Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.01.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 05-1576 

Քաղաքացիական գործ թիվ 05-1576
2011թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան 

Դատավորներ՝

Ս. Թորոսյան

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Աբելյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հունվարի 26-ին

քննարկելով Սամվել Ավետյանի իրավահաջորդ Ռիմա Ավետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հակոբ Թասլակյանի ընդդեմ Լևոն Բայանդուրյանի, Սամվել Ավետյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու, իր բաժին հողն առանձնացնելու և ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հակոբ Թասլակյանը պահանջել է առանձնացնել Երևանի Պռոշյան թիվ 3 հասցեում գտնվող իր կողմից փաստացի օգտագործվող տարածքը և ճանաչել իր սեփականության իրավունքն այդ տարածքի վրա կառուցած ինքնակամ շինության նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.04.2005 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.06.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 23.09.2005 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.06.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2005 թվականի «Թիվ 05-1576 17.06.2005թ. վճռի թվաբանական սխալն ուղղելու և վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ որոշվել է`«Վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերում 404,0քմ տարածքի փոխարեն կարդալ 360,7քմ և պարզաբանել, որ պետք է առանձնացնել Հակոբ Թասլակյանի կողմից փաստացի օգտագործվող և օրենքի ուժով նրա սեփականությունը դարձած ք. Երևան, Պռոշյան 3 հասցեում գտնվող 360,7քմ հողատարածքը, որից 123,7քմ տան տակի հողն է, 237քմ հողատարածքն է, որը ծանրաբեռնված է 44,0քմ ինքնակամ շինությամբ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.07.2010 թվականի որոշմամբ Սամվել Ավետյանի իրավահաջորդ Ռիմա Ավետյանի դիմումը` «17.06.2005 թվականի թիվ 05-1576 վճռի թվաբանական սխալն ուղղելու և վճիռը պարզաբանելու մասին» 21.11.2005 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու մասին մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Ավետյանի իրավահաջորդ Ռիմա Ավետյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հակոբ Թասլակյանի իրավահաջորդ Ռուզաննա Շահբազյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, մերժելով վրիպակն ուղղելու մասին դիմումը, պատճառաբանել է, որ նախկինում վճռի թվաբանական սխալն արդեն իսկ ուղղվել է, իսկ նշված որոշման մեջ վրիպակ թույլ չի տրվել: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2005 թվականի «Թիվ 05-1576 17.06.2005թ. վճռի թվաբանական սխալն ուղղելու և վճիռը պարզաբանելու մասին» որոշման «Որոշեց» մասում չի նշվել, որ 360,7քմ հողամասից 11,4քմ ընդհանուր օգտագործման հողամաս է, 123,7քմ ոչ թե մի սեփականատիրոջը պատկանող տան տակի հողամասն է, այլ համասեփականատերերին պատկանող բնակելի տան տակի հողամասը: Փաստորեն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2005 թվականի որոշմամբ ստացվել է այնպես, որ վճռով առանձնացված հողատարածքում ընդգրկվել է նաև մյուս համասեփականատերերի, այդ թվում նաև Լևոն Բայանդուրյանի և Սամվել Ավետյանի կողմից ընդհանուր օգտագործվող հողը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.07.2010 թվականի որոշումը և ուղղել «Թիվ 05-1576 17.06.2005թ. վճռի թվաբանական սխալն ուղղելու և վճիռը պարզաբանելու մասին» որոշման մեջ թույլ տված վրիպակը, այն է` որոշման «Որոշեց» մասում կարդալ «Ուղղել 17.06.2005թ. թիվ 05-1576 վճռի թվաբանական սխալը` վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերում 404,0քմ տարածքի փոխարեն կարդալ 360,7քմ և պարզաբանել, որ պետք է առանձնացնել Հակոբ Թասլակյանի կողմից փաստացի օգտագործվող ք. Երևան Պռոշյան 3 հասցեում գտնվող 225,6քմ հողատարածքը, իսկ 360,7քմ հողամասից 11,4քմ ընդհանուր է օգտագործվում համասեփականատերերի կողմից, իսկ 123,7քմ-ն համասեփականատերերին պատկանող տան տակի հողն է»։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2005 թվականի «Թիվ 05-1576 17.06.2005թ. վճռի թվաբանական սխալն ուղղելու և վճիռը պարզաբանելու մասին» որոշումը պատասխանողները մինչև 2008 թվականի հուլիս ամիսը չեն բողոքարկել, և մինչ օրս ներկայացրած բողոքների նպատակը վճռի կատարման համար խոչընդոտներ առաջացնելն է:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:

Սույն գործում առկա է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 04.11.2005 թվականի թիվ Ել-8105 գրությունը, որի համաձայն` Հակոբ Թասլակյանի սեփականության իրավունքի գրանցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.06.2005 թվականի վճռով առանձնացվել է 404,0քմ հողամաս, սակայն փաստացի այն կազմում է 360,7քմ, որից 11,4քմ ընդհանուր է օգտագործվում համասեփականատերերի կողմից, իսկ 123,7քմ գտնվում է համասեփականատերերին պատկանող բնակելի տան տակ (հատոր 1-ին, գ.թ. 128): ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2005 թվականի «Թիվ 05-1576 17.06.2005թ. վճռի թվաբանական սխալն ուղղելու և վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ ուղղվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.06.2005 թվականի վճռի թվաբանական սխալը և վճիռը պարզաբանվել է` որոշվել է` «Վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերում 404,0քմ տարածքի փոխարեն կարդալ 360,7քմ և պարզաբանել, որ պետք է առանձնացնել Հակոբ Թասլակյանի կողմից փաստացի օգտագործվող և օրենքի ուժով նրա սեփականությունը դարձած ք. Երևան, Պռոշյան 3 հասցեում գտնվող 360,7քմ հողատարածքը, որից 123,7քմ տան տակի հողն է, 237քմ հողատարածքն է, որը ծանրաբեռնված է 44,0քմ ինքնակամ շինությամբ»:

Սամվել Ավետյանի իրավահաջորդ Ռիմա Ավետյանը վերոհիշյալ որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու մասին ներկայացրել է դիմում, որը Վերաքննիչ դատարանի 22.07.2010 թվականի որոշմամբ մերժվել է, պատճառաբանելով, որ «վճռի թվաբանական սխալն արդեն իսկ ուղղվել է, իսկ նշված որոշման մեջ վրիպակ թույլ չի տրվել»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 22.07.2010 թվականի որոշումն անհիմն է, քանի որ այն չի բխում գործի այն փաստական հանգամանքներից, որոնք դրվել են վճռի հիմքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2005 թվականի «Թիվ 05-1576 17.06.2005թ. վճռի թվաբանական սխալն ուղղելու և վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ նշվել է, որ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանման գրությամբ մերժվել է հայցվորի սեփականության իրավունքի գրանցումը` պատճառաբանելով, որ վերոհիշյալ վճռով առանձնացվել է 404,0 քմ հողամաս, սակայն փաստացի այն կազմում է 360,7 քմ, որից 11,4 քմ ընդհանուր է օգտագործվում համասեփականատերերի կողմից, իսկ 123,7 քմ գտնվում է համասեփականատերերին պատկանող բնակելի տան տակ:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսելով այդ հանգամանքը, հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2005 թվականի «Թիվ 05-1576 17.06.2005թ. վճռի թվաբանական սխալն ուղղելու և վճիռը պարզաբանելու մասին» որոշմամբ չի նշվել, որ 11,4 քմ ընդհանուր է օգտագործվում համասեփականատերերի կողմից, իսկ 123,7 քմ գտնվում է համասեփականատերերին պատկանող բնակելի տան տակ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` ուղղել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի «17.06.2005 թվականի թիվ 05-1576 վճռի թվաբանական սխալն ուղղելու և վճիռը պարզաբանելու մասին» 21.11.2005 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակը, այն է` որոշման «Որոշեց» մասում կարդալ «ուղղել 17.06.2005թ. թիվ 05-1576 վճռի թվաբանական սխալը` վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերում 404,0քմ տարածքի փոխարեն կարդալ 360,7քմ և պարզաբանել, որ պետք է առանձնացնել Հակոբ Թասլակյանի կողմից փաստացի օգտագործվող և օրենքի ուժով նրա սեփականությունը դարձած ք. Երևան, Պռոշյան 3 հասցեում գտնվող 360,7քմ հողատարածքը, որից 11,4քմ-ն համասեփականատերերի կողմից ընդհանուր օգտագործման հողատարածք է, 123,7քմ-ն` համասեփականատերերին պատկանող տան տակ գտնվող հողն է, իսկ 225,6քմ-ն հողատարածքն է, որը ծանրաբեռնված է 44,0քմ ինքնակամ շինությամբ»:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան