ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մայիսի 11-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`
«Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա` Կենտրոնական բանկի սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերն օգտագործվելու դեպքերի:
Սույն հոդվածի երկրորդ մասում նշված նպատակներով և չափերով Հայաստանի Հանրապետության թղթադրամի դիմերեսի և դարձերեսի պատկերները թույլատրվում է միաժամանակ օգտագործել միայն թղթի մեկ կողմում, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերների օգտագործման դեպքերի:
Կինոնկարահանումների, թատերական, կրկեսային և այլ ներկայացումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի թույլտվությամբ սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով սահմանված կանոններից կարող են նախատեսվել բացառություններ: Այդ դեպքերում Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերների օգտագործումից անմիջապես հետո դրանք և դրանց պատրաստման համար օգտագործված նյութերը (ֆայլերը, մատրիցաները, տպագրաձևերը և այլն) պետք է ոչնչացվեն Կենտրոնական բանկի սահմանած կարգով և հսկողությամբ:
Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերի իրականացման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում և դրանց խախտման համար վարչական պատասխանատվության միջոցներ է կիրառում պետական կառավարման լիազորված մարմինը` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|