Գլխավոր տեղեկություն
Համար
N 1448-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.01.2013-10.03.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.10/61(360) Հոդ.1266
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 1 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2004 թվականի N 1448-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Երևանի «Էրեբունի» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության «Էրեբունի» օդանավակայանի համալիրը և վառելիքաքսանյութերի պետական ձեռնարկության Երևանի «Էրեբունի» պետական դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ռազմական օդակայանների (աերոդրոմների) համատեղ օգտագործման կարգը հաստատելու մասին» N 507 որոշման 3-րդ և 4-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում մի շարք միջոցառումներ իրականացնելու մասին» N 459 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1448-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջներին համապատասխան կանոնակարգվում է քաղաքացիական և ռազմական օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործումը:

Պետական (ոչ ռազմական) ավիացիայի և այդ նպատակներով օգտագործվող աերոդրոմների գործունեությունն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Համատեղ բազավորման աերոդրոմները դասակարգվում են 2 խմբի` համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմ և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմ:

3. Սույն կարգի իմաստով համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմ է համարվում քաղաքացիական ավիացիայի համակարգի այն աերոդրոմը (այսուհետ` քաղաքացիական աերոդրոմ), որտեղ կարող են շահագործվել ռազմական օդանավեր` բազավորման իրավունքով:

4. Սույն կարգի իմաստով համատեղ բազավորման ռազմական աերոդրոմ է համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության այն աերոդրոմը (այսուհետ` ռազմական աերոդրոմ), որտեղ կարող են շահագործվել քաղաքացիական օդանավեր` բազավորման իրավունքով:

5. Սույն կարգի իմաստով համատեղ օգտագործման աերոդրոմ է համարվում այն ռազմական աերոդրոմը, որտեղ կարող են շահագործվել քաղաքացիական օդանավեր` առանց բազավորման իրավունքի:

6. Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում թռիչքների ու վայրէջքների, թռիչքների աերոնավիգացիոն և օդերևութաբանական սպասարկումների, ինչպես նաև մատուցվող այլ օդանավակայանային ծառայությունների սակագները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը հաստատելու մասին» N 2074-Ն որոշման համաձայն:

Համատեղ բազավորման ռազմական և համատեղ օգտագործման աերոդրոմներում թռիչք-վայրէջքների, թռիչքների աերոնավիգացիոն և օդերևութաբանական սպասարկումների, ինչպես նաև մատուցվող այլ օդանավակայանային ծառայությունների սակագները հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

(6-րդ կետը լրաց., փոփ. 10.01.13 N 7-Ն)

7. Անկախ օդանավի ազգային պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային օդային փոխադրումներ կարող են իրականացվել, եթե «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն աերոդրոմը կառավարվող է և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն) սահմանած կարգով ապահովված է օդային երթևեկության (աերոնավիգացիոն) սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայություններով, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում:

(7-րդ կետը խմբ. 10.01.13 N 7-Ն)

8. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման կառավարվող աերոդրոմներում օդային երթևեկության (աերոնավիգացիոն) սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի N 744-Ն որոշմամբ սահմանված կարգով գլխավոր վարչության կողմից թույլտվություն ստացած կազմակերպությունը:

(8-րդ կետը խմբ. 10.01.13 N 7-Ն)

9. Անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով կարող են միջազգային չվերթներ և ներքին օդային փոխադրումներ իրականացվել միայն այն համատեղ բազավորման կամ համատեղ օգտագործման աերոդրոմներից, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին:

(9-րդ կետը խմբ. 10.01.13 N 7-Ն)

10. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմների համապատասխանությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջներին ապահովում է աերոդրոմը շահագործողը (այսուհետ` շահագործող):

(10-րդ կետը փոփ. 10.01.13 N 7-Ն)

11. Այն համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմները, որոնցում իրականացվում են միջազգային չվերթեր, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ապահովում են սահմանապահ, մաքսային, սանիտարակարանտինային և հասարակական կարգի ապահովման, անհրաժեշտության դեպքում` մուտքի արտոնագրերի ձևակերպման ծառայություններ, որոնց գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 16-ի «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Նշված ծառայությունների աշխատանքային պայմանները (տարածքներ, միջոցներ և այլն) ապահովվում են շահագործողի կողմից:

12. Համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմները, որոնցում շահագործվում են քաղաքացիական օդանավեր, պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և այդ նպատակով ենթակա են վերահսկման` գլխավոր վարչության կողմից` համաձայն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի:

Անկախ պատկանելությունից` ինչպես քաղաքացիական, այնպես էլ համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում գլխավոր վարչությունն իր կողմից սահմանված կարգով անցկացնում է աերոդրոմների ուսումնասիրություն և տեսչական ստուգումներ, որոնք կարող են լինել

ա) պարբերական` իրականացվում են տարեկան առնվազն 2 անգամ: Համատեղ օգտագործման և համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում պարբերական ուսումնասիրությունները և տեսչական ստուգումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ.

բ) արտահերթ` իրականացվում են`

աերոդրոմում տեղի ունեցած ավիացիոն միջադեպերի կամ պատահարների դեպքում,

օդանավ շահագործողների (այսուհետ` օգտագործող) կամ թռիչքներին առնչվող ծառայությունների կողմից դիտողությունների առկայության դեպքում, որոնք կարող են ազդել թռիչքների անվտանգության վրա,

աերոդրոմում կատարված գլխավոր փոփոխությունների դեպքում:

Սույն կարգի իմաստով գլխավոր փոփոխություններ են համարվում աերոդրոմի տարրերի երկրաչափական չափերի և արհեստական ծածկույթի, աերոդրոմի լուսաազդանշանային և ռադիոնավիգացիոն համակարգերի փոփոխությունները, աերոդրոմի շրջանում օդային երթևեկության խոչընդոտներ հանդիսացող նոր օբյեկտների կառուցումը:

Ուսումնասիրությունները և տեսչական ստուգումները կարող են իրականացվել նաև շահագործողի պահանջով` աերոդրոմի սերտիֆիկացման, ինչպես նաև աերոդրոմում կատարված գլխավոր փոփոխությունների դեպքում:

Ուսումնասիրությունները և տեսչական ստուգումներն իրականացվում են շահագործողի ներկայացուցիչների մասնակցությամբ:

(12-րդ կետը փոփ. 10.01.13 N 7-Ն)

13. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում շահագործողի և օգտագործողի միջև իրավահարաբերությունները կանոնակարգվում են պայմանագրային հիմունքներով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

14. Սույն կարգի իմաստով օգտագործող են համարվում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ երկրների քաղաքացիական և պետական ավիացիայի օդանավեր շահագործողները:

 

II. ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

15. Քաղաքացիական աերոդրոմները, որոնք չեն ընդգրկված համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում, ռազմական օդանավերի կողմից կարող են օգտագործվել օդային փոխադրումների, այդ թվում` նաև միջազգային օդային փոխադրումների իրականացման նպատակներով, եթե դրանք իրականացվում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող պահանջների և ընթացակարգերի համաձայն: Առանձին դեպքերում (վթարային իրավիճակներում կամ փոխադարձ համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում Հայաստանի Հանրապետությանը պատկանող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բազավորվող մարտական օդանավերի թռիչքների ու վայրէջքների ընթացքում կարող են կիրառվել տվյալ օդանավակայանում օդային երթևեկության սպասարկման մարմնի և ռազմաօդային ուժերի համապատասխան մարմինների միջև կնքված համաձայնագրերով սահմանվող օդային երթևեկության սպասարկման ընթացակարգեր:

16. Ոչ առևտրային չվերթերի իրականացման նպատակով շահագործվող ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերը կարող են բազավորման (կամ օգտագործման) իրավունքով օգտագործվել համատեղ բազավորման աերոդրոմ չհանդիսացող ռազմական աերոդրոմում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թույլտվության առկայության դեպքում:

17. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմների շահագործողական պատրաստականությունն ապահովում է շահագործողը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) համաձայն:

(17-րդ կետը փոփ. 10.01.13 N 7-Ն)

18. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում իրականացվող թռիչքները պլանավորվում են շահագործողի և օգտագործողի միջև փոխադարձաբար համաձայնեցված ժամանակացույցի համաձայն:

Թռիչքները պլանավորելիս անհրաժեշտ է ըստ կատարման ժամանակի հնարավորինս տարանջատել ընդհանուր բնույթի օդային երթևեկության մաս չկազմող ռազմական օդանավերի (օպերատիվ օդային երթևեկության) և ընդհանուր բնույթի օդային երթևեկության թռիչքները, եթե ռազմական օդանավերի նշված թռիչքները չեն իրականացվում ժամանակավորապես հատկացված (սեգրեգացված) օդային տարածքի սահմաններում: Կառավարվող օդային տարածքի սահմաններում այդ թռիչքների միաժամանակյա իրականացման դեպքում` դրանց տարանջատումը (էշելոնավորումը) ապահովելու նպատակով ինչպես օպերատիվ օդային երթևեկության, այնպես էլ ընդհանուր բնույթի օդային երթևեկության թռիչքների կառավարումն իրականացվում է օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ատեստավորված օդային երթևեկության սպասարկման կարգավարների կողմից:

19. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում շահագործողն օգտագործողին հատկացնում է տարածքներ` օդանավերի, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկման ծառայությունների և միջոցների տեղակայման համար:

Շահագործողը համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում ապահովում է ռազմական օդանավերի թռիչքների կառավարման խմբի աշխատանքային պայմաններ:

20. Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում ավիացիոն անվտանգության ապահովումն իրականացվում է շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված կարգով, որը օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հաստատվում է գլխավոր վարչության կողմից:

Համատեղ բազավորման ռազմական և համատեղ օգտագործման աերոդրոմներում ավիացիոն անվտանգության միջոցառումները սահմանում և դրանց իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

(20-րդ կետը փոփ., լրաց. 10.01.13 N 7-Ն)

21. Համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներում վթարափրկարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1725-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1043-Ն որոշման համաձայն:

(21-րդ կետը փոփ. 10.01.13 N 7-Ն)

22. Համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմներում, շահագործողի և գլխավոր վարչության համաձայնությամբ, ռազմական ավիացիայի միջոցներով կարող են տեղակայվել լրացուցիչ սարքավորումներ և տեխնիկական միջոցներ` ավիացիոն և թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով` չխախտելով սույն կարգի 9-րդ կետով սահմանված դրույթները:

(22-րդ կետը լրաց., փոփ. 10.01.13 N 7-Ն)

23. Համատեղ բազավորման եւ համատեղ օգտագործման աերոդրոմներում աերոդրոմի տարրերի եւ տեղակայված տեխնիկական միջոցների վերանորոգման աշխատանքների հետեւանքով աերոդրոմի շահագործողական պայմանների հնարավոր փոփոխության մասին շահագործողը նախօրոք` վերանորոգման աշխատանքներն սկսվելուց առնվազն 30 օր առաջ ծանուցում է օգտագործողին:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 10.01.13 N 7-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1448-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ

 

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աերոդրոմ

«Էրեբունի» օդանավակայանի աերոդրոմ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.09.2023, N 1511-Ն 17.09.2023, N 1448-Ն
05.05.2022, N 604-Ն 15.05.2022, N 1448-Ն
15.02.2018, N 143-Ն 10.03.2018, N 1448-Ն
10.01.2013, N 7-Ն 28.01.2013, N 1448-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան