ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ք. Երևան 14 մարտի 2022 թ. |
ԲԴԽ-2-Ո-Կ-1 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱԶԳԵՆ ՌՇՏՈՒՆՈՒՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ |
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
|
մասնակցությամբ՝ |
|
անդամներ |
Գ. Բեքմեզյանի, |
Դ. Խաչատուրյանի, | |
Մ. Մակյանի, | |
Լ. Մելիքջանյանի, | |
Ա. Մխիթարյանի, | |
Ս. Չիչոյանի, | |
Վ. Քոչարյանի, | |
Արդարադատության նախարարի |
Ե. Թումանյանցի, |
Արդարադատության նախարարի |
|
Հ․ Սանոյանի, | |
|
|
Վերաքննիչ քրեական դատարանի |
|
Վերաքննիչ քրեական դատարանի |
Ռ. Մելիքյանի, |
Ս. Սահակյանի, | |
քարտուղարությամբ՝ |
Ա. Շիլաջյանի, |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 95-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Նարինե Խալաթյանի կողմից 10․11․2021 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված՝ Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Վազգեն Ռշտունու (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ զեկուցագիրը։
Նախարարի 11․11.2021 թվականի թիվ 84-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Նախարարի 17․12.2021 թվականի թիվ 95-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Նախարարը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 46-րդ հոդվածը, Բարձրագույն դատական խորհրդի 25.03.2021 թվականի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշումը (այսուհետ՝ Որոշում) մասնավորապես նշել է, որ քննարկվող դեպքում, դատական գործերը գտնվել են Վերաքննիչ քրեական դատարանի համապատասխան դատական կազմերի վարույթներում, որոնցով նախագահող է հանդիսացել Դատավորը:
Դատական գործերով առկա տեղեկատվության ուսումնասիրությունից հետևում է, որ բացակայել են դատական գործերի վերաբաշխման՝ Օրենքով և Որոշմամբ նախատեսված հիմքերը: Այնուամենայնիվ 02.07.2021 թվականին Դատավորն իր օգնականի միջոցով վերջինիս կողմից Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Պապոյանին ներկայացված զեկուցագրերով Դատական գործերը՝ համապատասխան թվով հատորներով, հանձնել է վերջինիս տնօրինությանը՝ համակարգչային ծրագրի միջոցով դրանց վերաբաշխումը կազմակերպելու նպատակով: Դատական գործերի հանձնման հիմք է արձանագրվել Դատավորի՝ 2021 թվականի հուլիսի 2-ից մինչև հուլիսի 23-ը ներառյալ և օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 27-ը ներառյալ ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու հանգամանքը, որպիսի հիմքով օրենսդիրը դատական գործերի վերաբաշխման հնարավորություն չի նախատեսում: Հարկ է նաև արձանագրել, որ Դատական դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Դատավորի վարույթում առկա չեն եղել քրեական գործեր:
Նախարարը ներկայացված միջնորդությամբ հայտնել է նաև, որ դատական գործերի քննությունը և լուծումը վերապահված էր Դատավորի իրավասությանը։ Դատավորի նախագահությամբ դատական կազմերի կողմից կայացվել են դատական գործերը վարույթ ընդունելու մասին որոշումներ և գործերով իրականացվել է դատական քննություն: Դատավորն արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ (որը նախատեսված չէ որպես դատական գործերի վերամակագրման հիմք) դատական գործերը վերաբաշխման հանձնելով՝ հրաժարվել է քննել և լուծել իր իրավասությանը վերապահված հարցեր: Ավելին, Դատավորի նշված վարքագիծը վկայում է թվով 10 դատական գործերով արդարադատության իրականացումից խուսափելու մասին: Ընդ որում, անհիմն վերաբաշխումներն իրենց հերթին հանգեցրել են դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտման, ինչպես նաև Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատական կազմերի անհարկի ծանրաբեռնման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատական գործերի վերաբաշխումից հետո դրանք վարույթ ընդունած դատական կազմերը գործի քննությունն սկսում են նորից: Միաժամանակ, դատական գործերի անօրինական վերադարձը վարկաբեկում է դատական իշխանությունը և Դատավորի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատավորի անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Այսպիսով Նախարարը միջնորդությամբ նշել է, որ Դատավորի կողմից թիվ ԵԴ/0703/01/19, թիվ ԵԴ/0920/01/19, թիվ ՍԴ/0155/01/20, թիվ ԿԴ3/0038/01/18, թիվ ՍԴ/0221/01/19, թիվ ԱՎԴ/0101/01/20, թիվ ԵԴ/0744/01/19, թիվ ԱՐԴ/0076/01/19, թիվ ԵԴ/0668/01/21 և թիվ ԱՐԴ/0148/01/20 դատական գործերով թույլ են տրվել Օրենքի 46-րդ հոդվածով, Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ և 4-րդ գլուխներով ամրագրված պահանջների, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ: Մասնավորապես՝ Դատավորն իր վարույթում գտնվող դատական գործերն ամենամյա արձակուրդում գտնվելու հիմքով հանձնել է վերաբաշխման, այն դեպքում, երբ, ամենամյա արձակուրդում գտնվելու հանգամանքը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված չէ որպես դատական գործերի վերաբաշխման հիմք: Արդյունքում խախտվել են նաև դատավորի կողմից դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, իր իրավասությանը վերապահված դատական գործերը քննելու և լուծելու, գործերի դատական քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջները:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է․ «Դատավորին վերագրվում է օրենքի խախտմամբ գործերի վերաբաշխում կատարելու արարք:
Մինչդեռ՝
1. Վերագրվող արարքը չի գտնվում դատավորի իրավասության տիրույթում. Դատական գործերի վերաբաշխումը ոչ թե իրականացվում է գործի քննություն իրականացնող դատավորների կողմից, այլ դատարանի նախագահի կողմից: Ուստի դատավորը չէր կարող խախտել մի նորմ, որի հասցեատերը չէր:
2. Դատավորի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում գործի վերաբաշխման պարտադիրությունը սահմանված է Դատական օրենսգրքում: Դատական օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Դատավորի անաշխատունակության, արձակուրդի ժամանակահատվածում և դատարանում դատավորների թվի ավելացման հետևանքով գործի վերաբաշխման դեպքերն ու կարգը սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ: (…)Ուստի վերաբաշխման կարգ սահմանելը ԲԴԽ-ի լիազորությունն է։
3. Դատավորի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում գործերի վերաբաշխումը համընդհանուր պրակտիկա է, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ կարգի բացակայության պարագայում դա առնվազն չի կարող ոչ իրավաչափ վարքագիծ որակվել»։
4. Միաժամանակ նշվել է, որ կարգապահական վարույթ հարուցելու համար առիթ հանդիսացած զեկուցագիրը եղել է կամայական և իրականացվել է խտրական ձևով։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1. Դատավորի հերթական արձակուրդում գտնվելու հիմքով թիվ ԵԴ/0703/01/19, թիվ ԵԴ/0920/01/19, թիվ ՍԴ/0155/01/20, թիվ ԿԴ3/0038/01/18, թիվ ՍԴ/0221/01/19, թիվ ԱՎԴ/0101/01/20, թիվ ԵԴ/0744/01/19, թիվ ԱՐԴ/0076/01/19, թիվ ԵԴ/0668/01/21 և թիվ ԱՐԴ/0148/01/20 դատական գործերը զեկուցագրի հիման վրա հանձնվել են դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Պապոյանին, իսկ վերջինս դրանք էլեկտրոնային մակագրության կարգով վերաբաշխել է այլ դատական կազմերի միջև:
2. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի փետրվարի 28-ի «Լրացուցիչ ապացույց պահանջելու և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կապակցությամբ հրավիրված 28․02․2022 թվականի Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-Կ-1 որոշմամբ Դատական դեպարտամենտի կողմից ստացված տեղեկատվության համաձայն Վերաքննիչ քրեական դատարանի թվով 17 դատավորների կողմից 2021 թվականի ընթացքում արձակուրդի հիմքով վերաբախշման են հանձնվել ընդհանուր 30 քրեական գործ (Դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին ներառված չէ)։
3. Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Տ․ Ավագյանը 2022 թվականի հունվարի 12-ի գրությամբ հայտնել է, որ 2021 թվականի ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանի թվով 9 դատավորներ արձակուրդ մեկնելու հիմքով վերամակագրության են հանձնել ընդհանուր 82 դատական գործեր։
4. Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու 2021 թվականի հուլիսի 1-ի թիվ 34Ա հրամանի համաձայն՝ վերջինս 2021 թվականի հուլիսի 2-ից մինչև հուլիսի 23-ը և 2021 թվականի օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 27-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում։
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցչի բացատրությունները, Դատավորի և նրա ներկայացուցիչների պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ներկայացած միջնորդության մեջ, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտման հիմքեր ներկայացված են Օրենքի 46-րդ հոդվածի, Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ և 4-րդ գլուխներով ամրագրված պահանջների, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ամրագրված վարքագծի կանոնների խախտումները։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
1. Արդյո՞ք կարգապահական վարույթի հարուցումն ուղղված է եղել կոնկրետ Դատավորի դեմ, եղել է կամայական և խտրական,
2. արդյո՞ք Դատավորի կողմից իր վարույթում գտնվող դատական գործերն արձակուրդում գտնվելու պատճառով վերաբաշխման հանձնելը հանգեցրել է Օրենքի 46-րդ հոդվածի, Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ և 4-րդ գլուխներով ամրագրված պահանջների, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ամրագրված վարքագծի կանոնների խախտման,
3. եթե Դատավորի կողմից թույլ է տրվել վերոնշյալ վարքագծի կանոնների խախտում, ապա արդյո՞ք Դատավորի կողմից խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։
Բարձրագույն դատական խորհուրդը, հանդիսանալով դատավորների և դատական իշխանության անկախության սահմանադրաիրավական երաշխավորը, որին վերապահված է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը, պարտավոր է այդ լիազորությունն իրականացնել այնպես, որպեսզի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը որևէ կերպ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև՝ ապահովվի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը, միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ Դատավորի կողմից սույն օրենքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել: Իսկ նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.
1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջը ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,
2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,
3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը,
4. դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք կարող է լինել բացառապես նրա մեղավոր վարքագիծը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան լիազորությունների շրջանակներում, յուրաքանչյուր դեպքում արարքը կարգապահական խախտում որակելու և հետևաբար համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի արարքի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին կամ դատավորի վարքագծի կանոններին ի պաշտոնե գործելիս՝ բացահայտելով իրավանորմերում առկա ոչ որոշակի ձևակերպումների իրավական բովանդակությունը:
Տվյալ դեպքում, հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրությամբ և Օրենքով հանդիսանում է այն մարմինը, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, ուստի Խորհուրդը նախ և առաջ պարտավոր է անդրադառնալ Դատավորի կողմից բարձրացված մտահոգությանն առ այն, որ հարուցված կարգապահական վարույթը իրենից ներկայացնում է «հետապնդում» Դատավորի նկատմամբ, քանի որ ըստ դատավորի՝ այն եղել է խտրական և կամայական։
Վերոգրյալի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների, Դատավորի և Վարույթ հարուցող մարմնի բացատրությունների արդյունքում չի ապացուցվել, որ Վարույթի հարուցումը եղել է նպատակաուղղված և թիրախավորել է և նպատակ է ունեցել պատժել կոնկրետ Դատավորին։
1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում Վարույթ հարուցող մարմինն է կրում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Ինչպես նշվեց վերը՝ ներկայացված միջնորդության մեջ, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտման հիմքեր նշված են Օրենքի 46-րդ հոդվածի, Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ և 4-րդ գլուխներով ամրագրված պահանջների, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ամրագրված վարքագծի կանոնների խախտումները։
Օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝
1․ Եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, նա տեղափոխվել է այլ դատարան, տեղի է ունեցել դատավորների պաշտոնների փոխանակում, տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, գործի հարուցումը մերժել է, որի վերաբերյալ որոշումը սահմանված կարգով վերացվել է, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:
2. Դատավորի անաշխատունակության, արձակուրդի ժամանակահատվածում և դատարանում դատավորների թվի ավելացման հետևանքով գործի վերաբաշխման դեպքերն ու կարգը սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:
Օրենքի 46-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է դատավորի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման հիմքերը, և, եթե նշված նորմի 1-ին մասն ուղղակիորեն նախատեսել է դատավորի վարույթում գտնվող գործերի բաշխման հիմքերը, ապա նույն հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունից բխում է, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ պետք է սահմանված լինեն ա/ անաշխատունակության, բ/ արձակուրդի ժամանակահատվածում և գ/ դատարանում դատավորների թվի ավելացման հետևանքով գործերի վերաբաշխման դեպքերն ու կարգը:
Վերը նշված նորմի լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ արձակուրդում գտնվելը գործերի վերաբաշխման համար օրենսդրական հիմք է, իսկ դրա դեպքերն ու կարգը պետք է նախատեսված լինեն Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:
Տվյալ դեպքում Դատավորի կողմից գործերը վերաբաշխման հանձնելու հիմքը հանդիսացել է վերջինիս արձակուրդում գտնվելը, որպիսի պարագայում հարկ է պարզել, թե արդյո՞ք այն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա:
Բարձրագույն դատական խորհրդի 25.03.2021 թվականի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) 2-րդ հավելվածի 4-րդ գլուխը սահմանում է վերաքննիչ դատարաններում դատավորների միջև գործերի վերաբաշխման կարգը։ Նույն գլխի 17-րդ կետի համաձայն՝ Գործերի վերաբաշխման մյուս դեպքերի նկատմամբ կիրառելի են սույն հավելվածի 2-րդ գլխով սահմանված կանոնները: Հավելվածի 2-րդ գուլխը վերնագրված է՝ «Առաջին ատյանի դատարաններում դատավորների միջև գործերի վերաբաշխման կարգը»։ Նույն գլխի 3-րդ կետի համաձայն՝ դատավորի՝ անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայելու, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը:
Նույն հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ գործերի վերաբաշխման պատուհանում պարտադիր պետք է նշվի Օրենսգրքի 46-րդ հոդվածով նախատեսված վերաբաշխման հստակ որոշված դեպքը (օրինակ` ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու մասին որոշում, ժամանակավոր անաշխատունակություն, դատավորին այլ դատարանի դատավորի պաշտոնում նշանակում, դատավորների պաշտոնների փոխանակում, դատավորի լիազորությունների դադարեցում կամ կասեցում, նախկինում մասնակցությունը տվյալ գործին) և գործը վերաբաշխելիս պետք է ընտրվի նշված հիմքերից մեկը: Վերաբաշխման ենթակա գործը չի կարող կրկին հանձնվել նույն դատավորին:
Այսպիսով, Որոշման 2-րդ Հավելվածի 2-րդ գլխի 3-րդ կետը սահմանում է գործերի վերաբաշխումը ա/ անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայելու և բ/ այլ բացառիկ դեպքերում։ Ընդ որում նույն կետի համաձայն՝ գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը։
Որոշումն ուղղակի չի կարգավորում արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար գործերի վերաբաշխման դեպքերն ու կարգը, սակայն կարգավորում է գործերի վերաբաշխման հնարավորությունը այլ բացառիկ դեպքերում։ Ընդ որում, գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցի որոշման իրավունքը վերապահում է համապատասխան դատարանի նախագահին։ Խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք այն հանգամանքը, երբ Որոշմամբ ուղղակիորեն սահմանված չէ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար գործերի վերաբաշխման դեպքերն ու կարգը կարող է հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, եթե վերջինս երկարաժամկետ արձակուրդ մեկնելու պատճառով դիմել է դատարանի նախագահին վերաբաշխում իրականացնելու խնդրանքով։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»:
Եվ օրենքի, և՛ Որոշման նպատակն է ապահովել դատական իշխանության, դատարանների բնականոն գործունեությունը։ Ոչ Օրենքը, և ոչ էլ Որոշումը չեն կարող ամբողջությամբ նախատեսել և կարգավորել բոլոր հնարավոր դեպքերը, երբ դատավորի բացակայության պատճառով կարիք կառաջանա գործերի վերաբաշխման։ Այդ իսկ պատճառով Օրենքը լիազորել է Բարձրագույն դատական խորհրդին կարգավորել անաշխատունակության, արձակուրդի ժամանակահատվածում և դատարանում դատավորների թվի ավելացման հետևանքով գործի վերաբաշխման դեպքերն ու կարգը։ Խորհուրդը իր հերթին, հաշվի առնելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համաձայն որի՝ դատարանի նախագահին է վերապահվում դատարանի բնականոն գործունեության ապահովումը, նախատեսել է, որ գործերի վերաբաշխման դեպքերն են անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայելը և այլ բացառիկ հանգամանքները։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝
1․ Եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:
Նույն օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝
1. Եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):
2. Օրենսդրության մեջ կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմի բացակայության և օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են իրավունքի տվյալ ճյուղի սկզբունքները կամ տվյալ իրավահարաբերության էությանը համապատասխան իրավունքի ընդհանուր սկզբունքները (իրավունքի անալոգիա):
3. Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:
4. Օրենքի անալոգիան և իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը:
Փաստորեն, Բարձրագույն դատական խորհուրդը 25.03.2021 թվականի թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշմամբ չի նախատեսել արձակուրդի հիմքով դատավորի կողմից գործերի վերաբաշխման առանձին կարգ, սակայն հարկ է փաստել, որ նախատեսել է վերաբաշխման հնարավորություն բացառիկ դեպքերում, որոնց հիմքով գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշելու լիազորությունը վերապահված է համապատասխան դատարանի նախագահին, այսինքն՝ դատարանի նախագահը՝ որպես բացառիկ դեպք կարող է համարել նաև դատավորի արձակուրդում գտնվելու հանգամանքը և անհրաժեշտ համարել գործերի վերաբաշխումը հենց այդ՝ օրենքով սահմանված հիմքով, քանի որ բացառիկ դեպքերը սպառիչ թվարկված չեն, իսկ արձակուրդի հիմքով գործերի վերաբաշխում կատարելու արգելք չի եղել, այսինքն՝ արձակուրդը այն էլ երկարաժամկետ, բացառիկ դեպք գնահատելու իրավասությունը վերապահված է դատարանի նախագահին, հետևաբար այդ հիմքով վերաբաշխում կատարելու անհրաժեշտության որոշումը ևս գտնվել է նրա գնահատման տիրույթում և յուրաքանչյուր դեպքում վերջինս է պարտավոր պարզել բացառիկ դեպքի առկայությունը, մասնավորապես, թե դատավորի արձակուրդում գտնվելը, կարող է գնահատվել այնպիսի բացառիկ դեպք, որով պայմանավորված առկա լինի գործերի վերաբաշխում կատարելու անհրաժեշտությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ նաև 2018 թվականի հուլիսի 9-ին ընդունված և մինչև 2021թ. մարտի 25-ը գործող «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» ԲԴԽ-23-Ո-49 որոշմանը, որի հավելված 2-ի 2-րդ գլխի 3-րդ կետի համաձայն՝ Դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դատավորի արձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը:
Համեմատելով նշված երկու որոշումները Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ 2018 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը հստակ սահմանել է դատավորի արձակուրդում գտնվելու դեպքը որպես գործերի վերաբաշխման հիմք՝ այդ հիմքով վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշելու լիազորությունը վերապահելով համապատասխան դատարանի նախագահին, մինչդեռ 25.03.2021 թվականի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 2-րդ հավելվածի 2-րդ գլխի 3-րդ կետով որպես գործերի վերաբաշխման դեպք դատավորի արձակուրդում գտնվելն առանձին չի նախատեսվել, սակայն նախատեսվել են այլ բացառիկ դեպքեր, կրկին գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշելու լիազորությունը վերապահելով համապատասխան դատարանի նախագահին:
Նշված փաստերի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ քննարկվող դեպքում Դատավորն իր օգնականի միջոցով հանձնել է գործերը վերաբաշխման, դրա հիմքում դնելով երկարաժամկետ արձակուրդում գտնվելու հանգամանքը, իսկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կատարել է վերաբաշխում, հետևաբար նշված պայմաններում առհասարակ բացակայում է Դատավորի կողմից վերաբաշխում կատարելու հիմքով խախտում թույլ տալու հանգամանքը, քանի որ վերջինս ոչ թե դրա կատարողն է եղել, այլ փաստացի նման զեկուցագրով դիմողը և բացի դրանից, վերը նշված մեկնաբանությունները բավարար հիմք են տալիս փաստելու, որ վերաբաշխում իրականացնելը նշված հիմքով բխում է թե Օրենքի, թե Բարձրագույն դատական խորհրդի որոշման տրամաբանությունից: Ավելին, ուսումնասիրելով գործի քննության ընթացքում ներկայացված ապացույցները, Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ արձակուրդի հիմքով գործերի վերաբաշխում կատարելու պրակտիկան Վերաքննիչ քրեական դատարանում գործել է ինչպես 2018 թվականի հուլիսի 9-ի որոշման գործողության, այնպես էլ նոր որոշման գործողության ընթացքում:
Ինչ վերաբերում է Վարույթ հարուցող մարմնի ներկայացուցչի՝ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մայիսի 8-ի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-08 որոշմանը կատարած հղմանը, և այն պնդմանը, որ դրանով հաստատվում է Խորհրդի կողմից չկարգավորված դեպքերում գործերի վերաբաշխում իրականացնելու դիմում ներկայացնելու անթույլատրելիությունը, ապա Խորհուրդն արձանագրում է, որ նման պնդումը հիմնավոր չէ, քանի որ նշված որոշման հիմքում ընկած կարգապահական վարույթը վերաբերել է դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված գործերի վերաբաշխմանը, վարույթը քննվել է 2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-49 որոշման գործողության պայմաններում, որոշմամբ նշվել է որ 2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ սահմանված չէ կարճատև առողջական խնդիրների հետ կապված գործերի վերաբաշխման կարգ, քանի որ սահմանված է անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու դեպքում վերաբաշխման հնարավորություն, մինչդեռ սույն կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից ամենամյա արձակուրդի հիմքով գործերի վերաբաշխմանը և դրա վրա տարածվում են 25.03.2021 թվականի թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշման դրույթները:
Ելնելով վերոգրյալից Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից իր վարույթում գտնվող դատական գործերն արձակուրդում գտնվելու պատճառով վերաբաշխման հանձնելը չի հանգեցրել է Օրենքի 46-րդ հոդվածի, Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ և 4-րդ գլուխներով ամրագրված պահանջների, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ամրագրված վարքագծի կանոնների խախտման։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Մ. ՄԱԿՅԱՆ | ||
|
Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ | |
Ս. ՉԻՉՈՅԱՆ | ||
|
| |
Հատուկ կարծիք որոշման վերաբերյալ |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | |
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2022 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Բարձրագույն դատական խորհրդի 14 մարտի 2022 թ. թիվ ԲԴԽ-2-Ո-Կ-1 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
29 մարտի 2022 թ. |
ք. Երևան |
Սույն թվականի մարտի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) որոշում կայացրեց (այսուհետ՝ Որոշում) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն (այսուհետ՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին, այն հիմնավորմամբ, որ Դատավորի՝ երկարաժամկետ արձակուրդ մեկնելը կարող է համարվել բացառիկ դեպք և դրվել գործերի վերաբաշխման հիմքում, հետևաբար դատավորին վերագրված արարքն ինքնին չի հանգեցրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք) և Խորհրդի որոշումներով սահմանված կարգավորումների խախտման: Համաձայն չլինելով Խորհրդի Որոշման հետ՝ սույն հատուկ կարծիքի շրջանակում ցանկանում ենք հիմնավորել մեր դիրքորոշումը:
Այսպես, Խորհուրդը Որոշմամբ արձանագրել է. «(…) քննարկվող դեպքում Դատավորն իր օգնականի միջոցով հանձնել է գործերը վերաբաշխման, դրա հիմքում դնելով երկարաժամկետ արձակուրդում գտնվելու հանգամանքը, իսկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կատարել է վերաբաշխում, հետևաբար նշված պայմաններում առհասարակ բացակայում է Դատավորի կողմից վերաբաշխում կատարելու հիմքով խախտում թույլ տալու հանգամանքը, քանի որ վերջինս ոչ թե դրա կատարողն է եղել, այլ փաստացի նման զեկուցագրով դիմողը»: Որոշումը ստորագրած Խորհրդի անդամների կարծիքով վերաբաշխում իրականացնելը նշված հիմքով բխում է Օրենքի և Խորհրդի որոշումների տրամաբանությունից, քանի որ տվյալ դեպքում երկարաժամկետ արձակուրդ մեկնելու հանգամանքը պետք է դիտարկվի որպես գործերի վերաբաշխման բացառիկ դեպք:
Ի հիմնավորումն իրենց Որոշման՝ Խորհրդի՝ Որոշումը ստորագրած անդամները վկայակոչում են Օրենքի 46-րդ հոդվածը, ինչպես նաև՝ Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. մարտի 9-ին ընդունված «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշումը (այսուհետ՝ ԲԴԽ-16-Ն-6 որոշում կամ ԲԴԽ գործող որոշում): Մասնավորապես Օրենքի 46-րդ (Գործերի վերաբաշխումը) հոդվածի համաձայն՝
«1. Եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, նա տեղափոխվել է այլ դատարան, տեղի է ունեցել դատավորների պաշտոնների փոխանակում, տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, գործի հարուցումը մերժել է, որի վերաբերյալ որոշումը սահմանված կարգով վերացվել է, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:
2. Դատավորի անաշխատունակության, արձակուրդի ժամանակահատվածում և դատարանում դատավորների թվի ավելացման հետևանքով գործի վերաբաշխման դեպքերն ու կարգը սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ»:
Թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 2-րդ հավելվածի՝ Վերաքննիչ դատարաններում գործերի վերաբաշխման վրա տարածվող 2-րդ գլխի 3-րդ կետի համաձայն՝
«Դատավորի՝ անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայելու, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը»:
Այսինքն, կարևոր է անդրադառնալ թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման մեջ նշված գործերի վերաբաշխման «այլ բացառիկ դեպքեր» հասկացությանը, մասնավորապես նրան, թե արդյո՞ք դատավորի «երկարաժամկետ» արձակուրդում գտնվելը կարող է համարվել բացառիկ դեպք:
«Բացառիկ» բառի ստուգաբանական վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այս ածականը բնորոշում են արտակարգ դեպքերը, որի հականիշն են՝ «սովորական», «ընդհանուր» բառերը (Աղբյուր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան, Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն (1944), էջ 377): Ակնհայտ է նաև, որ արձակուրդում գտնվելը ոչ թե բացառություն է, այլ՝ ընդհանուր կանոն: Արձակուրդ մեկնելը հանդիսանում է անձի հանգստի իրավունքից օգտվելու հետևանք:
Պարզ է, որ տվյալ իրավունքի իրացումը ոչ թե բացառություն է, այլ ընդհանուր կանոն, ինչը հիմնավորելու համար լրացուցիչ փաստարկների անհրաժեշտություն, կարծում ենք, չկա:
Դատավորի արձակուրդ մեկնելու հետ կապված իրավադրույթները սահմանված են Օրենքի 58-րդ հոդվածով, մասնավորապես դատավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ: Ինչպես նաև՝ անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով` դատարանի նախագահը դատավորին կարող է տրամադրել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ, իսկ ավելի երկար ժամկետով՝ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ դատավորի «երկարաժամկետ արձակուրդ» հասկացություն գոյություն չունի, իսկ քննարկվող վարույթի շրջանակում ո՛չ գործի նյութերում, ո՛չ Դատավորի պատասխանում որևէ անձնական կամ ընտանեկան հանգամանքներ չեն վկայակոչվել:
Այսպիսով, Խորհրդի՝ Որոշմանը կողմ քվեարկած անդամները որդեգրել են մոտեցում, համաձայն որի Դատարանի վարույթում գտնվող գործերը կարող են վերաբաշխվել դատավորի նախաձեռնությամբ և դատարանի նախագահի կողմից՝ հիմք ընդունելով նշված անձանց գործողությունների արդյունքում առաջացած «դեպքի» «բացառիկությունը»: Ավելին, ինչպես նշվեց, «երկարաժամկետ արձակուրդ» հասկացությունը նախատեսված չէ օրենսդրությամբ և արդյունք է նշված անձանց նույնպես օրենքով չնախատեսված գործողությունների:
Այս մոտեցումը մեզ համար ամբողջովին անընդունելի է և մերժելի, քանի որ կարող է լայն ճանապարհ բացել կամայականությունների, այն է՝ օրենքով ստեղծված դատարանի վարույթից դատական գործերի կամայական վերաբաշխման համար:
Բացի այդ, Որոշումը ստորագրած Խորհրդի անդամների մոտեցումը սկզբունքային հակասության մեջ է գտնվում դատավոր Հ. Մանուկյանի վերաբերյալ կարգապահական վարույթի առթիվ 2019թ. մայիսի 8-ին ընդունված թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-08 որոշման հետ, որի կետ 5-րդ-ում Խորհուրդը նշել է հետևյալը՝
«(...) Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված դատավորին մակագրված դատական գործերը վերադարձնելու վերաբերյալ որևէ ընթացակարգ սահմանված չէ, հետևաբար՝ Դատավորն իրեն մակագրված թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերը տվյալ դեպքում իրավասու չէր վերադարձնել կամ նախաձեռնել արդեն մակագրված դատական գործի վերամակագրում:
(...) Դատավորի այն պատճառաբանությունը, թե ինքը Դատարանի նախագահին սոսկ իրազեկել է իր առողջական վիճակով պայմանավորված բժշկական հետազոտություն անցնելու մասին, սակայն չի առաջարկել վերամակագրել գործը, չի կարող ամբողջովին բացառել Դատավորի կողմից վարքագծի խախտում թույլ տալու փաստը, քանզի ինքն է հանձնարարել իր օգնականին զեկուցագրով դատական գործերը վերադարձնելու մասին, մինչդեռ՝ անկախ որևէ դատական պաշտոնյայի ենթադրյալ դիրքորոշումից, Դատավորը չպետք է խախտեր դատական գործերի վերամակագրման կանոնները»:
Համաձայն լինելով Խորհրդի կողմից նախկինում կայացված որոշման հետ՝ պետք է նշենք, սակայն, որ սույն գործով Որոշման մեջ, Խորհուրդն ընդհանրապես չանդրադառնալով Դատավորի կողմից՝ իր արձակուրդի մեջ գտնվելու հիմքում գործի վերաբաշխում նախաձեռնելու իրավաչափությանը, կենտրոնացավ բացառապես դատարանի նախագահի՝ գործի վերաբաշխումն իրականացնելու լիազորության վրա: Եվ ամենակարևորը՝ սույն որոշման մեջ նույնպես Խորհուրդը հստակ արձանագրել է, որ ԲԴԽ՝ վերագրվող խախտման պահին և ներկայումս գործող թիվ ԲԴԽ-16-Ն-6 «որոշումը չի կարգավորում արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի համար գործերի վերաբաշխման դեպքերն ու կարգը (…)»: Սակայն դատավոր Հ. Մանուկյանի վերաբերյալ վարույթի առթիվ կայացված որոշման մեջ դատավորի կողմից իրեն մակագրված գործը վերադարձնելու իրավունքի բացակայությունն անմիջականորեն բխեցվել է նման ընթացակարգի բացակայության փաստից, իսկ դատավոր Վ. Ռշտունու վերաբերյալ վարույթի առթիվ կայացված որոշման հեղինակները (որոնցից երկուսն առաջին գործով ստորագրել են ԲԴԽ որոշումը, իսկ մեկը՝ եղել է վարույթն այդ գործով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու Դատավորների ընդհանուր ժողովի համապատասխան հանձնաժողովի՝ միջնորդությունը ստորագրած անդամ), նույն ընթացակարգի բացակայության պայմաններում Դատավորի գործողություններն իրավաչափ են համարել այն հիմքով, որ ԲԴԽ համապատասխան որոշումը «կարգավորում է գործերի վերաբաշխման հնարավորությունը այլ բացառիկ դեպքերում» դատարանի նախագահի կողմից՝ խուսափելով, ի տարբերություն դատավոր Հ. Մանուկյանի գործի, Դատավորի կողմից վերաբաշխումը նախաձեռնելու գործողությանը գնահատական տալուց:
Այսպիսով, տվյալ գործի քննության նկատմամբ առարկայական և տարածքային իրավազորություն (պարտականություն) ունեցող դատարանի դատավորին մակագրված գործի՝ դատավորի արձակուրդում գտնվելու հիմքով վերաբաշխումը նախաձեռնելու և կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի սահմանված լինեն այդ գործողություններն իրականացնելու հիմքերը և ընթացակարգը: Մինչդեռ, Օրենքի և թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման մեջ սահմանված դրույթները թույլ չեն տալիս հետևություն անել այն մասին, որ նշված գործողություններն իրականացնելու համար առկա է ընթացակարգ:
Համադրելով Օրենքի 46-րդ հոդվածով և թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշմամբ սահմանված իրավադրույթները՝ պետք է արձանագրել, որ դրանցով ընդամենն ամրագրված է վերաբաշխման հարցը լուծող սուբյեկտը՝ դատարանի նախագահը: Չի կարգավորված, թե ինչպես է տեղի ունենում այդ լիազորության համար անհրաժեշտ փաստի առաջացումը և արձանագրումը, մասնավորապես դատավորի կողմից գործի վերաբաշխման գործընթացի նախաձեռնումը, արդյո՞ք դատավորը պետք է դատարանի նախագահին ներկայացնի գրավոր միջնորդություն, թե ոչ, արդյո՞ք ներկայացվող միջնորդությունը պետք է լինի պատճառաբանված, թե ոչ, և վերջապես՝ ինչ չափանիշներով է դատարանի նախագահը մի դեպքում թույլատրում գործի վերաբաշխումը, իսկ մյուս դեպքում՝ ոչ:
Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ դատավորին մակագրված գործի վերաբաշխումը՝ դատավորի կողմից նախաձեռնելու և դատարանի նախագահի կողմից հարցին լուծում տալու՝ Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող կարգը սահմանված չէ, ինչի մասին Խորհրդում տեղի ունեցած նիստի ընթացքում պնդում էին նաև Դատավորը և նրա ներկայացուցիչները:
Դատավորի կողմից դիրքորոշում էր հայտնվել այն մասին, որ «վերագրվող արարքը չի գտնվում դատավորի իրավասության տիրույթում. Դատական գործերի վերաբաշխումը ոչ թե իրականացվում է գործի քննություն իրականացնող դատավորների կողմից, այլ դատարանի նախագահի կողմից: Ուստի դատավորը չէր կարող խախտել մի նորմ, որի հասցեատերը չէր», (տես՝ Խորհրդի Որոշումը, 3-րդ կետի 1-ին ենթակետ): Այս կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ մակագրված գործի վերաբաշխումը գործընթաց է, որը սկսվում է դրա նախաձեռնումից: Հետևաբար Դատավորը հանդիսանում է վերը մեջբերված նորմերի հասցեատերը, քանի որ վերաբաշխման հիմքերը չեն կարող նույնական չլինել Դատավորի կողմից վերաբաշխումը նախաձեռնելու հիմքերի հետ և դատարանի նախագահի կողմից նշված գործառույթի իրականացումն անհնար էր առանց Դատավորի կողմից նրան նման հնարավորություն ընձեռելու կամ այլ կերպ ասած՝ առանց Դատավորի կողմից դատարանի նախագահի համար իր նշված գործառույթն իրականացնելու անհրաժեշտություն առաջացնելու: Հետևաբար, Դատավորը չէր կարող գործերի վերաբաշխում նախաձեռնել մի հիմքով, որը սահմանված չէ որպես գործի վերաբաշխման հիմք: Այսինքն, Դատավորի կողմից նշված նորմերի խախտումը կատարվել է վերաբաշխումը նախաձեռնելու, այն է՝ վերաբաշխման համար գործերը հանձնելու ձևով և ավարտվել հանձնման պահին:
Խորհրդի Որոշումից, սակայն, կարող ենք եզրակացնել, որ Խորհրդի կողմից հարցի իրավական կարգավորում է համարվել դատարանի նախագահին բացառիկ դեպքերում գործերը վերաբաշխելու լիազորությունը՝ առանց վերջինիս կամայական կիրառման դեմ որևէ երաշխիքներ սահմանելու և առանց կարգավորումը լիազորող նորմի՝ Օրենքով սահմանված առարկան (դեպքերը և կարգը) հաշվի առնելու: Սույն գործով Խորհրդի Որոշումը մտահոգիչ է նաև գործերի վերաբաշխման կամայական պրակտիկա ձևավորելու և դատական համակարգի բնականոն գործունեությունը խաթարելու իրական վտանգների հեռանկար ստեղծելու տեսանկյունից: Այսպես, Խորհրդի Որոշումն ստորագրած անդամները որոշման տեքստում բազմիցս նշում են, որ ԲԴԽ-ն հանդիսանում է դատական իշխանության անկախության երաշխավորը, սակայն գեթ մեկ անգամ չեն նշում, որ ԲԴԽ-ն ունի մեկ այլ կարևոր առաքելություն ևս՝ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելը: Եթե Դատավորին վերագրված վարքագիծը և դրա հետևանքները՝ «երկարաժամկետ» արձակուրդում գտնվելու պատճառով Խորհրդի կողմից բացառիկ դիտված դեպքերում գործերի վերաբաշխումը դիտարկենք որպես թույլատրելի վարքագիծ, ապա, գործերի վերաբաշխումը նախաձեռնելու և կատարելու գործընթացում կամայականության դեմ երաշխիքների իսպառ բացակայության պայմաններում, ոչինչ չի խանգարի, որպեսզի վերաբաշխված գործը ստացած դատավորի արձակուրդ մեկնելու հիմքով այն հետագայում վերաբաշխվի մեկ այլ դատավորի և այդպես՝ շարունակ:
Կարևոր ենք համարում փաստել նաև, որ անձի արդար դատաքննության իրավունքի մաս հանդիսացող՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի նախապայմանի վտանգումը Խորհուրդը թույլատրելի է համարել օրենքով չնախատեսված չափանիշների առկայության և համապատասխան ընթացակարգի բացակայության պայմաններում, ինչով իրավական անորոշություն է հաղորդել դատարանի վարույթում գտնվող քրեական գործերի քննության գործընթացին:
Այդպիսով, քննարկվող Որոշմամբ նախադրյալներ են ստեղծվել դատավորների կողմից արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու համար, չեն ապահովվել դատավորի կողմից իրեն մակագրված գործի վերաբաշխումը նախաձեռնելու և դատարանի նախագահի կողմից նման վերաբաշխում կատարելու հարցը լուծելու ընթացակարգերում կամայականությունը բացառող երաշխիքները և վտանգվել է դատական համակարգի բնականոն գործունեությունը:
Օրենքի հիման վրա ստեղծված դատարանի՝ §Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին¦ Եվրոպական կոնվենցիայի 1-ին մասով նախատեսված՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության իրավունքն անկյունաքարային նշանակություն ունի անձի արդար դատաքննության իրավունքի իրացման համար: Դրա ցանկացած կարգավորում չի կարող կատարվել կամայականության անվերահսկելի հնարավորություններ տվող, իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանող իրավական նորմերի կիրառմամբ կամ կամայական մեկնաբանությամբ:
Վարույթի նյութերով ներկայացված փաստերը համադրելով վերոշարադրյալ իրավական մեկնաբանությունների հետ՝ գտնում ենք, որ Դատավորի գործողություններում առկա էր կարգապահական խախտում և Խորհուրդը պարտավոր էր բավարարել Վարույթ հարուցող մարմնի միջնորդությունը և դատավոր Վազգեն Ռշտունուն ենթարկեր կարգապահական պատասխանատվության։
Կարևոր ենք համարում փաստել նաև, որ մեր կարծիքով և՛ սույն որոշումը, և՛ Խորհրդի կողմից կայացված այն որոշումները, որոնք չեն ընդունվել Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, չեն կարող հանդիսանալ կայուն նախադեպ: Այս հանգամանքը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն ինչպես դատավորները, այնպես էլ կարգապահական վարույթ հարուցող մարմինները:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | |
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 ապրիլի 2022 թվական: