ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1206-Ն
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ, ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1206-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ, ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, այլ պետությունների սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումներն ընդունում է որպես համարժեք` նույնիսկ այն պարագայում, երբ այդ միջոցառումները տարբերվում են Եվրասիական տնտեսական միության և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջոցառումներից այն պայմանով, որ արտահանող պետությունը՝
1) օբյեկտիվորեն ապացուցում է, որ իր միջոցառումները թույլ են տալիս հասնել Եվրասիական տնտեսական միության սանիտարական և (կամ) անասնաբուժական պաշտպանության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բուսասանիտարական պաշտպանության համապատասխան մակարդակին.
2) տվյալ նպատակի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջով տրամադրում է զննման, փորձարկման, ինչպես նաև այլ համապատասխան ընթացակարգերի իրականացման համար համապատասխան թույլտվություն:
2. Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, երկկողմանի և բազմակողմանի միջազգային պայմանագրերի կնքման միջոցով արտահանող պետությունների հետ անցկացնում է միասնական խորհրդատվություններ համապատասխան սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ընդունման վերաբերյալ:
3. Տվյալ խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ հարցումը շահագրգիռ արտահանող պետության կողմից ուղարկվում է լիազոր մարմին: Տվյալ հարցման մեջ ներառվում է օբյեկտիվ ապացուցման ապահովման համար համապատասխան գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն այն մասին, որ արտահանող պետության կողմից իրականացվող միջոցառումները թույլ են տալիս հասնել Եվրասիական տնտեսական միության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից սահմանված պաշտպանության համապատասխան մակարդակին: Այդ տեղեկատվությունը, բացի այլ տեղեկատվությունից, ներառում է՝
1) համարժեքության ճանաչման մասին համաձայնագրի առաջարկվող ձևը.
2) արտահանող պետության ապրանքի (ապրանքների) նկարագրությունը, վերահսկողության (հսկողության) կամ ստուգումների համակարգը կամ միջոցառումները (միջոցները), որոնց համար ներկայացվել է համարժեքության ճանաչման հարցումը.
3) յուրաքանչյուր ապրանքի, միջոցառման կամ համակարգի համար համապատասխան լիազոր մարմնի (մարմինների) անվանումը (անվանումները), որին (որոնց) ուղղված է համարժեքության ճանաչման հարցումը.
4) այն ապրանքների, միջոցառումների (միջոցների) կամ համակարգի (համակարգերի) ցանկը, որոնց վրա տարածվելու է համարժեքության ճանաչման մասին համաձայնագիրը.
5) հղումներ համապատասխան միջազգային ստանդարտներին կամ համապատասխան ռիսկի գնահատմանը.
6) Եվրասիական տնտեսական միության սանիտարական կամ անասնաբուժական կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության բուսասանիտարական պաշտպանության համապատասխան մակարդակին պետության միջոցառումները (միջոցները) կամ համակարգի (համակարգերի) համարժեքության գնահատականը.
7) տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են գնահատվում միջոցառումները (միջոցները) կամ համակարգը (համակարգերը) և ինչպես է գործնականում կիրառվում միջոցառումը.
8) տեղեկատվություն տեխնիկական հնարավորությունների և այլընտրանքային միջոցառումների կիրառման հնարավորությունների մասին:
4. Անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող հարցումը տրամադրվում է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության պաշտոնական լեզվով, որի լիազոր մարմնին ուղղված է հարցումը:
5. Հարցման համաձայն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը արտահանող պետությանը ներկայացնում է պաշտպանության համապատասխան մակարդակի վերաբերյալ բացատրություն:
6. Այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը հարցման կամ ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ ունի անհամաձայնություն, առաջին իսկ հնարավորության դեպքում դրա մասին տեղեկացնում է հարցում ներկայացրած արտահանող պետության լիազոր մարմնին, ինչպես նաև պարզաբանում է անհամաձայնության պատճառները: Հայտ ներկայացրած արտահանող պետությունը պատասխանում է հետագա տեղեկատվության տրամադրման միջոցով՝ փոխելով հարցումը կամ կատարելով այլ գործողություններ, որոնք նշել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը:
7. Հարցման քննարկման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը քննարկում է սույն կարգի 1-ին կետում նշված տեղեկատվությունը, որպեսզի սահմանի, թե արդյոք միջոցառումները թույլ են տալիս հասնել պաշտպանության համապատասխան մակարդակին:
8. Հարցման քննարկման ժամանակ հնարավոր է առաջանա հավելյալ տեղեկատվության կարիք, որն էլ պահանջվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազոր մարմինների կողմից: Այդ տեղեկատվությունը տրամադրվում է հարցում ներկայացրած արտահանող պետության կողմից:
9. Հարցման համաձայն արտահանող պետությունը, լիազոր մարմնի կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը հեշտացնելու նպատակով, ապահովում է մուտք համապատասխան տեղեկատվությանը և կայքերին, ինչպես նաև թույլ է տալիս ստուգման այլ ձևեր, որոնք անհրաժեշտ են համարժեքության սահմանման համար:
10. Ներկայացված հարցմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը հարցում ներկայացրած արտահանող պետությանը ժամանակին տեղեկացնում է համարժեքության միջոցառումների ընդունման վերաբերյալ իրենց որոշման մասին և ներկայացնում է համարժեքության միջոցառումները չընդունելու մասին իրենց ընդունած որոշման պարզաբանումը:
11. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից կարող են հաստատվել ծրագրում կամ համաձայնագրում ներառված աուդիտորական, սերտիֆիկացման և մոնիթորինգի ընթացակարգեր, որոնք կիրառվում են համարժեք ճանաչված յուրաքանչյուր միջոցառման նկատմամբ:
12. Ռիսկի գնահատումը` արտահանող պետության տարածքում համապատասխան վնասատուի կամ հիվանդությունների ներթափանցման, արմատավորման կամ տարածման հավանականության գնահատման ժամանակ կիրառվող սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումներն են, ինչպես նաև հնարավոր կենսաբանական և տնտեսական հետևանքները, կամ սննդամթերքի, հյութերի և կերերի մեջ հավելումների, աղտոտիչների, թունավոր նյութերի կամ ախտածին միկրոօրգանիզմների առկայությամբ պայմանավորված` մարդու և կենդանիների առողջության համար հնարավոր բացասական հետևանքների գնահատումը:
13. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը ապահովում է, որ սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումները հիմնվեն մարդու, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության ռիսկի համապատասխան գնահատման վրա՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային կազմակերպությունների` ներառյալ Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի, Միջազգային էպիզոոտիկ բյուրոյի, ինչպես նաև Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի շրջանակներում գործող համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից մշակված ռիսկի գնահատման մեթոդաբանությունները:
14. Ռիսկի գնահատման համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը հաշվի է առնում գիտական տվյալները, արտադրության և վերամշակման համապատասխան միջոցները, համապատասխան ստուգումների իրականացման, նմուշառման և փորձարկման մեթոդաբանությունները, առանձին տեսակի վնասատուների և հիվանդությունների տարածումը, վնասատուներից և հիվանդություններից ազատ գոտիների առկայությունը, համապատասխան բնապահպանական պայմանները, շրջակա միջավայրի պայմանները, կարանտինի հնարավորությունը և վերամշակման այլ տեսակները:
15. Մարդու, կենդանիների կամ բուսականության կյանքի կամ առողջության ռիսկի գնահատման և այդպիսի ռիսկից սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական պաշտպանության անհրաժեշտ մակարդակին հասնելու համար կիրառվող միջոցառումների սահմանման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը հաշվի է առնում համապատասխան տնտեսական գործոնները. որևէ վնասատուի կամ հիվանդության ներթափանցման, արմատացման և տարածման ժամանակ վաճառքի և արտադրության ծավալի նվազումից առաջացած պոտենցիալ վնասը, ծախսերը, որոնք կատարվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում դրանց դեմ պայքարի կամ վերացման համար և ծախսերի ու ռիսկերի սահմանափակման այլընտրանքային մոտեցումների արդյունավետության հարաբերակցությունը:
16. Սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական համապատասխան մակարդակի սահմանման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը հաշվի է առնում առևտրի վրա բացասական ազդեցության նվազեցման խնդիրները:
17. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը խուսափում է պաշտպանության մակարդակի վիճահարույց և անհիմն տարբերություններից, որոնք ի հայտ են գալիս տարբեր իրավիճակներում, եթե այդ տարբերությունները կարող են հանգեցնել խտրականության կամ առևտրի սահմանափակման քողարկման, համապատասխան մակարդակի հայեցակարգի կիրառման ժամանակ մարդու, կենդանիների կամ բույսերի կյանքի և առողջության ռիսկից անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության ժամանակ հետևողականության հասնելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |