ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2014 թվականի N 432-Ա
ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2014 թվականի ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 270.0 մլն խոր. մետր:
(1-ին կետը փոփ. 17.07.14 N 696-Ա, 14.08.14 N 857-Ա)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված` ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք 2.0 խոր. մետր/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 խոր. մետր/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն խոր. մետր:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 26 Երևան |