ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-4-րդ մասերի՝
Ազգային ժողովը որոշում է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրին՝ համաձայն հավելվածի։
Ազգային ժողովի նախագահ |
Ա. Սիմոնյան |
2021 թվական, օգոստոսի 26 Երևան ԱԺՈ-002-Ն |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
(2021-2026 ԹԹ.)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՕԳՈՍՏՈՍ 2021 Թ.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԲԱՆ
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1.1 ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
1.3 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
1.4 ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ
2. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2.1 ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
2.2 ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2.3 ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
2.4 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2.5 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
2.6 ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ
2.7 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
2.8 ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
3. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
3.1 ՏՐԱՆՍՊՈՐՏ
3.2 ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
3.3 ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
3.4 ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
4.1 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
4.2 ՄԻԳՐԱՑԻԱ
4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
4.4 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
4.5 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
4.7 ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
4.8 ՍՊՈՐՏ
4.9 ՄՇԱԿՈՒՅԹ
4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
5. ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
5.1 ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
5.2 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
5.3 ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
5.4 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
5.5 ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
5.6 ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
6. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄ
6.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
6.2 ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6.3 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
6.4 ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
6.5 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ
6.6 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
6.7 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
6.8 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
6.9 ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
6.10 ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:
2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի:
Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները՝ հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։
2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաև հանրային համերաշխության վերականգնման համար. դեռևս 2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտն ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց:
Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետությանն սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային:
Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվեն ստացած Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է:
Միաժամանակ, ժողովրդավարության թյուրընկալումը՝ որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը:
Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը կախված չէ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը:
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոններն են՝
Հայոց արդիականացվող բանակը
Մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը:
Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով:
Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա կշարունակեն հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները: Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջաններում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մի շարք հատվածներում սահմանի պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի:
Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին
Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին ու աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները:
Տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը
Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Թշնամության խորացումն սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք:
Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:
Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված Կառավարության արտաքին քաղաքական ջանքերը մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական և անվերապահ իրագործումը:
Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և (կամ) զարգացումը։ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումն էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար:
Բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը
Կառավարության համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են բոլոր պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում ևս Հայաստանի հիմնական գործընկերների հետ փոխշահավետ և բովանդակային փոխգործակցությունը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգային ճարտարապետության մեջ:
Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը
Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը:
Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ) սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, անհրաժեշտ է ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, մասնավորապես՝
սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում,
սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում,
պետական սահմանի ինժեներական կահավորում,
սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:
Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին:
Ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը
Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոններ են շարունակում մնալ ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը, այդ ոլորտում Հայաստանի կողմից միջազգային և միջպետական պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը:
Շարունակվելու է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու, ահաբեկչական սպառնալիքները ժամանակին բացահայտելու ու չեզոքացնելու ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքը: Իրականացվելու են ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի, շահագրգիռ միջազգային և միջպետական այլ կառույցների, ինչպես նաև գործընկեր պետությունների իրավասու մարմինների հետ ոլորտային համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Միջոցառումներ են իրականացվելու Հայաստանի Հանրապետության կարևոր օբյեկտների և ենթակառուցվածքների հակաահաբեկչական պաշտպանվածության մակարդակի բարձրացման, դրա իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական և նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, ընդունման, ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցման ու շարունակական կատարելագործման ուղղությամբ:
Օրենքի և իրավունքի դիկտատուրան, իրավակարգը
Իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարևոր գործոն են: Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը:
Աղետներին դիմակայունության բարձրացումը
Տարածաշրջանային անվտանգային հիմնախնդիրները՝ բնակլիմայական, տեխնածին ու մարդածին աղետները, պատերազմները, համաճարակներն ու ահաբեկչությունները, կլիմայական համընդհանուր (գլոբալ) փոփոխությունները, ինստիտուցիոնալ թույլ կառավարումը, ժողովրդագրական փոփոխությունները, պատճառ են դառնում ներքին անկայուն իրավիճակի առաջացման, որի կառավարումը լրացուցիչ ուժեր ու միջոցներ է պահանջում պետությունից: Այդ առումով ստեղծվելու է ներդաշնակ անվտանգ միջավայր՝ աղետներին դիմակայունության բարձրացման, ռիսկերի նվազեցման, իրազեկման ու կրթվածության արդյունավետ համակարգի ներդրման միջոցով:
Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ: Կատարելով ներդրումներ աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ Կառավարությունն ուղղակի կանխարգելելու և ազդելու է աղետների առաջացման պատճառների վրա՝ խուսափելով հետևանքների վերացման համար պահանջվող անհամեմատ ավելի մեծ ծախսերից:
Աղետներին դիմակայելու տեսանկյունից բնակչության իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով կրթական համակարգում պարբերաբար մշակվելու, թարմացվելու և ներդրվելու են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հարցերով կրթական ծրագրեր:
Տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը
Զարգացող և հարկունակ տնտեսությունը պիտի գոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար: Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաև բնապահպանական միջազգային չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսությունը: Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական և հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության ապահովման համար ունեն առանցքային նշանակություն:
1.1 ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը: Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով:
●
Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն է՛լ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու հանգամանքը ևս կարևորություն է հաղորդում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:● Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը: Հայաստանը շարունակելու է համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի:
● Կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ֆրանսիայի Հանրապետության հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները` ելնելով նաև Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կարգավիճակից։ Քաղաքական ոլորտում առկա գործակցությանը զուգահեռ՝ հստակ քայլեր են իրականացվելու Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Կառավարությունը հատուկ կարևորություն է տալու Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներում։
● Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա: Շարունակվելու է Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, ոլորտային առկա մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունն սկսելու ուղղությամբ։ Կառավարությունն իրականացնելու է առաջիկա հինգ տարիների համար Արևելյան գործընկերության շրջանակում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 2,6 մլրդ եվրո աջակցության ներքո նախատեսված ծրագրերը: Աջակցությունն ուղղվելու է Կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած առաջնահերթ յոթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաքի զարգացմանը, կրթության հասանելիությանը և ջրամբարների ու աղբավայրերի կառուցմանը:
● Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:
● Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը: Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը` Կառավարությունը ձգտելու է է՛լ ավելի զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ։ Համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր են իրականացվելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակներում: Այս առումով կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար: Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորմանը։
● Կառավարությունն ապահովելու է Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը: Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Երկու երկրների միջև ավանդական փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը: Կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման ուղղությամբ:
● Հայաստանը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, որը կարող է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման խթան դառնալ։ Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով։ Եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեկնարկի համար: Այդ նպատակով Կառավարությունը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել: Միաժամանակ, Կառավարությունը կարծում է, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի՝ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին հայտարարության և դրանից բխող հետագա պայմանավորվածությունների, այդ թվում՝ բոլոր գերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձնելու պայմանի չկատարումը, ի հավելումն հումանիտար և միջազգային իրավական խնդիրների, առաջացնում է անկայունություն և նոր վտանգներ։ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններն ու նկրտումները, ուժի կիրառման սպառնալիք պարունակող ռազմաշունչ հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին։ Հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով առաջացած ճգնաժամի լուծման ուղիների վերաբերյալ Կառավարությունը հանդես է եկել հրապարակային առաջարկներով և միջոցներ է ձեռնարկելու այդ առաջարկություններն իրագործելու ուղղությամբ:
● Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։
●· Կառավարությունը նախաձեռնող է լինելու Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման և համագործակցային նոր հարաբերությունների կայացման ուղղությամբ:
●· Կառավարությունը նպաստելու է Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ներառյալ հակամարտության գոտիներում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովմանը:
● Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:
● ԵԱՏՄ-ի շրջանակներում Կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և կոոպերացիաների զարգացմանը:
● ՀԱՊԿ-ը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` Կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին: 2021 թվականի սեպտեմբերին ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը՝ Հայաստանը փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակներում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը՝ ի նպաստ անդամ պետությունների և միջազգային անվտանգության:
● Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակվելու է կարևորվել նաև ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:
● Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի հիմնարար արժեքներին և բարձր է գնահատում կառույցի դերը խաղաղության, ժողովուրդների համագործակցության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բնագավառում: Հայաստանը շարունակելու է իր ակտիվ աշխատանքները կառույցի շրջանակներում՝ կարևորելով կառույցի դերն ինչպես տարածաշրջանային խնդիրների լուծման, այնպես էլ համաշխարհային/համընդհանուր մարտահրավերների ձևակերպման և դրանց շուրջ աշխատանքների կազմակերպման տեսակետից:
● Կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը:
● Հայաստանը շարունակելու է ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ-ի շրջանակներում ընթացող գործընթացներին՝ ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՀԿ-ն տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խնդիրների հասցեագրման կարևոր հարթակ է, և որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
● Կարևորվելու են ԵԽ-ում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և նախաձեռնողական քաղաքականությունը, հատկապես միջազգային այն կառույցների շրջանակներում, որոնց անդամ է Հայաստանը, կամ որոնց հետ կան ձևավորված գործակցության ձևաչափեր։
Նոր մոտեցումներ դիվանագիտության մեջ
Հայաստանի դիվանագիտական ազգային համակարգը ձևավորված և ավանդույթներ ունեցող ինստիտուտ է։ Միաժամանակ, անհրաժեշտ է արդի միտումներին ու զարգացումներին համահունչ բարեփոխումներ իրականացնել արտաքին քաղաքականության ձևակերպման, կառավարման ու իրականացման գործընթացներում: Այս առումով առաջիկա հինգ տարիներին Կառավարությունը շեշտադրելու է հատկապես տնտեսական և իրավական դիվանագիտության զարգացումը։
● Կառավարությունն արդիականացնելու է տնտեսական դիվանագիտության մեխանիզմներն ու գործընթացները, որը նպաստելու է Հայաստանի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներհոսքի զգալի աճին, արտաքին առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացի խթանմանը, հետազոտությունների ու մշակումների ոլորտում համագործակցության ընդլայնմանը, զբոսաշրջության ծավալների աճին, հայկական ու օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը:
● Միջազգային իրավունքն ու միջազգային իրավական ռեժիմի ամրապնդումը կարևոր գործիք են արտաքին քաղաքական շահերը պաշտպանելու համար: Կառավարությունը զարգացնելու է իրավական դիվանագիտության գործիքակազմն արտաքին քաղաքականության մեջ և նպաստելու է նորմերի ու կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի առաջխաղացմանը: Իրավական գործիքակազմի համակարգված ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա միջազգային իրավական ռեժիմի շրջանակներում խթանելու և առաջ մղելու հայությանը մտահոգող հարցերն ու խնդիրները և պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը:
1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:
● Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:
● Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
● Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է: Կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:
● Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը:
1.3 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սահմանադրական առաքելությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Պաշտպանության բնագավառում Կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը։ Ընդ որում, բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է, որ պաշտպանության համակարգի բոլոր կառույցները և բաղադրիչները, ներառյալ Զինված ուժերը, պետք է համակարգված և ներդաշնակ աշխատեն և մնան քաղաքական չեզոքության սահմանադրական պահանջի շրջանակում։
Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները։ Հաշվի են առնվում նաև ռազմական գործողությունների բնույթի, օպերատիվ մարտավարական արվեստի և մարտավարության փոփոխություններն աշխարհում։ Սրանով պայմանավորված՝ Կառավարությունը վերանայելու է մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը, ինչպես նաև Զինված ուժերի կառավարման համակարգը:
Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ Այս համատեքստում Կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համապարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ։
Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը։
Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ՝ իր սպառազինությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով և պատերազմավարման եղանակներով: Զինված ուժերի տեխնոլոգիական արդիականացմանը և արհեստական բանականությամբ օժտված համակարգերի կիրառմանը, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ՝ լուծվելու են նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:
Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը շարունակաբար կաճի:
● Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական, և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները:
● Կառավարությունը բարձրացնելու է Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը: Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների: Վերանայվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը: Զինված ուժերի կառավարման և ղեկավարման արդյունավետության բարձրացման և որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և առաջանցիկ որոշումների կայացումը: Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման և զորային օղակներում իրականացվելու են կազմակերպչական և հաստիքային փոփոխություններ: Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ և կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ:
● Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով Կառավարությունը նպատակ է հետապնդում հասնելու արդյունավետության բարձրացման, մասնավորապես ձևավորվելու են մեծ շարժունակությամբ օժտված մարտական կազմավորումներ։
● Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները: Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը:
● Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը: Ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը:
● Ռազմական կրթության և գիտության զարգացումը լինելու է Կառավարության գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Վերանայվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օպերատիվ, մարտական և զորահավաքային պատրաստության գործընթացները, որոնք համապատասխանեցվելու են Զինված ուժերին առաջադրված խնդիրներին և դրանց իրականացման պահանջներին: Ռազմական գործողությունների բնույթի կերպափոխման, տեխնիկական ու տեխնոլոգիական առաջընթացի, տեղեկատվական ու հոգեբանական ազդեցությունների ավելացման պայմաններում ռազմական կրթությունը լինելու է ապագայամետ՝ նախապատրաստելով հնարավոր պատերազմներին պատրաստ արհեստավարժ զինվորականներ: Կառավարությունը հետամուտ է լինելու նաև ռազմական գիտության զարգացմանը, որի շրջանակներում վերանայվելու են պատերազմավարման հիմնադրույթները, մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը:
● Բարեփոխվելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը: Տեղեկատվական սպառնալիքների և մարտահրավերների մշտադիտարկման, վերլուծության, տեղեկատվական հակազդման և պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով կատարելագործվելու է օրենսդրական դաշտը:
● Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանը։ Այդ ծրագրերի նպատակն է լինելու զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, ամրապնդել հոգեբանական կայունությունը և ակտիվ մարտական գործողություններ վարելու պատրաստվածությունը, կատարելագործել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը։
● Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:
● Կառավարությունը կատարելագործելու է ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ, խթանելու է Զինված ուժերի կարգապահությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և առավելագույն ջանքեր է գործադրելու ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը բացառելու ուղղությամբ։
● Կառավարությունը բարձրացնելու է ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակը:
Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի:
1.4 ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ
Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը նպատակաուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը, սփյուռքի մարդկային ներուժի վերհանմանն ու քարտեզագրմանը, աշխարհասփյուռ հայության մարդկային, մտավոր, տնտեսական ներուժի՝ հայրենիքի կայուն զարգացման նպատակի շուրջ համախմբմանը:
● Կառավարությունը սփյուռքի համայնքները չի դիտարկում որպես հայաստանյան և համահայկական խնդիրները լուծելու գործիք, այլ որպես այդ խնդիրների և դրանց լուծմանն ուղղված օրակարգերի ձևավորման գործուն մասնակից: Կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը սփյուռքի կառույցների և անհատների հետ: Սփյուռքի համայնքների հետ աշխատանքներում Կառավարությունը սերտորեն համագործակցելու է հայկական համայնքներ ունեցող երկրների կառավարությունների հետ:
● Կառավարությունը շարունակելու է իրականացնել թիրախային ուսումնասիրություններ՝ գնահատելու սփյուռքի համայնքների յուրահատկությունները, առկա ներուժը և կարիքները, ակնկալիքները Հայաստան-սփյուռք գործակցությունից և մշակելու է հասցեական քաղաքականություն:
● Հայաստանի կյանքին առավել հաղորդակից, կապված և այդ կյանքում ներգրավված սփյուռք, ավելի շատ հայրենադարձ երիտասարդություն ունենալու նպատակով Կառավարությունը շարունակելու է մշակել ծրագրեր, ստեղծել նոր ձևաչափեր սփյուռքի մարդկային, գիտական, ստեղծագործական և տնտեսական ներուժը Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական կյանքում ներգրավելու ուղղությամբ։
● Նախատեսվում է մշակել և իրագործել գիտական, մասնագիտական, կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման ու զարգացման քաղաքականություններ և ծրագրեր։
● Օրենսդրական և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով նախատեսվում է շարունակել սփյուռքահայերի՝ հայրենադարձվելու, Հայաստանում ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաև ներդրումներ կատարելը դյուրացնելու գործընթացը։
● Կառավարությունը նախատեսում է դիտարկել Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները, կազմակերպել արևմտահայերենի պահպանությանն ուղղված կրթական և գիտական միջոցառումներ, որոնց շնորհիվ ամրապնդվելու է արևմտահայերենի կարգավիճակը բարձրագույն կրթության, հանրակրթական և լրացուցիչ ուսումնական ծրագրերում:
● Նախատեսվում է սփյուռքահայերի կողմից ստեղծվող մշակույթի և հատկապես հայալեզու մշակույթի հանրահռչակման հատուկ քաղաքականություն վարել՝ համագործակցելով Հայաստանում սփյուռքագիտության և սփյուռքում հայագիտության կենտրոնների հետ։ Սփյուռքում նախատեսվում է իրականացնել կրթական գործընթացի բարելավում և արդիականացում, կազմակերպել մանկապատանեկան և երիտասարդական համահայկական կրթական և մշակութային միջոցառումներ:
● Քայլեր են ձեռնարկվելու՝ շարունակաբար նպաստելու սփյուռքում մանկավարժական և համայնքային կադրային բազայի (մասնագիտական հենքի) ձևավորմանը, ուսուցչական կազմի կարողությունների հզորացմանը:
● Ընդլայնվելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով:
2. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2020 թվականի ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համավարակի, դրա հետևանքով համաշխարհային տնտեսական ճգնաժամի և Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները ծանր հարված են հասցրել Հայաստանի տնտեսությանը՝ ընդհատելով տնտեսական աճի բարձր տեմպը․ 2020 թվականն ավարտվեց 7.4% տնտեսական անկմամբ:
Չնայած առկա մարտահրավերներին՝ 2021 թվականի առաջին 6 ամիսները տնտեսական առումով բավական հուսադրող են: Մասնավորապես արդեն հունվար-հունիս ժամանակահատվածում գրանցվել է տնտեսական ակտիվության 5,0% աճ, իսկ հունիսին՝ 8,0%: Աճել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, արտահանումն ընդլայնվել է 23,3%-ով: Հարկ է նշել, որ տնտեսության վերականգնումն ունի ներառական բնույթ: Էականորեն ավելացել են աշխատատեղերը և միջին աշխատավարձի չափը: Մասնավորապես, եթե 2018 թվականի 1-ին կիսամյակում եկամուտ ապահոված աշխատատեղերի միջին ամսական թիվը շուրջ 538 հազար էր, ապա 2021 թվականի 1-ին կիսամյակում այդ ցուցանիշն ավելացել է շուրջ 83,000-ով կամ 15%-ով՝ հասնելով 621,000-ի: Էականորեն ավելացել է մեկ աշխատատեղին բաժին ընկնող միջին եկամտի չափը, մասնավորապես, եթե 2018 թվականի 1-ին կիսամյակում այն կազմում էր շուրջ 174 հազար դրամ, ապա 2021 թվականի 1-ին կիսամյակում այդ ցուցանիշն ավելացել է շուրջ 36 հազար դրամով կամ ավելի քան 21%-ով՝ հասնելով 210 հազար դրամի: Ընդ որում, 2021 թվականի հունիսին եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմել է շուրջ 643 հազար, որն աննախադեպ է, և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Տնտեսության վերականգնման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2021 թվականի առաջին 6 ամիսներին հավաքվել են շուրջ 31%-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում, իսկ հարկ վճարողներին վերադարձված գումարները, որոնք ներառված չեն վերը նշված հավաքված եկամուտներում, աճել են շուրջ 71 %-ով, ընդ որում, այս ցուցանիշը լավագույնն է անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում: Պատկերը գրեթե նույնն է 7 ամսվա կտրվածքով, մասնավորապես 2021 թվականի առաջին 7 ամիսներին հավաքվել են շուրջ 29%-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում, իսկ հարկ վճարողներին վերադարձված գումարները, որոնք ներառված չեն վերը նշված հավաքված եկամուտներում, աճել են շուրջ 75.5 %-ով:
Հայաստանի Հանրապետության տնտեսության առանձնահատկություններով պայմանավորված՝ աղքատության կրճատման և բարեկեցության աճի ավելացման հիմնական շարժիչ ուժն է բարձր (ՀՆԱ-ի 7% և ավելի) տնտեսական աճը: 2026 թվականին աղքատությունը կրկնակի կրճատելու և գործազրկության մակարդակը 10%-ից նվազեցնելու համար Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է տարեկան ՀՆԱ-ի 7%-ից ավելի աճ: Աճի այս ցուցանիշի ապահովման շնորհիվ էականորեն կբարձրանա մարդկանց կյանքի որակը, կաճեն եկամուտները, կավելանան աշխատատեղերը, կկրճատվի աղքատության մակարդակը:
Ներքին փոքր շուկայով պայմանավորված՝ տնտեսական աճի և, ըստ այդմ, հնարավորությունների ընդլայնումը պայմանավորված է լինելու միջազգային մրցունակության աճով։ Տնտեսական վերականգնման արդեն իսկ գրանցված միտումը հուշում է, որ, չնայած կարճաժամկետ անկմանը, Հայաստանի Հանրապետության միջազգային մրցունակության կառուցվածքային հենասյուները շարունակում են մնալ անփոփոխ և հանդիսանալու են տնտեսական քաղաքականության առանցքը։ Այսպես, 2020 թվականի ճգնաժամերի հետևանքով ի ցույց դրված մարտահրավերները ևս մեկ անգամ ընդգծեցին այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստեղծարար միտքը շարունակում է լինել երկրի առանցքային մրցակցային առավելությունը: Ուստի միջազգային մրցունակության ավելացման ուղին է լինելու արտահանմանը միտված, գիտելիքահենք և ներառական տնտեսության ձևավորումը։
Տնտեսական աճի ներառականությունն ապահովվելու է յուրաքանչյուր անձի ներուժի զարգացման, ինչպես նաև տնտեսական հնարավորությունների և դրանց հասանելիության ընդլայնման միջոցով։
Կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներն են՝
տնտեսական հնարավորությունների ընդլայնումը և դրանց հավասար հասանելիության ապահովումը,
մարդու ստեղծարար հմտությունների զարգացման և իրացման միջոցով միջին խավի բարեկեցության աճն ու աղքատության կրճատումը,
արտահանումը խթանող պայմանների ապահովումն ու միջավայրի ձևավորումը:
Մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախներն են՝
ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%),
ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը՝ ՀՆԱ-ի 25%,
գործազրկության մակարդակը՝ 10%-ից ցածր:
Մրցունակության երկարաժամկետ աճի և պահպանման նպատակով, բացի ներդրումների և զբաղվածության ընդլայնումից, անհրաժեշտ է լինելու զգալիորեն բարձրացնել կապիտալի և աշխատանքի արտադրողականությունը՝ ընդլայնելով քաղաքացիներին հասանելի տնտեսական հնարավորությունների դաշտը: Կառավարությունը թիրախավորելու է համախառն գործոնային արտադրողականության տարեկան առնվազն 5% աճ: Վերջինիս իրագործման հիմնական ուղին գիտելիքահենք, նորարարական տնտեսության ձևավորումն է։
Միջազգային մրցունակության աճն ապահովելու նպատակով Կառավարությունը որդեգրում է գիտելիքահենք և նորարարական տնտեսություն ձևավորելու տեսլականը և գիտելիքն ու նորարարությունը հռչակում տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժ։ Կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնվում է գիտելիքի ներմուծման, ստեղծման, արտահանման և դրա արդյունավետ կիրառման վրա:
Տնտեսական աճի ներառականության առանցք են լինելու բնակչության շարժունակության և տեղեկացվածության բարձր մակարդակի ապահովումը, ստեղծարար կարողությունների զարգացումն ու իրացումը՝ կրթության, առողջապահության և տնտեսական ենթակառուցվածքների հնարավորինս հավասար հասանելիության միջոցով։ Ավելին, մրցունակության աճը և ներառականությունն ապահովող կարևոր գործոններից են քաղաքացիների լայն ներգրավվածության ապահովումը և բարձր որակավորում ունեցող մարդկային ռեսուրսի առկայությունը տնտեսության բոլոր ճյուղերում: Առանց տնտեսապես ակտիվ քաղաքացիների տեսակարար կշռի զգալի աճի հնարավոր չէ տնտեսական աճի ապահովումը, որը ենթադրում է նաև տնտեսական կյանքում կանանց և երիտասարդների մասնակցության դերի զգալի աճ:
Այս իմաստով արձանագրվում է նաև, որ բարեփոխումների առաջնահերթ ուղղություններ են համարվելու նաև՝
հողային օրենսգրքի բարեփոխումները՝ միտված արտադրողական գյուղատնտեսության ձևավորմանը,
ջրային ոլորտի բարեփոխումները՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողությանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը,
քաղաքաշինության ոլորտի բարեփոխումները՝ ուղղված ոլորտի ներուժի ընդլայնմանը, տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև գործընթացների ու կարգավորումների արդիականացմանը:
Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում
Հետճգնաժամային արագ և համապարփակ վերականգնումը պահանջելու է մի շարք շրջանակային բարեփոխումներ՝ ուղղված տնտեսության ներուժի վերականգնմանը։ Ներդրումների ծավալների և համատարած արտադրողականության աճը կարող է տեղի ունենալ բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրի առկայության պայմաններում։ Գործարար և ներդրումային միջավայրի ճկունությունն ապահովելու նպատակով իրականացվելու են կառուցվածքային բարեփոխումներ, որոնք նպատակ են ունենալու ընդլայնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հասանելի տնտեսական հնարավորությունների դաշտը և առավելագույնս խրախուսելու հատկապես գիտելիք ձևավորող ներքին և օտարերկրյա մասնավոր ներդրումները, բարձրացնելու վերջիններիս շահութաբերությունը:
Տնտեսական քաղաքականության թիրախներին հասնելու համար անհրաժեշտ է լինելու ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել առնվազն 25%-ի։ Կառավարության քաղաքականությունը միտված է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումներ/ՀՆԱ 6% հարաբերակցություն ապահովելուն՝ շեշտադրելով որակյալ, գիտելիքահենք ներդրումային ծրագրերը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքն ապահովելու է նոր գիտելիքի, կառավարման հմտությունների զարգացումը և արտաքին գործարար կապերի ընդլայնումը: Միաժամանակ, Կառավարությունը գիտակցում է ներքին ներդրումների կարևորությունը։ Ջանքեր են գործադրվելու, և միջոցառումներ են իրականացվելու ներքին ներդրումները խրախուսելու և գործող տնտեսավարողների արտադրական հնարավորություններն ընդլայնելու համար։
Սահմանափակ ներքին շուկայի պայմաններում Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչությունը պայմանավորված է լինելու նաև ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Իրանի շուկաների հասանելիության և, միաժամանակ, գործարար ու ներդրումային միջավայրի տվյալ շուկաների համադրությամբ առավել բարենպաստ լինելու հանգամանքներով։
Կառավարության ներդրումային քաղաքականության նպատակներից են ապահովել ներդրումների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ՝ միջազգային լավագույն պրակտիկաների ձևաչափով՝ կարևորելով ազատ ու հավասար մրցակցությունը, բիզնեսի համար կանխատեսելիությունը և առաջնային դիրքի պահպանման նպատակով դրա շարունակական բարելավումը։
Ներդրումային քաղաքականության առաջնահերթ թիրախը նորարարական, նոր գիտելիք ստեղծող ծրագրերի իրագործման համար առավել արագ և ճկուն գործընթացների, ինչպես նաև մրցունակության գործոնների առավելագույն հասանելիության ապահովումն է։
Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար Կառավարության առաջնահերթ նպատակներն են՝
կապիտալի և ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացումը,
գործարար և աշխատանքային հարաբերությունների ճկունության բարձրացումը,
ենթակառուցվածքների և ռեսուրսների հասանելիության բարձրացումը, ինչպես նաև ռիսկերի նվազեցումն առաջնահերթ ծրագրերի համար,
տնտեսության թվայնացման և տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացումը։
Հայաստանի Հանրապետության տնտեսական հնարավորությունները շարունակում են մնալ չբացահայտված՝ աշխարհի, իսկ հաճախ նաև՝ տեղական ներդրողների համար։ Ներդրումային որոշումների համար առանցքային դեր է խաղում տնտեսական տեղեկատվության բարձր և հավասար հասանելիությունը։ Նախատեսվում է ակտիվացնել աշխատանքները Հայաստանի սոցիալ-մշակութային և տնտեսական բազմավեկտոր նկարագրերի ձևավորման և շարունակական զարգացման ուղղությամբ։ Այս նպատակով Կառավարությունը որդեգրելու է գործարար տեղեկատվության և շուկաների ուսումնասիրությունների հնարավորինս լայն տարածման քաղաքականություն՝ այսպիսով նվազեցնելով ներդրողների համար առաջնային որոշում կայացնելու համար անհրաժեշտ ժամանակը։
● Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու արժեթղթերի շուկայի ակտիվացման և զարգացման ուղղությամբ:
● Աջակցություն է տրամադրվելու ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման և լրացուցիչ խթանների միջոցով այդ ընկերությունների զարգացման համար։
● Բարելավվելու է աշխատանքային օրենսդրությունը, մասնավորապես գործատու – աշխատող պայմանագրային հարաբերությունների այնպիսի կարգավորումներ կսահմանվեն, որոնք նպաստում են և՛ բիզնեսի, և՛ մասնագետի կայուն զարգացմանը։
● Պարզեցվելու են բարձր որակավորում կամ հատուկ գիտելիքներ ունեցող օտարերկրյա մասնագետների ներգրավման ընթացակարգերը։
● Ներդրողների համար ապահովվելու է տնտեսական ենթակառուցվածքների առավելագույն հասանելիություն: Համաձայն Կառավարության սահմանած կարգի՝ այս նպատակի համար 5 տարվա ընթացքում տրամադրվելու է առնվազն 50 մլրդ դրամ:
● Նորարարական աջակցության գործիքակազմի միջոցով չեզոքացվելու են տնտեսությունում առկա ռիսկերը՝ տնտեսական բարդություն ապահովող ներդրումային ծրագրերի համար:
● Մասնավոր հատվածում գիտահետազոտական աշխատանքները, գյուտարարությունն ու նորարարությունը խրախուսելու նպատակով ստեղծվելու են արտոնագրված գյուտերի առևտրայնացումից ստացվող եկամուտների հարկման առավել խրախուսող մեխանիզմներ։
● Իրականացվելու են շուկայական ուսումնասիրություններ՝ թիրախավորելով ներդրումային գրավչության և ծրագրերի մշակման համար առանցքային տեղեկատվության բացահայտումը։ Ուսումնասիրությունները համատարած հասանելի կլինեն Հայաստանի և օտարերկրյա ներդրողների համար՝ ապահովելով ներդրումային որոշումների կայացման արագացումը։
● Մշակվելու է թվային տնտեսության հայեցակարգը՝ թիրախավորելով տնտեսավարողների թվային կարողությունների զարգացումը, թվային տնտեսության համար առանցքային ենթակառուցվածքների հասանելիության և որակի բարձրացումը, ինչպես նաև տեղեկատվության հասանելիությանն առնչվող կարգավորումների ճկունությունը։
● Մշակվելու է մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ ստեղծագործական և ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու, մտավոր սեփականության իրավունքի արդյունավետ և հուսալի պահպանություն և պաշտպանություն ապահովելու նպատակով։
● Հայաստանի տնտեսության մեջ կանանց և երիտասարդների դերակատարությունը բարձրացնելու նպատակով իրականացվելու են միջազգային շուկաներում վերջիններիս գործարար կապերի և մրցունակ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր:
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ: Ընդլայնվելու է սկսնակ ձեռներեցների աջակցության գործիքակազմը՝ նորարար ձեռներեցների համար զգալիորեն բարձրացնելով ֆինանսների, ձեռնարկատիրական հմտությունների ու կապերի, ինչպես նաև գիտելիքի հասանելիությունը։ Աճելու է բնակչության տնտեսական ակտիվությունը մարզերում, ստեղծվելու են եկամտի այլընտրանքային աղբյուրներ, ապահովվելու է աճի ներառականությունը: Ներառական տնտեսության տեսանկյունից ՓՄՁ-ների դերի մեծացման հրամայականից ելնելով՝ Կառավարությունն ակտիվորեն աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը՝ 5 տարիների ընթացքում ՓՄՁ-ների մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 55%-ի։
Ձեռներեցության խրախուսումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստեղծարար ներուժի իրացման անկյունաքարն է լինելու։ Միաժամանակ Կառավարությունը կարևորություն է տալիս նորարարական գաղափարների իրականացմանը և վերջինիս միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը և հետճգնաժամային շրջանում Հայաստանի Հանրապետությունում մրցակցային առավելությունների իրացմանը:
Ներառական տնտեսական աճի խթանման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվելու մարդկային կապիտալում ներդրումների, նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մեջ խտրականության վերացման ու մասնակցայնության բարձրացման ուղղությամբ։
ՓՄՁ-ի զարգացման համար Կառավարության հիմնական քայլերն ուղղվելու են ՀՆԱ-ում ՓՄՁ-ների տեսակարար կշռի աճին և համաչափ տարածքային զարգացմանը, մասնավորապես հետևյալ նպատակների իրականացմանը.
նորարարական նախաձեռնությունների և ծրագրերի խրախուսում,
գործարար կարողությունների զարգացում,
շուկաների հասանելիության ապահովում,
ձեռնարկությունների աշխատանքի արտադրողականության խթանում,
ֆինանսների հասանելիության ապահովում։
Այդ նպատակով իրականացվելու են հետևյալ աշխատանքները․
● Ձեռնարկվելու են քայլեր՝ ուղղված ՓՄՁ-ի խրախուսմանը, մասնավորապես ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման ու կարողությունների ձևավորման միջոցով:
● Ստեղծվելու է տեխնոլոգիաների և գյուտերի առևտրայնացման կառույց:
● Իրականացվելու են միջոցառումներ «Made in Armenia» բրենդի կայացման, մասնավորապես միջազգային շուկաներում հայաստանյան արտադրողների ներկայացվածության և ճանաչելիության աստիճանի բարձրացման ուղղությամբ: Այս նպատակով Կառավարությունը հատկապես ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ-ների շրջանակում տեղական արտադրանքի միասնական բրենդի մշակումն ու առաջխաղացումն արտաքին շուկաներում:
● Մշակվելու է «Արտադրել Հայաստանում» հայեցակարգը՝ խթանելով օտարերկրյա ընկերությունների ներգրավվումը:
● Ստեղծվելու է սոցիալական նորարարության աջակցության կենտրոն՝ միտված սոցիալական ձեռներեցության և սոցիալական միջավայրի զարգացմանը:
● Ներառական աշխատուժի համար վերապատրաստման և վերաորակավորման միջոցով իրականացվելու են սոցիալական համակարգի կատարելագործմանն ուղղված քայլեր:
● Տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծվելու են կանանց ներգրավման, մասնավորապես աշխատանքը և մայրությունը համատեղելու համար առավել լայն հնարավորություններ։
● Ձեռնարկվելու են միջոցներ գյուղերում ոչ գյուղատնտեսական ձեռնարկատիրության խրախուսման ու ոչ գյուղատնտեսական հմտությունների ձեռքբերման համար նպաստավոր պայմանների ստեղծման, մասնավորապես ներկայումս մեծ պահանջարկ ունեցող հմտությունների ձևավորման ու զարգացման ուղղությամբ:
● ՓՄՁ-ի զարգացման ոլորտում, մասնավորապես գործառնական լիազորությունների տրամադրմամբ, Կառավարությունը նպաստելու է ոլորտային ասոցիացիաների ստեղծմանը, զարգացմանն ու կայացմանը։
● Կրթական համակարգի տարբեր փուլերում ներդրվելու են ձեռնարկատիրական ունակությունների զարգացման դասընթացներ:
Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում
Արտադրողականության աճի շնորհիվ արտադրության ծավալների ավելացումը ենթադրում է նաև իրացման, այդ թվում՝ արտահանման ծավալների աճ։ Արդյունաբերության երկարաժամկետ մրցունակության տեսանկյունից Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքների ներկայացվածության, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման և արտահանման խթանման ապահովման ու զարգացման ուղղությամբ:
● Տեղական շուկայի ռեսուրսների օգտագործման տեսանկյունից Կառավարությունը նպաստելու է տեղական և ԵԱՏՄ անդամ արդյունաբերական ընկերությունների միջև կոոպերացիոն կապերի զարգացմանը և Հայաստանում կլաստերների ձևավորմանը, ապահովելու է արտաքին շուկաներում Հայաստանի տնտեսավարողների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը և վերջիններիս առավելությունների մասին իրազեկմանը, որն անհրաժեշտ է թե՛ տեղական, թե՛ արտաքին շուկաներում իրացման ծավալների ավելացման տեսանկյունից:
● Նախատեսվում է ընդլայնել արտահանման ապահովագրության գործիքակազմը, ներդնել միջազգային փորձում կիրառվող մի շարք գործիքներ և Հայաստանի արտահանող ընկերությունների համար ստեղծել առևտրի ֆինանսավորման ավելի լավ պայմաններ և ավելի մեծ հնարավորություններ՝ նվազեցնելով նաև արտահանման գործարքներից բխող ռիսկերը:
● Կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով: Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտեգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսավարման պայմանները, ընդլայնել համագործակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:
● Հայաստանի Հանրապետության կողմից գործադրվելու են առավելագույն ջանքեր Եվրասիական տնտեսական միության ինստիտուցիոնալ զարգացումը շարունակելու և ակտիվացնելու, ինտեգրման դրական դինամիկան պահպանելու, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու համար:
● Կառավարությունը կարևորում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) առևտրի և առևտրին առնչվող հարցերի ուղղությամբ ամրագրված դրույթների և պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը:
● Կառավարությունը կարևորում է ԵՄ-ի Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերության ներքո Հայաստանի համար առաջնահերթ նախաձեռնությունների և ընթացիկ ծրագրերի արդյունքների թիրախային ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում։
● Նախատեսվում է նաև համագործակցության ընդլայնումը և խորացումն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ` առևտրի դյուրացման, արտաքին շուկաների ընդլայնման և շուկաների մատչելիության մեծացման նպատակով:
2.1 ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
2019 թվականին մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ ընդլայնվել է՝ կազմելով 11.7%: 2020 թվականին մշակող արդյունաբերության դերը շարունակել է ընդլայնվել՝ կազմելով 12.4%, որը վերջին 9 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ: Սակայն 2000-2018 թվականներին Հայաստանն աշխարհում տնտեսության բարդությամբ 35-րդ դիրքից գահավիժել է և 2018 թվականին գտնվում էր 83-րդ դիրքում, որը նշանակում է մեր տնտեսության արտահանելի հատվածում պատրաստի արտադրանքի, մեքենա- սարքավորումների, տեխնոլոգիապես բարդ արտադրանքների մասնաբաժինը նախահեղափոխական շրջանում էականորեն նվազել է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկարաժամկետ տնտեսական աճի ներուժը զգալիորեն պայմանավորվում է տնտեսական բարդության մակարդակով, Կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել Հայաստանի տնտեսական բարդության էական բարձրացումը:
Հայաստանի տնտեսական բարդության բարձրացման նպատակով նախատեսվում է համալիր միջոցառումների իրականացում՝ միտված ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև միջազգային նոր շուկաներ ներթափանցմանն ու առկա դիրքերի ամրապնդմանը: Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության բարելավման նպատակով անհրաժեշտ է լինելու նաև բարձրորակ կադրերով մարդկային ռեսուրսների առկայության ապահովումը:
Մշակվող արդյունաբերության զարգացման համար Կառավարության նպատակն է լինելու`
ապահովել Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության շարունակական աճը,
զգալիորեն ավելացնել արտահանելի արտադրանք ստեղծելու ներուժ ունեցող մշակող արդյունաբերության ձեռնարկությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը՝ գալիք 5 տարիների ընթացքում տրամադրելով առնվազն 80 մլրդ դրամ՝ համաձայն Կառավարության սահմանած միասնական կանոնների,
հիմնել 3 արդյունաբերական գոտի և զարգացնել արդեն իսկ գործողները` ապահովելով ենթակառուցվածքների և միջավայրի գերազանցություն,
քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։
Նշված նպատակներին հասնելու համար Կառավարության նախանշվող թիրախներն են՝
մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ հասցնել առնվազն 15%-ի,
միջնաժամկետ հատվածում տնտեսական բարդության ցուցանիշը -0.39-ից հասցնել 0.1 միավորի և ստեղծել հիմքեր՝ 10 տարվա ընթացքում դասվելու բարձր տնտեսական բարդություն ունեցող երկրների շարքին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապրանքների արտադրության արժեշղթաների խորացմանը նպաստելու ուղղությամբ, որը ենթադրում է տեխնոլոգիապես առավել բարդ ու բարձր հավելյալ արժեք ստեղծող արտադրանքի և արտադրական գործընթացների առկայություն։
Նշված ցուցանիշներին հասնելու համար իրականացվելու են հետևյալ գործողությունները.
● աջակցություն է տրամադրվելու միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսներին հայաստանյան ընկերությունների մասնակցությանը,
● մրցութային կարգով հավատարմագրվելու է վերապատրաստման կենտրոնների ցանկ, համաֆինանսավորվելու են այդ ցանկում ներառված կենտրոնների կողմից տրամադրվող դասընթացների ծախսերը,
● խրախուսվելու է մշակող արդյունաբերությունում ISO սերտիֆիկատների ձեռքբերումը,
● եռամսյա ժամկետում Կառավարությունը հրապարակելու է արդյունաբերական զարգացման գերակա 5 ոլորտների ցանկ՝ հիմնված վերջիններիս հետկովիդյան շրջանում տնտեսական ներուժի և համախմբվածության վրա,
● գերակա ոլորտներից յուրաքանչյուրի համար մշակվելու է ոլորտային զարգացման ծրագիր, որով գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը, կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար,
● հիմնվելով մասնավոր հատվածի պահանջարկի վրա՝ տարեկան պատրաստվելու և վերապատրաստվելու է մշակող արդյունաբերության շուրջ 2000 մասնագետ,
● բարձրացվելու է մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածությունը՝ տրամադրելով ֆինանսական, խորհրդատվական և աջակցության մի շարք այլ գործիքներ՝ ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը նպաստելու նպատակով,
● իրականացվելու է արտահանման աջակցության ընդլայնված գործողությունների ծրագիր՝ գործարկելով ինչպես ուղղակի ֆինանսական, այնպես էլ տնտեսական դիվանագիտության գործիքակազմը,
● ձեռնարկվելու են միջոցներ՝ ուղղված ածխածնազերծ ապրանքների թողարկման խթանմանը,
● կարևորելով էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը տնտեսությունում, ինչպես նաև հաշվի առնելով ոլորտի զարգացման ներկա տեմպերը և առկա ներուժը՝ քայլեր են ձեռնարկվելու արևային էներգետիկայի ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով:
2.2 ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Էներգետիկա» սեկտորի (էներգակիրների այրման արդյունքում՝ էներգիայի արտադրության, փոխանցման և սպառման, ներառյալ տրանսպորտի համար) արտանետումների մասնաբաժինը Հայաստանի Հանրապետության ածխածնային արտանետումների կառուցվածքում կազմում է շուրջ 70%, որի առանցքային բաղադրիչներից է էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ արդյունաբերության մասնաբաժինը մոտ 5% է: Իր հերթին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում բնական գազի մասնաբաժինը կազմում է 41%, իսկ էլեկտրաէներգիայի ներքին սպառման զամբյուղում՝ 29%` հաշվի առնելով Իրանի հետ գործող էլեկտրաէներգիա գազի դիմաց պայմանագիրը։ Ավելին, Հայաստանում բնական գազի ներթափանցումը գտնվում է գերբարձր մակարդակի վրա՝ նույնիսկ այնպիսի երկրների համեմատ, ինչպիսիք են Նիդեռլանդները, Նորվեգիան և Միացյալ Թագավորությունը:
Հայաստանում տնային տնտեսությունների 90 տոկոսից ավելին բնական գազն օգտագործում է որպես ջեռուցման և սննդի պատրաստման միջոց, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենաների 80 տոկոսից ավելին բնական գազն օգտագործում է որպես վառելիք։
Սակայն, համաձայն կանխատեսումների, բնական գազի համաշխարհային պաշարները ներկայիս սպառման տեմպերի պահպանման պարագայում սպառվելու են գալիք 45-55 տարվա ընթացքում։
Չնայած նոր պաշարների բացահայտմանը՝ մի շարք երկրների՝ քարածխից հրաժարվելու հանձնառությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ բնական գազի սպառման ծավալները զգալիորեն աճելու են քարածուխը բնական գազով փոխարինելու հետևանքով, որն իր հերթին չեզոքացնելու է նոր հանքավայրերի բացահայտման ազդեցությունը։
Բնական գազի՝ որպես առանցքային էներգակրի սկզբնական փուլում հասանելիության անկումը, իսկ երկարաժամկետ հատվածում նաև վերացումը տնտեսության բոլոր ոլորտներում հանգեցնելու են զգալի շոկերի։
Մասնավորապես՝
Գազաֆիկացման բարձր մակարդակի պայմաններում բնակչության և բնական մենաշնորհների ներդրումները կորցնելու են արդիականությունը։ Տաքացման և սննդի պատրաստման գազահենք համակարգերը փոխարինվելու են էլեկտրականություն սպառող համակարգերով։
Բարձրանալու են մարդատար փոխադրումների գները ինչպես հանրային, այնպես էլ անձնական տրանսպորտային միջոցներ օգտագործողների համար։ Հետևաբար բարձրանալու է էլեկտրական շարժիչներ օգտագործող ավտոմեքենաների մրցունակությունը։
Արդյունաբերության ոլորտում գործող մի շարք ձեռնարկություններ հիմնվում են բնական գազի այրման վրա, մասնավորապես ցեմենտի արտադրությունը։ Մրցունակ մնալու համար անհրաժեշտ կլինի անցում կատարել էլեկտրականություն օգտագործող տեխնոլոգիական գործընթացներին։
Կտրուկ բարձրանալու է էլեկտրական էներգիայի պահանջարկը։ Նշված պահանջարկի բավարարումն անհրաժեշտ կլինի իրականացնել վերականգնվող, ատոմային և ջրային էներգետիկայի միջոցով։
Այսպիսով, կանաչ տնտեսության շրջանակներում ածխածնի արտանետման ծավալների սահմանափակման հրամայականը ոչ միայն բխում է գլոբալ շահերից, այլև կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման համար։
Կանաչ տնտեսություն ձևավորելու առաջնահերթ նպատակն է տնտեսության պատրաստվածության ապահովումը նոր, ցածր ածխածնային էներգետիկ իրականությանը։
Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լինելու իրականացնել միջոցառումների համապարփակ ծրագիր՝ թիրախավորելով հետևյալ ուղղությունները.
● էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում բնական գազի դերը շարունակաբար նվազեցնել՝ փոխարինելով այն վերականգնվող և այլընտրանքային էլեկտրական էներգիայի աղբյուրներով,
● էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքը պատրաստել պահանջարկի աճի և կառուցվածքի փոփոխությանը,
● նախապատրաստել ենթակառուցվածքների անցումը դեպի այլընտրանքային տրանսպորտ,
● նպաստել բնակչության կողմից էլեկտրական սննդի պատրաստման և ջեռուցման համակարգերի ձեռքբերմանը։
Հայաստանի սահմանափակ բնական պաշարները թելադրում են բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության և տնտեսական գործընթացներում առավելագույնս պահպանման հրամայականը։ Ուստի կանաչ տնտեսության ձևավորման երկրորդ նպատակն է լինելու բնական ռեսուրսների տնտեսական ցիկլում առավել երկար պահպանման նախադրյալների ստեղծումը։
2.3 ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության և անվտանգության համար՝ Կառավարությունը շարունակելու է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը և տարբեր ոլորտներում համակողմանի ներդրմանը: Մշակվելու է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարություն՝ ուղղված բարձր տեխնոլոգիական ոլորտի ծավալի, ոլորտում ներգրավվածության բարձրացմանը, ընկերությունների գործառնական գործունեությունից գոյացող եկամուտների աճի ապահովմանը և ՀՆԱ-ի նկատմամբ այդ ցուցանիշի տեսակարար կշռի ավելացմանը, նորարարական գաղափարների առևտրայնացմանը, ձեռներեցության խթանմանը, տեխնոլոգիական առաջընթացին և տեխնոլոգիական լուծումների լայն կիրառությանը տնտեսության ու հանրային ոլորտներում։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը Կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35,000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով այս ցուցանիշը 4% է։ Այսպիսով, Հայաստանում կստեղծվի առնվազն 16,000 նոր աշխատատեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Կառավարությունը նպատակադրված է իրականացնել հետևյալ քայլերը.
● բարձր տեխնոլոգիական ոլորտում տեխնոլոգիական կրթության որակական և քանակական բարելավում,
● բարձր տեխնոլոգիական ընկերություններում (ստարտափներում) անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու և դրանց հետագա զարգացումն ու համաշխարհային շուկա ելքն ապահովելու նպատակով ֆինանսական գործիքներ ներգրավելու հնարավորությունների շարունակական մեծացում, այդ թվում՝ պետական աջակցության ծրագրերի միջոցով,
● տեխնոլոգիական ներուժի ներգաղթի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում,
● դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում նորաստեղծ ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու միջոցով բարձր տեխնոլոգիական ոլորտում և տնտեսության բոլոր հատվածներում նոր արժեք ստեղծելու և տեխնոլոգիական լուծումների կիրառության ապահովում,
● աշխարհի տեխնոլոգիական, կրթական, գիտահետազոտական կենտրոններից գիտելիքի և հմտությունների ներհոսքն ապահովելու, տեխնոլոգիական ոլորտում զարգացումը, ներդրումների ներգրավումը խթանելու նպատակով կրթական և աքսելերացիոն ծրագրերի իրականացում,
● Հայաստանի Հանրապետությունում առկա տեխնոլոգիական կենտրոնների, տեխնոպարկերի, աքսելերատորների և ինկուբատորների կարողությունների բարելավում, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում նոր կենտրոնների հիմնում, այդ թվում՝ միջազգային համագործակցության հիման վրա,
● «Ինժեներական քաղաքի» օրինակով ճարտարագիտական և արդյունաբերական հատուկ գոտիների ստեղծում և զարգացում,
● աշխարհում, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում, միջոցառումներում հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի (ընկերությունների) ներկայության ապահովում և առաջխաղացում,
● բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման նպատակով տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցության խթանում՝ նոր մասնագետների պատրաստման և այլ ոլորտի մասնագետներին վերամասնագիտանալու հնարավորություն ընձեռելու միջոցով,
● ոլորտի ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում։
Ռազմաարդյունաբերություն
Կառավարությունը խթանելու է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը՝ հիմնված հայաստանյան գիտահետազոտական ներուժի և միջազգային փորձի վրա։ Ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայր է ստեղծելու նաև Կառավարության արդեն իսկ մշակած ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը հիմնված է հարկային և վարչարարական ընթացակարգերի բարելավման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև հանրային, մասնավոր ու միջազգային համագործակցության վրա: Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել՝
● երկակի նշանակության արտադրատեսակների ներկրման, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման մեխանիզմների խթանման համար ոլորտի օրենսդրական դաշտի բարելավում և պարզեցված ընթացակարգերի սահմանում,
● արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության ապահովում,
● ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում,
● արտադրական կարողությունների շեշտակի բարձրացում,
● ռազմաարդյունաբերական գիտահետազոտության զարգացում,
● ռազմաարդյունաբերության մեջ ներդրումային ծրագրերի խթանում,
● գիտատեխնիկական բազայի ընդլայնում ու զարգացում, նոր տեխնոլոգիաների ստեղծում, ներմուծում և յուրացում,
● ռազմական նշանակության սարքերին ու սարքվածքներին, ռազմական տեխնիկայի, էլեկտրատեխնիկայի մշակման ու արտադրության կազմակերպման համակարգին ներկայացվող պահանջներ սահմանող՝ միջազգային և (կամ) տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում և ներդրում,
● Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների բավարարման համար տեղական արտադրանքի գնման ծավալների ընդլայնում:
Թվայնացում
Թվային արդիական միջավայրի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն համարվում է կառավարման, արտադրության, առաջխաղացման արդյունավետ գործիք։ Այս ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
● նույնականացման և իրավասությունների ճանաչման արդիական համակարգի ներդրում,
● տեղեկատվական և կիբեռանվտանգության կառավարման և զարգացման համակարգի ներդրում, գրագիտության բարձրացում,
● թվային միջավայրի հիմնական ստանդարտների մշակում և ներդրում,
● հանրային ծառայությունների թվայնացում, դրանց առցանց հասանելիության ապահովում, ծառայությունների միասնական կենտրոնների հիմնում,
● պետական և համայնքային ծառայությունների մեկանգամյա դիմումի համակարգի ներդրում՝ բացառելով քաղաքացուց տեղեկություններ պահանջելու դեպքերը, եթե այն արդեն առկա է տեղեկատվական որևէ շտեմարանում,
● արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ավտոմատացում՝ անձնագրի փոխում, վավերականության ժամկետի երկարաձգում, տեղեկանքների տրամադրում և մի շարք այլ ծառայություններ,
● իրավաբանական անձանց հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ բացառապես էլեկտրոնային եղանակով հաղորդակցության ապահովում,
● քաղաքացիների հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ գերազանցապես էլեկտրոնային եղանակով հաղորդակցության ապահովում,
● Հայաստանի Հանրապետության բնակչության թվային գրագիտության բարձրացում և թվային գործիքների կիրառման ծավալների աճին ուղղված ծրագրերի իրականացում,
● կիբեռանվտանգության և փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման կենտրոնի ստեղծում:
Հեռահաղորդակցություն
Կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում կապի ծառայությունների և ենթակառուցվածքների կատարելագործումը դիտարկում է որպես ընդհանուր տնտեսության զարգացման էական գործոն: Հեռահաղորդակցության ոլորտում Կառավարության նախատեսվող քայլերն են՝
● ընդունել տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության և գիտության զարգացման, անվտանգության ամրապնդման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնման համապարփակ ռազմավարությունը,
● Հայաստանի Հանրապետության արտաքին կապի որակական, այդ թվում՝ անվտանգության մակարդակի բարձրացում,
● հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի առնվազն 80 %-ում լայնաշերտ (օպտիկամանրաթելային) կապով և պետական թվային ծառայությունների հասանելիությամբ ապահովում,
● Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ռադիոեթերի շուրջօրյա վերահսկում և մինչև 100 % եթերի մաքրության ապահովում. այդ նպատակով շարժական և բազային ռադիոմոնիտորինգի ժամանակակից համակարգի ներդրում,
● թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրում:
Փոստային կապ
Փոստային կապի ոլորտի շուկայական արդյունավետությունը և կենսունակությունը բարձրացնելու նպատակով Կառավարությունը նախատեսում է ապահովել՝
● փոստային կապի ունիվերսալ ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և մատուցման բարձր որակը,
● փոստային ծառայությունների շուկայի ներդրումային դաշտի գրավչության բարձրացումը,
● փոստային բաժանմունքներում ծառայությունների լայն շրջանակի մատուցումը,
● էլեկտրոնային առևտրի զարգացումը:
2.4 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։
Կառավարության նպատակն է՝
● յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հեկտարով,
● առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը և շարունակել սուբսիդավորել ապահովագրավճարի 50-60%-ը, ընդլայնել ապահովագրվող ռիսկերի ցանկը, աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը, ստեղծել նախադրյալներ կենդանիների ապահովագրության ներդրման համար,
● շարունակել սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ,
● 5 տարի ժամկետով ամբողջությամբ փոխհատուցել ոռոգման ջրի վարձավճարը մինչև 3 հեկտար հողատարածքներում կաթիլային և (կամ) անձրևացման ոռոգման արդի համակարգերի ներդրման դեպքում՝ Կառավարության սահմանած կանոնների համաձայն,
● շարունակել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի օժանդակության ծրագիրը՝ յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնելով առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով,
● նպատակային սուբսիդավորման գործիքակազմով խթանել բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը, օրգանական գյուղատնտեսությունը և գյուղատնտեսական ձեռնարկություններում տվյալների վերլուծության արդիական համակարգերի կիրառումը,
● մինչև 70%-ով սուբսիդավորել բարձրորակ գարնանացանի և աշնանացանի սերմերի ձեռքբերումը՝ Կառավարության սահմանած կանոնների համաձայն,
● շարունակել վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը,
● ներդնել կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը և օժանդակել տոհմային գործի բարելավմանը,
● շարունակել տրամադրել մատչելի ֆինանսական ռեսուրսներ անասնապահությանը՝ կառուցելու նոր սերնդի անասնաշենքեր, ձեռք բերելու անասնակեր, կենդանիներ, մասնավորապես տոհմային կենդանիներ,
● շարունակել ագրոպարենային ոլորտի սարքավորումների տրամադրման լիզինգի պետական աջակցության ծրագիրը, այդ թվում՝ կաթի և կաթնամթերքի արտադրության ու վերամշակման, ինչպես նաև սպանդանոցների կառուցման խթանման համար,
● սուբսիդավորվող վարկային և լիզինգային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև այլ միջոցներով աջակցել ագրովերամշակողներին՝ արտադրական կարողությունները հզորացնելու, նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և մթերումներն արդյունավետ կազմակերպելու համար,
● խթանել տեղական սերմնաբուծությունը,
● համաֆինանսավորել և ֆինանսավորել մեծածախ շուկաների և լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, համաֆինանսավորել և ֆինանսավորել Հայաստանում և Հայաստանի հիմնական շուկաներում հավաքական պահեստների ստեղծումը,
● կատարելագործել սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրությունը, մշակել պարենային անվտանգության զարգացմանն ուղղված ռազմավարություն,
● խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը,
● ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը և շահագործումը,
● ագրարային ոլորտի գիտակրթական հաստատություններին ցուցաբերել աջակցություն՝ շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու նպատակով,
● Հայաստանի և հայկական արտադրանքի ճանաչելիությունն աշխարհում բարձրացնելու նպատակով խթանել ոլորտային ասոցիացիաների (խմբերի) ստեղծումը՝ կոնկրետ տարածքում ծագած արտադրանքը ծագման տեղանվանմամբ և (կամ) աշխարհագրական նշմամբ մակնշելու և գրանցելու նպատակով: Արտադրանքի որակը բարձր պահելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով Մտավոր սեփականության գործակալությունից դուրս կստեղծվեն հսկողություն և հավատարմագրում իրականացնող մարմիններ, որոնք կնպաստեն ոչ միայն հայկական արտադրանքի ավանդական շուկաների պահպանմանը, այլև նոր շուկաների նվաճմանը:
2.5 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացումների և արդի մարտահրավերների պայմաններում Կառավարությունը, ձգտելով բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության և մրցունակության մակարդակը, ինչպես նաև նպատակ ունենալով մինչև 2026 թվականը միջազգային այցելությունների թիվը հասցնել 2,5 միլիոնի, սահմանել է հետևյալ նպատակները.
զբոսաշրջության ոլորտի ինստիտուցիոնալացումը,
երկրի ճանաչելիության բարձրացումը,
օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացումը։
Նպատակներին հասնելու ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
● Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացման, մարկետինգային ակտիվ քաղաքականության իրականացման և նոր երկրների զբոսաշրջային շուկաների գրավմանն ուղղված մարկետինգային միջոցառումների բյուջեն ավելացվելու է։ Մասնավորապես Հայաստանի ճանաչելիության բարձրացման և շահավետ դիրքավորման նպատակով մշակվելու են Հայաստանի նոր բրենդ և մարկետինգային նյութեր։
● Բարեկարգվելու են առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, խթանվելու է զբոսաշրջության տեսակների բազմազանեցումը՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժը:
● Սպասարկման և հյուրընկալության ծառայությունների բազմազանեցման և բարելավման ուղղությամբ նախատեսվում է մեծացնել միջազգային հյուրանոցային բրենդների և միջազգային ցանց հանդիսացող խոշոր հանրային սննդի օբյեկտների թիվը:
● Շարունակվելու է մեծացվել դեպի Հայաստան և Հայաստանից չվերթ իրականացնող ավիաընկերությունների թիվը, այդ թվում՝ ծառայությունների ցածր արժեք ունեցող ավիաընկերությունների միջոցով՝ մինչև 2025 թվականն ապահովելով առնվազն 25 նոր ուղղություններով չվերթեր:
● Ավելացվելու է Հայաստանի մարզերում անցկացվող գաստրո և մշակութային փառատոների թիվը:
● Ստեղծվելու է առցանց հարթակ, որի միջոցով օտարերկրյա զբոսաշրջիկներն ավելի դյուրին կկարողանան ձեռք բերել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթներ:
2.6 ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Որակի ենթակառուցվածքի համակարգն էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա, քանի որ համակարգի հիմնարար սկզբունքներից են լինելու հանրային բարեկեցության, ներքին մրցունակության աճի հանգեցնող որակի պահանջների սահմանումն ու խստագույնս պահպանումը: Համակարգի բաղկացուցիչ մասեր են տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման, ստանդարտացման, հավատարմագրման, չափումների միասնականության ապահովման ոլորտները, որոնք գտնվում են պետության իրավասության ներքո։ Համակարգի արդյունավետ գործունեությունն էական նշանակություն ունի միջազգային արժեշղթաներում ինտեգրման և նոր գիտելիքի ստեղծման համար։
Համակարգային շարունակական բարեփոխումներն ապահովելու նպատակով իրականացվելու են հետևյալ գործողությունները.
● լաբորատոր կարողությունների զարգացում,
● տրամաչափարկման կարողությունների ձևավորում և զարգացում,
● համապատասխանության գնահատման և հավատարմագրման կարողությունների զարգացում՝ թիրախ սահմանելով Հավատարմագրման ազգային մարմնի միջազգային ճանաչմանն ուղղված երկկողմ և բազմակողմ ճանաչման համաձայնագրերի կնքումը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ:
2.7 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքաշինությունը և մասնավորապես շինարարության ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է: Իրատեսորեն գնահատելով քաղաքաշինության բնագավառում առկա իրավիճակը՝ Կառավարությունը նախատեսում է բնագավառի օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավման, քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեությունների և թույլտվությունների տրամադրման համակարգերի առավելագույն թվայնացման, քաղաքաշինական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ներդրման միջոցով ստեղծել նախադրյալներ՝ առկա խնդիրները լուծելու (ընթացակարգերի պարզեցում, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում, վերահսկողական մեխանիզմների բարելավում) և հետագա զարգացումներն ապահովելու համար:
Բնագավառում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, հասարակության բոլոր խմբերի համար սոցիալական, ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության, պատմամշակութային ժառանգության պահպանման և շրջակա միջավայրի վրա քաղաքաշինական գործունեության բացասական ազդեցությունների վերացման համատեքստում: Քաղաքաշինության ոլորտում Կառավարությունը նախատեսում է իրականացնել հետևյալ քայլերը.
● ստեղծել տարածքային մակարդակում պետական քաղաքաշինական քաղաքականության իրագործման համար անհրաժեշտ հիմքեր,
● մինչև 2024 թվականի տարեվերջ քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջությամբ իրականացնել քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի առցանց համակարգի միջոցով,
● զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը և խստագույնս պահպանել այդ թույլտվությունների տրամադրման ժամկետները, բովանդակային իմաստով վերանայել թույլտվություն պահանջող գործողության շրջանակը,
● յուրաքանչյուր խոշոր համայնքի համար հաստատել հստակ քաղաքաշինական պահանջներ սահմանող գոտիների քարտեզներ, որոնք հասանելի կլինեն առցանց,
● շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին, ինչպես նաև նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացումն իրականացնել այն հաշվառմամբ, որ այն արագ արձագանքի շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և երաշխավորի դրանց կիրառությունը, ստեղծի հնարավորություն՝ ապահովելու երկրի շինարարական արտադրանքի և ծառայությունների համատեղելիությունը միասնական շուկայում շրջանառվող արտադրանքի և ծառայությունների հետ, խթանի տեղական արտադրությունն ու նորարարական տեխնոլոգիաների զարգացումը, գործարար միջավայրի բարելավումը, արտահանման և ներդրումային ծավալների աճը,
● շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրման, տեղական հումքով շինանյութերի և շինարարության որակի հսկման մեթոդների մշակման ու իրագործման նպատակով ձևավորել գիտահետազոտական և փորձարարական բազա, պատրաստել (վերապատրաստել) գիտական կադրեր, որոնք հնարավորություն կտան ապահովելու նորարարական տեխնոլոգիաներին արագ արձագանքման, կիրառության և ներդրման, ըստ անհրաժեշտության, համապատասխան նորմատիվ դաշտի ապահովման, նյութատեխնիկական բազայի համալրման, տեղական արտադրողներին աջակցություն ցուցաբերելու և բիզնես կարողությունները զարգացնելու ուղղությամբ շարունակական ու հետևողական աշխատանքների իրականացումը:
● Շենքերի ու շինությունների անվտանգ և հուսալի շահագործումն ապահովող իրավական դաշտի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի շարունակական բարելավմանն ուղղված քայլերի միջոցով՝
բարձրացնել շենքերի և շինությունների հուսալիությունը և սեյսմակայունությունը,
ապահովել կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծման ընթացակարգերում դրանց էներգաարդյունավետությունն ապահովող միջոցառումների ներառումը,
նպաստել բնակչության սակավաշարժուն խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների նախագծման ընթացակարգերում դրանց մատչելիությունն ապահովող պարտադիր միջոցառումների նախատեսմանը և քաղաքաշինական ծրագրերի գործնական փուլում դրանց իրականացմանը,
ստեղծել իրավական հիմքեր՝ շենքերի և շինությունների անձնագրավորման համար,
ստեղծել և վարել բոլոր նշանակության շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկատվական համակարգ,
ապահովել շենքերում և շինություններում քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների, ապաստարանների և (կամ) թաքստոցների նախագծման պահանջները,
ներդնել քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների վարկանիշավորման մեխանիզմ,
բարելավել քաղաքաշինական փաստաթղթերի և դրանցով տրված լուծումների փորձաքննության որակը՝ որպես հիմնական սկզբունք ամրագրելով փորձագիտական գնահատման անաչառությունը, փորձագիտական եզրակացության հիմնավորվածությունը և ամբողջականությունը, փորձաքննություն իրականացնող փորձագետի մասնագիտական անկախությունը և պատասխանատվությունը:
● Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման գործառույթների իրականացման կայուն մեխանիզմների արմատավորմանը նպաստելու նպատակով Կառավարության ջանքերն ուղղված են լինելու՝
բազմաբնակարան շենքի կառավարումը որպես մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելուն և կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանմանը՝ ապահովելով դրա մասով կրթական, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը,
բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման և հետագա զարգացումներն ապահովելու նպատակով օրենսդրության շարունակական բարելավմանը,
3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի լուծման նպատակով միջազգային լավագույն փորձի հիման վրա նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
երիտասարդ ընտանիքների համար բնակարանի հասանելիության ապահովմանը՝ որպես խթանիչ գործիք դիտարկելով կանխավճարի, ամսական վճարի և տոկոսադրույքի մատչելիությունը:
● Նախորդող ժամանակահատվածում իրականացված փաստագրման արդյունքների հիման վրա Կառավարությունը նախատեսում է շարունակել երկրաշարժից հետո տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման, այդ շինությունների քանդման և տարածքների քաղաքաշինական միջավայրը վերականգնելու հետ կապված գործընթացը:
2.8 ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գերշահագործումը բացառելու նպատակով նախատեսվում է՝
● հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակում՝ հանքարդյունաբերության ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, ոլորտի նորմատիվաիրավական և ինստիտուցիոնալ կառուցվածքը միջազգային լավագույն փորձին մոտեցնելու նպատակով,
● հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող ոլորտը կարգավորող օրենքների, ինչպես նաև դրանցից բխող իրավական այլ ակտերի մշակում,
● ռեսուրսների ռացիոնալ և համաչափ արդյունահանման ապահովում, այդ թվում՝ բացառելով բնական պաշարների գերշահագործումը. ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի ջրակետերի (հորատանցք, աղբյուր) գույքագրում և բազային տվյալների թարմացում,
● օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվողականության պահանջների վերանայում՝ արդյունահանվող և մարվող պաշարների տարեկան ամբողջական տեղեկատվություն ստանալու և մշտադիտարկման նպատակով,
● ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և վերջիններիս ներկայացվող պահանջների վերանայում,
● համայնքների նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահանջի հստակեցում,
● համագործակցության ուղղությունների զարգացման ապահովում հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ,
● ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված հողային հարաբերությունների կարգավորում,
● ընդերքօգտագործման գործող իրավունքների շրջանակում հանքավայրերի արդյունավետ շահագործման ապահովում, Ամուլսարի հարցի հանգուցալուծման աշխատանքների իրականացում,
● ռեգիոնալ երկրաբանական բնույթի ուսումնասիրությունների նպատակով համաձայնության տրամադրման պայմանների և պահանջների իրավական կարգավորում,
● ընդերքի մասին տեղեկության թվային կադաստրի ստեղծում,
● հանքարդյունաբերության հարկման արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրում, մասնավորապես նախատեսվում է ռոյալթիների մեխանիզմի բարեփոխում,
● հանքահումքային վերջնական արտադրանք ստանալու ուղղությամբ գործուն միջոցառումների ձեռնարկում` ապահովելու հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական արժեշղթայի փակում երկրի ներսում` այդպիսով ապահովելով առավել մեծ և կայուն եկամտաբերություն ոլորտից,
● պոչամբարների տեխնիկական անվտանգության ապահովում, որը ենթադրում է պոչամբարների կառուցման արդի, գիտահենք և լավագույն փորձին համահունչ չափանիշների և պահանջների մշակում, որոնք պետք է ամրագրվեն օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում,
● երկրաբանական փորձաքննության ամբողջ գործընթացի բարեփոխում, ներառյալ կիրառվող չափանիշները, մեթոդաբանությունները և վերահսկման գործիքակազմերը:
3. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Կառավարությունը, նպատակ ունենալով ստեղծելու տարածաշրջանում որակով մրցունակ ենթակառուցվածքներ, բարեփոխումներ կիրականացնի նաև որակի բարելավման ուղղությամբ՝ արդիականացնելով իրավակարգավորումները և նորմատիվատեխնիկական բազան, ձևավորելով և զարգացնելով նախագծման, տեխնիկական հսկողության, անվտանգության աուդիտի և շինարարության կարողությունները և գիտելիքները՝ գոյություն ունեցող միջազգային լավագույն փորձի և գիտատեխնիկական հենքի վրա, որն իր հերթին կնպաստի երկրի սոցիալ - տնտեսական զարգացմանը։
3.1 ՏՐԱՆՍՊՈՐՏ
Ավտոմոբիլային տրանսպորտ
Հանրապետության տարածքում ներդրվելու է միասնական երթուղային ցանց, որի շնորհիվ բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կբարձրանան ուղևորափոխադրումների սպասարկման որակը և վերահսկողության մակարդակը։ Մշակվելու և քարտեզավորվելու են բոլոր երթուղիները, կազմվելու են նոր չվացուցակներ և ուղեգծեր: Կբարձրանան ուղևորափոխադրումների արդյունավետությունն ու մատչելիությունը։ Հանրապետության բոլոր բնակավայրերը կանոնավոր երթուղիներով կապվելու են մարզկենտրոնների կամ մարզի այլ խոշոր բնակավայրերի հետ, մայրաքաղաքի և հարևան մարզկենտրոնների հետ: Ստեղծվելու է հարթակ, որտեղից հնարավորություն է լինելու ամբողջական տեղեկություններ ստանալու երթուղիների վերաբերյալ, այդ թվում՝ մեկնման ժամերի, սկզբնակետերի, վերջնակետերի, ուղեգծերի մասին:
Կանոնավոր ուղևորափոխադրումներում կիրառվելու են նորագույն տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի՝
● էլեկտրոնային եղանակով իրականացնել երթակարգավարական ծառայությունը և վերահսկողությունը,
● ներդնել միասնական տոմսային համակարգ,
● ներդնել ինտերակտիվ քարտեզ,
● ներդնել ճանապարհային վճարների գանձման և վթարների դեպքում արագ արձագանքման միասնական արդյունավետ էլեկտրոնային համակարգեր։
Օդային տրանսպորտ
Կառավարությունը բարելավելու է թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակը՝ համապատասխանեցնելով միջազգային ավիացիոն կազմակերպությունների ստանդարտներին, որը հնարավորություն կստեղծի նվազեցնելու թռիչքային և ավիացիոն անվտանգությանն սպառնացող ռիսկերը և կազմակերպելու աշխատանքը՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները և դրանցից բխող առաջնահերթությունները: Իրականացվելու են աշխատանքներ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև ներկայացվելու են համապատասխան առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման վերաբերյալ։
Այս ոլորտում նախատեսվում է իրականացնել հետևյալ քայլերը.
● զարգացնել ընդհանուր նշանակության ավիացիան՝ մշակելով և ներդնելով անօդաչու թռչող համակարգերի շահագործման նոր կանոնակարգեր,
● քաղաքացիական ավիացիայի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իրականացնել կառուցակարգային փոփոխություններ,
● ստորագրել և ներդնել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» նախաստորագրված համաձայնագիրը, որը կնպաստի Եվրոպական միության հետ առկա հարաբերությունների ամրապնդմանը, թույլ կտա ավելի տեղայնացնել և ներդնել Եվրոպական միության ավիացիոն կանոնակարգերը և եվրոպական գործընկերների շրջանում ոլորտը կդարձնի ավելի ընկալելի և վստահելի,
● շարունակել օտարերկրյա խոշոր ավիաընկերությունների հետ բանակցությունները՝ համատեղ տեղական ավիափոխադրողներ զարգացնելու ուղղությամբ,
● օդանավակայանի Կոնցեսիոների հետ իրականացնել շարունակական աշխատանքներ՝ սպասարկման որակի բարձրացման, մատուցվող ծառայությունների սակագների նվազեցման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ,
● քննարկել և ներկայացնել առաջարկություններ օդանավակայաններ տանող նոր ուղիների կառուցման վերաբերյալ,
● ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ ավիացիոն ոլորտում մասնագիտացված նոր կազմակերպությունների ստեղծման վերաբերյալ:
Երկաթուղային տրանսպորտ
Կառավարությունը երկաթուղային տրանսպորտով երթևեկության անվտանգության մակարդակի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով նախատեսում է իրականացնել հետևյալ քայլերը.
● ձեռք բերել ուղևորատար և բեռնատար նոր շարժակազմ, արդիականացնել գործող շարժակազմը, որը կհանգեցնի երկաթուղային տրանսպորտի մրցունակության, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների, արդյունավետության, երթևեկության անվտանգության ու ծառայությունների մատուցման որակի էական բարձրացմանը, ինչպես նաև կխթանի զբոսաշրջությունը,
● մշակել և ներդնել երկաթուղային ուղևորափոխադրումներից առաջացած վնասների սուբսիդավորման նոր մեխանիզմներ և շարունակել Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու աշխատանքները, որոնք թույլ կտան պահպանել և զարգացնել գործող ենթակառուցվածքները,
● երկաթուղային տրանսպորտով երթևեկության անվտանգության մակարդակի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով Կառավարությունը նախատեսում է Կոնցեսիոների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում մինչև 2024 թվականի ժամանակահատվածի համար շուրջ 39 մլրդ դրամի ներդրումներ, որոնք ուղղված են լինելու երկաթուղային տրանսպորտի մրցունակության, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների, արդյունավետության, երթևեկության անվտանգության ու ծառայությունների մատուցման որակի էական բարձրացմանը: Նույն շրջանակներում հիմնանորոգվելու են շուրջ 37 կմ երկաթուղային գծեր: Համաձայն Կոնցեսիոների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ 2025-2038 թվականների համար ներդրումային ծավալները կավելացվեն և կկազմեն շուրջ 95 մլրդ դրամ:
Ջրային տրանսպորտ
Կառավարությունը նախատեսում է մշակել և ընդունել առևտրային ծովագնացության մասին օրենք, որը հնարավորություն կստեղծի Հայաստանի դրոշի ներքո առևտրային ծովագնացության զարգացմանը և բեռնաշրջանառության ավելացմանը:
3.2 ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Տնտեսության զարգացման և սոցիալական կյանքի բարելավման կարևոր նախադրյալներից է ճանապարհային ցանցի զարգացման միջոցով տնտեսական ներուժի ու մարդկանց կենսամակարդակի բարձրացումը։ Այս ուղղությամբ Կառավարությունը Հայաստանի ամբողջ ճանապարհային ցանցի արդիականացման և որակի բարելավման ճանապարհով ձևավորելու և զարգացնելու է անվտանգ, ծախսարդյունավետ և էկոլոգիապես անվնաս ճանապարհային ցանց, որը կնպաստի ներպետական և միջազգային փոխադրումների աճին, նոր շուկաների ձևավորմանը, կխթանի ներքին և արտաքին առևտուրը, էական ազդեցություն կունենա մարզերի և գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական կյանքի կայուն զարգացման վրա՝ մարզերի և համայնքների բնակչության համար ապահովելով հաղորդակցությունը կենսական նշանակության օբյեկտների և մարզկենտրոնների հետ, կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը:
Ոլորտում իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություն է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի ինտեգրումը միջազգային տրանսպորտային համակարգին, որի շնորհիվ հնարավոր կլինի խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, բեռնափոխադրումների ծավալների էական մեծացումը:
Ճանապարհաշինության և ճանապարհային համակարգի զարգացման ոլորտում կիրականացվեն բարեփոխումներ, հետևյալ ուղղություններով.
● միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի նորոգում, հիմնանորոգում և որակի շարունակական բարձրացում, որոնց շնորհիվ տարեկան կունենանք շուրջ 500 կմ վերանորոգված ճանապարհ,
● թունելների և կամուրջների վերականգնում և կառուցում,
● ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության բարելավում՝ ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող կահավորանքի վերականգնում և պատշաճ պահպանում,
● ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատում՝ հանրապետության բոլոր ճանապարհների «սև կետերի» գույքագրման և դրանց վերացման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման ճանապարհով, ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների վերլուծության հիման վրա անվտանգության միջոցառումների շարունակական իրականացում, ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալների հավաքման և վերլուծման համակարգերի (ծրագրերի) արդիականացում,
● տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգում, գյուղական ճանապարհների անվտանգության ապահովում,
● Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացում,
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 (Աշտարակ – Թալին, ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42 կմ) և Տրանշ 3 (Թալին-Լանջիկ՝ 18,7 կմ, Լանջիկ-Գյումրի՝ 27,5 կմ, ընդհանուր երկարությունը՝ շուրջ 46,2 կմ) ճանապարհահատվածների վերակառուցման աշխատանքների իրականացում և ծրագրի ավարտ,
Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի, այդ թվում՝ շուրջ 9 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի կառուցման, Քաջարան–Ագարակ շուրջ 32 կմ ճանապարհի վերակառուցման, Քաջարանի 7 կմ երկարությամբ թունելի կառուցման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Արտաշատ-Սիսիան 175 կմ ճանապարհահատվածի նախագծման և փուլային իրականացման աշխատանքների մեկնարկ,
● Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական նշանակության 52 կմ ճանապարհի վերակառուցում,
● ճանապարհային ցանցի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում՝ ճանապարհների պահպանման և կառավարման արդիականացված համակարգի ձևավորման, ճանապարհների սպասարկման տեխնիկական պահանջների բարձրացման, ճանապարհների շահագործման երկարակեցության բարձրացման և կապիտալ ծախսերի արդյունավետության ապահովման ճանապարհով,
● շինարարական նյութերի և ճանապարհաշինարարության որակի նկատմամբ վերահսկողության բարձրացման նպատակով նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների ներդրում և կիրառում, պետական լաբորատորիայի վերազինում,
● ճանապարհային անվտանգության համակարգի ներդրում՝ ճանապարհային անվտանգության ԵՄ հրահանգներին համապատասխան,
● ճանապարհային ակտիվների կառավարման առկա համակարգի գնահատում և հետագա անհրաժեշտ բարելավումների իրականացում, ճանապարհային ցանցի կառավարման համակարգի ներդրում, որը հնարավորություն կընձեռի մոբայլ հավելվածի միջոցով շուրջօրյա վերահսկողություն իրականացնելու ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ,
● կլիմայի փոփոխության հետևանքով ճանապարհային ենթակառուցվածքի վրա ազդեցության գնահատում և համապատասխան ներդաշնակեցման ծրագրերի մշակում ու իրականացում,
● ճանապարհային ոլորտում ընդգրկված առանցքային սուբյեկտների (պատվիրատուներ, նախագծողներ, կապալառուներ, տեխնիկական հսկողություն իրականացնողներ և այլն) կարողությունների գնահատում և դրանց բարձրացման ուղղությամբ միջոցառումների մշակում ու իրականացում,
● ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում,
● մասնագիտական ներուժի մեծացում՝ ճանապարհային ոլորտի մասնագետների կրթության և վերապատրաստման միջոցով,
● ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների՝ որպես հատուկ կարգավորման օբյեկտների նկատմամբ օրենսդրական պահանջների սահմանում, դրանց տնօրինման և կառավարման միասնական քաղաքականության մշակում,
● ոլորտում պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմի գործարկում։
3.3 ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարության ջրային տնտեսության ոլորտի քաղաքականությունը նպատակաուղղված է բնակչությանը խմելու ջրի մատակարարման (ջրամատակարարման) ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) և ոռոգման ջրի մատակարարման հուսալի, կայուն, անվտանգ և մատչելի ծառայությունների ապահովմանը, ոլորտում իրականացվող բարեփոխումների զարգացմանը:
Կառավարության գործունեության հիմքում դրված է ջրային համակարգերի արդիականացման և ներդրումների ներգրավման ապահովումը, ոլորտի կազմակերպությունների գործունեության և պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը, ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավումը, ջրային պաշարների արդյունավետ և խնայողական օգտագործումը:
● Իրականացվելու են «Արփա-Սևան» թունելի վթարային առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքները, որոնց շնորհիվ ապահովվելու է թունելի հուսալի և անխափան շահագործումը: Դա կնպաստի Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացմանը և կապահովի Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռումը։
● Շարունակվելու են ջրային պաշարների մակերևութային հոսքի կառավարման նպատակով ջրամբարաշինության ծրագրերը: Դրանց շնորհիվ ունենալու ենք ջրային ռեսուրսների լրացուցիչ պաշար և ջրային հոսքերի կառավարման արդյունավետ համակարգ՝ հնարավորություններ ստեղծելով նաև ինքնահոս ոռոգման ջրի մատակարարման համար։ Նախագծվելու է 15 ջրամբար, սկսվելու է դրանց կառուցումը:
● Ջրամբարների կառուցման հետ մեկտեղ իրականացվելու է պետական հատուկ նշանակության առկա ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում՝ դրանք անվտանգ ու կիրառելի դարձնելու նպատակով:
● Իրականացվելու են ոռոգման համակարգերի (ջրանցքների, ջրամբարների, խորքային հորերի, ջրատար խողովակների, պոմպակայանների, շենքերի, շինությունների, մեքենամեխանիզմների, հիդրոտեխնիկական այլ կառուցվածքների և այլն) գույքագրում և գնահատում:
● Ոռոգման ոլորտում առկա խնդիրները լուծելու և վիճակը բարելավելու նպատակով նախատեսվում է՝
իրականացնել օրենսդրական և կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումներ,
ոռոգման համակարգերը շարունակաբար կահավորել ջրաչափական արդի սարքավորումներով և հագեցնել տվյալների հավաքման ու վերահսկողական համակարգով,
իրականացնել համատարած տեխնիկական աուդիտ և աուդիտի արդյունքներով մշակել ու կիրառել կապիտալ ներդրումների մոտեցումներ և չափորոշիչներ,
իրականացնել ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված կապիտալ ներդրումներ և ներդրումային քաղաքականություն:
● Կառավարությունը խթանելու է նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ջրի խնայողական ռեժիմով օգտագործման, այդ թվում՝ կաթիլային և անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի ներդրումը, ինչպես նաև ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման մեխանիզմների կիրառումը:
● Մինչև 2023 թվականը նախատեսվում է ավարտին հասցնել միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքները։ Ոռոգման համակարգերի կառուցմամբ տարեկան կտնտեսվի 7.3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ոռոգելի հողատարածքները կավելանան 1373 հեկտարով։ Հինգ մարզերի 105 բնակավայրերում կվերականգնվեն շուրջ 259․1 կմ երկարությամբ ներտնտեսային համակարգեր։ Կվերականգնվեն 8․2 կմ երկարությամբ 4 մայր և 54․1 կմ երկարությամբ 22 երկրորդ կարգի ջրանցքների ծայրահեղ քայքայված և վթարային հատվածները։ Դրա շնորհիվ կընդլայնվի ոռոգման ջրի մատուցման հասանելիությունը, վերականգնվող հատվածներում կորուստներն աստիճանաբար կկրճատվեն շուրջ 7%-ով, և այդ հողատարածքներում կիրականացվի կայուն, անխափան ջրամատակարարում:
● Նախատեսվում է մշակել և ներդնել ոռոգման ջրի հաշվառման հստակեցման և վարձավճարների հավաքման արդյունավետ մեխանիզմ։ Շարունակվելու է ոռոգման համակարգերում կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքման (SCADA) համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման և շահագործման միջոցառումների գործընթացը։
● Ցերեկային ժամերին առաջացած պոտենցիալ ջրերը, ինչպես նաև գիշերային ժամերին չօգտագործելու հետևանքով առաջացած ջրի ծավալները կուտակելու համար կառուցվելու են օրվա կարգավորիչ ջրավազաններ:
● Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ոլորտում առկա խնդիրները լուծելու, ներկայիս վիճակը բարելավելու, բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու և պահանջները բավարարելու նպատակով նախատեսվում է՝
իրականացնել ծառայությունների մատուցման շարունակական բարելավում,
«չսպասարկվող» բնակավայրերում ջրամատակարարման ծառայությունն իրականացնել բացառապես լիցենզավորված, մասնագիտացած կազմակերպությունների կողմից. այդ տարածքներում իրականացնել ներդրումային ծրագրեր,
ապահովել Սևանա լճի ավազանում ներկայում գործող կեղտաջրերի մաքրման 3 կայաններից արտանետվող կեղտաջրերի ամբողջական մաքրման իրականացումը՝ համատեղելով շրջակա բնակավայրերի ամբողջական կոյուղացումը և տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների և սարքավորումների տեղադրման համապատասխան պայմանների ստեղծումը,
բնակավայրերում սահմանել խմելու ջրի որակի մշտադիտարկման գործուն մեխանիզմ՝ ջրի որակը պետական լիազոր մարմնի հաստատած սանիտարական կանոններին և նորմերին համապատասխանեցնելու նպատակով,
ապահովել բնակավայրերում ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների հասանելիությունը՝ կեղտաջրերի ամբողջական մաքրման և դրանց վերաօգտագործման հնարավորությունների ստեղծմամբ,
ստեղծել պայմաններ կոյուղու ցանցին չմիացած տնտեսավարողներին կեղտաջրերը մաքրող անհատական կառուցվածքներ և սարքավորումներ ունենալու և մասնագիտացած կազմակերպությունների միջոցով այն իրականացնելու համար,
Երևանում ավարտին հասցնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման նպատակով ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն Երևանի ջրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքներ, առանձնատների մոտ անհատական ջրաչափերի փոխարինման, դիտահորերի տեղադրման, հնամաշ 30 մղիչ պոմպերի փոխարինման և այլ աշխատանքներ,
ներդնել մաքրման կայաններից արտահոսող ջրերի որակական մշտադիտարկման համակարգ:
● Իրականացվելու է հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների 10 ծրագիր՝ մաքրելով գետերի և հեղեղատարների հուները, ինչպես նաև իրականացվելու են ափերի ամրացման աշխատանքներ։
● Իրականացվելու են խոնավ (գերխոնավ) գյուղատնտեսական հողատարածքների մելիորատիվ վիճակի բարելավման աշխատանքներ:
● Շարունակվելու են կոլեկտորադրենաժային ցանցի պահպանման և շահագործման աշխատանքները։ Գրունտային ջրերի մակարդակի իջեցմամբ կբարելավվի աղակալած և գերխոնավ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մելիորատիվ վիճակը, կբացառվեն տարափոխիկ հիվանդությունների առաջացումը և տարածումը։
● Կառավարությունն իրականացնելու է խմելու ջրի ոլորտում ներդրումային ծրագրեր։ Մինչև 2023 թվականի տարեվերջ իրականացվելու են 6 մարզերի 11 քաղաքների և 41 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքներ, բաշխիչ ցանցերի վերականգնում:
3.4 ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
Կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է լինելու էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի և գազի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը։
Հայաստանի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման գրավականներն են վերականգնվող էներգետիկ ներուժի տնտեսապես հիմնավորված, արդյունավետ և պատասխանատու օգտագործումը, ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը, էլեկտրաէներգետիկական համակարգի տարածաշրջանային ինտեգրումը, էներգակիրների մատակարարման ուղիների և ձևերի տարատեսակումը, էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների ներդրումը, թվային էներգետիկայի վերափոխումը։
Նշված համատեքստում՝
● գործնական կիրառության է դրվելու աստիճանական ազատականացվող էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելը, որը կբարձրացնի մրցակցությունը, կխթանի ներդրումների ներգրավումը և միջպետական առևտրի զարգացումը,
● շարունակվելու են Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի և էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման աշխատանքները,
● կառուցվելու են մինչև 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի,
● նախապատրաստական աշխատանքներ են իրականացվելու շուրջ 500 ՄՎտ հզորությամբ հողմային կայանների կառուցման նպատակով,
● Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման նպատակով ավարտին են հասցվելու արդիականացման աշխատանքները` ապահովելու Հայկական ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքը մինչև 2026 թվականը, որից հետո լրացուցիչ ներդրումներ են արվելու ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու նպատակով,
● միջուկային նոր էներգաբլոկի կառուցման իրականացման ուղղությամբ մշակվելու են ծրագիր և ժամանակացույց` որպես Հայաստանում հիմնական ռազմավարական նպատակ,
● շարունակվելու են էներգետիկ ենթակառուցվածքների (արտադրող կայանների, հաղորդման և բաշխիչ ցանցերի, ենթակայանների, օդային գծերի և այլն) վերազինման, արդիականացման, առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքները,
● տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի գործարկմամբ լիովին նոր մակարդակի է բարձրանալու էլեկտրաէներգետիկական համակարգը։ Հայաստանը դառնալու է տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հանգույց՝ կապելով Իրանի, Վրաստանի և ԵԱՏՄ-ի շուկաները,
● վերջնականացվելու են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք (Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան) քառակողմ նախաձեռնության հետ կապված աշխատանքները՝ այն գործնական փուլ տեղափոխելու նպատակով,
● խթանվելու է էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների լայնածավալ իրականացումը տնտեսության բոլոր ճյուղերում՝ հաշվի առնելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջները, այդ թվում` տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, բազմաբնակարան շենքերի, բյուջետային հանրային հատվածի, վառելիքաէներգետիկ համակարգի և այլ բնագավառներում,
● շարունակական ծրագրեր են իրականացվելու գիտելիքահենք և խելացի էներգետիկա ունենալու համար՝ աջակցելով կրթական նոր ծրագրերի, նոր հետազոտությունների և նորարարությունների իրականացմանը։
4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
4.1 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը ձեռնամուխ է լինելու Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման նոր ռազմավարության և 2021-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակմանը, որն առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալներ կստեղծի։
● Կընդլայնվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի շահառուների շրջանակը՝ ի հաշիվ չաշխատող մայրերի՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրից:
● Շարունակաբար աշխատանքներ են իրականացվելու՝ վերանայելու և զարգացնելու արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներ ունեցող ընտանիքների բնակապահովման միջոցառումներին, երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստներին:
● Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով:
● Բարելավվելու են երեխա ունեցող ծնողների աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումները։
● Իրականացվելու են գյուղաբնակ երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու, այդ թվում՝ եկամտաստեղծ գործունեությանը միտված պետական աջակցության թիրախային ծրագրեր։
● Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար:
4.2 ՄԻԳՐԱՑԻԱ
Կառավարությունը կարևորում է միգրանտների, այդ թվում` վերադարձող միգրանտների տնտեսական և մարդկային ներուժի ուղղորդումը երկրի զարգացման գործին:
Միգրացիոն քաղաքականության ոլորտում Կառավարության առաջնահերթությունները հետևյալն են.
● միգրացիայի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում,
● միգրացիոն գործընթացների կառավարմանն ուղղված համակարգերի թվայնացում,
● քաղաքացիներին (այդ թվում՝ օտարերկրյա) տրամադրվող ծառայությունների թվայնացում, պարզեցում և ավտոմատացում,
● օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվության և կացության տրամադրման համակարգի թվայնացում և պարզեցում,
● Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգով նախատեսված՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորմանը, միգրացիոն հոսքերի կառավարմանը, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարմանը, հայրենադարձության խթանմանն ուղղված գործողությունների կատարման ապահովում,
● Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ընդունման մեխանիզմների կատարելագործում,
● հետընդունման (ռեադմիսիայի) գործընթացների արդյունավետ կազմակերպում՝ այդ բնագավառում ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:
4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:
Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիականացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը ուսուցման և կառավարման համակարգերում, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը: Խրախուսվելու է նաև կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում:
● Հանրակրթության ոլորտի առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարը մինչև 2026 թվականը հանրակրթության նոր չափորոշիչների ամբողջական ներդրումն է հանրապետության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում՝ ապահովելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքի, ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության, բարձրորակ ուսուցչական համակազմի և դպրոցների թափանցիկ ու արդյունավետ կառավարման ամբողջություն։ Այս նպատակի իրագործման հիմնական թիրախներն են՝
մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով,
մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը,
ամբողջությամբ փոխել և ներդնել նոր դասագրքեր և ուսումնական նյութեր՝ նոր չափորոշիչների համաձայն, բարելավել մեդիագրագիտության մակարդակը, զարգացնել օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանի լեզուների ուսուցումը,
ներդնել ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն՝ ելնելով ուսուցիչների տարբեր խմբերի կարիքներից, ներդնել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ՝ հնարավորություն ընձեռելով բոլոր ուսուցիչներին ունենալու առնվազն աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացում, ամբողջությամբ վերանայել մանկավարժական կրթության համակարգը՝ երիտասարդների շրջանում ուսուցչի մասնագիտությունը դարձնելով պահանջված, հեղինակավոր և արդիական,
ստեղծել արդյունավետ, բաց, կատարողականի և վերջնարդյունքների վրա հիմնված կառավարման և ֆինանսավորման համակարգեր՝ թվայնացնելով գործընթացները, կրճատելով վարչարարությունն ու կոռուպցիոն ռիսկերը, զարգացնելով հաստատությունների կառավարման կարողությունները,
կրթության անընդհատությունը և հասանելիությունը կրթական բոլոր մակարդակներում ապահովելու նպատակով զարգացնել էլեկտրոնային ուսուցման գործիքները՝ կրթությունը հասանելի դարձնելով սահմանամերձ գոտիներում՝ անկախ համապատասխան մասնագետների առկայությունից. էլետրոնային ուսուցման գործիքների զարգացումը զուգակցել բարձրակարգ ուսուցիչների գործուղման համակարգի զարգացմամբ:
● Հանրակրթության որակյալ արդյունքի ապահովումն անհնար է առանց վաղ մանկության զարգացման պատշաճ համակարգի և նախադպրոցական ծառայությունների ցանցի ամբողջական հասանելիության։ Այս նպատակով նախատեսվում է շարունակել նախադպրոցական ծառայությունների ընդլայնման, դրանց որակի բարձրացման, երեխայի զարգացման ամբողջական միջավայրի ձևավորման, նախադպրոցական հաստատությունների մանկավարժների մասնագիտական կարողությունների շարունակական բարելավման ուղղությամբ։
Մասնավորապես՝
մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով,
մինչև 2026 թվականը նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 85 տոկոսի,
մինչև 2024 թվականն ապահովել անցումը համընդհանուր ներառման հանրապետության բոլոր նախադպրոցական հաստատություններում,
հանրակրթության օրինակով ներդնել ուսուցիչ-դաստիարակների աշխատանքային առաջխաղացման, շարունակական մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ:
● Կարևորելով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության դերը սոցիալ-տնտեսական զարգացման, պահանջարկին համապատասխան աշխատաշուկայի համալրման գործում՝ Կառավարությունն առանձնացնում է բարեփոխումների հետևյալ հիմնական ուղղվածությունները.
կրթական ծրագրերի արդիականացում, նոր մասնագիտությունների ներդրում, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանության ներդրում՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ուղղություններին, մարզերի զարգացման առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկին,
տարեկան առնվազն 2 ուսումնական հաստատություններում աշխատանքի վրա հիմնված և դուալ ուսուցման ներդրում ու ընդլայնում՝ մասնավոր հատվածի և գործարար համայնքի ակտիվ ներգրավման միջոցով, որը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ աշխատուժի պատրաստմանը,
հաստատությունների կառավարման նոր մոդելների փորձարկում և ներդրում՝ հիմնված պետական-մասնավոր համագործակցության վրա և բարձրացնելով համակարգի արդյունավետությունը,
մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման համակարգերի ներդրում՝ կապակցելով վարձատրության մեխանիզմների հետ,
նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության գրավչության, մատչելիության բարձրացման, ներառականության ապահովման նպատակով ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, ուսումնաարտադրական բազայով (լաբորատորիաներով) ապահովում (տարեկան առնվազն 2 հաստատություն):
● Բարձրագույն կրթության ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին: Առանցքային են լինելու ներառական, ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը, բարձրագույն կրթության արդյունավորության և արդյունավետության բարձրացումը, էլեկտրոնային կառավարման համակարգի և էլեկտրոնային ուսուցման գործիքների զարգացումը, կրթության բովանդակության արդիականացումը, դասավանդողների կարողությունների և անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը:
Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝
արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծմանը,
բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանը, բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի շարունակական մեծացմանը,
մինչև 2025 թվականը կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի վերանայմանը՝ ուղղելով դեպի ուսումնառության վերջնարդյունքներ՝ որակավորումների ազգային շրջանակի պահանջներին համապատասխան,
բարձրագույն կրթության միջազգայնացմանը, շարժունության հնարավորությունների ընդլայնմանը,
եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ուղղությունների և սկզբունքների իրականացմանը,
բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը զուգընթաց մինչև 2024 թվականն ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքների վերանայմանը՝ ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության առանցքային ցուցանիշների սահմանմամբ և արդյունքից կախված ֆինանսավորման մեխանիզմների ներդրմամբ,
համընդհանուր ներառական կրթությանն անցմանը զուգընթաց բարձրագույն կրթության ներառականության ընդլայնմանը խթանելուն,
ուսումնական գործընթացում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ ուսումնառության և դասավանդման նոր մեթոդաբանության մշակմանը և ներդրմանը,
բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայմանը,
աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագիտությունների, ինչպես նաև տարածաշրջանի լեզուներով մագիստրոսական ծրագրերի ներդրմանը՝ մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկում համապատասխան կրթական ծրագրերի ընդգրկմամբ,
դպրոցների, բուհերի և մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցություն ստեղծվելուն՝ պահանջված, բայց քիչ տարածված ներկա և ապագա մասնագիտությունների պահանջարկի և կիրառելիության իրազեկվածությունը ծնողների, ուսուցիչների, աշակերտների և համայնքի շրջանում բարձրացնելու նպատակով,
բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելուն անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանայման միջոցով. այս իմաստով ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն,
բնագիտական ուղղություններով բարձրագույն կրթության որակի զարգացմանը՝ պետական աջակցության և ինստիտուցիոնալ ներդրումների միջոցով այն հասցնելով միջազգային մրցունակ մակարդակի:
4.4 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Գիտության ոլորտը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը, որի զարգացումը հնարավորություն է ընձեռելու Հայաստանին դիմակայել ներկայիս և ապագայի մարտահրավերներին, դառնալ զարգացման և առաջընթացի կարևոր մաս, ի վիճակի լինել կլանելու և ադապտացնելու ժամանակակից մշակումները, զարգացած մարդկային ռեսուրսով ապահովելու ինչպես կրթական համակարգը, այնպես էլ բարձր տեխնոլոգիական և ռազմավարական նշանակության այլ ոլորտներ:
Զարգացած գիտական համակարգը պետք է լինի Հայաստանի Հանրապետության այցեքարտերից մեկը միջազգային հարաբերություններում և գլոբալ արժեքային շղթաներում և հանդիսանա արտաքին հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից: Առաջիկա 5 տարիների ընթացքում գիտության ոլորտում լուծվելիք խնդիրները կարելի է բաժանել 4 պայմանական խմբերի.
Մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացում
Գիտական գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացման կարևորագույն գրավականներից է գիտական ենթակառուցվածքների զարգացածությունը, որը հնարավորություն է տալիս իրականացնելու մրցունակ գիտական հետազոտություններ ոչ միայն ժամանակակից գիտական սարքավորումների և նյութերի միջոցով, այլ նաև ընձեռելով գիտական գործունեության համար բարենպաստ ֆիզիկական միջավայր: Այս խնդրի լուծման համար Կառավարության ծրագրային նպատակներն են՝
գիտական կենտրոնների վերանորոգումը և վերազինումը ժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծմամբ,
հետազոտությունների համար ավելի նպաստավոր միջավայրի ստեղծման, ինչպես նաև մարդկային և ֆիզիկական ռեսուրսի արդյունավետ օգտագործման նպատակով հարակից բնագավառներում հետազոտություն իրականացնող փոքր գիտական կազմակերպությունների միավորումը խոշոր գիտական կենտրոններում,
նորարարության և գիտատար ձեռնարկատիրության խթանման և աջակցության մեխանիզմների ներդրումը` ստեղծելով գիտությունից նոր բիզնես ոլորտների ձևավորման և բիզնեսից գիտություն պատվերներ տալուն աջակցող կառույց, որը կուսումնասիրի գիտության մեջ առկա և առևտրայնացման ներուժ ունեցող մշակումները և կուղեկցի դրանց առևտրայնացման գործընթացը` տրամադրելով խորհրդատվություն և իրավական աջակցություն,
գիտությունից բիզնես ռիսկային նախաձեռնությունների գնահատման և ներդրումների ազգային հիմնադրամի ստեղծումը,
միջազգային գործընկերության աշխարհագրության ընդլայնումը` միջպետական կամ միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա, որոնց շնորհիվ աշխարհի առավել զարգացած պետությունների հետ կունենանք համագործակցության ինստիտուցիոնալ մակարդակ, և այդ շրջանակներում կիրականացվեն ինչպես համաշխարհային նշանակության հետազոտություններ, այնպես էլ շարժունակության մի շարք ծրագրեր,
Եվրոպական շրջանակային ծրագրերի հետ ասոցացումը և շրջանակային ծրագրերում Հայաստանի ակտիվ մասնակցության խթանումը, որի շնորհիվ կստեղծվեն փորձի փոխանակման նպաստավոր պայմաններ, այնպես էլ հնարավորություն` մասնակցելու բազմակողմ հետազոտական մեծ ծրագրերի և զարգացնելու ներքին կարողունակությունները և ենթակառուցվածքները:
Գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացում և երիտասարդ կադրերի ներգրավում
Գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացումը, երիտասարդ կադրերի ներգրավումը և գիտնականների աշխատավարձի և գիտության ֆինանսավորման բարձրացումը ոլորտի ծերացման հիմնահարցի լուծման և մրցունակության բարձրացման հիմնական գործիքներն են: Այս խնդրի լուծման համար իրականացվող ծրագրային նպատակներն են՝
ասպիրանտական հետազոտությունների աջակցության նպատակով դրամաշնորհային ծրագրերի իրականացումն ինչպես Հայաստանի Հանրապետության առաջատար խմբերում ներգրավված ասպիրանտների աջակցության համար, այնպես էլ արտերկրի լավագույն կենտրոններում ասպիրանտական կրթության կազմակերպման համար,
նորավարտ հետազոտողների համար ինքնուրույն աշխատանքի և առավել առաջատար խնդիրների վրա աշխատելու փորձառության ձևավորման նպատակով հետդոկտորական հետազոտությունների ծրագրերի իրականացումը,
գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման միջին և երկարաժամկետ ծրագրերի իրականացումն աշխարհի լավագույն գիտական կենտրոններում:
Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում
Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն իրականացվելու է հետազոտությունների միջազգային չափանիշների սահմանմամբ և կատարողականի գնահատման մեխանիզմների ներդրմամբ: Այս խնդրի լուծման համար իրականացվող ծրագրային նպատակներն են՝
գիտական կադրերի արդյունավետության նվազագույն պայմանների սահմանում՝ ըստ տարակարգերի, որն իրականացվելու է 2021 թվականի ավարտին և ստեղծելու է հիմք 2024 թվականին համապետական ատեստավորման անցկացման նպատակով,
գիտական կադրերի համապետական ատեստավորում` անարդյունավետ կադրերի փոխարեն խոստումնալից և հեռանկարային կադրերի ներգրավման նպատակով,
գիտական կազմակերպությունների բազային ֆինանսավորման մոդելի վերանայում` մինչև 5 տարվա ծրագրային ֆինանսավորման մոդելի ներդրմամբ և առավել արդյունավետ կազմակերպություններում բոնուսային ծրագրերի իրականացում կադրային բազայի ընդլայնման և նոր ստորաբաժանումների ստեղծման կամ նոր կադրերի ներգրավման նպատակով,
մրցութային ֆինանսավորմամբ ծրագրերի նպատակների վերանայում և արդյունքային ցուցանիշների սահմանում,
մրցութային մի շարք նոր ծրագրերի իրականացում` սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով` վերաբնակեցման կամ հեռավար ղեկավարվող լաբորատորիաների հիմնադրման նպատակով` նախատեսելով մինչև 2026 թվականն ունենալ Հայաստանի Հանրապետություն վերադարձած շուրջ 60 գիտնական և շուրջ 60 հեռավար ղեկավարվող գիտական խմբեր, որոնք, բացի գիտական ժամանակակից հետազոտություններից, կիրականացնեն նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում ստեղծագործական աշխատանքի ունակ կադրերի պատրաստում,
մինչև 2023 թվականը գիտության ոլորտի կառավարման միասնական էլեկտրոնային հարթակի ներդրում` ռեյտինգային համակարգի ներմուծմամբ, որը հնարավորություն կընձեռի առցանց ռեժիմով բոլոր մակարդակներում (անհատ հետազոտողից մինչև գիտական կազմակերպություն) իրականացնել արդյունավետության մշտադիտարկում և ունենալ խնդիրների վաղաժամ վերհանման և հասցեագրման գործիքակազմ, որը նաև հնարավորություն կընձեռի ներդնելու խրախուսման նոր և բազմաշերտ մեխանիզմներ,
հասարակական և հումանիտար գիտությունների և հայագիտության ոլորտում վերջնարդյունքի և հետազոտության որակի բարձր մակարդակի սահմանմամբ թիրախային մի շարք ծրագրերի իրականացում,
պաշտպանական և քաղաքացիական նշանակության հետազոտությունների իրականացման համար հատկացվող միջոցների ծավալների և ծրագրերի տևողության ավելացում` 2 տարվա փոխարեն հատկացնելով 3 տարի ժամանակահատված, որի մի մասը կհատկացվի հետազոտությունների արդյունքները արտադրանքի վերածելու աշխատանքներին,
հավելյալ ֆինանսական միջոցների տրամադրում հետևյալ առաջատար ուղղություններին՝ տվյալագիտություն, արհեստական բանականություն, քվանտային տեխնոլոգիաներ, խելացի գյուղատնտեսություն, կենսատեխնոլոգիա, նյութագիտություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա: Ներգրավվելու են բուհական-հետազոտական կենտրոններ, շահագրգիռ խմբեր և կազմակերպություններ:
Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում
Գիտության ոլորտի զարգացման և սահուն աշխատանքի համար կարևոր է նաև այդ ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումը: Այս խնդրի լուծման համար իրականացվող ծրագրային նպատակներն են՝
պետական ֆինանսավորման բազային, նպատակային և թեմատիկ (դրամաշնորհային) կարգերի վերանայումը և համապատասխանեցումը գործող օրենքներին և ոլորտում իրականացվող պետական քաղաքականության պահանջներին՝ մասնավորապես հիմքեր ստեղծելով արդյունքի հիման վրա ֆինանսավորման մոդելի կիրառման համար,
գիտական աշխատողների որակավորման (ատեստավորման) կարգի և չափանիշների հաստատումը` արդյունավետության բարձր պահանջների սահմանմամբ, որի շնորհիվ հստակ կուրվագծվեն գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը և անհատական արդյունավետության չափանիշները,
գիտական կազմակերպություններին ներկայացվող պահանջների հստակեցումը և համապատասխան իրավական դաշտի ստեղծումը, որի շնորհիվ կսահմանվեն կազմակերպությունների կառուցվածքին ներկայացվող պահանջները, որը հնարավորություն կընձեռի ունենալ հասկանալի և գիտական գործունեությանն ամբողջովին նպաստող ենթակառուցվածքներ,
հրատարակվող գիտական պարբերականների մրցունակությունը բարձրացնելու նպատակով Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի պարբերականների ցանկում ներգրավվելու համար ամսագրերին առաջադրվող նվազագույն պայմանների վերամշակումը,
գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի և գիտական կոչումների շնորհման կարգի վերանայումը և համապատասխանեցումը գործող ու ընդունված օրենքներին:
Կրթության, գիտության, տնտեսության փոխադարձ ինտեգրումը և փոխգործելիության գործուն համակարգի ներդրումը Կառավարության զարգացման տեսլականի կարևոր բաղադրիչներն են:
4.5 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության ոլորտի զարգացումը Կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում:
● Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներառելու է արտահիվանդանոցային դեղորայքի, ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների փաթեթը: Համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շնորհիվ կընդգրկվեն նաև պարտադիր բժշկական զննումների փաթեթներ ռիսկային տարբեր խմբերի համար: Ներդրվելու են բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման մեխանիզմներ, որոնց շնորհիվ կբարելավվեն նաև առողջապահական ցուցանիշները: Կառավարությունը նպատակադրվել է մասնավոր ծախսերի տեսակարար կշիռն ընդհանուր առողջապահական ծախսերում նվազեցնել 40%-ով:
● Բնակչության առողջության պահպանման նպատակով որպես գերակա խնդիր շարունակելու է դիտարկվել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը, որոնց շրջանակներում Կառավարության քաղաքականությունը և առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման համար իրականացվող բարեփոխումներն ուղղված են լինելու առողջության առաջնային պահպանման օղակի արդիականացմանը, շարունակական զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը` պայմանավորված բնակչությանը հասանելի որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ:
● Կառավարության ուշադրությունը կենտրոնացած է լինելու բնակչության առողջության պահպանման ու բարելավման նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումների իրագործմանը, ռիսկի գործոնների ազդեցության կանխարգելմանը, ինչպես նաև առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով` գործող սկրինինգային ծրագրերի շարունակական ապահովմանը, սկրինինգային նոր ծրագրերի ներդրմանը և ընդլայնմանը:
Այս կապակցությամբ շարունակվելու է կարևորվել ժամանակակից բուժման մեթոդներով ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղի որակյալ բժշկական ծառայությունների մատուցման հնարավորությունների ստեղծումը և շահառուների թվի ու ծառայությունների շրջանակի ընդլայնումը:
● Ամբողջությամբ անվճար դեղերի տրամադրումը շարունակվելու է հոգեկան առողջության խնդիրների, չարորակ նորագոյացությունների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, քրոնիկ երիկամային անբավարարության (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում), անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի, վիրուսային հեպատիտ Ց հիվանդության և «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշի դեպքերում:
● Շարունակելով բնակչության համար դեղերի հասանելիության ընդլայնման ծրագրերը` Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու այնպիսի հիվանդությունների բուժումը, որոնք երկարատև են, և բուժումն իրականացվում է նորագույն ու թանկարժեք դեղերով, մասնավորապես մանկական, դեռահասների և երիտասարդների շրջանում հանդիպող հազվագյուտ հիվանդությունները, որոնց ժամանակին բուժումը և արդյունավետ դեղերի կիրառումը հնարավորություն կընձեռեն կանխարգելելու հիվանդությունների զարգացման առաջընթացը, ինչպես նաև հաշմանդամության առաջացումը:
● Կառավարության համար ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով կարևոր է լինելու նվազեցնել ռիսկի գործոնների ազդեցությունն առողջ ապրելակերպի ծրագրերի խրախուսման միջոցով` ստեղծելով քաղաքացիների իրազեկված վարքաբանական որոշումների ընդունման միջավայր: Իրականացվելու են առողջ ապրելակերպի խթանման ծրագրեր, որոնք ուղղված են լինելու առողջության ամրապնդմանը և անառողջ սնվելու սահմանափակմանը, ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնների ազդեցության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, երեխաների և դեռահասների առողջ ապրելակերպին ուղղված համալիր միջոցառումների իրականացմանը, առողջ ապրելակերպի զանգվածային տարածմանն ուղղված բարենպաստ պայմանների ստեղծմանը, առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջճյուղային համագործակցության իրականացմանը: Նշված միջոցառումների նպատակն է կայունացնել և տարեկան առնվազն 1,5%-ով նվազեցնել առավել տարածված չորս ՈՎՀ-ի հետևանքով առաջացող վաղաժամ մահացությունը:
● Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման, անվտանգ մայրության, վաղ մանկության շրջանի և դեռահասության առողջապահական խնդիրները: Իրականացվելու են միջոցառումներ` ուղղված վերարտադրողական իրավունքի իրացմանն ու առողջության բարելավմանը, պերինատալ կորուստների նվազեցմանը, անպտղության կանխարգելմանն ու բուժմանը: Այս կապակցությամբ իրականացվելու են անվճար կանխարգելիչ բժշկական հետազոտություններ մոր և մանկան առողջությունը պահպանելու համար: Ներառվելու են նաև դեռահասների համար անվճար սկրինինգային հետազոտությունները՝ վերարտադրողական առողջության խնդիրների հայտնաբերման և բուժման նպատակով: Անպտղության վաղ հայտնաբերման և հաղթահարման, ինչպես նաև հղիության վաղ շրջանում լրացուցիչ հետազոտությունների իրականացումը՝ միտված մոր և մանկան առկա խնդիրների բացահայտմանը, կդառնա անվճար, կընդլայնվի ծառայությունների ցանկը: Դրա շնորհիվ կապահովվի մինչև 1 տարեկան մանկական մահացության նվազումը 15%-ով, մայրական մահացության (եռամյա) դեպքում` 18%-ով, իսկ մինչև 1 տարեկան երեխաների ընդգրկվածությունը պատվաստումների ծրագրերում կկազմի ավելի քան 95%:
● Կառավարության հիմնական նպատակներից շարունակում է մնալ առողջապահության էլեկտրոնային ամբողջական համակարգի ներդրումը, որի շնորհիվ քաղաքացիներին էլեկտրոնային հարթակում հասանելի կլինեն իրենց բժշկական տվյալները: Էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր կլինի առցանց հերթագրվելու բժշկական հաստատությունում ծառայություն ստանալու նպատակով, էլեկտրոնային դեղատոմսով դեղատներից ստանալ նշանակված դեղորայքը, անաշխատունակության թերթիկի փոխանցման գործընթացը գործատուին կազմակերպել ինքնաշխատ, ստանալ ստանդարտ բժշկական տեղեկանքները: Բժշկական հետազոտությունների էլեկտրոնային տվյալները հնարավոր կլինի օգտագործել տարբեր բժշկական հաստատություններ հաճախելիս: Այդպիսով առողջապահության համակարգում ծառայություններն առավել արդյունավետ և որակյալ կտրամադրվեն, որը կնպաստի կրկնակի հետազոտությունների նվազմանը և հետևաբար դրանց համար կատարվող ծախսերի կրճատմանը թե՛ պետության, թե՛ քաղաքացիների համար: Կապահովվեն նաև առողջական տվյալների ամբողջական հավաքումը և դրանց հիման վրա վերլուծությունների իրականացումը, որն էլ իր հերթին կհանգեցնեն ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և թափանցիկ բաշխման: Էլեկտրոնային առողջապահության համակարգին միացված լիցենզավորված բժշկական և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների թիվն ավելանալու է 5 անգամ:
● Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու hանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին, մասնավորապես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող երևույթներին պատրաստվածության և արագ արձագանքման, միջգերատեսչական և միջոլորտային համագործակցության ապահովմանը:
● Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում առողջապահական համակարգի անխափան գործունեությունը Կառավարության քաղաքականության առաջնահերթ գերակայություններից է` կապված ռեզերվային նյութատեխնիկական ռեսուրսների, մասնագիտական ներուժի, անհրաժեշտ կարողությունների և դրանց ծավալման ու մոբիլիզացիայի գործուն համակարգերի ներդրման հետ:
● Բացի այդ, նախատեսվում է իրականացնել հանրային առողջության հնարավոր վտանգների և սպառնալիքների բացահայտման, լաբորատոր կարողությունների զարգացման, մշտադիտարկման համակարգի գործադրման, ռիսկերի նվազեցման, բնակչության առողջապահական կրթման համապատասխան ծրագրեր, զարգացնել առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների իրականացումը և արդյունքների ներդրումը գործնականում:
● Նախատեսվում է նաև կատարելագործել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման համակարգը՝ մասնավորապես դասեր քաղելով կորոնավիրուսային հիվանդության համավարակից, հնարավորինս ապահովելով երկրի տարածք վարակիչ հիվանդությունների ներմուծման ու տարածման կանխարգելումը, իմունականխարգելումը և ապահովելով իրական ժամանակում հիվանդությունների մասին տեղեկատվության հաղորդումը: Այդպիսով կգրանցվի կարմրուկի, դիֆտերիայի և պոլիոմիելիտի դեպքերի զրոյական ցուցանիշ, կապահովվի գերակա հիվանդությունների լաբորատոր ախտորոշում, կստեղծվի հանրային առողջության հնարավոր վտանգների և սպառնալիքների ռեգիստր:
● Կառավարության գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատությունները բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը` բժշկական օգնության և սպասարկման որակը բարձր պահելու նպատակով: Այս կապակցությամբ կարևորվում է բժշկական կրթության որակի բարելավումը, հետբուհական բժշկական կրթության արդիականացումը, շարունակական մասնագիտական զարգացման պատշաճ կազմակերպումն ու ընդլայնումը, մասնագիտական գործունեության անհատական լիցենզավորման համակարգի ներդրումը, որը կհաստատի առողջապահության ոլորտի մասնագետների գիտելիքների և հմտությունների համապատասխանությունը մասնագիտական և կրթական չափորոշիչներին: Միաժամանակ, կիրականացվի բուժաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացում՝ ըստ ցուցաբերած արդյունքների` հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ընթացքում արձանագրված ցուցանիշներից ելնելով: Նախատեսվում է մինչև 2025 թվականը ներդնել բուժաշխատողների լիցենզավորման համակարգ, ինչպես նաև ավագ և միջին բուժաշխատողների ռեգիստր:
● Մարզերի համաչափ զարգացման համատեքստում Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացումը, մասնավորապես շենքային պայմանների բարելավումը և բժշկական նորագույն սարքավորումներով հագեցումը։
● Ակնկալվում է արդիականացնել 50 առողջապահական հաստատություն:
● Կարևորվելու են հոգեկան առողջության պահպանման ոլորտի բարեփոխումները, այդ թվում` որակյալ արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական ծառայությունների հասանելիությունը, մանկական հոգեբուժական ծառայության ուժեղացումը:
● Ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում ուժեղացվելու և արդիականացվելու են համաճարակային իրավիճակների կառավարման և վերահսկման, ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և վարման գործում ներգրավված առողջապահական հաստատությունները։
4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվելու է ոլորտի առկա խնդիրներին համալիր արձագանքող ռազմավարական փաստաթղթի հիման վրա։
Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը՝
նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին,
նվազագույն աշխատավարձը սահմանել 85 000 դրամ,
վերացնել ծայրահեղ աղքատությունը:
● Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից: Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների ու հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են:
● Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթները ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը:
● Կառավարությունը հզորացնելու է նոր ձևավորված Միասնական սոցիալական ծառայությունը: Շարունակաբար զարգացնելու է սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների անձնակազմի մասնագիտական կարողությունները: Մինչև 2023 թվականը Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների 100%-ն անցնելու է մասնագիտական վերապատրաստում։
● Մշակվելու է բնակարանով ապահովման միասնական սոցիալական քաղաքականություն՝ ցածր եկամուտներ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքներին և խոցելի այլ խմբերին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով: Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:
● Արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու և բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։
● Աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով հզորացվելու են պետական վերահսկողություն իրականացնող լիազոր տեսչական մարմնի կարողությունները: Ընդլայնվելու է նաև աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության գործիքակազմը, վերանայվելու է արհեստակցական միությունների լիազորությունների շրջանակը։ Աշխատանքային օրենսդրությունը պիտի խթանի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացումը և արտադրողականությունը:
● Ներդրվելու է աշխատանքային վեճերի լուծման արտադատական արդյունավետ համակարգ, որը նաև բարձրացնելու է սոցիալական գործընկերների դերակատարումը։
● Ընդլայնվելու են պետական հատվածի աշխատողների սոցիալական երաշխիքները։
● Բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով վերանայվելու են գործատուների և արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական կարգավորումները։
● Բարձրացվելու են զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը, ըստ անհրաժեշտության ներդրվելու են նոր ծրագրեր՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը։ Երեխա ունեցող ծնողների համար շարունակվելու են բարելավվել աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելուն աջակցող միջոցառումները։
● Կամավորության մշակույթի տարածման և խրախուսման նպատակով ամրագրվելու են կամավորական գործունեությունը և կամավոր աշխատանքը կարգավորող միասնական իրավական մեխանիզմներ։
● Կառավարությունը շարունակելու է զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների տրամադրումը: Կմշակվեն և շարունակաբար կբարելավվեն զինվորական ծառայության ընթացքում և հատկապես ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը։
● Ֆորմալ կրթության բոլոր մակարդակներում և սոցիալական ծառայությունների համակարգում շարունակվելու են մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման, համընդհանուր համակարգի ներդրման աշխատանքները՝ հիմնված արդի և ապագա աշխատաշուկայի պահանջների վրա։ Միջոլորտային համագործակցությամբ իրականացվելու են մասնագիտական վերապատրաստման ծրագրեր՝ աշխատաշուկայի պահանջների գնահատմամբ:
● Ընդլայնվելու են մարզերում և Երևանում գործող՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների կողմից տրամադրվող աջակցության տեսակները և մատուցվող ծառայությունները, նրանց կողմից իրականացվող ծրագրերը՝ նպատակ ունենալով ներդնել կանանց տնտեսական զարգացմանն ու հզորացմանն ուղղված աջակցության նոր տեսակներ։
● Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի շրջանակում կբարելավվեն պետության կողմից տրամադրվող թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց, սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունները, շահառուներին կտրամադրվի կարիքների վրա հիմնված աջակցություն, կամրապնդվեն միջգերատեսչական, միջազգային և հասարակական կառույցների հետ համագործակցության շրջանակները: Օրենսդրական բարեփոխումների և հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում կբարելավվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի հայտնաբերման և նույնականացման աշխատանքները:
● Մշակվելու և իրականացվելու են գենդերային հավասարությանը հասնելուն ուղղված պետական նպատակային ծրագրեր և միջոցառումներ՝ միտված հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց հնարավորությունների միջև անհավասարության վերացմանը։
● Առաջիկա հինգ տարիներին երեխաների հիմնահարցերի ոլորտում առանցքային է համարվելու երեխայի իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացմամբ։ Շարունակվելու է երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելուն ուղղված ծրագրերի իրականացումը:
● Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված քաղաքականության շնորհիվ շարունակվելու են իրականացվել երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններից դուրսբերումը և ընտանիքների հետ վերամիավորումը։
● Շարունակվելու է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի իրականացումը՝ այդ թվում՝ բարեփոխելով օրենսդրական դաշտը, ապահովելով երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացումը։ Ապահովվելու է թիրախային և կարիքահենք աջակցության տրամադրումը՝ այդ նպատակով բարձրացնելով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների գործունեության արդյունավետությունը:
● Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից այլ օրենքների փոփոխությամբ ստեղծվելու են նոր մեխանիզմներ մանկալքությունը կանխելու, երեխայի որդեգրման և խնամատար ընտանիքում ապրելու գործընթացը վերահսկելու և բարելավելու համար:
● Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում կներդրվեն մասնագիտական կողմնորոշման դասընթացներ՝ զարգացնելով սաների կարողություններն ու հմտությունները:
● Աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը:
● Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքն ապահովելու նպատակով կփոխակերպվեն խնամքի ծառայությունները, կստեղծվեն նոր ծառայություններ, և կբարելավվեն արդեն գործող ծրագրերը, այդ թվում՝ աջակցող միջոցների տրամադրման, զբաղվածության և այլն: Կապահովվի հաշմանդամությամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցումը։
● Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա։
● Գնահատվելու են սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող և դրանցից դուրս գտնվող շուրջ 1000 տարեցների սոցիալական կարիքները, մինչև 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում ստեղծվելու են ցերեկային կենտրոններ՝ յուրաքանչյուրն առնվազն 50 այցելուի հաշվարկով, ճգնաժամային 3 կենտրոն՝ 60 տարեցի համար, բոլոր մարզերում ներդրվելու է տնային խնամքի ծառայություն։ Իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահենք ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայելով ողջ օրենսդրական դաշտը, ապահովվելու է տարեց մարդկանց համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ, բարելավվելու է խնամքի որակը:
● Շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող և ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություններում կատարվելու են շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ:
● Կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման:
4.7 ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը կարևորում է երիտասարդական ոլորտը, քանի որ յուրաքանչյուր պետություն ունի կայուն զարգացման հնարավորություն, եթե պատրաստ է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Երիտասարդական պետական քաղաքականությունն ուղղված է հանրային կյանքին և պետականաշինությանը երիտասարդության մասնակցության խրախուսմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանը, սոցիալականացման, ինքնիրացման, ներգրավման ու զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը և մեխանիզմների խթանմանը` միտված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև որպես երջանիկ անհատ ու հասարակության իրավագիտակից և պատասխանատու քաղաքացու կայացմանն ու իրացմանը:
Երիտասարդության ոլորտում Կառավարության քաղաքականության առաջնահերթ քայլերն ու խնդիրները հետևյալն են.
● ստեղծել իրավական միջավայր և ապահովել անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար,
● նպաստել իրենց բնակության վայրերում երիտասարդների ներուժի բացահայտմանը և զարգացմանը, հետաքրքրությունների իրացման նպատակով ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման հնարավորությունների ստեղծմանը,
● խրախուսել համայնքներում երիտասարդական կենտրոնների հիմնադրումը և զարգացումը, քաջալերել ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական աշխատանքի և կամավորության առավել լայն ճանաչումն ու տարածումը,
● զարգացնել աշակերտական և ուսանողական խորհուրդների, երիտասարդական կենտրոնների և երիտասարդական կազմակերպությունների մասնակցային կարողությունները և հմտությունները, ինչպես նաև աջակցել տեղական և ազգային մակարդակներում գործող երիտասարդական կազմակերպություններին՝ շեշտադրելով մարզային երիտասարդության քաղաքացիական, միջանձնային, տեխնոլոգիական, ստեղծագործական և այլ ունակությունների զարգացումը,
● խրախուսել երիտասարդների քննադատական մտածողությունը, հետազոտական հմտությունների զարգացումը, նախաձեռնողականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների իմացությունը և համացանցային գրագիտությունը,
● ընդլայնել մասնագիտական կողմնորոշման նախագծերի շրջանակը և ներդնել ապագա մասնագիտությանն առնչվող փորձառության ձեռքբերման նոր մոդելներ,
● աջակցել երիտասարդներին մրցունակ լինել 21-րդ դարի աշխատաշուկայում,
● աջակցել երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը և երիտասարդների կողմից ձեռնարկությունների հիմնադրմանը սոցիալական ձեռնարկատիրության իրավական դաշտի բարեփոխման և բիզնեսի աջակցման պետական նոր ծրագրերի ներդրման միջոցով,
● ընդլայնել հաշմանդամություն ունեցող երիտասարդների ներառականությունը,
● երիտասարդների շրջանում բարձրացնել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում գործելու գիտելիքների և հմտությունների մակարդակը,
● ապահովել երիտասարդության ոլորտում փորձի փոխանակում Հայաստանի և ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և տարածաշրջանային այլ գործընկերների միջև, խթանել գործընկերությունը և համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանի և սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների և կառույցների միջև։
4.8 ՍՊՈՐՏ
Կառավարությունը խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը՝ կարևորելով բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով բնակչության առողջության ամրապնդումը, երկարակեցությունը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ սերունդների դաստիարակումը:
● Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը:
● Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցելու է 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին, 2023 թվականի Կրակովի եվրոպական խաղերին, 2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերին և 2026 թվականի Միլանի և Կորտինա դ,Ամպեցցոյի ձմեռային օլիմպիական խաղերին և Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանն ուղղված միջազգային մարզական այլ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մարզիկների մասնակցությանը:
● Մշակվելու են ակումբային սպորտի ներդրմանը և զարգացմանը միտված համալիր քայլեր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում գործունեություն ծավալող ֆեդերացիաների, մարզական ակումբների և մարզական հասարակական այլ կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման և գնահատման չափանիշներ։
● Կառավարությունը խթանելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների տարածքային զարգացումը, սպորտի մասսայականացումը: Այս նպատակով կազմակերպվելու են մանկապատանեկան և սիրողական սպորտի պարբերական մրցաշարեր՝ հանրապետական, միջմարզային, միջհամայնքային:
4.9 ՄՇԱԿՈՒՅԹ
Մշակույթն առաջնային դեր ունի երկրի կայուն զարգացման, մարդկանց հոգևոր պահանջմունքների բավարարման, երջանկության, բարեկեցիկ և կրթված հասարակության, սոցիալական համախմբվածության, ներառական համայնքների ստեղծման, ինչպես նաև ինքնության ձևավորման գործընթացներում: Կառավարության մշակութային քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում մշակույթի դերի մեծացմանը, ընդլայնմանը, մշակութային կյանքին հասարակության մասնակցության և ակտիվ հաղորդակցության ապահովմանը, արվեստի տարածման և ժառանգության պահպանության գործում համայնքների ներգրավմանը, քաղաքացիական պատասխանատվության բարձրացմանը, ժառանգության վերաարժևորմանը:
● Մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են լինելու՝
հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրության, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովումը,
իրավական դաշտի կատարելագործումը,
ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների ընդլայնումը և արդիականացումը,
պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը,
Հայաստանի կայուն զարգացման նպատակների համատեքստում ոչ նյութական մշակութային ժառանգության համայնքահենք պահպանության, կիրառման և փոխանցման, համայնքներում տեղական ավանդույթների վերականգնման և կենսունակության ապահովումը,
մշակութային ժառանգության պահպանության ոլորտում կրթական և քարոզչական ծրագրերի իրականացումը, համայնքների ներգրավումը տեղի ժառանգության պահպանության գործընթացներում,
մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը,
թանգարանների և գրադարանների՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտների կայացումը, հասարակության բոլոր շերտերի և խմբերի համար ոչ ֆորմալ կրթության և ժամանցի միջավայրի ապահովումը,
արտերկրում հայկական մշակութային ժառանգության ճանաչելիության բարձրացումը, արտերկրում հայ դասական և ժամանակակից գրականության այլ լեզուներով հրատարակմանը, հայ գրականության հանրահռչակմանը միտված ծրագրերի իրականացումը, ինչպես նաև արտերկրի կարևոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրումը,
ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, ժառանգության թվայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ինքնաշխատ համակարգերի շարունակական զարգացումը,
Հայաստանի, սփյուռքի, Արցախի մշակութային ժառանգության պահպանման, անվտանգության, միջազգայնացման, պատմական, իրավական տեղեկատվության համակարգված տարածման ռազմավարություն մշակող և իրականացնող կենտրոնի ստեղծումը,
պատմամշակութային ժառանգության վերականգնման մասնագիտական դպրոցի կայացումը:
● Ժամանակակից արվեստի ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են լինելու՝
ոլորտի կազմակերպություններում մարկետինգի, սեգմենտացիայի, թիրախավորման, դիրքավորման գիտելիքների և ռեսուրսների ձևավորումը,
մշակութային հաստատություններում ֆոնդահայթայթման կարողությունների և մեխանիզմների ստեղծումը,
պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացումը, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի և իրավական ակտերի մշակումը,
պրոդյուսերների և տնօրենների ինստիտուտների կայացումը և ամրապնդումը,
կազմակերպությունների գործունեության արդյունավետության որակական և քանակական չափորոշիչների մշակումը,
հավատարիմ, մշտական հանդիսատեսի (լսարանի) ձևավորումը,
արվեստի քննադատների ինստիտուտի ձևավորումը և ակտիվացումը,
ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեության ինստիտուտի ձևավորումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը,
ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը,
մշակույթի մեկենասության ինստիտուտի ներդրումը և կայացումը, ոլորտի օրենսդրական դաշտի և իրավակարգավորումների ձևավորումը,
մեկենասի հանրային վարկանիշի ձևավորումը, մեկենասության պետական խրախուսումը,
մշակութային հաստատությունների գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի (գույքի) ապահովումը (լուսաձայնային տեխնիկա, երաժշտական գործիքներ, բեմական հանդերձ, դահլիճների և բեմերի կահավորում, ջեռուցման, անվտանգային համակարգեր),
ստեղծագործական միությունների գույքային ռեսուրսների և մասնագիտական ներուժի վերլուծություն, քարտեզագրումը։
● Մշակութային կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են լինելու՝
գեղարվեստական կրթության որակի և գեղագիտական դաստիարակության մատչելիության ապահովումը,
մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը,
մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, մշակութային-կրթական ծառայությունների որակի բարձրացումը,
Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիների ձևավորմանը նպաստող արժեքահենք և մշակութահենք նպատակային ծրագրերի իրականացումը:
Կառավարությունը մշակույթը դիտում է որպես հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացման հարթակ, որն ուղիղ ազդեցություն ունի քաղաքացիների, հանրային, ընդհուպ քաղաքական հարաբերությունների որակի վրա, ըստ այդմ՝ մշակույթը նաև հանրային համախմբում, համերաշխություն և ներդաշնակություն ապահովող կարևոր գործոն է:
Մշակութային կազմակերպությունները, լինելով պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներ, պիտի հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը:
4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը կարևոր նախապայման են մարդու և բնության ներդաշնակ գոյակցության համար և երկրի կայուն զարգացման երաշխիք են:
Երկրում շրջակա միջավայրի պահպանության իրավիճակի արմատական փոփոխությունները հնարավոր են միայն բնապահպանական ակտիվ քաղաքականության իրականացման միջոցով` շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա վնասակար ազդեցությունների և բնական ռեսուրսների գերշահագործման կանխարգելման և նվազագույնին հասցնելու միջոցառումների իրագործմամբ, որը հնարավոր է բնօգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կառավարման տարբեր մակարդակներում, նպատակների հասանելիությունն ապահովող, միջոցառումների ամբողջական համակարգի առկայության դեպքում:
Ոլորտի քաղաքականությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով:
Ելնելով վերոգրյալից՝ շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններն են լինելու.
● ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը,
● Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը,
● անտառների կայուն կառավարումը` անտառների պահպանությունը, պաշտպանությունը, օգտագործումը և անտառածածկ տարածքների ընդլայնումն անտառապատման ու անտառավերականգնման միջոցով ու դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական հզորացումը,
● բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ռեժիմների և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը,
● կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառումը,
● կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացումը,
● քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման համակարգի ստեղծումը,
● թափոնների (այդ թվում` ընդերքօգտագործման), կառավարման համակարգի կատարելագործումը,
● ընդերքօգտագործման հետևանքով խախտված տարածքների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների լքված, տիրազուրկ տեղամասերի ռեկուլտիվացիայի իրականացումը,
● հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը,
● մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը,
● կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը,
● մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման և սահմանափակման ապահովումը,
● շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության և մշտադիտարկման միասնական համակարգի կատարելագործումը, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգի կատարելագործումը՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ,
● հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման համակարգի արդիականացումը՝ դիտարկումների նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ,
● շրջակա միջավայրի պահպանության գործող տնտեսական մեխանիզմների կատարելագործումը` հասցված վնասի համարժեք փոխհատուցման սկզբունքի ներդրմամբ, ինչպես նաև կանխարգելմանը, մեղմմանն ու չեզոքացմանն ուղղված օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխությունների իրականացմամբ,
● բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրահանգներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը,
● մետաղական օգտակար հանածոների հարկման շեմի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվարկման մեխանիզմի բարեփոխման վերանայումը` ապահովելով պատշաճ ֆինանսական միջոցներ հանքի փակման և ռեկուլտիվացման անհրաժեշտ ծախսերի համար,
● շրջակա միջավայրի կառավարման ոլորտում գործող միջազգային կառույցների հետ շարունակական համագործակցությունը, նոր նախաձեռնություններին մասնակցությունը,
● շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվող միջոցառումների ու ծրագրերի մասին հասարակության իրազեկումը, էկոկրթության, մշակույթի, դաստիարակության լայնածավալ միջոցառումների իրականացումը, ոլորտի գործունեության թափանցիկության ապահովումը, նորարարական տեխնոլոգիաների դերի բարձրացումը` ապահովելով սերտ համագործակցություն ակադեմիական ու գիտական ոլորտների հետ:
5. ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
5.1 ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
2018 թվականի և 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ ընտրությունները Հայաստանում երաշխավորված են, ժողովուրդը Սահմանադրությամբ երաշխավորված իր իշխանությունն անշրջելիորեն իրացնում է ընտրությունների և անմիջական ժողովրդավարության այլ միջոցներով:
Հայաստանում ժողովրդավարական ընտրական օրենսդրությամբ սահմանված համակարգի ինստիտուցիոնալ կայացման նպատակով Կառավարությունը հաստատակամորեն կշարունակի իրականացնել ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանն ու ընտրական գործընթացի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Ընտրական իրավունքի ազատ իրացումն ապահովող օրենսդրությունը կկատարելագործվի՝ հիմք ընդունելով 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում վեր հանված, ինչպես նաև նախկինում գոյություն ունեցած խնդիրները:
Հաշվի առնելով հանրային և քաղաքական շրջանակների ընդգծված հետաքրքրությունը՝ Կառավարությունը հանրային-քաղաքական շրջանակների հետ քննարկումներ է սկսելու նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման նպատակահարմարության հարցը որոշելու համար:
Օրենսդրական բարեփոխումների և տեխնիկական հագեցվածության ու տեխնիկական վերազինման միջոցով կներդրվեն ընտրողների ցուցակների ճշգրտման և արդյունավետ վարման, ընտրողների նույնականացման և տեղեկատվական շտեմարանների փոխգործելիությանն ուղղված նոր գործիքակազմեր:
5.2 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է անձանց խախտված իրավունքների վերականգնումը և, որ ամենակարևորն է, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը:
Գիտակցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների պաշտպանության և ապահովման կարևորությունը և հետամուտ լինելով այդ խնդրին՝ Կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին թիրախային լուծումներ տալուն, ինչպես նաև քաղաքացիների և հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության նպատակով լրացուցիչ երաշխիքներ ամրագրելուն:
Կառավարությունը շարունակելու է կատարելագործել օրենսդրությունը բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը կանխելու և հանրային համերաշխություն ապահովելու նպատակով: Այս կարգավորումները որևէ կերպ չեն սահմանափակելու խոսքի, կարծիքի արտահայտման, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը:
Կառավարության գործունեության մեկ այլ կարևորագույն ուղղություններից է օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորումը, խտրականության դրսևորումների կանխումը, ինչպես նաև իրավունքների իրագործման ապահովումը:
Կառավարությունը վճռականորեն շարունակելու է իր քաղաքականությունը՝ ուղղված խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելմանն ու հետապնդմանը։
Կառավարությունը երաշխավորելու է նաև իրավապաշտպանների իրապես ազատ և անխոչընդոտ գործունեության համար անհրաժեշտ իրավական և գործնական պայմաններ:
Կառավարությունը մեծապես կարևորում է մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ քաղաքացիների գիտելիքների շարունակական կատարելագործումը:
Կառավարությունը նպատակադրված է լրագրողական հանրույթի ներգրավմամբ և մասնակցությամբ մշակել և ներդնել լրատվական դաշտի իրավական կարգավորման մեխանիզմներ, որոնց շրջանակներում լրագրողական հանրույթի կողմից կսահմանվեն լրագրողական էթիկայի կանոններ, և վերահսկողություն կիրականացվի այդ կանոնների պահպանման ուղղությամբ:
5.3 ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Կառավարությունը, վերահաստատելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության վստահությունը, շարունակելու է ի կատար ածել դատաիրավական բարեփոխումների օրակարգը՝ դատաիրավական ոլորտի զարգացման և արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ ըստ անհրաժեշտության վերանայելով ռազմավարական ուղղությունների շրջանակը: Դատաիրավական բարեփոխումները նպատակ են ունենալու՝
հստակեցնելու և համապարփակ կարգավորելու դատավորների բարեվարքության ստուգման իրավական հիմքերը՝ ներդնելով դատավորների գործունեության, բարեվարքության և գույքային դրության համընդհանուր գնահատման և ստուգման մեխանիզմներ,
երաշխավորելու արդարադատության արդյունավետության բարձրացման և դատական պրակտիկայի միասնականության ապահովումը, ինչպես նաև արդարադատության իրականացման ոլորտում սահմանելու իրավական որոշակիության ավելի բարձր նշաձող, ապահովելու դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների առավել լիարժեք պահպանման և դատաիրավական ժամկետների խնայողության սկզբունքի արդյունավետ իրականացման նպատակի իրացումը,
ապահովելու դատավորների ենթամասնագիտացումների առկայությունն իրավունքի տարբեր ենթաոլորտներում, որի միջոցով մի կողմից կերաշխավորվի գործերի առավել մասնագիտական քննությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է բարդ, համալիր իրավահարաբերությունների և նեղ մասնագիտական գիտելիքների կիրառություն պահանջող գործերի քննությանը, մյուս կողմից՝ հնարավորություն կստեղծի վերաբաշխելու դատական համակարգի ընդհանուր ծանրաբեռնվածությունը:
Կառավարությունն իր իրավասությունների շրջանակում շարունակելու է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ուղղված մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների ինստիտուտի և Հակակոռուպցիոն դատարանի կայացմանը: Դատաիրավական բարեփոխումների օրակարգը նախևառաջ պետք է շարունակի միտված լինել դատավորների բարեվարքության ամրապնդմանը՝ նպատակ ունենալով շարունակաբար դատական համակարգ ներգրավել նոր արհեստավարժ կադրերի՝ միաժամանակ ներդնելով դատավորի պաշտոնի գրավչության բարձրացմանը և դատական համակարգ ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետների մուտքը խթանելուն ուղղված գործիքակազմեր։ Նշվածի անհրաժեշտությունը հատկապես կարևոր կարող է դառնալ դատավորների բարեվարքության գնահատման արդյունքում դատական համակարգում համալրում կատարելու անհրաժեշտության դեպքում:
Բարեվարքության ամրապնդմանն ուղղված գործողությունները պետք է կրեն ինստիտուցիոնալ բնույթ՝ որպես վերջնարդյունք իրենց առջև ունենալով դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման ու ամրապնդման, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգի կայացման թիրախը:
Բարեփոխումներից հետո հանրության շրջանում դատական իշխանության դերի, բարձր առաքելության ընկալման բարձրացումն իր հերթին ազդեցություն է ունենալու հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա:
Ոլորտային բարեփոխման մյուս կարևոր ուղղությունը դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և դատարաններում գործի քննության ժամկետները կրճատելու միջոցով արդարադատության արդյունավետության բարձրացումն է: Այդ նպատակի իրագործման համար նախևառաջ շարունակվելու են ակտիվ աշխատանքներն էլեկտրոնային արդարադատության ամբողջական համակարգի ներդրման ուղղությամբ, որի շնորհիվ պայմաններ են ստեղծվելու բոլոր տեսակի գործերի (քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության) քննությունը, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարման վարույթն ամբողջապես թվայնացնելու և ավելի սեղմ ժամկետներում իրականացնելու համար։
Արդարադատության արդյունավետության բարձրացմանն ուղղված մյուս կարևոր քայլը դատավարական օրենսդրության արդիականացումն է. այն առաջին հերթին առավելագույնս համապատասխանեցվելու է էլեկտրոնային արդարադատության համակարգի առանձնահատկություններին, ներդրվելու են դատական գործերն արագ և արդյունավետ քննելու անհրաժեշտ կառուցակարգեր՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները:
Դատարանների բեռնաթափման համար դիտարկվելու են նաև քաղաքացիական գործերի որոշ տեսակներ դատարաններից հնարավորինս դուրս բերելու հնարավորությունները: Վարչական արդարադատության ոլորտում վարչական և վարչական վերաքննիչ դատարանների բեռնաթափման համար կարևորվելու են վարչական դատավարության խնդիրների վեր հանումը և դրանց օրենսդրական լուծումները:
Արդարադատության արդյունավետության բարձրացման նպատակին հասնելու համար շարունակվելու են քայլերը նաև վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման ուղղությամբ՝ ներառելով Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումը և հաշտարարության ոլորտի կառուցակարգերի զարգացումը:
Արդարադատության պատշաճ իրականացնումն ապահովելու համար կարևորվում է դատարանների շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության կատարելագործումը՝ պայմանավորված հատկապես դատավորների թվի ավելացմամբ: Այս առումով Կառավարությունը կշարունակի քայլեր ձեռնարկել դատարանները շենքային նոր պայմաններով և ենթակառուցվածքներով ապահովելու ուղղությամբ:
Դատաիրավական բարեփոխումների շրջանակում Կառավարությունը ձեռնամուխ է լինելու հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխմանը՝ բարձրացնելու կատարողական գործողությունների արդյունավետությունը, առավելագույնս ապահովելու կատարողական վարույթի մասնակիցների օրինական շահերի պաշտպանությունը, նրանց խնդիրներին ու կարիքներին արագ և արդյունավետ արձագանքելու կառուցակարգերի ներդրմանը: Նշված նպատակներին հասնելու նպատակով իրականացվելիք գործողություններն ուղղված են լինելու կատարողական վարույթի օրենսդրության համապարփակ վերանայմանը, հարկադիր կատարման վարույթի ամբողջական թվայնացմանը, ըստ այդմ՝ քաղաքացի-հարկադիր կատարող արդյունավետ հաղորդակցության ապահովմանը:
Կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկելու փաստաբանության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ փաստաբանական դպրոցում ուսուցման և ընդունելության կառուցակարգերի վերաիմաստավորման, Փաստաբանների պալատի կառավարման արդյունավետության և ներառականության վերափոխման շրջանակներում: Շարունակվելու են բարեփոխումները սնանկության, հարկադիր կատարման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, նոտարիատի և անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում:
5.4 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք, մասնագիտացած ու տեխնիկապես հագեցած ոստիկանության վերափոխման միջոցով հասարակական անվտանգության ապահովման նոր որակի ստեղծումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսված համակարգային բարեփոխումները բոլոր ուղղություններով։
2021 թվականի հուլիսի 7-ին պարեկային նոր ծառայությունը ներդրվեց ու գործարկվեց Երևանում՝ շուրջ 700 պարեկային ծառայողների ներգրավմամբ: Պահպանելով կադրերի ընտրության ու կրթության բարեփոխված կարգն ու մոտեցումները՝ պարեկային ծառայությունը հաջորդիվ պետք է ներդրվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մինչև 2023 թվականի ավարտը։
Պարեկային ծառայությանը զուգահեռ գործարկվել է Օպերատիվ կառավարման կենտրոնը: Վերջինս քաղաքացիներից ահազանգերի ընդունման կենտրոն է, որը րոպեների ընթացքում տալու է անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում մոտեցնելու է պարեկային կարգախումբը՝ ապահովելով դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարճ ժամանակահատվածում ոստիկանության աջակցության ցուցաբերումը:
Ոստիկանության բարեփոխումներում կենտրոնական դեր է հատկացված ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների վերանայմանն ու կրթական միջավայրի բարեփոխմանը, որը հնարավորություն կտա ոստիկանական ստորաբաժանումները համալրել որակապես նոր և առաջադիմական կրթական ծրագրերով ուսուցում անցած և վերապատրաստված կադրերով, որը բարեփոխումների հաջողման կարևոր գրավական է:
Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում: Այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն կատարված են. նոր ձևավորված պարեկային ծառայության ծառայողների աշխատավարձը 30-50%-ով ավելի են համակարգում գործող վարձատրության չափից: Հեռանկարում նախատեսվում է դրանց հավասարակշռում՝ քննարկելով նաև ոստիկանության ծառայողների համար սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքների սահմանման հարցը:
Առավել ինտենսիվ կշարունակվեն իրականացվել հանցավորության դեմ պայքարում ոստիկանության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, հատկապես տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, հանցավորության դեմ պայքարի առաջավոր փորձի ուսումնասիրման և ներդրման առումով, որը հնարավորություն կընձեռի ապահովելու հանցագործության դեպքերի բացահայտման առավել բարելավված ցուցանիշներ, ինչպես նաև կբարձրացնի հանցավորության կանխարգելման աշխատանքների արդյունավետության մակարդակը:
Ժողովրդավարական պետությանն ու հասարակարգին բնորոշ է ոստիկանության ոլորտի միասնական քաղաքականություն մշակող և իրականացնող, պատասխանատու գործադիր իշխանության մարմնի առկայությունը: Ըստ հաստատված ռազմավարության՝ նախատեսվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որը թույլ կտա նաև ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաև կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն։
Ոստիկանության զորքերի բարեփոխումներն առաջիկա հաջորդ կարևոր առաջնահերթությունն են։ Անհրաժեշտ է հստակեցնել զորքերի՝ օրենսդրությամբ ամրագրված գործառույթները, ըստ այդմ՝ նախատեսել ֆունկցիոնալ արդյունավետ կառուցվածք, հիմնովին վերափոխել զորքերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերը, ներդնել կադրերի ընտրության, խրախուսման ու առաջընթացի մտածված և գործուն մեխանիզմ և իհարկե, զարգացնել Զինված ուժերի, փրկարար ծառայության և ռազմականացված այլ ուժերի հետ ոստիկանության զորքերի ներդաշնակ գործակցումը ճգնաժամային իրավիճակներում։
5.5 ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Կառավարությունը հավատացած է, որ կոռուպցիան շարունակում է մարտահրավեր լինել իրավական, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետության կայացման համար։ Ուստի Կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները։
Կառավարությունը հակակոռուպցիոն գործընթացներում հաջողելու համար ունի բավարար քաղաքական կամք և այդ կամքն իրական արդյունքի վերածելու նպատակով շարունակելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանը և զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։
Կառավարությունը շարունակելու է աջակցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով՝ օրենսդրության զարգացման, անհրաժեշտ գործիքակազմի և նյութատեխնիկական պահանջների բավարարման հարցերում։
Ակնկալվում է հնարավորինս սեղմ ժամկետում ամբողջ ծավալով գործարկել Հակակոռուպցիոն կոմիտեն և Հակակոռուպցիոն դատարանը։ Նորաստեղծ հակակոռուպցիոն մարմինները կհամալրվեն արժանիքահենք հիմունքներով ընտրված արհեստավարժ և բարեվարք կադրերով, կապահովվեն ենթակառուցվածքային և նյութատեխնիկական հագեցվածությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի գործունեության շնորհիվ կբարձրանա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և գործերի քննության արդյունավետությունը։
Կառավարությունը վճռական է ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու հարցում, ուստի շարունակելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի զարգացումը և գործնականում դրանց արդյունավետ կիրառմանն աջակցությունը:
Վարչական կոռուպցիայի հաղթահարման գործում Կառավարությունը կարևորում է ռիսկերի և կարիքների վրա հիմնված քաղաքականության մշակումը։ Ըստ այդմ՝ Կառավարությունը մտադիր է պետական և տեղական մակարդակում իրականացնել կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատում և դրա հիման վրա մշակել միջոցառումների ծրագրեր: Հանրային ծառայության ոլորտում նվազագույնի կհասցվեն կոռուպցիոն ռիսկերը: Իրականացված ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և, ըստ այդմ, ապացուցահենք հակակոռուպցիոն քաղաքականություն ունենալու նպատակով զարգացվելու են հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմները:
Կառավարությունը քաջ գիտակցում է, որ վարչական կոռուպցիան նվազեցնելու հիմնական միջոցը «քաղաքացի-բիզնես-պետական մարմին» շփման հնարավորինս կրճատումն է։ Ուստի Կառավարությունը հաստատակամ է վարչարարության պարզեցման, ծառայությունների թվայնացման, նոր և արդյունավետ էլեկտրոնային գործիքների ներդրման հարցում։ Ըստ այդմ՝ հանրային ծառայություններն առավել հասանելի դարձնելու, մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ոլորտային օրենսդրության արդիականացման միջոցով Կառավարությունը կշարունակի հանրային ծառայությունների թվայնացումը՝ դրանց մատուցումն իրականացնելով մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:
Տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից Կառավարությունը կարևորում է հանրային ծառայությունների միասնական գրասենյակների ծավալումը բոլոր մարզերում։ Դրանց միջոցով հանրային ծառայությունների մատուցման ոլորտում քաղաքացիները Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում կստանան միասնական, հարմարավետ ու առավել մատչելի ծառայություններ, կապահովվեն ծառայությունների մատուցման թափանցիկությունը, սպասարկման արագությունը, սպասարկման որակի բարձրացումը, կբացառվեն առկա կոռուպցիոն ռիսկերը:
Այս առումով Կառավարությունն առանձնահատուկ հետևողական է լինելու թիրախային խմբերին իրականացված փոփոխությունների հասցեատեր դարձնելուն ուղղված իրազեկման աշխատանքների հարցում։
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դառնա արժեհամակարգի մաս և քաղաքացիների մեջ պետք է ձևավորվի անձնապես կոռուպցիան մերժելու և դրա դեմ պայքարելու վարքագիծ։ Կառավարությունը գիտակցում է, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ պետք է ձևավորել մանկուց։ Հենց այդ պատճառով կրթության բոլոր օղակներում կներառվեն հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ առարկայական ծրագրեր։
5.6 ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Կառավարությունը շարունակելու է վճռական մնալ վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում. արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը:
Կառավարությունը պետք է շարունակի քայլեր ձեռնարկել պրոբացիայի ինստիտուտի զարգացման և կատարելագործման ուղղությամբ։ Արդեն իսկ ընդունված Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի հենքով իրավական համակարգում ներդրված՝ ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով Պրոբացիայի ծառայությունը զինվելու է էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով և ենթակառուցվածքներով։
Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ապահովել ազատությունից զրկված անձանց արժանապատիվ պահման պայմաններ, իսկ քրեակատարողական ծառայողների համար՝ աշխատանքային կենսապայմաններ:
Օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորման, խտրականության դրսևորումների կանխման, ինչպես նաև հավասար իրավունքների իրագործման նպատակով Կառավարությունը շարունակելու է անզիջում պայքար մղել և անհանդուրժողականություն ցուցաբերել քրեական ենթամշակույթի նկատմամբ՝ բացառելով քրեակատարողական հիմնարկներում արտոնյալների առկայությունը։
Հիմքում ունենալով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ Կառավարությունն ամրապնդելու է ազատությունից զրկված անձանց որակյալ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հարցում գրանցած հաջողությունները և երաշխավորելու նրանց համար այն նույն ծավալի բուժօգնության հասանելիությունը, որն առկա է ազգային առողջապահական համակարգում հանրության յուրաքանչյուր անդամի համար։
Կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու, ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու նպատակով Կառավարությունն ստեղծելու է կրթական, այդ թվում՝ մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված նոր՝ պահանջարկի վրա հիմնված, թիրախավորված հնարավորություններ։ Փուլային սկզբունքով դրանք հասանելի են լինելու բոլոր քրեակատարողական հիմնարկներում։
Քրեակատարողական համակարգի առողջ զարգացումն ապահովելու համար Կառավարությունը ներդնելու է էլեկտրոնային կառավարման, տեսահսկման և օպերատիվ կառավարման նոր գործիքակազմեր՝ այդպիսով ապահովելով կադրերի հաշվետու և թափանցիկ գործելաոճը, ճգնաժամային իրավիճակի կառավարումը քրեակատարողական հաստատություններում, ինչպես նաև նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը:
6. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Հանրային կառավարման համակարգի խորքային բարեփոխումներն արդյունավետ պետություն կայացնելու երաշխիք են: Հայաստանը շարունակում է անցնել ժողովրդավարական կայացման չափազանց կարևոր փուլ: Արդյունավետ պետության և ժողովրդավարության կայացումն առաջնորդելու գործում հանրային իշխանության բոլոր մարմինները կարևոր անելիքներ ունեն:
2020 թվականին մեր երկրի առջև ծառացած ճգնաժամերը՝ կորոնավիրուսային համավարակը և Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, առավել մեծ սրությամբ ի ցույց դրեցին մեր պետական ինստիտուտների խնդիրներն ու անկատարությունները:
Կառավարությունը 2019 թվականից ձեռնամուխ է եղել հանրային կառավարման համակարգում համընդգրկուն բարեփոխումների օրակարգ ձևավորելու ու իրագործելու գործին: Մի շարք կարևոր ռազմավարություններ ու գործողությունների ծրագրեր են ընդունվել և սկսել իրագործվել, որոնցից հակակոռուպցիոն, պետական ֆինանսների կառավարման, թվայնացման, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունները: Կառավարությունն ընդունելու է նաև հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարությունը:
Կառավարությունը հանձնառու է հետևողականորեն և անշեղորեն իրագործել այդ ռազմավարությամբ ծրագրված բարեփոխումները: Երկարաժամկետ հատվածում դա կհասցնի մարդակենտրոն, կայուն, պատասխանատու և դինամիկ գործող պետական համակարգ ունենալու նպատակներին:
6.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Ռազմավարական պլանավորման և քաղաքականությունների մշակման ուղղությամբ Կառավարությունը նախաձեռնելու է հետևյալ քայլերը.
● Ներդրվելու են ռազմավարությունների և քաղաքականությունների պլանավորման ու իրականացման առաջադեմ պրակտիկաներ, և արդիականացվելու են դրանց համար անհրաժեշտ մեթոդաբանական հիմքերը:
● Քաղաքականությունների մշակումը լինելու է փաստահենք, բավարար վերլուծական հիմնավորվածությամբ, կարգավորման ազդեցության գնահատման գործուն համակարգերով ու պրոֆեսիոնալ կարողություններով:
● Ներդրվելու է քաղաքականությունների արդյունքների գնահատման ու հանրային հաշվետվողականության առաջադեմ պրակտիկա, այդ թվում՝ հզորացվելու է ինստիտուցիոնալ և անհատական պատասխանատվության ինստիտուտը:
● Մշակվելու և իրականացվելու է միասնական տվյալների քաղաքականություն, դրա ներքո արդիականացվելու են վարչական տեղեկատվական համակարգերն ու պաշտոնական վիճակագրության կարողությունները:
● Նշանակալիորեն ուժեղացվելու են ռազմավարությունների ու քաղաքականությունների համակարգման ու ներդաշնակեցման կարողությունները, այդ թվում՝ պատշաճ մարդկային կարողությունների ներգրավման և տեղեկատվական կառավարման համակարգերի ներդրման միջոցով:
6.2 ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը:
Պետության կողմից հանրությանը ծառայությունների մատուցման ուղղությամբ Կառավարությունը նախաձեռնելու է հետևյալ քայլերը.
● Արդիականացվելու են ծառայությունների համար տվյալների ռեգիստրները, այդ թվում՝ ապահովելով առկա թվային ռեգիստրների փոխգործելիությունը, իսկ ոչ թվային ռեգիստրների՝ թվայնացումն ու համակցելիությունը:
● Ներդրվելու է թվայնացված հանրային ծառայությունների մատուցման միասնական էլեկտրոնային հարթակ, որից օգտվելը լինելու է պարզ, մատչելի և արագ:
● Պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով մշակվելու և ներդրվելու է ծառայությունների միասնական գրասենյակների արդիական մոդել:
● Սահմանվելու են պետական ծառայությունների մատուցման պատվիրակման ընթացակարգերը:
● Ներդրվելու է հանրային ծառայությունների որակի վերահսկողության գործուն համակարգ:
● Ներդրվելու են հանրությանը ծառայությունների մատուցման աշխատանքային ու էթիկայի կանոններ:
6.3 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հանրային ծառայության և մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում Կառավարությունը նախաձեռնելու է մի շարք քայլեր.
● Վերանայվելու և արդիականացվելու է հանրային ծառայության համակարգը՝ ապահովելով միասնական հորիզոնական համակարգ, մասնավորապես պետական համակարգում աշխատողների կարգավիճակը սահմանող, պաշտոնների դասակարգման, աշխատանքի ընդունման ու ազատման, կատարողականի գնահատման, վերապատրաստումների, աշխատանքի կազմակերպման և այլ հարաբերությունները կարգավորող միասնական օրենսդրություն:
● Հանրային ծառայության համակարգում ձևավորվելու է ավագ գործադիր կորպուսը՝ որպես հանրային ծառայության բարձրագույն մակարդակի կառավարման պաշտոններ զբաղեցնող արհեստավարժ ծառայողների խումբ, որի կազմում ընդգրկված քաղաքացիական ծառայողները մրցակցային հիմունքներով կարող են զբաղեցնել այնպիսի պաշտոններ, որոնց գործառույթները ներառում են քաղաքականությունների մշակումը և իրականացումը, խորհրդատվությունը, օպերատիվ կառավարումը, հավաքական ծառայությունների մատուցումը:
● Առանցքային բարեփոխումներ են իրականացվելու հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, ներառյալ վարձատրության ու պարգևատրման համակարգերի վերանայումը, հորիզոնական շարժունության ապահովումը, գրավչությունը մեծացնող աշխատանքային միջավայրի ձևավորումն ու պայմանների ներդրումը:
● Լիարժեք ներդրվելու է պետական ծառայության համակարգում վարձատրության արժանապատիվ համակարգ՝ միաժամանակ հենվելով պատասխանատվության ծավալի ու կոմպետենցիաների հետ համարժեքության, ինչպես նաև ոչ պետական հատվածի հետ մրցունակության ապահովման կանխադրույթների վրա: Վարձատրության բարեփոխումը, այնուամենայնիվ, պետք է նաև զուգորդվի պետական համակարգում ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ դաշտի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների հետ կամ հաջորդի դրանց և առնվազն բարեփոխումների առաջին փուլում պետության համար չառաջացնի լրացուցիչ ֆինանսական բեռ:
● Արդիականացվելու է կատարողականի գնահատման համակարգը, և պարգևատրման ու խրախուսման ինստիտուտը հենվելու է արժանիքահենք սկզբունքների վրա, պարգևատրումները պետք է զատվեն վարձատրությունից:
● Արմատապես վերանայվելու է պետական ծառայողների կրթության, ուսուցման ու վերապատրաստման գործող համակարգը, ներդրվելու են տեխնոլոգիական առաջադեմ լուծումներով ուսուցման հնարավորություններ, վերանայվելու է կարողությունների ու գիտելիքի զարգացման քաղաքականությունը՝ մարդկային կապիտալի զարգացման, պետական հատվածում տաղանդների ներգրավման ու պահպանման նպատակով:
● Ապահովվելու են պետական հատվածում անձնակազմի հավաքագրման ճկուն համակարգեր՝ բարձր արհեստավարժ ներուժի և տաղանդներ ներգրավելու համար, այդ թվում՝ ակտիվացնելով ջանքերը սփյուռքի ներուժի ներգրավման ուղղությամբ:
6.4 ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
Ինստիտուտների արդիականացման ուղղությամբ Կառավարությունը նախաձեռնելու է հետևյալ քայլերը.
● Ձևավորելու է հանրային կառավարման բարեփոխումների համակարգման կառույց՝ բարեփոխումների իրականացումը և շարունակականությունն ապահովելու համար:
● Իրականացնելու է խորքային ֆունկցիոնալ ու ինստիտուցիոնալ վերլուծություն՝ պետական հատվածում բոլոր անարդյունավետությունները վեր հանելու և համարժեք վերանայման աշխատանքներ իրականացնելու համար:
● Ապահովելու է գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական ու օպտիմալ կառուցակարգեր:
● Իրականացնելու է պետական ենթակառուցվածքների արդիականացման հայեցակարգի մշակումն ու դրանից բխող գործողությունների փուլային իրագործումը՝ ապահովելով ռեսուրսարդյունավետ և արդիական աշխատանքային միջավայր ապահովող պետական ինստիտուտներ:
6.5 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Տարածական տվյալների ենթակառուցվածքը տեխնոլոգիաների, իրավական կարգավորումների, ստանդարտների, մարդկային ռեսուրսների և հարակից գործողությունների համակարգ է, որն անհրաժեշտ է տարածական տվյալների ստեղծումը, հավաքագրումը, պահպանումը, մշակումը, տարածումը և օգտագործումն արդյունավետ և ճկուն դարձնելու համար:
Կառավարությունը նախատեսում է ստեղծել ազգային տարածական տվյալների միասնական ենթակառուցվածք և այն ներդնել կառավարման գործընթացում՝ բարձրացնելով որոշումների կայացման արդյունավետությունը:
Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ քայլերը.
● ոլորտային կադաստրների տեղեկատվական բանկի ստեղծում,
● ազգային գեոպորտալի գործարկում և դրանց հասանելիության աստիճանակարգի սահմանում,
● համապատասխան ոլորտային կադաստրների ինտեգրում մեկ միասնական հարթակում:
6.6 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել հետևյալ թիրախների ուղղությամբ.
● Վարչատարածքային բարեփոխումների և տարածքային զարգացման գործընթացների ինտեգրում՝ տեղական ու տարածքային գերակայությունների շուրջ սոցիալ-տնտեսական զարգացում և ամուր համագործակցության ձևավորում, տարածքային և տեղական դերակատարների կարողությունների բարձրացում՝
շարունակվելու է համայնքների միավորման գործընթացը,
սահմանվելու են տարածքային կառավարման մարմինների միատեսակ կառուցվածք և գործառույթներ,
շարունակվելու են միավորված բազմաբնակավայր համայնքներում կառավարման տեղեկատվական համակարգերի, «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրման աշխատանքները,
միավորված համայնքների ենթակառուցվածքները բարելավելու նպատակով իրականացվելու են ներդրումային ծրագրեր,
աշխատանքներ են տարվելու միջհամայնքային համագործակցության տարբեր ձևերի ներդրման, այդ թվում՝ միջհամայնքային միավորումներ ձևավորելու ուղղությամբ,
իրականացվելու են լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային և միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրականացման ոլորտներում:
● Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացի բարելավում և շարունակության ապահովում:
● Բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կենցաղային կոշտ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցում՝
հանրապետությունում ներդրվելու է միջազգային չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենք,
հանրապետության ողջ տարածքում իրականացվելու են գոյացող աղբի պատշաճ կերպով հավաքման, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,
միջազգային կառույցների համագործակցությամբ իրականացվելու են աղբահանության բնագավառում թափոնների հեռացմանը և դրանց վերամշակմանն ուղղված ծրագրեր,
ներդրվելու է կենցաղային կոշտ թափոնների տեսակավորված հավաքման համակարգ:
● Աղետներին համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով նոր գործիքակազմով ու չափորոշիչներով ռիսկերի գնահատմանը, խոցելիության նվազեցմանն ու կարողությունների բարձրացմանն ուղղված գործընթացների իրականացում՝
շենքերի անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվելու են բազմաբնակարան շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ,
հանրապետության տարածքում ապահովվելու են անվտանգ կրթական պայմաններ՝ սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի դպրոցների վերանորոգմամբ կամ նորերի կառուցմամբ:
● Տարածքային համախմբվածության բարձր մակարդակի ապահովում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ տարածքներին՝ անցում կատարելով սոցիալական աջակցության մեխանիզմներից դեպի տնտեսական զարգացման մեխանիզմների ներդրում։
● Համայնքային ծառայության ոլորտի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում՝ ուղղված համայնքային ծառայության ինստիտուտի դերի և տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
6.7 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ներկա դրությամբ պետական գույքի օգտագործման արդյունավետությունը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա, միաժամանակ առկա գույքային միավորների արդյունավետ գործարկումն առանցքային դեր կարող է խաղալ Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության բարձրացման տեսանկյունից։
Առկա գույքային միավորները նախատեսվում է օգտագործել Հայաստանի Հանրապետությունում՝ միջազգային արժեշղթաներում ինտեգրվող, ինստիտուցիոնալ գիտելիքներ ձևավորող ներդրումային ծրագրերի իրականացումը խթանելու համար։ Պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ քայլերը.
● Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման միասնական բազայի հիման վրա ներդրվելու է պետական գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման, վերլուծության ու արդյունավետության մակարդակի գնահատման նոր գործիքակազմ և բացահայտվելու են պետական գույքի օգտագործումը կանոնակարգող իրավական ակտերի պահանջներից շեղումները, խախտումները և դրանց պատճառած վնասը, ինչպես նաև օգտագործման արդյունավետության մակարդակը և դրա միտումները․ առաջարկություններ են ներկայացվելու պետական գույքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
● Սահմանվելու է պետության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ օտարման ոչ ենթակա անշարժ գույքի կազմը և նախընտրելի կառուցվածքը, ինչպես նաև ծախսերի կրճատման նպատակով ապահովվելու է պետական համակարգի մարմինների և պետական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օգտագործվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքների փոխարինումը պետության սեփականություն համարվող համապատասխան տարածքներով:
● Բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման և ներդրումներ ներգրավելու նպատակով առանձնացվելու է ներկայում օգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող՝ համեմատաբար բարձր իրացվելիություն ունեցող պետական անշարժ գույքը և վաճառքի կազմակերպման միջոցով իրականացվելու են սոցիալ-տնտեսական նշանակության ներդրումային խոշոր ծրագրեր:
● Պետական ոչ պրոֆիլային գույքի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծվելու է գործիքակազմ, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին պատվիրակելու միջոցով:
● Նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորման և արժեթղթերի շուկայի կայացման նպատակով նախապատրաստվելու և ֆոնդային բորսայի միջոցով կազմակերպվելու է համեմատաբար բարձր շահութաբերություն ունեցող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի իրականացումը:
● Օպտիմալացվելու է մասնավորեցման ոչ ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կազմը և կառուցվածքը, հստակ սահմանվելու է դրանց քանակն ըստ ճյուղերի, ինչպես նաև ապահովվելու է վնասով, ոչ արդյունավետ և զարգացման հեռանկար չունեցող կազմակերպությունների առանձնացումը և մասնավորեցման ծրագրում ընդգրկումը:
● Բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով ավարտին է հասցվելու պետական սեփականություն համարվող հանրակացարանային տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման գործընթացը:
● Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության բարձրացման նպատակով արմատապես բարեփոխվելու է դրանց գործունեության մշտադիտարկման և վերլուծության գործող համակարգը՝ դարձնելով այն կիրառելի, որի շնորհիվ բարելավվելու է առևտրային կազմակերպությունների կառավարման որակը:
● Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձնացվելու է բարելավման կարիք ունեցող և հետագայում օտարման ոչ ենթակա, որպես պետական սեփականություն պահպանվող գույքը, և որոշակի ներդրումային ծրագրերի իրականացման դիմաց երկարատև վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման միջոցով ապահովվելու են տվյալ գույքի հիմնանորոգումը և վերակառուցումը:
● Մարզերում պետություն-համայնքներ գործընկերության բնագավառում ՓՄՁ-ի զարգացման համար առանձնացվելու է չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող, ինչպես նաև նախկինում օտարման ներկայացված, սակայն չվաճառված գույքը, և այդ գույքի ներդրմամբ տարբեր ձևաչափերով (երկարատև վարձակալություն, անհատույց օգտագործման տրամադրում, նպաստավոր պայմաններով օտարում) իրականացվելու են տնտեսական նշանակության սոցիալ-տնտեսական բնույթի ներդրումային ծրագրեր:
6.8 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը: Շարունակաբար բարելավվելու է հարկային վարչարարությունը, էապես կրճատվելու է տնտեսության ստվերային հատվածը՝ այդպիսով հավասար պայմաններ ապահովելով տնտեսական կյանքի բոլոր մասնակիցների համար: Բարձրացվելու է ծախսային քաղաքականության արդյունավետությունը: Պետական բյուջեի պակասուրդը պահպանվելու է ընդունելի ցածր մակարդակի վրա՝ երաշխավորելով պետական պարտքի կառավարելիությունը և կայունությունը:
Միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային կայունությունը երաշխավորելու համար Կառավարությունը շեշտադրելու է տնտեսության ներուժի բարձրացումը և բարձր տնտեսական աճի հաշվին պարտքի բեռի նվազեցումը։ Տնտեսական ներուժի ավելացման նպատակով Կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալու ենթակառուցվածքներ ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակի բարձրացմանը և պետական բյուջեի կապիտալ ծախսերի պլանավորման և իրականացման փուլերում առկա հիմնախնդիրների լուծմանը:
Պետական ֆինանսների կայունությունն ամրապնդելու համար Կառավարությունը ձգտելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն ավելի մեծ չափով ապահովել դրամով փոխառությունների հաշվին: Դա թույլ կտա նվազեցնել պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումներից, ինչպես նաև բարձրացնել ֆինանսների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են տարաբնույթ ցնցումներին դիմակայելու հարցում Կառավարության կարողությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:
Այս քաղաքականությունների արդյունքում Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի, ինչպես նաև Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազում՝ մինչև 2026 թվականն ապահովելով 60%-ից ցածր թիրախը, ինչպես նաև ապահովել վերադարձը հարկաբյուջետային կանոններով սահմանված պետական ֆինանսների «ոսկե կանոնների» ամբողջական պահպանմանը:
● Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: Այս նպատակների իրականացման ուղղությամբ հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:
● ԱԱՀ վճարողների համար աստիճանաբար չեղարկվելու է ներմուծվող ապրանքների դիմաց ԱԱՀ գանձումը սահմանին, որի շնորհիվ տնտեսավարողների մոտ հավելյալ ազատ լիկվիդայնություն կառաջանա:
● Հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ: Կրճատվելու են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները․դրանց կիրառումն ու արդյունավետության գնահատումն իրականացվելու է համալիր խթանների և միջոցառումների շրջանակներում:
● Հարկման համակարգում հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգերում արհեստականորեն տեղավորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համակարգերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման և գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջև սահմանվելու է համադրելի և արդարացի հարկային բեռ: Սա լուրջ խթան կլինի նաև թափանցիկության աճի, բիզնեսի և կապիտալի շուկայի զարգացման համար:
● Կապիտալի շուկայի զարգացմանը նպաստելու նպատակով դիտարկվելու են կապիտալի շուկայի հարկման կարգավորումները վերանայելու հնարավորությունները՝ վերացնելու կապիտալի շուկայի զարգացումը խոչընդոտող կարգավորումները։ Միաժամանակ, պոտենցիալ թողարկողների և ներդրողների համար բարձրացվելու է արժեթղթերից ստացվող եկամուտների և կորպորատիվ շահույթի նկատմամբ կիրառելի հարկային կարգավորումների կանխատեսելիությունը։ Ուսումնասիրվելու են շահաբաժինների և տոկոսային եկամուտների հարկման մեխանիզմների տարբերությունները՝ ըստ անհրաժեշտության առաջարկելով փոփոխություններ։
● Իրականացվելու է անկանխիկ վճարումների ծավալների աճի խթանման և կանխիկի շրջանառության կրճատման համապարփակ քաղաքականություն:
● Ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը: Սա ընդհանուր տնտեսության թափանցիկության աճի հերթական լուրջ խթանը կլինի, ինչպես նաև կնպաստի մատչելի ֆինանսների հասանելիությանը:
● Լավարկվելու է հիպոտեկային վարկի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը և դրան հաղորդվելու է տարածքային համաչափ զարգացման և ավելի ընդգծված սոցիալական ազդեցության նշանակություն։ Աստիճանաբար կասեցվելու է Երևան քաղաքում նորակառույց շենքերի բնակարանների մասով եկամտային հարկի վերադարձը՝ խթանելով նոր կառուցապատումները մարզերում և ապահովելով համաչափ զարգացում։
● Վերացվելու են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները։
● Միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարության կողմից գործուն քայլեր են իրականացվելու կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով: Դա հատկապես կարևոր է օտարերկրյա ներդրումների առավելագույն բարենպաստ միջավայր երաշխավորելու համար։
● Կառավարությունը շարունակելու է խորացնել համագործակցությունը Հայաստանի զարգացման բոլոր գործընկերների (դոնորների), այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական զարգացման բանկի հետ՝ հիմք ընդունելով համատեղ մշակված և հաստատված համագործակցության ծրագրերը:
● Միջազգային փորձին համապատասխան ներդրվելու են հարկային պլանավորման չարաշահման կանխարգելման կանոններ։ Սահմանվելու են հարկային չարաշահումներին վերաբերող կարգավորումներ (հարկային պլանավորման սխեմաների կիրառման կանխարգելման դրույթներ)՝ նպատակ ունենալով բացառելու այն դեպքերը, երբ հարկային օրենսդրությամբ ընձեռված հնարավորություններն օգտագործվում են հարկման բազան նվազեցնելու և հարկային օգուտներ ստանալու նպատակով։ Հարկային չարաշահումների տարբեր սխեմաների կիրառումն ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ նույն շուկաներում գործող տնտեսավարողների համար, և այս սկզբունքի ամրագրումն ու վարչարարության ընթացքում կիրառումն առաջնահերթ պետք է նպաստեն հավասար մրցակցության ապահովմանը՝ ավելացնելով պետական բյուջեի եկամուտները:
6.9 ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և դրա արդյունավետության բարձրացման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավասար պայմաններ: Այս նպատակների իրագործման համար Կառավարությունը սահմանելու է ընկալելի և կանխատեսելի հարկային կանոններ, որոնք նպաստելու են ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացներում տնտեսավարողների որոշումների կանխատեսելիության բարձրացմանը: Հարկային և մաքսային վարչարարության համաչափությունը լինելու է վարչարարական արդյունավետության հիմքը, բարձրացնելու է հարկերի վճարման կամովիությունը և ստեղծելու է տնտեսական գործունեության պայմանների համահավասարության համընդհանուր ընկալում։
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը, իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաև մաքսային համակարգի կազմակերպակառավարչական մոտեցումները, ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, ստանալու են պարզ վարչարարության լավագույն կիրառության լուծումներ:
Հարկային և մաքսային ոլորտներում միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարությունը գործուն քայլեր է իրականացնելու վարչարարության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
● Միաժամանակ նախատեսվում է խորացնել տրանսֆերային գնագոյացման կարգավորումների և հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման համակարգերի կիրառությունը, որի շնորհիվ կբարձրանա երկրի ներսում ձևավորվող հարկման բազաների պաշտպանության մակարդակը:
● Հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման ռազմավարությունն ուղղված է լինելու էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացմամբ առավել արդյունավետ համակարգ ունենալուն: Վարչարարության բարեփոխումների շրջանակում բարձրացվելու է հարկ վճարողների սպասարկման որակը:
● Հարկային վարչարարության նպատակը պետք է լինի հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով և ժամանակին հայտարարագրման ու կատարման ապահովումը։ Հարկային իրավախախտումների դեմ պայքարը, ստվերային տնտեսության կրճատմանն ու հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված վարչարարության իրականացումը շարունակելու են լինել հարկային մարմնի առաջիկա տարիների կարևորագույն խնդիրները։
● Միաժամանակ հարկային մարմինը գործելու է այնպես, որ հարկ վճարողները չկարողանան և չձգտեն թաքցնել հարկերը: Այդ նպատակին հասնելու համար ընդլայնվելու են հարկային և մաքսային հսկողությանը նպաստող տեղեկությունների ստացման և արդյունավետ օգտագործման հնարավորությունները, պարբերաբար կատարելագործվելու և արդիականացվելու են հարկային մարմնի վերլուծական ու հսկողական գործիքները:
● Մաքսային վարչարարության պարզեցմամբ սահմանվելու են միջազգային առևտրային հոսքերի գրավիչ պայմաններ: Ներդրումային գրավչության բարձրացման նպատակով հնարավորինս պարզեցվելու է մաքսային սահմանի անցման գործընթացը, և նվազեցվելու է սահմանի անցման համար պահանջվող ժամանակը:
● Հարկային և մաքսային մարմինները նվազագույնի են հասցնելու օրինապահ հարկ վճարողների գործունեության վարչարարական միջամտությունը:
Վերը նշված մոտեցումներին համահունչ՝ առաջիկա տարիներին հարկային և մաքսային մարմինների զարգացման կարևոր ուղղություններն են լինելու՝
բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների համար պարզեցված հարկային և մաքսային ընթացակարգերի ներդրումը և ընդլայնումը՝ ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունները կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորումը և պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումը,
հարկային և մաքսային մարմինների էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործումը, որի շնորհիվ կբարելավվի տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, կընդլայնվի փոխանակվող տեղեկությունների ծավալն ու կբարձրացվի դրանց անվտանգությունը, կկրճատվի մատուցվող ծառայությունների ժամանակը,
հարկային և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացումը՝ ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ տնտեսավարող սուբյեկտների դասակարգման և թիրախային հսկողության ապահովման միջոցով,
փոքր ու միջին բիզնեսի համար պարզեցված հարկային վարչարարության ապահովումը և փաստաթղթաշրջանառության կարգավորումը,
ստվերային շրջանառությունները կրճատելու համար՝ տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը, որը հնարավորություն կտա երաշխավորել հավասար մրցակցային միջավայրի ձևավորում,
որպես էլեկտրոնային համակարգերի հետագա զարգացում՝ բոլոր առկա և նոր մշակվող էլեկտրոնային համակարգերի համար բջջային հավելվածների ստեղծումը և դրանք պետական մարմինների գործող համակարգերի հետ ինտեգրումը։ Սա էականորեն կդյուրացնի տնտեսավարող սուբյեկտների, ֆիզիկական անձանց և պետական մարմինների միջև շփման հնարավորությունները, նրանց կտրամադրի էլեկտրոնային ծառայություններ ստանալու և տեղեկատվության փոխանակման ժամանակակից հարմարավետ էլեկտրոնային գործիքներ։
● Մաքսային ձևակերպմանն առնչվող գործառույթներն առավել արդյունավետ դարձնելու, մաքսային գործընթացներն օպտիմալացնելու (կրճատելով ժամանակի և գործողությունների ծավալը), հայտարարատուների (մաքսային ներկայացուցիչների) կողմից գոհունակության բարձրացման և հերթագրման ընթացքն արագացնելու նպատակով կատարելագործվելու են մաքսային մարմնի կողմից փաստաթղթերի ընդունման և մաքսային վճարումների կատարման էլեկտրոնային համակարգերը: Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան մաքսային մարմնի հետ հաղորդակցվել առցանց, նվազագույնի կհասցնեն հայտարարատուների (մաքսային ներկայացուցիչների) և մաքսային մարմնի աշխատակիցների միջև անմիջական շփումը, որը կնպաստի ինչպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, այնպես էլ ապրանքների բացթողման ժամանակի և հնարավոր կուտակումների կրճատմանը:
● Մաքսային վարչարարության բարելավման շրջանակներում ամբողջապես ներդրվելու է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը, որի միջոցով կրճատվելու է սահմանահատման ժամանակը, և հսկողական միջոցառումներն իրականացվելու են «Մեկ կանգառ» սկզբունքով։ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման շնորհիվ արտաքին առևտրի ոլորտում ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ ներկայացվելու է էլեկտրոնային եղանակով, իսկ այն տեղեկատվությունը, որն արդեն առկա է համակարգում, չի պահանջվելու մյուս պետական մարմինների կողմից իրականացվող գործառույթների համար: Գործարար համայնքն էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների միջոցով մշտապես իրազեկվելու է մաքսային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:
● Միաժամանակ, հարկային և մաքսային համակարգերի գործելաոճում ընդլայնվելու է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքի կիրառումը, ներդրվելու են համապատասխան կարողություններ ստվերային տնտեսության կրճատման համար, համակարգերը դառնալու են միջազգայնորեն մրցունակ` նպաստելով գործարար միջավայրի բարելավմանը: Այս տեսանկյունից խիստ անհրաժեշտ է նաև, որ հարկ վճարողը զգա պետության վերաբերմունքը և օժանդակությունը հարկային պարտավորությունների կատարման գործընթացում:
6.10 ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարական նպատակներն ուղղված են լինելու հանրային կառավարման համակարգի լավագույն արդյունքի և հասարակությանը որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը և հանրային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրային քաղաքականությունների իրականացման արդյունավետ միջավայր ստեղծելուն։
● Պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է հանրային միջոցների արդյունավետ ծախսման հետ։ Ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից Կառավարությունը շարունակելու է կարևորել հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը: Այն ապահովելու նպատակով Կառավարությունը ներդնելու է հավելյալ արժեքի ստեղծման նպատակադրում ունեցող արդի գործիքակազմ, որը թույլ կտա հանրային ֆինանսների կառավարման համակարգում խորացնել որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի գործողությունը: Կառավարությունը շարունակելու է որդեգրել այնպիսի մոտեցում, որն անաչառ կհետևի պետական ծախսերի արդյունավետ և հասցեական իրականացմանը։ Պետական կառավարման համակարգում հստակ ամրագրվելու է գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան․ կառավարման համակարգին հատուկ է լինելու համընդհանուր, ստանդարտացված, օբյեկտիվ մոտեցումների և ծախսարդյունավետ լուծումների սկզբունքը։
● Ծախսերի նպատակայնության բարձրացման առումով անցում է կատարվելու ռազմավարական պլանավորման. վերանայվելու են առկա ռազմավարությունները, վերջիններս և մշակվելիք ռազմավարական բոլոր փաստաթղթերը համակցվելու են Կառավարության հնգամյա ծրագրերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և ամենամյա ծրագրային բյուջեի հետ:
● Ծրագրի արդյունավետության և օգտավետության բարձրացման նպատակով ներդրվելու է բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, որի բացակայությունը սահմանափակում է բյուջետային ծրագրերի արդյունքները և ազդեցությունը գնահատելու, բյուջետային ծրագրերը վերանայելու և բարելավելու Կառավարության հնարավորությունները:
● Հանրային միջոցների օգտագործման հստակ ներգործությունը գնահատելու համար կներդրվեն բյուջետային ծրագրերի գնահատման այնպիսի չափանիշներ և հաշվետվողականության այնպիսի ստանդարտներ, որոնք թույլ կտան բարելավել թե՛ ռեսուրսների ծախսման արդյունավետությունը և թե՛ ֆինանսական կարգապահությունը:
● Առաջիկա տարիներին ծախսային քաղաքականությունն ընդգծելու է մարդկային և ֆիզիկական կապիտալի կուտակման, զարգացման և իրացման, ինչպես նաև ներառական աճի խթանման և տարածքային հավասարաչափ զարգացման առաջնահերթությունը: Այս քայլերի շնորհիվ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար կավելանա մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը:
● Ֆիզիկական կապիտալի զարգացման համար շարունակաբար բարելավվելու են հավելյալ արժեք գեներացնող ենթակառուցվածքները, որն իր հերթին կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: Իսկ ենթակառուցվածքներին ուղղվող միջոցների մշտադիտարկման համար մշակվելու և ներդրվելու է էլեկտրոնային հարթակ, որը թույլ կտա ցանկացած պահի տեղեկանալ իրականացվող ծրագրերի վիճակի մասին: Այս քայլերի շնորհիվ ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար հնարավորության սահմաններում կմեծանա մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը:
● Գնումների գործընթացների կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է մինչև 2025 թվականը ներդնել ժամանակակից ֆունկցիոնալ պահանջներին համապատասխան էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որը կբարձրացնի համակարգի թափանցիկությունը և արդյունավետությունը:
Հանրային ներդրումների կառավարման համակարգ
Կառավարությունը կարևորում է հանրային ռեսուրսների արդյունավետ տնօրինումը: Այդ խնդրի լուծման հարցում առաջնահերթ են լինելու որակյալ ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված հանրային ներդրումային միջոցների նպատակային օգտագործումը և ծրագրերի արդյունավետ կառավարումը։ Այս իմաստով Կառավարությունը նպատակադրվում է ստեղծել Հանրային ներդրումային ծրագրերի (ՀՆԾ) բանկ։ Միաժամանակ հանրային խնդիրները հանգուցալուծելու նպատակով պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգի միջոցով բարձրացվելու են մասնավոր հատվածի ռեսուրսների օգտագործման հնարավորությունները, այդ թվում՝ նորարարական գաղափարները և կառավարման կարողությունները:
Իրականացվելու են հետևյալ գործողությունները.
ամբողջացվելու է ՊՄԳ կարգավորման դաշտը՝ ապահովելով լավագույն ծրագրերի և դրանք իրականացնող մասնավոր գործընկերների ընտրությունը,
ձևավորվելու է ՀՆԾ շտեմարան, որը բարձրացնելու է կանխատեսելիությունը հանրության և գործարար համայնքի համար,
բարելավվելու է ծրագրերի մշտադիտարկման և գնահատման համակարգը՝ համապատասխանեցնելով այն արդի կարողություններին և պահանջներին։
***
Ազգային ժողովի կողմից սույն ծրագիրը հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը: Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումները կարտահայտվեն նաև տարեկան բյուջեներում և միջնաժամկետ ծախսերի առաջիկա ծրագրերում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 օգոստոսի 2021 թվական: