ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2603/02/17 2020 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2603/02/17 |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան |
Դատավորներ՝ |
Ա. Սմբատյան |
Մ. Հարթենյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի դեկտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ «ԲԱՄ-ԱՍ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Արմեն Գևորգյանի, Բորիս Մխիթարյանի, Արա Բախշինյանի և Գեղամ Ղլիջյանի` գումար բռնագանձելու ու բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին, և ըստ Բորիս Մխիթարյանի, Արա Բախշինյանի ու Գեղամ Ղլիջյանի հակընդդեմ հայցերի ընդդեմ Ընկերության և Բանկի` պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արմեն Գևորգյանի ներկայացուցիչ Մկրտիչ Դավթյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությունից, Բորիս Մխիթարյանից, Արա Բախշինյանից և Գեղամ Ղլիջյանից համապարտության կարգով բռնագանձել 22.676.178,1 ՀՀ դրամ, 17.09.2015 թվականին կնքված թիվ 3.5293/FW9.563 ենթավարկային պայմանագրի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված տոկոսների ու տույժերի գումարները հետևյալ կերպ` 17.09.2015 թվականին կնքված թիվ 3.5293/FW9.563 ենթավարկային պայմանագրի 2-րդ կետով սահմանված վարկի մայր գումարի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները 22% տոկոսադրույքով`սկսած 07.04.2017 թվականից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, իսկ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը պարտավորությունների կատարման դեպքում` մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև պայմանագրի 6-րդ կետով սահմանված՝ չվճարված վարկի մասի և (կամ) տոկոսի գումարի վրա հաշվեգրվող տույժերը` 0,2% տոկոսադրույքով` սկսած 07.04.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի վրա:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Բորիս Մխիթարյանը պահանջել է անվավեր ճանաչել 17.09.2015 թվականին իր և Բանկի միջև կնքված երաշխավորության թիվ 559777 պայմանագիրը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գեղամ Ղլիջյանը պահանջել է անվավեր ճանաչել 11.11.2014 թվականին իր և Բանկի միջև կնքված երաշխավորության թիվ 53282 պայմանագիրը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Արա Բախշինյանը պահանջել է անվավեր ճանաչել 11.11.2014 թվականին իր և Բանկի միջև կնքված երաշխավորության թիվ 58283 պայմանագիրը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 19.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է «Ընկերությունից, Բորիս Մխիթարյանից, Արա Բախշինյանից, Գեղամ Ղլիջյանից հօգուտ Բանկի համապարտության կարգով բռնագանձել 22.676.178,1 ՀՀ դրամ, որից 19.332.787,1 ՀՀ դրամ՝ վարկի մայր գումար, 2.704.877,4 ՀՀ դրամ՝ տոկոս, 638.513,6 ՀՀ դրամ՝ տույժ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 457.524 ՀՀ դրամ:
Ընկերությունից, Բորիս Մխիթարյանից, Արա Բախշինյանից և Գեղամ Ղլիջյանից հօգուտ Բանկի հաշվարկել և համապարտության կարգով բռնագանձել 17.09.2015 թվականի թիվ 3.5293/FW9.563 ենթավարկային պայմանագրի 2-րդ կետով տոկոսի գումարը՝ սկսած 07.04.2017 թվականից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, իսկ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը պարտավորության կատարման դեպքում՝ մինչև պարտավորության փաստացի մարման օրը: Ընկերությունից, Բորիս Մխիթարյանից, Արա Բախշինյանից և Գեղամ Ղլիջյանից հօգուտ Բանկի հաշվարկել և համապարտության կարգով բռնագանձել 17.09.2015 թվականի թիվ 3.5293/FW9.563 ենթավարկային պայմանագրի 6-րդ կետով տույժի գումարը՝ սկսած 07.04.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի մարման օրը: Բռնագանձումը տարածել գրավի առարկա գույքի վրա», իսկ հակընդդեմ հայցերը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.10.2019 թվականի որոշմամբ Արմեն Գևորգյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 31-րդ, 33-րդ, 66-րդ, 360-րդ, 363-365-րդ, 370-րդ և 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի կողմից Ընկերությանը տրամադրված վարկի դիմաց Ընկերության վարկային պարտավորությունների կատարումը, ի թիվս երաշխավորության պայմանագրերի, ապահովվել է նաև Բանկի, Արմեն Գևորգյանի և Ընկերության միջև կնքված հիփոթեքի պայմանագրով գրավադրված՝ Արմեն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանով: Ընդ որում, Դատարանը վճռել է գումարի բռնագանձումը տարածել գրավի առարկա գույքի վրա, այսինքն՝ Դատարանն Արմեն Գևորգյանի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին վճիռ է կայացրել, սակայն նրան պատշաճ չի ծանուցել, որի պատճառով վերջինս զրկվել է օրենքով սահմանված կարգով իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով Ընկերության դեմ ուղղված պահանջի բավարարումը պետք է ապահովվի նաև Արմեն Գևորգյանի կողմից գրավադրված անշարժ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու միջոցով, որպիսի պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ «վճիռը բողոք բերած անձի համար անբարենպաստ հետևանքներ չի առաջացրել»։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 10-րդ, 30-րդ, 31-րդ, 33-րդ, 360-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 10-րդ, 31-րդ, 33-րդ, 360-րդ և 372-րդ հոդվածները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պետք է լինի օրինական:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը,
2) երրորդ անձինք,
3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի։
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց իրավունք է վերապահել բողոքարկելու դատական ակտերը՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում: Միաժամանակ օրենսդիրը դատական ակտերի (վճիռներ և որոշումներ) բողոքարկումը պայմանավորել է այդ ակտերի` բողոքարկող անձանց համար անբարենպաստ լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած՝ եթե վերադասության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բարենպաստ է այն բողոքարկող անձի համար, ապա վերջինս այդ ակտը վերադասության կարգով բողոքարկելու իրավունք չունի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշվածն ուղղված է այնպիսի դատական սխալների բացահայտմանը, որոնք շահագրգիռ անձանց համար հանգեցրել են անբարենպաստ իրավական հետևանքների: Այդ իսկ նկատառումով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը, ի թիվս այլնի, իմպերատիվ ձևով սահմանում է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այն հիմքը, ըստ որի` վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի։ Փաստորեն, օրենսդրորեն որդեգրվել է այն մոտեցումը, որ դատական ակտի դեմ անձի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման նաև այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի՝ այն վերջինիս համար անբարենպաստ չլինելու հիմքով:
Ընդ որում, վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս անհրաժեշտ է, որ վերաքննիչ դատարանը համապատասխան իրավական և փաստական հանգամանքների վկայակոչմամբ հիմնավորի ու պատճառաբանի բողոքարկված դատական ակտի՝ բողոք բերած անձի համար բարենպաստ լինելու փաստի առկայությունը։ Միայն այս դեպքում կարող է վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը լինել օրինական, հիմնավորված և պատճառաբանված։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ անձի կողմից դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ բողոք բերելու սահմանափակմանը, արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարությունում գործում է տնօրինչականության սկզբունքը, համաձայն որի` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով սեփական հայեցողությամբ է տնօրինում իր նյութական և դատավարական իրավունքներն ու որոշում իր իրավունքների պաշտպանության միջոցները և եղանակները: Դրան համապատասխան էլ դատարաններն իրականացնում են արդարադատություն՝ հարուցում են քաղաքացիական գործ, քննում և լուծում այն, ինչպես նաև քննում ու լուծում են դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները: Ընդ որում, ինչպես գործին մասնակցող անձինք, այնպես էլ դատարանները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված կարգը: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց համար օրենքով սահմանված են բողոքարկման, իսկ վերադաս դատական ատյանների համար՝ բողոքների քննության որոշակի սահմաններ։ «Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները» վերտառությամբ Նախկին օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ: Թեև «Վարույթը վերաքննիչ դատարանում» վերտառությամբ Նախկին օրենսգրքի չորրորդ բաժինը նույնաբովանդակ իրավակարգավորում չի նախատեսում վերաքննիչ վարույթի համար, սակայն դատական պրակտիկայում վճռաբեկ բողոք բերելու նման սահմանափակումը կիրառվում է նաև վերաքննիչ բողոքների համար, քանի որ դա բխում է տնօրինչականության սկզբունքից: Ընդ որում, դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ բողոք բերելու սահմանափակումն ունի կրկնակի բովանդակային նշանակություն՝
1) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի՝ իր համար բարենպաստ մասի դեմ,
2) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի՝ այլ անձանց համար անբարենպաստ մասի դեմ:
Եթե անձի կողմից դատական ակտի՝ իր համար բարենպաստ մասի դեմ բողոք բերելը տրամաբանական չէ, ապա անձի կողմից այլ անձանց շահերի պաշտպանության համար բողոք ներկայացնելն այն պայմաններում, երբ այդ անձինք դատական ակտը չեն բողոքարկել (բացառությամբ օրենքով թույլատրված դեպքերի), կհակասի տնօրինչականության սկզբունքին: Դրան համապատասխան էլ վերաքննիչ դատարանը չի կարող քննել և լուծել ինչպես դատական ակտի՝ անձի համար բարենպաստ մասի դեմ բերված բողոքը, այնպես էլ անձի կողմից այլ անձանց իրավունքներին ու պարտականություններին առնչվող մասով բերված վերաքննիչ բողոքը: Եթե անձը, ի խախտումն տնօրինչականության սկզբունքի, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով վիճարկում է դատական ակտի ոչ միայն իր, այլև այլ անձանց համար անբարենպաստ մասը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու է քննելու և լուծելու միայն բողոք բերած անձի իրավունքներին ու պարտականություններին վերաբերող մասով բերված բողոքը և ըստ այդմ էլ քննության ընթացքում համապատասխան հետևության գալով՝ իրավասու է բեկանել միայն դատական ակտի՝ բողոք բերած անձի համար անբարենպաստ մասը (տե՛ս, Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ի տարբերություն Նախկին օրենսգրքի, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, վերաքննիչ վարույթի համար ևս հստակ նախատեսվել է քննարկվող իրավակարգավորումը, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասի նկատմամբ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի (Բանկի իրավանախորդն է)` որպես գրավառուի (մի կողմից), Արմեն Գևորգյանի` որպես գրավատուի և Ընկերության` որպես վարկառուի (մյուս կողմից) միջև 02.10.2012 թվականին կնքվել է թիվ 31433 հիփոթեքի պայմանագիրը, որի համաձայն՝ ի ապահովումն գրավառուի և վարկառուի միջև 02.10.2012 թվականին կնքված թիվ FW9.563 գլխավոր վարկային պայմանագրով ու դրա հավելվածներով և համաձայնագրերով սահմանված պարտավորությունների ու պայմանների կատարման` գրավատու Արմեն Գևորգյանը գրավ է դրել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 52/1 շենքի 18-րդ բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 32-37): Նշված պայմանագրի հիման վրա 08.10.2012 թվականին գրանցվել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 38, 39):
Բանկը, դիմելով Դատարան նաև ընդդեմ Արմեն Գևորգյանի, պահանջել է Ընկերությունից, Բորիս Մխիթարյանից, Արա Բախշինյանից և Գեղամ Ղլիջյանից համապարտության կարգով բռնագանձել 22.676.178,1 ՀՀ դրամ, 17.09.2015 թվականին կնքված թիվ 3.5293/FW9.563 ենթավարկային պայմանագրի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված տոկոսների և տույժերի գումարները հետևյալ կերպ` 17.09.2015 թվականին կնքված թիվ 3.5293/FW9.563 ենթավարկային պայմանագրի 2-րդ կետով սահմանված վարկի մայր գումարի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները 22% տոկոսադրույքով`սկսած 07.04.2017 թվականից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, իսկ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը պարտավորությունների կատարման դեպքում` մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև պայմանագրի 6-րդ կետով սահմանված չվճարված վարկի մասի և (կամ) տոկոսի գումարի վրա հաշվեգրվող տույժերը` 0,2% տոկոսադրույքով` սկսած 07.04.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի վրա:
Դատարանի 19.10.2018 թվականի վճռով Բանկի հայցը բավարարվել է` վճռվել է Ընկերությունից, Բորիս Մխիթարյանից, Արա Բախշինյանից և Գեղամ Ղլիջյանից հօգուտ Բանկի համապարտության կարգով բռնագանձվելիք գումարների բռնագանձումը տարածել վերը նշված գրավի առարկա գույքի վրա:
Նշված վճռի դեմ 25.09.2019 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանող Արմեն Գևորգյանի ներկայացուցիչը՝ որպես վերաքննիչ բողոք բերելու հիմք վերաքննիչ բողոքում նշելով նաև այն, որ Դատարանը վճիռ է կայացրել բռնագանձման ենթակա գումարի բռնագանձումը Արմեն Գևորգյանին պատկանող գրավի առարկայի վրա տարածելու մասին, սակայն վերջինիս պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որի պատճառով նա զրկվել է օրենքով սահմանված կարգով դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հնարավորությունից: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն (հատոր 5-րդ, գ.թ. 77-86):
Վերաքննիչ դատարանը 17.10.2019 թվականին որոշում է կայացրել Արմեն Գևորգյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին՝ չանդրադառնալով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ «Դատարանի 19.10.2018 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանը, մինչդեռ տվյալ վճռի եզրափակիչ մասի բովանդակությունից ակնհայտ է, որ բողոքարկված վճիռը նրա համար որևէ անբարենպաստ հետևանք չի առաջացրել», «թեև բողոք բերած անձը սույն գործով հանդիսացել է պատասխանող, այնուամենայնիվ, բողոքարկված վճռի եզրափակիչ մասը գումար բռնագանձելու մասին նրա դեմ ուղղված պահանջ բավարարելու կամ մերժելու կամ հենց նրա կողմից գրավ դրված կոնկրետ գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ եզրակացություններ չի պարունակում, որպիսի պարագայում «Բռնագանձումը տարածել գրավի առարկա գույքի վրա» եզրակացությունն էլ չի կարող գնահատվել որպես բողոք բերած անձին վերաբերելի` նրանից գումար բռնագանձելու կամ հենց նրա կողմից գրավ դրված կոնկրետ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին եզրակացության բացակայության պատճառաբանությամբ (այլ անձից գումարի բռնագանձումը չի կարող տարածվել բողոք բերած անձի կողմից գրավ դրված գույքի վրա)», «բողոք բերած անձը սույն գործով հակընդդեմ հայցով հայցվոր չի հանդիսացել, ուստի հակընդդեմ հայցը մերժվելու արդյունքում ևս Արմեն Գևորգյանի համար որևէ անբարենպաստ հետևանք վրա չի հասել», «ավելին, գործում առկա փաստաթղթերը վկայում են այն մասին, որ վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթեր տրվել են 23.07.2019 թվականին և կատարողական վարույթ հարուցվելու է միայն Ընկերության, Բորիս Մխիթարյանի, Արա Բախշինյանի և Գեղամ Ղլիջյանի դեմ, ինչը հիմք է տալիս արձանագրելու բողոքարկված վճռով Արմեն Գևորգյանի` պահանջատիրոջ հանդեպ որևէ պարտավորություն ամրագրված չլինելու փաստը»:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Դատարանի 19.10.2018 թվականի վճիռն Արմեն Գևորգյանի համար անբարենպաստ հետևանքներ չի առաջացրել, ինչն էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելք է այդ անձի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Անդրադառնալով դատարանի դատական ակտը վերաքննիչ բողոք բերած անձի համար անբարենպաստ գնահատելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ենթակա են կիրառման ինչպես ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմերը, այնպես էլ՝ Եվրոպական դատարանի կողմից արտահայտված հետևյալ դիրքորոշումները:
Այսպես, ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեuված են oրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր uկզբունքներով: (...)
Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտության թույլատրելի սահմանների վերաբերյալ կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) միջամտությունը նախատեսված է օրենքով,
2) միջամտությունը բխում է հանրային շահից,
3) միջամտությունը բավարարում է համաչափության պահանջներին:
Այսպես, ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և կարևորագույն պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ հանրային իշխանության միջամտությունը պետք է հիմնված լինի օրենքի վրա. այս պահանջը բխում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկի՝ իրավունքի գերակայության էությունից (տե՛ս, The Former King of Greece and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, 79-րդ կետ): Հետևաբար առաջին պայմանը ենթադրում է ոչ միայն ներպետական օրենսդրության շրջանակներում սեփականության իրավունքի տվյալ սահմանափակումը նախատեսող օրենքի առկայությունը, այլ նաև այդ օրենքի համապատասխանությունն իրավունքի գերակայության սկզբունքից բխող որոշակի որակական հատկանիշների (տե՛ս, James and Others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 21.02.1986 թվականի վճիռը, 67-րդ կետ):
Սեփականության իրավունքի իրականացման միջամտության իրավաչափության երկրորդ պայմանի համաձայն՝ այդ միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից, որի գնահատման հարցում հանրային իշխանության մարմիններն օժտված են որոշակի հայեցողությամբ (տե՛ս, James and Others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 21.02.1986 թվականի վճիռը, 46-րդ կետ):
Սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության իրավաչափության երրորդ պայմանը նախատեսում է, որ միջամտությունը պետք է ապահովի արդարացի հավասարակշռություն հանրության ընդհանուր շահի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև (տե՛ս, Sporrong and Lönnroth v. Sweden գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, 69-րդ կետ): Մասնավորապես, գույքից անարգել օգտվելու իրավունքի ցանկացած միջամտության դեպքում կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև պետք է գոյություն ունենա համաչափության որոշակի ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Scollo v. Italy գործով Եվրոպական դատարանի 28.09.1995 թվականի վճիռը, 32-րդ կետ): Եվրոպական դատարանի գնահատմամբ նման բարենպաստ հավասարակշռության հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի միջամտության պատճառով սեփականատերն ստիպված է կրել անհամաչափ, ավելորդ և չափազանց մեծ ծանրություն (տե՛ս, The Former King of Greece and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, 89-րդ կետ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը և նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև Դատարանի դատական ակտով վճռվել է գումարը համապարտության կարգով բռնագանձել գործին մասնակցող մյուս անձանցից, այդուհանդերձ, նկատի ունենալով, որ 02.10.2012 թվականին կնքված թիվ 31433 հիփոթեքի պայմանագիրը, որից բխող իրավունքը 08.10.2012 թվականին գրանցվել է, վկայում է Ընկերության վարկային պարտավորությունները նաև Արմեն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա բնակարանով ապահովված լինելու մասին, ուստի անհրաժեշտ է կարևորել այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը՝ որպես տվյալ գույքի սեփականատեր և գրավատու, պետք է իրական հնարավորություն ունենա անհրաժեշտության դեպքում բողոքարկելու վերը նշված վճիռը՝ նկատի ունենալով, որ դրանում նշված գումարների չափով բռնագանձումը տարածվել է իրեն պատկանող՝ գրավի առարկա գույքի վրա, որի հետևանքով այն, հաշվի առնելով գրավի ինստիտուտի առանձնահատկությունները, ուղղակիորեն առնչվում է նրա սեփականության իրավունքին և այդ իրավունքի դատական պաշտպանությանը:
Վերը նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցները վկայում են Դատարանի վճռի՝ պատասխանող Արմեն Գևորգյանի համար անբարենպաստ լինելու փաստի մասին:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Դատարանի 19.10.2018 թվականի վճիռն Արմեն Գևորգյանի համար անբարենպաստ հետևանքներ չի առաջացրել, չի նշել թե ինչ իրավական հիմքով է մերժում վերը նշված ապացույցները, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի կարող լինել օրինական, հիմնավորված և պատճառաբանված:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում բացակայում էր Արմեն Գևորգյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով մերժելու հիմքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 10-րդ, 30-րդ, 31-րդ, 33-րդ, 360-րդ և 372-րդ հոդվածների խախտում՝ դրա արդյունքում սահմանափակելով Արմեն Գևորգյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: