ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 12-ին
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը, այսուհետ` հանրաքվե) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով:
2. Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
(1-ին հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-3-Ն)
ՀՈԴՎԱԾ 2. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
1. Հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:
2. Մասնակցությունը հանրաքվեին ազատ է: Քաղաքացիների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:
ՀՈԴՎԱԾ 3. | ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
1. Հանրաքվեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության` 18 տարին լրացած քաղաքացիները:
2. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-3-Ն)
3. Հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:
(3-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-3-Ն)
ՀՈԴՎԱԾ 4. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ |
1. Հանրաքվեի կարող են դրվել Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու հարցերը:
2. Հանրաքվեի չեն կարող դրվել`
ա) Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածների փոփոխության վերաբերյալ հարցերը.
բ) Հանրապետության գործող Նախագահի և գործող Ազգային ժողովի, ինչպես նաև գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետի երկարաձգման կամ կրճատման հարցերը.
գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը:
(4-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-3-Ն)
ՀՈԴՎԱԾ 5. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ |
1. Հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ և ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո` երկամսյա ժամկետում:
2. Հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից սկսած` մեկ տարվա ընթացքում, միևնույն հարցի կամ միևնույն բովանդակությունն ունեցող հարցի վերաբերյալ չի կարելի անցկացնել կրկնակի հանրաքվե:
(5-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-3-Ն)
ՀՈԴՎԱԾ 6. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Հանրաքվեի մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից և իրավական այլ ակտերից:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ: ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 7. | ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ և ԱՆՑԿԱՑՆԵԼԸ |
1. Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Ազգային ժողովը:
2. Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնություն տալուց հետո նախագիծն ուղարկում է Հանրապետության Նախագահին` հանրաքվեի դնելու համար:
3. Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու` Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած նախագիծն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, կարող է նախագիծն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:
4. Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված` Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:
5. Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու` իր առաջարկած նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով: Ազգային ժողովն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
6. Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկած նախագիծն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, կամ Ազգային ժողովի համաձայնությունն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:
7. Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո:
8. Համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով` ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ:
ՀՈԴՎԱԾ 8. | ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ և ԱՆՑԿԱՑՆԵԼԸ |
1. Օրենքների ընդունման հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի Ազգային ժողովը կամ կառավարությունը:
2. Ազգային ժողովն օրենքի նախագծին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնություն տալուց հետո նախագիծն ուղարկում է Հանրապետության Նախագահին` հանրաքվեի դնելու համար:
3. Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած օրենքի նախագիծն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, կարող է նախագիծն իր առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:
4. Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:
5. Հանրապետության Նախագահը կառավարության առաջարկած օրենքի նախագիծն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով` հանրաքվեի դնելու համար` Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու համար:
6. Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելու համար համաձայնություն տալու վերաբերյալ:
7. Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկած նախագիծն ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ կառավարության առաջարկած նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային ժողովի համաձայնությունն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:
8. Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո:
9. Համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով` ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 30 օր առաջ:
Հոդված 8.1. | Պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը և հանրաքվե նշանակելն ու անցկացնելը |
1. Պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը:
2. Հանրաքվե նշանակելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է բացահայտել հասարակական կարծիքը:
3. Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական և ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը և հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ:
4. Հանրային իրազեկումն ապահովելու նպատակով հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Նույն ժամկետում որոշման տեքստը հանձնվում է զանգվածային լրատվության միջոցներին:
5. Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո:
6. Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ:
7. Զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին, լիազոր մարմին և համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված հանրաքվեի մասնակիցների թիվը:
8. Տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական oրենսգրքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ շուտ, քան 16, և ոչ ուշ, քան 19 օր առաջ:
9. Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները լիազոր մարմինը տեղամասային կենտրոններում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում է հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ:
(8.1-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-3-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 9. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ |
Հանրաքվեի հանձնաժողովներն են`
ա) հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը (այսուհետ` կենտրոնական հանձնաժողով).
բ) հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովները (այսուհետ` ընտրատարածքային հանձնաժողովներ).
գ) հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները (այսուհետ` տեղամասային հանձնաժողովներ):
(9-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն)
ՀՈԴՎԱԾ 10. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ |
1. Հանրաքվեի կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները: Կենտրոնական հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով: Եթե հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված տեղամասային ընտրական հանձնաժողովը:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.03.03 ՀՕ-522-Ն)
ՀՈԴՎԱԾ 11. | ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Կենտրոնական հանձնաժողովը`
ա) ղեկավարում է հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքը.
բ) հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում վերահսկողություն է իրականացնում օրինականության պահպանման նկատմամբ և ապահովում է սույն օրենքի միատեսակ կիրառումը.
գ) քննարկում է հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով.
դ) ընդունում է սույն օրենքի կիրառումն ապահովող և հանրաքվեի բոլոր հանձնաժողովների համար պարտադիր որոշումներ և այլ նորմատիվ ակտեր.
ե) տալիս է պարզաբանումներ և հրահանգներ սույն օրենքի կիրառման վերաբերյալ.
զ) հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հետ առնչվող հարցերով լսում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները.
է) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.
ը) միջոցներ է ձեռնարկում հանրաքվեի հանձնաժողովներին անհրաժեշտ աշխատանքային պայմաններին համապատասխանող տարածքներով, նյութատեխնիկական և կապի միջոցներով ապահովելու համար.
թ) սահմանում է քվեաթերթիկների և հանրաքվեի այլ փաստաթղթերի նմուշները.
ժ) սահմանում է հանձնաժողովների կնիքների ձևերը, պատվիրում է դրանք և հատկացնում հանձնաժողովներին, սահմանում է քվեարկության ավարտից հետո կնիքները վերադարձնելու կարգը.
ժա) ապահովում է հանրաքվեի դրվող նախագծի հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով.
ժբ) իր սահմանած կարգով հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին.
ժգ) սահմանում է քվեարկության արդյունքների ամփոփման միասնական կարգ.
ժդ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն ամփոփում և հրապարակում է հանրաքվեի արդյունքները, ապահովում է համապատասխան փաստաթղթերի արխիվ հանձնումը.
ժե) կազմակերպում է հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցումը.
ժզ) սույն օրենքի պահանջները խախտելու դեպքերում, ինչպես նաև հանրաքվեի կազմակերպական հարցերով դիմում է համապատասխան իրավասու մարմիններ.
ժէ) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
(11-րդ հոդվածը խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 12. | ընտրատարածքային ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
(վերնագիրը փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն)
Ընտրատարածքային հանձնաժողովը`
ա) համակարգում է տեղամասային հանձնաժողովների աշխատանքը.
բ) համապատասխան ընտրատարածքում հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում վերահսկողություն է իրականացնում օրինականության ապահովման նկատմամբ, ապահովում է սույն օրենքի միատեսակ կիրառումը.
գ) քննարկում է հանրաքվեի` ստորադաս հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 28.09.05 ՀՕ-177-Ն)
ե) ապահովում է կենտրոնական հանձնաժողովի և ընտրատարածքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.
զ) հանրաքվեի դրված հարցերի լուսաբանման նպատակով համագործակցում է զանգվածային լրատվության միջոցների հետ.
է) (ենթակետն ուժը կորցրել է 28.09.05 ՀՕ-177-Ն)
ը) կազմակերպում է տեղամասային հանձնաժողովների անդամների ուսուցումը.
թ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հաստատում է հանրաքվեի տեղամասերը, համարակալում դրանք, նշում տեղամասային կենտրոնը: Այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է կենտրոնական հանձնաժողով.
ժ) հատկացված ֆինանսական միջոցները բաշխում է տեղամասային հանձնաժողովների միջև, վերահսկողություն է իրականացնում դրանց արդյունավետ օգտագործման նկատմամբ, տեղամասային հանձնաժողովներն ապահովում է անհրաժեշտ պարագաներով.
ժա) միջոցներ է ձեռնարկում տեղամասային հանձնաժողովներն անհրաժեշտ աշխատանքային պայմաններին համապատասխանող տարածքներով, նյութատեխնիկական և կապի միջոցներով, փաստաթղթերով ապահովելու համար.
ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 28.09.05 ՀՕ-177-Ն)
ժգ) տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ըստ տեղամասերի հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները, ամփոփում և հրապարակում է ընտրատարածքում քվեարկության արդյունքները.
ժդ) սույն օրենքի պահանջները խախտելու, ինչպես նաև հանրաքվե կազմակերպելու հարցերով դիմում է համապատասխան իրավասու մարմիններ.
ժե) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, փոփ., խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 13. | ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Տեղամասային հանձնաժողովը`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.09.05 ՀՕ-177-Ն)
բ) ապահովում է տեղամասային կենտրոնի կահավորումը.
գ) տեղամասի տարածքում վերահսկողություն է իրականացնում սույն օրենքի կիրարկման նկատմամբ.
դ) տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում է դրա արդյունքները և ներկայացնում ընտրատարածքային հանձնաժողով.
ե) քվեարկությամբ լուծում է վիճելի քվեաթերթիկների հարցը.
զ) քննարկում է սույն օրենքի խախտման հետ կապված դիմումներն ու բողոքները և դրանց վերաբերյալ ընդունում որոշումներ, անհրաժեշտության դեպքում դիմում է իրավասու մարմիններ.
է) տնօրինում է հատկացված ֆինանսական միջոցները.
ը) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Տեղամասային հանձնաժողովի լիազորությունները դադարում են հանրաքվեի արդյունքների մասին կենտրոնական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց 7 օր հետո:
(13-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, փոփ., խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 14. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
Հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումն իրականացվում է համապետական ընտրությունների համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
(14-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 31.03.03 ՀՕ-522-Ն, խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-3-Ն)
ՀՈԴՎԱԾ 15. | ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ |
1. Հանրաքվեի հանձնաժողովները գործում են հրապարակայնորեն: Հանրաքվեի հանձնաժողովների` հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող որոշումները պաշտոնական մամուլում հրապարակվում են որոշումն ընդունվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում:
2. Հանձնաժողովների որոշումները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով: Այդ որոշումների պատճենները տրամադրվում են հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին:
3. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստերի և քվեարկության ընթացքում, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, ապահովում է դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունը հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:
4. Քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են հանրաքվեի հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետի, քվեարկության օրվա և քվեարկության արդյունքների մասին:
(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 31.03.03 ՀՕ-522-Ն, փոփ., լրաց. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 16. | ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
Հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկումը, հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկումը, ընտրատարածքային հանձնաժողովում տեղամասային հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերահաշվարկը կատարվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
(16-րդ հոդվածը խմբ., փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ: ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ: ՀԱՆՐԱՔՎԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 17. | ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների` ընտրողների ցուցակները (այսուհետ` ցուցակներ) կազմելու և վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի երկրորդ գլխում համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմելուն, վարելուն, քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելուն, ընտրողների ցուցակներին առաջադրվող պահանջներին, ցուցակների մատչելիությանը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելուն, ցուցակները ճշտելուն և հանձնաժողովներին ցուցակները տրամադրելուն վերաբերող դրույթներով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 18. | ՏԵՂԱՄԱՍԵՐԸ և ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ |
Հանրաքվեի տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 19. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
1. Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ` ցուցակները կազմելը) ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու համար նախատեսված ֆինանսական միջոցները, հանրաքվեն նշանակելուց հետո` հնգօրյա ժամկետում, տրամադրում է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեում միջոցներ նախատեսված չեն, ապա հանրաքվեն ֆինանսավորվում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում` կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից` հետագայում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու պայմանով:
4. Հանրաքվեի անցկացման համար նախատեսված ֆինանսական միջոցները, այդ թվում` հանձնաժողովների պահպանման համար նախատեսված միջոցները, հատկացվում են «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները և պատասխանատու է այդ միջոցները կենտրոնական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար:
(19-րդ հոդվածը խմբ. 31.03.03 ՀՕ-522-Ն, փոփ., խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 20. | ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ |
1. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները:
2. Պետությունը երաշխավորում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը:
3. Քարոզչությունն սկսվում է հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից և ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ, իսկ պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար անցկացվող հանրաքվեի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու oրվանից և ավարտվում քվեարկությունից մեկ oր առաջ:
4. Քվեարկության օրը և նրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում:
5. Քարոզչություն չեն կարող կատարել`
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրանց աշխատակիցները, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.
բ) սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները.
գ) բարեգործական և կրոնական կազմակերպությունները.
դ) օտարերկրյա քաղաքացիները և կազմակերպությունները:
6. Քարոզչությունը կարող է կատարվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային քարոզչական միջոցառումների ձևով (ժողովներ, հանդիպումներ, հրապարակային քննարկումներ, բանավեճեր, հավաքներ), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված և նկարահանված նյութեր տարածելու միջոցով:
7. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձևով հրապարակել և տարածել պաստառներ, թերթիկներ և քարոզչական այլ տպագիր նյութեր:
8. Քարոզչական պաստառները փակցնելու համար համայնքների ղեկավարները, հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, իսկ պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար անցկացվող հանրաքվեի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու oրվանից ոչ ուշ, քան հինգ oրվա ընթացքում, հատկացնում են հատուկ տեղեր: Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն: Այդ տեղերը պետք է հարմար լինեն քվեարկողների այցելության համար: Այդպիսի տեղեր յուրաքանչյուր տեղամասում պետք է լինեն մեկից ոչ պակաս:
9. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցումն անցկացնելու ժամանակը, հարցմանը ենթարկվածների թիվը (ընտրանքային ձևը), տեղեկատվության հավաքման միջոցը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր անճշտությունների վիճակագրական գնահատականը: Քարոզչության վերջին 3 օրվա ընթացքում արգելվում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը:
10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաև տեղեկություններ պարունակեն տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
11. Արգելվում է`
ա) անանուն քարոզչական նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ և դիմում է իրավասու մարմիններ` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար.
բ) քարոզչության փուլում քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ.
գ) քվեարկության և դրան նախորդող օրը տեղամասային կենտրոնում և դրան հարող տարածքում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների վրա ազդեցություն գործել բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաև այլ եղանակներով հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչություն կատարելը.
դ) մինչև քվեարկությունն ավարտվելը հրապարակել հանրաքվեին մասնակցած անձի քվեարկության արդյունքը.
ե) քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում` մինչև 50 մետր շառավղով, խմբերի հավաքվելը:
12. Հանրաքվեի հանձնաժողովները հսկում են քարոզչության համար սահմանված կարգի պահպանումը: Դրա խախտման դեպքում հանձնաժողովները կարող են դիմել իրավասու մարմիններ` դրանք կանխելու, ինչպես նաև դատարան` քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
(20-րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-522-Ն, փոփ. 28.09.05 ՀՕ-177-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-3-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-102-Ն)
ՀՈԴՎԱԾ 21. | ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ |
1. Քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձինք կարող են ստեղծել քարոզչության հիմնադրամ` քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով:
2. Հիմնադրամի միջոցները հավաքվում են քարոզչության իրավունք ունեցող անձի տված գրավոր դիմումի համաձայն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում:
3. Հիմնադրամն ստեղծվում է անձնական միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:
4. Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն`
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.
բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).
գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.
դ) քաղաքացիություն չունեցող անձինք.
ե) բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները.
զ) բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները: Հիմնադրամների հաշվին դրանց մուծած գումարները փոխանցվում են պետական բյուջե:
5. Հիմնադրամի հաշվում կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետությունում հաշվարկային հիմք հանդիսացող նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը:
6. Արգելվում է քարոզչության ընթացքում հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:
7. Կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ կենտրոնական հանձնաժողով տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական գործողությունների վերաբերյալ, որոնք դադարում են քվեարկությունից մեկ օր առաջ:
Գ Լ ՈՒ Խ 6.
ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 22. | ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ |
1. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
ա) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը.
բ) միջազգային կազմակերպությունները.
գ) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.
դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
Եթե հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը, ապա սույն մասի «դ» կետով նախատեսված կազմակերպությունները դիտորդական առաքելության իրավունք ունեն, եթե չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:
2. Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:
3. Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
(22-րդ հոդվածը խմբ. 31.03.03 ՀՕ-522-Ն)
ՀՈԴՎԱԾ 23. | ԴԻՏՈՐԴՆԵՐԻ և ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
1. Դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն`
ա) ներկա գտնվել հանրաքվեի հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում.
բ) անարգել ծանոթանալ հանրաքվեի փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, հանրաքվեի հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ արձանագրություններից.
գ) բողոքարկել հանրաքվեի հանձնաժողովների որոշումները, դրանց անդամների գործողությունները կամ անգործությունը:
2. Դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել հանձնաժողովի աշխատանքներին:
3. Հանրաքվեի հանձնաժողովների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել, իսկ քվեարկության ընթացքում` ներկա գտնվել հավատարմագրված դիտորդական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:
4. Դիտորդները քվեարկության օրը հետևում են հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներին: Հանձնաժողովների նահագահներին կարող են դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել, որոնց կապակցությամբ վերջիններս ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ:
5. Դիտորդի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում:
6. Դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները չեն կարող պատասխանատվության ենթարկվել հանրաքվեի ընթացքի, քվեարկության և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:
Գ Լ ՈՒ Խ 7.
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 24. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ |
Հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
ՀՈԴՎԱԾ 25. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ, ՔՎԵԱՏՈՒՓԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԸ |
1. Քվեաթերթիկի, քվեատուփի, հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է մեկ քվեաթերթիկ:
2. Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիներին տրվում են հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկներ: Քվեաթերթիկները պետք է ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
3. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:
31 . Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը, տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:
Քվեաթերթիկի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը, իսկ հատման գծից ներքև` «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
Քվեաթերթիկները տեղամասային հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում քվեարկության մասնակիցների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով` քվեարկության նախորդ օրը:
4. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկությունից ոչ շուտ, քան ինը և ոչ ուշ, քան երեք օր առաջ:
5. Հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական հանձնաժողովի պատվերով` այդ հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:
6. Կնիքները հանձնաժողովներին հանձնելու և վերադարձնելու կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
Քվեարկության ավարտից հետո տեղամասային հանձնաժողովի կնիքը վերադարձվում է համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում, կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով տեղամասային հանձնաժողովների կնիքները վերադարձնում է կենտրոնական հանձնաժողով:
7. Հանրաքվեի քվեաթերթիկները հանձնաժողովներին հանձնվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
(25-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, լրաց. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 26. | ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ |
1. Քվեարկության նախապատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
2. Տեղամասային կենտրոնում պետք է լինի հանրաքվեի դրվող նախագծի տեքստը:
3. Քվեարկության խցիկը (սենյակը) պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը:
(26-րդ հոդվածը խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 27. | ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-3-Ն)
Ձերբակալվածների, կալանավորվածների քվեարկության նախապատրաստման ու անցկացման, այդ թվում` տեղամասային կենտրոն մուտք գործելու, հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման, քվեարկության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
(27-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-3-Ն)
ՀՈԴՎԱԾ 28. | ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:
2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ կամ դիտորդ: Մնացած դեպքերում քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:
3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո քվեարկության մասնակիցը քվեաթերթիկը քառապատիկ ծալում է և մոտենում հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամին:
Հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամը, համոզվելով քվեարկության մասնակցի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ, քվեաթերթիկի վրա կնիք է դնում, որից հետո քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և քվեարկության մասնակցին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու: Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց հետո քվեարկության մասնակիցը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:
4. Արգելվում է տեղամասային կենտրոնից քվեաթերթիկի դուրսբերումը:
(28-րդ հոդվածը խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 29. | ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ |
1. Անվավեր են համարվում «ԱՅՈ» և «ՈՉ» բառերի դիմաց միաժամանակ նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով կամ գրառումներով, չկնքված և չստորագրված քվեաթերթիկները:
2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է համապատասխան հանձնաժողովը` քվեարկությամբ:
(29-րդ հոդվածը խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 30. | ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՄՈՒՇԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ |
1. Չսահմանված նմուշի քվեաթերթիկ են համարվում սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները:
2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է հանձնաժողովը` քվեարկությամբ:
3. Հանրաքվեի արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:
Գ Լ ՈՒ Խ 8.
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 31. | Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը |
(վերնագիրը խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
1. Տեղամասային հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է քաղաքացիների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո փակում է քվեատուփի ճեղքը, դուրս հրավիրում տեղամասային հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Տեղամասային հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով տեղամասային հանձնաժողովը`
ա) հաշվարկում է չօգտագործված, քվեարկության մասնակիցների կողմից ոչ ճիշտ լրացված և վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, ապա կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է քվեաթերթիկները, փաթեթավորում և կնքում փաթեթը.
բ) ըստ հերթական համարների` դասավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և հաշվարկում դրանց թիվը, ապա փաթեթավորում է օգտագործված քվեաթերթիկների ելունդները և կնքում փաթեթը.
գ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակների, այդ թվում` լրացուցիչ ցուցակների հիման վրա հաշվարկում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.
դ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, որից հետո փաթեթավորում է նշված ցուցակները և կնքում փաթեթը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«դ» ենթակետերի արդյունքները հրապարակվում և արձանագրվում են գործավարության մատյանում:
Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում քվեաթերթիկի չսահմանված կամ սահմանված նմուշի, սահմանված նմուշի դեպքում` վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում` նաև թե ինչպես է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում` քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում` հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դնում է «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների փաթեթի մեջ: Անվավեր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկները դրվում են համապատասխանաբար անվավեր կամ չսահմանված նմուշի քվեաթերթիկների փաթեթի մեջ: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:
3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների և «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են և արձանագրվում գործավարության մատյանում:
4. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:
5. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները` կնքվում:
(31-րդ հոդվածը խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 32. | Տեղամասային հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը |
(վերնագիրը խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
1. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, դրանում նշելով`
ա) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակների.
բ) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.
գ) տեղամասային հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).
դ) գրանցված և քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների (Բ).
ե) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2 ).
զ) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
թ) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).
ժ) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-3-Ն)
2. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:
3. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
5. Քվեարկության ավարտից հետո` մինչև տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:
7. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում: Արձանագրության մեկ օրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ, փաթեթը կնքվում և դրվում է պարկում: Հանձնաժողովի անդամները և (կամ) դիտորդները կարող են ստորագրել փաթեթների վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:
8. Դիտորդի պահանջով նրան տրվում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:
9. Տեղամասային հանձնաժողովի նախագահը, սույն օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված կարգով, փաթեթավորված և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պարկի մեջ դրված հանրաքվեի փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, գործավարության մատյանը և կնիքը քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով` կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով:
10. Տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:
(32-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-3-Ն)
ՀՈԴՎԱԾ 321. | Անճշտությունները որոշելու կարգը |
1. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար`
ա) համադրվում է տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) մարված քվեաթերթիկների թվի (Գ), քվեատուփի` վավեր (դ1 ) և անվավեր (դ2 ) քվեաթերթիկների թվի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ.
բ) համադրվում է քվեարկության մասնակիցների ցուցակում ստորագրությունների թիվը (Բ) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) մեծ է քվեարկության մասնակիցների ցուցակում ստորագրությունների թվից (Բ), ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) փոքր է քվեարկության մասնակիցների ցուցակում ստորագրությունների թվից կամ հավասար է դրան (Բ), ապա երկրորդ անճշտության չափը նշվում է 0.
գ) համադրվում է օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երրորդ անճշտության չափ.
դ) գումարվում են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված անճշտությունների թվերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:
2. Անճշտությունների չափը հաշվարկվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:
(321-րդ հոդվածը լրաց. 28.09.05 ՀՕ-177-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-3-Ն)
ՀՈԴՎԱԾ 33. | Ընտրատարածքային հանձնաժողովում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը |
(վերնագիրը փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
1. Ընտրատարածքային հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, և թվաբանական սխալների առկայության դեպքում համապատասխան տեղամասային հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները` ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում:
2. Ընտրատարածքային հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է ընտրատարածքում քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
3. Դատարանում կամ ընտրատարածքային հանձնաժողովում` տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու ընտրատարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, ընտրատարածքային հանձնաժողովն ամփոփում է ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:
4. Ընտրատարածքային հանձնաժողովի հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում նշվում են`
ա) հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակների.
բ) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.
գ) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
դ) գրանցված և քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների.
ե) անվավեր քվեաթերթիկների թիվը.
զ) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը.
է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
թ) անճշտությունների չափը:
Ընտրատարածքում անճշտությունների չափը հավասար է ընտրատարածքում ընդգրկված տեղամասերի անճշտությունների գումարին:
5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
8. Դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքային հանձնաժողովի ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների մասին արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` առաջին համապետական ընտրությունից սկսած, հանրաքվե անցկացվելու դեպքում ընտրատարածքային հանձնաժողովն ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն չի կազմում, իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված գործառույթները:
10. Ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում ընտրատարածքային հանձնաժողովի հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեկ օրինակը ներկայացնում է կենտրոնական հանձնաժողով:
11. Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովում կազմվող արձանագրության ձևը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:
(33-րդ հոդվածը փոփ., խմբ. 31.03.03 ՀՕ-522-Ն, խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 34. | Կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը |
1. Կենտրոնական հանձնաժողովն ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված` ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 28 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում այն ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում:
2. Մինչև հանրաքվեի նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:
3. Դատարանում կամ ընտրատարածքային հանձնաժողովում` տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո, հիմք ընդունելով ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված` ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, կենտրոնական հանձնաժողովն ամփոփում է հանրաքվեի արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:
4. Կենտրոնական հանձնաժողովի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ արձանագրությունում նշվում են`
ա) հանրաքվեի մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` ըստ ցուցակների.
բ) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը և ելունդների համարները.
գ) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
դ) գրանցված և քվեաթերթիկներ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների.
ե) անվավեր քվեաթերթիկների թիվը.
զ) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը.
է) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
ը) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
թ) անճշտությունների չափը:
5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, իսկ կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
8. Արձանագրությամբ վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա կենտրոնական հանձնաժողովն ընդունում է որոշում` հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:
9. Մինչև հանրաքվեի արդյունքների հիման վրա սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված որոշման ընդունումը կենտրոնական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում: Կենտրոնական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը քվեարկության ավարտից հետո` երեքժամյա պարբերականությամբ, հանրաքվեի ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հանդես է գալիս տեղեկատվությամբ: Նիստի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, կենտրոնական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում է հանրաքվեի արդյունքները և դրանց հիման վրա ընդունված որոշումը:
10. Դիտորդի պահանջով նրան տրվում է կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` առաջին համապետական ընտրությունից սկսած, հանրաքվե անցկացվելու դեպքում կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեի արդյունքներն ամփոփում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 632 -րդ հոդվածով սահմանված կարգով:
12. Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ կենտրոնական հանձնաժողովում կազմվող արձանագրությունների ձևերը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:
(34-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-522-Ն, խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
ՀՈԴՎԱԾ 35. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ |
1. Կենտրոնական հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով ամփոփելով հանրաքվեի արդյունքները, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հանրաքվեի դրված հարցի ընդունման մասին.
2) հանրաքվեի դրված հարցի չընդունման մասին.
3) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
2. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:
Սույն օրենքի 8.1-րդ հոդվածով սահմանված հանրաքվեի արդյունքները համարվում են դրական (ընդունված), եթե դրան կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
3. Հանրաքվեի դրված նախագիծը չընդունված է համարվում, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ կետի պահանջները:
4. Հանրաքվեի արդյունքները համարվում են անվավեր, եթե անճշտությունների չափը կամ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած խախտումներն ազդում են կամ կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա:
Հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան տասը և ոչ ուշ, քան քսան օր հետո սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է նոր քվեարկություն:
5. Հանրաքվեի արդյունքները կարող են վիճարկվել սահմանադրական դատարանում` արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
(35-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-3-Ն)
ՀՈԴՎԱԾ 36. | ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները և հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում կենտրոնական հանձնաժողովի կամ սահմանադրական դատարանի` հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշումը հրապարակվելուց հետո նախագծերը հնգօրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու պահից:
2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:
ՀՈԴՎԱԾ 37. | ՀԱՆՐԱՔՎԵԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
Հանրաքվեի արդյունքների մասին կենտրոնական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հանրաքվեի փաստաթղթերը պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար։
Հանրաքվեի փաստաթղթերը պահպանվում են առնվազն տասը տարի:
(37-րդ հոդվածը խմբ. 28.09.05 ՀՕ-177-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՈԴՎԱԾ 38. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Սույն օրենքի դրույթների խախտումն առաջ է բերում ընտրական իրավունքի դեմ կատարված իրավախախտումների համար օրենքով սահմանված պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 10.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 39. | ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1991 թվականի ապրիլի 2-ին ընդունված «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |