Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0072/04/17 

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0072/04/17 

Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հոկտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Գարիկ Իսրայելյանի դիմումի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գարիկ Իսրայելյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 16.03.2017 թվականի վճռով Գարիկ Իսրայելյանը ճանաչվել է սնանկ:

Դատարանի 01.05.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Էլոյանը (այսուհետ՝ Կառավարիչ):

Դատարանի 07.07.2017 թվականի «Գարիկ Հայկի Իսրայելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը: Ի թիվս այլ պահանջների՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) պահանջը գրանցվել է որպես ապահովված պահանջ:

Դատարանի 17.10.2017 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշմամբ Կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել նաև երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտավորությունների կատարման ապահովման համար Բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի, Ջրվեժ, Մայակ թաղամասի 3/1 հասցեում գտնվող 1.113,6քմ մակերեսով հասարակական տարածքը։

Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի ներկայացուցչի կողմից 13.03.2019 թվականին Դատարանի 17.10.2017 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշման դեմ ներկայացվել է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.04.2019 թվականի որոշմամբ մերժվել է, և Դատարանի 17.10.2017 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը։

Բողոք բերած անձանց ներկայացուցիչը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով առկա է «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 17.10.2017 թվականի Դատարանի որոշման բեկանման հիմք հանդիսացող նոր հանգամանք` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2018 թվականի որոշումը, որով վերացվել է սնանկության գործով 07.07.2017 թվականի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշումը՝ Բանկի մասով։ Հաշվի առնելով նշված դատական ակտի բովանդակությունը՝ այն ամբողջովին կարող է դիտարկվել որպես նոր հանգամանք, քանի որ դրա առկայության պայմաններում դատարանը կկայացներ բոլորովին այլ որոշում։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին որոշումը չի կարող իրավաչափորեն մնալ այն պարագայում, երբ վերացված է պարտատերերի պահանջների ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշումը՝ Բանկի մասով։ Այսինքն՝ առանց այդ որոշման, Բանկը որևէ իրավունք չունի գույքի նկատմամբ, իսկ առանց իրավունքների՝ աճուրդն ապօրինի է։

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձանց ներկայացուցիչը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին։

Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել ներկայացված վերաքննիչ բողոքի երկու՝ թիվ ՎԴ/7014/05/17 գործի ՀՀ վարչական դատարանում քննության պայմաններում սույն գործով Դատարանի կողմից որոշում կայացնելու արգելքի առկայության և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժ Մայակ Թաղամասի 3/1 հասցեում գտնվող 1.113,6քմ մակերեսով հասարակական տարածքի գինը սխալ գնահատված լինելու հիմքերին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պարտավորություն է ունեցել սույն գործով գրավատուներ Անահիտ Քարիմյանին և Աշոտ Տոնոյանին ծանուցել սնանկության վարույթի, ինչպես նաև դրա շրջանակներում կայացված գույքն աճուրդով վաճառելու թույլտվության վերաբերյալ որոշման մասին, ինչը, սակայն, չի կատարել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձանց ներկայացուցիչը պահանջել է «22.04.2019 թվականին կայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասին դատական ակտը վերացնել»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ նյութական և դատավարական իրավունքների խախտման հիմքով վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, իսկ որպես նոր հանգամանք վկայակոչված 17.12.2018 թվականի որոշումը վիճարկվող՝ «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշման կայացման վրա որևէ ազդեցություն չունի։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանի 07.07.2017 թվականի «Գարիկ Հայկի Իսրայելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը: Ի թիվս այլ պահանջների՝ Բանկի պահանջը՝ 332.365 ԱՄՆ դոլար 87 ցենտի չափով, գրանցվել է որպես ապահովված պահանջ։

2) Դատարանի 17.10.2017 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշմամբ Կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտավորությունների համար Բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի, Ջրվեժ, Մայակ թաղամասի 3/1 հասցեում գտնվող 1.113,6քմ մակերեսով հասարակական տարածքը (գործի հավելված 1-ին, գ. թ. 62-63)։

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2018 թվականի որոշմամբ մասնակի՝ Բանկի գրավով ապահովված պահանջը հաստատելու մասով, վերացվել է Դատարանի 07.07.2017 թվականի որոշումը և այդ մասով հարցն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության։

4) Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի ներկայացուցչի կողմից 13.03.2019 թվականին ներկայացվել է Դատարանի 17.10.2017 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշման դեմ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վերաքննիչ բողոք (գործի հավելված 1-ին, գ. թ. 70)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու վարույթի առանձնահատկություններին:

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանը, 15.07.2011 թվականի թիվ ՍԴՈ-984 որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի վերանայման արդյունավետ ինստիտուտի գոյությունը պետք է հիմնվի այն տրամաբանության վրա, որ պետությունը պետք է ապահովի խախտված իրավունքների վերականգնումը, քանզի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտավորությունը ենթադրում է, որ պետությունն ինքն է պատասխանատու դատական ակտերով խախտված իրավունքների վերականգնման համար: Պետության նման պարտավորության կատարումն ապահովելու բավականին արդյունավետ միջոց է դատական ակտերի վերանայումն իրավունքի ուժով:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բեկանվել է այն դատական ակտը, դատավճիռը, կամ ընդունման պահից անվավեր է ճանաչվել այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում՝ այն դատական կամ վարչական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, որով վերացվել է համապատասխան դատական ակտը, դատավճիռը կամ վարչական ակտը:

Վերլուծելով վերոգրյալ իրավադրույթները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց համար սահմանել է իրավական հնարավորություն՝ նոր հանգամանքի հիմքով բողոքարկելու առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման: Ընդ որում՝ նոր հանգամանքի հիմքով առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը:

Միաժամանակ վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, նոր հանգամանքի հիմքով բողոք ներկայացվելու դեպքում, ենթակա է վերանայման, եթե բեկանվել է այն դատական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար: Ընդ որում, օրենսդիրը նշված դեպքում նոր հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու համար սահմանել է եռամսյա ժամկետ. հաշվարկը սկսվում է այն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, որով վերացվել է համապատասխան դատական ակտը:

Այսպիսով, վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ,

- այդ դատական ակտը բողոքարկման ենթակա դատական ակտ է,

- բեկանվել է այն դատական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց (համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելուց) հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու դրությամբ եռամսյա ժամկետը չի լրացել:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի հիման վրա հարուցված վարույթի քննության առանձնահատկություններին: Այսպես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 426-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում է գործում առկա ապացույցները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտի վերանայման բողոքի հիմքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով դատարանը գնահատում է հետազոտված ապացույցները և կարող է հաստատված համարել նոր փաստ, եթե հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում և գնահատում է գործում առկա ապացույցները՝ պարզելու համար դատական ակտի վերանայման բողոքի հիմքի առկայությունը կամ բացակայությունը: Նշվածից հետևում է, որ դատարանը պարզում է, թե արդյոք դատական ակտի վերանայման բողոքի հիմք առկա է, թե ոչ: Այսինքն՝ բողոքում առկա նոր հանգամանքով դատական ակտը բողոքարկելու հիմքից բացի, բողոքում այլ հիմքերի առկայության դեպքում դատարանը չպետք է անդրադառնա բողոքի այդ հիմքերին, քանի որ օրենսդիրը, նոր հանգամանքի վարույթի բացառիկությունից ելնելով, համապատասխան դատարանին օժտել է միայն նոր հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու իրավազորությամբ:

Նման մոտեցումը հիմնավորվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներով հայտնած այն դիրքորոշմամբ, որ նոր հանգամանքի ինստիտուտի նպատակն է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), ինչը ենթադրում է բողոքարկվող դատական ակտի բացակայության պայմաններում առկա իրավիճակի վերականգնում, իսկ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի բեկանման դեպքում բողոքի այլ հիմքերին անդրադառնալու անհրաժեշտությունը վերանում է՝ նկատի ունենալով, որ բողոքաբերի իրավունքները վերականգնվում են նոր հանգամանքի ինստիտուտի միջոցով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 07.07.2017 թվականի «Գարիկ Հայկի Իսրայելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը: Ի թիվս այլ պահանջների՝ Բանկի պահանջը՝ 332.365 ԱՄՆ դոլար 87 ցենտի չափով, գրանցվել է որպես ապահովված պահանջ։ Դատարանը «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 17.10.2017 թվականի որոշմամբ Կառավարչին թույլատրել է հրապարակային սակարկություններով վաճառել երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտավորությունների համար Բանկում գրավադրված Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի, Ջրվեժ, Մայակ թաղամասի 3/1 հասցեում գտնվող 1133,6 քմ մակերեսով հասարակական տարածքը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ մասնակի՝ Բանկի գրավով ապահովված պահանջը հաստատելու մասով, վերացվել է Դատարանի 07.07.2017 թվականի «Գարիկ Հայկի Իսրայելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը և այդ մասով հարցն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է Դատարանի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 17.10.2017 թվականի որոշման դեմ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ դատարանի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը» որոշմամբ վարույթ է ընդունվել Դատարանի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 17.10.2017 թվականի որոշման դեմ ներկայացված նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վերաքննիչ բողոքը:

 Վերաքննիչ դատարանի որոշմամբ Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է այն հիմնավորմամբ, որ «…պարտապանի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, որը բեկանվել և ուղարկվել է նոր քննության, այս փուլում չի կարող որևէ ազդեցություն ունենալ սույն գործի լուծման համար: (…) ֆինանսական առողջացման բացակայությամբ պայմանավորված, երբ առկա է պարտապանի գործունեության դադարման գործընթացի հետ համանման գործընթաց, այդ պահից ի վեր պարտապանին պատկանող գույքի տնօրինումը ենթակա է իրականացման սնանկության գործով կառավարչի կողմից, որպիսի իրավունքի իրացման նկատառումներից ելնելով էլ վերջինս դիմել է դատարան գույքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով:

Ուստի բողոքաբերների փաստարկները` կապված նոր հանգամանքի առկայության մասին, արդարացված չեն, քանի որ, ինչպես արդեն իսկ վերոգրյալով նշվեց, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը (դրա մասնակի բեկանումը) հիմք չի հանդիսացել բողոքարկված որոշման կայացման համար»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին: Այդ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում, և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն միայն այն դեպքում, երբ տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու վերաբերյալ` ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին(տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի և Սիլվա Համբարձումյանի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականի որոշումը):

 

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով նոր հանգամանքի առկայության կամ բացակայության հարցին՝ նախ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 17.10.2017 թվականի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և այն բողոքարկման ենթակա դատական ակտ է:

Այնուհետև անդրադառնալով նոր հանգամանքի հաստատման մյուս պայմանին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարզելու համար, թե արդյոք բեկանվել է այն դատական ակտը, որը հիմք է ծառայել Դատարանի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 17.10.2017 թվականի որոշումը կայացնելու համար, պետք է նախևառաջ պարզել, թե արդյոք Դատարանի «Գարիկ Հայկի Իսրայելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 07072017 թվականի որոշումը մասնակի՝ Բանկի գրավով ապահովված պահանջը հաստատելու մասով, այլևս վերացված լինելու պարագայում՝ Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի, Ջրվեժ, Մայակ թաղամասի 3/1 հասցեում գտնվող 1.113,6քմ մակերեսով հասարակական տարածքը շարունակում է մնալ սնանկ ճանաչված Գարիկ Իսրայելյանի գույքի կազմում:

Նշվածից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հատկանշական է համարում այն, որ Բանկում գրավադրված Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի, Ջրվեժ, Մայակ թաղամասի 3/1 հասցեում գտնվող 1.113,6քմ մակերեսով հասարակական տարածքը պատկանում է երրորդ անձանց:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ գույքը կներառվեր Գարիկ Իսրայելյանի գույքի կազմում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1. օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Բանկի պահանջը գրանցված է որպես ապահովված պահանջ,

2. Բանկը չի ծանուցել դատարանին գրավադրված գույքի նկատմամբ մորատորիում չտարածելու մասին:

Տվյալ դեպքում Դատարանի «Գարիկ Հայկի Իսրայելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 07072017 թվականի որոշմամբ Բանկի պահանջը գրանցվել է որպես ապահովված պահանջ, սակայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ մասնակի՝ Բանկի գրավով ապահովված պահանջը հաստատելու մասով, վերացվել է Դատարանի «Գարիկ Հայկի Իսրայելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը և այդ մասով հարցն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Նշվածից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի, Ջրվեժ, Մայակ թաղամասի 3/1 հասցեում գտնվող 1.113,6քմ մակերեսով հասարակական տարածքը չի ներառվում Գարիկ Իսրայելյանի գույքի կազմում, քանի որ առկա չէ վերոգրյալ առաջին պայմանը (օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Բանկի պահանջը գրանցված չէ որպես ապահովված պահանջ):

Ավելին, Բանկի ապահովված պահանջը վերացված լինելու պարագայում այլևս բացակայում է իրավական և փաստական հիմքը Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի, Ջրվեժ, Մայակ թաղամասի 3/1 հասցեում գտնվող 1.113,6քմ մակերեսով հասարակական տարածքը հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելու համար, քանի որ հաշվի առնելով, որ նշված գույքը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձանց, սույն սնանկության գործի շրջանակներում կարող է իրացվել միայն, եթե այն ներառվեր Գարիկ Իսրայելյանի գույքի կազմում:

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բեկանվել է այն դատական ակտը (Դատարանի «Գարիկ Հայկի Իսրայելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 07072017 թվականի որոշումը՝ Բանկի գրավով ապահովված պահանջը հաստատելու մասով), որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի (Դատարանի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշումը) կայացման համար:

Անդրադառնալով նոր հանգամանքի հաստատման վերջին պայմանին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պահպանվել է նաև համապատասխան հիմքն ի հայտ գալուց (համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելուց) հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի համապատասխան որոշումը կայացվել է 17.12.2018 թվականին, իսկ Դատարանի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաքննիչ բողոք է ներկայացվել 13.03.2019 թվականին):

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2018 թվականի որոշումը նոր հանգամանք է Դատարանի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 17.10.2017 թվականի որոշման համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

 

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի կապակցությամբ.

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս հիմքին՝ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա արձանագրում է, որ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վարույթի առանձնահատկություններից ելնելով՝ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է գնահատեր միայն նոր հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը: Ուստի վերաքննիչ բողոքի մյուս՝ նոր հանգամանքի առկայությանը չվերաբերող հիմքին անդրադառնալու Վերաքննիչ դատարանի իրավազորության բացակայության պայմաններում՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին հնարավոր չի համարում անդրադառնալ:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ, 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ վերաքննիչ բողոքը բավարարել, բեկանել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.10.2017 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշումը և ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան