ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Երևան 29 նոյեմբերի 2021 թ. |
ԲԴԽ-84-Ո-Կ-23 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
Գ․ Ջհանգիրյանի, | |
մասնակցությամբ՝ |
Գ. Բեքմեզյանի, | |
Արդարադատության նախարարի տեղակալ |
Ե. Թումանյանցի, | |
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Գ. Հարությունյանի, | |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
Զ. Նախշքարյանի, | |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչներ |
Ռ. Մելիքյանի, | |
քարտուղարությամբ՝ |
Ա. Շիլաջյանի, |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի սեպտեմբերի 17-ի N69-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել §ՄՏՍ-Հայաստան¦ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ կամ Հայցվոր) ներկայացուցիչ Սամվել Ջաբաղյանի կողմից 04.05.2021 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Զարուհի Նախշքարյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը:
Նախարարի 23․07․2021 թվականի N58-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Նախարարի 17․09․2021 թվականի N69-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Նախարարը ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ Դատավորն ընդդատության կանոնների խախտման հիմքով վերադարձրել է հայցադիմումը՝ նշելով, որ այն պետք է ներկայացվեր պատասխանող Խորեն Նասիբյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող) բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, այն դեպքում, երբ հայցի հարուցման փուլում հայցվորի կողմից պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման հասցե չունենալու դեպքում՝ բնակվելու վերջին հայտնի վայրի հասցեն նշելու պարտականությունը չի ենթադրում հայցադիմումը ներկայացնելիս ընդդատությունը հիմնավորելու պարտականություն:
Նախարարը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 125-րդ հոդվածի 1-ին մասի, 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/3828/02/15 քաղաքացիական գործով 22.07.2016 թվականի որոշմամբ արտահայտած դիրքորոշման համադրված վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ հայցվորի կողմից պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման հասցե չունենալու դեպքում՝ բնակվելու վերջին հայտնի վայրի հասցեն հայցադիմումի մեջ նշելն ինքնին հանդիսանում է Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ հայցվորի կողմից պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրը նշելու պարտականության պատշաճ կատարում, և հայցվորի կողմից նշված հասցեն հայցադիմումի մեջ նշված հասցեի հավաստիության կանխավարկածի ուժով համարվում է հավաստի, հետևաբար հայցադիմումի ընդունելիության փուլում հայցվորի այս պարտականության կատարման առնչությամբ ընդդատության կանոնների խախտման հիմքով դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելը չի բխում Օրենսգրքի պահանջներից և սահմանափակում է անձի՝ դատարան դիմելու մատչելիության իրավունքը:
Քննարկվող դեպքում առկա փաստական հանգամանքների համաձայն՝ Հայցվորը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքի հիման վրա պարզել է, որ Պատասխանողը չունի հաշվառման վայր, որպիսի պարագայում Հայցվորի կողմից որպես Պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրն է համարվել վերջինիս մշտական բնակության և միաժամանակ համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի գտնվելու վայրը (ք. Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց փող. 36/8 շենք, բն. 37 հասցեն), ինչը հիմք ընդունելով՝ հայցադիմումը ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև Պատասխանողի կողմից ներկայացված դիրքորոշման ուսումնասիրության արդյունքում ընդդատության կանոնների խախտման հիմքով վերադարձրել է ներկայացված հայցադիմումը՝ նշելով, որ հայցը պետք է ներկայացվեր Պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի, այն է՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մինչդեռ, հայցադիմումի մեջ Պատասխանողի՝ Հայցվորին հայտնի վերջին բնակության վայրի հասցեն հստակ նշված լինելու պայմաններում ներկայացված հայցադիմումի ընդդատության հարցը հայցադիմումի ընդունելիության փուլում պետք է գնահատվեր միայն հայցադիմումի մեջ որպես պատասխանողի հասցե նշված տվյալի հաշվառմամբ` առանց այդ փաստի հավաստիությունը պարզելու:
Վերոգրյալի առնչությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ նույնիսկ Պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեն վիճելի լինելու պարագայում Դատարանը, ելնելով Հայցվորի արդար դատաքննության իրավունքի տարր համարվող հայց հարուցելու իրավունքի իրականացումը երաշխավորելու անհրաժեշտությունից, հայցադիմումը կարող էր ընդունել վարույթ՝ հաջորդիվ քննության առարկա դարձնելով ընդդատության հարցը:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.07.2020 թվականի որոշմամբ, վերացնելով Դատավորի կողմից կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը, արձանագրել է հետևյալը. «(…) առաջին ատյանի դատարանը հայցադիմումը նման հիմնավորմամբ վերադարձնելիս հայցվորին ծանրաբեռնել է ավելորդ ձևական պահանջներով, ինչն անհամատեղելի է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի հետ (…):»:
Այսպիսով, քննարկվող դեպքում Դատարանը, Հայցվորի կողմից Պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն նշելու պարտականությունը կատարած լինելու և հայցադիմումը ներկայացնելիս ընդդատությունը հիմնավորելու պարտականություն չկրելու պայմաններում ընդդատության կանոնների խախտման հիմքով հայցադիմումը վերադարձնելով և դրա արդյունքում Հայցվորին ավելորդ ձևական պահանջներով ծանրաբեռնելով, չի ապահովել վերջինիս՝ հայց հարուցելու իրավունքի իրականացումը, որի արդյունքում սահմանափակվել է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը: Արդյունքում, խախտվել են Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 125-րդ հոդվածի 1-ին մասի, 127-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Տվյալ դեպքում արձանագրված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման: Մասնավորապես Հայցվորի կողմից Պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն նշելու պարտականությունը կատարած լինելու և հայցադիմումը ներկայացնելիս ընդդատությունը հիմնավորելու պարտականություն չկրելու պայմաններում Դատարանի կողմից հայցադիմումն ընդդատության կանոնների խախտման հիմքով վերադարձնելը և դրա արդյունքում Հայցվորի՝ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելը վարկաբեկում են դատական իշխանությունը: Դատավորի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատարանի անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, կողմնակալության տպավորություն ստեղծում ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ:
Միաժամանակ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ, այսինքն՝ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:
Այսպիսով՝ Դատավորը, Հայցվորի կողմից Պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն նշելու պարտականության կատարման և հայցադիմումը ներկայացնելիս ընդդատությունը հիմնավորելու պարտականություն չկրելու պայմաններում ընդդատության կանոնների խախտման հիմքով հայցադիմումը վերադարձնելով, խախտել է Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջները, ինչն իր հերթին հանգեցրել է նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ կողմնակալության տպավորություն ստեղծելուց զերծ մնալու վերաբերյալ վարքագծի կանոնների խախտման։
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է, որ դատավորին նյութական կամ դատավարական իրավունքի ենթադրյալ խախտում թույլ տալու համար կարգապահական պատասխանատվությունը լուրջ միջամտություն է դատավորի և առհասարակ դատական իշխանության անկախության սահմանադրական արժեքի նկատմամբ։ Ամենևին պատահական չէ, որ Օրենքի 142-րդ հոդվածի 9-րդ մասն ուղիղ արգելում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս՝ ինքնին նրա կատարած օրենքի մեկնաբանության, փաստերի և ապացույցների գնահատման համար։ Այսինքն, դատավորը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության կայացված դատական ակտի համար, եթե նա բարեխղճորեն և պատշաճորեն փաստարկել է իր որոշումը փաստերի ողջամիտ գնահատման և օրենքի ողջամիտ մեկնաբանման հիման վրա։ Այլ կերպ՝ կարգապահական պատասխանատվությունը բացառող հանգամանք է դատավորի ընտրած փաստերի գնահատման և օրենքի մեկնաբանման տարբերակի «գոյության իրավունքը» և դատական պրակտիկայում բացարձակ մերժելի չլինելը, այլ ոչ թե արդարադատության նախարարության, վերաքննիչ դատարանի կամ որևէ այլ մարմնի կողմից ճիշտ համարվող իրավաբանությանը չհարելը։
Հակառակ մոտեցման պայմաններում որոշման համար դատավորի նկատմամբ կւսրգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, հատկապես արդարադատության նախարարության մասով, կդառնա դատավորի անկախության իրավական արժեքի նկատմամբ լուրջ միջամտություն՝ վտանգելով արդար դատաքննության մարդու հիմնարար իրավունքը։
Դատավորը նշել է, որ տվյալ դեպքում մանրամասն հիմնավորել է 21.05.2020 թվականի իր որոշումը՝ փաստացի իրականացնելով մի կողմից Հայցվորի և մյուս կողմից Պատասխանողի իրավաչափ շահերի հավասարակշռում` մանրամասն շարադրելով այն էական փաստերը և իրավական փաստարկները, որոնց հիման վրա կայացվել է հենց այդ և ոչ թե այլ որոշում։ Ավելին, նույն գործով Դատարանը (նախագահող դատավոր Ա. Գաբրիելյան) 06.05.2021 թվականի որոշմամբ գործն ուղարկել է ըստ ընդդատության ըստ էության նույն հիմնավորումներով, ինչ ինքն իր 21.05.2020 թվականի որոշմամբ։
Նախարարը միջնորդության մեջ ներկայացրել է Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/3828/02/15 քաղաքացիական գործով 22.07.2016 թվականի որոշմամբ տրված իրավական գնահատականները որպես 21.05.2020 թվականի որոշման հիմքում դրված իրավաբանությունը բացառող։ Մինչդեռ այդ քաղաքացիական գործի և խնդրո առարկա քաղաքացիական գործի փաստերի համադրումը ցույց է տալիս, որ դրանք ունեն էական տարբերություն։ Ավելին, թիվ ԵԱՆԴ/3828/02/15 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի առջև դրված է եղել բոլորովին այլ իրավական հարց։ Այսպես, թիվ ԵԱՆԴ/3828/02/15 գործով հայցադիմումին կից ներկայացվել է «փոխադարձ հաշվարկների թիվ 227 ակտը», որում ամրագրված է եղել պատասխանողի հասցեն, և հայցը հարուցված է եղել ըստ այդ հասցեի, իսկ խնդրո առարկա թիվ ԵԴ/13299/02/20 գործով հայցադիմումին կից ներկայացվել է «պարտավորագիր», որում նույնպես ամրագրված է եղել պատասխանողի հասցեն, սակայն հայցը հարուցվել է բոլորովին այլ հասցեով։
Երկրորդ՝ 21.05.2020 թվականի որոշման կայացումից առաջ Դատարանը ստացել է պատասխանողի գրությունն առ այն, որ մշտական բնակության հասցեն ք. Երևանը չէ, այլ ք. Վանաձորը։ Նման փաստ թիվ ԵԱՆԴ/3828/02/15 գործով առկա չէ։
Երրորդ՝ թիվ ԵԱՆԴ/3828/02/15 գործով Վճռաբեկ դատարանը նշել է. «... տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ հայցվորի կողմից հայցադիմումը ներկայացնելիս պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրը նշելու օրենսդրորեն սահմանված պահանջը պահպանելու և դրա վերաբերյալ թույլատրելի ապացույց ներկայացնելու հարցի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար»։ Այս պարագայում խնդիրը վերաբերել է բոլորովին այլ հարցի՝ արդյո±ք հայցվորը պարտավոր է պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ ներկայացնել թույլատրելի ապացույցներ, թե± ոչ։ Մինչդեռ թիվ ԵԴ/13299/02/20 գործով իրավական խնդիրը բոլորովին այլ է. երբ արդեն իսկ ներկայացված նյութերից պարզ է, որ պատասխանողի մշտական բնակության վայրն այլ է, արդյո±ք դատարանն իրավասու է հենց այդ փուլում վերադարձնել հայցը, որպեսզի հայցվորն այն ի սկզբանե ներկայացնի ըստ ընդդատության, թե± ոչ։
Այսպիսով, միջնորդության մեջ նշված նախադեպը սույն գործով կիրառելի չէ։ Դատավորը նշել է, որ այդ նախադեպային որոշմամբ սահմանված «պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի վերաբերյալ հայցադիմումում նշված հասցեի հավաստիության կանխավարկածը» որպես հիմք ընդունելու դեպքում ևս իր կողմից ընդունված 21.05.2020 թվականի որոշմամբ չի անտեսել այդ կանխավարկածը, այլ հաղթահարել է այն՝ հիմնվելով իր տրամադրության ներքո գտնվող փաստերի վրա և պատշաճորեն ու մանրամասն փաստարկելով իր իրավական դիրքորոշումը։
Միջնորդության քննարկման ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, որպես իրավական փաստարկ, վկայակոչել է նաև 04.11.2019 թվականի թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-15 որոշումը՝ դատավոր Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, պնդելով, որ դրանում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են սույն գործի փաստերի նկատմամբ։ Այս դեպքում էական հանգամանքներով այդ գործը ևս տարբերվում է սույն գործից։
Այսպես, վկայակոչված գործով հայցադիմումը վերադարձվել է այն պայմաններում, երբ դրանում նշված է եղել պատասխանողի հաշվառման հասցեն, և այդ հասցեն գտնվել է հայցադիմումը վերադարձրած դատարանի դատական տարածքում, իսկ տվյալ գործով Պատասխանողը հաշվառում չի ունեցել։ Երկրորդ՝ սույն գործով որոշման կայացումից առաջ Դատարանը ստացել է Պատասխանողի գրությունն առ այն, որ մշտական բնակության հասցեն ք. Երևանը չէ, այլ ք. Վանաձորը, իսկ նման փաստ վկայակոչված գործով առկա չէ։ Երրորդ՝ վկայակոչված գործով դատավորի կարծիքով ճիշտ ընդդատության դատարանը Երևանի դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ պնդելով, որ հայցն իրեն ընդդատյա չէ, իսկ սույն գործով, հակառակը, Լոռու մարզի դատարանը ստանձնել է հայցի քննությունը։ Այսպիսով, 04.11.2019 թվականի թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-15 վկայակոչված որոշումը, որպես նախադեպ, սույն գործով կիրառելի չէ։
Դատավորը նշել է, որ 21.05.2020 թվականի որոշմամբ արտահայտված փաստերի գնահատականն ու օրենքի մեկնաբանությունն առնվազն «գոյության իրավունք ունեցող» է։ Համապատասխանաբար թույլ չի տրվել Օրենքի 142-րդ հոդվածի ներքո իրեն վերագրվող դատավարական իրավունքի խախտումը։
Միաժամանակ Դատավորը հայտնել է, որ չի խախտել Օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածներով սահմանված վարքագծի կանոնները, իսկ Արդարադատության նախարարության հակառակ պնդումներն ինքնուրույն փաստական հիմնավորումներից զուրկ են և բացառապես հիմնվում են իր կողմից իբրև թե թույլ տրված դատավարական իրավունքի խախտման վրա։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1) «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն 07.05.2020 թվականին գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Խորեն Նասիբյանի (թիվ ԵԴ/13299/02/20 քաղաքացիական գործ): Հայցադիմումի մեջ, մասնավորապես, նշվել է հետևյալը.
Պատասխանողի կողմից 27.08.2018 թվականին ստորագրված պարտավորագրում (որով պարտավորվել է մարել Հայցվորի հանդեպ ունեցած պարտքը) որպես Պատասխանողի հասցե նշված ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ֆիդայինների փող., 39 հասցեն չի հանդիսանում ո՛չ Պատասխանողի հաշվառման վայրը, ո՛չ էլ նրա բնակության վերջին հայտնի վայրը:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված և հայցադիմումին կցված տեղեկանքի համաձայն՝ պարզվել է, որ Պատասխանողը չունի հաշվառման վայր:
Հայցվորի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվելու ողջ ժամանակահատվածում՝ 09.04.2008 թվականից մինչև 30.04.2018 թվականները, Պատասխանողի աշխատանքի վայրը եղել է Երևանում (Արգիշտի 4/1 հասցե), և նա մշտապես բնակվել է Երևանում, այլ ոչ թե Վանաձորում:
Հայցվորին հայտնի՝ Պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրն է ք. Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց փող. 36/8 շենք, բն. 37 հասցեն: Ընդ որում, նշված հասցեում գտնվող անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Պատասխանողին (այսինքն, նշված հասցեն հանդիսանում է նաև Պատասխանողին պատկանող գույքի գտնվելու վայր):
Վերոնշյալ փաստերի հաշվառմամբ Հայցվորին հայտնի՝ Պատասխանողի բնակության վերջին վայրն է համարվել վերջինիս մշտական բնակության և միաժամանակ համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի գտնվելու վայրը՝ ք. Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց փող. 36/8 շենք, բն. 37 հասցեն, որը հիմք ընդունելով՝ հայցադիմումը ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2) Պատասխանողը 11.05.2020 թվականին Դատարան է ներկայացրել գրություն՝ հայտնելով, որ «datalex.am» դատական տեղեկատվական կայքից տեղեկացել է Հայցվորի կողմից հայցադիմում ներկայացնելու մասին և նշել, որ իր վերջին հայտնի բնակության հասցեն է հանդիսանում ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ֆիդայինների փող., 39 տուն հասցեն: Պատասխանողը նաև նշել է, որ ներկա պահին առավելապես գտնվում է Վանաձորում՝ վերջին գրանցման վայրի տարածքում, ուստի քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավանորմերով սահմանված ընդդատության կանոնների պահպանմամբ հայցը պետք է ներկայացվի ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
3) Դատավորը, «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 21.05.2020 թվականի որոշմամբ արձանագրելով ընդդատության կանոնների խախտում և նշելով, որ հայցը պետք է ներկայացվեր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, վերադարձրել է հայցադիմումը հետևյալ պատճառաբանությամբ. «Հայցադիմումին կից ներկայացված պայմանագրում պատասխանողի մշտական բնակության հասցե նշվել է՝ ք. Վանաձոր, Մ. Գոշ 39, ինչպես նաև հասցեն նշված է ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ֆիդայինների փող. 39 տուն հասցեն: Միաժամանակ հայցվորը ներկայացրել է ՀՀ Ոստիկանության բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանք, որի համաձայն Խորեն Գագիկի Նասիբյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի 39-2 տուն հասցեի հաշվառումից հանվել է 31.01.2018 թվականին:
Ինչ վերաբերվում է հայցում նշված հասցեին, ապա այդ հասցեով բնակարանի նկատմամբ (…) 23.01.2013 թվականին գրանցվել է պատասխանողի սեփականության իրավունքը, որն ամենևին չի կարող դատարանի կողմից ընկալվել որպես պատասխանողի հայտնի բնակության վայրի հասցե:
(…) Համադրելով հայցվորի և պատասխանողի դիրքորոշումները, քննարկելով սույն գործի ընդդատության հարցը՝ գտնում եմ, որ սույն պարագայում հայցվորը, չպահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի դրույթները, ներկայացրել է հայցադիմում, որտեղ պատասխանողի հասցեն նշվել է վերջինիս պատկանող գույքի հաշվառման վայրի հասցեն, ինչը նշանակում է, որ հայցը ներկայացվել է ընդդատության կանոնների խախտմամբ:
Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ սույն հայցը պետք է ներկայացվեր պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի դատարան, որը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն է, ուստի հայցադիմումը ենթակա է վերադարձման հայցվորին՝ ընդդատության կանոնների չպահպանման հիմքով:»:
4) Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.07.2020 թվականի որոշմամբ վերացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 21.05.2020 թվականի որոշումը՝ արձանագրելով, որ հայցի հարուցման փուլում հայցվորը կրում է միայն պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն հայցադիմումում նշելու պարտականություն, ուստի վերջինիս ավելորդ ձևական պահանջներով ծանրաբեռնելն անհամատեղելի է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի հետ:
5) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Գաբրիելյան) 14.12.2020 թվականի որոշմամբ «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի 07.05.2020 թվականի հայցադիմումն ընդունել է վարույթ, այնուհետև 03.02.2021 թվականի որոշմամբ նշանակել նախնական դատական նիստ՝ 09.03.2021 թվականին:
6) Պատասխանողը, 01.02.2021 թվականին ներկայացրած հայցադիմումի պատասխանով և 20.04.2021 թվականի առարկությամբ հայտնելով, որ Հայցվորի կողմից հայցադիմումում նշված հասցեն չի հանդիսանում ոչ հաշվառման վայրի, ոչ էլ վերջին բնակության վայրի հասցե (հայցադիմումի ներկայացման պահին Պատասխանողը հաշվառման հասցե չի ունեցել, բնակության վերջին հայտնի վայրի հասցեն եղել է ք. Վանաձոր, Ֆիդայինների 39-2 հասցեն, իսկ 24.06.2020 թվականից հաշվառման վայրն է հանդիսանում ք. Վանաձոր, Վարդանանց 7-1 հասցեն), միջնորդել է գործն ուղարկել ըստ ընդդատության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
7) Դատարանը (դատավոր՝ Ա. Գաբրիելյան), գործի նյութերի ուսումնասիրության և գործին մասնակցող անձանց դիրքորոշումների հիման վրա արձանագրելով, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ, «Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին» 06.05.2021 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/13299/02/20 գործը հանձնել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
8) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Մկրտչյան) «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» 16.07.2021 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/13299/02/20 գործն ընդունել է վարույթ:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցչի բացատրությունները, Դատավորի և նրա ներկայացուցիչների պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
1. արդյո՞ք թիվ ԵԴ/13299/02/20 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է դատավարական իրավունքի նորմ (նորմեր),
2. արդյո՞ք թիվ ԵԴ/13299/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը կատարվել է Օրենքի իմաստով դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը, Օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, կարող է համարվել կարգապահական խախտում:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
Հաշվի առնելով դատավորի անկախության վերաբերյալ սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ առերևույթ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պարունակող արարքը կարող է գնահատվել որպես նվազ կարևորություն ունեցող, եթե այն կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
Նման իրավական դիրքորոշում է հայտնել Բարձրագույն դատական խորհուրդն իր 05.04.2021 և 08.04.2021 թվականներին կայացված համապատասխանաբար թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 և ԲԴԽ-13-Ո-Կ-03 որոշումներով:
Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը փաստում, որ արարքը նվազ կարևոր գնահատելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ հարցի հիմքում դրվեն արարքը բնութագրող գործոնները՝ արարքի նպատակն ու շարժառիթը, ինչպես նաև այն հետևանքը, որը վրա է հասել դատավորի կողմից այդ արարքը կատարելով:
Վերը ներկայացված իրավական վերլուծության արդյունքում անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումներին՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։
Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-719 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(…) հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մաս)»:
Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է նախևառաջ խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման պահանջով դատարան դիմելու անձի իրավունքը, իսկ մյուս կողմից դատարանի պարտականությունը քննելու գործը և կայացնելու օրինական ու հիմնավորված որոշում: Խախտված իրավունքների պաշտպանության պահանջով յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի դիմելու դատարան, ընդ որում քաղաքացիական շրջանառության մասնակիցները առաջին ատյանի դատարան են դիմում հայցադիմում (դիմում) ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ նույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են` գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ առաջին ատյանի դատարանին կամ ենթակա է քննության սնանկության դատարանում:
Այսինքն, քաղաքացիական գործով հայցի հարուցման համար անհրաժեշտ է, որ հայցադիմումը ներկայացված լինի օրենքով սահմանված պահանջներին համապատասխան և ի թիվս այլնի ներկայացման պարտադիր պայմաններից մեկն էլ հանդիսանում է հայցադիմումն ըստ ընդդատության ներկայացնելը: Ուստի դատավորը, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում կարող է կայացնել միայն այն դեպքում, եթե հայցադիմում ընդունելիս ստուգում և պարզում է, որ հայցվորը հայց հարուցելու իրավունք ունի, այսինքն՝ երբ առկա են հայց հարուցելու իրավունքի նախադրյալները, և հայցվորը պահպանել է այն հարուցելու (դատարան դիմելու) օրենքով սահմանված կարգը, այլ կերպ ասած պահպանվել են հայցադիմումի գրավոր ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Հակառակ դեպքում՝ այդ պահանջների չպահպանումը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 21-րդ կամ 22-րդ հոդվածով սահմանված ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործը հանձնվում է այլ դատարանի քննությանը, եթե պատասխանողը մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելն առարկում է գործը տվյալ դատարանում քննելու վերաբերյալ:
Վերոնշյալ հոդվածների տրամաբանությունից բխում է, որ հայցադիմումին ներկայացվող՝ օրենքով սահմանված դատավարական պահանջներից է գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև՝ պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի հասցեն նշելը: Նման պահանջ սահմանելն ինքնանպատակ չէ և նպատակաուղղված է այն հարցի պարզաբանմանը, թե ներկայացված հայցադիմումն ընդդատյա է արդյո՞ք այն դատարանին, որին ներկայացվել է, թե ոչ:
Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը հստակ սահմանում է, որ հայցադիմումում նշվում են գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն: Հետևաբար գործող օրենսդրությամբ հայցվորի վրա դրված է միայն հայցադիմումում պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրը նշելու պարտականություն: Նման պայմաններում հայցադիմումի ընդունելիության փուլում ընդդատության հարցը պարզելիս գործում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի վերաբերյալ հայցադիմումում նշված հասցեի հավաստիության կանխավարկածը, որը կարող է ստուգվել գործի քննության հետագա փուլերում՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ օրենսդիրը դատարանին վերապահել է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու լիազորություն:
Սույն վարույթի նյութերի համաձայն՝ «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն 07.05.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Խորեն Նասիբյանի՝ գումարի բռնագանձման պահանջով, որտեղ ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Պատասխանողի բնակության վայրի հասցե նշվել է «ՀՀ, ք.Երևան, Արաբկիր համայնք, Մամիկոնյանց փող., 36/8 շենք, բն.37»՝ միաժամանակ հիմնավորելով հայցը տվյալ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը:
Թիվ ԵԴ/13299/02/20 հերթական համարով քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր Զ.Նախշքարյանին:
Դատավորը, 21.05.2020 թվականին կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում այն պատճառաբանությամբ, որ Հայցվորը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի դրույթները, այն է՝ ներկայացված հայցադիմումում պատասխանողի հասցեն նշվել է վերջինիս պատկանող գույքի հաշվառման վայրի հասցեն, ինչը, ըստ Դատարանի, նշանակում է, որ հայցը ներկայացվել է ընդդատության կանոնների խախտմամբ՝ միաժամանակ որոշմամբ արձանագրելով, որ հայցը պետք է ներկայացվեր Պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի՝ դատարան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Դատարանի վերը նշված որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով և Վերաքննիչ դատարանի 09.07.2020 թվականի որոշմամբ վերացվել՝ արձանագրելով, որ հայցի հարուցման փուլում հայցվորը կրում է միայն պատասխանողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն հայցադիմումում նշելու պարտականություն, ուստի վերջինիս ավելորդ ձևական պահանջներով ծանրաբեռնելն անհամատեղելի է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի հետ:
Վերը նշված փաստերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը, հայցադիմումը վերադարձնելով, խոչընդոտել է Հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրացմանն այնքանով, որ հայցադիմումի ընդունելիության հարցի լուծման փուլում, հիմք ընդունելով հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթում և Պատասխանողի կողմից Դատարանին ուղղված գրության մեջ նշված հասցեն, վերադարձրել է այն՝ ընդդատության կանոնները պահպանված չլինելու պատճառաբանությամբ, մինչդեռ հայցադիմումում նշված Պատասխանողի բնակության վայրի հասցեն ընդդատյա է եղել Դատարանին, իսկ Դատարանը հայցադիմումի ընդունման փուլում իրականացրել է ապացույցի գնահատում, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից չի բխում և իրավաչափ համարվել չի կարող:
Վերը նշվածի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի գործողություններում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում: Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ըստ գործի նյութերի՝ Դատավորի կողմից կայացված դատական ակտը Վերաքննիչ դատարանի կողմից վերացվելուց հետո այն ընդունվել է մեկ այլ դատավորի վարույթ, որն արձանագրելով հայցադիմումն ընդդատության կանոնների խախտմամբ ընդունված լինելու փաստը, «Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին» 06.05.2021 թվականի որոշմամբ համապատասխան գործը հանձնել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/13299/02/20 գործն ընդունել է վարույթ:
Ըստ էության, Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտումը վերաբերել է դատավարական համապատասխան փուլին, մինչդեռ, ըստ էության, քաղաքացիական գործն ընդդատյա չի եղել Դատարանին, ինչը վերականգնվել է հետագայում, հաստատելով խախտման նվազ կարևորությունը:
Այսինքն, Դատավորի կողմից թույլ տրված խախտումը թեև ձևականորեն պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը նպատակահարմար է գտնում Դատավորի արարքը գնահատել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում:
Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով Զարուհի Նախշքարյանի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ | |
Անդամներ`
|
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | ||
Մ. ՄԱԿՅԱՆ | ||
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մխիթարյան | ||
Ս. ՉԻՉՈՅԱՆ | ||
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2021 թվական: