ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2372/05/10 2022 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/2372/05/10 |
|
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
դատավորներ |
Ս. Անտոնյան | |
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հունիսի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Էմմա Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Էմմա Կիրակոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Օնիկ Գրիգորյանի` պետական մարմնի պաշտոնատար անձանց գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, Ծառայության հարկադիր կատարողներ Ս. Ստեփանյանի և Ա. Իսրայելյանի կողմից 18.06.2010 թվականի թիվ 01/08-115/10, թիվ 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները վերացնելու և 17.12.2009 թվականի դատական ակտը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Էմմա Կիրակոսյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել պետական մարմնի պաշտոնատար անձանց գործողությունը, վերացնել Ծառայության հարկադիր կատարողներ Ս. Ստեփանյանի և Ա. Իսրայելյանի կողմից 18.06.2010 թվականի թիվ 01/08-115/10, թիվ 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները և պարտավորեցնել կատարելու 17.12.2009 թվականի դատական ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան, դատավորներ՝ Ա. Աբովյան, Ա. Առաքելյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2011 թվականի որոշմամբ Էմմա Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.08.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի 15.02.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշման դեմ Էմմա Կիրակոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էմմա Կիրակոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 50609/10) գործով 22.06.2021 թվականի վճիռը, որով հիմնավորվել է թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Մասնավորապես, Եվրոպական դատարանի վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ վիճահարույց կցակառույցն ամբողջությամբ քանդված չէ, իսկ Ծառայությունը չի ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու ուղղությամբ։ Այսպիսով, Եվրոպական դատարանի 22.06.2021 թվականի վճիռը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել գործի վերաբացման վարույթ և նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2372/05/10 15.02.2012թ. որոշումը՝ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ վարչական և ՀՀ Վարչական դատարանների թիվ ՎԴ/2372/05/10 12.12.2011թ. և 02.08.2011թ. դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ 13.07.2010թ. հայցս բավարարել՝ ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց գործողությունը /անգործությունը/ ոչ իրավաչափ՝ վերացնել ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողներ Ս.Ստեփանյանի և Ա.Իսրայելյանի կողմից 18.06.2010թ. կայացված թիվ 01/08-115/10, 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները և պարտավորեցնել կատարել ՀՀ Վարչական դատարանի ՎԴ/2234/05/09 17.12.2009թ. վճռի պահանջները»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Էմմա Կիրակոսյանի հայցն ընդդեմ Օնիկ Գրիգորյանի և վերջինս պարտավորեցվել է քանդել Երևանի Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը (հատոր 1-ին, գ.թ. 22)․
2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005 թվականի վճռի հիման վրա 30.05.2005 թվականին տրվել է թիվ 05-219 կատարողական թերթը (հատոր 1-ին, գ.թ. 24).
3) Կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով Ծառայության Երևանի բաժնի վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի հարկադիր կատարող Ս. Ստեփանյանի 10.05.2006 թվականի որոշմամբ թիվ 01/08-173/05 կատարողական վարույթը կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 34).
4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի (գործ 06-1713) վճռով բավարարվել է Էմմա Կիրակոսյանի հայցը և պարտավորեցվել է Ծառայությանը կատարելու ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները (հատոր 1-ին, գ.թ. 41-42).
5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի վճռի հիման վրա 30.08.2006 թվականին տրվել է թիվ 06-1713 կատարողական թերթը (հատոր 1-ին, գ.թ. 43).
6) 25.09.2006 թվականին ք. Երևան Կովկասյան 78 հասցեում կատարված տեղատեսության արդյունքում արձանագրելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջների փաստացի կատարման արդյունքները` նշված հասցեում չհայտնաբերելով քանդման ենթակա ինքնակամ կցակառույց, աստիճաններ և ցանկապատ` 03.03.2005 թվականի վճռի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով Ծառայության Երևանի բաժնի վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Ի. Մխիթարյանի 25.09.2006 թվականի որոշմամբ թիվ 01/08-229/06 կատարողական վարույթը կարճվել է (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 13).
7) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով (գործ թիվ 07-3208) Էմմա Կիրակոսյանի դիմումը բավարարվել է և վճռվել է Ծառայության Երևանի բաժնի վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի հարկադիր կատարող Ի. Մխիթարյանի 25.09.2006 թվականի որոշումը վերացնել և Ծառայությանը պարտավորեցնել կատարելու ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի վճիռը (հատոր 1-ին, գ.թ. 54-57).
8) Կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանը 24.10.2007 թվականի որոշմամբ վերացրել է Ծառայության Երևանի բաժնի վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի հարկադիր կատարող Ի. Մխիթարյանի 25.09.2006 թվականին կայացրած թիվ 01/08-229/06 կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 69).
9) 24.10.2007 թվականի որոշմամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանը պարտադրել է Ծառայությանը կատարել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի թիվ 06-1713 վճիռը (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 70).
10) Հիմք ընդունելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանի կողմից 26.10.2007 թվականին ընդունված որոշումը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատու Ս. Ստեփանյանը 29.10.2007 թվականի որոշմամբ վերացրել է Օնիկ Գրիգորյանին Երևանի Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ 10.05.2006 թվականին կայացված թիվ 01/08-173/05 կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը (թիվ 01/08-173/05 կատարողական վարույթ, գ.թ. 170).
11) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատու Ս. Ստեփանյանի 22.02.2008 թվականի որոշմամբ Օնիկ Գրիգորյանին Երևան Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ հարուցված թիվ 01/08-173/05 կատարողական վարույթը կարճվել է (թիվ 01/08-173/05 կատարողական վարույթ, գ.թ. 191).
12) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանի 25.02.2008 թվականի որոշմամբ 15.09.2006 թվականին հարուցված թիվ 01/08-229/06 կատարողական վարույթը կարճվել է (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 91).
13) ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.12.2009 թվականի վճռով (գործ ՎԴ/2234/05/09) Էմմա Կիրակոսյանի հայցը բավարարվել է մասնակի` ճանաչվել է Ծառայության հարկադիր կատարող Ս. Ստեփանյանի կողմից 22.02.2008 թվականին կայացված «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման առոչինչ լինելը, Ծառայության հարկադիր կատարող Ա. Իսրայելյանի կողմից 25.02.2008 թվականին կայացված «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման առոչինչ լինելը, պարտավորեցվել է Ծառայությանը կատարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 78-83).
14) Վերը նշված վճռի հիման վրա 23.04.2010 թվականին ՀՀ վարչական դատարանի կողմից տրվել է թիվ ՎԴ/2234/05/09 կատարողական թերթը (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 128).
15) Վերը նշված կատարողական թերթը Էմմա Կիրակոսյանը ներկայացրել է Ծառայություն, որի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանը 31.05.2010 թվականին կայացրած որոշմամբ վերսկսել է 25.02.2008 թվականին կարճված թիվ 01/08-229/06 կատարողական վարույթը նոր հերթական 01/08-116/10 համարով (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 141).
16) ՀՀ վարչական դատարանի կողմից 23.04.2010 թվականին տրված թիվ ՎԴ/2234/05/09 կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ս. Ստեփանյանը 31.05.2010 թվականին կայացրած որոշմամբ վերսկսել է նաև 22.02.2008 թվականին կարճված թիվ 01/08-173/05 կատարողական վարույթը նոր հերթական 01/08-115/10 համարով (թիվ 01/08-173/05 կատարողական վարույթ, գ.թ. 244).
17) Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գ. Շահնազարյանը 10.06.2010 թվականի գրությամբ, ի պատասխան Ծառայության 07.06.2010 թվականի թիվ ԵԼ 1104 գրության, վերջինիս տեղեկացրել է, որ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժինը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարանային շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի մասնագետների հետ համատեղ 04.06.2010 թվականին կատարել են տեղատեսություն, որի արդյունքում պարզվել է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005 թվականի թիվ 05-219 վճռի քանդված է Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից նախկինում ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները և ցանկապատը (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 145).
18) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանի 18.06.2010 թվականի որոշմամբ փաստացի կատարման հիմքով կարճվել է Ծառայության Երևանի բաժնի վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի հարկադիր կատարող Ի. Մխիթարյանի 25.09.2006 թվականի որոշումը վերացնելու, Ծառայությանը` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի և 03.03.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռների պահանջները կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ 31.05.2010 թվականին վերսկսված թիվ 01/08-116/10 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 17).
19) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ս. Ստեփանյանի 18.06.2010 թվականի որոշմամբ փաստացի կատարման հիմքով կարճվել է Օնիկ Գրիգորյանին Երևան Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ 31.05.2010 թվականին վերսկսված թիվ 01/08-115/10 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 19)։
20) ՀՀ վարչական դատարանը 02.08.2011 թվականի որոշմամբ Էմմա Կիրակոսյանի հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) թիվ 01/08-173/05 (01/08-115/10) և թիվ 01/08-229/06 (01/08-116/10) կատարողական վարույթների նյութերի հետազոտմամբ դատարանը հաստատված է համարում, որ կատարողական վարույթների ընթացքում իրավաչափ կերպով հաստատված է համարվել Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից նախկինում ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը ամբողջությամբ քանդված լինելու, այսինքն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005թ. օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները կատարված լինելու հանգամանքը, ինչն էլ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողներ Ս.Ստեփանյանը և Ա.Իսրայելյանը, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 18.06.2010թ. իրավացիորեն կայացրել են թիվ 01/08-115/10, 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները։(...) Հայցվորը սակայն, առարկելով տեղատեսություն իրականացնելու մասին երրորդ անձի միջնորդության դեմ, պնդեց, որ Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը ամբողջությամբ քանդված չեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը վիճարկեց Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը ամբողջությամբ քանդված լինելու փաստը և առարկեց տեղատեսություն իրականացնելու և փաստորեն դրանում հավաստիանալու համար երրորդ անձի կողմից արված միջնորդությանը, ՀՀ վարչական դատարանը նշված փաստի ապացուցման բեռը դրեց հայցվորի վրա։ Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը ամբողջությամբ քանդված չլինելու փաստը հաստատող որևէ թույլատրելի ապացույց հայցվորը դատարանին չներկայացրեց» (հատոր 2-րդ, գ․թ․ 120-128):
21) Վերաքննիչ դատարանը, 12.12.2011 թվականի որոշմամբ մերժելով Էմմա Կիրակոսյանի բողոքը, ըստ էության արձանագրել է, որ Դատարանը բազմակողմանի հետազոտելով գործով հավաքված ապացույցները եկել է ճիշտ եզրահանգման (հատոր 3-րդ, գ. թ. 60-64):
22) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշման դեմ Էմմա Կիրակոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 3-րդ, գ. թ. 80-84):
23) Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 50609/10) Եվրոպական դատարանի 22.06.2021 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Եվրոպական դատարանը վերը նշված վճիռը հիմնավորել է նրանով, որ «67. (...) 2005 թվականի մարտի 3-ի վճիռը, որը կայացվել է դիմումատուի օգտին, 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ դեռևս ամբողջությամբ չի կատարվել։ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ դա հիմնավորելու համար։ Մասնավորապես այն չի պարզաբանել համապատասխան մարմինների կողմից իրավական պաշտպանության այնպիսի հասանելի միջոցներից չօգտվելու պատճառները, ինչպիսիք են, օրինակ՝ պարտապանի նկատմամբ տուգանք նշանակելը կամ ի վերջո, պարտապանի հաշվին կատարողական թերթի պահանջների կատարումը կազմակերպելը՝ համապատասխան վճիռների կատարումը կազմակերպելու համար։
68. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի օգտին կայացված վերջնական վճիռները Հայաստանի համապատասխան մարմինների կողմից չկատարելու հետևանքով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները զրկվել են սույն գործի շրջանակներում իրենց արդյունավետ գործողությունից (...)» (Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 50609/10) Եվրոպական դատարանի 22․06.2021 թվականի վճիռը ներկայացվել է բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից։ Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգնման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Էմմա Կիրակոսյանի հայցի հիման վրա, որով պահանջվել է ոչ իրավաչափ ճանաչել պետական մարմնի պաշտոնատար անձանց գործողությունը, վերացնել Ծառայության հարկադիր կատարողներ Ս. Ստեփանյանի և Ա. Իսրայելյանի կողմից 18.06.2010 թվականի թիվ 01/08-115/10, թիվ 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները և պարտավորեցնել կատարելու 17.12.2009 թվականի դատական ակտը:
ՀՀ վարչական դատարանը 02.08.2011 թվականի որոշմամբ Էմմա Կիրակոսյանի հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «կատարողական վարույթների ընթացքում իրավաչափ կերպով հաստատված է համարվել Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից նախկինում ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը ամբողջությամբ քանդված լինելու, այսինքն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005թ. օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները կատարված լինելու հանգամանքը, ինչն էլ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողներ Ս.Ստեփանյանը և Ա.Իսրայելյանը, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 18.06.2010թ. իրավացիորեն կայացրել են թիվ 01/08-115/10, 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները»:
Վերաքննիչ դատարանը, 12.12.2011 թվականի որոշմամբ մերժելով Էմմա Կիրակոսյանի բողոքը, ըստ էության արձանագրել է, որ Դատարանը բազմակողմանի հետազոտելով գործով հավաքված ապացույցները, եկել է ճիշտ եզրահանգման։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշման դեմ Էմմա Կիրակոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 50609/10) Եվրոպական դատարանը 22․06.2021 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (...):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են նրան, որ «(...) դիմումատուի օգտին կայացված վերջնական վճիռները Հայաստանի համապատասխան մարմինների կողմից չկատարելու հետևանքով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները զրկվել են սույն գործի շրջանակներում իրենց արդյունավետ գործողությունից»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Էմմա Կիրակոսյանի կոնվենցիոն իրավունքների խախտում, այն է` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 50609/10)Եվրոպական դատարանի 22․06.2021 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 22.06.2021 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Էմմա Կիրակոսյանի խախտված կոնվենցիոն իրավունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս` մինչև կոնվենցիոն իրավունքների խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու՝ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու՝ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Զեկուցող Ա. Բարսեղյան Դատավորներ Ս. Անտոնյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/2372/05/10 վարչական գործով 29.06.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ
29.06.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հունիսի 22-ին գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Էմմա Կիրակոսյանի դիմումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին՝ ըստ հայցի Էմմա Կիրակոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Օնիկ Գրիգորյանի` պետական մարմնի պաշտոնատար անձանց գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Էմմա Կիրակոսյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել պետական մարմնի պաշտոնատար անձանց գործողությունը, վերացնել Ծառայության հարկադիր կատարողներ Ս. Ստեփանյանի և Ա. Իսրայելյանի կողմից 18.06.2010 թվականի թիվ 01/08-115/10, թիվ 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները և պարտավորեցնել կատարելու 17.12.2009 թվականի դատական ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան, դատավորներ՝ Ա. Աբովյան, Ա. Առաքելյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2011 թվականի որոշմամբ Էմմա Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.08.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի 15.02.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշման դեմ Էմմա Կիրակոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էմմա Կիրակոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 50609/10) գործով 22.06.2021 թվականի վճիռը, որով հիմնավորվել է թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Մասնավորապես, Եվրոպական դատարանի վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ վիճահարույց կցակառույցն ամբողջությամբ քանդված չէ, իսկ Ծառայությունը չի ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու ուղղությամբ։ Այսպիսով, Եվրոպական դատարանի 22.06.2021 թվականի վճիռը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել գործի վերաբացման վարույթ և նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2372/05/10 15.02.2012թ. որոշումը՝ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ վարչական և ՀՀ Վարչական դատարանների թիվ ՎԴ/2372/05/10 12.12.2011թ. և 02.08.2011թ. դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ 13.07.2010թ. հայցս բավարարել՝ ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց գործողությունը /անգործությունը/ ոչ իրավաչափ՝ վերացնել ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողներ Ս.Ստեփանյանի և Ա.Իսրայելյանի կողմից 18.06.2010թ. կայացված թիվ 01/08-115/10, 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները և պարտավորեցնել կատարել ՀՀ Վարչական դատարանի ՎԴ/2234/05/09 17.12.2009թ. վճռի պահանջները»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1)ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Էմմա Կիրակոսյանի հայցն ընդդեմ Օնիկ Գրիգորյանի և վերջինս պարտավորեցվել է քանդել Երևանի Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը (հատոր 1-ին, գ.թ. 22).
2)ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005 թվականի վճռի հիման վրա 30.05.2005 թվականին տրվել է թիվ 05-219 կատարողական թերթը (հատոր 1-ին, գ.թ. 24).
3) Կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով Ծառայության Երևանի բաժնի վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի հարկադիր կատարող Ս. Ստեփանյանի 10.05.2006 թվականի որոշմամբ թիվ 01/08-173/05 կատարողական վարույթը կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 34).
4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի (գործ 06-1713) վճռով բավարարվել է Էմմա Կիրակոսյանի հայցը և պարտավորեցվել է Ծառայությանը կատարելու ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները (հատոր 1-ին, գ.թ. 41-42).
5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի վճռի հիման վրա 30.08.2006 թվականին տրվել է թիվ 06-1713 կատարողական թերթը (հատոր 1-ին, գ.թ. 43).
6) 25.09.2006 թվականին ք. Երևան Կովկասյան 78 հասցեում կատարված տեղատեսության արդյունքում արձանագրելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջների փաստացի կատարման արդյունքները` նշված հասցեում չհայտնաբերելով քանդման ենթակա ինքնակամ կցակառույց, աստիճաններ և ցանկապատ` 03.03.2005 թվականի վճռի պահանջները փաստացի կատարված լինելու հիմքով Ծառայության Երևանի բաժնի վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Ի. Մխիթարյանի 25.09.2006 թվականի որոշմամբ թիվ 01/08-229/06 կատարողական վարույթը կարճվել է (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 13).
7) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով (գործ թիվ 07-3208) Էմմա Կիրակոսյանի դիմումը բավարարվել է և վճռվել է Ծառայության Երևանի բաժնի վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի հարկադիր կատարող Ի. Մխիթարյանի 25.09.2006 թվականի որոշումը վերացնել և Ծառայությանը պարտավորեցնել կատարելու ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի վճիռը (հատոր 1-ին, գ.թ. 54-57).
8) Կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանը 24.10.2007 թվականի որոշմամբ վերացրել է Ծառայության Երևանի բաժնի վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի հարկադիր կատարող Ի. Մխիթարյանի 25.09.2006 թվականին կայացրած թիվ 01/08-229/06 կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 69).
9)24.10.2007 թվականի որոշմամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանը պարտադրել է Ծառայությանը կատարել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի թիվ 06-1713 վճիռը (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 70).
10) Հիմք ընդունելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանի կողմից 26.10.2007 թվականին ընդունված որոշումը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատու Ս. Ստեփանյանը 29.10.2007 թվականի որոշմամբ վերացրել է Օնիկ Գրիգորյանին Երևանի Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ 10.05.2006 թվականին կայացված թիվ 01/08-173/05 կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը (թիվ 01/08-173/05 կատարողական վարույթ, գ.թ. 170).
11) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատու Ս. Ստեփանյանի 22.02.2008 թվականի որոշմամբ Օնիկ Գրիգորյանին Երևան Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ հարուցված թիվ 01/08-173/05 կատարողական վարույթը կարճվել է (թիվ 01/08-173/05 կատարողական վարույթ, գ.թ. 191).
12) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանի 25.02.2008 թվականի որոշմամբ 15.09.2006 թվականին հարուցված թիվ 01/08-229/06 կատարողական վարույթը կարճվել է (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 91).
13) ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.12.2009 թվականի վճռով (գործ ՎԴ/2234/05/09) Էմմա Կիրակոսյանի հայցը բավարարվել է մասնակի` ճանաչվել է Ծառայության հարկադիր կատարող Ս. Ստեփանյանի կողմից 22.02.2008 թվականին կայացված «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման առոչինչ լինելը, Ծառայության հարկադիր կատարող Ա. Իսրայելյանի կողմից 25.02.2008 թվականին կայացված «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշման առոչինչ լինելը, պարտավորեցվել է Ծառայությանը կատարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 78-83).
14) Վերը նշված վճռի հիման վրա 23.04.2010 թվականին ՀՀ վարչական դատարանի կողմից տրվել է թիվ ՎԴ/2234/05/09 կատարողական թերթը (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 128).
15) Վերը նշված կատարողական թերթը Էմմա Կիրակոսյանը ներկայացրել է Ծառայություն, որի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանը 31.05.2010 թվականին կայացրած որոշմամբ վերսկսել է 25.02.2008 թվականին կարճված թիվ 01/08-229/06 կատարողական վարույթը նոր հերթական 01/08-116/10 համարով (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 141).
16) ՀՀ վարչական դատարանի կողմից 23.04.2010 թվականին տրված թիվ ՎԴ/2234/05/09 կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ս. Ստեփանյանը 31.05.2010 թվականին կայացրած որոշմամբ վերսկսել է նաև 22.02.2008 թվականին կարճված թիվ 01/08-173/05 կատարողական վարույթը նոր հերթական 01/08-115/10 համարով (թիվ 01/08-173/05 կատարողական վարույթ, գ.թ. 244).
17) Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գ. Շահնազարյանը 10.06.2010 թվականի գրությամբ, ի պատասխան Ծառայության 07.06.2010 թվականի թիվ ԵԼ 1104 գրության, վերջինիս տեղեկացրել է, որ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժինը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարանային շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի մասնագետների հետ համատեղ 04.06.2010 թվականին կատարել են տեղատեսություն, որի արդյունքում պարզվել է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005 թվականի թիվ 05-219 վճռի քանդված է Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից նախկինում ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները և ցանկապատը (թիվ 01/08-229/06, 01/08-116/10 կատարողական վարույթ, գ.թ. 145).
18) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ա. Իսրայելյանի 18.06.2010 թվականի որոշմամբ փաստացի կատարման հիմքով կարճվել է Ծառայության Երևանի բաժնի վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի հարկադիր կատարող Ի. Մխիթարյանի 25.09.2006 թվականի որոշումը վերացնելու, Ծառայությանը` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 13.07.2006 թվականի և 03.03.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռների պահանջները կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ 31.05.2010 թվականին վերսկսված թիվ 01/08-116/10 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 17).
19)ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Ս. Ստեփանյանի 18.06.2010 թվականի որոշմամբ փաստացի կատարման հիմքով կարճվել է Օնիկ Գրիգորյանին Երևան Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ 31.05.2010 թվականին վերսկսված թիվ 01/08-115/10 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 19)։
20) ՀՀ վարչական դատարանը 02.08.2011 թվականի որոշմամբ Էմմա Կիրակոսյանի հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) թիվ 01/08-173/05 (01/08-115/10) և թիվ 01/08-229/06 (01/08-116/10) կատարողական վարույթների նյութերի հետազոտմամբ դատարանը հաստատված է համարում, որ կատարողական վարույթների ընթացքում իրավաչափ կերպով հաստատված է համարվել Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից նախկինում ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը ամբողջությամբ քանդված լինելու, այսինքն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005թ. օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները կատարված լինելու հանգամանքը, ինչն էլ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողներ Ս.Ստեփանյանը և Ա.Իսրայելյանը, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 18.06.2010թ. իրավացիորեն կայացրել են թիվ 01/08-115/10, 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները։(...) Հայցվորը սակայն, առարկելով տեղատեսություն իրականացնելու մասին երրորդ անձի միջնորդության դեմ, պնդեց, որ Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը ամբողջությամբ քանդված չեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը վիճարկեց Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը ամբողջությամբ քանդված լինելու փաստը և առարկեց տեղատեսություն իրականացնելու և փաստորեն դրանում հավաստիանալու համար երրորդ անձի կողմից արված միջնորդությանը, ՀՀ վարչական դատարանը նշված փաստի ապացուցման բեռը դրեց հայցվորի վրա։ Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը ամբողջությամբ քանդված չլինելու փաստը հաստատող որևէ թույլատրելի ապացույց հայցվորը դատարանին չներկայացրեց» (հատոր 2-րդ, գ.թ. 120-128):
21) Վերաքննիչ դատարանը, 12.12.2011 թվականի որոշմամբ մերժելով Էմմա Կիրակոսյանի բողոքը, ըստ էության արձանագրել է, որ Դատարանը բազմակողմանի հետազոտելով գործով հավաքված ապացույցները եկել է ճիշտ եզրահանգման (հատոր 3-րդ, գ. թ. 60-64):
22) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշման դեմ Էմմա Կիրակոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 3-րդ, գ. թ. 80-84):
23) Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 50609/10) Եվրոպական դատարանի 22.06.2021 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Եվրոպական դատարանը վերը նշված վճիռը հիմնավորել է նրանով, որ «67. (...) 2005 թվականի մարտի 3-ի վճիռը, որը կայացվել է դիմումատուի օգտին, 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ դեռևս ամբողջությամբ չի կատարվել։ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ դա հիմնավորելու համար։ Մասնավորապես այն չի պարզաբանել համապատասխան մարմինների կողմից իրավական պաշտպանության այնպիսի հասանելի միջոցներից չօգտվելու պատճառները, ինչպիսիք են, օրինակ՝ պարտապանի նկատմամբ տուգանք նշանակելը կամ ի վերջո, պարտապանի հաշվին կատարողական թերթի պահանջների կատարումը կազմակերպելը՝ համապատասխան վճիռների կատարումը կազմակերպելու համար։
68. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի օգտին կայացված վերջնական վճիռները Հայաստանի համապատասխան մարմինների կողմից չկատարելու հետևանքով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները զրկվել են սույն գործի շրջանակներում իրենց արդյունավետ գործողությունից (...)» (Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 50609/10) Եվրոպական դատարանի 22.06.2021 թվականի վճիռը ներկայացվել է բողոքին կից)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից։ Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգնման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Էմմա Կիրակոսյանի հայցի հիման վրա, որով պահանջվել է ոչ իրավաչափ ճանաչել պետական մարմնի պաշտոնատար անձանց գործողությունը, վերացնել Ծառայության հարկադիր կատարողներ Ս. Ստեփանյանի և Ա. Իսրայելյանի կողմից 18.06.2010 թվականի թիվ 01/08-115/10, թիվ 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները և պարտավորեցնել կատարելու 17.12.2009 թվականի դատական ակտը:
ՀՀ վարչական դատարանը 02.08.2011 թվականի որոշմամբ Էմմա Կիրակոսյանի հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «կատարողական վարույթների ընթացքում իրավաչափ կերպով հաստատված է համարվել Կովկասյան փողոցի թիվ 78 տանը կից նախկինում ինքնակամ կառուցված կցակառույցը, աստիճանները, ցանկապատը ամբողջությամբ քանդված լինելու, այսինքն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.03.2005թ. օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները կատարված լինելու հանգամանքը, ինչն էլ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողներ Ս.Ստեփանյանը և Ա.Իսրայելյանը, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 18.06.2010թ. իրավացիորեն կայացրել են թիվ 01/08-115/10, 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները»:
Վերաքննիչ դատարանը, 12.12.2011 թվականի որոշմամբ մերժելով Էմմա Կիրակոսյանի բողոքը, ըստ էության արձանագրել է, որ Դատարանը բազմակողմանի հետազոտելով գործով հավաքված ապացույցները, եկել է ճիշտ եզրահանգման։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշման դեմ Էմմա Կիրակոսյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 50609/10) Եվրոպական դատարանը 22.06.2021 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (...):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են նրան, որ «(...) դիմումատուի օգտին կայացված վերջնական վճիռները Հայաստանի համապատասխան մարմինների կողմից չկատարելու հետևանքով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները զրկվել են սույն գործի շրջանակներում իրենց արդյունավետ գործողությունից»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Էմմա Կիրակոսյանի կոնվենցիոն իրավունքների խախտում, այն է` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 50609/10) Եվրոպական դատարանի 22.06.2021 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 22.06.2021 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Էմմա Կիրակոսյանի խախտված կոնվենցիոն իրավունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս` մինչև կոնվենցիոն իրավունքների խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու՝ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու՝ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտը ենթակա է վերանայման նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը: Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գործառույթներից է բխում վերջինիս պարտականությունը՝ պարզելու, թե որն է հանդիսանում այն վերջնական դատական ակտ կայացրած դատարանը, որը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտումը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշմամբ մերժվել է Դատարանի 02.08.2011 թվականի վճռի դեմ Էմմա Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը, և վճիռը թողնվել է անփոփոխ: Նշված որոշման դեմ Էմմա Կիրակոսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է:
Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 50609/10) Եվրոպական դատարանի 22.06.2021 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Այժմ՝ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու դիմում է ներկայացրել Էմմա Կիրակոսյանը՝ պահանջելով «հարուցել գործի վերաբացման վարույթ և նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2372/05/10 15.02.2012թ. որոշումը՝ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ վարչական և ՀՀ Վարչական դատարանների թիվ ՎԴ/2372/05/10 12.12.2011թ. և 02.08.2011թ. դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ 13.07.2010թ. հայցս բավարարել՝ ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց գործողությունը /անգործությունը/ ոչ իրավաչափ՝ վերացնել ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողներ Ս.Ստեփանյանի և Ա.Իսրայելյանի կողմից 18.06.2010թ. կայացված թիվ 01/08-115/10, 01/08-116/10 կատարողական վարույթները կարճելու մասին որոշումները և պարտավորեցնել կատարել ՀՀ Վարչական դատարանի ՎԴ/2234/05/09 17.12.2009թ. վճռի պահանջները»:
Վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանը Էմմա Կիրակոսյանի դիմումը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, իսկ վճռաբեկ բողոքը քննելով այն հիմքի սահմաններում, որ առկա է նոր հանգամանք, որոշում է կայացրել «վճռաբեկ բողոքը» բավարարելու, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու մասին, որպիսի եզրահանգման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ լիովին համաձայն եմ:
Մինչդեռ միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի այն մասերի վերաբերյալ, որոնք վերաբերում են նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը բեկանելուն հետևյալ պատճառաբանությամբ:
Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը, կայացրել է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու դիմումի հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Սակայն դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը:
Կարծում եմ, որ 1-ին որոշման առումով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իրավաչափ է և բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումներից, քանի որ տվյալ դեպքում համապատասխան հարցի վերաբերյալ վերջնական դատական ակտ կայացրած դատարանը հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է՝ նկատի ունենալով այն, որ վերջինս, իր որոշման մեջ նշելով նաև, որ «բողոք բերած անձը չի հիմնավորել օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի սույն գործով որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը (…), տվյալ դեպքում առկա չեն նյութական կամ դատավարական իրավունքի նորմի առերևույթ էական խախտումներ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման», ըստ էության, որպես վերջնական դատական ատյան անդրադարձել է Վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան նորմերը խախտված կամ սխալ կիրառված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքերին:
Հենց դրանից ելնելով՝ գտնում եմ, որ նոր հանգամանքով ենթակա է վերանայման բացառապես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Ինչ վերաբերում է նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը բեկանելուն, որպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, ապա այդ մասով ցանկանում եմ հայտնել, որ վերը նշված պատճառաբանությամբ միջազգային դատարանի համապատասխան վճիռը Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը վերանայելու համար նոր հանգամանք չէ, և այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը կարող էր ստուգման ենթարկել և դրա արդյունքում բեկանել բացառապես այն դեպքում, երբ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.02.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելուց հետո նույն կամ առանձին որոշմամբ որոշում կայացներ Էմմա Կիրակոսյանի կողմից առաջին անգամ բերված վերը նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 12.12.2011 թվականի որոշումը բեկանել է առանց դրա դեմ առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու, որը, կարծում եմ, դատավարական օրենսդրության կարգավորումների համատեքստում անթույլատրելի է:
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական: