ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի ընդունած և գործողության մեջ դրած ստանդարտներին.».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս և ցանցային օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) տեղեկանք հանրային մուլտիպլեքսը շահագործողից հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին, բացառությամբ սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին առաջին անգամ մասնակցելու դեպքի:»:
Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հեռարձակողի կամ օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, տեխնիկական խոչընդոտներ են ստեղծվում այլ Հեռարձակողների և օպերատորների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող ռադիոհաճախականություններ օգտագործող այլ սուբյեկտների գործունեության համար, չի ապահովվում տեսալսողական հաղորդումների տեխնիկական որակը.».
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում Հեռարձակողն իրականացրել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 25 Երևան ՀՕ-45-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:
