Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7060/02/18

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7060/02/18

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան  

Դատավորներ՝

Ա. Մկրտչյան

 

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. հակոբյան

 

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

   

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Վալտեր Մարությանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալեքս Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանի ընդդեմ Անահիտ Մնացականյանի` ընդհանուր գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալեքս Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանը պահանջել է Ալեքս Գասպարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերից բնեղենով առանձնացնել վերջինիս բաժնեմասը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 07.11.2018 թվականի վճռով հաստատվել է Ալեքս Գասպարյանի (ում անունից որպես օրինական ներկայացուցիչ հանդես է եկել Վարդուհի Մկրտչյանը) և Անահիտ Մնացականյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.03.2019 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Վալտեր Մարությանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 07.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Վալտեր Մարությանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անահիտ Մնացականյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությունը խախտել է բողոքաբերի իրավունքները, այդ թվում՝ համապատասխան պարտապանից բավարարում ստանալու իրավունքը: Մասնավորապես, ըստ Դատարանի վճռի՝ կողմերը հաստատել են, որ ցանկացած տեսակի պահանջ, որը ներկայացվել կամ կարող է ներկայացվել երրորդ անձանց կողմից Ալեքս Գասպարյանի դեմ, որպես Մելիք Գասպարյանի իրավահաջորդի, նշված պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները կրում է Անահիտ Մնացականյանը՝ իր միանձնյա սեփական գույքի հաշվին:

Հաշտության համաձայնությունը հաստատելիս Դատարանի համար առկա են եղել առավել քան բավարար հիմքեր տեղեկանալու, որ պարտատերերի պահանջի իրավունքը պարտապանը փորձ է անում փոխանցել այլ անձի՝ առանց պարտատերերի համաձայնության: Տվյալ դեպքում առանց բողոքաբերի համաձայնության վերջինիս նկատմամբ պարտքը փոխանցվել է այլ՝ երրորդ անձի, որն անթույլատրելի է, հանդիսանում է էական և կոպիտ խախտում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով բողոքաբերը չի տեղեկացել դատական նիստերի և առհասարակ դատաքննության մասին, մասնակից չի դարձել և չի իրացրել մրցակցային դատավարության ընթացքում իր իրավունքները, ինչպես նաև կայացված դատական ակտով խաթարվել է արդարադատության բուն էությունը, կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը բացառող և դրան հակասող վճիռ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.03.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վալտեր Մարությանի նկատմամբ Անահիտ Մնացականյանի և Ալեքս Գասպարյանի՝ օրինական ուժ ստացած դատական ակտով կատարման ենթակա դրամավճարային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են և նշված վճռի հիմքով այլևս պարտավորություններ չկան, իսկ վճռաբեկ բողոքում բերված փաստարկն առ այն, որ պարտավորությունը մարված չէ, անհիմն է:

Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությունը վերաբերում է Անահիտ Մնացականյանի և Ալեքս Գասպարյանի՝ որպես Մելիք Գասպարյանի ժառանգների՝ բացառապես միմյանց միջև իրավահարաբերությունների կարգավորմանը և չի վերաբերում պարտքը միմյանց փոխանցելուն:

Ավելին, սույն գործով հայցվորի և պատասխանողի դրամավճարային պարտավորությունը Վալտեր Մարությանի հանդեպ ամբողջությամբ կատարվել է, հետևաբար` բողոքարկվող դատական ակտը բողոքաբերի իրավունքներին և օրինական շահերին որևէ կերպ չի առնչվում, իսկ ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է:

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման արդյունքում, և բողոքաբերը շահագրգիռ անձ չի հանդիսանում նշված դատական ակտը բողոքարկելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոքի պատասխան բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի 15.03.2019 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը մերժել ամբողջությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Թիվ ԵԿԴ/0815/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է. Ավետիսյան) 21.12.2016 թվականի վճռով՝ Վալտեր Մարությանի հայցն ընդդեմ Անահիտ Մնացականյանի, Ալեքս Գասպարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք՝ Աննա Առաքելյանի (Մարությանի), Լեյլա Գեորկյան-Բաբայանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Վճռվել է՝ պատասխանողներ Անահիտ Մնացականյանից և Ալեքս Գասպարյանից բռնագանձել 145.948.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 38-57)

2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Մարգարյանի «Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելու մասին» 08.02.2019 թվականի որոշման համաձայն՝ 01.12.2017 թվականին տրված թիվ ԵԿԴ/0815/02/14 կատարողական թերթերի համաձայն՝ Անահիտ Մնացականյանից և Ալեքս Գասպարյանից հօգուտ Վալտեր Մարությանի պետք է բռնագանձել 145.948.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված 400.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարը: Նույն որոշմամբ որոշվել է՝ չկայացած համարել 04.02.2019 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդը (հատոր 3-րդ, գ.թ. 104)

3) Դատարանի 07.11.2018 թվականի վճռով հաստատվել է Ալեքս Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանի և Անահիտ Մնացականյանի միջև (այսուհետ՝ Կողմեր) կնքված հաշտության համաձայնությունը, որի 1-ին կետի համաձայն՝ Կողմերը համաձայնվել են Կողմերի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերը բաժնային սեփականության մասնակից հանդիսացող Կողմերի միջև բաժանել 90/10 համամասնությամբ։

Հաշտության համաձայնության 3-րդ կետի համաձայն՝ նույն համաձայնության 1-ին կետում նշված անշարժ գույքերի առնչությամբ Կողմերի իրավանախորդ՝ կառուցապատող Մելիք Գասպարյանի հետ պայմանագրային հարաբերություն ունեցած երրորդ անձանց (գերակա հանրային շահ ճանաչված տարածքի իրացվողներ, նախնական գնորդներ, կապալառուներ, մատակարարներ կամ այլ սուբյեկտներ) հավակնություններից ու պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները (վճարումների վերադարձման, տարածքի տրամադրման իրավաչափ պարտավորության կատարման, տուժանքի վճարման, վնասի հատուցման, հարկային պարտավորությունների կամ որևէ այլ տեսակի վճարների կատարման պարտականությունը) կրում է պատասխանող Անահիտ Մնացականյանն իր միանձնյա սեփական գույքի հաշվին:

Հաշտության համաձայնության 4-րդ կետը շարադրվել է հետևյալ կերպ. «սույն հաշտության համաձայնության հիման վրա Կողմերը հաստատում են, ցանկացած տեսակի պահանջ, որը ներկայացվել կամ կարող է ներկայացվել երրորդ անձանց կողմից Ալեքս Գասպարյանի դեմ, որպես Մելիք Գասպարյանի իրավահաջորդի, նշված պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները կրում է Անահիտ Մնացականյանն իր միանձնյա սեփական գույքի հաշվին» (հատոր 2-րդ, գ.թ. 55-59)

3) Վալտեր Մարությանի ներկայացուցչի կողմից 20.12.2018 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է, ի թիվս այլնի, հետևյալ հիմքի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությունը խախտել է Վալտեր Մարությանի իրավունքները, այդ թվում՝ Ալեքս Գասպարյանից բավարարում ստանալու իրավունքը: Մասնավորապես, ըստ Դատարանի վճռի՝ կողմերը հաստատել են, որ ցանկացած տեսակի պահանջ, որը ներկայացվել կամ կարող է ներկայացվել երրորդ անձանց կողմից Ալեքս Գասպարյանի դեմ, որպես Մելիք Գասպարյանի իրավահաջորդի, նշված պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները կրում է Անահիտ Մնացականյանն իր միանձնյա սեփական գույքի հաշվին:

Տվյալ դեպքում առանց բողոքաբերի համաձայնության վերջինիս նկատմամբ պարտքը փոխանցվել է այլ երրորդ անձի, որն անթույլատրելի է, հանդիսանում է էական և կոպիտ խախտում (հատոր 3-րդ, գ.թ. 34-36)։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք դատարանը կարող է հաստատել կողմերի գույքային իրավունքների փոփոխություններ նախատեսող հաշտության համաձայնությունը՝ առանց հաշտության համաձայնության կողմի նկատմամբ պահանջի իրավունք ունեցող պարտատիրոջը գործին մասնակից դարձնելու:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով հաշտության համաձայնությունը Դատարանի կողմից հաստատվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) վերաբերելի իրավակարգավորումների կիրառմամբ, հարկ է համարում բողոքում բարձրացված հարցադրմանն անդրադառնալ նշված կարգավորումների համատեքստում:

Այսպես՝ Նախկին օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝

1. Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

Վերլուծելով վերոգրյալ իրավանորմը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախկին օրենսգրքի գործողության ժամանակահատվածում կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող էին կնքել գրավոր ձևակերպված հաշտության համաձայնություն: Օրենսդիրն իմպերատիվ կերպով ամրագրել էր դատարանի պարտականությունն առ այն, որ ներկայացված հաշտության համաձայնությունը կարող էր հաստատվել միայն կողմերին՝ դրա դատավարական հետևանքները պարզաբանելուց հետո: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը լիազորված էր չհաստատելու ներկայացված հաշտության համաձայնությունը, եթե`

1. այն հակասում էր օրենքին և այլ իրավական ակտերին,

2. խախտում էր այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հաշտության համաձայնություն ներկայացվելու դեպքում՝ դատարանը նախ և առաջ պետք է ստուգեր դրա բովանդակությունը, դրանում առկա դրույթների համապատասխանությունն օրենքին և այլ իրավական ակտերին: Այնուհետև, պետք է պարզեր, թե որքանով են հաշտության համաձայնության մեջ տեղ գտած դրույթներն առնչվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին, և արդյոք հաշտության համաձայնությունը խախտում էր այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոգրյալ երկու դեպքերից թեկուզ և մեկի առկայության դեպքում դատարանը պետք է չհաստատեր ներկայացված հաշտության համաձայնությունը և վեճը քններ ըստ էության:

Վճռաբեկ դատարանը բողոքում բարձրացված հարցադրմանը պատասխանելու համար միաժամանակ հարկ է համարում անդրադառնալ պարտավորական իրավահարաբերություն- ներում պարտապանի անձի փոփոխության առանձնահատկություններին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտավորության մեջ անձերի փոփոխության դեպքում պարտավորությունը չի դադարում, այլ տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների փոխանցում մեկ անձից մյուսին: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի հիմքով օրենսդիրը հնարավորություն է ընձեռել պարտապանին իր պարտքն այլ անձի փոխանցելով` դուրս գալ պարտավորություններից և իր փոխարեն ներգրավելու պարտավորության մեջ այլ անձի: Միաժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ պարտատիրոջ համար էական և կարևոր է այն հանգամանքը, թե ով է ստանձնելու պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը, պարտքի փոխանցումն այլ անձի կարող է իրականացվել միայն պարտատիրոջ համաձայնությամբ (տես, Կարեն Քալանթարյանն ընդդեմ Մուշեղ Շախկուլյանի, երրորդ անձ Մարգարիտ Մարտիրոսյանի թիվ ԱՎԴ/0412/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը)։

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից պարտապանի համար պարտատիրոջ համաձայնությունն ստանալու պարտադիր պահանջ նախատեսելու հիմքում դրվել է այն հանգամանքը, որ պարտատիրոջ համար էական է, թե արդյոք նոր պարտապանն ունակ է լինելու կատարել իր՝ պարտատիրոջ հանդեպ ձեռք բերվող պարտավորությունը:

Այսպիսով՝ պարտավորության մեջ պարտքի փոխանցում կարող է տեղի ունենալ միայն պարտատիրոջ համաձայնության առկայության դեպքում, իսկ այդպիսի փոխանցում նախատեսող հաշտության համաձայնության հաստատումը` առանց պարտատիրոջը գործին մասնակից դարձնելու և նրանց համաձայնությունը ստանալու, հանգեցնում է պարտատիրոջ իրավունքների խախտման:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/0815/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.12.2016 թվականի վճռով Վալտեր Մարությանի հայցն ընդդեմ Անահիտ Մնացականյանի, Ալեքս Գասպարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Աննա Առաքելյանի (Մարությանի), Լեյլա Գեորկյան-Բաբայանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Վճռվել է՝ պատասխանողներ Անահիտ Մնացականյանից և Ալեքս Գասպարյանից բռնագանձել 145.948.000 ՀՀ դրամ։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Մարգարյանի «Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելու մասին» 08.02.2019 թվականի որոշման համաձայն՝ 01.12.2017 թվականին տրված թիվ ԵԿԴ/0815/02/14 կատարողական թերթերի համաձայն՝ Անահիտ Մնացականյանից և Ալեքս Գասպարյանից հօգուտ Վալտեր Մարությանի պետք է բռնագանձել 145.948.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված 400.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարը: Նույն որոշմամբ որոշվել է՝ չկայացած համարել 04.02.2019 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդը:

Սույն գործով դատարան ներկայացված հայցադիմումով Ալեքս Գասպարյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանը պահանջել է ընդհանուր գույքից առանձնացնել Ալեքս Գասպարյանի բաժնեմասը:

Դատարանը 07.11.2018 թվականի վճռով հաստատել է Կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի 1-ին կետի համաձայն՝ Կողմերը համաձայնվել են Կողմերի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերը բաժնային սեփականության մասնակից հանդիսացող Կողմերի միջև բաժանել 90/10 համամասնությամբ։ Նշված հաշտության համաձայնության 3-րդ կետի համաձայն՝ նույն համաձայնության 1-ին կետում նշված անշարժ գույքերի առնչությամբ Կողմերի իրավանախորդ՝ կառուցապատող Մելիք Գասպարյանի հետ պայմանագրային հարաբերություն ունեցած երրորդ անձանց (գերակա հանրային շահ ճանաչված տարածքի իրացվողներ, նախնական գնորդներ, կապալառուներ, մատակարարներ կամ այլ սուբյեկտներ) հավակնություններից ու պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները (վճարումների վերադարձման, տարածքի տրամադրման իրավաչափ պարտավորության կատարման, տուժանքի վճարման, վնասի հատուցման, հարկային պարտավորությունների կամ որևէ այլ տեսակի վճարների կատարման պարտականությունը) կրում է պատասխանող Անահիտ Մնացականյանն իր միանձնյա սեփական գույքի հաշվին, իսկ 4-րդ կետի համաձայն՝ Կողմերը հաստատել են, որ ցանկացած տեսակի պահանջ, որը ներկայացվել կամ կարող է ներկայացվել երրորդ անձանց կողմից Ալեքս Գասպարյանի դեմ, որպես Մելիք Գասպարյանի իրավահաջորդ, նշված պահանջներից բխող նախկին և հետագա ռիսկերն ու պարտավորությունները կրում է Անահիտ Մնացականյանն իր միանձնյա սեփական գույքի հաշվին:

Վերաքննիչ դատարանը մերժել է գործին մասնակից չդարձված անձ Վալտեր Մարությանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 07.11.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ Դատարանի վճիռն առնչվում է բացառապես այդ գործով հայցվորի ու պատասխանողի իրավունքներին ու պարտականություններին, քանի որ վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ համատեղ սեփականատերերի միջև գույքը բաժանվել է նրանց միջև: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Պարտապանի նկատմամբ պահանջի առկայությունն ինքնին չի նշանակում, որ պարտապանը զրկվում է իր գույքը կառավարելու իրավունքից, հակառակ պարագայում պարտավորության առկայությունն ընդհանրապես կզրկի պարտապանին իր գույքի կառավարման որևէ իրավունքից, այսինքն՝ սույն գործով կայացված դատական ակտը չի առնչվում բողոքաբերի իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է պարտքն առանց պահանջատիրոջ համաձայնության փոխանցելու՝ վերաքննիչ բողոքի փաստարկին, ապա () ինչպես ցանկացած գործարք, այնպես էլ հաշտության համաձայնագիրն իրավունքներ ու պարտականություններ է առաջացնում այն ստորագրած անձանց համար, հետևաբար՝ Վարդուհի Մկրտչյանի և Անահիտ Մնացականյանի միջև կնքված և դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությունն իրավունքներ ու պարտականություններ կարող է առաջացնել բացառապես նրանց համար:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Դատարանը, հաստատելով հաշտության համաձայնությունը, փաստացի թույլ է տվել պարտքի փոխանցում՝ առանց ստանալու պարտատիրոջ՝ Վալտեր Մարությանի համաձայնությունը, ինչը հաստատվում է հաշտության համաձայնության 3-րդ և 4-րդ կետերով: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալեքս Գասպարյանի պարտատեր Վալտեր Մարությանը սույն գործին մասնակից չի դարձվել, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածով հստակ սահմանվել է, որ պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ:

Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հաստատված հաշտության համաձայնությունը չի առնչվում Վալտեր Մարությանի իրավունքներին և օրինական շահերին: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում թիվ ԵԿԴ/0815/02/14 քաղաքացիական գործով 21.12.2016 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով պահանջատեր Վալտեր Մարությանի օգտին 145.948.000 ՀՀ դրամի չափով պարտապաններ են հանդիսանում Անահիտ Մնացականյանը և Ալեքս Գասպարյանը, հետևաբար Ալեքս Գասպարյանի պարտքը չէր կարող փոխանցվել մյուս պարտապան Անահիտ Մնացականյանին՝ առանց պարտատիրոջ համաձայնության։ Այնինչ, Դատարանը, թիվ ԵԿԴ/0815/02/14 քաղաքացիական գործով 21.12.2016 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով պահանջատեր Վալտեր Մարությանին մասնակից չդարձնելով սույն գործի քննությանը, Անահիտ Մնացականյանի և Ալեքս Գասպարյանի միջև հաստատել է հաշտության համաձայնություն, դրանով իսկ ազդելով Վալտեր Մարությանի իրավունքների և պարտականությունների վրա։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հիմքով, որը սահմանում է, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վրա, (...), ենթակա էր բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան։

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցը լուծել նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան