ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵՇԴ/0010/01/17 | ||
Գործ թիվ ԵՇԴ/0010/01/17 |
|||
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` |
Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ |
2019 թվականի նոյեմբերի 7-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 7-ի որոշման դեմ դիմող Մարետա Վրեժի Անտոնյանի և նրա ներկայացուցիչ Ա.Պապիկյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում 2016 թվականի մայիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11135716 քրեական գործը։
Գործի հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
2016 թվականի մայիսի 16-ին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էդգար Մանուկյանը, 2016 թվականի մայիսի 18-ի որոշմամբ նա ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննության մարմնի` 2016 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումներով դեպքի ժամանակ մահացած Հրաչյա Ֆալանջյանը ճանաչվել է տուժող, վերջինիս մայրը՝ Մարետա Անտոնյանը, տուժողի իրավահաջորդ, Մ.Չատինյանը` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով առերևույթ հանցանքներ կատարած Հրաչյա Ֆալանջյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրա մահվան հիմքով: Նախաքննության մարմինը նույն օրը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել նաև Հրաչյա Ֆալանջյանին վնաս պատճառած՝ Լևոն, Անուշ, Դավիթ և Անահիտ Ավետիսյանների և Սամվել Հարությունյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ և 43-րդ հոդվածների ուժով նրանց գործողությունները համարելով իրավաչափ: Նշված որոշումների օրինակներն ուղարկվել են տուժողի իրավահաջորդ Մ.Անտոնյանին:
2. Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունվարի 17-ի որոշմամբ թիվ 11135716 քրեական գործից մեղադրյալ Է.Մանուկյանի վերաբերյալ գործն անջատվել է, և նախաքննությունը շարունակվել է 62200317 համարի տակ:
2017 թվականի հունվարի 25-ին Է.Մանուկյանի վերաբերյալ թիվ 62200317 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան), որը 2017 թվականի մարտի 10-ին ընդունվել է դատարանի վարույթ, և գործին շնորհվել է ԵՇԴ/0010/01/17 համարը:
3. Նշված գործի դատաքննության ընթացքում՝ 2017 թվականի սեպտեմբերի 23-ի դատական նիստի ժամանակ, Մարետա Անտոնյանը միջնորդել է իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ։ Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշմամբ Մ.Անտոնյանի միջնորդությունը մերժվել է:
Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման դեմ Մ.Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի կողմից 2018 թվականի հուլիսի 11-ին բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել դիմող Մ.Անտոնյանը և նրա ներկայացուցիչ Ա.Պապիկյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ թիվ ԵՇԴ/0010/01/17 քրեական գործով 2017 թվականի սեպտեմբերի 23-ի դատական նիստի ընթացքում կայացված «Մարետա Անտոնյանին որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելը մերժելու մասին» արձանագրային որոշման դեմ Մարետա Վրեժի Անտոնյանի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանի վերաքննիչ բողոքը, գտնում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ այն իրավական հարցերին, թե արդյոք թիվ ԵՇԴ/0010/01/17 քրեական գործով կայացված վերը նշված որոշումը ենթակա է վերաքննիչ բողոքարկման և թե արդյոք բողոքաբերի կողմից պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանված վերաքննիչ բողոքարկման ժամկետները: (…)
Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես հետևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1 հոդվածի՝ վերը վկայակոչված դրույթների ուսումնասիրությունից, դրանցով «տուժողի իրավահաջորդ ճանաչելը մերժելու մասին» արձանագրային որոշման բողոքարկում նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, նշված հոդվածի 8-րդ կետի լույսի ներքո հարկ է նաև արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ դրույթով նույնպես նախատեսված չէ այդ որոշման ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկելու հնարավորություն:
Կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն՝ սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ առաջին ատյանի դատարանի՝ դատական քննության փուլում գտնվող քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչելը մերժելու մասին արձանագրային որոշման վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն՝ այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ։ (…)
Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի թիվ ԵՇԴ/0010/01/17 քրեական գործով 2017 թվականի սեպտեմբերի 23-ի դատական նիստի ընթացքում կայացված արձանագրային որոշման վերաբերյալ Մարետա Վրեժի Անտոնյանը տեղեկացված է եղել հենց այդ դատական նիստի օրը, քանզի վերջինս փաստացի մասնակցել է այդ դատական նիստին, բացի այդ էլ, դատական նիստի արձանագրումը կատարվել է հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով, և այդ որոշումը նրան փաստացի հասու կարող էր դառնալ նրա գրավոր դիմումի հիման վրա դատական նիստից անմիջապես հետո դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը՝ դրա համառոտագրման հետ, նրան տրամադրվելուց հետո, մինչդեռ վերջինս նման դիմում չի ներկայացրել, իսկ ներկայացնելու պարագայում անգամ, այդ որոշումն ըստ էության կստանար հենց դատական նիստի օրը՝ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին, հետևաբար՝ վերջինիս համար վերաքննիչ բողոք բերելու ժամկետը լրացած կհամարվի առավելագույնը 2017 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 24:00-ին:
(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Արայիկ Պապիկյանը, իրականացնելով Մարետա Վրեժի Անտոնյանի իրավունքները բողոք է ներկայացրել վերաքննիչ բողոքարկման ենթադրյալ ժամկետի ավարտից ավելի ուշ, մասնավորապես Արայիկ Պապիկյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել միայն 2018 թվականի հուլիսի 11-ին, ինչպես նաև չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ»1։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակները, մեջբերելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 61-րդ, 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 58-րդ, 80-րդ հոդվածները, ինչպես նաև վկայակոչելով տուժողի խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ ներպետական և միջազգային իրավական ակտերը, նշել են, որ դիմող Մ.Անտոնյանը, փաստացի առանց քրեադատավարական օրենքով սահմանված կարգի, զրկվել է իր դատավարական կարգավիճակից, և հնարավորություն չի ունեցել իրացնելու իր իրավունքները, արդյունքում խախտվել է կողմերի մրցակցության սկզբունքը:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 7-ի որոշումը բեկանել և Մ.Անտոնյանին թիվ ԵՇԴ/0010/01/17 քրեական գործով ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության, մասնավորապես` իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է։ Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող (տուժողի իրավահաջորդ) ճանաչելը մերժելու մասին որոշման բողոքարկման հնարավորության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ տուժողի իրավահաջորդ ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ։
10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.
ա) ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.
բ) ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.
գ) ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:
11. ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների վերաբերյալ հիմնահարցերին, ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը2:
12. Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան): Մասնավորապես` Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Եվրոպական կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև3:
Խնդրո առարկա հիմնարար իրավունքների էությանն անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանը՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»4:
⚖13. Սույն որոշման նախորդ կետում վերլուծության առարկա դարձած հիմնարար իրավունքի ապահովման անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկել հանցագործությունից ենթադրաբար տուժած անձի իրավունքների պաշտպանության համատեքստում:
Այդ առումով Վճռաբեկ դատարանը Մովսես Խաչատրյանի գործով փաստել է. «[Հ]անցագործության արդյունքում տուժած անձը ոչ միայն արդար դատաքննության և դատարանի մատչելիության հիմնարար իրավունքները կրող սուբյեկտ է, այլև միջազգային-իրավական մի շարք փաստաթղթերով որպես պետության պարտավորություն է սահմանվում հենց վերջինիս իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովումը:
Այսպես` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ՝ նաև Կոմիտե)՝ 1985 թվականի հունիսի 28-ի` «Քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում տուժածի կարգավիճակի մասին» R(85)11, 2006 թվականի հունիսի 14-ի՝ «Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ» R(2006)8 հանձնարարականներում առաջարկվում է ազգային մակարդակներով միջոցներ ձեռնարկել տուժողների իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես, Կոմիտեի՝ 1985 թվականի հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:
Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ` Կոմիտեն անդամ պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատական պրակտիկան քրեական արդարադատության համակարգում տուժողի դերը բարձրացնելու մի շարք ուղղություններով:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի՝ «Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքները» A/RES/40/34 հռչակագրի 4-րդ և 5-րդ կետերը վկայում են, որ հանցագործությունից տուժողները պետք է արդարադատության մեխանիզմներից օգտվելու հնարավորություն ունենան: Դատական և վարչական կառուցակարգերը պետք է հաստատվեն և ամրապնդվեն այնպես, որ հնարավորություն ընձեռեն տուժողին ստանալու փոխհատուցում արագ, արդար, սակավարժեք և մատչելի ընթացակարգերի միջոցով:
25. Հաշվի առնելով տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նաև վերջինիս` դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման: Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը հիմնավորվում է նաև նրանով, որ այդպիսի որոշման բողոքարկման հնարավորություն չընձեռելու միջոցով տուժողի (տուժողի իրավահաջորդի)՝ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելը խաթարում է այդ հիմնարար իրավունքի բուն էությունը՝ վերջինիս վերածելով պատրանքային հիմնադրույթի: Այդպիսի սահմանափակումը խախտում է նաև գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռության ողջամիտ հարաբերակցությունը (…)»5:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կարգավիճակը հնարավորություն է ընձեռում տուժողին (տուժողի իրավահաջորդին) հանդես գալու որպես դատավարության մասնակից և իրականացնելու քրեադատավարական օրենքով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները: Տուժող (տուժողի իրավահաջորդ) ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն չընձեռելն անհարկի սահմանափակում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու առնչությամբ արտահայտված դիրքորոշումը վերաբերելի է նաև տուժող (տուժողի իրավահաջորդ) ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկմանը, քանի որ այդ երկու որոշումները հանցագործությունից ենթադրաբար տուժած անձի (նրա իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության տեսանկյունից ըստ էության միտված են նույն նպատակին։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մայիսի 13-ի որոշմամբ Հ.Ֆալանջյանի և Է.Մանուկյանի կողմից ենթադրյալ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11135716 քրեական գործը:
Նկատի ունենալով, որ դեպքի ընթացքում Հրաչյա Ֆալանջյանին պատճառվել է մահ, վերջինս ճանաչվել է տուժող, իսկ նրա իրավունքները ներկայացնելու և դատավարական շահերը պաշտպանելու համար վարույթն իրականացնող մարմնին դիմած Մ.Անտոնյանը՝ տուժողի իրավահաջորդ:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով առերևույթ հանցանքներ կատարած Հրաչյա Ֆալանջյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրա մահվան հիմքով: Նախաքննության մարմինը նույն օրը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել նաև Հրաչյա Ֆալանջյանին վնաս պատճառած' Լևոն, Անուշ, Դավիթ և Անահիտ Ավետիսյանների և Սամվել Հարությունյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ և 43-րդ հոդվածների ուժով նրանց գործողությունները համարելով իրավաչափ: Երկու որոշումների օրինակներն ուղարկվել են տուժողի իրավահաջորդ Մ.Անտոնյանին6:
Նախաքննության մարմնի վերոնշյալ որոշումները տուժողի իրավահաջորդ Մ.Անտոնյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկված լինելու վերաբերյալ տվյալներ սույն գործի նյութերում առկա չեն։
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունվարի 17-ի որոշմամբ թիվ 11135716 քրեական գործից մեղադրյալ Է.Մանուկյանի վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ և 2017 թվականի հունվարի 25-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան7:
Նշված գործի դատաքննության փուլում` 2017 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած դատական նիստի ընթացքում դիմող Մ.Անտոնյանը միջնորդել է իրեն ճանաչել տուժողի իրավահաջորդ։ Առաջին ատյանի դատարանը նույն օրվա արձանագրային որոշմամբ դիմող Մ.Անտոնյանի միջնորդությունը մերժել է8:
Վերոգրյալ որոշման դեմ դիմող Մ.Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի կողմից 2018 թվականի հուլիսի 12-ին բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ հետևյալ պատճառաբանություններով.
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի համաձայն՝ «տուժողի իրավահաջորդ ճանաչելը մերժելու մասին» արձանագրային որոշման բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ,
- դիմող Մ.Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ բողոքարկման ժամկետի ավարտից հետո, մասնավորապես՝ 2017 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման դեմ Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2018 թվականի հուլիսի 11-ին, ինչպես նաև չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ9:
15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո և հաշվի առնելով տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նաև վերջինիս` դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժող (տուժողի իրավահաջորդ) ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման։
Հետևաբար, տուժողի իրավահաջորդ ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը իրավաչափ չէ։
16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում դիմող Մ.Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքը՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն իրավասու չէ անդրադառնալու դիմող Մարետա Անտոնյանին թիվ ԵՇԴ/0010/01/17 դատական գործով տուժողի իրավահաջորդ չճանաչելու հիմնավորվածությանը։
17. Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել և դիմող Մ.Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դիմող Մարետա Վրեժի Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 12-20:
2 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումների՝ համապատասխանաբար 6-րդ և 7-րդ կետերը:
3 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50:
4 Տե՛ս Արթուր Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը:
5 Տե՛ս Մովսես Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12 որոշման 24-27-րդ կետերը:
6 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: