Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.09.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.09.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1277/05/15
2015 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1277/05/15 

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի սեպտեմբերի 02-ին

քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Տիգրան Աթանեսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

ՀՀ վարչական դատարան (այսուհետ` Դատարան) ներկայացրած դիմումով Տիգրան Աթանեսյանը պահանջել է.

- ոչ իրավաչափ ճանաչել Երևանի ավագանու 10.12.2013 թվականի «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2014 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 89-Ն որոշման 1-ին մասի 14-րդ կետի «գ» ենթակետի 5-րդ պարբերության փակագծերում առնված (մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) բառերը,

- անվավեր ճանաչել Երևանի ավագանու 23.12.2014 թվականի «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու  մասին» թիվ 264-Ն որոշման 1-ին մասի 14-րդ կետի «գ» ենթակետի 5-րդ պարբերության փակագծերում առնված (մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) բառերը:

Դատարանի (նախագահող դատավոր` Գ. Սոսյան, դատավորներ` Մ. Համբարձումյան,  Ալ. Հարությունյան, Գ. Առաքելյան, Մ. Մելքումյան) 20.04.2015 թվականի որոշմամբ դիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.05.2015 թվականի որոշմամբ Տիգրան Աթանեսյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Աթանեսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել և կիրառել  նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը, 194-րդ հոդվածի 1-ին մասը, 196-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից փաստացի, ըստ էության, չի քննվել վերաքննիչ բողոքը և միակ պատճառաբանությունն այն է, որ վերաքննիչ բողոքը պետք է քննվի այն նույն դատարանի կողմից՝ ՀՀ վարչական դատարանի, որը կայացրել է վիճարկվող միջանկյալ դատական ակտը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով չի սահմանվել որևէ ընթացակարգ, թե ՀՀ վարչական դատարանն ինչպես պետք է քննության առնի իր իսկ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները,  և ակնհայտ է, որ այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է և գործում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, ապա վերաքննիչ բողոքները պետք է քննվեն հենց այդ դատարանի կողմից: 

Բացի այդ, «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 20.04.2015 թվականի  որոշման եզրափակիչ մասում Դատարանը նշել է, որ այդ որոշումը կարող է բողոքարկվել  հենց  Վերաքննիչ դատարան, այլ ոչ թե՝ Դատարան:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 11.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության մասին Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

արդյո±ք նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտը վերաքննության կարգով նույն դատարանի կողմից վերանայման ենթակա լինելու մասին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածում ամրագրված  իրավակարգավորումը համապատասխանում է բողոքարկման իրավունքի գործնականում իրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումների համակարգային տրամաբանությանն ու իրավաչափ նշանակությանը՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով նախատեսված՝ անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, արդար դատաքննության տարր հանդիսացող` դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորվածությունը և լիարժեք իրացման պատշաճ կառուցակարգերի անհրաժեշտությունը, ինչպես նաև դատական պաշտպանության ինստիտուտի էության ու բովանդակության, դրա օրենսդրական կարգավորման արդյունավետության ու սահմանադրականության խնդիրների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 և 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի մեկնաբանությանը` նպատակ ունենալով ապահովելու դատարանների կողմից այդ նորմի միատեսակ կիրառությունը և նպաստելու դրա վերաբերյալ նախադեպային իրավունքի զարգացմանը (տե´ս, Անահիտ Եփրեմյանի հայցն ընդդեմ  ՀՀ կառավարության թիվ ՎԴ/6478/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա չէ որևէ հիմք` փոխելու նշված դիրքորոշումը, հետևաբար անհրաժեշտ է համարում վերահաստատել այն:

Հիշատակված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածում սահմանված իրավակարգավորումը չի համապատասխանում ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-719, ՍԴՈ-780 և ՍԴՈ-1037  որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև չի համապատասխանում իրավական որոշակիության, ճշգրտության և կանխատեսելիության պարտադիր որակներին և հիմք ընդունելով Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության հիմնարար սկզբունքները, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, դատական բողոքարկման իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշները, ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ իրավական համակարգում ներդրված դատական բողոքարկման ընդհանուր հայեցակարգային մոտեցումները և նպատակ ունենալով բողոքարկման իրավունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները ներդնել իրավակիրառ պրակտիկայի հիմքում, արձանագրել է.

1. նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով` վարչական վերաքննիչ դատարան,

2. նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները ենթակա են քննության և լուծման վարչական վերաքննիչ դատարանի կողմից կոլեգիալ` 5 դատավորի կազմով,

3. նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկումն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված միջանկյալ դատական ակտերի բողոքարկման համար սահմանված ընդհանուր իրավակարգավորումներով` այնքանով, որքանով դրանք վերաբերելի են խնդրո առարկա որոշմանը:

Վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է ներքոշարադրյալ իրավական վերլուծությամբ:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

 ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով։

ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի համաձայն՝ վարչական վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վարչական դատարանի կայացրած դատական ակտերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մաuին.

2) հայցադիմումը վերադարձնելու մաuին.

3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մաuին.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մաuին.

5) վրիպակները, գրաuխալները կամ թվաբանական uխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մաuին.

6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մաuին.

7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մաuին.

8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.

9) նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.

10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.

11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են վերաքննիչ դատարան։  Բողոք բերողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է դատավարության մասնակիցներին, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ նույն գլխով նախատեսված գործերը, ինչպես նաև այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին:

Օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության հիմնարար սկզբունքների գործնականում իրացումն իրավակիրառ պրակտիկայում, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանել է, որ ՀՀ իրավական համակարգում օրենքները, ոչ միայն պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, այլ նաև չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին: ՀՀ սահմանադրական դատարանը, իր 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշման մեջ անդրադառնալով օրենքների՝ Սահմանադրական դատարանի որոշումներին համապատասխանելու իրավական խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2- րդ մասը միանշանակ սահմանում է, որ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին», իսկ վերջիններս իմաստ ու բովանդակություն են ստանում, դառնում են իրավունքի աղբյուր իրենց ամբողջականության մեջ՝ հիմքում ունենալով սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է արդարադատության մատչելիության և արդյունավետության հիմնախնդիրներին` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածներով, Կոնվենցիայում և միջազգային իրավական այլ փաստաթղթերում ամրագրված հիմնադրույթներով:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

ՀՀ սահմանադրական դատարանի 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:

ՀՀ սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն`բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունն ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության, ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Սակայն դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել  դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացմանն արգելք հանդիսանալ:

Վերոհիշյալ իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունում սահմանված է դատական եռաստիճան համակարգ, որը գործում է դատական ներհամակարգային աստիճանակարգության հիման վրա, ինչը ենթադրում է վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման հնարավորություն:

Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է վարչական արդարադատության բնագավառում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները, ՀՀ դատական օրենսգրքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է վարչական դատարանի և վարչական վերաքննիչ դատարանի կառուցվածքային առանձնահատկությունները և գործառութային հատկանիշներն ու հնարավորությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է նաև Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկի` բողոքարկման իրավունքի իրականացման կարգը և պայմանները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում օրենսդիրն ամրագրել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Բողոքարկումն այն իրավական միջոցն է, որը հնարավորություն է տալիս անձին անմիջական կարգով բողոքարկելու վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու մյուս հնարավորությունը «հետաձգված բողոքարկումն» է: Նախատեսելով, որ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերվում է վարչական վերաքննիչ դատարան, միաժամանակ, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ օրենսդիրը նախատեսել է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ ՀՀ իրավական համակարգում ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենսդիրը, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ նախատեսելով բացառություն, կարգավորել է բացառապես երկու հարց. նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող մարմնի, ինչպես նաև այդ մարմնի կազմի հետ կապված հարցերը: Իսկ մի շարք այլ կարևոր հարցեր, ինչպիսիք են վերաքննիչ բողոքների քննության կարգը, այդ բողոքները քննելու ընթացքում վարչական դատարանի լիազորությունները, բողոքների քննության արդյունքում ընդունվելիք ակտերի հնարավոր տարբերակներն առհասարակ կարգավորված չեն: Այսպիսով, օրենսդիրը նախատեսելով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը վարչական վերաքննիչ դատարանում անմիջականորեն բողոքարկելու իրավունքը, վերապահում է կատարել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքների հարցում, միաժամանակ, չկարգավորելով, թե ինչ ընթացակարգով է վարչական դատարանը քննելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները:

Թիվ ՎԴ/6478/05/14 գործով քննության առարկա հարցը դիտարկելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առաջին՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վարչական վերաքննիչ դատարանում բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն արգելափակում է ոչ միայն դատարանի մատչելիության իրավունքը, այլև անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտը վերադաս դատարանում բողոքարկման իրավունքից:  Երկրորդ`նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ  բացառություն նախատեսելիս ամբողջապես հաշվի չեն առնվել ՀՀ սահմանադրական դատարանի վերը հիշատակված հստակ և հետևողական իրավական դիրքորոշումները։ Օրենսդիրը բավարար հետևողականություն չի ցուցաբերել քննության առարկա հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին ներդաշնակ և համահունչ օրենսդրական կանոնակարգումները զարգացնելու առումով, ինչպես նաև չի ապահովել իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, ճշգրտության և կանխատեսելիության որակները: Երրորդ` դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությանը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները կամ դրանց գործնականում իրացման արգելք հանդիսանալ: Ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու լիազորությունների իրականացման համար, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը՝ նյութական և ընթացակարգային օրենսդրական այնպիսի կարգավորումը, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը: Նշված համատեքստում Վճռաբեկ դատարանը հատուկ կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և գործնականում կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը, ինչն անհրաժեշտ է դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքության համար:

Այսպիսով, վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերադաս դատական ատյանում բողոքարկման իրավունքի երաշխավորումը կընդլայնի դատական պաշտպանության արդյունավետության և օբյեկտիվության նկատմամբ հանրային վստահությունը, կապահովի խախտված իրավունքների լիարժեք վերականգնման հնարավորությունը, թույլ կտա վերադաս ատյանի դատարանին վերացնել ստորին ատյանի թույլ տված դատական սխալները, ուղղված կլինի վերադաս դատական ատյանների մատչելիության ապահովմանը և կնպաստի դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական բողոքարկման իրավունքը վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման՝ անձի իրավունքն է, որը հետևողականորեն պետք է իր արտացոլումը գտնի իրավակիրառ պրակտիկայում:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 11.05.2015 թվականի որոշմամբ Դատարանի 20.04.2015 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Տիգրան Աթանեսյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով, այն է` բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին: Իր այդ դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ գլխով (վարույթը վերաքննիչ դատարանում) Վերաքննիչ դատարանին ընձեռված չէ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննարկման և լուծման լիազորություն, վերը նշված իրավանորմերի ուժով հաստատվում է, որ այն ընդգրկված է ՀՀ վարչական դատարանի լիազորությունների շրջանակում, հետևաբար Վերաքննիչ դատարանը իրավասու չէ քննելու և լուծելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները: Ամբողջ վերը նշվածի հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման (...)» (գ.թ. 64):

Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության մասին վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելության պատշաճ իրացման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանի 20.04.2015 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը չի կարող համարվել վերաքննիչ դատարանում բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ: Սույն գործով դատավարության մասնակիցները պետք է հնարավորություն ունենան վիճարկելու այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, և նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտը վերադաս դատական ատյանում բողոքարկելու իրավունքից: Այլ կերպ ասած` սույն գործով դատավարության մասնակիցներին չի կարելի զրկել Դատարանի 20.04.2015 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տիգրան Աթանեսյանն ունի Դատարանի 20.04.2015 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունք, որը վերջինս արդեն իրացրել է` Վերաքննիչ դատարան ներկայացնելով համապատասխան վերաքննիչ բողոք:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքով Տիգրան Աթանեսյանը չի բողոքարկել այնպիսի դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման, քանի որ տվյալ անձը վերադաս դատական ատյանում այդ դատական ակտի օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու իրավական հնարավորություն պետք է ունենա: Հետևաբար տվյալ դեպքում առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքը, և Վերաքննիչ դատարանի 11.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.05.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին»  որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան