Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.01.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.01.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1440/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1440/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան  

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

 

Ա. Սմբատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Ս. Անտոնյանի

   

Ա. ԲարսեղՅԱՆԻ

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հունվարի 27-ին,

քննարկելով ըստ հայցի «Յունիբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Յուրիկ Առաքելյանի և Մխիթար Վարդիկյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի վրա տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Յուրիկ Առաքելյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Յուրիկ Առաքելյանից և Մխիթար Վարդիկյանից համապարտության կարգով բռնագանձել 68.327,66 ԱՄՆ դոլար` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի վրա, 66.075,27 ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկել և համապարտության կարգով բռնագանձել տարեկան 11,9 տոկոս տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսների գումարը, ինչպես նաև վարկի մայր գումարի ժամկետանց մասի, չվճարված վարկի և տոկոսագումարների նկատմամբ հաշվարկել և համապարտության կարգով բռնագանձել տույժ՝ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0,2 տոկոսի չափով` հաշվարկները կատարելով 25.09.2014 թվականից մինչև պարտավորության դադարման օրը:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Նարինյան) (այսուհետ` Դատարան) 25.06.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.08.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Յուրիկ Առաքելյանի միջնորդությունը մերժվել է, և Դատարանի 25.06.2015 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Յուրիկ Առաքելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը կազմում է ավելի քան 900.000 ՀՀ դրամ, իսկ Յուրիկ Առաքելյանը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում և այդ գումարը վճարելու հնարավորություն չունի: Ուստի Յուրիկ Առաքելյանը պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որը չի անդրադարձել նշված միջնորդությանը` փոխարենը Վերաքննիչ դատարանը պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդության բացակայության պայմաններում որոշում է կայացրել այդպիսի միջնորդությունը մերժելու մասին՝ Յուրիկ Առաքելյանին զրկելով դատական պաշտպանության իրավունքից, ինչպես նաև վերաքննության կարգով դատական ակտի վերանայման հնարավորությունից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 10.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, (...) դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս, իր նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով պետական տուրքի հետ կապված խնդիրներին, մասնավորապես` փաստել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, Արմենակ և Գուլյա Սահակյաններն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ 3-734(ՎԴ) որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 20.12.2007 թվականի վճիռը, գանգատ թիվ 21638/03, կետ 44):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցակցային դատավարության պայմաններում դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, որոշակի դատավարական գործողությունների կատարմանը ձեռնամուխ է լինում միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը հայցում է համապատասխան գործողության կատարումը: Այսինքն` կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներով պայմանավորված դատարանը հանդես է գալիս որպես միայն վեճը լուծող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով: Մասնավորապես` դատարանի կողմից դատավարական որոշակի գործողությունների կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի շահագրգիռ անձը գրավոր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև բանավոր, հայցի համապատասխան գործողության կատարումը: Հետևաբար, համապատասխան միջնորդության առկայությունն այն նախապայմանն է, որը վկայում է շահագրգիռ անձի կողմից համապատասխան գործողության հայցման մասին, ինչն էլ դատարանի կողմից պետք է ենթակա լինի քննության: Մյուս կողմից, քաղաքացիադատավարական հարաբերությունները ծավալվում և գործառնում են տնօրինչականության սկզբունքի շրջանակներում: Քաղաքացիադատավարական այս սկզբունքի բովանդակությունը ներառում է այն դատավարական իրավունքները, որոնք թույլ են տալիս կանխորոշել դատական պաշտպանության առարկան և ազդել դատավարության ուղղվածության և ընթացքի վրա: Տնօրինչականության սկզբունքի դրսևումներից է դատական ակտի բողոքարկումը: Օրենսդիրն այդ իրավունքի իրացումը, ի թիվս այլ պայմանների, պայմանավորել է օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու հանգամանքով կամ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պետական տուրքի գծով որևէ կոնկրետ արտոնության հայցմամբ: Հետևաբար այն դեպքում, երբ անձը, իրացնելով իր բողոքարկման իրավունքը, դրա շրջանակներում հայցում է պետական տուրքի գծով որևէ արտոնություն, շահագրգիռ անձի նման իրավունքին համապատասխանում է դատարանի` այդ իսկ միջնորդությունը քննելու և լուծելու պարտականությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանը որոշում է կայացնում միայն համապատասխան միջնորդության կամ դիմումի առկայության պարագայում և դրա քննարկման արդյունքում կարող է լուծում տալ բացառապես միջնորդության կամ դիմումի մեջ բարձրացված հարցին (հարցերին), հետևաբար, ներկայացված միջնորդության քննարկման արդյունքներով դատարանի կողմից չի կարող լուծում տրվել մի հարցի, որը չի բարձրացվել շահագրգիռ անձի կողմից, չի բխում դրա բովանդակությունից:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենսդրությամբ նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված կոնկրետ հարցի որոշակի և վերջնական լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին միանշանակորեն համապատասխանում է տվյալ միջնորդության մեջ շարադրված հարցի քննարկման արդյունքներով հստակ եզրահանգումներ պարունակող որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Հետևաբար այն դեպքում, երբ շահագրգիռ անձը, միջնորդություն ներկայացնելով, հայցում է պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ արտոնություն, դատարանը պետք է քննության առարկա դարձնի և որոշում կայացնի բացառապես այդ հարցերից որևէ մեկ վերաբերյալ (տե´ս, նաև Նունե Աբրահամյանն ընդդեմ Արամ Գրձելյանի թիվ ԵԿԴ/2953/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի ուժով դատարանները կարող են քննարկել պետական տուրքի գծով արտոնություններ կիրառելու հարցը և այդ հարցով համապատասխան որոշում կայացնել դատավարության մասնակցի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության ներկայացման դեպքում: Ընդ որում, դատարաններն իրավասու են քննարկելու և սահմանելու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված այն արտոնությունը, որի կիրառման վերաբերյալ միջնորդել է համապատասխան դատավարության մասնակիցը: Այսինքն՝ դատարանները չեն կարող պետական տուրքի գծով օրենքով սահմանված արտոնությունները քննարկել և կիրառել իրենց հայեցողությամբ. դատարանը, դատավարության մասնակցի միջնորդության հիման վրա քննարկելով պետական տուրքի գծով օրենքով սահմանված արտոնություններից կոնկրետ որևէ մեկը կիրառելու հարցը, այդ միջնորդության բավարարման դեպքում պետք է որոշում կայացնի բացառապես այն արտոնությունը սահմանելու կամ չսահմանելու հարցի վերաբերյալ, որը պահանջվել է կիրառել ներկայացված միջնորդությամբ:

Սույն գործով Յուրիկ Առաքելյանի կողմից 29.07.2015 թվականին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 5-8)։

Վերաքննիչ դատարանի 10.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ Յուրիկ Առաքելյանի միջնորդությունը մերժվել է, և Դատարանի 25.06.2015 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Վերաքննիչ դատարանն իր այդ որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) տվյալ դեպքում ներկայացված վերաքննիչ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջին, քանի որ (...) պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունն անհիմն է (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 11)։

Փաստորեն, տվյալ դեպքում պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին Յուրիկ Առաքելյանի կողմից ներկայացված միջնորդությունը վերաբերել է պետական տուրքի վճարումը հետաձգելուն, իսկ Վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը քննարկել և «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ լուծել է պետական տուրքի վճարումից ազատելու մասին բողոք բերած անձի միջնորդությունը մերժելու հարցն այդպիսի միջնորդության բացակայության պայմաններում:

Վերը նշված մեկնաբանությունների և իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Յուրիկ Առաքելյանը, Վերաքննիչ դատարան ներկայացնելով պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն, ակնկալել է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում, որը պետք է դրսևորվեր Վերաքննիչ դատարանի կողմից պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդության կամ բավարարման, կամ մերժման եղանակով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կայացնելով  պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատական ակտ, դրանով իսկ անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Յուրիկ Առաքելյանի կողմից ներկայացված միջնորդությունն այդպես էլ քննության չի առնվել և լուծում չի ստացել:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Յուրիկ Առաքելյանի պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից քննության առնելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, որից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է որոշել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյանի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան