ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 փետրվարի 2022 թվականի |
N 56-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «իթ» ենթակետը և 14-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
Հավելված Սահմանված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի |
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ կարգավորվող անձ) բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) (այսուհետ՝ բաժնեմաս) նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, զիջման կամ գրավադրման համաձայնեցման կարգը:
2. Կարգավորվող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի նկատմամբ իրավունքի օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում, ինչպես նաև այդ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, օտարում, այլ կերպ փոխանցում, զիջում կամ գրավադրում կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) համաձայնությունը կարգավորվող անձի կողմից ստանալուց հետո:
3. Կարգավորվող անձի բաժնեմասի նկատմամբ իրավունքը ժառանգման կարգով փոխանցվելու, վերակազմավորման արդյունքում իրավահաջորդության կարգով անցնելու, գրավադրելու արդյունքում փոխանցվելու վերաբերյալ գործարքները չեն համարվում սույն կարգի 2-րդ կետի իմաստով գործարք և համաձայնեցման ենթակա չեն։
4. Սույն կարգի 2-րդ կետի իմաստով կարգավորվող անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորությունն իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունն է, որը դրսևորվում է տվյալ իրավաբանական անձի՝
1) կառավարման և (կամ) ղեկավարման մարմինների ընտրության և (կամ) նրանց գործառույթների իրականացման ձևով.
2) ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու ձևով.
3) համար կատարման ենթակա հանձնարարականներ (ցուցումներ) տալու ձևով.
4) որոշումների կանխորոշման ձևով այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի տվյալ իրավաբանական անձի գործունեությունն ուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն (անուղղակի կանխորոշում).
5) գործունեությունն այլ եղանակով ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու ձևով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալում մասնակցության կամ պայմանագրի ուժով, ինչպես նաև այլ` օրենքով չարգելված ձևով։
5. Կարգավորվող անձը հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի պահանջներին համապատասխանող հայտ՝ նախքան`
1) կարգավորվող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի նկատմամբ իրավունքի, ինչպես նաև կարգավորվող անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, օտարումը՝ վաճառքի, մասնավորեցման (սեփականաշնորհման), փոխանակության, նվիրատվության կամ օրենսդրությամբ նախատեսված (չարգելված) այլ գործարքի կնքումը.
2) կարգավորվող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի նկատմամբ իրավունքի, ինչպես նաև կարգավորվող անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, այլ կերպ փոխանցումը կամ զիջումը՝ հավատարմագրային կառավարման հանձնելը կամ օրենսդրությամբ նախատեսված (չարգելված) այլ գործարքի կնքումը.
3) կարգավորվող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի նկատմամբ իրավունքի, ինչպես նաև կարգավորվող անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, գրավադրումը՝ գրավադրման գործարքի կնքումը։
6. Հայտը ներառում է`
1) բաժնեմասի նկատմամբ իրավունք օտարող, այլ կերպ փոխանցող, զիջող կամ գրավադրող և ձեռք բերող անձանց անվանումը (անունը, ազգանունը և հայրանունը), պետական գրանցման (հաշվառման) համարը (անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը),
2) բաժնեմասի նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, զիջման կամ գրավադրման գործարքի էական պայմանները,
3) տեղեկություններ գործարքի գնի, գնման համար նախատեսվող գումարի ծագման աղբյուրի վերաբերյալ,
4) բաժնեմասի բնորոշ հատկանիշները,
5) գործարքի կնքման հիմնավորումները,
6) կարգավորվող անձի կանոնադրական (բաժնեհավաք կամ փայահավաք) կապիտալում բաժնեմաս ձեռք բերողի մասնակցության նախատեսվող չափը և տոկոսը, վերջինիս պատկանող՝ կարգավորվող անձի բաժնեմասի (հավաստագրի) քանակը (եթե ունի նման մասնակցություն), նշում ձեռք բերող անձին պատկանող և ձեռք բերվող բաժնեմասերով հավաստվող քվեարկության իրավունքի մասին,
7) բաժնեմասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
8) բաժնեմասը ձեռք բերող անձի անհրաժեշտ փորձի վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրված լիցենզիա կամ թույլտվություն ունեցող կարգավորվող անձի, ինչպես նաև գերիշխող (ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի) օպերատորի նկատմամբ հսկողության փոխանցման դեպքերում,
9) տեղեկություններ բաժնեմասի նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, զիջման կամ գրավադրման գործարքի իրականացումից հետո կարգավորվող անձի պարտավորությունների, հետագա զարգացման ծրագրերի և նախատեսվող ներդրումների չափի վերաբերյալ (դրանց առկայության դեպքում),
10) հայտը լրացնող պատասխանատու անձի կոնտակտային տվյալները,
11) հայտը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,
12) այլ տեղեկություններ և (կամ) կից ներկայացվող փաստաթղթեր՝ կարգավորվող անձի հայեցողությամբ։
7. Հայտը ստորագրում է կարգավորվող անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ սահմանված կարգով նրան փոխարինող կամ լիազորված անձը:
8. Հայտը ներկայացվում է հայերեն, մեկ օրինակից։ Հայտում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս կարգավորվող անձը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
9. Կարգավորվող անձն օրենքով սահմանված՝ գաղտնի համարվող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «Գաղտնի է» նշումով փակ ծրարով։ Փաստաթղթի առաջին էջը նույնպես պետք է ներառի «Գաղտնի է» նշումը: Հայտում միաժամանակ ներկայացվում է տվյալ տեղեկությունը որպես գաղտնի նշելու հիմքը: Այդ դեպքում հանձնաժողովը հայտը քննարկում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:
10. Կարգավորվող անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության և ամբողջականության համար:
11. Հայտը ստանալու օրվանից՝ տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ստուգում են hայտի (դրան կից ներկայացվող փաստաթղթերի) ճշտությունն ու ամբողջականությունը։ Սույն կարգին համապատասխանության դեպքում հայտը համարվում է ուսումնասիրության ընդունված։
12. Եթե ներկայացված հայտը (դրան կից ներկայացվող փաստաթղթերը) չի (չեն) համապատասխանում սույն կարգի պահանջներին, ապա այն չի ընդունվում ուսումնասիրության, ինչի մասին հանձնաժողովը, համապատասխան հիմնավորումներով, սույն կարգի 11-րդ կետում նշված ժամկետում իրազեկում է կարգավորվող անձին։
13. Կարգավորվող անձը, սույն կարգի 12-րդ կետում նշված անհամապատասխանությունները վերացնելուց հետո, կարող է նոր հայտ ներկայացնել հանձնաժողով, որի պարագայում կարգավորվող անձը և հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 11-12-րդ կետերով սահմանված պահանջներով ու ժամկետներով: Կարգավորվող անձն իրավունք ունի հղում կատարել նախկին հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում ներկայացված տվյալները նոր հայտի ներկայացման պահին չեն փոփոխվել։
14. Հանձնաժողովը, ոչ ուշ, քան հայտը սույն կարգի համաձայն ուսումնասիրության ընդունելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնին (այսուհետ՝ իրավասու մարմին)՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասելու տեսանկյունից դիրքորոշում ստանալու նպատակով։
15. Իրավասու մարմինը, սույն կարգի 14-րդ կետի համաձայն ներկայացված հայտն ստանալուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ դիրքորոշումն ուղարկում է հանձնաժողով։ Լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված սույն կետով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել ևս տասն աշխատանքային օրով՝ այդ մասին տեղեկացնելով հանձնաժողովին։
15.1 Ազգային անվտանգության կամ պետական շահերից ելնելով՝ կարգավորվող անձից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր): Հանձնաժողովը, սույն կետում նշված լրացուցիչ տեղեկությունների (փաստաթղթեր) ներկայացման անհրաժեշտության վերաբերյալ գրությամբ տեղեկացվելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է կարգավորվող անձին և վերջինիս կողմից նշված տեղեկություններն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է իրավասու մարմնին։
(15.1-ին կետը լրաց. 12.04.23 N 116-Ն)
15.2 Իրավասու մարմինը, սույն կարգի 15.1-ին կետին համապատասխան տեղեկությունները (փաստաթղթերը) ստանալուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հայտի վերաբերյալ դիրքորոշումն ուղարկում է հանձնաժողով։
(15.2-րդ կետը լրաց. 12.04.23 N 116-Ն)
15.3 Սույն կարգի 15.1-ին կետով նախատեսված դեպքում սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է մինչև սույն կարգի 15.2-րդ կետի համաձայն հանձնաժողովին իրավասու մարմնի վերջնական դիրքորոշում ներկայացնելը, իսկ չներկայացնելու դեպքում՝ մինչև նույն կետում նշված ժամկետի ավարտը։
(15.3-րդ կետը լրաց. 12.04.23 N 116-Ն)
16. Իրավասու մարմնի դիրքորոշումը սույն կարգի 15-րդ կամ 15.2-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացվելու դեպքում այն համարվում է դրական։
(16-րդ կետը խմբ. 12.04.23 N 116-Ն)
17. Հանձնաժողովը, սույն կարգի 15-րդ կետի համաձայն իրավասու մարմնի դիրքորոշումն ստանալու պահից, իսկ վերջինիս դիրքորոշումը չստանալու դեպքում՝ սույն կարգի նույն կետում նշված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գործարքի կնքմանը համաձայնություն տալու կամ գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշում։ Հանձնաժողովն իրավասու է գործարքի կնքմանը համաձայնություն տալու մասին որոշմամբ սահմանել դրա պարտադիր պայմաններ։
18. Գործարքի կնքմանը համաձայնություն տալու դեպքում գործարքը կարող է կնքվել հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում, բացառությամբ կարգավորվող անձի հիմնավորմամբ հանձնաժողովի որոշմամբ ավելի երկար ժամկետ սահմանվելու դեպքերի։ Գործարքի կնքման` hանձնաժողովի որոշմամբ ամրագրված ժամկետը կարող է երկարաձգվել կարգավորվող անձի դիմումի հիման վրա՝ այն հանձնաժողովի կողմից հիմնավոր համարվելու դեպքում։
19. Հանձնաժողովը սույն կարգի 5-րդ կետում նշված գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժում է, եթե՝
1) հայտը չի համապատասխանում սույն կարգի պահանջներին,
2) այն իրավասու մարմնի գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին,
3) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով կարգավորվող անձին տրամադրված լիցենզիայի կամ թույլտվության առկայության դեպքում չի հիմնավորվում կարգավորվող անձի բաժնեմասի իրավունքը ձեռք բերողի անհրաժեշտ փորձի առկայությունը։
20. Արգելվում է սույն կարգի 5-րդ կետում նշված գործարքի կնքումը՝
1) մինչև հանձնաժողովի կողմից տվյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու մասին որոշման ընդունումը (չհամաձայնեցված գործարք).
2) եթե հանձնաժողովը մերժել է գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը կամ գործարքը չի համապատասխանում դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին (դրույթներին) (արգելված գործարք):
21. Կարգավորվող անձը պարտավոր է գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել համապատասխան պայմանագրի պատճենը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ հանձնաժողովի կողմից սահմանված գործարքին առնչվող այլ փաստաթղթեր։ Հանձնաժողովի որոշմամբ երկու և ավելի գործարքի կնքմանը համաձայնություն տալու դեպքում սույն կետում նշված երկշաբաթյա ժամկետի սկիզբ է համարվում համաձայնեցված գործարքներից վերջինի կնքման պահը։
22. Հանձնաժողովը կարգավորվող անձի կողմից գործարքի կնքմանը համաձայնություն տալու մասին որոշման պայմանների (դրույթների) կատարումը գնահատում է այդ որոշմամբ սահմանված՝ գործարքի էական և այլ պայմանների շրջանակում։
23. Կարգավորվող անձը, հանձնաժողովի որոշմամբ համաձայնեցված գործարքի կնքումից հետո, դրանում հանձնաժողովի որոշմամբ ամրագրված՝ գործարքի էական և այլ պայմաններին առնչվող փոփոխություն կատարելու մտադրության դեպքում պարտավոր է համաձայնություն ստանալու համար, սույն կարգին համապատասխան, նախապես հայտ ներկայացնել հանձնաժողով։
24. Առանց սույն կարգի համաձայն նշված համաձայնության կնքված կամ դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին չհամապատասխանող գործարքն առ ոչինչ է։
(հավելվածը լրաց., խմբ. 12.04.23 N 116-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 փետրվարի 2022 թվական: