ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2020 թվականի N 484-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ՀՂԻ ԿՆՈՋԸ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 411-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 7-ը սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված շահառուների տվյալները տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 7-ը սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վերաբերյալ դրամական օժանդակությունը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ տվյալները տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից շահառուների վերաբերյալ տվյալներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
5. Սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 10-րդ, 10.1-ին, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ 12-րդ կետն ուժը կորցնում է 2021 թվականի փետրվարի 1-ից։
(5-րդ կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 6-ի N 484-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
(սույն կարգի կիրառությունը, բացառությամբ 10-րդ, 10.1-ին, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերի, դադարեցվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից)
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԳՆԱԾ ՀՂԻ ԿՆՈՋԸ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կնոջը միանվագ դրամական օժանդակություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:
2. Միանվագ դրամական օժանդակությունը նշանակվում է բժշկական կազմակերպություններում հաշվառված՝ 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ հղիության 12-րդ շաբաթը լրացած կնոջը (այսուհետ՝ հղի), եթե՝
1) հղի կինն այդ օրվա դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող, իսկ նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող).
2) հղին այդ օրվա դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և չունի ամուսին (չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է)։
Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 411-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չեն համարվում աշխատանք)։
(2-րդ կետը խմբ., փոփ. 10.04.20 N 525-Լ, փոփ. 14.04.20 N 555-Լ, 21.04.20 N 584-Լ)
2.1. Սույն կարգի իմաստով աշխատանք չունենալու փաստը հաստատվում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2020 թվականի ապրիլի 6-ի դրությամբ առկա տվյալների միջոցով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:
(2.1-ին կետը լրաց. 18.05.20 N 759-Լ)
3. Անձը չի կարող օգտվել սույն կարգով նախատեսված օժանդակությունից, եթե՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)
2) հղիության 34-րդ շաբաթը լրացել է մինչև 2020 թվականի մարտի 30-ը ներառյալ:
(3-րդ կետը փոփ. 14.04.20 N 555-Լ)
4. Միանվագ դրամական օժանդակության չափը 100 000 դրամ է:
5. Միանվագ դրամական օժանդակությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված տվյալների հիման վրա։
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծառայությանն է տրամադրում բժշկական կազմակերպություններում հաշվառված՝ 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ առնվազն 12 շաբաթական, սակայն ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիների անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ առկայության դեպքում՝ նաև հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն։
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն էլեկտրոնային եղանակով ծառայությանն է տրամադրում դրամական օժանդակությունը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի (ամուսնության, ամուսնալուծության, մահվան) պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ։
8. Ծառայությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից ստացված տվյալները և սույն կարգի 2-րդ ու 3-րդ կետերի դրույթները, ձևավորում է շահառուների ցանկը և վճարման ցուցակներ՝ ըստ բանկերի։
9. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաև հղիի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, վճարման ենթակա գումարը։
10. Միանվագ դրամական օժանդակությունը վճարվում է անկանխիկ եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր) կնքած բանկերի միջոցով։ Ընդ որում, եթե միանվագ դրամական օժանդակության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
10.1. Եթե Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Ծառայությանը տրամադրված՝ սույն կարգի 6-րդ կետում նշված տվյալներում կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Ծառայությանը տրամադրված՝ սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալներում կատարվել է փոփոխություն և տրամադրված նոր տվյալներով անձին չի կարող նշանակվել և վճարվել միանվագ դրամական օժանդակություն, ապա Ծառայությունը դրա մասին տեղեկացնում է բանկին և պահանջում գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Եթե պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարը դեռևս չի կանխիկացվել, բանկը ոչ ուշ, քան պահանջն ստանալու հաջորդ աշխատանքային օրը գումարը փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ դրա մասին տեղեկացնելով Ծառայությանը: Եթե գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու պահանջն ստանալու օրվա դրությամբ գումարն արդեն կանխիկացվել է, ապա դրա մասին ևս բանկը տեղեկացնում է Ծառայությանը: Կանխիկացված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի վերադարձվում:
(10.1-ին կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)
11. Վճարման ցուցակում բանկի ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ բոլոր շահառուներին հավասարապես բաշխելով համաձայնագիր կնքած բանկերի միջև՝ հաշվի առնելով բանկի մասնաճյուղերի առկայությունը շահառուի հաշվառման (բնակության) վայրի շրջակայքում։
12. (կետն ուժը կորցրել է սույն որոշման 5-րդ կետի համաձայն)
13. Միանվագ դրամական օժանդակության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
14. Միանվագ դրամական օժանդակության գումարն ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։
15. Միանվագ դրամական օժանդակությունը վճարվում է, եթե շահառուն (հղի կինը) բժշկական կազմակերպություններում հաշվառվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը։
(15-րդ կետը լրաց. 03.09.20 N 1464-Լ)
(հավելվածը խմբ., փոփ. 10.04.20 N 525-Լ, փոփ. 14.04.20 N 555-Լ, 21.04.20 N 584-Լ, լրաց. 18.05.20 N 759-Լ, 03.09.20 N 1464-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |