ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2022 թվականի N 400-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԵՎ (ԿԱՄ) ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 25.05.23 N 820-Լ)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) և (կամ) բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով (նավերով, այսուհետ՝ նավ (նավեր)) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառմանը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 25.05.23 N 820-Լ)
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած միջոցառումն իրականացվում է օպերատորի միջոցով՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատասխանատու մարմնի և օպերատորի միջև կնքված պայմանագրի.
2) օպերատոր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, և վերջինս պետք է կնքի սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատասխանատու մարմնի հետ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագիրը.
3) սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառման իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
(2-րդ կետը խմբ. 05.05.2022 N 642-Լ, փոփ., խմբ., լրաց. 25.05.23 N 820-Լ)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել՝
1) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատասխանատու մարմնի և օպերատորի միջև կնքվելիք պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ.
2) «Օպերատոր ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
3) «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
4) (ենթակետն ուժը կորցրել է 25.05.23 N 820-Լ)
(3-րդ կետը փոփ. 05.05.2022 N 642-Լ, խմբ., փոփ. 25.05.23 N 820-Լ)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
25.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 24-ի N 400-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԵՎ (ԿԱՄ) ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
(վերնագիրը խմբ. 25.05.23 N 820-Լ)
1. Միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնելը, լոգիստիկ խոչընդոտների և լրացուցիչ ծախսերի նվազեցումը։
2. Սույն որոշման իմաստով լաստանավի (լաստանավերի) կամ նավի (նավերի) տեղափոխման համար կատարված ծախսը համարվում է լրացուցիչ ծախս։
3. Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) տեղափոխում կազմակերպելու համար օպերատորն օգտագործում է սեփական լաստանավը (լաստանավերը) կամ նավը (նավերը), կամ վարձակալում է լաստանավ (լաստանավեր) կամ նավ (նավեր)։
4. Սույն միջոցառման շրջանակում լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայությունը շահառուներին մատուցում է օպերատորը։
5. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայությունը տրվում է շահառուի և օպերատորի միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա։
6. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրի հիման վրա։
7. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցվում է 2023 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում շահառուներին մատուցված ծառայությունների մասով, բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափը (գումարը)։
8. Սույն միջոցառման 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր շաբաթվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում օպերատորը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն շահառուներին մատուցված ծառայությունների մասով և շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման հայտ՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրին համապատասխան։
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն միջոցառման 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և փոխհատուցման ենթակա գումարը տրամադրում օպերատորին։
10. Օպերատորն ապահովում է առնվազն շաբաթական մեկ չվերթ Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և (կամ) Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով և սահմանում է չվացուցակ։
11. Սույն միջոցառման իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը.
1) իրականացնում է արտահանման գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ներմուծման գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածք.
2) սույն հավելվածի 7-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամանակահատվածում և ուղղություններից որևէ մեկով Հայաստանի Հանրապետությունից և (կամ) դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացրել է ապրանքների տեղափոխում՝ օպերատորի կողմից ստանալով լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայություն։
12. Օպերատորի կողմից լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և (կամ) Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն։
13. Սույն միջոցառման շրջանակում յուրաքանչյուր շահառու լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայություն կարող է ստանալ մեկից ավելի անգամ։
14. Սույն միջոցառման շրջանակում լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայություն ստանալու նպատակով շահառուն օպերատորին ներկայացնում է հայտ՝ համաձայն N 1 ձևի։
15. Շահառուն հայտին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) ապրանքի արտահանումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր (մաքսային հայտարարագիր կամ տարանցիկ տեղափոխման հայտարարագիր կամ հաշիվ-ապրանքագիր և այլն). բնօրինակը կամ պատճենը՝ հաստատված, որ ճիշտ է բնօրինակի հետ.
2) հայտարարություն՝ համաձայն N 2 ձևի։
16. Ներմուծման դեպքում շահառուն լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օպերատորին է ներկայացնում նաև ներմուծման հայտարարագիրը։
17. Հայտը մերժվում է, եթե այն ներկայացված է թերի և չի համապատասխանում սույն հավելվածի 15-րդ և 16-րդ կետի պահանջներին։
18. Օպերատորը սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածում յուրաքանչյուր շաբաթվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրով հաստատված ձևաչափին համապատասխան, և չվերթի իրականացումը հիմնավորող փաստաթուղթ։
Ձև N 1
__________ -Ի ՏՆՕՐԵՆ ____________ |
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԵՎ (ԿԱՄ) ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ) ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել իմ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող (Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող) (արտահանման/ներմուծման/տարանցիկ փոխադրման հայտարարագիր, հաշիվ-ապրանքագիր թիվ ... օր /ամիս/ տարի) ապրանքների՝ լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Հայաստանի Հանրապետության կառավարության -- -- ---- N--- Լ որոշմամբ հավանության արժանացած միջոցառման շրջանակում նախատեսված տեղափոխման ծառայություն -----------------ուղղությամբ և կնքել համապատասխան պայմանագիր։
Առդիր՝
Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը) __________
Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն ____________
Ձև N 2
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված տեղեկատվության մեջ որևէ փոփոխության դեպքում տեղեկացնել հայտն ընդունող մարմնին:
Ստորագրող
_________________ (ստորագրությունը)
_____ _________ 20__ թ. |
(հավելվածը խմբ. 05.05.22 N 642-Լ, 25.05.23 N 820-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2023, N 820-Լ | 27.05.2023, N 400-Լ | |
05.05.2022, N 642-Լ | 08.05.2022, N 400-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|