ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1165-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1612-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմ- բերի 14-ի «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1612-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից և տեքստից, որոշման հավելվածի վերնագրից, 3-րդ կետից և N 1 ձևի վերնագրից ու տեքստից հանել «պետական» բառը.
2) որոշման հավելվածի 27-րդ կետի 1-ին ենթակետից հանել «նախագծի կազմման,» բառերը.
3) որոշման հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«գ․ անշարժ գույքի սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը: Անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության (համատեղ սեփականության կամ բաժնային սեփականության) դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար․».
4) որոշման հավելվածի 28-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7) փաստաթղթերը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծրագրին մասնակցելու և աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր՝ մասնակցի և Նախարարության միջև, որում պարտադիր ամրագրվում են դրույթներ՝ պայմանագիրը կնքելու պահից ջերմատունն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու՝ սույն կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն ներկայացված նախագծով նախատեսված աշխատանքներն ավարտելու (նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Նախարարության համաձայնությամբ ջերմատան շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով, իսկ ջերմատունը սահմանված ժամկետում շահագործման չհանձնելու և սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված ջերմատան կառուցման ավարտի վերաբերյալ դիմումը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում, սույն կետի 10-14-րդ ենթակետերով սահմանված ընթացակարգով ծախսերի փոխհատուցում կարող է իրականացվել մինչև սույն հավելվածի 33-րդ կետում նշված ծրագրի տևողության ավարտը՝ սույն որոշման գործող կարգավիճակի պայմաններում), պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու և առնվազն հինգ տարի նպատակային՝ որպես սննդամթերքի կամ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող մշակաբույսերի կամ ծաղկի արտադրություն կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև հինգ տարի Նախարարություն հաշվետվություն ներկայացնելու և պայմանագրի դրույթները խախտելու դեպքում ծրագրի շրջանակներում տրամադրված փոխհատուցման գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |