Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 155
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 155

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 13-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկումների և սերմնաբուծության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների ցանկի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկումների անցկացման մեթոդական մոտեցումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 155 որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկումների անցկացման

 

I. Ընդհանուր դրույթները

 

1. Սույն մեթոդական մոտեցումներով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սորտերի (այսուհետ՝ սորտեր) փորձարկումների անցկացման ընդհանուր նպատակները, սկզբունքները և պայմանները:

2. Սորտի փորձարկումն անցկացվում է սորտի՝ տարբերակելիության, միատարրության և կայունության պահանջներին համապատասխանության հաստատման, ինչպես նաև սորտի տնտեսական և կենսաբանական հատկանիշներն ու հատկությունները որոշելու նպատակով՝ Միության անդամ պետության տարածքում օգտագործման համար թույլատրված (հանձնարարված) գյուղատնտեսական բույսերի սորտերի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձևավորվող ազգային ռեեստրում (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, ազգային ռեեստր) և գյուղատնտեսական բույսերի սորտերի այն միասնական ռեեստրում նոր սորտի մասին տեղեկությունները ներառելու համար, որի ձևավորման և վարման կարգը հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 26 որոշմամբ:

3. Սույն մեթոդական մոտեցումների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

սորտի փորձարկում, սորտափորձարկում՝ սորտի տնտեսական և կենսաբանական հատկությունների, ինչպես նաև սորտի տարբերակելիության, միատարրության և կայունության հատկանիշների որոշման միջոցառումներ՝ ազգային ռեեստրում այն ներառելու նպատակով.

սորտի տարբերակելիության, միատարրության և կայունության փորձարկում՝ սորտի պետական փորձարկում՝ սորտի տարբերակելիության, միատարրության և կայունության հատկանիշները որոշելու համար.

մրցութային սորտափորձարկում՝ սորտի պետական փորձարկում՝ սորտերի տնտեսական և կենսաբանական հատկությունները որոշելու համար.

սորտի որակի գնահատում՝ սորտի տնտեսապես արժեքավոր հատկությունների որոշում՝ ըստ դրա որակի ցուցանիշների.

արտադրական փորձարկում՝ արտադրական պայմաններին առավելագույնս մոտեցված պայմաններում սորտի տնտեսական և կենսաբանական հատկությունների որոշում.

ստանդարտ (ստուգիչ) սորտ՝ սորտ, որը նախկինում ներառվել է ազգային ռեեստրում, առանձնանում է տնտեսական և կենսաբանական այն հատկություններով, որոնց համեմատությամբ անցկացվում է այլ սորտերի գնահատումը.

չափանմուշային սորտ (չափանմուշ-սորտ)՝ գյուղատնտեսական բույսի սորտ, որի կազմաբանական հատկանիշների արտահայտվածության աստիճանը սորտի տարբերակելիության, միատարրության և կայունության փորձարկման ժամանակ ընդունվում է որպես հիմք (չափանմուշ):

Սույն մեթոդական մոտեցումներում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագրով և դրա իրագործման համար ընդունված Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով:

 

II. Անդամ պետություններում սորտափորձարկման ընդհանուր հարցերը

 

4. Սորտափորձարկումն անցկացվում է անդամ պետությունների լիազորված մարմինների և (կամ) կազմակերպությունների կողմից (այսուհետ՝ լիազորված մարմիններ) պետական սորտափորձարկման կայաններում, պետական սորտափորձարկման տեղամասերում, մասնագիտացված լաբորատորիաներում, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված` սեփականության տարբեր ձևեր ունեցող գյուղատնտեսական կազմակերպությունների սորտափորձարկման տեղամասերում և հայտատուի՝ անդամ պետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս գտնվող սորտափորձարկման տեղամասերում (այսուհետ՝ սորտատեղամաս):

5. Անդամ պետություններում սորտափորձարկման ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան և կատարվում է անդամ պետությունների բյուջեների, ինչպես նաև ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

6. Անդամ պետություններում սորտափորձարկումն անցկացնելու համար առանձնացված տարածքում տրամադրվում են վարելահողի մշտական տեղամասեր, ինչպես նաև արտադրական ցանքաշրջանառության կառուցվածքում տեղամասեր, որոնցով ապահովվում է սորտերի տարբերակելիության, միատարրության և կայունության փորձարկման և սորտի տնտեսական ու կենսաբանական հատկությունների որոշման մեթոդիկաների պահպանումը:

Սորտափորձարկում անցկացնելու համար որպես սորտատեղամաս տրամադրվող մակերեսը սահմանվում է՝ կախված գյուղատնտեսական բույսերի տեսակներից և փորձարկվող սորտերի քանակից:

7. Սորտի՝ տարբերակելիության, միատարրության և կայունության պահանջներին համապատասխանության որոշումն իրականացվում է տարբերակելիության, միատարրության և կայունության մասով դաշտային փորձարկումների շրջանակներում հատուկ առանձնացված սորտատեղամասերում՝ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության մեթոդիկաների հետ ներդաշնակեցված ազգային մեթոդիկաներին համապատասխան:

8. Սորտի տնտեսական և կենսաբանական հատկությունների որոշումն իրականացվում է ազգային մեթոդիկաներին ու սույն մեթոդական մոտեցումներին համապատասխան՝ լիազորված մարմինների կողմից անցկացվող դաշտային մրցութային սորտափորձարկումների և փորձագիտական գնահատման (հայտատուի տեղամասում փորձարկումների) տվյալների հիման վրա:

9. Գյուղատնտեսական այն բույսերի ցեղատեսակների և տեսակների ցանկերը, որոնց սորտերի տնտեսական և կենսաբանական հատկությունները գնահատվում են սորտափորձարկման արդյունքներով, կամ հայտատուի տվյալներով կամ փորձագիտական գնահատման (հայտատուի տեղամասում փորձարկումների) արդյունքներով, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Այդպիսի ցանկերի ձևավորման անհրաժեշտությունը սահմանվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից:

10. Սորտափորձարկումն անդամ պետությունների սորտատեղամասերում իրականացվում է՝

համալիր սորտատեղամասերում՝ որոշակի տարածաշրջանում մշակվող գյուղատնտեսական բույսերի բոլոր տեսակների սորտերի գնահատման համար՝ ըստ լիազորված մարմնի կողմից սահմանվող գյուղատնտեսական բույսերի տեսակների ցանկերի.

մասնագիտացված սորտատեղամասերում՝ գյուղատնտեսական բույսերի առանձին խմբերի կամ առանձին մշակաբույսերի (բանջարեղենային, պտղային մշակաբույսերի, բրնձի, շաքարի ճակնդեղի, խաղողի և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի) սորտերի գնահատման համար.

հատուկ սորտատեղամասերում՝ հաշվի առնելով տարածաշրջանների հողային-կլիմայական պայմանները՝ արհեստական ոռոգման կիրառման պայմաններում կամ չորացված հողերում մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի գնահատման համար.

միջատա- և (կամ) ֆիտոպաթոլոգիական սորտատեղամասերում՝ հիվանդություններով վարակվելու և (կամ) վնասատուներով վնասվելու առնչությամբ սորտերի կայունության մասով արհեստական վարակիչ ֆոնի պայմաններում սորտերի իմունաբանական գնահատման համար:

11. Հայտատուի նախաձեռնությամբ տեխնիկական հնարավորության առկայության դեպքում, բացի սորտափորձարկումից, լիազորված մարմինը կարող է մատուցել ինչպես ազգային ռեեստրներում ներառված, այնպես էլ չներառված սորտերի նախնական (էկոլոգիական), տեխնոլոգիական, ցուցադրական, արտադրական փորձարկման ծառայություններ՝ ցուցանիշների կրճատված քանակով, կրկնությունների նվազեցված քանակով:

12. Սորտերի որակի գնահատումն իրականացվում է լիազորված մարմինների կառուցվածքի մեջ մտնող մասնագիտացված լաբորատորիաներում՝ անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) ազգային մեթոդիկաներին համապատասխան:

13. Գյուղատնտեսական բույսերի նոր և հեռանկարային սորտերի ցուցադրման և առաջխաղացման նպատակներով Միության շրջանակներում լիազորված մարմինների կողմից կարող են անցկացվել համատեղ տեղեկատվական միջոցառումներ (օրինակ՝ ցուցադրական ցանքերով «դաշտի օրեր»):

 

III. Սորտատեղամասերի կազմակերպումն անդամ պետություններում սորտափորձարկման համար

 

14. Սորտատեղամասերը տեղակայվում են այն հողային տարածքներում, որոնք ներկայացվում են տարածաշրջանում առավելապես տարածված՝ մեկ կամ երկու տիպիկ հողային տարբերություններով:

15. Սորտատեղամասերի կազմակերպման ժամանակ ապահովվում է՝

ա) սորտատեղամասերի տարածքում հողային-ագրոքիմիական համալիր հետազոտությունների անցկացում, հողային նմուշների վերլուծական մշակում, քարտեզագրական նյութի պատրաստում, սորտատեղամասի հողային-ագրոքիմիական ակնարկի կազմում, որը ներառում է հողային ծածկույթի բնութագիրը և սորտատեղամասի ագրոարտադրական բնութագիրը.

բ) տեղազննման ցանքերի անցկացում.

գ) սորտատեղամասերի ցանքաշրջանառությունների կազմակերպում՝ տվյալ տարածաշրջանում ընդունված հողագործության համակարգին համապատասխան:

 

IV. Սերմային նմուշներով սորտափորձարկման անցկացման ապահովում

 

16. Սորտափորձարկումն անցկացնելու համար նախատեսված սորտերի սերմերը, ինչպես նաև ստանդարտ (ստուգիչ) և չափանմուշային սորտերի (չափանմուշ-սորտերի) սերմերը հայտատուի կողմից փոխանցվում են լիազորված մարմնին անհատույց հիմքով՝ տվյալ մարմնի կողմից սահմանված քանակով և ժամկետներում: Սորտերի սերմերի առաքումը (տրանսպորտային փոխադրումը) լիազորված մարմին իրականացվում է հայտատուի կողմից՝ սեփական միջոցների հաշվին: Անդամ պետության տարածք ներմուծված (տեղափոխված) սորտափորձարկման անցկացման համար նախատեսված սորտերի սերմերը փոխանցվում են լիազորված մարմնին՝ մաքսատուրքերր, հարկերը, վճարները և այլ գանձվող վճարները հայտատուի կողմից վճարվելուց հետո:

17. Սորտի հայտատուի կողմից ներկայացված՝ սորտի փորձարկման հայտին (այսուհետ՝ հայտ) կցվող փաստաթղթերում և սերմերի առաքման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ հայտատուն փաստաթղթերով հայտարարագրում (հաստատում) է, որ հայտագրվող սորտի ու դրա սերմերի գենետիկ ծրագիրը պարունակում է (չի պարունակում) գենաինժեներային նյութ, ինչպես նաև պատասխանատվություն է կրում տրամադրված տեղեկատվության հավաստիության համար: Հայտում պարունակվող տեղեկատվության հավաստիությունը, այդ թվում՝ սորտի գենետիկ ծրագրում գենաինժեներային նյութի առկայությունը (բացակայությունը) ստուգվում է լիազորված մարմնի կողմից Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (PLUTO Plant Variety Database), Եվրոպական միության՝ բույսերի սորտերի գործակալության (CPVO), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տեղեկատվական-որոնողական և այլ համակարգերում:

 

V. Սորտափորձարկման պլանավորում և անցկացում

 

18. Անդամ պետություններում սորտափորձարկման պլանավորումը և անցկացումն իրականացվում է՝ հաշվի առնելով ընդհանուր սկզբունքները.

ա) հիմնական պայմանների պահպանում՝

փորձարկման անցկացման բոլոր պայմանների՝ բացի ուսումնասիրվող պայմաններից, միակ տարբերությունը կամ նույնությունը.

մեքենայացման օգտագործվող միջոցների և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատված սորտափորձարկման մեթոդիկայի և սույն մեթոդական մոտեցումների դրույթների պահպանումն ապահովելու համար առավելապես ընդունելի փորձնական, այդ թվում՝ հաշվառված փորձահողամասերի ձևն ու չափսը.

փորձի մեջ կրկնողությունների անհրաժեշտ քանակը.

յուրաքանչյուր կրկնողության մեջ ռանդոմիզացված (պատահական) մեթոդով միևնույն խմբի սորտերի զետեղում համապատասխան ստանդարտ (ստուգիչ) սորտի հետ.

փորձերի անցկացում՝ հողի բերրիության՝ տրված մակարդակի պայմաններում և արտադրությանը մոտեցված արդյունաբերական տեխնոլոգիայի կիրառմամբ.

բ) առանձին վերցված սորտատեղամասում բոլոր փորձարկվող սորտերի և ստանդարտ (ստուգիչ) սորտերի համար գյուղատնտեսական բույսերի մեկ խմբի փորձի շրջանակներում պայմանների հավասարության ապահովում՝ հետևյալի միջոցով՝

ըստ ռելիեֆի, միկրոռելիեֆի, հողային ծածկույթի և հողերի բերրիության հավասարեցված սորտատեղամասում փորձի բոլոր կրկնողությունների զետեղում.

բոլոր փորձարկվող սորտերի և ստանդարտ (ստուգիչ) սորտերի զետեղում՝ ըստ բոլորի համար ընդհանուր նախորդ սորտի.

միևնույն տեսակի և չափաքանակի պարարտանյութերի կիրառում.

հողի, բույսերի ու սերմերի մշակում՝ միևնույն ժամկետներում և միևնույն գործիքներով, մեքենաներով և բույսերի պաշտպանության միջոցներով.

սորտերի միաժամանակյա ցանք՝ բարձր սորտային և ցանքային որակներ ունեցող, որպես կանոն, մեկ տարվա աճեցում պահանջող և միմյանց նման վերարտադրությունների սերմերով փորձի ընթացքում.

հասունության միևնույն փուլում միատեսակ մեքենաներով բերքահավաք.

գ) ընդհանուր մոտեցումների կիրառում հետևյալ գործընթացների համար՝

հատուկ սորտատեղամասերում տարբերակելիության, միատարրության և կայունության դաշտային փորձարկումների անցկացում.

չափանմուշային սորտի (չափանմուշ-սորտի) ընտրություն՝ տարբերակելիության, միատարրության և կայունության փորձարկում անցկացնելիս.

Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության անդամ պետությունների իրավասու մարմիններից կամ այլ երկրների իրավասու մարմիններից ստացված տարբերակելիության, միատարրության և կայունության փորձարկումների արդյունքների փորձաքննություն.

լիազորված մարմին հայտատուի կողմից ներկայացված՝ սորտի տարբերակելիության, միատարրության և կայունության փորձարկումների արդյունքների փորձաքննություն.

սորտափորձարկում անցկացնելու համար նախատեսված սերմերի (տնկանյութի) օգտագործում.

կուլտիվացիոն կառույցներում պաշտպանված գրունտի համար բանջարեղենային մշակաբույսերի սորտերի փորձարկում, այդ թվում՝ լուսաբույսի օգտագործմամբ (փորձարկումներն անցկացվում են հայտատուի տեղամասերում).

նոր սորտերի տնտեսական և կենսաբանական հատկությունների փորձագիտական գնահատման (հայտատուի տեղամասում փորձարկման) անցկացում.

սորտի հայտատուի կողմից ներկայացված՝ նոր սորտի տնտեսական և կենսաբանական հատկությունների սահմանման մասով փորձարկումների արդյունքների փորձաքննության անցկացում.

մասնագիտացված լաբորատորիաներում գյուղատնտեսական բույսերի սորտերի որակի ցուցանիշների գնահատման ժամանակ լաբորատոր հետազոտությունների ստանդարտացված (նմանօրինակ) մեթոդների օգտագործում.

հայտին կցվող փաստաթղթերի ձևակերպում՝ ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ).

սորտի անկետայի ձևակերպում (նշելով տեղեկությունները՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ցանկին համապատասխան).

սորտի նկարագրության ձևակերպում (համաձայն թիվ 2 հավելվածի).

սորտի տնտեսական և կենսաբանական հատկությունների ցանկի կազմում (համաձայն թիվ 3 հավելվածի).

փորձարկվող սորտերի որակի ցուցանիշների ցանկի կազմում (համաձայն թիվ 4 հավելվածի).

սորտին անվանման շնորհում (համաձայն թիվ 5 հավելվածի կանոնների):

 

VI. Փորձնական տվյալների վիճակագրական մշակում

 

19. Անդամ պետություններում մրցակցային սորտափորձարկման դեպքում դաշտային փորձերի տվյալների վիճակագրական մշակման համար կիրառվում են մեթոդական ցուցումներ, որոնք ուղղված են հետևյալ նպատակներին հասնելուն՝

ա) փորձարկման արդյունքների հավաստիության ապահովում.

բ) դիսպերսիոն անալիզի մեթոդով փորձերի արդյունքների վիճակագրական մշակման իրականացում (փորձի սխալի, փորձի մասով միջին սխալի, 95-տոկոսանոց վստահության հավանականության մակարդակի պայմաններում նվազագույն էական տարբերության հաշվարկով).

գ) դուրս մնացած տվյալների վերականգնում.

դ) տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով վիճակագրական մշակման համար փորձերի արդյունքների նախապատրաստում:

 

VII. Սորտափորձարկման արդյունքներով որոշման ընդունում

 

20. Ազգային ռեեստրում սորտը ներառելու մասին որոշումն ընդունվում է փորձարկվող սորտի տարբերակելիության, միատարրության և կայունության մասին տեղեկությունների առկայության դեպքում, ինչպես նաև՝ եթե պարզվել է, որ այդ սորտի մթերատվությունը, որակը, հիվանդությունների նկատմամբ կայունությունը և այլ տնտեսական ու կենսաբանական հատկություններ գերազանցում են ստանդարտ (ստուգիչ) սորտի ցուցանիշները:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում գյուղատնտեսական

բույսերի սորտերի փորձարկումների

անցկացման մեթոդական մոտեցումների

 

ՑԱՆԿ

 

սորտի անկետայում պարունակվող տեղեկությունների

 

1. Բույսի ցեղատեսակի, տեսակի, տարատեսակի անվանումը՝ ռուսերենով և լատիներենով

2. Հայտատուի անվանումը և հասցեն

3. Սորտի անվանումը և դրա սելեկցիոն համարը

4. Սորտի ծագման մասին տեղեկություններ՝ նշելով ստեղծման մեթոդը և ելակետային (ծնողական) ձևերը

5. Տեղեկատվություն այն մասին, թե արդյոք պահանջվում է սորտի օգտագործման թույլտվության համար նախնական թույլտվություն՝ շրջակա միջավայրի պահպանության և գենաինժեներային գործունեության անվտանգության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, և արդյոք ստացվել է այդպիսի թույլտվություն

6. Սորտի բնորոշ և տարբերակիչ հատկանիշները

7. Բնորոշ և տարբերակիչ հատկանիշներով միմյանց նման սորտերի անվանումները, ինչպես նաև այն հատկանիշները, որոնցով դրանք տարբերվում են հայտագրված սորտից

8. Հայտատուի (հայտատուների) ստորագրությունը

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում գյուղատնտեսական

բույսերի սորտերի փորձարկումների

անցկացման մեթոդական մոտեցումների

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

սորտի

 

Սորտի նկարագրությունը փաստաթուղթ է, որը կցվում է սորտի հայտատուի կողմից ներկայացված՝ սորտի փորձարկման հայտին և պետք է պարունակի՝

բույսի ցեղատեսակի, տեսակի, տարատեսակի անվանումը՝ ռուսերենով և լատիներենով.

սորտի անվանումը և դրա սելեկցիոն համարը

սորտի ծագման մասին տեղեկությունները՝ նշելով ստեղծման մեթոդը (հիբրիդների համար՝ հիբրիդի տիպը, հիբրիդացման սխեման՝ նշելով ծնողական ձևերը).

սորտի նշանակությունը՝ արտադրանքի օգտագործման մասով.

սորտի մշակման տեխնոլոգիայի առանձնահատկությունները.

սորտի տնտեսական և կենսաբանական հատկությունները, արտադրանքի որակը բնութագրող հիմնական ցուցանիշների մասին տվյալները.

հիմնական հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայունության մասին տվյալները:

Նկարագրության մեջ չի թույլատրվում այնպիսի անորոշ արտահայտությունների օգտագործումը, ինչպիսիք են «շուրջ», «մոտավորապես», «մոտ», ինչպես նաև կրճատումների օգտագործումը՝ բացի համընդհանուր ճանաչում ունեցողներից:

Նկարագրությանը կցվում են՝

կարտոֆիլի համար՝ հայտատուի երկրի լիազորված կազմակերպության (լաբորատորիայի) կողմից տրված՝ կարտոֆիլի քաղցկեղի (Synchytrium endobioticum Pers) նկատմամբ կայունության մասին տեղեկանքը.

երկարաթել վուշի համար՝ վուշի մանրաթելի տեխնոլոգիական գնահատման տվյալները.

բամբակենու, ծխախոտի և մախորկայի համար՝ հումքի որակի մասին եզրակացությունը:

Նկարագրությունը ստորագրվում է հայտատուի (հայտատուների) կողմից:

Սորտի հայտատուի կողմից ներկայացված՝ սորտի փորձարկման հայտին կցվում են տնտեսական օգտագործման փուլում ծաղիկների, ծաղկաբույլերի, բույսերի վերարտադրողական մասերի (հասկերի, կողրերի, ծաղկավելների, հատիկների, պտուղների, հատապտուղների, պալարների, արմատապտուղների և այլն) ու նորմալ զարգացած բույսի՝ վավերացված գունավոր լուսանկարները (9 x 12 սմ, 13 x 18 սմ և այլ չափսով՝ կոնտրաստային ֆոնով, մասշտաբաքանոնով): Բացի այդ՝ առանձին մշակաբույսերի համար կցվում են հետևյալ լուսանկարները՝

ծխախոտի և մախորկայի համար՝ ծաղկաբույլով նորմալ զարգացած բույսի և միջին հարկի տերևի լուսանկարները.

բազմամյա բնափայտային մշակաբույսերի համար՝ ամբողջ ծառի (թփի) և դրա առանձին մասերի (ընձյուղներ, պտուղներ և այլն) լուսանկարները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում գյուղատնտեսական

բույսերի սորտերի փորձարկումների

անցկացման մեթոդական մոտեցումների

 

ՑԱՆԿ

 

սորտի տնտեսական և կենսաբանական հատկությունների

 

1. Բերքատվություն (մթերատվություն)

2. Վնասակար օրգանիզմների նկատմամբ կայունություն

3. Շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ կայունություն (ցրտադիմացկունություն, աղադիմացկունություն, երաշտադիմացկունություն և այլն)

4. Հասունության խումբը

5. Արտադրանքի որակի ցուցանիշներ (սպիտակուցի, օսլայի, շաքարի և այլնի պարունակություն)

6. Մեքենայացված բերքահավաքին պիտանիություն

7. Բերքի ապրանքայնություն

8. Բերքի երկար պահպանման ունակություն

9. Արտադրական վերամշակման մասով պիտանիություն (բանջարեղենային մշակաբույսերի սորտերի՝ պահածոյացման մասով պիտանիություն, չիպսերի, կարտոֆիլ ֆրիի պատրաստման համար կարտոֆիլի սորտերի պիտանիություն և այլն)

10. Սննդային նպատակներով օգտագործման մասով պիտանիություն

11. Ծնողական բաղադրիչների՝ հիբրիդի սերմնաբուծության համար օգտագործման մասով պիտանիություն

12. Պտղային, հատապտղային, բանջարեղենային, բոստանային մշակաբույսերի, խաղողի և այլ գյուղատնտեսական բույսերի պատվաստակալ-պատվաստացու համակցություններում որպես պատվաստակալ օգտագործման մասով պիտանիություն

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում գյուղատնտեսական

բույսերի սորտերի փորձարկումների

անցկացման մեթոդական մոտեցումների

 

ՑԱՆԿ

 

փորձարկվող սորտերի որակի ցուցանիշների

 

1. Ցորեն, աշորա, տրիտիկալե՝ ապակենմանություն, հավասարություն, ընդհանուր ազոտի և սպիտակուցի պարունակություն, սոսնձանյութի քանակ և որակ, խմորի ֆիզիկական հատկություններ, ալրաղացման, հացաթխման և մակարոնային որակներ

2. Գարի՝ սպիտակուցի և օսլայի պարունակություն, լուծամզելիություն, խոշորություն, հատիկի թաղանթավորություն, ծլման էներգիա, ձավարեղենային որակներ

3. Վարսակ, կորեկ, հնդկաձավար և այլ ձավարեղենային մշակաբույսեր՝ հատիկի ձավարեղենային որակները՝ ձավարեղենի ստացվածք, թաղանթավորություն, հավասարություն, խոհարարական գնահատական

4. Հացահատիկաոլոռային մշակաբույսեր՝ սպիտակուցի պարունակություն, սերմերի և ձավարեղենի տեխնոլոգիական և սպառողական հատկանիշներ

5. Արևածաղիկ, վուշ յուղատու, աշնանացան և գարնանացան կանճրակ, սոյա՝ սերմերում յուղի պարունակություն

6. Շաքարի ճակնդեղ՝ շաքարայնություն, ճակնդեղամաթ գոյացնող նյութերի պարունակություն, շաքարի հավանական ստացք

7. Կարտոֆիլ՝ համային որակներ, օսլայի պարունակություն, վերամշակմանը պիտանիություն

8. Սպիտակագլուխ կաղամբ՝ համային որակներ, թթվեցմանը պիտանիություն

9. Վարունգ՝ համային որակներ, աղը դնելու պիտանիություն

10. Լոլիկ՝ համային որակներ, ապրանքային պտղի միջին զանգված, չոր նյութի պարունակություն, վերամշակմանը պիտանիություն

11. Քաղցր պղպեղ՝ համային որակներ, պատի հաստություն, պտղի ձև և գույն

12. Ոլոռ բանջարեղենային, գազար, բազուկ, սոխ, սեխ, ձմերուկ՝ համային որակներ

13. Ռեհան էվգենոլային, խորդենի, նարդոս, լավանդին, եղեսպակ մշկահոտ, անիսոն, անանուխ, եթերայուղային վարդ՝ եթերային յուղի պարունակություն

14. Կերային մշակաբույսեր՝ պրոտեինի և բջջանյութի պարունակություն

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում գյուղատնտեսական

բույսերի սորտերի փորձարկումների

անցկացման մեթոդական մոտեցումների

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

սորտին անվանում շնորհելու

 

1. Գյուղատնտեսական բույսերի սորտը պետք է ունենա հայտատուի կողմից առաջարկված և Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած անվանում: Սորտն օգտագործող ցանկացած անձ պետք է կիրառի դրա՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում օգտագործման համար թույլատրված (առաջարկված) գյուղատնտեսական բույսերի սորտերի ազգային ռեեստրում գրանցված անվանումը: Անվանումը պետք է օգտագործվի սերմնանյութի վաճառքի ժամանակ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ սորտի պահպանության ժամկետը լրացել է:

2. Գյուղատնտեսական բույսերի սորտի անվանումը պետք է Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների համար միանման լինի և նշվի՝ օգտագործելով լատինական կամ կիրիլյան այբուբենի տառեր, թվեր, բացատներ: Գյուղատնտեսական բույսի սորտի՝ կիրիլյան այբուբենի տառեր պարունակող անվանումը հայտատուի կողմից գրադարձվում է լատիներեն այբուբենի տառերով՝ ԳՕՍՏ 7.79-2000 (ԻՍՕ 9-95) «Լատինական այբուբենով կիրիլյան գրերի գրադարձության կանոններին» համապատասխան, իսկ լատիներեն տառերի օգտագործմամբ գրի առնված անվանման գրադարձումը կիրիլյան այբուբենի կատարվում է՝ պահպանելով անվանումների հնչյունական նույնականությունը: Գյուղատնտեսական բույսի սորտի բոլոր գրադարձված, տառադարձված անվանումները դիտարկվում են որպես միևնույն անվանում: Գյուղատնտեսական բույսի սորտի անվանումը չի թույլատրվում թարգմանել:

3. Գյուղատնտեսական բույսի սորտի անվանումը գրաֆիկորեն և հնչյունաբանորեն պետք է տարբերվի բույսի այլ սորտի անվանումից:

Գյուղատնտեսական բույսի սորտի անվանումը պետք է տարբերվի արդեն գոյություն ունեցող բույսերի սորտերի անվանումներից, եթե այդ բույսերը, ըստ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության կողմից ընդունված դասակարգման, մտնում են միևնույն դասի մեջ, ինչպես նաև պետք է տարբերվի սորտափորձարկման փուլում գտնվող բույսերի սորտերի անվանումներից:

4. Գյուղատնտեսական բույսի սորտի անվանումը չպետք է՝

ա) պարունակի բառերի՝ համեմատական կամ գերադրական աստիճանի ձևեր.

բ) պարունակի այն ցեղատեսակի բուսաբանական կամ սովորական անունը, որին պատկանում է այդ տարատեսակը.

գ) բաղկացած լինի բացառապես թվերից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա համընդհանուր ճանաչում ունեցող գործելակերպ է առանձին բույսերի սորտերի անվանումների (օրինակ՝ ծնողական բաղադրիչների) դեպքում.

դ) շփոթություն առաջացնի տվյալ սորտի բնութագրերի, արժեքավորության, նույնականության առնչությամբ, դրա հետ կապված այնպիսի հատուկ որակների առկայության առումով, որոնցից այդ սորտը չունի.

ե) շփոթություն առաջացնի սելեկցիոների անձի առումով.

զ) շփոթություն առաջացնի դրա աշխարհագրական ծագման առումով.

է) պարունակի հղումներ ապրանքային նշաններին, սպասարկման նշաններին, ֆիրմային անվանումներին և այլ տեղեկությունների, որոնք թույլ են տալիս արգելք սահմանել գյուղատնտեսական բույսի սորտի անվանումն օգտագործելու համար Հայտատուն պետք է ինքնուրույն անցկացնի սորտի անվանման և ապրանքային նշանի նույնականացումը.

ը) հակասի մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

5. Թույլատրվում է անձանց անունների կամ այդ անունների մասերի օգտագործումը որպես գյուղատնտեսական բույսերի սորտերի անվանումներ այն դեպքում, երբ՝

ա) նվիրվում են այն հանրահայտ անձանց, որոնց անունները չեն կարող շփոթվել սելեկցիոներների կամ արտոնագրերի տերերի անունների հետ.

բ) օգտագործվում են պատմական անձանց և գրական կերպարների անուններ:

6. Անընդունելի են գյուղատնտեսական բույսերի սորտերի այնպիսի անվանումները, որոնց օգտագործումը կարող է արգելված լինել հետագայում՝

ա) այնպիսի անվանումներ, որոնց նկատմամբ հայտատուն ունի իրավունքներ (անվանման կամ ապրանքային նշանի իրավունք), որոնք թույլ են տալիս հայտատուին արգելել անվանման օգտագործումը ցանկացած ժամանակ, նույնիսկ դրա պահպանության ժամկետը լրանալուց հետո.

բ) այնպիսի անվանումներ, որոնց նկատմամբ երրորդ անձինք ունեն առավելություն, ինչը կարող է խանգարել այդ անվանումների օգտագործմանը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան