ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 3-ի ՀՕ-203 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.
«Հոդված 13.1. |
Ճանապարհային վճարների պարտավորությունների հաշվառումը |
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարի պարտավորությունների (վճար, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
Վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող հայտերում, տեղեկանքներում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև վճարողին տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:
Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով):
Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վճարի վճարումն ուշացնելու համար վճար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0,25 տոկոսի չափով:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար` բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Ստուգմամբ հայտնաբերված` ժամանակին չվճարված վճարի գումարները, ինչպես նաև սույն oրենքով սահմանված տույժերը պետական բյուջե վճարվում են հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-oրյա ժամկետում:
Ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 23 |