ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2020 թվականի N 954-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Պարենային ապահովումը և սննդամթերքի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիր է և կարևորվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական տեսանկյունից, այլ նաև մարդկանց առողջության ապահովման առումով: Առևտրի գլոբալիզացիայի պայմաններում սննդամթերքի արտադրությունն իրականացվում է «ֆերմայից` պատառաքաղ» համակարգի սկզբունքներով, որոնցում կարևորվում են կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացները:
2. Արտադրողների համար այն նախատեսում է վերջնական մթերքի անվտանգության ամբողջական պատասխանատվության ապահովում` հետագծելիության երաշխավորմամբ: Մինչդեռ առանց կենդանիների համարակալման և գրանցման հնարավոր չէ ապահովել հետագծելիության սկզբունքով համապատասխան հսկողությունը:
3. Կարևորելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, ինչպես նաև հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության, դրա որակի վերահսկման և ազգաբնակչությանը բարորակ մթերք մատակարարելու խնդիրները՝ ներկայումս խիստ հրամայական է դարձել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման և հաշվառման, ինչպես նաև կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը:
4. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման հայեցակարգի մշակումն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների» ցանկում:
5. Միաժամանակ խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) համարակալման և հաշվառման համակարգը (այսուհետ՝ համակարգ) կարող է խիստ վերահսկողություն սահմանել այնպիսի կարևոր գործընթացներում, ինչպիսիք են՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերումը և կանխարգելումը, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի հավաստագրումը և փաստաթղթավորումը, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրումը և արտահանումը:
6. Համակարգի ներդնումը կարող է կարևոր գործիք հանդիսանալ անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճշգրտության բարձրացման, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար: Այն կարող է բարձրացնել նաև հանրապետությունում անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակման և միջոցառումների անցկացման արդյունավետությունը։
(6-րդ կետը փոփ. 10.09.20 N 1520-Լ)
7. Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին անասնաբուծությունից ստացվել է 442.4 մլրդ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 235 մլրդ դրամը բաժին է ընկնում տավարաբուծությունից ստացված արտադրանքին։ Սակայն ներկայումս հանրապետությունում անասնագլխաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (այսուհետ՝ ՀՀ ՎԿ)։ Այն դեպքում, որ գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումն իրականացվում է ընդամենը տարին մեկ անգամ, արդյունքում տարեսկզբին հաշվառված և տարվա ընթացքում փաստացի (շրջանառու) գլխաքանակի միջև ի հայտ են գալիս անհամապատասխանություններ։
8. Հաշվի առնելով, որ մեր հանրապետությունում անասնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ավելի քան 85 տոկոսը սննդամթերք է (միս, կաթ), որի զգալի մասը ապահովում է տավարաբուծությունը, ապա առկա ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվության տիրապետումը և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումն ամենաառանցքային գործոնն է կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործընթացում և որին կարելի է հասնել համակարգի գործարկման միջոցով:
I. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
9. Հայաստանի Հանրապետության կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ։
10. Ներկայումս հանրապետությունում համարակալված և հաշվառված են միայն Հայաստանի Հանրապետություն ներկրված տոհմային կենդանիները (տոհմային հավաստագիր ունեցող), ինչպես նաև արհեստական սերմնավորման միջոցով կամ տոհմային արտադրողի օգտագործմամբ դրանցից ստացված սերունդը։ Այն դեպքում, որ համաձայն ՀՀ ՎԿ-ի կողմից հրապարակված տվյալների՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է ընդհանուր առմամբ 579.3 հազար գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ շուրջ 251.7 հազար գլուխ կով, որոնց 99 տոկոսը կենտրոնացված է բնակչության (ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող) տնտեսություններում (Աղյուսակ 1)։
Աղյուսակ 1
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ԽԵԿ-ի և հանրապետություն ներկրված տոհմային ԽԵԿ-ի գլխաքանակն ըստ տարիների
(ՀՀ ՎԿ, ՀՀ ԿԵ ՊԵԿ, ՀՀ ՍԱՏՄ)
Տեսակը |
Չափի միավոր |
Տարին | ||||
2016 |
2017 |
2018 |
2019 |
2020 | ||
Ընդամենը ԽԵԿ |
1000 գլուխ |
701.5 |
655.8 |
590.6 |
571.9 |
579.3 |
այդ թվում՝ կովեր |
318.6 |
296.0 |
266.8 |
254.0 |
251.7 | |
Տոհմային ԽԵԿ |
գլուխ |
451 |
439 |
214 |
210* |
- |
* 2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ
11. Հարկ է նշել, որ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում իրականացվել է ԽԵԿ համարակալման, գրանցման և անձնագրավորման փորձնական ծրագիր (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի N 895-Ա որոշում), որի շրջանակներում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ «ԱՆԻ ՊԱՍ»), որի միջոցով հնարավոր է մուտքագրել և վերլուծել կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) և պահպանել այն։ Սակայն պայմանավորված գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների բացակայությամբ՝ «ԱՆԻ ՊԱՍ»-ը ներկայումս չի գործարկվում:
12. Բացի այդ, 2014 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 13-ի նիստի N 10 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրին ու ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին», որն իրականացվել է միայն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի» (այսուհետ՝ պատվաստման ծրագիր) շրջանակներում անասնաբույժների հետ քաղաքացիաիրավական աշխատանքային պայմանագրերի կնքման մասով («Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն):
13. Ելնելով պարենային անվտանգության ապահովման ողջ արժեշղթայում որակյալ և անվտանգ կենդանական ծագման սննդամթերքի (հումքի) արտադրության գործընթացի նկատմամբ սահմանված չափանիշների և պայմանների վերահսկման մակարդակի բարձրացման առաջնահերթություններից՝ անհրաժեշտ է հանրապետությունում ներդնել գյուղատնտեսական կենդանիների, մասնավորապես՝ ԽԵԿ-ի նույնականացման համակարգ։
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
14. Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է անասնաբուծական համախառն արտադրանքի ավելի քան 60 տոկոսը՝ համարվելով անասնաբուծության ոլորտում ամենաբարձր հաշվեկշիռ ունեցող ճյուղը (Աղյուսակ 2)։ Սակայն ԽԵԿ-ի գլխաքանակի ապակենտրոնացվածությունը, կենդանիների գրեթե չվերահսկվող տեղաշարժը, կաթի մթերման կայանների և համապետական սպանդանոցային մորթի բացակայությունը լուրջ մարտահրավեր են կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովման և սննդամթերքի անվտանգության վերահսկողության համար։
(14-րդ կետը փոփ. 10.09.20 N 1520-Լ)
15. Համակարգի ներդրման և գործարկման բացակայությունը բացասաբար է անդրադառնում տոհմասելեկցիոն համակարգված աշխատանքների կազմակերպման և հանրապետության նախիրներում արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիների տեսակարար կշռի ավելացման վրա, մասնավորապես՝ ԽԵԿ ցեղերի (ցեղայնության), տոհմային կենդանիների գլխաքանակի ավելացման, ինչպես նաև արհեստական սերմնավորման պետական օժանդակության համապատասխան ծրագրերի մշակման և (կամ) իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալների անհամապատասխանության և այդ նպատակով ակնկալվող ֆինանսական միջոցների հաշվարկի անճշտության առումով։
Աղյուսակ 2
2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծական արտադրանքի (միս, կաթ) կառուցվածքը (ՀՀ ՎԿ)
Արտադրանքը |
Չափի միավորը |
Արտադրության ծավալը |
Արտադրանքի արժեքը*, |
Միս |
1000 տոննա |
108․2 |
284.2 |
որից՝ տավարի |
68․8 |
187․1 | |
ոչխարի և այծի |
10․8 |
29․9 | |
խոզի |
16․3 |
44․4 | |
թռչնի |
12․3 |
23․0 | |
Կաթ |
697.7 |
106․1 | |
Ընդամենը` |
- |
390․5 |
* Գյուղացիական տնտեսությունների կողմից իրացված արտադրանքի միջին գներ
16. Բացի դրանից, համապետական պարտադիր սպանդանոցային մորթի անցման պարագայում այն կծառայի որպես հսկողական գործիք, որի միջոցով հնարավոր կլինի հանրապետությունում կազմակերպել արդյունավետ պայքար ինչպես կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ և այլն), այնպես էլ կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունների դեմ։
(16-րդ կետը խմբ. 10.09.20 N 1520-Լ)
17. Համընդհանուր հայտնի է, որ գյուղատնտեսությունը համարվում է բարձր ռիսկային ոլորտ, ուստի համակարգի կիրառումը նախադրյալներ կստեղծի հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի ստեղծմանն ու կայացմանը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով անասնապահության զարգացման համար:
18. Պայմանավորված վերոգրյալով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, հաշվառումը և տեղեկատվական համակարգի մշակումը սահմանել է առաջնահերթություն, որն ամրագրվել է Հայաստանի Հանրապետության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության 75-րդ կետում:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
19. Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել ԽԵԿ-ի համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը լինելով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ՝ հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավելու կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։
20. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
1) ԽԵԿ-ի համարակալման արդյունավետ մեթոդի առաջադրում.
2) ԽԵԿ-ի համարակալման գործընթացի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ պարագաների նվազագույն քանակի սահմանում.
3) տվյալների թվայնացման մատչելիության ապահովում.
4) ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերի գնահատում և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների մշակում։
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
21. Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության բացասական ազդեցությունը պարենային ապահովության (հիվանդությունների դեմ պայքար, կենդանական ծագման արտադրանքի ծավալների կանխատեսումներ և այլն) և սննդամթերքի անվտանգության վրա հրատապ է դարձնում նախաձեռնել աշխատանքներ ԽԵԿ-ի, իսկ հաջորդիվ՝ մանր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և շահագրգիռ բոլոր կողմերի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական հարթակի ստեղծման ուղղությամբ։
22. Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է 2020 թվականին և պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով և տեխնիկատնտեսական պատճառներով՝ այն կրելու է շարունակական բնույթ։ Մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 245 հազար գլուխ՝ տարեկան:
23. Համակարգի գործարկման և հետագա բնականոն ընթացքի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը (Աղյուսակ 3)։
Աղյուսակ 3
Համակարգի գործարկումը և շարունակականությունն ապահավող քայլերի հաջորդականությունը
Հ/հ |
Քայլը |
Նկարագիրը |
Իրականացնող |
Ժամկետները |
1. |
Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման վերաբերյալ աշխատանքային ու միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակում |
ըստ հանրապետության մարզերի նախատեսված աշխատանքների և ժամանակացույցի պլանավորում, |
Նախարարություն ՊՈԱԿ |
2020-2022 թվականներ |
2. |
Համակարգում ներգրավված անձնակազմի վերապատրաստում |
գյուղատնտեսական կենդանիների համարակալման, տվյալների թվայնացման և համակարգչային ծրագրի կիրառման մատչելիության ապահովման և հմտությունների բարձրացման նպատակով վերապատրաստումների ու դասընթացների կազմակերպում |
Նախարարություն ՀՀ ՍԱՏՄ ՊՈԱԿ Հասարակական կազմակերպություններ համաձայնությամբ Հիմնադրամներ համաձայնությամբ |
2020-2022 թվականներ |
3. |
Հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում |
տավարաբուծությամբ զբաղվող, ինչպես նաև կենդանական ծագման արտադրության արժեշղթայում ներգրավված տնտեսավարողներին ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման կարևորության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, |
Նախարարություն ՀՀ ՍԱՏՄ ՊՈԱԿ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակական կազմակերպություններ համաձայնությամբ Հիմնադրամներ համաձայնությամբ |
2020-2022 թվականներ |
4. |
Ականջապիտակների, հատուկ դակիչների և մատյանների (այսուհետ՝ պարագաներ) ձեռքբերում |
տեխնիկական բնութագրերի մշակում, |
Նախարարություն |
2020 թվականի II կիսամյակ, |
5. |
Միջոցառումներ իրականացնող մարզային աշխատանքային խմբերի (այսուհետ՝ խմբեր) ձևավորում |
միջոցառումներ իրականացնող անձանց (խմբերին) ներկայացվող նվազագույն պահանջների սահմանում, |
ՊՈԱԿ |
2020 թվականի II կիսամյակ |
6. |
Պարագաների բաշխում |
անասնաբուժական և համարակալման միջոցառումներ իրականացնող խմբերին պարագաների տրամադրում |
ՊՈԱԿ |
2020 թվականի II կիսամյակ, |
7. |
Բուն համարակալում |
հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի ականջներին (աջ և ձախ) ականջապիտակների ամրացում |
ՊՈԱԿ |
2020 թվականի II կիսամյակ, |
8. |
Համարակալված ԽԵԿ-ի հաշվառում |
անասնատերերի և ԽԵԿ-ի վերաբերյալ գրանցամատյանների վարում, |
ՊՈԱԿ |
2020 թվականի II կիսամյակ, |
9. |
Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում |
իրականացված աշխատանքների ֆինանսական և ոչ ֆինանսական տվյալների ամփոփում, |
ՊՈԱԿ |
2020 թվականի II կիսամյակ, |
10. |
«ԱՆԻ ՊԱՍ» սպասարկում |
էլեկտրոնային տեղեկատվական բազայի (սերվերի) տեխնիկական և ծրագրային անխափան աշխատանքի ապահովում |
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (այսուհետ՝ ՀՀ ՍԱՏՄ) |
Ծրագրի իրականացման ողջ ընթացքում |
11. |
ԽԵԿ-ի համարակալման գործընթացի վերահսկողություն |
չհամարակալված ԽԵԿ-ի կամ չգրանցված (ապօրինի) ականջապիտակների օգտագործման հայտնաբերում, |
ՀՀ ՍԱՏՄ |
Ծրագրի իրականացման ողջ ընթացքում |
12. |
Համակարգի մոնիթորինգ |
ԽԵԿ-ի համարակալման աշխատանքների որակի և ժամկետների վերահսկում, |
Նախարարություն ՊՈԱԿ ՀՀ ՍԱՏՄ Հասարակական կազմակերպություններ համաձայնությամբ Հիմնադրամներ համաձայնությամբ |
Ծրագրի իրականացման ողջ ընթացքում |
24. ԽԵԿ-ի համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքները համակարգվելու և իրականացվելու են վերակազմակերպված ՊՈԱԿ-ի, իսկ ԽԵԿ-ի համարակալման գործընթացի վերահսկումը, «ԱՆԻ ՊԱՍ» համակարգի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումը՝ ՀՀ ՍԱՏՄ-ի կողմից։
25. Հաշվի առնելով, որ հանրապետությունում անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովման նպատակով ամեն տարի իրականացվող պատվաստման ծրագրում ընդգրկված է հանրապետությունում հաշվառված (ՀՀ ՎԿ) ամբողջ անասնագլխաքանակը, ապա հնարավոր է, որ անասնաբուժական և ԽԵԿ-ի համարակալման ծառայությունները մատուցվեն ֆիզիկական կամ իրավաբանական կարգավիճակ ունեցող միևնույն աշխատանքային խմբի(երի) կողմից (այսուհետ՝ խումբ) (Նկար 1)։
Նկար 1. «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը
(25-րդ կետը փոփ. 10.09.20 N 1520-Լ)
26. Վերոգրյալ երկու միջոցառումների կենտրոնացումը մեկ ՊՈԱԿ-ի ներքո հնարավորություն կընձեռի մի կողմից ԽԵԿ-ի համարակալման գործընթացի անընդհատության (ծին, անհատական համարի փոխարինում (կորուստ, անընթեռնելիություն) ապահովման, իսկ մյուս կողմից՝ ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի վերաբերյալ ստույգ տեղեկատվության հիման վրա առավել արդյունավետ և ճշգրիտ իրականացնել պատվաստման ծրագրով նախատեսված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների պլանավորումն ու անցկացումը։
27. ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման գործընթացի պլանավորումն ու ըստ ծանրաբեռնվածության դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ խմբերի (դրանցում ընդգրկված անձանց) քանակի սահմանումն իրականացվելու է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի 1315-Ն որոշմամբ և (կամ) ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով հաստատված ԽԵԿ-ի համարակալմանը ներկայացվող պահանջները, ՀՀ ՎԿ-ի կողմից մարզերի կտրվածքով հաշվառված ԽԵԿ-ի գլխաքանակը (2020-2021 թվականներ), պատվաստման ծրագրով նախատեսված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների ծավալները, տարածաշրջանների, համայնքների քանակը, հեռավորությունը և այլն (Աղյուսակ 4)։
Աղյուսակ 4
Հայաստանի Հանրապետության մարզերի հողային մակերեսը, վարչական շրջանների տարածքները և 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված ԽԵԿ-ի գլխաքանակը
(«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենք, ՀՀ ՎԿ, Կադաստրի կոմիտե)
ՀՀ մարզը |
Վարչատարածքային միավորների քանակը (հատ) |
Մակերեսը (կմ2) |
ԽԵԿ (գլուխ) | |||
տարածաշրջան |
համայնք |
ընդհանուր հողային |
այդ թվում՝ արոտ |
ընդամենը |
այդ թվում՝ կով | |
ք. Երևան |
1 |
223 |
- |
3 569 |
829 | |
Արագածոտն |
4 |
72 |
2 753 |
1 311.8 |
68 215 |
31 270 |
Արարատ |
3 |
95 |
2 090 |
779.7 |
40 116 |
13 275 |
Արմավիր |
3 |
97 |
1 242 |
215.18 |
54 255 |
16 346 |
Գեղարքունիք |
5 |
57 |
5 348 |
1 818 |
97 071 |
45 268 |
Լոռի |
5 |
56 |
3 799 |
1 456.3 |
72 795 |
34 755 |
Կոտայք |
3 |
42 |
2 086 |
794.2 |
52 119 |
24 037 |
Շիրակ |
5 |
42 |
2 680 |
1 120.7 |
87 095 |
40 986 |
Սյունիք |
4 |
8 |
4 506 |
1 455.6 |
52 147 |
22 753 |
Վայոց ձոր |
2 |
8 |
2 308 |
922.6 |
19 699 |
8 112 |
Տավուշ |
3 |
24 |
2 704 |
630.2 |
32 175 |
14 085 |
Ընդամենը` |
37 |
502 |
29 743 |
10 504 |
579 256 |
251 6 |
28. Հարկ է նշել, որ 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում պատվաստման ծրագրում ընդգրկված 12 հիվանդությունների նկատմամբ շուրջ 6.23 մլն հատ (փաստացի) կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներն իրականացվել են 545 անասնաբույժների (մասնագետների) կողմից։ Ընդ որում` շատ դեպքերում նշված ծրագրի շրջանակներում քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություն մատուցող անասնաբույժները նաև տվյալ համայնքը(ները) սպասարկող անասնաբույժներ են։ Ուստի համապետական անասնաբուժական և ԽԵԿ-ի համարակալման համալիր միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ խմբերի ձևավորման մրցույթին (ՊՈԱԿ) կարող են մասնակցել նաև համայնքը սպասարկող անասնաբույժները ևս։
29. ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման առավել բարդ և կարևոր ժամանակաշրջան է ծրագրի մեկնարկային տարին, քանի որ այդ ընթացքում նախանշված կազմակերպաիրավական և տեխնիկական նախապատրաստական աշխատանքների իրականացման արդյունավետությամբ է պայմանավորված համակարգի ներդրման և հետագայում դրա անխափան շահագործման հաջող ընթացքը։
30. Մեկնարկային տարում ծրագրով նախանշված լայնածավալ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է նախարարության, ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ ՍԱՏՄ-ի, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությունը։
31. Ծրագրի մեկնարկային տարվա համար անհրաժեշտ ականջապիտակների քանակը շուրջ 38 տոկոսով գերազանցում է հանրապետությունում հաշվառված ԽԵԿ-ի գլխաքանակը։ Հաշվարկի համար հիմք են հանդիսացել հանրապետությունում տավարաբուծության վարման տեխնոլոգիական, ԽԵԿ-ի ընդհանուր և առանձին կովերի գլխաքանակի, կովերի պտղատվության (85 տոկոս), նախրի շրջանառու գլխաքանակի շարժի (ծին, խոտան, իրացում մսի և այլն), հնարավոր թաքնված գլխաքանակի առկայության և կրկնակի համարակալումների (ականջապիտակի կորուստ, փոխարինում) վերաբերյալ վերլուծությունները։ Այսպիսով, 2020 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի համատարած համարակալման համար անհրաժեշտ է ձեռք բերել ընդհանուր առմամբ 1.6 մլն հատ ականջապիտակ (մեկ գլուխ ԽԵԿ-ի հաշվով երկու ականջապիտակ) (Աղյուսակ 5)։
Աղյուսակ 5
ԽԵԿ-ի անհատական ականջապիտակների քանակն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի
Հ/հ |
ՀՀ մարզը |
ԽԵԿ-ի գլխաքանակը, |
Պահանջվող |
1. |
ք. Երևան |
3 569 |
9 858 |
2. |
Արագածոտն |
68 215 |
18 8421 |
3. |
Արարատ |
40 116 |
110 807 |
4. |
Արմավիր |
54 255 |
149 861 |
5. |
Գեղարքունիք |
97 071 |
268 126 |
6. |
Լոռի |
72 795 |
201 072 |
7. |
Կոտայք |
52 119 |
143 961 |
8. |
Շիրակ |
87 095 |
240 571 |
9. |
Սյունիք |
52 147 |
144 039 |
10. |
Վայոց ձոր |
19 699 |
54 412 |
11. |
Տավուշ |
32 175 |
88 873 |
Ընդամենը՝ |
579 256 |
1 600 000* |
* Մեկ կենդանու հաշվով երկու ականջապիտակ
32. Ծրագրին տավարաբուծությամբ զբաղվող և տավարաբուծական արտադրանք վերամշակող (սպանդանոցներ) տնտեսավարողների, անասնաշուկաների մասնակցության ակտիվացման, ինչպես նաև հնարավոր խոչընդոտների վերացման նպատակով՝ 2020 թվականի սկզբից կնախաձեռնվեն իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որոնց հիմնական առաքելությունը տավարաբուծական արտադրանքի արտադրության և վերամշակման ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների շրջանում բնակչության կենսանվտանգության և հանրային առողջության ապահովման արժեշղթայում ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման համակարգի բացակայության բացասական ազդեցության և դրա կարևորության (հիվանդությունների տարածում, սննդամթերքի անվտանգություն, հետագծելիություն) վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է։
33. ԽԵԿ-ի ականջապիտակը կպարունակի տեղեկատվություն կենդանու անհատական համարի վերաբերյալ, մինչդեռ կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ականջապիտակների վրա նշված արագ արձագանքման կոդի (այսուհետ՝ QR կոդ) և (կամ) դրանցից առնվազն մեկի վրա առկա ռադիոհաճախային պիտակի (ռադիոհաճախականության նույնականացման համակարգ (այսուհետ՝ RFID) միջոցով։
(33-րդ կետը խմբ. 10.09.20 N 1520-Լ)
34. Մեկնարկային տարում ողջ ԽԵԿ-ի գլխաքանակը համարակալելու, հաշվառելու և ամբողջական ելակետային տեղեկատվական բազա ստեղծելու նկատառումներից ելնելով՝ գործընթացը կիրականացվի «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, ՀՀ ՍԱՏՄ-ում, ինչպես նաև համայնքը սպասարկող անասնաբույժների (համայնքապետարաններում) մոտ առկա տեղեկատվության հիման վրա։ Սակայն հետագայում ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման գործընթացը նախաձեռնում են տավարաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ շահառուներ), որոնք 7 օրվա ընթացքում անասնաբուժական պարտադիր և ԽԵԿ-ի համարակալման ու հաշվառման միջոցառումներ իրականացնող խմբին և (կամ) համայնքը սպասարկող անասնաբույժին կամ համայնքապետարան ներկայացնում են տեղեկատվություն՝ հայտ, իրենց մոտ առկա համարակալման և հաշվառման ենթակա ԽԵԿ-ի առկայության վերաբերյալ (ծնված կենդանի, անընթեռնելի ականջապիտակ կամ կորուստ և այլն)։ Տավարաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ չհամարակալված և չհաշվառված ԽԵԿ-ը չի ընդգրկվի պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացվող կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում, վերջիններիս մասով չեն տրամադրվի 2010 թվականի հոկտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 1499 թվակիր որոշմամբ սահմանված անասնաբուժական համապատասխան ձևաթղթերը (վկայականներ, սերտիֆիկատներ), իսկ տնտեսավարողները հնարավորություն չեն ունենա օգտվելու գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերից։
35. Հայտը ստանալուց և համապատասխան գրանցամատյանում ամրագրելուց (անասնատիրոջ տվյալները, ԽԵԿ-ի քանակը, սեռը և այլն) հետո 15 օրվա ընթացքում խմբի կողմից իրականացվում է այցելություն տվյալ համայնք ԽԵԿ-ի համարակալման և մատյանում ամրացված անհատական համարի հաշվառման նպատակով։ Հարկ է նշել, որ ԽԵԿ-ին անհատական համար ամրագրվում է մեկ անգամ և ամբողջ կյանքի համար, սակայն անհատական համարները ենթակա են փոխարինման միայն դրանց բացակայության (մեկ և (կամ) երկու ականջապիտակն էլ չկան), դրանց անընթեռնելի լինելու և պատահական կրկնողությունների դեպքում։
36. Նախապես տպագրված միևնույն նույնականացման անհատական համարով, QR կոդով , իսկ առկայության դեպքում RFID-ով ականջապիտակներն ամրացվում են ԽԵԿ-ի ականջներին՝ յուրաքանչյուրին մեկ ականջապիտակ։ (նախադասությունը հանվել է 10.09.20 N 1520-Լ)
(36-րդ կետը փոփ. 10.09.20 N 1520-Լ)
37. Համարակալման ենթակա ԽԵԿ-ի առկայության վերաբերյալ հայտը ստանալուց, սահմանված ժամկետներում կենդանու վրա անհատական համարով ականջապիտակն ամրացնելուց հետո խումբը (անդամը) 7 օրվա ընթացքում համապատասխան թվային տեխնիկայի միջոցով «ԱՆԻ ՊԱՍ» է մուտքագրում․
ա. շահառուի տվյալները (անուն, ազգանուն, անձնագրի սերիա, համար, հասցե, կոնտակտային տվյալներ),
բ. ԽԵԿ-ի հաշվառման վայրը (մարզ, համայնք, հասցե),
գ. ամրագրված անհատական համարը (ականջապիտակի համար) և մականունը,
դ. համարակալման ամսաթիվը,
ե. ԽԵԿ-ի սեռահասակը (սեռ, ծննդյան ամսաթիվը, հորթ, երինջ, կով),
զ. ԽԵԿ-ի ցեղը (ցեղայնությունը) (մաքրացեղ, խառնացեղ, տոհմային) և արտակազմվածքի նկարագիրը (գույն, այլ տարբերակիչ նշաններ), ծնի ամսաթիվը (երինջ, կով),
է. անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն (պատվաստված և (կամ) ախտորոշված է որևէ հիվանդության նկատմամբ, ամսաթիվը)։
38. Միաժամանակ թվային համապատասխան տեխնիկայի բացակայության կամ տարբեր տեխնիկական խնդիրների դեպքում խումբը, համարակալված ԽԵԿ-ի վերաբերյալ տվյալները սահմանված ժամկետում համակարգ մուտքագրելու նպատակով, ՊՈԱԿ է ներկայացնում գրանցամատյանից քաղվածք։
39. Ելնելով ծրագրի իրականացման մեկնարկային տարվա ծանրաբեռնվածությունից և ԽԵԿ-ի հաշվառման աշխատանքների կազմակերպման օպերատիվությունից՝ համակարգ կմուտքագրվի միայն վերոգրյալ տեղեկատվությունը։ Սակայն հաշվի առնելով «ԱՆԻ ՊԱՍ»-ի ծրագրային ապահովման հնարավորությունները` հետագայում պահանջվող տեղեկատվության շրջանակները կընդլայնվեն` ներառելով տվյալներ համարակալված և հաշվառված ԽԵԿ-ի նախնիների, մթերատվության, տարվող տոհմային աշխատանքների, արոտատեղի վերաբերյալ և այլն։
40. ԽԵԿ համարակալման և հաշվառման գործընթացի կարևոր բաղադրիչն է համակարգից հաշվառված կենդանու դուրս բերումը, որը հիմնականում իրականացվում է կենդանու արտահանման, սպանդի (իրացում մսի, հարկադիր սպանդ) կամ անկման դեպքերում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ)։ Նշված դեպքի վերաբերյալ շահառուն անհապաղ տեղեկատվություն է ներկայացնում խմբին և (կամ) համայնքը սպասարկող անասնաբույժին և 7 օրվա ընթացքում հանձնում կենդանու ականջապիտակը: Սպանդանոցային մորթի դեպքում վերը նշված տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ականջապիտակների հանձնումն իրականացնում է սպանդանոցը։ Հաշվառումից հանված ԽԵԿ-ի ականջապիտակները ՊՈԱԿ-ի կողմից կակտավորվեն և կոչնչացվեն։
41. Ծրագրի ամբողջ ընթացքի, մասնավորապես՝ մրցութային կարգով ձեռք բերված պարագաների մարզային աշխատանքային խմբերին բաշխման, ըստ պլան- ժամանակացույցի աշխատանքների կազմակերպման, հանրապետության ԽԵԿ-ի ամբողջ անասնագլխաքանակի ծրագրում ներգրավման, խմբերի կողմից դաշտային աշխատանքների իրականացման, ժամկետների պահպանման, անհատական համարների ամրագրման, համարակալված կենդանիների հաշվառման և էլեկտրոնային տեղեկատվական բազա տվյալների (այդ թվում՝ սպանդանոցների կողմից) մուտքագրման ճշգրտության և ժամկետների պահպանման, հաշվառումից հանված ականջապիտակների ոչնչացման, սերվերի սպասարկման, ինչպես նաև ժամանակին հաշվետվությունների ներկայացման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն կիրականացնեն նախարարությունը, ՊՈԱԿԸ և ՀՀ ՍԱՏՄ-ն (իրենց լիազորությունների շրջանակներում):
42. Հարկ է նշել, որ համակարգ տվյալների մուտքագրման իրավասություն է ունենալու ՊՈԱԿ-ը (այդ թվում՝ խմբեր) և ՀՀ ՍԱՏՄ-ն (այդ թվում՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն), ինչպես նաև սպանդանոցները՝ սահմանված արտոնությունների շրջանակներում։ Սակայն համակարգը որպես տեղեկատվական հարթակ հասանելի կլինի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ՍԱՏՄ-ի, ՀՀ ՎԿ-ի, ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (համայնքապետարաններ), համայնքը սպասարկող անասնաբույժների, սպանդանոցների և ոլորտային հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների համար (Նկար 3)։
V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
43. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են նախարարությունը, ՊՈԱԿ-ը, ՀՀ ՍԱՏՄ-ն, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները: Մոնիթորինգի մեխանիզմներ անհրաժեշտ են բոլոր բաղադրիչների համար (պարագաների բաշխում, ծառայությունների մատուցում, համարակալման և հաշվառման ստանդարտ գործողությունների իրականացում, թաքնված գլխաքանակի շարժ և (կամ) համակարգում չհաշվառված կենդանիների իրացում), ինչը թույլ կտա գնահատել ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման համակարգի համապատասխանությունը ծրագրով սահմանված գործողությունների ընթացակարգին:
44. Մոնիթորինգը պետք է ընդգրկի հանրապետության ողջ տարածքը: Մոնիթորինգի օբյեկտները՝ վարչատարածքային միավորները, աշխատանքային խմբերը, տավարաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, սպանդանոցները և այլն ընտրվելու են պատահականության սկզբունքով: Մոնիթորինգի հիմնական նպատակն է՝ համակարգում չհաշվառված ԽԵԿ-ի, չհաշվառված նույնականացման համարով ԽԵԿ-ի առկայության, ինչպես նաև շահառուների և ԽԵԿ-ի նույնականացման տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերումը, նույնականացման համարների կրկնողության բացառումը, միևնույն վարչատարածքում (շահառու, տնտեսություն) ԽԵԿ-ի ականջապիտակների պարբերաբար կորուստների պատճառների, ինչպես նաև ԽԵԿ-ի մուտքերի (ծին, ներկրում) և ելքերի (սպանդ, անկումներ, արտահանում) համակարգ մուտքագրման ժամկետների ուսումնասիրումը, ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը և այլն:
45. Համակարգում հաշվառված շահառուների և ԽԵԿ-ի անհատական տվյալների համապատասխանությունը ստուգելու, կենդանիների տեղաշարժը վերահսկելու և առհասարակ ծրագրի տարբեր փուլերում հնարավորինս արագ և միևնույն ժամանակ առավել ամփոփ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով կօգտագործվեն (ՊՈԱԿ-ի, ՀՀ ՍԱՏՄ) QR կոդ կարդացող սարքավորումներ խելացի հեռախոսներ, սկաներներ: Մոնիթորինգային առավել լայնածավալ աշխատանքները կիրականացվեն նաև նախապես մշակված հարցաթերթիկների, մարզային այցելությունների, հարցումների միջոցով:
46. ՊՈԱԿ-ը ծրագրի շրջանակներում պատվիրակված ծառայությունների իրականացման վերաբերյալ ամեն ամիս նախարարություն է ներկայացնում ըստ մարզերի գրանցամատյաններում հաշվառված շահառուների, ԽԵԿ-ի գլխաքանակի, այդ հաշվով բաշխված նույնականացման համարով ականջապիտակների, մատուցված ծառայությունների և հաշվառումից հանված ականջապիտակների ակտավորման և ոչնչացման վերաբերյալ հաշվետվություն:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
47. Ծրագրի իրականացման հիմնական ռիսկերն են՝
1) մեկնարկային տարում նախանշած ծավալների թերակատարումը.
2) շահառուների կողմից ԽԵԿ-ի համարակալման գործընթացի իրականացման խոչընդոտների ստեղծումը.
3) նոր ծնված և համարակալման ենթակա, ինչպես նաև նախրից դուրս բերված ԽԵԿ-ի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և ականջապիտակները խմբերին հանձնման ուշացումները.
4) անձնակազմի կողմից ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման տվյալների՝ համակարգ մուտքագրման տեխնիկական խնդիրները.
5) սերվերի ծրագրային ապահովման խափանումները.
6) ծրագրի հարատևության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը.
7) համապետական սպանդանոցային մորթի անցման ձախողումը։
48. Ծրագրի ռիսկերի մեղմմանն ուղղված միջոցառումները՝
1) տարբեր գերատեսչությունների փոխհամաձայնեցված և համատեղ աշխատանքների իրականացում, ըստ ծանրաբեռնվածության աշխատանքային խմբերի անհրաժեշտ քանակի սահմանում.
2) տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացում.
3) ՀՀ ՍԱՏՄ-ի կողմից վերահսկողության ուժեղացում.
4) անձնակազմի վերապատրաստման դասընթացների անցկացում, համակարգչային ծրագրից օգտվելու ձեռնարկների պատրաստում.
5) համապատասխան ենթակառուցվածքների և մասնագիտական հաստիքների ստեղծում (ՊՈԱԿ, ՀՀ ՍԱՏՄ).
6) ամեն տարի Հայաստանի Հանրապետության կառավարություն «Միջնաժամկետ ծախսային ծրագրերի» ներկայացում, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների (միջազգային դոնոր կազմակերպություններ և այլն) ներգրավում:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ
49. Ծրագիրը ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
50. Ծրագրի ընդհանուր բյուջեն 2020-2023 թվականների համար կազմում է շուրջ 1.44 մլրդ դրամ: 2020 թվականին ծրագրի մեկնարկի համար կպահանջվի շուրջ 750 մլն դրամ (ներառյալ հարկերը):
51. Կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար ծրագրի շրջանակներում ձեռք բերվող մեկ ականջապիտակի հաշվարկային արժեք է ընդունվել շուրջ 315 դրամը, դակիչինը՝ 8000 դրամը, գրանցամատյանին՝ 3000 դրամը: Միաժամանակ մեկ գլուխ ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման ծառայության ծախս է ընդունվել 300 դրամը (Աղյուսակ 6):
52. Հարկ է նշել, որ ծրագրի բյուջեում անհրաժեշտ թվային տեխնիկայի (համակարգիչներ, տպիչներ) գնման ֆինանսական միջոցներ ներառված չեն, քանի որ դրանք որպես հիմնական միջոց նախատեսվում է ձեռք բերել ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի հաշվին:
Աղյուսակ 6
Հայաստանի Հանրապետությունում 2020-2023 թվականներին ԽԵԿ համարակալման և հաշվառման ծրագրի ֆինանսական հաշվարկ
Հ/հ |
Անվանացանկը |
Տարին |
Ընդամենը 2020-2023 թվա-կաններ 1(000 դրամ) | |||||||||||
2020 |
2021 |
2022 |
2023 | |||||||||||
Չափի միավորը (հատ) |
Միավորի արժեքը (դրամ) |
Ընդա-մենը(1000 դրամ) |
Չափի միավորը (հատ) |
Միավորի արժեքը (դրամ) |
Ընդա-մենը (1000 դրամ) |
Չափի միավորը (հատ) |
Միավորի արժեքը (դրամ) |
Ընդա-մենը(1000 դրամ) |
Չափի միավորը (հատ) |
Միավորի արժեքը (դրամ) |
Ընդա-մենը |
|||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
16 |
1. |
Ականջապիտակ |
1,600,000 |
315.3 |
504,480 |
493,000 |
315.3 |
155,443 |
493,000 |
315.3 |
155,443 |
493,000 |
315.3 |
155,443 |
971 |
2. |
Դակիչ |
500 |
8,000 |
4,000 |
55 |
8,000 |
440 |
55 |
8,000 |
440 |
55 |
8,000 |
440 |
5 |
3. |
Գրանցամատյան |
500 |
3,000 |
1,500 |
55 |
3,000 |
165 |
55 |
3,000 |
165 |
55 |
3,000 |
165 |
2 |
4. |
Ծառայությունների մատուցում |
800,000 |
300 |
240,020 |
246,500 |
300 |
73,950 |
246,500 |
300 |
73,950 |
246,500 |
300 |
73,950 |
462 |
5. |
Համարակալված և հաշվառված ԽԵԿ |
800,000 |
- |
- |
246,500 |
- |
- |
246,500 |
- |
- |
246,500 |
- |
- |
- |
Ընդամենը` |
800,000* |
- |
750,000 |
246,500* |
- |
229,998 |
246,500* |
- |
229,998 |
246,500* |
- |
229,998 |
1,439,974* |
* Համարակալված և հաշվառված ԽԵԿ
V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
53. 2020-2023 թվականների ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ՝ տարեկան։
54. Ծրագրի իրականացման արդյունքում՝
1) ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման ինստիտուտի կայացում.
2) նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայություն.
3) հանրապետության ամբողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկում և հետագծելիության բարելավում.
4) կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովում.
5) սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացում, հետագծելիության ապահովում.
6) հանրային առողջության մակարդակի բարձրացում.
7) նախրի կառավարում, տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծում.
8) կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճշգրտության բարձրացում.
9) գյուղատնտեսական այլ կենդանիների համար ռեգիստրի նախադեպի ստեղծում.
10) հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծում.
11) միջազգային չափանիշներին համապատասխան՝ համարակալված և հաշվառված ԽԵԿ։
(54-րդ կետը փոփ. 10.09.20 N 1520-Լ)
55. Հանրապետությունում էլեկտրոնային տեղեկատվական հարթակի միջոցով ԽԵԿ-ի շարժի և տեղաբաշխվածության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպելու առկա արոտավայրերի և խոտհարքների շահագործման կառավարումը։
(հավելվածը փոփ., խմբ. 10.09.20 N 1520-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |