ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1213/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1213/02/08 |
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
Դատավորներ՝ |
Ն. Բարսեղյան |
Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ |
2010 թվականի մայիսի 19-ին
քննարկելով Իզաբել Փարսադանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Դոնարա Սարգսյանի ընդդեմ Հակոբ Կարապետյանի, Երևանի Կենտրոն թաղապետարանի, երրորդ անձինք Բրաբիոնա Շահինյանի և Իզաբել Փարսադանյանի` օրդերի իսկությունը հաստատելու, 8.6քմ բնակելի մակերեսի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և ընդհանուր կոմունալ հարմարությունների կարգ սահմանելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` օրդերի իսկությունը հաստատելու և կոմունալ հարմարությունների ընդհանուր կարգ սահմանելու մասով, իսկ 8.6քմ մակերեսի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2010 թվականի որոշմամբ Իզաբել Փարսադանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` արձանագրելով թույլ տրված խախտումը վերացվելուց հետո երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորության մասին։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.02.2010 թվականի որոշմամբ Իզաբել Փարսադանյանի և Բրաբիոնա Շահինյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իզաբել Փարսադանյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի պահանջները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձինք միջնորդել են վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչել և այն վերականգնել։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննության ընդունելու բացառիկ կանոնը, այն փաստը, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 20.08.2001 թվականի վճռով Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 40, 41, 42 բնակարանների վիճելի կոմունալ հարմարություններն արդեն իսկ թողնվել են Բրաբիոնա Շահինյանի և Իզաբել Փարսադանյանի օգտագործմանը, սույն գործի քննությամբ կրկին անդրադարձել է այդ հարցին և սահմանել է այդ կոմունալ հարմարություններից օգտվելու նոր կարգ: Այսինքն` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված հարցը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված լինելու պայմաններում սույն գործով Դատարանը կրկին անդրադարձել է դրան։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրդերի իսկությունը հաստատելու պահանջն ընդհանրապես դատարանի քննությանը ենթակա չէ, մինչդեռ Դատարանը քննության է առել և բավարարել է նաև այդ պահանջը։
Վերը նշվածով հիմնավորվում է Դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ թույլ տալու հանգամանքը, ինչի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 04.02.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը, գործին մաuնակցող անձի դիմումի հիման վրա, նույն oրենuգրքով կամ այլ oրենքներով uահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը 21.01.2010 թվականի որոշմամբ վերադարձրել է Դատարանի 22.09.2009 թվականի վճռի դեմ Իզաբել Փարսադանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը խախտելու՝ վերաքննիչ բողոքի պատճենը գործին մասնակցող ոչ բոլոր անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույց վերաքննիչ բողոքին կցված չլինելու, պատճառաբանությամբ։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու մասին վերաքննիչ բողոք ներկայացրած անձի միջնորդություններին կանդրադառնա որոշման մեջ նշված թերությունները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված։ Բողոքը կրկին ներկայացնելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Վերաքննիչ դատարանը 04.02.2010 թվականի որոշմամբ վերադարձրել է վերը նշված խախտումը վերացնելուց հետո ներկայացված Իզաբել Փարսադանյանի, ինչպես նաև Բրաբիոնա Շահինյանի վերաքննիչ բողոքը` արձանագրելով, որ վերջիններիս միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին չի կարող բավարարվել, քանի որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառների մասին որևէ ապացույց միջնորդությանը կից չի ներկայացվել։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն։
Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 29.11.2007 թվականի թիվ 21638/03 վճիռը, կետ 44)։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ժուֆր դե լա Պրադելի գործով, հղում կատարելով Ֆիլեսի գործին, նշել է. «Դատարանը կրկին հաստատում է, որ 6-րդ հոդվածով ամրագրված դատարան դիմելու իրավունքը բացարձակ բնույթ չունի։ Այն կարող է սահմանափակվել, սակայն այդ սահմանափակումները չպետք է անհատի` դատարան դիմելու իրավունքն այն աստիճան կամ այն կերպ դժվարացնեն, որ դրանք վնաս պատճառեն այդ իրավունքի էությանը։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են վերաքննիչ բողոք բերած անձանց՝ Իզաբել Փարսադանյանի և Բրաբիոնա Շահինյանի, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության, արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքները, ինչպես նաև չի ապահովվել առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերադաս դատարանի կողմից վերանայման հնարավորությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի` գործն ըuտ էության լուծող oրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 20.08.2001 թվականի վճռով արդեն իսկ լուծվել է Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 40, 41, 42 բնակարանների կոմունալ հարմարությունների հարցը՝ դրանք թողնվել են Բրաբիոնա Շահինյանի և Իզաբել Փարսադանյանի օգտագործմանը (հ.5, գ.թ.104-110, հ.6, գ.թ. 46-48), սույն գործով կայացված վճռով նշված բնակարանների կոմունալ հարմարությունների նկատմամբ սահմանել է այլ` ընդհանուր, օգտագործման կարգ։ Բացի այդ, Դատարանը քննել և վճռով հաստատել է Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 41 բնակարանի օրդերի իսկությունը, այնինչ այդ պահանջն ընդհանրապես ենթակա չէր դատարանում քննության։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ինչպես Իզաբել Փարսադանյանի 24.12.2009 թվականի, այնպես էլ Իզաբել Փարսադանյանի և Բրաբիոնա Շահինյանի 01.02.2010 թվականի վերաքննիչ բողոքներում առկա վերը նշված փաստերի մասին վերաքննիչ բողոքի հիմքերն ու դրանց հիմնավորումները և այն հանգամանքը, որ Դատարանի 22.09.2009 թվականի վճռով թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, վերադարձրել է վերաքննիչ բողոքը՝ անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|