ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի սեպտեմբերի 10-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.2. | Պետական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը |
Իրավաբանական անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված համատարած հաշվառումների ժամանակ հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 7 Երևան ՀՕ-159-Ն |