ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 380-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ` ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 23-րդ կետերը և 2-րդ մասը, 96-րդ հոդվածի 5-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննարկման, հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Նախագահ |
Գ. Գևորգյան |
2021 թ. դեկտեմբերի 23 Երևան |
Հավելված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 380-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ նաև՝ Կարգ) կարգավորվում են հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննարկման, ինչպես նաև հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման հետ կապված հարաբերությունները։
2. Կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) սահմանված իմաստով:
ԳԼՈՒԽ 2
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
3. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտը պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման համար տնտեսավարող սուբյեկտները Հանձնաժողով են ներկայացնում դիմում (երկուսը միասին այսուհետ նաև՝ Դիմումներ)։
4. Դիմումները ներկայացվում են թղթային եղանակով՝ փակ ծրարով և «Գաղտնի» նշումով։
5. Վարույթի ընթացքում Օրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում Հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվությունից ազատման դիմումը դիտարկում է որպես հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվելիք տուգանքի չափը նվազեցնելու մասին դիմում։
ԳԼՈՒԽ 3
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼԸ
6. Տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվությունից ազատման դիմումը թողնվում է առանց քննության, եթե.
1) դիմում են ներկայացրել միաժամանակ երկու և (կամ) ավելի մասնակից տնտեսավարող սուբյեկտներ.
2) դիմումը ներկայացվել է Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
7. Տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման դիմումը թողնվում է առանց քննության, եթե դիմումը ներկայացվել է Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
8. Տնտեսավարող սուբյեկտները մեկամսյա ժամկետում Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ ձայնագրման ապահովմամբ բանավոր եղանակով տեղեկացվում են Դիմումներն առանց քննության թողնելու մասին։
ԳԼՈՒԽ 4
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
9. Հանձնաժողովը Դիմումները քննարկում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու հարցի, ինչպես նաև հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման հարցի մասին որոշմամբ, որը կայացնում է հակամրցակցային համաձայնության համար պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ընդունմանը զուգահեռ՝ նույն օրը։
10. Տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը նվազեցնելու դիմումի շրջանակում ներկայացվող ապացույցի էական նշանակությունը գնահատվում է հետևյալ չափանիշների հիման վրա.
1) արդյոք հնարավոր էր ապացուցել հակամրցակցային համաձայնության առկայության փաստը Հանձնաժողովի տիրապետության տակ արդեն իսկ գտնվող ապացույցների հիման վրա.
2) արդյոք տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված ապացույցները իրավախախտման հետ ունեն ուղղակի առնչություն կամ դրանք հիմք են հանդիսացել վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներ ձեռք բերելու համար.
3) արդյոք տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված ապացույցները հավաստի են և չկա անհրաժեշտություն ստանալ հաստատում այլ աղբյուրներից:
11. Պատասխանատվությունից ազատվելու մասին որոշում կայացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ազատվում է հակամրցակցային համաձայնության համար պատասխանատվության միջոցի կիրառման մասին որոշմամբ սահմանված պատասխանատվությունից, իսկ նվազեցման մասին որոշման դեպքում նվազեցվում է հակամրցակցային համաձայնության համար պատասխանատվության միջոցի կիրառման մասին որոշմամբ սահմանված տուգանքի չափը։
12. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու հարցի, ինչպես նաև հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման հարցի մասին որոշումները չեն հրապարակվում, այդ թվում՝ Հանձնաժողովի պաշտոնական կայքում և չեն տրամադրվում այլ անձի։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: