ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 մայիսի 2014 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ) (ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 3) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրում (Ընդհանուր գործողություններ) (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2014 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը (Ընդհանուր գործողություններ) (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3) ստորագրվել է 2014 թվականի մարտի 11-ին (այսուհետ` նաև Վարկային համաձայնագիր):
Վարկային համաձայնագիրն ստորագրվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը (Հայաստան ԲՖԳ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), որին Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 14-Ա որոշմամբ հավանություն է տրվել, և այն, ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-860 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից, վավերացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2010 թվականի փետրվարի 2-ի ԱԺՈ-186-Ն որոշմամբ:
2. Վարկային համաձայնագրով սահմանված կարգով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրում է հարյուր միլիոն (100.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն (Ծրագիր) իրականացնելու նպատակով:
Ծրագրի նպատակն է Վարկառուի տարածքում զարգացնել ենթատարածաշրջանային և պետական ճանապարհատրանսպորտային ցանցը:
Վարկային համաձայնագրի համաձայն` Ծրագրի իրականացման արդյունքում.
- կդյուրացվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհները.
- կմեծանա առևտրի շրջանառությունը և մրցակցությունը.
- կնվազեն փոխադրումների ծախսերը.
- կմեծանա շուկաների, աշխատատեղերի և սոցիալական ծառայությունների հասանելիությունը.
- կբարելավվի կառավարումը:
Վարկային համաձայնագրի համաձայն` Ծրագիրը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից.
- Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ Թալին-Լանջիկ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում և այդ հատվածի ընդլայնում` վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու.
- երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների կառավարման և ճանապարհների սպասարկման կառավարման համակարգի նախապատրաստում և իրականացում.
- Հյուսիս-հարավ միջանցքի (304 կմ) Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում.
- Ծրագրի իրականացման աջակցություն և Ծրագրի հետագա տրանշի նախապատրաստում, այդ թվում` դրա հետ կապված տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) վճարել տոկոսագումար և պարտավճար` Վարկային համաձայնագրով սահմանված կարգով և չափով.
բ) ապահովել, որ վարկի միջոցներն ուղղվեն Ծրագրի ծախսերի ֆինանսավորմանը` Վարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան.
գ) վարել Ծրագրի համար առանձին հաշիվներ, Ծրագրի համար պատրաստել տարեկան ֆինանսական հաշվետվություններ` ԱԶԲ-ի համար ընդունելի հաշվապահական սկզբունքներին համապատասխան, ամեն տարի ապահովել այդ ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, որը կիրականացվի աուդիտի միջազգային չափանիշներին կամ ԱԶԲ-ի համար ընդունելի` դրանց ներպետական համարժեք ստուգմանը համապատասխան, անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումը, փորձառությունը և տեխնիկական առաջադրանքներն ընդունելի են ԱԶԲ-ի համար.
դ) չկնքել աշխատանքների կատարման որևէ պայմանագիր, քանի դեռ Ծրագիրն իրականացնող գործակալությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից չի ստացել վերջնական շրջակա միջավայրի ազդեցության գնահատում և վերջնական վերաբնակեցման պլանի վերջնական հաստատում, և շրջակա միջավայրի կառավարման պլանի համապատասխան դրույթները չի ներառել աշխատանքների իրականացման պայմանագրում.
ե) ապահովել, որ գնված բոլոր ապրանքները և ծառայությունները (այդ թվում, առանց սահմանափակումների, համակարգչային սարքավորումները, ծրագրերը և համակարգերը` լինեն դրանք առանձին գնված, թե ներառված լինեն գնված այլ ապրանքների և ծառայությունների մեջ) չխախտեն կամ չվնասեն արդյունաբերական կամ մտավոր սեփականության` որևէ երրորդ կողմի իրավունքները կամ պահանջները.
զ) ապահովել, որ Ծրագրի ճանապարհի վերակառուցումն իրականացվի նախագծում, շինարարական մասնագրերում կամ մրցութային այլ փաստաթղթերում սահմանված տեխնիկական մասնագրերի համաձայն, ինչպես նաև շինարարության վերահսկողությունը, որակի հսկողությունը և պայմանագրերի կառավարումն իրականացվի միջազգային չափանիշներին համապատասխան.
է) ապահովել Ծրագիրն իրականացնող գործակալության կողմից Ծրագրի ճանապարհի երկայնքով մեքենաները կշռելու կայանների տեղադրումը, որի միջոցով վերահսկվելու է գերծանրաբեռնվածությունը, ինչպես նաև կիրառել համապատասխան կանոններ ծանրաբեռնվածությունը սահմանափակելու նպատակով.
ը) ապահովել, որ համապատասխան պետական մարմինները խիստ վերահսկողություն իրականացնեն սահմանների վրա, ինչպես նաև մայրուղու (ճանապարհի) պարեկային ծառայություն իրականացնեն` կանխելով մարդկանց, վայրի բնության, կենդանիների վտանգված տեսակների և անօրինական նյութերի թրաֆիկինգը.
թ) ապահովել կամ պահանջել, որ Ծրագիրն իրականացնող գործակալությունն ապահովի, որ հողերի ձեռքբերման ու վերաբնակեցման գործողություններն իրականացվեն համաձայն` Հայաստանի Հանրապետության հողերի ձեռքբերման և ոչ կամավոր վերաբնակեցման օրենսդրության, ոչ կամավոր վերաբնակեցման երաշխիքների, վերաբնակեցման շրջանակի, վերաբնակեցման պլանով նախատեսված` երաշխիքների մոնիտորինգի հաշվետվությամբ նախատեսված` ուղղիչ կամ կանխարգելիչ գործողությունների, իսկ հողի ձեռքբերումն ու վերաբնակեցումն ավարտել նախքան շինարարական աշխատանքների մեկնարկը, և այս պահանջը, համապատասխանաբար, ամրագրել աշխատանքների պայմանագրում, ինչպես նաև տրամադրել համապատասխան ռեսուրսներ` ֆինանսավորելու համար վերաբնակեցման պլանին վերաբերող փոխհատուցումն ու ծախսերը.
ժ) ապահովել, որ Ծրագիրը որևէ ազդեցություն չունենա տեղաբնակների վրա: Այն դեպքերում, երբ Ծրագիրը, այնուամենայնիվ, ունենում է նման ազդեցություն, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար, որ Ծրագրով պահպանվեն Հայաստանի Հանրապետության գործող օրենքներն և կանոնակարգերը, ինչպես նաև ԱԶԲ-ի երաշխիքների վերաբերյալ քաղաքականության մասով հայտարարությունը (2009թ.):
4. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին և նպատակաուղղված են ստեղծելու արդյունավետ, անվտանգ և կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի Հանրապետության կապը երկրի ներսում և միջազգային կապը` այլ երկրների հետ:
Միաժամանակ հարկ է նշել, որ սահմանադրական դատարանն ինչպես իր որոշումներում, այնպես էլ իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային (փոխառության) միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագիրը ևս պահանջում է լուրջ վերահսկողություն վարկային միջոցների օգտագործման և Ծրագրի կառավարման առումով` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրում (Ընդհանուր գործողություններ) (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
27 մայիսի 2014 թ. ՍԴՈ-1152 |