Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-64-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.06.2017-01.07.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.03.29/19(1294) Հոդ.323
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.03.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.03.2017
Дата вступления в силу
01.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 434-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` անկախ հանձնաժողով)` կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76 հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով կամ 77 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է դատարան:».

2) 3-րդ մասում՝

ա. «վերաբերյալ միջնորդագրի» բառերը հանել,

բ. «անց» բառից հետո լրացնել «, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դեպքում՝ երեք տարի անց» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 438-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.7-րդ մասերով.

«3.1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է անկախ հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), անկախ հանձնաժողովին և պատիժը կատարող հիմնարկին:

3.2. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունից պահանջել խորհրդատվական զեկույց, եթե այն արդեն չի տրամադրվել անկախ հանձնաժողովին:

3.3. Դատարանում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) դատապարտյալը և նրա փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.

3) անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը:

3.4. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի իրավահաջորդը կամ տուժողի ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի իրավահաջորդի, տուժողի ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատարանի որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը:

3.5. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է անկախ հանձնաժողովի ներկայացուցչի կողմից եզրակացությունը հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի դիրքորոշումը, ապա դատապարտյալին կամ նրա փաստաբանին, եթե դատապարտյալը փաստաբան ունի:

3.6. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`

1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, կամ

2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին:

3.7. Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, անկախ հանձնաժողով և պատիժը կատարող հիմնարկ».

2) 4-րդ մասում՝

ա. «Պատժից» բառից առաջ լրացնել «Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ» բառերով,

բ. «ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ» բառերը հանել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. մարտի 21

Երևան

ՀՕ-64-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան