման սահմանված ամսաթվից 15 օր առաջ Բանկին գրավոր տեղեկացնել Հատկացման հաշվի մասին (IBAN ծածկագրով կամ տեղական բանկային պրակտիկայում ընդունված համապատասխան ձևաչափով).
2.2. առաջին տրանշի հատկացման համար սահմանված ամսաթվից առաջ 5-րդ աշխատանքային օրը կամ դրանից շուտ Բանկին ներկայացնել`
- ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրված` անգլերենով կազմված իրավական եզրակացություն (այն հիմնավորող կից փաստաթղթերով) Հայաստանի Հանրապետության կողմից ֆինանսական պայմանագրի պահանջները պատշաճ կերպով կատարելու և դրա վավերականության, կատարման ենթակա լինելու և պարտադիր բնույթ ունենալու մասին,
- հաստատում Պայմանագրի և դրա Ծրագրի իրականացմանն առնչվող բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ստացման մասին,
- հաստատում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը կօգտվի այնպիսի խորհրդատուների ծառայություններից, որոնց որակավորումը, մասնագիտական փորձը և տեխնիկական առաջադրանքները համապատասխանում են Բանկի պահանջներին,
- Պայմանագրի 1.08 հոդվածին համապատասխան գնահատման վճարի ամբողջական կատարման հաստատում,
- գրավոր հաստատում Եվրոպական միության շրջակա միջավայրի մասին հրահանգի դրույթների կատարման մասին,
- կառուցապատման և բնապահպանական թույլտվությունները 1-ին և 2-րդ տրանշների համար,
- Հող ձեռք բերելու և վերաբնակեցնելու ծրագրի հաստատված պատճենը 2-րդ և 3-րդ տրանշներից յուրաքանչյուրի համար,
- Անկախ վերստուգման պատճենը.
2.3. երկրորդ տրանշի հատկացման համար սահմանված ամսաթվից առաջ հինգերորդ աշխատանքային օրը կամ դրանից առաջ Բանկին ներկայացնել`
- 3-րդ տրանշի համար բնապահպանական և կառուցապատման թույլտվությունները,
- հաստատում, որ 3-րդ տրանշով նախատեսված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է տեղադրվել Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում,
- հաստատում, որ անհրաժեշտ բոլոր ապահովագրական վկայագրերը ձեռք են բերվել Պայմանագրի 6.05. հոդվածին համապատասխան.
2.4. բոլոր տրանշների հատկացման համար Բանկին ներկայացնել`
- Պայմանագրի Դ առդիրում նշված ձևին համապատասխան հավաստագիր,
- Հատկացման ընդունումն ստորագրելու լիազորություն ունեցող անձի (անձանց)` այդպիսի լիազորություն ունենալու փաստի հաստատումը, ինչպես նաև այդ անձի (անձանց) ստորագրությունների նմուշները,
- բացառությամբ առաջին տրանշի հատկացման դեպքի, հաստատումներ Եվրոպական միության Ֆինանսավորման համաձայնագրի և Իրականացման համաձայնագրի պատշաճ ձևով կատարման մասին, Եվրոպական միության Ֆինանսավորման համաձայնագրին համապատասխան մասհանումների իրավունք ունենալու մասին, Եվրոպական միության Ֆինանսական համաձայնագրի և ՀՆԳ փաստաթղթերի շարունակական գործողության, վավերականության և կատարման ենթակա լինելու մասին,
- հաստատում Եվրոպական Հանձնաժողովի երաշխիքի վավերականության, պարտադիր ուժի և կատարման ենթակա լինելու մասին,
- հաստատում Շրջանակային համաձայնագրի վավերականության, պարտադիր ուժի և կատարման ենթակա լինելու մասին,
- թույլտվության կամ որևէ այլ փաստաթղթի, եզրակացության կամ հավաստիացման պատճենը` Բանկի կողմից այդ մասին ծանուցված լինելու դեպքում,
- հաստատում, որ 1-ին տրանշի, 2-րդ տրանշի և 3-րդ տրանշի համար ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունը համաձայնեցրել է Ասիական զարգացման բանկի հետ` ըստ այդ բանկի Վարկային փաստաթղթերի,
- հաստատում Ծրագրի կապակցությամբ ձեռք բերվելիք հողատարածքների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին,
- գնումների ծրագիրը.
2.5. վճարել հետաձգված հատկացման գումարի հիման վրա հաշվարկված հետաձգման փոխհատուցում` իր հարցման հիման վրա ցանկացած ընդունված տրանշի հատկացումը Բանկի կողմից մասամբ կամ ամբողջությամբ հետաձգելու դեպքում, ինչպես նաև սահմանված ամսաթվի և Հատկացման սահմանված ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագրի 1.04 հոդվածում սահմանված պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում.
2.6. կանխավճարի փոխհատուցման դեպքի կամ պարտավորությունները չկատարելու դեպքի առաջացման պատճառով Բանկի կողմից ընդունված տրանշի կասեցման դեպքում վճարել հետաձգման դիմաց փոխհատուցում, որը հաշվարկվում է կասեցված հատկացման գումարի հիման վրա.
2.7. փոխհատուցում կատարել բանկին պայմանագրի 4.02.Բ հոդվածով սահմանված կարգով, եթե չեղյալ է հայտարարում ֆիքսված տոկոսադրույքով ընդունված տրանշը.
2.8. Բանկին վճարել կանխավճարի փոխհատուցում, եթե Բանկը չեղյալ է հայտարարում ֆիքսված տոկոսադրույքով ընդունված տրանշը, կանխավճարի փոխհատուցման դեպքի կամ պայմանագրի 1.05.Բ հոդվածում նշված իրավիճակի պատճառով.
2.9. Բանկին փոխհատուցել Պայմանագրի 10.03. հոդվածով սահմանված կարգով, եթե Բանկը չեղյալ է հայտարարում Ընդունված տրանշը` պարտավորությունները չկատարելու դեպքի առաջացման պատճառով.
2.10. վճարել Բանկին 50.000 եվրո գնահատման վճար` Ծրագրի հետ կապված` Բանկի կողմից իրականացված գնահատման դիմաց.
2.11. վճարել եվրոյով յուրաքանչյուր տրանշի տոկոսները, հետվճարումները և այլ գանձումները` Պայմանագրով սահմանված պայմաններին, ժամկետներին և կարգին համապատասխան.
2.12. կատարել տոկոսի վճարումը մասերով Ֆիքսված տոկոսադրույքով տրանշի չմարված հաշվեկշռի մասով` ֆիքսված տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով` հատկացման առաջարկում նշված համապատասխան վճարման ամսաթվերին` սկսած տրանշի հատկացման օրվան հաջորդող առաջին վճարման ամսաթվից.
2.13. կատարել տոկոսի վճարումը մասերով լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի մասով` լողացող տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով` հատկացման առաջարկում նշված համապատասխան վճարման ամսաթվերին` սկսած տրանշի հատկացման օրվան հաջորդող առաջին վճարման ամսաթվից.
2.14. Բանկի պահանջագրի համաձայն վճարել տոկոսներ` իր կողմից վճարվելիք ցանկացած ժամկետանց գումարի դիմաց` վճարման ենթակա ամսաթվից մինչև վճարման ամսաթիվը` Պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքների համաձայն.
2.15. մասերով հետ վճարել Բանկին յուրաքանչյուր տրանշը` հատկացման առաջարկում սահմանված վճարման ամսաթվերին և մարման աղյուսակի պայմաններին համապատասխան.
2.16. Բանկի կողմից սահմանված ամսաթվին վճարել Վարկի կանխավճար` կուտակված տոկոսի և սույն Պայմանագրով նախատեսված կուտակված կամ չվճարված բոլոր մյուս գումարների հետ միասին, եթե Բանկը չեղյալ է համարել Վարկի չհատկացված մասը` օրենքի փոփոխության դեպք առաջանալու կամ այդպիսի դեպք առաջանալու հավանականության հիմքով.
2.17. օգտագործել վարկի ներքո իր կողմից փոխառված գումարների միջոցները Ծրագրի կատարման նպատակով և երաշխավորել, որ Պայմանագրի 5-րդ Դեկլարատիվ դրույթում թվարկված` իրեն հասանելի մյուս միջոցները պահանջված չափով ծախսվում են Ծրագրի ֆինանսավորման նպատակով.
2.18. իրականացնել Ծրագիրը համաձայն Տեխնիկական նկարագրի.
2.19. ձեռք բերել միջոցներ` Ծրագրի հավելյալ ծախսերը վճարելու համար, եթե Ծրագրի հետ կապված ընդհանուր ծախսը գերազանցում է 5-րդ դեկլարատիվ դրույթում նշված գումարի չափը.
2.20. իրականացնել տեխնիկական սպասարկում, վերանորոգում, անցկացնել զննումներ և թարմացնել Ծրագրի մաս կազմող սեփականությունը.
2.21. ապահովագրել Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և սեփականությունն առաջնակարգ ապահովագրական ընկերությունների միջոցով.
2.22. իրականացնել Ծրագիրը` բնապահպանական իրավունքին համապատասխան, ձեռք բերել և պահպանել պահանջվող բնապահպանական հաստատումները Ծրագրի համար.
2.23. իրականացնել և կյանքի կոչել Ծրագիրը` Եվրոպական միության օրենքի համապատասխան չափանիշների համաձայն.
2.24. Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ մշակել ապահովման ծրագիր` վերջինիս մաս կազմող յուրաքանչյուր ճանապարհահատվածի համար.
2.25. ֆինանսավորել և համապատասխան միջոցներով ապահովել Հողի ձեռքբերման և վերաբնակեցման ծրագրերի իրականացումը.
2.26. նախատեսել Եվրոպական ներդրումային բանկի Վարկային հաշիվ` Բանկից վարկի հատկացումներ ստանալու նպատակով.
2.27. Բանկին տրամադրել առաջին երկու տարվա կտրվածքով գործողությունների մանրամասն ծրագիր` ոչ ուշ, քան մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը.
2.28. ապահովել, որ իր վճարման պարտավորությունները պայմանագրի շրջանակներում դասակարգվեն բոլոր ներկա և ապագա` չապահովված և չստորակարգված այլ պարտավորությունների վճարման իրավունքին հավասար առաջնահերթությամբ` իր ցանկացած պարտքային փաստաթղթի ներքո.
2.29. անմիջապես Բանկին տեղյակ պահել այլ վարկատուի հետ միջնաժամկետ կամ երկարաժամկետ ֆինանսավորման պայմանագիր կնքելու մասին, որը պարունակում է վարկանիշի կորստի վերաբերյալ դրույթ կամ պարտավորությունների մարման հավասար առաջնահերթության կամ պարտավորությունների խաչաձև չկատարման համաձայնություն.
2.30. Բանկին տրամադրել տեղեկատվություն Ա.2. առդիրում նշված բովանդակությամբ, ձևով և ժամանակին.
2.31. Բանկին տրամադրել տեղեկատվություն Ծրագրի կամ Ծրագրի համար ֆինանսավորման, գնումների իրականացման, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ կամ լրացուցիչ փաստաթուղթ, որը Բանկը կարող է հիմնավոր կերպով պահանջել ողջամիտ ժամանակահատվածում.
2.32. անհապաղ ներկայացնել Բանկին Ծրագրի ցանկացած էական փոփոխություն` հաստատելու համար.
2.33. Բանկին անհապաղ տեղեկացնել որևէ երրորդ կողմի նախաձեռնած ցանկացած գործողության, բողոքի կամ առարկության վերաբերյալ, ցանկացած փաստի կամ դեպքի մասին, որոնք կարող են էապես վնասել Ծրագրի կատարման ու իրականացման պայմանները, Ծրագրին առնչվող հանցագործությունների մասով իրական մեղադրանքի, դժգոհության կամ տեղեկատվության վերաբերյալ, բնապահպանական կիրառելի իրավունքին որևէ անհամապատասխանության մասին, բնապահպանական հաստատման ցանկացած կասեցման, չեղյալ հայտարարման կամ փոփոխման մասին.
2.34. տարեկան կտրվածքով տրամադրել Բանկին իր տարեկան բյուջեի աղյուսակային ամփոփագիրը` տարեկան բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում.
2.35. Բանկի ողջամիտ պահանջի դեպքում քայլեր ձեռնարկել հետաքննելու և /կամ/ դադարեցնելու համար որևէ ենթադրյալ կամ կասկածվող գործողություն, որն ունի Պայմանագրի 6.12. հոդվածում նկարագրված բնույթը.
2.36. Բանկին տեղեկացնել այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են որևէ կորստի համար պատասխանատու անձանց գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում ստանալու ուղղությամբ.
2.37. օժանդակել ցանկացած հետաքննության, որը կարող է իրականացնել Բանկը նախորդ կետում նշված գործողությունների առնչությամբ.
2.38. վճարել բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և այլ ցանկացած բնույթի պարտադիր վճար, ներառյալ պետական տուրքը և գրանցման վճարը, որոնք ծագում են Պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի կատարումից կամ իրականացումից.
2.39. վճարել ամբողջ հիմնական գումարը, տոկոսը, փոխհատուցման գումարը և Պայմանագրի ներքո վճարման ենթակա մյուս գումարները` առանց որևէ ազգային կամ տեղական հարկման նվազեցման.
2.40. կատարել բոլոր գանձումների և այլ ծախսերի վճարումը, այդ թվում` մասնագիտական, բանկային կամ տարադրամի փոխանակման հետ կապված գանձումները, որոնք առաջանում են Պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի փոփոխման, լրացման, նախապատրաստման, կատարման, իրականացման և դադարեցման կամ Պայմանագրից կամ այլ համապատասխան փաստաթղթից հրաժարման, ինչպես նաև Վարկի համար որևէ երաշխիքի փոփոխման, ստեղծման, կառավարման և իրականացման ուղղությամբ.
2.41. վճարել Բանկին ցանկացած գումար կամ ծախս, որոնք առաջացել են կամ Բանկը կրել է որևէ օրենքի կամ կանոնակարգի ներդրման կամ փոփոխության արդյունքում կամ ցանկացած օրենքի կամ կանոնակարգի փոփոխության արդյունքում.
2.42. հատուցել և Բանկին զերծ պահել որևէ կորստից, որը հետևանք է Հայաստանի Հանրապետության կողմից կատարված որևէ վճարման կամ մասնակի մարման, որը տեղի է ունեցել Պայմանագրով հստակ սահմանված ձևից տարբերվող ձևով.
2.43. Բանկի կողմից գրավոր պահանջ ներկայացվելու դեպքում անմիջապես հետ վճարել Վարկն ամբողջությամբ կամ մասամբ` Պայմանագրի ներքո կուտակված տոկոսների կամ այլ չվճարված գումարների հետ միասին, համաձայն Պայմանագրի 10.01.Ա հոդվածով սահմանված դրույթների:
3. Անդրադառնալով ՀՀ ճանապարհային ցանցի բարելավմանն ու պահպանմանն ուղղված միջազգային ներդրումային ծրագրերի իրականացման և այդ բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման պրակտիկային` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2011 թվականի մայիսի 30-ին կնքված ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի և Տրանշ 2-ի իրականացման վարկային համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրագործման շրջանակներում խորհրդատվական ծառայությունների մատուցման գործընթացի օրինականության ու արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ» ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2013 թվականի հունիսի 1-ի թիվ 11/1 որոշմամբ հաստատված ընթացիկ հաշվետվությունը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա Պայմանագրի կատարման շրջանակներում հիշյալ փաստաթղթում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից բացահայտված թերությունների ու բացթողումների բացառումը, ինչպես նաև արված եզրակացությունների ու առաջարկությունների կենսագործումը վերոհիշյալ Պայմանագրով ստանձնած ՀՀ պարտավորությունների արդյունավետ կատարման, հետևաբար` նաև ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրների իրագործման երաշխիքներ են:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին և 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված` «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
27 մայիսի 2014 թ. ՍԴՈ-1151 |