ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2021 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԼԻԶԻՆԳԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Վարձակալության կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» հիմնադրույթը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 1-ի թիվ 23 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Վարձակալության կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին
1. Սույն հիմնադրույթը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ գլխի, «1994 թվականի սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրի դրույթների հիման վրա, ներառյալ՝ դրան կից բացատրական նկատառումները, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային գնահատման հարցերով տեխնիկական կոմիտեի 2.1 հետազոտության և 4.1 դեպքերի հետազոտության հիման վրա։
2. Սույն հիմնադրույթը կիրառվում է վարձակալության կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով (այսուհետ՝ լիզինգի պայմանագիր) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս։
3. Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը կամ ժամանակավոր օգտագործմանը հանձնել վարձակալության առարկան։
Վարձակալության կարող են հանձնվել սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ ապրանքներ, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները։
Վարձակալության պայմանագրում պետք է նշված լինեն այնպիսի տվյալներ, որոնք թույլ են տալիս հստակ սահմանել որպես վարձակալության առարկա վարձակալին հանձնելու ենթակա ապրանքները։
Վարձատուն ապրանքները վարձակալին է տրամադրում վարձակալության պայմանագրի պայմաններին և այդ ապրանքների նշանակությանը համապատասխանող վիճակում։
Վարձակալը մուծում է վարձակալության առարկան օգտագործելու համար վճարը (վարձավճարը)։ Վարձավճարը մուծելու կարգը, պայմաններն ու ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով։
Վարձակալության պայմանագրում կարող է նախատեսվել, որ վարձակալած ապրանքները վարձակալի սեփականությանն են անցնում վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ նախքան դրա լրանալը՝ պայմանով, որ վարձակալը վճարել է պայմանագրով պայմանավորված ամբողջ հետգնման գինը։
Եթե վարձակալության պայմանագրում վարձակալած գույքի հետգնման վերաբերյալ պայման նախատեսված չէ, ապա այն կարող է սահմանվել կողմերի լրացուցիչ համաձայնությամբ։
Կողմերն իրավունք ունեն պայմանավորվել ավելի վաղ վճարված վարձավճարը հետգնման գնի մեջ հաշվանցելու շուրջ։
4. Լիզինգի պայմանագրով վարձատուն (լիզինգատուն) պարտավորվում է որպես սեփականություն ձեռք բերել վարձակալի (լիզինգառուի) կողմից նշված գույքը՝ նրա կողմից նշված վաճառողից, և վճարի դիմաց վարձակալի (լիզինգառուի) ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել այդ գույքը։
Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունն իրականացվի լիզինգատուի կողմից։
Լիզինգի պայմանագրում նշվում են այնպիսի տվյալներ, որոնք թույլ են տալիս հստակ սահմանել որպես լիզինգի առարկա համարվող՝ լիզինգառուին հանձնելու ենթակա ապրանքները։
Լիզինգի պայմանագրի հիման վրա՝
լիզինգատուն որոշակի վաճառողից որպես սեփականություն ձեռք է բերում որոշակի ապրանք՝ այն որպես լիզինգի առարկա, որոշակի վճարի դիմաց, որոշակի ժամկետով և որոշակի պայմաններով լիզինգառուին հանձնելու համար, կատարում է լիզինգի պայմանագրի բովանդակությունից բխող այլ պարտավորություններ.
լիզինգառուն լիզինգի պայմանագրով նախատեսված կարգով ընդունում է լիզինգի առարկան, այդ պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում լիզինգատուին վճարում է լիզինգային վճարները, կատարում է լիզինգի պայմանագրի բովանդակությունից բխող այլ պարտավորություններ և լիզինգի պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կա՛մ վերադարձնում է լիզինգի առարկան, կա՛մ այն ձեռք է բերում որպես սեփականություն։
Սույն հիմնադրույթի նպատակներով «լիզինգային վճարներ» ասելով՝ ենթադրվում է լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում ըստ լիզինգի պայմանագրի վճարների ընդհանուր գումարը, որը ներառում է լիզինգի առարկան ձեռք բերելու և լիզինգառուին հանձնելու հետ կապված լիզինգատուի կատարած ծախսերի փոխհատուցումը, լիզինգի պայմանագրով նախատեսված այլ ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերի փոխհատուցումը, լիզինգատուի եկամուտը, ինչպես նաև լիզինգի առարկայի հետգնման գինը, եթե լիզինգի պայմանագրով նախատեսված է լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին։
5. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վարձակալության կամ լիզինգի առարկա հանդիսացող ապրանքների ներմուծման ժամանակ Միության մաքսային տարածք արտահանելու համար դրանց վաճառք չի իրականացվում, ինչպես որ պահանջվում է Օրենսգրքի 39-րդ հոդվածի կիրառության նպատակներով, ըստ գործարքի գնի մեթոդը (1-ին մեթոդ) չի կիրառվում, նույնիսկ եթե վարձակալության պայմանագրով կամ լիզինգի պայմանագրով նախատեսվում է հետագայում ապրանքների հետգնման հնարավորություն։
6. Միության մաքսային տարածք նույնական կամ միատեսակ ապրանքներ արտահանելու համար դրանց վաճառքի մասին փաստաթղթերով հաստատված տեղեկությունների առկայության դեպքում, վարձակալության կամ լիզինգի առարկա հանդիսացող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ըստ նույնական ապրանքների մասով գործարքի գնի (2-րդ մեթոդ) կամ ըստ միատեսակ ապրանքների մասով գործարքի գնի (3-րդ մեթոդ)՝ համապատասխանաբար Օրենսգրքի 41-րդ կամ 42-րդ հոդվածների համաձայն։
7. Ելնելով այն հանգամանքից, որ վարձակալության կամ լիզինգի առարկա հանդիսացող ապրանքները հանձնվում են վարձակալի կամ լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը, և Միության մաքսային տարածքում դրանց վաճառքի մասին տեղեկությունները բացակայում են, հանման մեթոդը (մեթոդ 4) կարող է միայն կիրառվել Միության մաքսային տարածքում ավելի վաղ ներմուծված նույնական կամ միատեսակ ապրանքների վաճառքի մասին փաստաթղթերով հաստատված տեղեկությունների առկայության դեպքում։
8. Գումարման մեթոդը (5-րդ մեթոդ) հիմնվում է ապրանքներ արտադրողի կողմից ներկայացվող առևտրային փաստաթղթերով հաստատված՝ գնահատվող ապրանքների արտադրության մասին տեղեկությունների վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրանքների արտադրության ծախսերի մասին փաստաթղթերն ու տեղեկությունները, որպես կանոն, խորհրդապահական բնույթ ունեն և արտադրողի կողմից չեն հրապարակվում, 5-րդ մեթոդի կիրառումը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ արտադրողը համաձայն է վարձակալին կամ լիզինգառուին տրամադրել արտադրության ծախքերի մասին փաստաթղթեր ու տեղեկություններ։
Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ վարձակալության առարկան կարող է վարձակալին տրամադրվել անմիջապես այդ ապրանքի արտադրողի կողմից, մինչդեռ լիզինգատուն, որպես կանոն, չի համարվում լիզինգի առարկայի արտադրող։
9. Պահուստային մեթոդի (6-րդ մեթոդ) կիրառման դեպքում վարձակալության կամ լիզինգի առարկա հանդիսացող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված սկզբունքների և ընդհանուր դրույթների հետ համատեղելի ողջամիտ եղանակների կիրառման միջոցով՝ պայմանով, որ դրանք չեն հակասում Օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին, և այդ արժեքը որոշելիս թույլատրվում է ողջամիտ ճկունություն՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման՝ Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածներով նախատեսված մեթոդների կիրառման դեպքում, ինչպես սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 138 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքը որոշելիս պահուստային մեթոդի (6-րդ մեթոդ) կիրառման կանոններով։
Վարձակալության կամ լիզինգի առարկա հանդիսացող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս պահուստային մեթոդի (6-րդ մեթոդ) կիրառման դեպքում կարող են օգտագործվել մուծվող վարձավճարների կամ լիզինգային վճարների գումարների մասին տեղեկությունները։
Եթե վարձակալության կամ լիզինգի պայմանագրով նախատեսվում է սեփականության իրավունքի փոխանցում, ապա ապրանքների մաքսային արժեքի որոշման համար հիմք է ծառայում այն վճարումների համակցությունը, որոնց կատարումը սեփականության իրավունքի փոխանցման պայման է։
Եթե վարձակալության կամ լիզինգի պայմանագրով չի նախատեսվում սեփականության իրավունքի փոխանցում, ապա ապրանքների մաքսային արժեքի որոշումը կարող է նաև հիմնվել վարձավճարների կամ լիզինգային վճարների գումարի վրա։ Օրինակ՝ որպես հիմք կարող է ծառայել ապրանքների տնտեսական կյանքի (օգտակար օգտագործման ժամկետի) ընթացքում ենթադրվող վարձավճարների կամ լիզինգային վճարների համակցությունը։
Ընդ որում, պետք է հաշվի առնվեն նոր և օգտագործված ապրանքների տնտեսական կյանքի այն ժամկետին (օգտակար օգտագործման ժամկետին) առնչվող տարբերությունները, որի որոշման դեպքում նոր ապրանքների համար կիրառվում է «տնտեսական կյանքի ամբողջ ժամկետը», իսկ օգտագործված ապրանքների համար՝ «մնացած տնտեսական կյանքի ժամկետը»։
10. Վարձակալության կամ լիզինգի առարկա հանդիսացող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս անհրաժեշտ է կատարել ավելացումների կամ հանումների տեսքով ուղղումներ՝ կախված պայմանագրի պայմաններից և հաշվի առնելով Օրենսգրքի 5-րդ գլխի դրույթները։
Այսպես, պետք է հաշվի առնվեն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները, որոնցով սահմանվում են ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառման ենթակա լրացուցիչ հավելագրումները։
Ապրանքների մաքսային արժեքի մեջ չպետք է ներառվեն մաքսային արժեքի մաս չկազմող, օրինակ՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծախսերը, ինչպես նաև տոկոսավճարները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքը որոշելիս տոկոսավճարների հաշվառման կանոններով նախատեսված պայմանները պահպանելու դեպքում։
Վարձակալության կամ լիզինգի առարկա հանդիսացող ապրանքների մաքսային արժեքի հաշվարկի օրինակները ներկայացված են հավելվածում։
ՀԱՎԵԼՎԱԾ Վարձակալության կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին հիմնադրույթի |
ՕՐԻՆԱԿՆԵՐ
վարձակալության կամ լիզինգի առարկա հանդիսացող ապրանքների մաքսային արժեքի հաշվարկի
Օրինակ 1. X երկրի՝ ճաշարանային սննդի կազմակերպմամբ զբաղվող I կազմակերպությունն ազգային ավիաընկերության հետ կնքել է այդ ավիաընկերության ուղևորների համար նախատեսված առանձին հատուկ փաթեթներով պատրաստի սննդի մատակարարման միջնաժամկետ պայմանագիր։
Հաշվի առնելով պայմանագրի տևողությունը, անցկացնելով շուկայի վերլուծություն և ելնելով ծախսերի նախնական հաշվարկից՝ I կազմակերպությունը որոշել է լիզինգի վերցնել անհրաժեշտ փաթեթավորման սարքավորումներ և У երկրից А կազմակերպության հետ կնքել է լիզինգի պայմանագիր։ I կազմակերպության պայմաններով А լիզինգատուն У երկրից В ազգային արտադրողից իր հաշվին գնում է սարքավորումներ (լիզինգի պայմանագրով մատակարարում՝ EXW [ՖՐԱՆԿՈ–ԳՈՐԾԱՐԱՆ] պայմաններով)։ А ֆիրմայի կողմից В արտադրողին վճարված գինը У երկրի ներքին շուկայում ապրանքների գինն է։
Լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան՝
սարքավորումների մատակարարման բոլոր ծախսերը կրում է լիզինգառուն (I կազմակերպությունը).
լիզինգառուն պետք է ապահովագրի սարքավորումները լիզինգի ամբողջ ժամանակահատվածի համար (EXW պայմաններով մատակարարման պահից մինչև դրանք լիզինգատուին վերադարձնելը).
ապրանքների ներմուծման և լիզինգի հետ կապված վճարման ենթակա բոլոր վճարները, տուրքերը և հարկերը կատարվում են լիզինգառուի կողմից.
լիզինգի ժամանակահատվածը կազմում է 36 ամիս, սակայն այն կարող է երկարաձգվել մինչև սարքավորումների օգտակար օգտագործման ժամկետը լրանալը.
ամենամսյա լիզինգային վճարները կազմում են 5300 դրամական միավոր, իսկ երկարացման դեպքում վճարները կրճատվում են ամսական 15%-ով։ Լիզինգային վճարների գումարի մեջ ներառված են սարքավորումների գնման հետ կապված լիզինգատուի կողմից վճարվող վարկի տոկոսները՝ տարեկան 9% տոկոսադրույքի չափով, ինչպես նաև լիզինգատուին տրվող կոմիսիոն վճարը՝ սարքավորումների արժեքի 1,5 %-ի չափով.
լիզինգի պայմանագրում նշված են հետևյալ տեղեկությունները՝ սարքավորումների քանակը, տեսականին, որակը, լրակազմությունը, փաթեթավորումը, մատակարարման պայմանները, վճարման ենթակա լիզինգային վճարները, վճարման արժույթը, ինչպես նաև ապրանքի դիմաց վճարման պայմանները, փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվելու է վճարումը և այլն։
Լիզինգառուի մոտ առկա են նաև այնպիսի փաստաթղթեր, որոնցով հաստատվում է, որ լիզինգատուն բանկի դուստր կազմակերպություն է, և այն հաշիվ-ապրանքագրի պատճենը, որտեղ նշված է լիզինգատուի կողմից В արտադրողին վճարված սարքավորումների գինը։
Ելնելով այն հանգամանքից, որ սա X երկիր այդպիսի սարքավորումների ներմուծման առաջին դեպքն է, ապա համապատասխանաբար՝ ըստ նույնական և միատեսակ ապրանքների մասով գործարքի գնի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 41-րդ և 42-րդ հոդվածներով սահմանված մեթոդները դիտարկվող ապրանքի մաքսային արժեքը որոշելու համար կիրառելի չեն։ Բացառվում է նաև սարքավորումների մաքսային արժեքի որոշման համար Օրենսգրքի 43-րդ և 44-րդ հոդվածներով սահմանված հանումների և գումարումների մեթոդների կիրառման հնարավորությունը, քանի որ բացակայում են դրանց կիրառման համար անհրաժեշտ բոլոր տվյալները։ Այսպիսով, այս դեպքում մաքսային արժեքը կարող է որոշվել Օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված պահուստային մեթոդի շրջանակներում։
Պահուստային մեթոդի շրջանակներում դիտարկվող դեպքում մաքսային արժեքը կարելի է որոշել լիզինգային վճարների հիման վրա, որոնք վերահաշվարկված են սարքավորումների օգտակար օգտագործման ամբողջ ժամկետի համար, որը կազմում է 60 ամիս։
Ամենամսյա լիզինգային վճարները կազմում են 5300 դրամական միավոր՝ 36 ամիսների ընթացքում, և 4505 դրամական միավոր՝ մնացած 24 ամիսների ընթացքում (քանի որ լիզինգի պայմանագրի պայմաններով դրա երկարացման դեպքում վճարները կրճատվում են ամսական 15 %-ով)։
Այդ գումարների մեջ ներառված՝ տարեկան 9% տոկոսադրույքի չափով վարկի վճարը կարող է հանվել, քանի որ այն պայմանները, որոնց կատարման դեպքում տոկոսավճարները չեն ներառվում ապրանքների մաքսային արժեքի մեջ, կատարված և փաստաթղթերով հաստատված են, ինչպես սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքը որոշելիս տոկոսավճարների հաշվառման կանոններով։
Սահմանված է, որ 1,5 %-ի չափով կոմիսիոն վճարը գնման համար Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 1 «ա» ենթակետով նախատեսված վարձատրությունը չէ և չի հանվում լիզինգային վճարների գումարից։
Լիզինգային վճարների հիման վրա մաքսային արժեքի (վարկի տոկոսները հանած) հաշվարկի համար անհրաժեշտ է կատարել՝
հաշվարկ՝ ըստ ստորև ներկայացված բանաձևերի, որտեղ ընդունված են հետևյալ նշագրումները՝
Rı-ը ամենամսյա լիզինգային վճարներն են լիզինգի պայմանագրի հիմնական ժամանակահատվածի համար (36 ամիս).
R2-ը ամենամսյա լիզինգային վճարներն են սարքավորումների օգտակար օգտագործման մնացած ժամկետի համար (24 ամիս):
i-ը մեկ ամսվա համար վարկի տոկոսների դրույքաչափն է, որի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝
i = տարեկան տոկոսադրույք :100 % : 12 ամիս
Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 9 %, ապա
i = 9 % : 100 % : 12 ամիս = 0,0075.
Q ՝ (1 + i) գործակից.
N՝ լիզինգային վճարների վճարումների քանակը։
Լիզինգի պայմանագրի հիմնական ամբողջ ժամանակահատվածի համար լիզինգային վճարների գումարից վարկի տոկոսները հանվում են ըստ հետևյալ բանաձևի՝
Ելնելով առկա տվյալներից՝ անցկացնենք լիզինգային վճարների գումարի հետևյալ հաշվարկը՝ ըստ վերը ներկայացված բանաձևի՝
Սարքավորումների օգտակար օգտագործման մնացած ժամկետի համար լիզինգային վճարների գումարից վարկի տոկոսները հանվում են ըստ հետևյալ բանաձևի՝
Ելնելով առկա տվյալներից՝ անցկացնենք հետևյալ հաշվարկը՝ ըստ վերը ներկայացված բանաձևի՝
Դիտարկված օրինակում սարքավորումների օգտակար օգտագործման ամբողջ ժամկետի (60 ամիս) համար լիզինգային վճարների ընդհանուր գումարը՝ վարկի տոկոսները հանած, կկազմի 265 534 դրամական միավոր (166 896 + 98 638)։ Այդ մեծության հիման վրա կարող է որոշվել լիզինգի դիտարկվող առարկայի մաքսային արժեքը։ Ընդ որում, նաև անհրաժեշտ է դիտարկել լիզինգի առարկայի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և ապահովագրման ծախսերի հաշվառման հարցը։
Օրինակ 2. Բիզնեսի ընդլայնման հետ կապված՝ А կազմակերպությունը որոշել է X երկրից В լիզինգատուի ընկերությունից լիզինգի վերցնել նոր սարքավորումներ՝ առնվազն 36 ամիս ժամկետով՝ ժամկետի երկարացման հնարավորությամբ։ Այդ նպատակով А կազմակերպությունը В կազմակերպության հետ կնքել է լիզինգի պայմանագիր, որով սարքավորումների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում չի նախատեսվում։ Լիզինգի պայմանագրի դրույթների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ապրանքների ներմուծումից հետո սարքավորումների մոնտաժման և սպասարկման համար А լիզինգառուի կողմից կատարվող ծախսումները կազմում են տարեկան 20000 դրամական միավոր՝ սարքավորումների աշխատանքի առաջին երկու տարիների ընթացքում, և տարեկան 30000 դրամական միավոր՝ հաջորդող տարիների ընթացքում։ Սարքավորումները վարձակալվում են ամսական 50000 դրամական միավորի դիմաց, ներառյալ՝ տվյալ ծախսերը։
Հաշվի առնելով սարքավորումների առանձնահատկությունը՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման՝ Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածներով նախատեսված մեթոդներից և ոչ մեկը, նույնիսկ ողջամիտ ճկունությամբ գործածվող մեթոդը, կիրառելի չէ։
Մաքսային մարմնի և А կազմակերպության միջև խորհրդակցությունների արդյունքում ընդունվում է որոշում՝ ներմուծվող սարքավորումների մաքսային արժեքը սարքավորումների օգտակար օգտագործման՝ 5 տարի կազմող ամբողջ ժամկետի ընթացքում լիզինգային վճարների ընդհանուր մեծության հիման վրա որոշելու մասին։
Այսպիսով, 5 տարվա ընթացքում լիզինգային վճարների ընդհանուր մեծությունն օգտագործվում է որպես հիմք՝ սարքավորումների մաքսային արժեքն ըստ պահուստային մեթոդի (6-րդ մեթոդ) որոշելու համար։ Ընդ որում, նշված մեծությունից անհրաժեշտ է հանել սարքավորումների մոնտաժման և սպասարկման ծախսումները (Օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետ)։
Օրինակ 3. А ձեռնարկությունը X երկրից В ընկերության հետ կնքել է հետևյալ կախովի սարքավորումներով՝ հիդրավլիկ մուրճ SB 702 և շերեփ (250 լ) (այսուհետ՝ սարքավորումներ) BROKK 500 շարժական բազմանպատակային ռոբոտատեխնիկական համալիրի մատակարարման լիզինգի պայմանագիր Լիզինգի պայմանագրի պայմանների համաձայն՝
В ընկերությունը (լիզինգատուն) К երկրից Р վաճառողից որպես սեփականություն ձեռք է բերում սարքավորումներ՝ դրանք որպես լիզինգի առարկա А ձեռնարկությանը (լիզինգառուին) 36 ամսով հանձնելու համար.
լիզինգառուն լիզինգի պայմանագրով նախատեսված կարգով ընդունում է լիզինգի առարկան, լիզինգի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում լիզինգատուին վճարում է լիզինգային վճարները, լիզինգի պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո լիզինգառուն իրավունք ունի լիզինգի առարկան ձեռք բերել որպես սեփականություն։
А ձեռնարկությունը К երկրից Р վաճառողից 70 օր առաջ գնել է նմանատիպ սարքավորումներ և դրանք ներմուծել Միության մաքսային տարածք։ Ընդ որում, սարքավորումների մաքսային արժեքը որոշվել է՝ ըստ ներմուծվող ապրանքների մասով գործարքի գնի (1-ին մեթոդ), և ընդունվել մաքսային մարմնի կողմից։
Լիզինգի ներմուծվող առարկան և ավելի վաղ ներմուծված սարքավորումները նույնական ապրանքներ են՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված սահմանման համաձայն։
Այսպիսով, լիզինգի առարկայի մաքսային արժեքը կարող է որոշվել ըստ նույնական ապրանքների մասով գործարքի գնի (2-րդ մեթոդ)՝ Օրենսգրքի 41-րդ հոդվածին համապատասխան, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 202 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքը ըստ նույնական ապրանքների մասով գործարքի գնի (2-րդ մեթոդ) և ըստ միատեսակ ապրանքների մասով գործարքի գնի (3-րդ մեթոդ) որոշման մեթոդների կիրառման կանոններին համապատասխան։
Օրինակ 4. А կազմակերպությունը միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների իրականացման նպատակով Б ընկերության հետ կնքել է լիզինգի պայմանագիր, որի պայմանների համաձայն՝
Б ընկերությունը (լիզինգատուն) պարտավորվում է А կազմակերպությանը (լիզինգառու) լիզինգի հանձնել DAF XF 105/460 SC Euro 5 նոր թամբային քարշակ.
լիզինգառուն պարտավորվում է ընդունել լիզինգի առարկան և լիզինգի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում լիզինգատուին վճարել լիզինգային վճարները.
լիզինգի գործողության ժամկետը հաշվարկվում է լիզինգի առարկան լիզինգատուի կողմից լիզինգառուին փաստացի հանձնելու ամսաթվից, որն արձանագրված է ընդունման արձանագրության մեջ, և այն կազմում է 4 տարի.
DAF XF 105/460 SC Euro 5 նոր մեկ թամբային քարշակի գինը կազմում է 66700 դրամական միավոր.
լիզինգի առարկայի պայմանագրային գինը կազմում է 66700 դրամական միավոր՝ FCA [ՖՐԱՆԿՈ–ՓՈԽԱԴՐՈՂ] պայմաններով (Ռուսելարե, Բելգիա).
լիզինգի պայմանագրի ընդհանուր գինը, հաշվի առնելով լիզինգային վճարները, կազմում է 75136 դրամական միավոր և ներառում է նախավճար՝ 26680 դրամական միավորների չափով, 48 ամենամսյա լիզինգային վճարներ՝ 947 դրամական միավորների չափով, և լիզինգի առարկայի հետգնման գինը՝ 3000 դրամական միավորների չափով։ Ամենամսյա լիզինգային վճարը ներառում է լիզինգի առարկայի համար պարբերական վճարը և լիզինգատուի վարձատրությունը (եկամուտը)։ Թամբային քարշակի գնման հետ կապված՝ լիզինգատուի կողմից վճարվող վարկի տոկոսների մասին տեղեկությունները լիզինգի պայմանագրում բացակայում են.
վճարները կատարվում են լիզինգառուի կողմից լիզինգատուի հաշվին անկանխիկ փոխանցման ձևով.
Ռուսելարեից (Բելգիա) Միության մաքսային տարածք լիզինգի առարկայի մատակարարման ծախսերը կրում է լիզինգառուն.
լիզինգառուն պարտավոր է ԿԱՍԿՈ կանոններով ապահովել լիզինգի առարկայի ապահովագրությունը՝ լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում դրա պայմանագրային գնից ոչ պակաս գումարի չափով.
լիզինգի առարկան սեփականության իրավունքով պատկանում է լիզինգատուին։ Լիզինգառուն իրավունք չունի լիզինգի առարկան գրավ դնելու, իրացնելու կամ հանձնելու երրորդ անձանց օգտագործմանը՝ առանց լիզինգատուի նախնական գրավոր համաձայնության.
լիզինգառուն իրավունք ունի հետ գնելու լիզինգի առարկան ինչպես լիզինգի ժամկետը լրանալուց հետո, այնպես էլ վաղաժամկետ։ Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը լիզինգատուից լիզինգառուին իրականացվում է լիզինգի պայմանագրով բոլոր պարտավորությունները լիզինգառուի կողմից ամբողջությամբ կատարելուց և լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը լիզինգառուին փոխանցելու մասին գրավոր հաստատումը լիզինգատուից ստանալուց հետո.
լիզինգառուն իրականացնում է լիզինգի առարկայի հաշվեկշռային հաշվառում՝ դրան հավելագրելով մաշվածությունը։ Ամորտիզացիոն հատկացումները կատարվում են ամեն ամիս և հավասար են լիզինգի առարկայի համար լիզինգառուի պարբերական վճարի գումարին՝ լիզինգային վճարի կազմի մեջ.
լիզինգառուն լիզինգի առարկան պահպանում է իր հաշվին, պատասխանատվություն է կրում լիզինգի առարկայի պահպանվածության համար, ինչպես նաև լիզինգի առարկայի շահագործման ժամանակ թույլ տրված դրա վնասման, փչացման, հափշտակման, այլ կերպ հեռացման հետ կապված ռիսկերի, այլ գույքային ռիսկերի համար՝ ընդունման մասին ակտի ստորագրման պահից։
Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածներով սահմանված մեթոդները կիրառելի չեն փաստաթղթերով հաստատված անհրաժեշտ տեղեկությունների բացակայության պատճառով։
Լիզինգի ներմուծվող առարկայի մաքսային արժեքը որոշվում է ըստ պահուստային մեթոդի (6-րդ մեթոդ)։
Շարադրված պայմաններին համապատասխան՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի որոշման համար հիմք է լիզինգի պայմանագրի ընդհանուր գինը՝ հաշվի առնելով լիզինգային վճարները (75136 դրամական միավոր)։
Հաշվի առնելով, որ տվյալ ապրանքը մատակարարվում է FCA պայմաններով (Ռուսելարե, Բելգիա), Ռուսելարեից Միության մաքսային տարածք լիզինգի առարկայի մատակարարման ծախսերը, որոնք կրում է լիզինգառուն (1 060 դրամական միավոր), ենթակա են ապրանքի մաքսային արժեքի մեջ ներառման՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան։
Դիտարկվող ապրանքի մաքսային արժեքը կկազմի 76196 դրամական միավոր։
Օրինակ 5. Վարձատուն վարձակալին վարձակալությամբ տրամադրում է սարքավորումներ, որոնք ներառում են անկյունակների արտադրության համար ճկման հաստոց, ուղեկցող ապրանքներ և փոխովի տարրեր (համալրող մասեր)։ Սարքավորումները վարձակալին են տրամադրվում անհատույց հիմունքով։
Վարձակալի կողմից սարքավորումների հետգնման հնարավորություն պայմանագրով նախատեսված չէ։
Վարձակալը մաքսային մարմնին է տրամադրել գնահատման գործունեություն իրականացնելու համար լիազորված կազմակերպության կողմից պատրաստված գնահատման հաշվետվությունը և եզրակացությունը։ Նշված փաստաթղթերի համաձայն՝ ապրանքի արժեքը կազմում է 125 000 դրամական միավոր։
Անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կապակցությամբ մաքսային արժեքի որոշման 1-ից 5-րդ մեթոդները կիրառել հնարավոր չէ։ Մաքսային արժեքը որոշվել է 6-րդ մեթոդի կիրառման միջոցով՝ գնահատման գործունեություն իրականացնելու համար լիազորված կազմակերպության կողմից պատրաստված գնահատման հաշվետվության և եզրակացության մեջ նշված տեղեկությունների հիման վրա։
Օրինակ 6. А ընկերությունը В ընկերությանը վարձակալությամբ տրամադրում է թեթև ատլետիկայի համար նախատեսված՝ օգտագործված սպորտային սարքավորումներ։ Սարքավորումների արժեքը նշված է պայմանագրում և կազմում է 52850 դրամական միավոր՝ FCA պայմաններով (Լայպցիգ, Գերմանիա)։
Վարձակալը կարող է վարձակալած սարքավորումները ենթավարձակալության հանձնել։
Վարձակալության ժամկետը կազմում է 2,5 տարի, վարձավճարը՝ ամսական 600 դրամական միավոր։
Պայմանագրի պայմաններին համապատասխան՝ ապրանքի մատակարարման և ապահովագրման ծախսերը վերապահվել են վարձակալին և կազմել համապատասխանաբար 255 և 125 դրամական միավոր։
Կոնտրագենտների շահագրգռվածության առկայությունից և համագործակցության արդյունքներից կախված՝ կարող է իրականացվել վարձակալվող սարքավորումների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում վարձատուից վարձակալին՝ նշված սարքավորումների հետգնման միջոցով, ընդ որում, ավելի վաղ վճարված վարձակալության վճարների գումարները հաշվանցվում են հետգնման գնի մեջ, որը ձևավորվել է՝ ելնելով ներմուծվող սարքավորումների պայմանագրային գնից։
Անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կապակցությամբ և հաշվի առնելով ապրանքի առանձնահատկությունը (օգտագործված սարքավորումներ)՝ մաքսային արժեքի որոշման 1-ից 5-րդ մեթոդները կիրառել հնարավոր չէ։ Ներմուծվող սպորտային սարքավորումների մաքսային արժեքը որոշվում է 6-րդ մեթոդի կիրառման միջոցով՝ ելնելով ապրանքի պայմանագրային գնից, ավելացնելով հայտարարատուի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա տրանսպորտային և ապահովագրական ծախսերի արժեքը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: