Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1420
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.27/49(1407) Հոդ.747
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.06.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 հունիսի 2018 թ.

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ «ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, …, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԱՅՆ ԹՈՂՆՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ» ԴՐՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, …, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Գործի քննության առիթը ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մարտի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են, որոնցով ներկայացվել են ՀՀ վճռաբեկ դատարանի 2018 թվականի մարտի 20-ի՝ թիվ ՍԴ/0088/01/12 և ԵԿԴ/0056/11/17 քրեական գործերով «Բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումները:

Ուսումնասիրելով դիմումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի համապատասխան նորմերը, գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Ըստ դիմողի՝ վիճարկվող հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համադրված վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը մի կողմից ամրագրել է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական պահանջները, մյուս կողմից՝ այդ պահանջների չպահպանման դեպքում վերաքննիչ բողոքն «…առանց քննության թողնելու ձևով արտահայտվող իրավական հետևանքը»:

Փաստարկելով դատարանի մատչելիության իրավունքի՝ քննարկվող սահմանափակման՝ հետապնդվող նպատակին անհամաչափ լինելը և հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին՝ դիմողը նշում է, որ համաչափության սկզբունքի բովանդակությունից հետևում է, որ իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է պիտանի և անհրաժեշտ լինի հետապնդվող նպատակին հասնելու համար և հետապնդվող նպատակի հետ գտնվի համարժեք հարաբերակցության մեջ: Այլ կերպ՝ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև պետք է լինի արդարացի հավասարակշռություն, կիրառվող միջոցը հետապնդվող նպատակին հասնելու համար չպետք է լինի չափից ավելի խիստ՝ շրջանցելով այդ նույն նպատակին նվազագույն ջանքերի գործադրմամբ այլ միջոցներով հասնելու ողջամիտ հնարավորությունները:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող հոդվածի 1-ին մասում նախատեսված՝ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները մեծ մասամբ տեխնիկական են, որի պատճառով շատ հաճախ դրանց չպահպանումը զուտ անփութության հետևանք է, անվերականգնելի չեն և դրանք չպահպանելու, թերություններով վերաքննիչ բողոք ներկայացնելու պարագայում կարող են շտկվել բողոքաբերի կողմից:

Նման պայմաններում, «պիտանիության» չափանիշի տեսանկյունից, թեև վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը հնարավորություն է տալիս հասնելու արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակին, այսինքն՝ բացառում է թերություններով վերաքննիչ բողոքներին հետագա ընթացք տալու հնարավորությունը, սակայն Վերաքննիչ դատարանի մատչելիության իրավունքի նկատմամբ այդ եղանակով իրականացվող միջամտությունը, prima facie, չի համապատասխանում «անհրաժեշտության» չափանիշին: Մասնավորապես, եթե նույն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակին կարելի է հասնել, օրինակ, բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքի ձևական բնույթ ունեցող թերությունը ուղղելուց հետո, ուստի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու ձևով Վերաքննիչ դատարանի մատչելիության իրավունքի նկատմամբ իրականացվող միջամտությունը չի կարող համարվել այնպիսի բացառիկ միջոց, որի կիրառմամբ է միայն հնարավոր հասնել հետապնդվող նպատակին:

Վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու պարագայում, երբ անձը վերաքննիչ բողոքում թույլ տրված ձևական թերության արդյունքում զրկվում է իրեն առնչվող դատական ակտի իրավաչափությունը վերադաս դատական ատյանի կողմից վերանայման ենթարկվելու իրավունքից, խախտվում է կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը, քանի որ իրականացվող միջամտությունն իր բնույթով սահմանափակում է Վերաքննիչ դատարանի մատչելիության իրավունքը:

Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածի պահանջներին, …, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» ձևակերպման ուժով ձևական սխալների առկայության պարագայում վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն անհամաչափորեն սահմանափակում է անձի արդար դատաքննության, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանի մատչելիության իրավունքը:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանող կողմի՝ վերաքննության կարգով վարույթ հարուցելու համար անհրաժեշտ են «ինչպես բողոքարկման իրավունքի նախադրյալները, այնպես էլ բողոքարկման իրավունքի իրացման պայմանները»: Պատասխանողի կարծիքով «օրենսդիրը չի կարող այնպիսի ընթացակարգեր սահմանել, որոնք հնարավորություն չտան բողոքարկման իրավունքի իրացման պայմանի ոչ պատշաճ իրացման դեպքում այն շտկել»: Ըստ պատասխանողի՝ «…նման շտկման անվերջ շրջապտույտը բացառելու նպատակով օրենսդիրը դատավարական օրենսգրքերում իրավաչափորեն սահմանում է տեխնիկական սխալի շտկման մեկ հնարավորություն: Սակայն կոնկրետ դեպքում օրենսդիրը չի սահմանել դատական ակտի տեխնիկական սխալները վերացնելու՝ բողոքը դատարանի կողմից վերադարձնելու, բողոքաբերի կողմից թույլ տրված սխալները ուղղելու և նորից ներկայացնելու իրավական հնարավորություն, ինչը կոչված պետք է լիներ ապահովելու դատարանի մատչելիության սկզբունքի գործնական իրացումը»: Ըստ պատասխանողի՝ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթով սահմանված իրավակարգավորումների պայմաններում դատարանի մատչելիությունն «արդյունավետ չէ», քանզի բողոք բերող անձը չունի հստակ և գործնական հնարավորություն՝ բողոքարկելու իր իրավունքները շոշափող դատական ակտը որևէ տեխնիկական բացթողման դեպքում: Պատասխանողի գնահատմամբ՝ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթը «անհամաչափորեն սահմանափակում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը», հետևաբար կարծում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի ելքի համար նշանակություն ունեցող հանգամանքները

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի ելքի համար անհրաժեշտ է պարզել հետևյալ հանգամանքները.

ա) արդյո՞ք վեճի առարկա իրավակարգավորումն ապահովում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքի իրացումը, և արդյո՞ք պահպանված են այդ իրավունքը հարգելու և պաշտպանելու՝ հանրային իշխանության՝ Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված պարտականության իրացման անհրաժեշտ նախապայմանները,

բ) արդյո՞ք վիճարկվող նորմն իր իրավակարգավորիչ նշանակությամբ բավարարում է հիմնական իրավունքների և ազատությունների նշանակության և դրանց սահմանափակման միջև համաչափության պահպանման, ինչպես նաև՝ այդ իրավունքների ու ազատությունների էության անխախտելիության վերաբերյալ՝ Սահմանադրության 78 և 80-րդ հոդվածների պահանջներին,

գ) արդյո՞ք վեճի առարկա իրավակարգավորումը Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից համապատասխանում է իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Դատական ակտերի բողոքարկման կառուցակարգը կարևոր երաշխիք է Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար: Գործող օրենսդրությամբ նախատեսված են այդ կառուցակարգի կիրառման ընթացակարգեր: Ընդ որում՝ Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությունից անմիջականորեն բխում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ օրենքով սահմանելու իրավունքի պաշտպանությանը միտված իրավական այնպիսի միջոցներ, որոնք կապահովեն անկախ, անաչառ և մատչելի արդարադատության միջոցով անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ, արդար պաշտպանություն՝ ինչպես գործի ըստ էության քննության, այնպես էլ դատական ակտերի հետագա բողոքարկման շրջանակներում:

Սահմանադրական դատարանն իր նախորդ բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-690, 719, 733, 765, 780, 849, 873, 890, 918, 922, 936, 1037, 1052, 1062, 1114, 1115, 1190, 1191, 1192, 1196, 1197, 1220, 1222, 1231, 1249, 1254, 1257, 1263, 1265, 1268, 1275, 1289, 1290, 1293, 1395) անդրադարձել է արդար դատաքննության և դատական բողոքարկման, դատարանի մատչելիության հիմնախնդիրներին, կարևորելով վերջինս որպես կարևոր նախապայման՝ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանության համար: Վերոթվարկյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ելնելով սույն գործով բարձրացված հիմնախնդրի էությունից, հիմնականում հանգել են հետևյալին.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է վերոհիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները և միաժամանակ արձանագրում, որ դրանք իրենց էությամբ համադրելի են նաև 2015թ. սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև կիրառելի՝ սույն գործով դիմող կողմի բարձրացրած սահմանադրաիրավական հիմնախնդրի շրջանակներում:

4.2. Քրեական վարույթի շրջանակներում, ելնելով անձանց իրավունքների ու ազատությունների հնարավոր օբյեկտիվ սահմանափակման իրողությունից, Սահմանադրությամբ հատուկ կարևորվել է դատական ակտերի բողոքարկման արդյունավետ կառուցակարգի սահմանադրաիրավական նշանակությունը: Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք: Սահմանադրության 61-րդ հոդվածի իրավական ընդհանուր բովանդակության համադրմամբ, հիմք ընդունելով նաև Սահմանադրության ինչպես 3, 23, 27, 28 և 75-րդ հոդվածների անխախտելիությունը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ իրավունքի իրացման ընթացակարգերը պետք է անվերապահ համադրելի լինեն սահմանադրական վերոհիշյալ նորմերի պահանջներին, համապատասխանեն նաև Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներում ամրագրված՝ իրավակարգավորման համաչափության և որոշակիության սկզբունքներին, ապահովեն այդ իրավունքի էության անխախտելիությունն ու համապատասխանեն այն երաշխավորելու միջազգային իրավական պրակտիկային (Սահմ. 80 և 81-րդ հոդվածներ):

4.3. Սույն գործով վեճի առարկա իրավակարգավորման վերլուծությունը և համադրումը Օրենսգրքի համապատասխան այլ նորմերի հետ վկայում է, որ քրեական վարույթում նախատեսելով առաջին ատյանի դատարանի ակտերի վերաքննիչ բողոքարկման ընթացակարգ (Օրենսգրքի 46-րդ գլուխ), օրենսդիրը նպատակ է ունեցել դատավարական համապատասխան փուլի շրջանակներում սահմանել անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացման միջոցներ և դրանց գործադրման իրավական որոշակի հնարավորություններ, այդ թվում՝ բողոքարկող անձի կողմից իր իրավունքների պաշտպանությանն ուղղված ձևական և բովանդակային բնույթի՝ կատարման համար պարտադիր պահանջներ: Մասնավորապես, սահմանված են.

- վերաքննիչ բողոքներով գործեր քննող դատարանը (Օրենսգրքի 377-րդ հոդված),

- վերաքննիչ բողոք բերելու դատավարական իրավունք ունեցող անձանց շրջանակը (Օրենսգրքի 376-րդ հոդված),

- վերաքննության կարգով բողոքարկելի դատական ակտերի շրջանակը (ինչպես՝ գործով ըստ էության, այնպես էլ՝ միջանկյալ) (Օրենսգրքի 376.1-րդ հոդված),

- վերաքննիչ բողոք ներկայացնելու ընդհանուր կարգը և ժամկետները, նման բողոք բերելու հիմքերը (Օրենսգրքի 378, 379, 380 և 380.1-րդ հոդվածներ),

- վերաքննիչ բողոքի բովանդակությունը և այն վարույթ ընդունելու պայմանները (Օրենսգրքի 381-րդ հոդված),

- վերաքննիչ բողոքի ընդունմամբ պայմանավորված դատավարության շահագրգիռ այլ

անձանց դատավարական իրավունքների ու պարտականությունների շրջանակը և դրանց իրացման ընթացակարգը (Օրենսգրքի 382-րդ հոդված),

- բողոքարկման հետևանքները (Օրենսգրքի 383-րդ հոդված):

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ կարգավորումներն իրենց ընդհանուր բովանդակությամբ միտված են նախատեսելու իրավական միջոցներ, ընթացակարգեր՝ քրեական վարույթի շրջանակներում վերաքննության կարգով դատական բողոքարկման՝ անձանց սահմանադրական իրավունքի իրացման համար: Հետևաբար, իրավական այդ նպատակին ընդհանուր միտվածությունը հետապնդում է Սահմանադրությամբ նախանշված նպատակ, քանի որ այդ կարգավորումներն օբյեկտիվորեն կոչված են ապահովելու Սահմանադրության նորմերի կիրառումը:

Միաժամանակ վերոհիշյալ իրավակարգավորման ամբողջական վերլուծությունից հետևում է, որ այն պարունակում է նաև վերաքննիչ բողոքին ներկայացվող զուտ բովանդակային պահանջներ: Այսպես` բողոք բերող անձը պարտավոր է շարադրել «բողոքի հիմքերը և պահանջը», «վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ՝ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը», «առկայության դեպքում` այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, և որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում` նաև առաջին ատյանի դատարանում նախօրոք չհետազոտված ապացույցները»:

Նման պայմաններում ակնհայտ է, որ վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջն է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Հետևաբար, այս տեսանկյունից Սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն իրավունքի իրացման կարգի օրենքով նախատեսման փաստը սոսկ, այլև նման կարգի արդյունավետությունը, այսինքն՝ օրենքի նորմերում բովանդակվող իրավակարգավորիչ այնպիսի միջոցների, ձևերի առկայությունը և դրանց գործադրման հնարավորությունը, որոնք կերաշխավորեն սահմանադրորեն կանխորոշված նպատակի լիարժեք իրացումը՝ կոնկրետ դեպքում հաշվի առնելով նաև Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածների պահանջները:

4.4. Անդրադառնալով քրեական վարույթում վերաքննիչ բողոքարկման շրջանակներում վերը հիշատակված հատկապես ձևական պահանջների առաջադրման և դրանց իրավակարգավորիչ նշանակության խնդրին՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այն դիտարկել հատկապես միջազգային իրավական պրակտիկայում հաստատագրված սկզբունքների պահպանման տեսանկյունից (Սահմ. 81-րդ հոդված):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն՝ «…չափազանցված ձևականությունը վերաբերում է մասնավորապես ընթացակարգային կանոնների նեղ մեկնաբանություններին, որոնք կարող են դիմումատուներին զրկել իրենց՝ դատարանի մատչելիության իրավունքից: Սա կարող է ներառել սահմանված ժամկետների, ընթացակարգային կանոնների և ապացույցների նեղ մեկնաբանությունները1:

Իր մի շարք նախադեպային որոշումներում ՄԻԵԴ-ը մասնավորապես գտել է, որ.

1. Case of Reklos and Davourlis v. Greece, 15 January, 2009, Application no. 1234/05

28. ... Բողոքն անընդունելի համարելը միայն այն հիմքով, որ դիմումատուները «իրենց բողոքում չեն նշել այն փաստական հանգամանքները, որոնց հիման վրա Վերաքննիչ դատարանը նրանց բողոքը մերժելու վերաբերյալ որոշում է կայացրել», չափազանցված ձևականություն է և խոչընդոտում է դիմումատուների՝ Վճռաբեկ դատարանի կողմից իրենց գործի ըստ էության քննության իրավունքի իրականացմանը (տես Běleš and Others v. the Czech Republic, no. 47273/99, § 69, ECHR 2002-IX, and Zvolskў and Zvolskn v. the Czech Republic, no. 46129/99, § 55, ECHR 2002-IX)2:

2. Case of Sհuli v. Greece, 13 July 2017, (Application no. 71891/10)

26. … Ընթացակարգային նորմերը կիրառելիս ներպետական դատարանները պետք է խուսափեն և՛ չափազանցված ձևականությունից, որը կազդի ընթացակարգի արդարացիության վրա, և՛ չափազանցված ճկունությունից, որը կհանգեցնի օրենքով

___________________________

1 Աղբյուրը՝ ԵԴ վճիռների պաշտոնական կայք, https://hudoc.echr.coe.int, Handbook on European law relating to access to justice, 2016, pages 119-121,

https://www.echr.coe.int/Documents/Handbook_access_justice_ENG.pdf

2 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-90617

 

սահմանված ընթացակարգային պահանջների վերացմանը (տես Walchli v. France, no. 35787/03, § 29, 26 Jսly 2007, և Peca v. Greece (no. 2), no. 33067/08, § 30, 10 June 2010): Փաստացիորեն, դատարանի մատչելիության իրավունքը թուլանում է, երբ կանոնները չեն ծառայում իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և դառնում են խոչընդոտ՝ իրավասու դատարանի կողմից դատավարության մասնակցի գործի՝ ըստ էության քննության համար (տես Kart v. Tսrkey [GC], no. 8917/05, § 79, ECHR 2009 (extracts); Efstathiou and Others v. Greece, no. 36998/02, § 24, 27 July 2006; Vamvakas v. Greece, no. 36970/06, § 26, 16 October 2008; Louli-Georgopoulou v. Greece, no. 22756/09, § 39, 16 March 2017):

29. Դատարանը… գտնում է, որ չպատճառաբանված բողոքի քննարկման մերժումը հետապնդում է արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության ապահովման իրավաչափ նպատակ: Սույն գործում խնդիրն այն է՝ արդյո՞ք Նաֆպլիոնի հինգ անդամից բաղկացած վերաքննիչ դատարանը, իրավաչափ նպատակներ հետապնդելով, խախտել է արդարացի հավասարակշռությունը կիրառված միջոցի և հետապնդվող նպատակների միջև: Հատկապես, հարց է առաջանում, թե արդյո՞ք դիմումատուի բողոքը ներպետական դատարանների կողմից համարվել է անընդունելի՝ չափազանցված ձևականության արդյունքում, հաշվի առնելով բողոքի կարևորությունը և այն, թե երկարաժամկետ ազատազրկման դատապարտված դիմումատուի համար ինչ հարց էր դրված վարույթում (տես Labergere v. France, ոօ. 16846/02, § 20, 26 September 2006): Դատարանը հաջորդիվ պետք է գնահատի, թե արդյո՞ք սահմանափակումը համապատասխանում է հետապնդվող նպատակին:

34. … դատարանի քարտուղարության կողմից դիմումատուին տպված ձևաթուղթ տրամադրելը, որը նրա մոտ առաջացրել է սահմանված ձևով բողոքը ներկայացնելու տպավորություն, ինչպես նաև դատարանի քարտուղարության դերն այս գործում, և այն, թե ի՞նչն էր վտանգված դիմումատուի համար, Դատարանը համարում է, որ Նաֆպլիոնի հինգ անդամից բաղկացած վերաքննիչ դատարանը, մերժելով դիմումատուի բողոքը որպես անընդունելի, խոչընդոտել է դիմումատուին օգտվել ներպետական իրավունքով նրան հասանելի պաշտպանության միջոցից (տես Louli-Georgopoulouv. Greece, no. 22756/09, 16 March 2017, § 47)3:

3. Case of Masirevic v. Serbia, 11 February 2014, (Application no. 30671/08)

48. ... Դատարանի դերն է որոշել, թե արդյոք ընթացակարգային նորմերը նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը, և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանությունը (տես, mutatis mutandis, Efstathiou and Others v. Greece, no. 36998/02, § § 24, 27 July 2006, and Syngelidis v. Greece, no. 24895/07, § 41, 11 February 2010), և արդյոք դիմումատուն կարողացել է հիմնվել ամբողջական համակարգի վրա, որը պահպանել է արդարացի հավասարակշռություն իշխանությունների շահերի և նրա սեփական շահերի միջև (տես, mutatis mutandis, Lay Lay Company Limited v. Malta, no. 30633/11, § 56, 23 July 2013)4:

4. Poirot v. France, 15 December 2011, Application no. 29938/07

«Դատարանը գտնում է, տիկին Պուարոն ձևական առումով պարտավոր չի եղել Քրեական դատավարության օրենսգրքի 186-3 հոդվածի համաձայն հղում կատարել իր բողոքի հիմքերին, այսինքն՝ այն, որ նա վիճարկել է ենթադրյալ ակտերի իրավական դասակարգումը: … Դատարանն ընդունում է, որ ներպետական մարմինները գտնվում են լավագույն կարգավիճակում ներպետական օրենսդրությունը մեկնաբանելու համար, և որ բողոքները կարգավորող ձևական պահանջները կոչված են ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, նվազեցնելու դատարանների ծանրաբեռնվածությունը: Այն, այնուամենայնիվ, հաշվի է առել, որ այս գործով դատական մարմինները համապատասխան ընթացակարգային նորմերը կիրառել են չափազանց ձևական՝ դրանով իսկ խախտելով տիկին Փոյրոթի դատարանի մատչելիության իրավունքը»5:

Այսպիսով, ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան վկայում է, որ դատաընթացակարգային նորմերում ձևական պահանջների առկայությունը պայմանավորված է այնքանով, որքանով անհրաժեշտ է իրավունքի իրացման համար, սակայն նման պա-

___________________________

3 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-175158

4 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-140775

5 https://hudoc.echr.coe.int/eng-press#{“fulltext”:[“Poirot v. France”]}

 

հանջների բնույթն ու բովանդակությունը, իրացման ընթացակարգերը չպետք է առաջացնեն իրավունքի անհամաչափ սահմանափակում՝ հանգեցնելով դրա էության խաթարմանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանում են, ըստ էության, կայանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշները:

4.5. Սույն գործով վեճի առարկա նորմի և դրա հետ փոխկապակցված իրավակարգավորումների վերլուծությունը վկայում է, որ քրեական վարույթի շրջանակներում դատարանի կողմից վերաքննիչ բողոքը քննության ընդունելու նախապայմանների որևէ խախտման դեպքում (օրինակ՝ դատարանի անվանումը և բողոքին կցվող նյութերի ցանկը չնշելը, բողոք ներկայացնող անձի ստորագրության բացակայությունը և այլն) վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության: Գրեթե նույնաբովանդակ նորմ է պարունակում նաև Օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասը՝ համաձայն որի՝ «...բողոքը կարող է թողնվել առանց քննության և վերադարձվել դատավարության մասնակցին, եթե այն ստորագրված չէ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին»: Արդյունքում՝ բողոք բերած անձը զրկվում է իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված հիմքերով վերադաս դատական ատյանի (տվյալ դեպքում՝ վերաքննիչ դատարանի) կողմից վերանայման՝ Սահմանադրության 69-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքի իրացման հնարավորությունից: Ըստ որում, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձի՝ դատական բողոքարկման իրավունքի իրացման վերոհիշյալ նախապայմանները նախատեսելիս օրենսդիրն ըստ էության տարբերակված մոտեցում չի դրսևորել այս կամ այն նախապայմանի խախտման և դրան հաջորդող հնարավոր իրավական հետևանքների առումով՝ կապված, մասնավորապես, բողոքի ներկայացման շրջանակներում ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող այս կամ այն վրիպումը (սխալը) շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու իրավական հնարավորության նախատեսման հետ, ինչն առկա է քաղաքացիական և վարչական գործերով արդարադատական գործող ընթացակարգերում: Սակայն, տարբերակված մոտեցում առկա է Օրենսգրքում` վճռաբեկ բողոքարկման ընթացակարգում: Օրենսգրքի 414.1-րդ հոդվածն ըստ էության սահմանազատել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու և այն առանց քննության թողնելու դեպքերը:

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է Օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով, սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը: Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին: Ուստի, Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ դիմող և պատասխանող կողմերի փաստարկները հիմնավոր են:

Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ Օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթը՝ վերաքննիչ բողոքի ներկայացման շրջանակներում չի կարող ընկալվել և կիրառվել որպես բողոքը դատարանի կողմից վերադարձնելու իրավական հիմք, եթե առկա է հիշյալ նորմում մատնանշված սխալները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու ողջամիտ հնարավորություն:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, …, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69, 75 և 78-րդ հոդվածներին հակասող:

2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 19-րդ մասի պահանջներից, հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելը քրեական վարույթի շրջանակներում դատական ակտերը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրենց իրավունքն իրացնող անձանց համար անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի հետևանքներ, որոնք կխաթարեն վերոհիշյալ դրույթի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին վիճարկվող իրավակարգավորումը համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին՝ հաշվի առնելով նաև սույն որոշման հրապարակման դրությամբ և մինչև համապատասխան օրենսդրական կարգավորումն ընկած ժամանակահատվածում անձանց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման իրենց իրավունքի իրացման երաշխավորման անհրաժեշտությունը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

  

19 հունիսի 2018 թվականի

ՍԴՈ-1420

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան