Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0074/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0074/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան  

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան

 

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. ԲարսեղՅԱՆԻ

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2016 թվականի հունիսի 29-ին,

քննարկելով Վահագն Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Վահագն Պետրոսյանի, երրորդ անձ Մարինե Մկրտչյանի` վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին, 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Վահագն Պետրոսյանից բռնագանձել 27.01.2010 թվականին կնքված թիվ V10-001099 վարկային պայմանագրի խախտման հետևանքով ընդհանուր 6.571.064 ՀՀ դրամ, 4.749.908,40 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ` սկսած 13.02.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ներառյալ` 27.01.2010 թվականի վարկային պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված տարեկան 26 տոկոսադրույքով, բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող գույքի` ՀՀ Արագածոտնի մարզի Վ. Սասնաշեն գյուղում գտնվող 322,28քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան, 1,51հա ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասի և 235,2քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինության վրա, ինչպես նաև Վահագն Պետրոսյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը: 

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է` Վահագն Պետրոսյանից հօգուտ Բանկի բռնագանձել 27.01.2010 թվականին կնքված թիվ V10-001099 վարկային պայմանագրի խախտման հետևանքով ընդհանուր 6.571.064 ՀՀ դրամ, 4.749.908,40 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ` սկսած 13.02.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող գույքի` ՀՀ Արագածոտնի մարզի Վ. Սասնաշեն գյուղում գտնվող 322,28քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան, 1,51հա ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասի և 235,2քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինության վրա, ինչպես նաև Վահագն Պետրոսյանից հօգուտ Բանկի բռնագանձել 131.421,30 ՀՀ դրամ` որպես Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2015 թվականի «02.10.2014 թվականի ԱՐԱԴ2/0074/02/14 վճռի մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը քննության առնելու մասին» որոշմամբ որոշվել է. «Ուղղել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2014 թվականին կայացված թիվ ԱՐԱԴ2/0074/02/14 վճռի` «դատավարական նախապատմություն», «Հայցվորի իրավական դիրքորոշում» և «եզրափակիչ» հատվածներում թույլ տված վրիպակը, այն է` «Ինչպես նաև 4.749.908,40 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ` սկսած 13.02.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ» նախադասությունում ավելացնել «հիմք ընդունելով 27.01.2010 թվականի վարկային պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված տարեկան 26 տոկոս տոկոսադրույքով»: Առանց վրիպակի կատարողական թերթ տրամադրելու պահանջը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2015 թվականի որոշմամբ Վահագն Պետրոսյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ որոշմամբ նշված թերությունները վերացնելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.11.2015 թվականի որոշմամբ Վահագն Պետրոսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահագն Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետը բողոքաբերին` որպես ֆիզիկական անձի, չի վերաբերում, քանի որ  «Վճռի մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու և կատարողական թերթ տրամադրելու մասին պահանջը» չի մտնում վերը նշված հոդվածով սահմանված արտոնությունների մեջ` բողոքաբերին վերագրելով հայցվորի կամ պահանջատիրոջ կարգավիճակ և անտեսելով այն հանգամանքը, որ Բանկն է նման պահանջով դիմել դատարան, այլ ոչ թե բողոքաբերը` որպես պատասխանող կողմ:

Վերոնշյալի արդյունքում Վերաքննիչ դատարանն անհիմն սահմանափակել է բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը՝ խաթարելով արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքը:

Բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի  «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման դեպքում պետական տուրք վճարելու հարցի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում,  բ) պետական տուրքի նվազեցում, գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունից անձն ազատվում է օրենքի ուժով, որով բացառվում է այդ պարտականությունից անձին ազատելու հայեցողական մոտեցումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով պետական տուրքի հետ կապված խնդիրներին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, Արմենակ և Գուլյա Սահակյաններն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի թիվ 3-734(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից:  Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն, ելնելով կողմերի գույքային դրությունից, անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու համար անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին` գույքային և ոչ գույքային պահանջների համար գանձվող պետական տուրքերի առնչությամբ, նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ պետական տուրքի հաշվարկման հիմքն այն գույքային կամ ոչ գույքային պահանջն է, որով անձը դիմել է դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով` արդյունքում ակնկալելով ներկայացված պահանջի ըստ էության քննություն և լուծում: Այսինքն` գործող իրավակարգավորման պայմաններում պետական տուրքի գանձում իրականացվում է ոչ թե դատարանի ցանկացած գործողության, այլ այն գործողությունների համար, որոնց արդյունքում վերջնական դատական ակտի կայացմամբ քննարկվում և լուծվում է ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջը: Հետևաբար այն դեպքում, երբ դատարան դիմած անձը հայցում է դատարանի որևէ գործողության իրականացում, որն անմիջականորեն պայմանավորված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ, այլ ուղղված է վարույթի կանոնավոր ընթացքն ապահովելուն, թեկուզև այդ գործողության հայցումն իրականացվում է բողոքարկման ընթացակարգի միջոցով, այնուամենայնիվ, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը, օրինակ` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման պարագայում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Վահագն Պետրոսյանի և երրորդ անձ Մարինե Մկրտչյանի` պահանջելով Վահագն Պետրոսյանից բռնագանձել 27.01.2010 թվականին կնքված թիվ V10-001099 վարկային պայմանագրի խախտման հետևանքով ընդհանուր 6.571.064 ՀՀ դրամ, 4.749.908,40 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ` սկսած 13.02.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ներառյալ` 27.01.2010 թվականի վարկային պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված տարեկան 26 տոկոսադրույքով, բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող գույքի` ՀՀ Արագածոտնի մարզի Վ. Սասնաշեն գյուղում գտնվող 322,28քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան, 1,51հա ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասի և 235,2քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինության վրա, ինչպես նաև Վահագն Պետրոսյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը (հատոր 1-ին, գ.թ. 2-6):

Դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ Բանկի հայցի ընդդեմ Վահագն Պետրոսյանի, երրորդ անձ Մարինե Մկրտչյանի` վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին, 02.10.2014 թվականի վճռով հայցը բավարարել է, այն է` վճռել է Վահագն Պետրոսյանից հօգուտ Բանկի բռնագանձել 27.01.2010 թվականին կնքված թիվ V10-001099 վարկային պայմանագրի խախտման հետևանքով ընդհանուր 6.571.064 ՀՀ դրամ, 4.749.908,40 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ` սկսած 13.02.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող գույքի` ՀՀ Արագածոտնի մարզի Վ. Սասնաշեն գյուղում գտնվող 322,28քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան, 1,51հա ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասի և 235,2քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինության վրա, ինչպես նաև Վահագն Պետրոսյանից հօգուտ Բանկի բռնագանձել 131.421,30 ՀՀ դրամ` որպես Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գ.թ. 117-121):

04.08.2015 թվականին Բանկը ներկայացրել է դիմում Դատարանի 02.10.2014 թվականի վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու և առանց վրիպակի կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին (հատոր 3-րդ, գ.թ. 1-2):

Դատարանը 24.09.2015 թվականի որոշմամբ, քննության առնելով վերոնշյալ դիմումը, որոշել է. «Ուղղել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2014 թվականին կայացված թիվ ԱՐԱԴ2/0074/02/14 վճռի` «դատավարական նախապատմություն», «Հայցվորի իրավական դիրքորոշում» և «եզրափակիչ» հատվածներում թույլ տված վրիպակը, այն է` «Ինչպես նաև 4.749.908,40 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ` սկսած 13.02.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ» նախադասությունում ավելացնել «հիմք ընդունելով 27.01.2010 թվականի վարկային պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված տարեկան 26 տոկոս տոկոսադրույքով»: Առանց վրիպակի կատարողական թերթ տրամադրելու պահանջը մերժել» (հատոր 3-րդ, գ.թ.   33-35):

Դատարանի 24.09.2015 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Վահագն Պետրոսյանը, միաժամանակ միջնորդել է հետաձգել օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը և  այդ հարցը լուծել դատական ակտով (հատոր 3-րդ, գ.թ. 50-56):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2015 թվականի որոշմամբ Վահագն Պետրոսյանի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի ներկայացրել որևէ վերաբերելի և բավարար ապացույց իր գույքային ծանր դրության վերաբերյալ, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ որոշմամբ նշված թերությունները վերացնելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 62):

23.11.2015 թվականին Վահագն Պետրոսյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ նշելով, որ ինքը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, խնդրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով վերաքննիչ բողոքը համարել ընդունված (հատոր 3-րդ, գ.թ. 73-74):   

Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշմամբ Դատարանի 24.09.2015 թվականի «02.10.2014 թվականի թիվ ԱՐԱԴ2/0074/02/14 վճռի մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը քննության առնելու մասին» որոշման դեմ Վահագն Պետրոսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հիմքով, այն է` բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում: Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ վճռի մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու և կատարողական թերթ տրամադրելու մասին պահանջը չի մտնում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետով սահմանված արտոնությունների ցանկի մեջ, ուստի բողոքաբերի կողմից չեն վերացվել վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները (hատոր 3-րդ, գ.թ. 76):

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ սույն գործով բողոքաբերը չունի պետական տուրքի վճարման պարտականություն` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը: Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը: Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում: Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով: Նույն հոդվածի 11-ին կետի համաձայն` այն որոշումները, որոնք նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ենթակա են բողոքարկման, կայացվում են առանձին ակտի ձևով:

Սույն գործով Բանկը դիմում է ներկայացրել Դատարան` 02.10.2014 թվականի վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու և առանց վրիպակի կատարողական թերթ տրամադրելու պահանջով, որի քննության արդյունքում Դատարանը որոշում է կայացրել իր կողմից կայացված վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու վերաբերյալ: Դատարանի վերոնշյալ որոշումը հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որի բողոքարկման պարագայում բողոքաբերը, տվյալ դեպքում` Վահագն Պետրոսյանը, վերոնշյալ իրավական դիրքորոշման ուժով ազատված է պետական տուրքի վճարման պարտականությունից:  

Հետևաբար քննարկվող պարագայում առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հիմքը, և Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան