ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2021 թվականի N 742-Լ
«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-940-19.04.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-940-19.04.2021-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է կրճատել «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետները, կապված նախաձեռնող խումբը ձևավորելու, տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Ոստիկանությանը համայնքում տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հարցում ներկայացնելու, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու, ստորագրությունների հավաքման, հավաքված ստորագրությունների վավերականության հաստատման հետ:
Նախագծով առաջարկվող կարգավորումների կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.
Համայնքների վարչական սահմանները փոփոխելիս համայնքների լսված լինելու իրավունքը նշանակում է, որ տեղական ինքնակառավարման միավորի սահմանների ցանկացած փոփոխություն իրականացնելիս (համայնքների միավորում կամ բաժանում, մի համայնքի վարչական տարածքի ներառում մեկ այլ համայնքի վարչական տարածքի մեջ) պետությունը պետք է նախապես, ուղղակի կամ անուղղակի կերպով խորհրդակցի տվյալ համայնքի/համայնքների և/կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ և հաշվի առնի նրանց կարծիքը վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ: Ընդ որում, շահագրգիռ համայնքները պետք է մասնակցեն համայնքների վարչական սահմանների փոփոխման գործընթացի ինչպես նախապատրաստական, այնպես էլ բուն որոշման կայացման փուլին և ունենան իրական հնարավորություն իրենց կարծիքը հայտնելու և այն լսելի դարձնելու համար:
«Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ նախաձեռնող խումբն ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպում է գրանցվելուց հետո՝
(…)
3) սույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքում՝ 30 օրվա ընթացքում:
Նախագծով առաջարկվում է համայնքների միավորման կամ բաժանման հարցերով հանրաքվեի անցկացման դեպքում ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպել գրանցումից հետո 10 օրվա ընթացքում:
Օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների միջոցով՝ տեղում ստորագրելու կամ էլեկտրոնային եղանակով:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի համաձայն՝
«11. Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է համապատասխան համայնքի՝
1) համայնքապետարանում.
2) բազմաբնակավայր համայնքներում՝ նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում.
3) Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում:
12. Տեղում ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաև իրականացնում են նոտարները՝ նոտարական գրասենյակներում: Տեղում ստորագրությունների հավաքման վայրը տրամադրում են մարմինների ղեկավարները նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:»:
Վերոգրյալի հաշվառմամբ ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպելու համար տրամադրված իրական ժամկետը էապես կրճատվում է, եթե հաշվի առնենք, որ համայնքի ղեկավարը 3 օրվա ընթացքում է տրամադրելու ստորագրություններ հավաքելու համար տրամադրվող տեղերը, իսկ քանի որ որպես այդպիսի տեղեր հանդես են գալիս համայնքապետարանը, բազմաբնակավայր համայնքներում՝ նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրը, ուստի հարկ է նաև հաշվի առնել, որ այդ տեղերում ստորագրահավաքը կարող է կազմակերպվել աշխատանքային օրերին: Նման կանոնակարգումների պայմաններում կա վտանգ, որ ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպելու համար տրամադրված իրական ժամկետը կկազմի 5 օր:
Վերոգրյալ կանոնակարգումների վերլուծությամբ պարզ է դառնում, որ նախաձեռնող խումբը, նախ, պետք է գրանցվի, այնուհետև պետք է դիմի համայնքի ղեկավարին, ով նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո՝ երեք օրվա ընթացքում պետք է տրամադրի տեղում ստորագրությունների հավաքման վայրը: Ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպելու համար տրամադրված ժամկետի հաշվարկի մեկնարկը կատարվում է նախաձեռնող խմբի գրանցվելուց:
Կարծում ենք՝ առաջարկվող փոփոխությունը չի ապահովի կամ անիրական կդարձնի Սահմանադրության 190-րդ հոդվածով նախատեսված` համայնքի բնակիչների կարծիքը համայնքի վարչական սահմանների փոփոխության հարցերով լսելի դարձնելու պահանջների կատարումը:
Ուստի, Սահմանադրության 190-րդ հոդվածով ամրագրված նորմի պահպանման իրական հնարավորություն ընձեռելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է համայնքների միավորման կամ բաժանման հարցերով հանրաքվեի անցկացման դեպքում ստորագրություններ հավաքելու գործընթացը կազմակերպելու համար նախաձեռնող խմբի գրանցումից հետո նախագծով նախատեսված 10-օրյա ժամկետի փոխարեն սահմանել 20-օրյա ժամկետ: