Գլխավոր տեղեկություն
Համար
N 458
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.1993-03.09.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.09.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 1993 թվականի N 458

 

քաղ. Երևան

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքների վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 29-ի «Չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, շրջաններում և քաղաքներում կազմակերպել սոցիալական ծառայություններ:

Սոցիալական ծառայությունների աշխատողների թվաքանակը սահմանել ելնելով վարչատարածքի բնակչության թվից. Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում յուրաքանչյուր 8 հազար բնակչին` մեկ միավոր, հանրապետության մյուս քաղաքներում և շրջաններում յուրաքանչյուր 10 հազար բնակչին` մեկ միավոր, բայց 5 միավորից ոչ պակաս:

Սոցիալական ծառայությունների աշխատողների աշխատանքի վարձատրությունը կատարել պատգամավորների համապատասխան խորհուրդների գործկոմների սոցիալական ապահովության բաժինների համանուն պաշտոնների դրույքաչափերով:

Սոցիալական ծառայությունների պահպանման ծախսերը կատարել տեղական բյուջեների միջոցների հաշվին:

2. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` սոցիալական ծառայություններին հատկացնել անհրաժեշտ աշխատանքային տարածքներ, գույք, կապի և տրանսպորտային միջոցներ:

3. Հաստատել սոցիալական ծառայության օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

4. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 15-րդ կետի, հաստատել Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստներ նշանակելու և վճարելու կարգի մասին ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում մշակել պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների կանոնադրությունը և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և շահագրգիռ մյուս կազմակերպությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել սոցիալական ծառայությունների աշխատանքների կազմակերպման հրահանգներ, մեթոդական ցուցումներ և այլ նորմատիվային ակտեր:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեում:

7. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև 1993 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 10-ի N 458 որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սոցիալական ծառայությունը (այսուհետև` ծառայություն) կոչված է աջակցելու միայնակ, անօգնական ծերերին ու հաշմանդամներին, անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին, ծնողազուրկ և հաշմանդամ երեխաներին, միայնակ կենսաթոշակառուներից կազմված ընտանիքներին, ինչպես նաև սոցիալապես առավել անապահով այլ ընտանիքներին և ուղղված է նրանց հիմնական կենսական պահանջմունքների բավարարմանը, կենսագործունեության համար համապատասխան պայմանների ստեղծմանը, սոցիալական հարմարվողականության և ակտիվ երկարակեցության պահպանմանը:

2. Ծառայության միջոցով իրականացվող սպասարկումը տնտեսական, սոցիալական և մշակութային բնույթի միջոցառումների համալիր է և իր մեջ ընդգրկում է մի շարք ծառայությունների համակցություն (խնամքի, սննդի, բժշկական, իրավական և սոցիալ-հոգեբանական օգնության, մասնագիտական պատրաստման, աշխատանքի տեղավորման, ժամանցի կազմակերպման համագործակցում և այլն):

3. Ծառայությունը սոցիալական սպասարկման բնագավառում մարդու և քաղաքացու իրավունքները պահպանող և դրանց հետ կապված պետական երաշխիքներն ապահովող մարմին է:

4. Ծառայությունները կազմակերպվում են պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքների, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համատեղ որոշմամբ:

Ծառայություններն իրենց գործունեության ընթացքում ենթարկվում են պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը:

Ծառայությունների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Ծառայությունն իր կազմում կարող է ունենալ նպաստների նշանակման, վերլուծական, սպասարկման և կազմակերպչական սեկտորներ:

Ծառայությունում կարող են ստեղծվել նաև տնային բուժ-սոցիալական սպասարկման, հոգեկան, ուռուցքային, տուբերկուլյոզ և այլ հիվանդություններով տառապող քաղաքացիների առաջին օգնության համար սեկտորներ:

6. Սոցիալական սպասարկումից և ծառայություններից օգտվելու իրավունք ունեն`

55 տարեկանից բարձր կանայք և 60 տարեկանից բարձր տղամարդիկ.

1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամները, որոնք ապրում են միայնակ և մասնակի կամ լրիվ կորցրել են իրենց հիմնական կենսական պահանջներն ինքնուրույն բավարարելու հնարավորությունը և դրա հետ կապված կարիք ունեն մշտական կամ ժամանակավոր օգնության.

միայն կենսաթոշակառուներից կազմված ընտանիքները.

անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքները, ծնողազուրկ և հաշմանդամ երեխաները, ինչպես նաև սոցիալապես առավել անապահով ընտանիքներ:

7. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական սպասարկման բնագավառում օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներից, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

8. Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործկոմների որոշումներով և սույն կանոնադրությամբ:

9. Ծառայությունների աշխատանքների կոորդինացումը, միասնական քաղաքականության վարումը, ինչպես նաև մեթոդական և կազմակերպչական օգնությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից:

10. Ծառայության կողմից միայնակ, անօգնական ծերերի ու հաշմանդամների, միայն կենսաթոշակառուներից կազմված ընտանիքների տնային սպասարկումը, ծնողազուրկ, հաշմանդամ երեխաներին և սոցիալապես առավել անապահով այլ ընտանիքներին ցույց տրվող ծառայությունները կատարվում են անվճար:

11. Ծառայությունը գլխավորում է ծառայության պետը, որին նշանակում և ազատում է աշխատանքից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներկայացմամբ:

12. Ծառայության պետն իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների որոշումների և կարգադրությունների ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ակտերի հիման վրա և ի կատարումն դրանց:

13. Ծառայությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող և իր լրիվ անվամբ կնիք:

 

II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Ծառայության հիմնական խնդիրներն են`

ա) մասնակցել շրջանի (քաղաքի) սոցիալական քաղաքականության ծրագրերի մշակման և դրանց իրականացման ապահովմանը.

բ) իրականացնել ծառայության և սպասարկման կարիք ունեցող բնակչության հաշվառում և նորերի հայտնաբերում.

գ) անցկացնել սոցիալական շերտավորման հայտանիշների (եկամուտ, զբաղվածություն, կենցաղային պայմաններ և այլն) համակարգի հիման վրա սոցիալապես անապահով ընտանիքների դասակարգում.

դ) նշանակել և վճարել սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ.

ե) ապահովել քաղաքացիներին սոցիալական սպասարկման հավասար հնարավորություններ.

զ) ապահովել սոցիալական սպասարկման մատչելիություն և կողմնորոշվածություն դեպի սպասարկվողների անհատական պահանջմունքները.

է) հասարակական սննդի օբյեկտներից մեկում կազմակերպել անվճար սնունդ, իսկ անհրաժեշտության դեպքում հատկացնել օրապահիկ` բնամթերքի ձևով.

ը) աջակցել անօթևան անձանց ժամանակավոր կացարան հատկացնելու գործում.

թ) մշակել համալիր միջոցառումներ թափառաշրջիկության և մուրացկանության դեմ պայքարելու ուղղությամբ.

ժ) գործադիր իշխանության տեղական մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ կազմակերպել մահացած միայնակ, անօգնական անձանց հուղարկավորությունը.

ի) մարդասիրական օգնության կենտրոնական և տեղական հանձնաժողովներին տրամադրել տվյալներ առավել անապահով ընտանիքների վերաբերյալ և նրանց կողմից կայացված որոշումների հիման վրա օժանդակել մարդասիրական օգնության բաշխմանը.

լ) ծառայությանը դիմած անձանց ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ և պարզաբանմամբ, հրատապ հոգեբանական օգնությամբ, անհրաժեշտության դեպքում ուղարկել այլ կազմակերպություններ, ուր նրանց պահանջները կարող են բավարարել առավել ամբողջական և որակյալ.

խ) կազմակերպել կենսաթոշակառուների ստացիոնար սոցիալական սպասարկման փաստաթղթերի ձևակերպումը.

ծ) համագործակցել հասարակական, կրոնական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների, առանձին քաղաքացիների հետ:

15. Մարդասիրական օգնության բաշխման հաշվառման քարտերի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից:

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

16. Ծառայությունն իրավունք ունի`

ա) անհրաժեշտության դեպքում հարկային պետական տեսչության մարմիններից և այլ կազմակերպություններից պահանջել տեղեկություններ ծառայության կողմից սպասարկող անձանց մասին և սահմանված կարգով կասեցնել ցույց տրվող ծառայությունների մատուցումն ու նշանակված նպաստների վճարումը.

բ) դադարեցնել միայնակ, անօգնական ծերերի ու հաշմանդամների ծառայությունների մատուցումը, եթե սպասարկվողի խնամքը տարվում է որևէ մեկի կողմից կամ ի հայտ են եկել եկամտի նոր աղբյուրներ:

17. Սպասարկվողներն իրավունք ունեն`

ա) պահպանել սպասարկման ժամանակ հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.

բ) ստանալ հավաստի տեղեկություններ սոցիալական սպասարկման ձևերի և տեսակների, դրանց վճարման պայմանների, ինչպես նաև սոցիալական սպասարկման հետ առնչվող այլ հարցերի մասին.

գ) սպասարկվողները, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն հրաժարվելու սոցիալական սպասարկումից: Ծառայությունը պարտավոր է պարզաբանել հրաժարման հնարավոր հետևանքները:

Սոցիալական սպասարկումից հրաժարվելը, որը կարող է հանգեցնել քաղաքացու առողջական վիճակի վատթարացման կամ նրա կյանքին վտանգ սպառնալ, ձևակերպվում է քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումով, որտեղ նշվում է հրաժարվելու հետևանքների վերաբերյալ տեղեկատվության ստացման մասին:

18. Ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է դրա համար պատասխանատու ծառայության աշխատակցի կողմից, ծառայությանը դիմած քաղաքացիներին, ինչպես նաև մինչև 18 տարեկան անչափահաս երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց օրինական ներկայացուցիչներին: Առանձին դեպքերում սոցիալական սպասարկման վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվում է այն անձանց, որոնք ներկայացնում են սպասարկվողների օրինական շահերը:

19. Սոցիալական սպասարկումը և ծառայությունների տրամադրումն իրականացվում են միայն քաղաքացիների սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ համաձայնության դեպքում:

18 տարին չլրացած և օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցիչների կողմից:

20. Օրինական ներկայացուցիչների բացակայության դեպքում համաձայնությունը տրվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:

20. Ծառայության կողմից հնարավոր է սոցիալական ծառայությունների տրամադրման մերժում` քաղաքացու մոտ քրոնիկական ալկոհոլիզմի, տարափոխիկ հիվանդությունների կամ բացիլակրության, տուբերկուլյոզի ակտիվ ձևերի, ծանր հոգեկան և վեներական հիվանդությունների, ձեռքբերովի իմունոդեֆիցիտի համախտանիշի եվ այլ հիվանդությունների առկայության դեպքում, որոնք պահանջում են բուժում առողջապահության համակարգի մասնագիտացված հիմնարկներում և, որը պետք է հաստատվի բժշկական եզրակացությամբ:

 

VI. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Ծառայության միջոցների ծախսման հիմնական ուղղություններն են`

ա) սոցիալապես առավել անապահով ընտանիքների ընտանեկան նպաստների վճարում.

բ) սոցիալական քաղաքականության տարածքային ծրագրերի իրականացում.

գ) միանվագ դրամական օգնության և անվճար սննդի կազմակերպում.

դ) ծառայության պահպանման համար անհրաժեշտ ծախսերի կատարում.

ե) տեղեկատվական սպասարկում.

զ) առավել կարիքավոր անձանց և ընտանիքներին կարճաժամկետ դրամական փոխհատուցում տալու նպատակով փոխօգնության դրամարկղների ֆինանսավորում.

է) սահմանված կարգով հատկացված մարդասիրական օգնության բաշխման հետ կապված ծախսեր:

 


Հ
ԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 10-ի N 458 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրին համապատասխան, սույն կանոնադրությամբ ընտանեկան նպաստներ են նշանակվում և վճարվում սոցիալապես առավել անապահով քաղաքաբնակ ընտանիքներին:

2. Ընտանեկան նպաստների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի վերոհիշյալ հրամանագրի 7-րդ կետով նախատեսված երեխաներին չփոխհատուցված գումարների հաշվին:

 

II. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ

 

 3. Ընտանեկան նպաստ (այսուհետև` նպաստ) ստանալու իրավունք ունեն այն ընտանիքները, որտեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամին ընկնող միջին ամսական ամբողջական եկամուտը չի գերազանցում դիմում տալու պահին նախորդած բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակաշրջանի համար հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը:

4. Նպաստ նշանակվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար դիմում տալու պահին նախորդած բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակաշրջանի համար հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի ընտանիքի անդամների հաշվարկով դիմում տալու պահին նախորդած բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակաշրջանի համար հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 60 տոկոսից:

5. Նպաստի իրավունքը որոշելիս ընտանիքի կազմում հաշվի են առնվում համատեղ բնակվող (տվյալ բնակարանում հաշվառված) ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում` խորթ երեխաներն ու որդեգրվածները, բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, լիովին պետական խնամքի տակ գտնվող անձանց (մանկատներ, երեխայի տներ, հաշմանդամների տներ, գիշերօթիկ տներ և դպրոցներ, զինվորական ուսումնարաններ), և այն երեխաների, որոնց նկատմամբ ծնողները սահմանված կարգով զրկվել են ծնողական իրավունքներից, խնամակալության տակ գտնվող անձանց և օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված միայնակ անձանց, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաների:

6. Խնամակալության տակ գտնված և օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված միայնակ անձանց, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաներին խնամակալների ընտանիքներում նպաստ նշանակելիս միջին ամսական ամբողջական եկամտի կազմում հաշվի է առնվում միայն նրանց տրվող կենսաթոշակները, նպաստները, այլ եկամուտներն ու վճարումները:

 

III. ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

 7. Ընտանիքի միջին ամբողջական եկամուտը հաշվարկվում է նպաստ նշանակելու մասին դիմում տալու պահին նախորդած բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակաշրջանի վերջին ամսվա ընտանիքի ստացած եկամուտներով:

Ընտանիքի անդամի միջին ամսական ամբողջական եկամուտը հաշվարկվում է նշված ամսվա եկամուտների ընդհանուր գումարն ընտանիքի անդամների թվի վրա բաժանելով: Ընդ որում, ընտանիքի կազմում հաշվի են առնվում ընտանիքի այն անդամներն ու նրանց եկամուտները, որոնք նպաստ նշանակելու ժամանակաշրջանում համարվել են ընտանիքի անդամներ:

8. Նպաստներ նշանակելիս ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի են առնվում`

ա) աշխատավարձը, այդ թվում` արտաժամյա, տոնական և հանգստի օրերին ու համատեղությամբ կատարված աշխատանքի համար, բոլոր տեսակի հավելումներն ու լրացուցիչ վարձատրությունները, տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատանքի վարձատրության համակարգով սահմանված պարգևները` անկախ դրանց վճարման պարբերականությունից և աղբյուրներից, երկարամյա ծառայության համար վճարվող տոկոսային հավելավճարները և ամենամյա վարձատրությունները, ձեռնարկության կամ կազմակերպության աշխատանքի տարեկան ընդհանուր արդյունքի համար նյութական խրախուսման ֆոնդից կատարվող վարձատրությունները:

Դրամական պարգևներն ու ամենամյա վարձատրություններն ընտանիքի ամբողջական եկամտի մեջ են մտցվում` ըստ դրանց հաշվեգրման ժամանակի.

բ) մշտական բնույթ կրող դրամական մյուս վճարումները (դաշտային բավարարում), աշխատանքի շրջիկ ու շարժական բնույթի համար կատարվող.

գ) մշտական բնույթ կրող դրամական մյուս վճարումները (դաշտային բավարարում), աշխատանքի շրջիկ ու շարժական բնույթի համար կատարվող հավելավճարները և այլն (բացի գործուղման և տեղափոխության ծախսերի դիմաց կատարվող վճարումներից).

դ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը, գրական գեղարվեստական, երաժշտական, դերասանական, թարգմանչական ու այլ գործունեությունից և մատուցված ծառայությունից ստացվող եկամուտները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության տեղական մարմինների տվյալների հիման վրա.

ե) հեղինակային հոնորարի հիմնադրամից հաստիքային գրական աշխատողներին, նկարիչներին, լուսանկարիչ-թղթակիցներին ու մյուս անձանց վճարվող վարձատրությունների բոլոր տեսակները, ինչպես նաև ստեղծագործությունների հրապարակային կատարման համար վարձատրությունները, փաստաբանների վաստակի բոլոր տեսակները.

զ) առողջարանային վայրերում բնակելի տարածությունը վարձով հանձնելուց, ինչպես նաև այլ վայրերում այն որպես ամառանոց հանձնելուց ստացվող եկամուտները.

է) զինծառայողների դրամական բավարարումը.

ը) հաշմանդամության կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման կարգով վճարվող գումարները.

թ) առանձին քաղաքացիների մոտ կամ քաղաքացիների կոլեկտիվում աշխատանքով զբաղված անձանց փաստացի վաստակը, ընդ որում, այդ անձանց աշխատավարձի բնամթերային մասն ամբողջական եկամտի մեջ է մտցվում դրամական վարձի 100 տոկոսի չափով.

ժ) պետական, հասարակական, հասարակական-քաղաքական, կրոնական կազմակերպությունների, ասոցիացիաների, համատեղ ձեռնարկությունների, անհատ անձանց կողմից տարադրամով, ռուբլով կամ որևէ այլ դրամով դրամական կամ բնամթերային ձևով ցուցաբերած մարդասիրական օգնության գումարները.

ի) կրթաթոշակները և նպաստի բոլոր տեսակները (գործազրկության, միայնակության, անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխային ամենամսյա, երեխային մինչև երկու տարեկան հասակի հասնելու նպաստ և այլն, բացի թաղման նպաստից).

լ) հասարակական աշխատանքներից, ինչպես նաև պատահական և կարճատև բնույթի աշխատանքներից ստացած վաստակը.

խ) սեփականաշնորհումից ստացված եկամուտները.

ծ) բնակարանի, փոխադրամիջոցի վաճառքից ստացած գումարը.

կ) սահմանված կարգով նվիրատվությամբ, ժառանգությամբ ստացած դրամը, իրի արժեքը.

հ) օրենսդրությամբ սահմանված կարգով շահած գումարները կամ իրերի արժեքը.

ձ) բնակարանը, առանձնատունը, ավտոտնակը, ավտոմեքենան, բակը վարձով տալու համար ստացած եկամուտները.

ղ) ալիմենտները, ընդ որում, ստացվող ալիմենտները հաշվի են առնվում եկամտում, իսկ վճարվողներից` հանվում են.

ճ) անձնական օժանդակ տնտեսությունից սահմանված կարգով ու նորմատիվներով ստացվող եկամուտը և այլն.

մ) դիվիդենտները, խնայբանկի տոկոսները, ակցիաների վաճառքից ստացված եկամուտները:

9. Նպաստներ նշանակում է քաղաքացիների մշտական բնակության վայրի շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի սոցիալական ծառայությունը:

10. Նպաստ նշանակելու մասին դիմումները տրվում են սոցիալական ծառայությանը:

Նպաստ նշանակելու համար անհրաժեշտ դիմումի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից:

11. Նպաստ նշանակելու մասին դիմումի հետ պետք է ներկայացվեն`

ա) տեղեկանք ընտանիքի կազմի մասին, որտեղ պետք է նշված լինի ընտանիքի յուրաքանչյուր անդամի ազգանունը, անունը, հայրանունը և ազգակցական կապը.

բ) ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը:

12. Այն ընտանիքները, որոնց կազմում կան խորթ երեխաներ, տեղեկանք են ներկայացնում նաև այն մասին, որ այդ երեխաները մյուս ծնողի ընտանիքում չեն հաշվառված և նրանց համար նպաստ չի վճարվում:

Ամուսինների անջատ ապրելու դեպքում նպաստի համար դիմող ամուսինը պետք է տեղեկանք ներկայացնի մյուս ամուսնու եկամտի կամ նրանից երեխաների համար ստացված ալիմենտների չափի մասին:

 

IV. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

13. Նպաստ նշանակվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուսների փոխադարձ համաձայնությամբ:

Չափահաս անդամներից մեկի համաձայնությունը չլինելու դեպքում, վեճը լուծում է սոցիալական ծառայությունը` ելնելով ընտանիքի մյուս անդամների շահերից:

14. Նպաստներ նշանակելու մասին դիմումները սոցիալական ծառայությունը քննարկում է ոչ ուշ ,քան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմումը ստանալուց կամ լրացուցիչ փաստաթղթերը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:

15. Սոցիալական ծառայությունը նպաստներ նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո, 5 օրվա ընթացքում, հայտնում է դիմողին: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում նշվում են մերժման պատճառները և որոշումը գանգատարկելու կարգը:

16. Նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է գանգատարկվել պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործկոմ կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն:

17. Նպաստը նշանակվում և վճարվում է նպաստի համար դիմելու ամսվանից մինչև բնակչության եկամուտների ինդեքսավորման հաջորդ ժամանակաշրջանը:

Նպաստի վճարումը շարունակվում է բնակչության եկամուտների ինդեքսավորման հաջորդ ժամանակաշրջանում սույն կանոնադրության 4-րդ կետով սահմանված չափերով, եթե նպաստառուի ընտանիքի կազմում և ստացած եկամուտներում (ինդեքսավորմամբ պայմանավորված եկամուտների աճից բացի) փոփոխություններ չեն եղել:

18. Նպաստ նշանակելու մասին դիմումը, ներկայացված բոլոր փաստաթղթերը նպաստ նշանակող մարմնի որոշման հետ միասին, դրամական փաստաթղթերին համահավասար պահվում են նպաստառուի գործում:

Մեկ ընտանիքին նշանակվում է ընտանեկան մեկ նպաստ:

19. Նպաստառուի բացակայության դեպքում, ընտանիքի այլ չափահաս անդամին նպաստի վճարման հարցը որոշվում է սոցիալական ծառայության կողմից:

20. Նպաստները վճարվում են սոցիալական ծառայության կողմից սահմանված ժամկետներում:

21. Սոցիալական ծառայության ղեկավարը սահմանված կարգով պատասխանատվություն է կրում նպաստների նշանակման և վճարման կարգի վերաբերյալ գործող օրենսդրության պահպանման համար:

22. Նպաստ նշանակված ընտանիքի բնակության այլ վայր տեղափոխվելու դեպքում նպաստի վճարումը նախկին բնակավայրի սոցիալական ծառայության կողմից դադարեցվում է և նոր բնակության վայրի սոցիալական ծառայության կողմից վերսկսվում նախկին վայրում այն դադարեցվելու ժամանակից:

Նպաստ նշանակված ընտանիքի գործը, նպաստառուի դիմումի համաձայն, ուղարկվում է նոր բնակության վայրի սոցիալական ծառայություն` նշելով այն ամիսը, մինչև որը նպաստը վճարվել է:

23. Սոցիալական ծառայության որոշման հիման վրա նպաստի ավելի վճարված գումարը նպաստառուից հետ է պահվում հաշվարկային (թվաբանական) սխալի դեպքում:

Նպաստի ավելի վճարված գումարը հետ է պահվում նպաստառուից նպաստի հաջորդ վճարումից ոչ ավելի, քան ամեն ամիս 20 տոկոսի չափով:

 

V. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

24. Նպաստառուի կողմից ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, վաստակը կամ այլ եկամուտը, ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխությունները թաքցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման օրվանից, և տվյալ ընտանիքն առնվազն մեկ տարի զրկվում է նպաստ ստանալու իրավունքից:

Նպաստի ավելի վճարված գումարները կարող են հետ պահվել պետական բյուջե` նոտարական մարմնի կատարողական մակագրության կամ դատարանի վճռի հիման վրա:

Նպաստի վճարման դադարեցումը կատարվում է նպաստ նշանակող սոցիալական ծառայության որոշմամբ` համապատասխան հանգամանքների առաջացման հաջորդող ամսից:

25. Եթե բնակչության եկամուտների ինդեքսավորման ժամանակահատվածում ծագում են այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով պետք է դադարեցվի նպաստի վճարումը, նպաստ ստացողները պարտավոր են այդ մասին հայտնել նշանակող սոցիալական ծառայությանը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.07.2000, N 350 10.07.2000, N 458
03.09.1996, N 276 03.09.1996, N 458
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան