ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
«ՕԼԻՄՊ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 47012/15)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
30 հուլիսի 2020թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek]՝ Նախագահ,
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan]՝ դատավորներ,
և Լիվ Թիգերշտեդտ [Liv Tigerstedt]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2020 թվականի հուլիսի 9-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի (դիմումատու ընկերություն) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2015 թվականի օգոստոսի 28-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Գանգատի մասին ծանուցվել է Հայաստանի կառավարությանը (Կառավարություն):
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատու ընկերության տվյալները և գանգատին վերաբերող տեղեկությունները նշված են կից ներկայացված աղյուսակում։
4. Դիմումատու ընկերությունը բողոք է հայտնել Վարչական դատարանում ընթացող վարույթի չափազանց երկար տևողության կապակցությամբ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ ԳԱՆԳԱՏԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՆԴՐԱՆՔԸ
5. Սույն գանգատով բարձրացված խնդիրը լուծելու նպատակով Կառավարությունը 2019 թվականի հունվարի 15-ին ներկայացրել է միակողմանի հայտարարություն՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան։
6. 2019 թվականի մարտի 15-ի գրությամբ դիմումատու ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնել միակողմանի հայտարարության պայմաններին։
7. Դատարանը հիշեցնում է, որ որոշ հանգամանքներում պատշաճ կարող է համարվել գանգատը 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ցուցակից հանելը պատասխանող Կառավարության կողմից ներկայացված միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուն ցանկություն է հայտնում, որ գործի քննությունը շարունակվի։ Արդյոք դա պատշաճ է կոնկրետ գործով, թե՝ ոչ, կախված է նրանից, թե արդյոք միակողմանի հայտարարությամբ առաջարկվում է բավարար հիմք՝ համարելու համար, որ Կոնվենցիայով սահմանված՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքը Դատարանից չի պահանջում շարունակել գործի՝ իր կողմից իրականացվող քննությունը (տե՛ս Թահսին Աքարն ընդդեմ Թուրքիայի (նախնական հարց) [ՄՊ] [Tahsin Acar v. Turkey (preliminary հարց) [GC]], թիվ 26307/95, § 75, ՄԻԵԴ 2003‑VI)։
8. Հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները և առաջարկվող փոխհատուցումը՝ Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի տրամադրել բավարար հիմք՝ գալու այն եզրահանգմանը, որ Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով սահմանված՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքը Դատարանից չի պահանջում շարունակել գործի քննությունը (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Մագոխն ընդդեմ Լեհաստանի [Magoch v. Poland], թիվ 29539/07, § 19, 2010 թվականի փետրվարի 2, և Կուրսն ընդդեմ Ուկրաինայի [Կոմիտե] [Kurs v. Ukraine] [Committee], թիվ 48956/06, § 8, 2017 թվականի մայիսի 4)։
9. Հետևաբար Դատարանը մերժում է Կառավարության՝ գանգատը Կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն իր գործերի ցուցակից հանելու մասին խնդրանքը և համապատասխանաբար կիրականացնի իր կողմից գործի ընդունելիության և ըստ էության քննությունը։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
10. Դիմումատու ընկերությունը բողոքել է, որ տվյալ վարույթի տևողությունն անհամատեղելի է եղել «ողջամիտ ժամկետի» պահանջի հետ։ Այն հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որն այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.
Հոդված 6 § 1
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... ողջամիտ ժամկետում ... դատաքննության իրավունք ...»։
11. Դատարանը վերստին նշում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքների լույսի ներքո՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա՝ գործի բարդությունը, դիմումատու ընկերության և համապատասխան իշխանությունների վարքագիծը և այն, թե դիմումատու ընկերության համար ինչն է վտանգվել վեճի ընթացքում (տե՛ս Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Frydlender v. France [GC]], թիվ 30979/96, § 43, ՄԻԵԴ 2000-VII)։
12. Դատարանը «Ֆիլ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Fil LLC v. Armenia] ուղենշային գործով (թիվ 18526/13, 2019 թվականի հունվարի 31) արդեն իսկ հայտնաբերել է սույն գործով առկա խնդիրների հետ նույնաբովանդակ հայեցակետերի խախտում։
13. Դատարանը, քննելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել որևէ փաստ կամ փաստարկ, որով կարող է հիմնավորվել ներպետական մակարդակում վարույթի ընդհանուր տևողությունը։ Հաշվի առնելով խնդրո առարկայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկա գործով վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։
14. Հետևաբար սույն բողոքն ընդունելի է և դրանով բացահայտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
15. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
16. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես՝ «Ֆիլ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի, թիվ 18526/13, §§ 62 և 65, 2019 թվականի հունվարի 31), ողջամիտ է համարում շնորհել կից ներկայացված աղյուսակում նշված գումարները։
17. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ դրանով բացահայտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատու ընկերությանը վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի հուլիսի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Լիվ Թիգերշտեդտ Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քրշիշթոֆ Վոյտիչեկ Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով բողոքներ բարձրացնող գանգատ (քաղաքացիական վարույթի չափազանց երկար տևողություն) |
Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը |
Դիմումատու ընկերության անվանումը
Պետական գրանցման ամսաթիվը |
Վարույթի սկիզբը |
Վարույթի ավարտը |
Ընդհանուր տևողությունը
Դատական ատյանները |
Ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)1 |
47012/15 28/08/2015 |
«ՕԼԻՄՊ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ 23/05/1995 |
23/03/2010 |
գտնվում է քննության փուլում |
Ավելի քան 10 տարի, 2 ամիս և 17 օր Դատական երեք ատյաններ |
2,400 |
_________________________
1 Գումարած դիմումատու ընկերությունից գանձման ենթակա ցանկացած հարկ։
