Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-146-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.03.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.04.2021
Дата вступления в силу
18.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:»:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների՝ տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող և իրացման ենթակա գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են այդ ֆինանսական կազմակերպությունների ինտերնետային կայքում:»:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2. Կազմակերպչի և առաջարկողի միջև կնքված պայմանագրով վարձատրության չափը չի կարող գերազանցել աճուրդով վաճառքի ենթակա գույքի աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի առաջարկած առավելագույն գնի երեք տոկոսը:»։

 

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հարկադիր և էլեկտրոնային աճուրդների անցկացման վրա:»։

 

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ (բացառությամբ հողամասերի վաճառքի, որը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով), եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:»։

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 4.1.

 

 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ

 

Հոդված 35.5. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունները

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող են համարվում այն սակարկությունները, որոնք իրականացվում են էլեկտրոնային եղանակով և համապատասխանում են սույն օրենքով էլեկտրոնային սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջներին, բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների:

2. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների աճուրդի լոտ կարող է լինել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 35.6. Էլեկտրոնային համակարգերը

 

1. Սույն օրենքի իմաստով՝ էլեկտրոնային համակարգեր են համարվում սակարկությունների կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումները, ինտերնետային հասցեն, տեխնիկական լուծումները և բոլոր այն համակարգերն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման, իրականացման և ավտոմատ եղանակով հաղթողին որոշելու համար:

 

Հոդված 35.7. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպչի վրա տարածվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված պահանջները:

 

Հոդված 35.8. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վերաբերյալ հրապարակային ծանուցումը

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների (աճուրդի) մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն անցկացնելու օրվանից առնվազն երկու օր առաջ: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը ներառում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-10-րդ կետերով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև կազմակերպչի ինտերնետային կայքում տեղադրված այլ տեղեկություններ գույքի մասին (պարտադիր ներառելով լուսանկարներ, տեսաձայնագրություններ), եթե վաճառքի ենթակա գույքն անհնար է տեղափոխել պահառության վայր:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների՝ տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող և իրացման ենթակա գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են այդ ֆինանսական կազմակերպությունների ինտերնետային կայքում:

 

Հոդված 35.9. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջները

 

1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների կազմակերպիչը պետք է ունենա ինտերնետային կայք և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացված հաշիվ։

2. Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց գրանցումը կատարվում է անվճար:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ինտերնետային կայքում հրապարակվում են աճուրդի մասնակցության կանոնակարգն ու պայմանները:

4. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը մինչև աճուրդի նախորդ օրը՝ ժամը 16:00-ն, գրանցվում է ինտերնետային կայքում՝ նշելով և կցելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշը (իրավաբանական անձանց դեպքում՝ գրանցման վկայականը և հարկ վճարողի հաշվառման համարը), եթե այլ բան նախատեսված չէ աճուրդի կանոնակարգով, որից հետո ծրագիրը նրան տալիս է նույնականացնող համարանիշ, որով մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու աճուրդին:

5. Վաճառքի ենթակա լոտերի վերաբերյալ գնային հայտ ներկայացնելու և վճարումներ կատարելու գործընթացը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

6. Աճուրդի կազմակերպիչը երաշխավորում է աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը: Աճուրդի մասնակիցների անձնական տվյալները չեն կարող տրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 35.10. Աճուրդի ընթացքը և ավարտը

 

1. Աճուրդի մեկնարկը և ընթացքը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

2. Աճուրդի տևողությունը և ավարտը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:

3. Աճուրդը համարվում է ավարտված, երբ լրանում է աճուրդի համար սահմանված ժամկետը:

4. Աճուրդում հաղթող է ճանաչվում առավելագույն գին ներկայացրած մասնակիցը:

5. Լոտի գնի վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով, եթե աճուրդի կազմակերպման համակարգը թույլ է տալիս կցել բանկային քարտ կամ հաշիվ։

6. Կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ աճուրդի անցկացման օրն ստորագրում է աճուրդի արձանագրությունը, որի ձևը և ստորագրության կարգը սահմանվում են աճուրդի կանոնակարգով։

7. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոխանցել գնված լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը։

8. Լոտի վաճառքի ամբողջական գինն աճուրդի կազմակերպչի կողմից ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, աճուրդում հաղթած մասնակցի հետ կնքվում է առք ու վաճառքի պայմանագիր։

9. Աճուրդի կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ գույքի առք ու վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, երկկողմանի ստորագրված հանձնման-ընդունման ակտի հիման վրա իրականացնում է գույքի հանձնում՝ տեղեկացնելով սահմանված ժամկետում իրավունքների գրանցման մասին, եթե դա պահանջվում է։

 

Հոդված 35.11. Աճուրդը չկայացած և անվավեր ճանաչելը

 

1. Աճուրդը համարվում է չկայացած, եթե աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ:

2. Աճուրդը չկայացած է հայտարարվում նշված հանգամանքների ի հայտ գալու հաջորդ օրվանից ոչ ուշ:

3. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով։

4. Աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառվում են անվավերության հետևանքներ՝ օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 7
Երևան
ՀՕ-146-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան